1. Փոքրիկ Իշխանը

Chapter 22

XXII

– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը:

– Բարի օր, – արձագանքեց սլաքավարը:

– Այդ ի՞նչ ես անում այստեղ, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Ուղևորներին եմ տեսակավորում, – պատասխանեց սլաքավարը: – Ամեն մի գնացքում հազար հոգի նստեցրած ուղարկում եմ մեկը՝ դեպի աջ, մեկը՝ ձախ:

Եվ այդ ժամանակ սլացավ-անցավ ճեպընթաց գնացքը՝ շողացնելով պատուհանների լույսերը: Սլաքավարի փոքրիկ տնակը ամբողջովին սկսեց ցնցվել:

– Ինչքա՜ն են շտապում, – զարմացավ Փոքրիկ իշխանը: –

Ի՞նչ են փնտրում նրանք:

– Նույնիսկ ինքը՝ մեքենավարը, դա չգիտի, – ասաց սլաքավարը:

Այս անգամ էլ լույսերը շողացնելով՝ հակառակ կողմը սլացավ մի ուրիշ ճեպընթաց:

– Նրանք արդեն վերադառնո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Ո՛չ, սա ուրիշ է, – ասաց սլաքավարը: – Սա հանդիպակացն է:

– Նրանց համար վատ էր այնտեղ, որտեղ առաջ էին:

– Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք, – ասաց սլաքավարը:

Եվ շողալով ու դղրդալով անցավ երրորդ ճեպընթացը:

– Սրանք ուզում են հասնել այն առաջինների՞ն, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Նրանք ոչինչ էլ չեն ուզում, – ասաց սլաքավարը: – Նրանք վագոններում կամ քնած են, կամ նստած հորանջում են: Միայն երեխաներն են քթները հպել պատուհանների ապակիներին:

– Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնոմ, և եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկեն լալ...

– Երջանիկ են նրանք, – ասաց սլաքավարը:

Comments