1. Փոքրիկ Իշխանը

Chapter 19

XIX

Փոքրիկ իշխանը ելավ մի բարձր սարի վրա: Մինչ այդ նա երբեք սար չէր տեսել, բացի իր երեք հրաբուխներից, որոնք հազիվ նրա ծնկներին էին հասնում: Հանգած հրաբուխը նրան աթոռի տեղ էր ծառայում: Իսկ այժմ Փոքրիկ իշխանը մտածում էր. «Այսքան բարձր սարից ես այս ամբողջ մոլորակը և նրա վրայի բոլոր մարդկանց կտեսնեմ»:

Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն:

Համենայն դեպս նա ասաց.

– Բարի օր:

– Բարի օ՜ր... օ՜ր... օ՜ր... – լսվեց արձագանքը.

– Ովքե՞ր եք դուք, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Ովքե՜ր եք... ովքե՜ր եք... ովքե՜ր եք... – նորից արձագանքեցին լեռները:

– Եկեք բարեկամանանք, ես բոլորովին մենակ եմ, – ասաց Փոքրիկ իշխանը:

– Մենա՜կ... մենա՜կ... մենա՜կ... – արձագանքեցին լեռները:

«Ի՜նչ տարօրինակ մոլորակ է, – մտածեց Փոքրիկ իշխանը: – Բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով: Մարդիկ էլ երևակայություն չունեն... Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են... Տանը ես մի ծաղիկ ունեի, որն իմ ուրախությունն էր ու գեղեցկությունը, և նա միշտ առաջինն էր խոսում»:

Comments