Chapter 16
XVI
Եվ այսպես, յոթերորդ մոլորակը, որ նա այցելեց, Երկիրն էր:
Երկիրը հասարակ մոլորակ չէ: Երկրի վրա հարյուր տասնմեկ թագավոր կա (այդ թվում, հասկանալի է, նաև նեգրական թագավորներ), յոթ հազար աշխարհագրագետ, ինը հարյուր հազար գործարար մարդ, յոթուկես միլիոն հարբեցող, երեք հարյուր տասնմեկ միլիոն փառասեր, ընդամենը մոտ երկու միլիարդ մեծահասակ մարդ:
Որպեսզի կարողանամ ձեզ հասկացնել, թե ինչքան մեծ է Երկիրը, ասեմ, որ քանի դեռ էլեկտրականությունը չէին հայտնաբերել, բոլոր վեց աշխարհամասերի վրա ստիպված լապտեր վառողների մի ամբողջ բանակ էին պահում՝ չորս հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր տասնմեկ մարդ:
Եթե մարդ կարողանար հեռվից նայել, մի սքանչելի տեսարան կլիներ:
Այդ բանակի շարժումը ենթարկվում էր ճշգրիտ կարգի, ինչպես բալետում:
Նախ՝ հանդես էին գալիս Նոր Զելանդիայի և Ավստրալիայի լապտերավառները: Իրենց լապտերները վառելով՝ նրանք գնում էին քնելու: Նրանցից հետո գալիս էր Չինաստանի լապտերավառների հերթը: Իրենց պարը կատարելով՝ նրանք էլ էին կորչում վարագույրների հետևում: Հետո գալիս էր Ռուսաստանի և Հնդկաստանի լապտերավառների հերթը, ապա՝ Աֆրիկայի և Եվրոպայի: Սրանցից հետո հանդես էին գալիս Հյուսիսային Ամերիկայի լապտերավառները: Եվ նրանք երբեք չէին սխալվում: Ոչ ոք ուշացած չէր բարձրանում բեմ: Այո՛, դա հրաշալի էր:
Միայն այն լապտերավառը, որը պիտի վառեր հյուսիսային բևեռի միակ լապտերը, և հետո նրա բախտակիցը հարավային բևեռում, միայն նրանք էին կարողանում հեշտ ու հանգիստ ապրել: Նրանք իրենց գործով զբաղվում էին տարին երկու անգամ միայն: