1. Փոքրիկ Իշխանը

Chapter 20

XX

Երկար քայլեց Փոքրիկ իշխանը ավազների, ժայռերի ու ձյան միջով, մինչև որ դուրս եկավ մի ճանապարհ: Իսկ բոլոր ճանապարհները, հայտնի է, տանում են մարդկանց մոտ: - Բարի օր, – ասաց նա:

Նրա առաջ վարդերով ծածկված մի պարտեզ էր:

– Բարի օր, – արձագանքեցին վարդերը:

Եվ Փոքրիկ իշխանը տեսավ, որ նրանք բոլորն էլ նման են իր ծաղկին:

– Ովքե՞ր եք դուք, – զարմանքից քար կտրած՝ հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Մենք վարդեր ենք, – պատասխանեցին նրանք:

– Ահա թե ի՜նչ... – շշնջաց Փոքրիկ իշխանը:

Եվ իրեն շատ-շատ դժբախտ զգաց: Նրա գեղեցկուհին ասում էր, որ իր նմանը ամբողջ տիեզերքում չկա: Եվ ահա միայն մի այգում ճիշտ և ճիշտ իր ծաղկի նման հինգ հազար ծաղիկ կա:

«Ինչքան կջղայնանար, եթե տեսներ այս տեսարանը, – մտածեց Փոքրիկ իշխանը: – Նա կսկսեր սարսափելի հազալ ու ցույց կտար, թե մեռնում է, միայն թե ծիծաղելի չերևար: Իսկ ես ստիպված պիտի խնամեի նրան, ինչպես հիվանդին են խնամում, թե չէ նա իսկապես կմեռներ, միայն թե ինձ կստորացներ»:

–Իսկ հետո նա մտածեց. «Իսկ ես կարծում էի, թե աշխարհում միակ ծաղկի տերն եմ, մի այնպիսի ծաղկի, որի նմանը ոչ ոք չունի, այնինչ դա ամենասովորական մի ծաղիկ է եղել: Ընդամենը ես ունեցել եմ մի հասարակ վարդ և իմ ծնկներին հասնող երեք հրաբուխ, որոնցից մեկը հանգել է և գուցե՝ ընդմիշտ... դրանից հետո ես էլ ի՞նչ իշխան եմ...»:

Նա պառկեց խոտերի վրա ու լաց եղավ:

Comments