Chapter 10
X
Փոքրիկ իշխանի մոլորակին ամենից շատ մոտիկ էին № 325, 326, 327, 329 և 330 փոքրիկ մոլորակները: Դրա համար էլ նա որոշեց նախ և առաջ այցելել դրանց: Չէ՞ որ պետք էր մի որևէ զբաղմունք գտնել և, բացի այդ, որոշ բաներ էլ սովորել:
Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգունի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց, այնուամենայնիվ, փառահեղ իր գահին:
– Ահա և հպատակը, – բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:
«Այդ ինչպե՞ս ճանաչեց, – անցավ Փոքրիկ իշխանի մտքով, – չէ՞ որ նա ինձ առաջին անգամ է տեսնում»:
Նա չգիտեր, որ թագավորները աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:
– Արի մոտիկ, ուզում եմ քեզ լավ տեսնել, – ասաց թագավորը սարսափելի հպարտ, որ կա մեկը, որի համար նա կարող է թագավոր լինել:
Փոքրիկ իշխանը շուրջը նայեց մի որևէ տեղ գտնելու հույսով, բայց թագավորի կնգումե հոյակապ պատմուճանը ծածկել էր ամբողջ մոլորակը:
Եվ նա նման կանգնած ու քանի որ շատ էր հոգնած, հորանջեց.
– Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, – ասաց թագավորը: – Ես քեզ արգելում եմ հորանջել:
– Ես չկարողացա ինձ զսպել, – շփոթված ասաց Փոքրիկ իշխանը: – Ես երկար ճանապարհ եմ անցել և բոլորովին չեմ քնել...
– Որ այդպես է, ես քեզ հրամայում եմ հորանջել. – ասաց թագավորը: – Ես շատ վաղուց է, որ չեմ տեսել, թե ինչպես ես հորանջում: Ինձ համար դա նույնիսկ հետաքրքիր է: Այսպես ուրեմն, հորանջի՛ր: Այդպես է իմ կամքը:
– Բայց... ես քաշվում եմ... ես այլևս չեմ կարող... – շշնջաց Փոքրիկ իշխանն ու ամբողջովին կարմրեց:
– Հըմ, հըմ... Այդ դեպքում... այդ դեպքում ես կարգադրում եմ մերթ հորանջել, մերթ...
Թագավորը շփոթվեց և նույնիսկ, կարծես թե, ջղայնացավ:
Չէ՞ որ թագավորի համար ամենակարևորն այն է, որ առանց խոսքի ենթարկվեն իրեն: Անհնազանդություն նա չէր հանդուրժի: Դա մի բացարձակ միապետ էր: Բայց նա շատ բարի էր, դրա համար էլ միայն խելացի հրամաններ էր տալիս:
«Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ, – ասում էր թագավորը, – ու եթե գեներալը հրամանը չկատարի, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:
– Կարելի՞ է նստել, – անհամարձակ ասաց Փոքրիկ իշխանը:
– Հրամայում եմ, նստի՛ր, – պատասխանեց թագավորը և վեհապանծ շարժումով վեր քաշեց իր կնգումե պատմուճանի մի քղանցքը:
Բայց Փոքրիկ իշխանը մի բան չէր կարողանում հասկանալ: Այսքան փոքր մոլորակի վրա ի՞նչ է կառավարում թագավորը:
– Ձերդ մեծություն, – սկսեց նա, – կարո՞ղ եմ մի հարց տալ...
– Հրամայում եմ, հարցրո՛ւ, – շտապ ասաց թագավորը:
– Ձերդ մեծություն... դուք ի՞նչ եք կառավարում...
– Ամեն ինչ, – ուղղակի պատասխանեց թագավորը:
– Ամեն ի՞նչ...
Թագավորը, համեստորեն ձեռքը շարժելով, ցույց տվեց իր մոլորակը, ինչպես նաև մյուս մոլորակներն ու աստղերը:
– Եվ այս բոլորը դո՞ւք եք կառավարում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Այո, – պատասխանեց թագավորը:
Նա այդպես ասաց, որովհետև իրոք լիիրավ միապետ էր և ոչ մի սահման ու սահմանափակում չէր ճանաչում:
– Եվ աստղերը ձեզ ենթարկվո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Դե իհարկե, – պատասխանեց թագավորը: – Աստղերն անմիջապես ենթարկվում են. ես անհնազանդություն չեմ հանդուրժում:
Փոքրիկ իշխանը հիացած էր: Ա՛յ, եթե ինքը նման հզորություն ունենար:
Այն ժամանակ ոչ թե քառասունչորս, այլ յոթանասուներկու, նույնիսկ հարյուր անգամ կդիտեր վերջալույսը և այն էլ առանց աթոռը տեղից շարժելու:
Այստեղ նա նորից հիշեց իր լքված մոլորակը, տխրեց և սիրտ անելով՝ թագավորին խնդրեց.
– Ես կուզենայի վերջալույս տեսնել... խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի...
– Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:
– Դուք, ձերդ մեծություն, – առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:
– Միանգամայն ճիշտ է, – հաստատեց թագավորը: – Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:
– Իսկ վերջալո՞ւյսը... – հիշեցրեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ նա հարցներ, այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:
– Վերջալույս էլ կլինի, մի՛ վախենա: Ես կպահանջեմ, որ արևը մայր մտնի: Բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքանով է իշխողը իմաստուն:
– Իսկ ե՞րբ բարենպաստ պայմաններ կլինեն, – ուզեց տեղեկանալ Փոքրիկ իշխանը:
– Հը՜մ... հը՜մ... – հաստափոր օրացույցը թերթելով՝ պատասխանեց արքան: – Դա կլինի... հըմ... հըմ... այսօր, դա կլինի ժամը յոթն անց քառասուն րոպեին: Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարում իմ հրամանները:
Փոքրիկ իշխանը հորանջեց: Ափսոս, որ այստեղ վերջալույսը չեն կարող տեսնել երբ որ ցանկանաս: Եվ, ճիշտն ասած, նա արդեն սկսեց մի քիչ ձանձրանալ:
– Իմ գնալու ժամանակն է, – ասաց նա թագավորին: – Այլևս անելիք չունեմ ես այստեղ:
– Մնա, – ասաց թագավորը. նա շատ հպարտ էր, որ հպատակ է ձեռք գցել և չէր ուզում նրանից բաժանվել: – Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ:
– Ինչի՞ նախարար:
– Ասենք... արդարադատության:
– Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ:
– Ո՞վ գիտե, – առարկեց թագավորը: – Ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել: Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է կառք պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցուցիչ:
Փոքրիկ իշխանը կռացավ և նայեց մոլորակի մյուս կողմը:
– Բայց ես արդեն նայեցի, – բացականչեց նա, – այնտեղ նույնպես ոչ ոք չկա:
– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:
– Ես ինձ որտեղ ասես կարող եմ դատել: Դրա համար չարժե, որ ապրեմ այստեղ, – ասաց Փոքրիկ իշխանը:
– Հը՜մ... հը՜մ... – ասաց թագավորը: – Ինձ թվում է, թե իմ մոլորակի վրա ինչ-որ մի տեղ պառավ առնետ է ապրում: Գիշերները ես լսում եմ, թե նա ինչպես է ճանկռոտում: Դու կարող էիր այդ պառավ առնետին դատել: Մեկ - մեկ դու նրան մահվան դատապարտիր: Նրա կյանքը քեզանից կլինի կախված: Իսկ հետո պետք է նրան ամեն անգամ ներում շնորհել: Պետք է խնայել պառավ առնետին, չէ՞ որ նա միակն է մեզ մոտ:
– Ես չեմ սիրում մահվան դատավճիռ արձակել, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ընդհանրապես... իմ գնալու ժամանակն է:
– Չէ՛, ժամանակը չէ, – առարկեց արքան:
Փոքրիկ իշխանն արդեն ճամփա էր ընկնում, բայց չէր ուզում ծեր միապետին վշտացնել:
Եթե ձերդ մեծությունն ուզում է, որ իր հրամանները կատարվեն, – ասաց նա, – պետք է ողջամիտ հրամաններ տա: Օրինակ՝ դուք կարող եք ինձ հրամայել անհապաղ ճանապարհ ընկնել: Ինձ թվում է՝ դրա համար հիմա շատ բարենպաստ պայմաններ կան...
Թագավորը չէր պատասխանում, և Փոքրիկ իշխանը անվճռականորեն մի քիչ էլ կանգ առավ, հետո հառաչեց ու ճանապարհ ընկավ:
– Քեզ դեսպան եմ նշանակում, – նրա հետևից շտապ ձայն տվեց թագավորը:
Եվ նրա տեսքն այդ րոպեին այնպիսին էր, կարծես նա ոչ մի առարկություն հանդուրժել չէր կարող:
«Տարօրինակ մարդիկ են այս մեծահասակները», – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը՝ ճանապարհը շարունակելով: