Chapter 6
Մաս 6։Մառախուղի ու պողպատի մեջ
Էմման բացեց աչքերը։ Լույսը ցավեցրեց նրա տեսողությունը, բայց սառը ջուրը, որը դեռ լվանում էր նրա ոտքերը, ստիպեց վերջնականապես արթնանալ։ Նա գտնվում էր Անգլիայի արևելյան ափին՝ Յորքշիրում։ Շուրջը մութ ժայռեր էին, որոնք ահարկու կերպով վեր էին խոյանում մառախլապատ երկնքի տակ։ Ծովը սառն էր ու կապարագույն, իսկ օդը՝ թանձր ու խոնավ։
Նա մի կերպ ուժ գտավ իր մեջ տեղից վեր կենալու համար։ Մարմինը ցավում էր ամեն մի շարժումից, իսկ հագուստը, որը ծանրացել էր աղի ջրից ու ավազից, կպչում էր մաշկին։ Նա սկսեց զննել շուրջը. մի անծանոթ, ամայի ու օտար տարածք էր։ Ժայռերը կարծես սահման էին գծում ցամաքի և անողոք օվկիանոսի միջև։
Էմման սկսեց քայլել ափով։ Նրա հայացքը մեկ ուղղվում էր դեպի ծովը՝ հուսալով տեսնել նավից մնացած որևէ բեկոր կամ փրկվածների, մեկ դեպի ցամաքը՝ փնտրելով մարդկային բնակության որևէ նշան՝ տուն կամ ծուխ։ Բայց շուրջը միայն քարեր էին ու լռություն, որն ընդհատվում էր միայն ալիքների միալար դղրդյունով։
Որոշ ժամանակ քայլելուց հետո նա հեռվում մի սև կետ նկատեց։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա վազեց (որքանով որ թույլ էին տալիս ուժերը) և մոտենալով տեսավ ավազների մեջ ընկած մարմինը։ Դա Ալեխանդրոն էր։
— Նավապե՛տ... Ալեխանդրո՛, արթնացեք, — շշնջաց Էմման՝ թափահարելով նրա ուսերը։
Տղամարդը հազալով բացեց աչքերը, դեմքը ծամածռվեց ցավից։ Էմման օգնեց նրան ուշքի գալ և նստել, բայց հենց այդ պահին նկատեց, որ Ալեխանդրոյի աջ ոտքը լուրջ վնասված է. տաբատը պատռված էր, իսկ վերքից արյուն էր հոսում։
— Մարիա՞... դուք ողջ եք, — հազիվ արտաբերեց Ալեխանդրոն՝ փորձելով կողմնորոշվել։ — Որտե՞ղ ենք մենք։
— Ցամաքում ենք, բայց չգիտեմ՝ որտեղ։ Շուրջը ոչ ոք չկա, — պատասխանեց Էմման՝ փորձելով զսպել ձայնի դողը։
Ալեխանդրոն փորձեց հենվել ոտքին, բայց ցավից գունատվեց ու նորից ընկավ։ Նա շուրջը նայեց՝ ուսումնասիրելով ժայռերն ու մառախուղը։
— Այս մութ ժայռերը, այս սառնությունը... սա Անգլիան է։ Մենք հասել ենք, բայց ոչ այնպես, ինչպես ծրագրել էինք։
— Մենք չենք կարող այստեղ մնալ, — վճռական ասաց Էմման։
— Մակընթացությունը կարող է սկսվել, կամ մենք պարզապես կսառչենք։ Ժայռերի միջով դեպի այն կողմ անտառ է երևում, պետք է հասնենք այնտեղ,_ասաց նավապետը։
Էմման մոտեցավ Ալեխանդրոյին, նրա ձեռքը գցեց իր ուսին և ամուր բռնեց գոտկատեղից։
— Հենվե՛ք ինձ վրա։ Մենք պետք է քայլենք։
Ալեխանդրոն նայեց նրան՝ հայացքում թաքնված հիացմունքով ու շնորհակալությամբ։
— Դուք չափազանց համառ եք, Մարիա։ Նույնիսկ օվկիանոսը չկարողացավ ձեզ կանգնեցնել։
— Դուք էլ եք համառ, նավապետ, քանի որ դեռ կատակում եք, — թեթևակի ժպտաց Էմման։
Նրանք սկսեցին դանդաղ առաջ շարժվել։ Յուրաքանչյուր քայլը տառապանք էր թե՛ Էմմայի, թե՛ վիրավոր Ալեխանդրոյի համար։ Նրանք քայլում էին հյուծված ու ուժասպառ, բայց Էմմայի կամքը դարձել էր նրանց երկուսի հենարանը։ Ժայռերի արանքով նրանք բարձրանում էին դեպի վեր՝ թողնելով հետևում մոլեգնող ծովն ու խորտակված նավի հիշողությունը՝ գնալով դեպի անծանոթ ու վտանգավոր անտառը։
Էմման և Ալեխանդրոն, ուժասպառ ու ցրտից կապտած, հազիվ էին առաջ շարժվում անտառի թանձր մառախուղի միջով։ Հանկարծ, ծառերի արանքից նրանք նկատեցին թույլ առկայծող մի լույս։ Մոտենալով՝ նրանք տեսան մի մեծ, քարե տնակ, որի պատուհաններից տաք նարնջագույն լույս էր ճառագում։
— Փառք Աստծո, — շշնջաց Ալեխանդրոն՝ հազիվ պահելով հավասարակշռությունը։
Դռան մոտ նրանց դիմավորեց մի տարեց տղամարդ՝ բարեհամբույր ժպիտով և խիտ մորուքով։ Նրան ուղեկցում էին ևս երկու երիտասարդներ։
— Օ՜, խեղճ մարդիկ, — բացականչեց ծերուկը, ում անունն էր Թոմաս։ — Դուք երևի այն նավից եք, որը խորտակվեց ժայռերի մոտ։ Ներս եկե՛ք, շուտով կտաքանաք։
Տնակի ներսում կրակարանը հաճելիորեն ճարճատում էր։ Թոմասի մարդիկ նրանց տվեցին չոր հագուստ և տաք ապուր։ Ալեխանդրոյի վիրավոր ոտքը զգուշորեն լվացին ու կապեցին։
— Դուք շատ բարի եք, — ասաց Էմման՝ զգալով, թե ինչպես է ջերմությունը վերադառնում իր մարմին։
— Մենք ուղղակի քրիստոնյա մարդիկ ենք, օրիորդ, — պատասխանեց Թոմասը,— Հանգստացե՛ք, այստեղ դուք ապահով եք։
Գիշերվա կողմ, երբ Ալեխանդրոն խորը քնած էր սնարի վրա, Էմման արթնացավ սենյակի անկյունից լսվող ցածր ձայներից։ Նա չշարժվեց՝ ձևացնելով, թե քնած է, բայց ականջները լարեց։ Թոմասն ու նրա մարդիկ խոսում էին խոհանոցում։
— Այդ տղամարդը երկար չի դիմանա, — լսվեց Թոմասի ձայնը, որն այլևս բարի չէր հնչում։ — Իսկ աղջկան կտանենք շուկա։ Նրա հագուստը վկայում է, որ հարուստ տնից է, բայց քանի որ ոչ ոք չգիտի նրա տեղը, նրանից լավ գումար կաշխատենք։
— Իսկ նավապետի՞ն ինչ անենք, — հարցրեց մյուսը։
— Նրան առավոտյան կնետենք ժայռերից, — սառնասրտորեն պատասխանեց Թոմասը։ — Ծովը կուլ կտա իր մնացորդները, և ոչ մի վկա չի մնա։
Էմմայի սիրտը սկսեց կատաղի բաբախել։ Նա հասկացավ, որ իրենք ընկել են «ափի ծովահենների» ձեռքը, ովքեր ապրում էին մարդկային դժբախտության հաշվին։
Էմման զգուշորեն սողաց դեպի Ալեխանդրոն և ձեռքով փակեց նրա բերանը, որպեսզի նա հանկարծ ձայն չհանի արթնանալիս։
— Շշշ... Ալեխանդրո՛, սթափվեք, — շշնջաց նա նրա ականջին։ — Մենք պետք է հիմա փախչենք։ Սրանք մարդասպաններ են։
Ալեխանդրոն, չնայած ցավին, անմիջապես հասկացավ իրավիճակի լրջությունը։ Նա կծեց շուրթը, որպեսզի չհառաչի ոտքի ցավից։ Էմման զգուշորեն վերցրեց խոհանոցի սեղանին դրված դանակը և իրենց մի քանի իրերը։ Նրանք դուրս սողացին հետնամուտքի փոքրիկ պատուհանից, որը տանում էր դեպի անտառի մթությունը։
— Ո՞ւր են նրանք, — հանկարծ տնակի ներսից լսվեց Թոմասի կատաղի գոռոցը։ — Փնտրե՛ք նրանց։ Հեռու չեն կարող գնացած լինել։
Էմման Ալեխանդրոյին թևանցուկ արած՝ նետվեց դեպի անտառի խորքը։ Թանձր մառախուղը, որը նախկինում թշնամի էր թվում, այժմ նրանց միակ դաշնակիցն էր՝ թաքցնելով նրանց ավազակներից։
— Դուք պետք է ինձ թողնեք, Մարիա՛, — հևալով ասաց Ալեխանդրոն։ — Ես դանդաղեցնում եմ ձեզ։
— Երբեք, — պատասխանեց Էմման՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։ — Մենք միասին դուրս եկանք օվկիանոսից, միասին էլ կփրկվենք այս սրիկաներից։
Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը գիշերային անտառով՝ լսելով իրենց հետապնդողների ձայները, բայց Էմմայի վճռականությունն ավելի հզոր էր, քան ցանկացած վտանգ։ Նրանք գնում էին դեպի անհայտություն, բայց ազատության հույսով։
Նրանք բավականին հեռացել էին տնակից, բայց մառախուղն ու գիշերային խավարն այնքան թանձր էին, որ անհնար էր հասկանալ՝ արդյոք ճիշտ ուղղությամբ են գնում, թե պտտվում են նույն տեղում։ Էմման կանգ առավ, որպեսզի մի փոքր շունչ քաշի և օգնի Ալեխանդրոյին հենվել մի հին կաղնու բնին։ Լռության մեջ լսվում էր միայն նրանց հաճախակիացած շնչառությունը և անտառի հեռավոր ձայները։
— Մենք պետք է թաքստոց գտնենք... — շշնջաց Էմման՝ զննելով շուրջը, բայց տեսանելիությունը հազիվ մի քանի քայլ էր։
Հանկարծ, մառախուղի միջից, անմիջապես նրանց դիմաց հայտնվեց մի կերպար։ Դա Թոմասն էր։ Նրա դեմքին վայրկենական ապշանք հայտնվեց. նա նույնպես չէր սպասում, որ այսքան արագ կբախվի նրանց։ Բայց շոկը շուտով փոխվեց կատաղի ժպիտի։ Նա պատյանից հանեց իր փոքր սուրը, որի պողպատը սառը փայլ տվեց լապտերի թույլ լույսի տակ։
— Ուրեմն որոշեցիք խաղա՞լ մեզ հետ, — խռպոտ ձայնով ասաց Թոմասը։ — Իզուր էր։ Հիմա ամեն ինչ ավելի ցավոտ կլինի։
Նա նետվեց առաջ։ Էմման, չունենալով իր սովորական զենքը, ամուր սեղմեց խոհանոցից վերցրած դանակը։ Կռիվը սկսվեց կայծակնային արագությամբ։ Թոմասն ավելի փորձառու էր փողոցային կռիվներում, բայց Էմման ուներ իսկական ռազմիկի մարզվածություն և ճկունություն։ Նա հմտորեն խուսափում էր ծերուկի հարվածներից՝ սպասելով հարմար պահի։
Երբ Թոմասը լայն թափով փորձեց հարվածել նրա կողին, Էմման կտրուկ կռացավ, պտտվեց նրա թևի տակով և իր ողջ ուժով դանակը մխրճեց Թոմասի ուսի մեջ։
— Աաաա՜խ... — ծերուկի կատաղի գոռոցը թնդաց անտառում։ Նա բաց թողեց սուրը և ձեռքով սեղմեց վերքը, որից սկսեց առատ արյուն հոսել։ Ցավը նրան գետնին գցեց։
Էմման չսպասեց հաջորդ հարվածին։ Նա արագ վերցրեց Ալեխանդրոյի թևը և Թոմասի սուրը և սկսեց վազելով հեռանալ։ Հեռվում դեռ լսվում էր Թոմասի տառապալից մռնչյունն ու անեծքները, որոնք արձագանքում էին ծառերի արանքում։
Մի քանի հարյուր մետր անց նրանք նկատեցին մի քարքարոտ բլուր, որի ստորոտում թաքնված էր մի փոքրիկ քարանձավ։ Դա մի նեղ ու խոնավ տարածք էր, բայց հիանալի թաքստոց էր հետապնդողներից։ Հենց նրանք ներս մտան ու պատսպարվեցին ժայռերի տակ, երկինքը վերջնականապես «փլվեց»։ Սկսվեց մի հորդառատ անձրև, որը վայրկյանների ընթացքում ջնջեց նրանց հետքերն ու մառախուղը վերածեց ջրային մի անթափանց պատի։
Նրանք նստած էին մթության մեջ, լսելով անձրևի թմբկահարումը քարերի վրա։ Էմման փորձում էր կարգավորել շնչառությունը՝ զգալով, որ Ալեխանդրոյի մարմինը դողում է սառնությունից և ցավից։ Նրանք փրկվել էին, բայց գիշերը դեռ նոր էր սկսվում։
Էմման ամեն կայծակի հարվածից փշաքաղվում էր և թեթևակի վեր թռնում տեղից. նրա նյարդերը լարված էին մինչև սահմանագիծը։
Ալեխանդրոն, զգալով աղջկա դողը, դանդաղորեն բռնեց նրա ձեռքը։ Նրա ձայնը հազիվ էր լսվում անձրևի աղմուկի միջից, բայց այն հանգիստ էր ու ջերմ։ Նա սկսեց ցածրաձայն աղոթել՝ խնդրելով Աստծուն պահպանել իրենց և ուժ տալ այս դժվար պահին։
— Դոն Ալեխանդրո... — շշնջաց Էմման, — կարո՞ղ եմ ձեզ գրկել։ Մենք պետք է տաքանանք, այլապես այս սառնամանիքին չենք դիմանա։
— Մադամ, ես ձեզ կյանքով եմ պարտական, — պատասխանեց նա թույլ ձայնով, — նման հարցերն այլևս անտեղի են։ Եկե՛ք մոտ։
Նրանք ամուր կպան իրար՝ փորձելով կիսել մարմնի վերջին ջերմությունը։ Էմման զգում էր Ալեխանդրոյի վիրավոր ոտքի տաքությունը և վախենում էր, որ դա կարող է տենդի նշան լինել։ Նա գիտեր, որ քնելը վտանգավոր է. խոնավությունն ու վերքը կարող էին մահացու դառնալ։ Որպեսզի Ալեխանդրոն ուշքը չկորցնի, Էմման որոշեց խոսել։
— Գիտե՞ք, իմ անունն իրականում Մարիա չէ։Ես Էմման եմ, — սկսեց նա և պատմեց իր ողջ պատմությունը՝ ամրոցից փախուստը, Լորենցոյին, Գիյոմի հետ մենամարտը և այն մեծ երազանքը, որը նրան բերել էր այստեղ։
Ալեխանդրոն լսում էր՝ երբեմն հարցեր տալով, կարծես մի հետաքրքիր արկածային գիրք կարդար։
— Ուրեմն դուք իսկական ազնվական օրիորդ եք, ով սուրը նախնտրեց հարսանեկան զգեստից... — հիացած շշնջաց նա։
Այնուհետև նա հանեց պահած խաչը և զգուշորեն կախեց այդ փայտից։
— Սա ձեր փարոսն է, նավապե՛տ, — շշնջաց Էմման՝ արցունքն աչքերին։ — Թող այն լուսավորի ձեր հոգու ճանապարհը դեպի այն ափերը, որտեղ այլևս փոթորիկներ չկան։
Նա կանգնեց գերեզմանի առջև և մի վերջին աղոթք կարդաց, որը սովորել էր մորից։
«Աստվա՛ծ իմ, ընդունի՛ր քո ծառա Ալեխանդրոյի հոգին խաղաղությամբ։ Ողորմի՛ր նրան և թողություն շնորհի՛ր նրա բոլոր կամա և ակամա մեղքերին։ Տո՛ւր նրան հանգիստ այնտեղ, որտեղ չկա ցավ, տրտմություն և հեծություն, այլ կա հավերժական լույս ու կյանք։ Թող նրա հոգին դասվի քո սրբերի շարքում, և նրա հիշատակը մնա օրհնյալ։ Ամեն»։
Աղոթքն ավարտելուց հետո նա վերջին անգամ ձեռքը հպեց սառը քարերին, որոնք այժմ պաշտպանում էին նավապետի հանգիստը։
Էմման խորը շունչ քաշեց, սրբեց արցունքները և դուրս եկավ քարանձավից։ Առջևում բացվում էր անծանոթ Անգլիան։
Էմման դանդաղ քայլերով մտավ գյուղ։ Դա մի խաղաղ, բայց աղքատիկ բնակավայր էր՝ ցածրիկ քարե տներով և ծղոտե տանիքներով։ Օդում զգացվում էր վառվող փայտի և խոնավ հողի հոտը։ Գյուղացիները՝ կոպիտ հագուստներով ու հոգնած դեմքերով, կիսատ էին թողնում իրենց գործը և հարցական հայացքներով նայում աղջկան։ Նրանք իրար մեջ քչփչում էին, բայց ոչ ոք չէր համարձակվում մոտենալ կամ խոսել։ Էմմայի հայտնվելն այս ամայի վայրում նման էր մի անբացատրելի երևույթի։
Գյուղի վերջնամասում Էմման նկատեց մի տուն, որն իր չափսերով և ամրությամբ տարբերվում էր մյուսներից։ Այն ուներ ընդարձակ բակ և փայտյա մեծ դարպասներ։ Նա համարձակորեն ներս մտավ։ Բակում նրան դիմավորեց մի հասակավոր, մեծ փորով տղամարդ, ով զբաղված էր ձիերի լծասարքերը ստուգելով։ Նա բարձրացրեց գլուխը և կկոցած աչքերով զննեց Էմմային։
— Ո՞վ ես դու, աղջի՛կ, և ի՞նչ ես փնտրում իմ հողերում, — խռպոտ ձայնով հարցրեց նա՝ չթաքցնելով իր կասկածանքը։
— Ես ճամփորդ եմ, ով կորցրել է ամեն ինչ ծովի ալիքներում, — հանգիստ պատասխանեց Էմման՝ ուղղելով մեջքը։ — Ինձ ձի է հարկավոր և մի քիչ ուտելիք՝ ճանապարհը շարունակելու համար։
Տղամարդը քմծիծաղ տվեց՝ նայելով Էմմայի կեղտոտ ու պատռված հագուստին։
— Ձի՞։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչ արժե ձին այս օրերին։ Դու նույնիսկ մի պղնձե դրամի տեսք չունես։
Էմման լուռ ձեռքը տարավ գրպանը և հանեց իր միակ թանկարժեք իրը, որը հրաշքով մնացել էր իր մոտ՝ մորից ստացած ոսկե մատանին։ Այն փայլեց արևի տակ՝ ստիպելով տղամարդուն մի պահ լռել։
— Սա մաքուր ոսկի է, — ասաց Էմման՝ մատանին մեկնելով նրան։ — Սա ավելին արժե, քան ձեր լավագույն ձին։ Ես սա կտամ ձեզ, եթե ինձ տաք ձի, ջուր և ուտելիք։
Տղամարդը վերցրեց մատանին, ատամներով ստուգեց դրա իսկությունը, և նրա աչքերը փայլեցին ագահությունից։
— Դե ինչ... սա փոխում է գործը։ Ընտրի՛ր այն դարչնագույնին, նա դիմացկուն է։
Քիչ անց Էմման արդեն ձիու վրա էր։ Նրա պայուսակում կար մի քիչ հաց, չորացրած միս և մի տիկ ջուր։ Տանտերը ձեռքով ցույց տվեց դեպի հյուսիս տանող նեղ արահետը։
— Գնա՛ այս ուղղությամբ, — ասաց նա։ — Եթե արագ շարժվես, երկու օրից կհասնես Անգլիայի սահմանին։ Այնտեղից հետո արդեն Շոտլանդիան է։ Բայց զգո՛ւյշ եղիր, ճանապարհները լի են լորդերի պահակախմբերով և անտառային թափառականներով։
Մթության մեջ, երբ միայն լսվում էր ձիու հանդարտ շնչառությունը, Էմման որոշեց ավելի մոտիկից ծանոթանալ իր նոր ուղեկցի հետ։
— Ինչպե՞ս է ձեր անունը, — ցածրաձայն հարցրեց նա։
— Էդվարդ են ինձ ասում, բալե՛ս, — պատասխանեց ծերունին՝ փորձելով տաքացնել դողացող ձեռքերը։ — Ես ամբողջ կյանքս ապրել եմ սահմանի մոտ։ Դարբին եմ, իմ արհեստանոցում սրեր ու վահաններ եմ կռում։ Դա իմ ապրուստն է։
Նա մի ծանր հոգոց հանեց ու պատմեց իր դժբախտության մասին։ Պարզվեց, որ Էդվարդը մի քանի տարին մեկ իր պատրաստած լավագույն զենքերը բարձում էր սայլին ու շրջում տարբեր գյուղերով, որպեսզի վաճառեր դրանք լորդերին ու ասպետներին։ Բայց այս անգամ բախտը նրան երես էր թեքել։
— Դեռ շատ չէի հեռացել տնիցս, երբ բախվեցի սահմանի ասպետներին, — դառնությամբ շարունակեց նա։ — Նրանք թագավորի անունից են խոսում, բայց իրականում ավազակներից ոչնչով չեն տարբերվում։ Խլեցին սայլս, զենքերս, ձիերս... Ասացին, թե պատերազմի համար է պետք։ Հետո էլ ճանապարհին մնացածն ավազակները թալանեցին։ Դատարկաձեռն հետ էի գնում տուն, երբ այն երեքը բռնեցին ինձ։ Եթե դու չլինեիր, հիմա իմ ոսկորները մառախուղի մեջ կփտեին։
Էմման լուռ լսում էր։ Նա զգում էր այդ մարդու ցավը և ավելի էր համոզվում, որ աշխարհը դաժան է նրանց հանդեպ, ովքեր չեն կարողանում իրենց պաշտպանել։
— Դուք վերադառնալու եք ձեր արհեստանոց, պարոն Էդվա՛րդ, — վստահ ասաց Էմման։ — Ես ձեզ կուղեկցեմ մինչև սահման։ Իսկ այնտեղից ես պետք է անցնեմ Շոտլանդիա։
Էդվարդը զարմացած նայեց աղջկան։ Նա տեսնում էր նրա ձեռքին այն սուրը, որով նա կռվել էր ավազակների դեմ, և հասկացավ, որ այս փոքրիկ ճամփորդն ավելի շատ բան գիտի զենքի մասին, քան շատ ասպետներ։
— Շոտլանդիա՞... — շշնջաց նա։ — Այնտեղ հիմա խառը ժամանակներ են, բայց եթե դու այդքան քաջ ես, գուցե հենց այնտեղ գտնես քո փնտրածը։ Ես քեզ կօգնեմ սահմանն անցնելու հարցում, դա ամենափոքր բանն է, որ կարող եմ անել քեզ համար։
Գիշերը երկար էր ու ցուրտ, բայց նրանց զրույցը մի տեսակ ջերմություն էր տալիս՝ օգնելով մոռանալ շրջապատող վտանգների մասին։ Էմման հասկացավ, որ Էդվարդը կարող է իրեն շատ բան սովորեցնել զենքերի ու սահմանային գաղտնիքների մասին։