1. Փոքրիկ Իշխանը

Chapter 26

XXVI

Ջրհորից ոչ հեռու քարե հնադարյան պատի փլատակներ կային: Մյուս երեկո, աշխատանքս ավարտելով, ես վերադարձ այդտեղ և դեռ հեռվից տեսա, որ Փոքրիկ իշխանը նստել է պատի վրա ու ոտքերը կախել ցած: Ես լսեցի նրա ձայնը.

– Մի՞թե դու չես հիշում, – ասում էր նա, – դա բոլորովին էլ այստեղ չէր:

Երևի ինչ-որ մեկը նրան պատասխանում էր, որովհետև նա առարկեց.

– Դե իհարկե, դա ուղիղ մի տարի առաջ էր, միայն թե ուրիշ տեղ էր...

Ես քայլերս արագացրի: Բայց պատի մոտ այլևս ոչ ոքի չէի տեսնում ու չէի լսում ոչ մի ձայն: Մինչդեռ Փոքրիկ իշխանը նորից պատասխանում էր ինչ-որ մեկին:

– Դե իհարկե, դու իմ հետքերը ավազի վրա կգտնես: Կգտնես ու ինձ կսպասես: Այս գիշեր ես այնտեղ կգամ:

Մինչև պատը մի քսան մետր էր մնացել, իսկ ես դեռ ոչ ոքի չէի տեսնում:

Մի փոքր սպասելով՝ Փոքրիկ իշխանը հարցրեց.

– Իսկ քո թույնը լա՞վն է: Դու ինձ հո չես ստիպի, որ երկար տանջվեմ:

Ես կանգ առա, և իմ սիրտը կուչ եկավ, բայց դեռ չէի հասկանում:

– Իսկ հիմա գնա, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ես ուզում եմ ցած թռչել:

Այստեղ ես աչքերս ցած իջեցրի, և սիրտս ծառս եղավ: Պատի տակ, գլուխը Փոքրիկ իշխանի կողմը ձգած, օղակօղակ փաթաթվել էր մի դեղին օձ, այն օձերից, որոնց խայթոցը կես րոպեում սպանում է: Գրպանումս շոշափելով ատրճանակը՝ ես նետվեցի դեպի օձը, բայց իմ ոտնաձայներից նա, ինչպես մեռնող մի առվակ, կամաց ձգվեց ավազի վրա և մետաղե հազիվ լսելի զնգոցով կորավ քարերի մեջ:

Ես վրա հասա ճիշտ ժամանակին և բռնեցի արդեն ցած ընկնող իմ Փոքրիկ իշխանին: Նա այնպես էր գունատվել, որ ձյան նման ճերմակել էր:

– Այդ ի՞նչ է մտել գլուխդ, պստի՛կս, – բացականչեցի ես: – Ինչո՞ւ ես դու օձերի հետ դնում:

– Ես քանդեցի նրա ոսկեգույն վզնոցը: Թրջեցի նրա քունքերն ու ստիպեցի, որ ջուր խմի: Բայց այլևս չհամարձակվեցի որևէ բան հարցնել: Նա լրջորեն նայեց ինձ ու ձեռքը գցեց վիզս: Ես լսեցի, թե ինչպես է նրա սիրտը վիրավոր թռչունի նման թպրտում: Նա ասաց.

– Ես շատ ուրախ եմ, որ դու գտար մեքենայիդ վթարի պատճառը:

Հիմա դու կարող ես վերադառնալա տուն:

– Դու այդ որտեղի՞ց գիտես...

Ես հենց ուզում էի ասել, որ, հակառակ իմ սպասածի, ինձ հաջողվեց մեքենան կարգի գցել:

Նա չպատասխանեց և միայն ասաց.

– Ես էլ այսօր կվերադառնամ տուն:

Հետո տխուր ավելացրեց.

– Իմը շատ ավելի հեռու է... և շատ ավելի դժվար...

Ամեն ինչ մի տեսակ տարօրինակ էր: Ես նրան այնպես էի գևրկել, կարծես նա մի փոքր երեխա էր, սակայն ինձ այնպես էր թվում, թե նա սահում է իմ գրկից, ընկնում է անդունդը, և ես, միևնույն է, ուժ չունեմ նրան պահելու...

Նա մտածկոտ նայում էր հեռուն:

– Ինձ մոտ կմնա քո գառնուկը: Գառնուկի արկղն էլ, դնչկալն էլ...

Եվ նա տխուր ժպտաց:

Ես երկար սպասեցի: Նա կարծես թե ուշքի էր գալիս:

– Դու վախեցա՞ր, փոքրի՛կս...

Այդ էր մնացել, որ չվախենար: Բայց նա կամաց ծիծաղեց:

– Այսօր երեկոյան ինձ համար ավելի սարսափելի կլինի...

Եվ ես նորից սարսուռ զգացի մի անխուսափելի դժբախտության նախազգացումից: Մի՞թե... Մի՞թե... ես այլևս չեմ լսի, թե նա ինչպես է ծիծաղում: Նրա ծիծաղը ինձ համար կարծես թե անապատում բխող աղբյուր լիներ:

– Փոքրի՛կս, ես ուզում եմ լսել քո ծիծաղը...

– Ես շատ ուրախ եմ, որ դու գտար մեքենայիդ վթարի պատճառը:

Բայց նա ասաց.

– Այս գիշեր տարին կլրանա: Իմ աստղը կկանգնի իսկ և իսկ այն տեղի վրա, որտեղ որ ես ընկա մի տարի առաջ...

– Լսի՛ր, փոքրի՛կս, չէ՞ որ այդ բոլորը՝ և՛ օձը, և՛ ժամադրությունը աստղի հետ, ծանր երազ է միայն, այնպես չէ՞...

Բայց նա չպատասխանեց:

– Ամենագլխավորն այն է, որ մարդ աչքերով չի տեսնում, – ասաց նա:

– Այո՛, իհարկե...

– Ոնց որ ջուրը: Երբ դու ինձ տվեցիր խմելու, ջուրը կարծես երաժշտություն լիներ..., և դա չարխից ու պարանից էր... Հիշո՞ւմ ես, շատ լավն էր ջուրը:

– Այո՛, իհարկե...

– Գիշերները դու կնայես աստղերին: Իմ աստղը շատ փոքրիկ է, ես չեմ կարող քեզ ցույց տալ: Այդպես ավելի լավ է: Նա քեզ համար ուղղակի աստղերից մեկը կլինի: Եվ դու կսիրես աստղերին նայել... Նրանք բոլորը քո բարեկամները կդառնան: Եվ հետո ես քեզ մի բան կնվիրեմ...

Եվ նա ծիծաղեց:

– Ախ, ճուտիկ, ճուտիկ, ինչքան եմ սիրում քո ծիծաղը... – Ա՛յ, հենց դա էլ իմ նվերն է... Դա կլինի ոնց որ ջուրը... Ինչպե՞ս թե...

– Ամեն մարդ իր աստղն ունի: Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն: Այն գործարար մարդու համար դրանք ոսկի էին: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը...

– Ինչպե՞ս թե...

– Դու գիշերը կնայես երկնքին, իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում, ծիծաղում..., և դու կլսես, որ բոլոր աստղերը ծիծաղում են: Դու ծիծաղող աստղեր կունենաս...

Եվ նա ծիծաղեց:

– Եվ երբ դու մխիթարվես (վերջիվերջո բոլորն էլ մխիթարվում են), ուրախ կլինես, որ ինձ ճանաչել ես երբևէ: Դու միշտ իմ բարեկամը կլինես: Դու կուզենաս ինձ հետ ծիծաղել: Երբեմն, ա՛յ այսպես, պատուհանդ կբացես, ու քեզ համար հաճելի կլինի... Եվ քո բարեկամները կզարմանան, երբ տեսնեն, որ նայում ես երկնքին ու ծիծաղում... Իսկ դու նրանց կասես. «Այո, այո, ես միշտ ծիծաղում եմ, երբ նայում եմ երկնքին»: Եվ նրանք կկարծեն, թե դու խելքդ թռցրել ես: Ա՜յ թե ինչ խաղ կխաղամ ես քո գլխին...

Եվ նա նորից ծիծաղեց:

– Կարծես աստղերի փոխարեն ես քեզ բազմաթիվ ծիծաղող զանգակներ եմ նվիրել...

Եվ նա էլի ծիծաղեց: Հետո նորից լրջացավ:

– Գիտե՞ս... այս գիշեր... ավելի լավ է, չգաս:

– Ես քեզ մենակ չեմ թողնի:

Բայց նա ինչ-որ բանով մտահոգված էր:

– Գիտե՞ս ինչ... Ես օձի պատճառով եմ այդ ասում... Հանկարծ ու նա քեզ խայթի... Չէ՞ որ օձերը չար են: Որևէ մեկին խայթելը նրանց հաճույք է պատճառում:

– Ես քեզ մենակ չեմ թողնի:

Նա հանկարծ խաղաղվեց:

– Ասենք՝ նրա թույնը երկուսիս չի բավականացնի...

Այդ գիշեր ես չնկատեցի, թե նա ինչպես գնաց: Նա գնացել էր անաղմուկ:

Երբ ես վերջապես հասա նրա հետևից, նա գնում էր արագ ու վճռական քայլերով:

– Աա՜, այդ դո՞ւ ես... – ասաց նա:

Եվ ձեռքս բռնեց: Բայց ինչ-որ բան նրան անհանգստացնում էր:

– Դու իզուր ես ինձ հետ գալիս: Քեզ համար ծանր կլինի ինձ նայելը: Քեզ կթվա, թե ես մեռնում եմ, բայց դա ճիշտ չէ...

Ես լուռ էի:

– Հասկանո՞ւմ ես... դա շատ հեռու է: Իմ մարմինը շատ ծանր է: Ես չեմ կարող նրան ինձ հետ տանել:

Ես լուռ էի:

– Բայց դա նույնն է, թե նետում ես քո հին պատյանը... Այստեղ տխրելու բան չկա...

Ես լուռ էի:

Նա մի քիչ հուսահատվեց: Բայց փորձեց էլի մի ճիգ անել.

– Գիտե՞ս, հիանալի կլինի: Ես էլ կսկսեմ աստղերին նայել: Եվ բոլոր աստղերը ինձ համար կլինեն ոնց որ ճռճռացող չարխով հին ջրհորներ: Եվ նրանցից յուրաքանչյուրը ինձ ջուր կտա...

Ես լուռ էի:

– Տես է՛, ինքան զվարճալի կլինի: Դու հինգ հարյուր միլիոն զանգակ կունենաս, իսկ ես հինգ հարյուր միլիոն աղբյուր...

Եվ այստեղ նա էլ լռեց, որովհետև լաց եղավ...

– Ահա և մենք տեղ հասանք: Թող որ ես մենակ մի քայլ էլ անեմ:

Եվ նա նստեց ավազի վրա, որովհետև սարսափում էր:

Հետո նա ասաց.

– Գիտե՞ս... իմ վարդը... ես նրա համար պատասխանատու եմ... Իսկ նա այնքա՜ն թույլ է, և այնքա՜ն պարզամիտ: Նա ընդամենը չորս խղճուկ փուշ ունի... Նա աշխարհից պաշտպանվելու ուրիշ ոչինչ ունի:

Ես էլ նստեցի, որովհետև ոտքերս ծալվում էին:

Նա ասաց.

– Ահա և վերջ...

Մի փոքր հապաղեց նա ու ոտքի ելավ: Եվ միայն մի քայլ արեց: Իսկ ես չէի կարողանում շարժվել:

Կարծես մի դեղին կայծակ շողաց նրա ոտքերի մոտ: Մի ակնթարթ նա մնաց անշարժ: Չճչաց: Հետո ցած ընկավ՝ դանդաղ, ինչպես ծառերն են ընկնում...

Դանդաղ ու անշշուկ... Չէ՞ որ ավազը խլացնում է ամեն ինչ:

Comments