1. Պողպատե ժառանգություն

Chapter 4

Մաս 4։Հարսնացո՞ւ, թե՞ ռազմիկ։

Էմման մի պահ քարացավ, սակայն արագ հավաքվեց։ Նա որոշեց ձևացնել, թե բացարձակ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում Լորենցոն։
​— Սինյո՛ր Լորենցո, դուք երևի իրոք խելագարվել եք Գիյոմի պատմություններից, — ասաց նա՝ ձայնին տալով առավելագույն անտարբերություն։ — Ձեր երևակայությունը սահմաններ չունի։
​Լորենցոն թեթևակի հոգոց հանեց ու գլուխը տարուբերեց։
— Ա՜խ, օրիո՛րդ Էմմա, ես վստահ եմ, որ դա դուք եք։ Պետք չէ ձևացնել ինձ մոտ, ես ձեր կողմից եմ, հավատացնում եմ ձեզ։
​Էմման շրջվեց նրա կողմը և հոնքերը կիտեց։
— Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ ես եմ այդ ասպետը։
​— Ես ուշադիր հետևել եմ մարտին, — սկսեց թվարկել Լորենցոն՝ մատները ծալելով։ — Նախ՝ դուք և այդ ասպետը մոտավորապես նույն հասակի եք, եթե հաշվի առնենք ձեր և Գիյոմի հասակների տարբերությունը։ Հաջորդը՝ շարժումները։ Քայլվածքի մեջ նմանություն կա։ Իհարկե, ասպետն ավելի համարձակ էր քայլում՝ տղամարդուն վայել, իսկ ձերը կանացի է, բայց ինձ թվում է՝ դրա պատճառը միայն հագուստն է։ Հետո՝ ձեր բացակայությունը։ Ձեր ընտանիքի հետ շփվելիս հասկացա, որ նրանք շատ զարմացած էին ձեր չգալուց։ Ասացին, որ նման բաներ երբեք բաց չեք թողնում։ Ես նույնիսկ մտահոգվեցի՝ մի՞թե օրիորդի հետ վատ բան է պատահել։ Եվ վերջապես՝ ասպետն ուսին վնասվածք ստացավ, իսկ ձեզ հետ ծանոթանալուց ի վեր ձեր վրայից միշտ գինու հոտ է գալիս։
​Էմման քմծիծաղ տվեց։
— Իմ ընտանիքն իմ մասին ամեն ինչ չէ, որ գիտի, և բնականաբար չեն կարող հստակ իմանալ՝ ես բաց եմ թողնում մրցույթները, թե ոչ։ Ես ուրիշ գործեր էլ ունեմ։ Իսկ ինչ վերաբերում է գինուն՝ ես այն պարզապես շատ եմ սիրում։
​Լորենցոն ժպտաց և մի փոքր առաջ թեքվեց։
— Ես կարո՞ղ եմ դիպչել ձեզ։
​— Ինչո՞ւ, — ցնցվեց Էմման։
​— Հասկանո՞ւմ եք, ինձ պետք է պարզել՝ ես իրոք խելագարվել եմ ձեր եղբոր պատճառով, թե՞ ոչ։ Խնդրում եմ, օգնեք ինձ, օրիո՛րդ։
​Էմման շփոթվեց։ Եթե համաձայնվեր, և նա դիպչեր ուսին, ցավը կմատներ իրեն։ Եթե մերժեր՝ կասկածն ավելի կխորանար։
— Կարող եք դիպչել, բայց չմոռանաք, թե ով եմ ես։ Մի սխալ քայլ, և հայրս կիմանա այդ մասին, — սպառնաց նա։
​Լորենցոն ձեռքը դանդաղ տարավ դեպի Էմմայի վիրավոր ուսը։ Էմմայի համար ժամանակը կարծես դանդաղ էր շարժվում։Նա փորձում էր պահել հանգիստ դեմքի արտահայտությունը և մտովի իր մեջ ուժ էր գտնում, որ ցավից չշարժվի։ Լորենցոն քիչ էր մնում կպներ, բայց նա կանգ առավ ու ձեռքը հետ տարավ։
​— Օրիո՛րդ Էմմա, ես չեմ ուզում ձեզ ցավացնել։ Հանձնվե՛ք, — շշնջաց նա։
​Էմման բորբոքվեց այդ խոսքերից։ Նրա ներսում ամեն ինչ տակնուվրա եղավ։
— Լսե՛ք, ձեզ ո՞վ է իրավունք տվել ինձ հետ նման կերպ շփվել։ Առանց թույլտվության նստեցիք կողքս, ինձ մեղադրում եք անհասկանալի բաների մեջ և դեռ հանձնվելո՞ւց եք խոսում։ Գնացե՛ք խոտաբույսերով թունդ թեյ խմեք։ Երևի Ֆրանսիայի օդը ձեզ համար չափազանց օտար է, և դուք իսկապես խելագարվել եք։
​Էմման կտրուկ վեր կացավ և բարկացած հեռացավ այգուց։ Լորենցոն որոշ ժամանակ զարմացած հայացքով հետևում էր նրա հեռացող կերպարին, ապա հանկարծ սկսեց բարձր ծիծաղել։
— Հմայիչ է... ,_ցածրաձայն ասաց նա ինքն իրեն՝ ժպիտը դեմքին։


Էմման գնաց իր սենյակ և տեղն  չէր գտնում։ Օրն անցավ չափազանց լարված. նա ամեն կերպ փորձում էր հնարավորինս հեռու մնալ Լորենցոյից։
​Օրվա վերջում, երբ աղոթքից հետո բոլորը պատրաստվում էին քնելու, Լորենցոն մոտեցավ Էմմային և անձամբ բարի գիշեր մաղթեց։ Հետո, նորից հակվելով նրա կողմը, ականջին շշնջաց.
— Հուսով եմ՝ գիշերն ինձ չեք սպանի միայն այն պատճառով, որ բացահայտել եմ ձեր գաղտնիքը։
​Էմման այդ պահին պատրաստ էր նրան մաս-մաս անել, վառել կամ կապել ձիուց ու քարշ տալ քարոտ ճանապարհներով։ Բայց նա իրեն հավաքեց, գլուխը հպարտ բարձրացրեց և նայելով Լորենցոյի աչքերի մեջ՝ ասաց.
— Ես ձեր փոխարեն մի փոքր զգույշ կլինեի։ Գիշերները առնետները շատ են սիրում այս տարածքում ման գալ։
Էմման սառը ժպտաց, մոտեցավ Լորենցոյի ականջին և ցածր ձայնով ավելացրեց.
— Իսկ առնետներից պաշտպանվելու համար կարող եմ ձեզ մկնդեղ տալ։
​Հետո նա կտրուկ հետ քաշվեց, սառնասիրտ բարի գիշեր մաղթեց ու հեռացավ։ Լորենցոյի ականջները կարմրեցին. նա այնքան շփոթվեց այդ անսպասելի հարձակումից, որ արագ հեռացավ, քանի դեռ ոչ ոք չէր նկատել իր շփոթմունքը։
​Հաջորդ մի քանի օրերը Լորենցոյի համար իսկական փորձաշրջան դարձան։ Էմման որոշել էր նրան ստիպել հնարավորինս արագ լքել Ֆրանսիան։ Նա տղայի թեյի կամ ջրի մեջ տարբեր բաներ էր խառնում՝ մեծ քանակությամբ աղ, կիտրոն, իսկ երբեմն էլ բաժակի կողքին մկնդեղի փակ տուփ էր դնում՝ որպես ակնարկ։ Լորենցոյի ուտեստների մեջ հայտնվում էր շաքարավազ կամ կծու կոճապղպեղ այնտեղ, որտեղ դրանց տեղը չէր։
​Տուժում էին նաև Լորենցոյի թանկարժեք հագուստները. Էմման դրանց վրա մոմի հալած յուղ կամ գինի էր թափում։ Նա անընդհատ փոխում էր Լորենցոյի իրերի տեղերը. երբ ցանկանում էր, մտնում էր նրա սենյակ և վերցնում ինչ-որ իր, տեսնում, թե ինչպես է տղան ժամերով փնտրում դա, իսկ հետո աննկատ դնում էր սենյակի ամենաբացահայտ վայրում։
​Լորենցոն փորձում էր իրեն իսկական ազնվականի պես պահել և հունից դուրս չգալ, չնայած շատ լավ հասկանում էր, թե ով է կանգնած այդ ամբողջ «ահաբեկչության» հետևում։
Էմմայի վերքն արդեն չէր ցավում, և նկատելով, որ ծնողները մի փոքր թուլացրել են հսկողությունը, նա որոշեց ժամանակը զուր չվատնել։Նա շատ բան ուներ պատմելու ընկերներին և, իհարկե, կարոտել էր մարզումները։
​Նա նախ այցելեց լեդի Էլինոր Վուդսթոքին և պատմեց իր փառահեղ հաղթանակի ու տանը հայտնված անկոչ հյուրի՝ Լորենցոյի մասին։
​— Ես վստահ եմ, որ ծնողներս ուզում են ինձ ամուսնացնել Լորենցոյի հետ, — դժգոհեց Էմման, — բայց նա ինձ համար չափազանց տհաճ է։ Առհասարակ, ես չեմ պատրաստվում ամուսնանալ։ Ես դառնալու եմ հռչակավոր ասպետ, և ամուսինն ինձ միայն կխանգարի, հատկապես այդ հիմար իտալացին։ Միակ բանը, որից գոհ եմ տանը, այն է, որ Բիանկային քիչ եմ տեսնում. Գիյոմն այնքան գործ է բարդել կնոջ վրա, որ նա գլուխը բարձրացնելու ժամանակ չունի։ Բայց Բիանկայի փոխարեն հիմա նրա տխմար եղբայրն է եկել։ Ավելի լավ էր Բիանկայի հետ շփվեի, քան Լորենցոյի։ Աչքիս՝ իրոք մի օր պետք է թունավորեմ նրան, որ հասկանա՝ ժամանակն է լքել մեր տունը։
​Լեդի Էլինոր Վուդսթոքը քմծիծաղ տվեց և ասաց.
— Էմմա՛, սիրելիս, ես ինձ իրոք բախտավոր կին եմ համարում, որ քեզ պես ընկերուհի ունեմ։ Քո կյանքին հետևելն ինձ համար ամենահաճելի զբաղմունքն է։
​— Լեդի՛ Էլինոր, դուք իմ դժբախտության վրա՞ եք ծիծաղում, — կատակով նեղացավ Էմման։
​— Իհարկե ոչ, ուղղակի երիտասարդ լինելն ունի իր առավելություններն ու թերությունները։ Եթե կարող ես՝ ուշ ամուսնացիր։ Իսկ ինչ վերաբերում է Լորենցոյին, դուք հաստատ համապատասխան չեք. ամուսնանալու դեպքում դու հաստատ անտառի ծառերի փոխարեն  նրան  կօգտագործես որպես թիրախ։
​Լեդին նորից ծիծաղեց, իսկ Էմման ժպտաց՝ պատկերացնելով այդ տեսարանը։
​— Ես շատ հպարտ եմ քո հաղթանակով, — շարունակեց լեդի Էլինորը։ — Դա մեծ քայլ է և արժանի է տոնելու։ Այսօր առավոտյան ես հանդիպեցի Մադլեն Լըֆևրին, և նա ասաց, որ այսօր մի մեծահարուստ մեծ խնջույք է կազմակերպել։ Կարող ես ինձ հետ գալ, և ոչ ոք հարցեր չի տա քո ներկայության մասին։ Լինելու է երաժշտություն, համեղ ուտեստներ, խաղեր ու պարեր։ Նաև նետաձգության մրցույթ կա, որտեղ տանտերը ոսկեդրամներ է խոստացել հաղթողին։
​— Լեդի՛ Էլինոր, դա հիանալի միտք է։ Ես որոշել էի մարզվել, բայց ավելի լավ է մի քիչ զվարճանամ, նշեմ հաղթանակս և, ինչո՞ւ ոչ, մի քանի ոսկեդրամ շահեմ։ Մադլենն է՞լ է այնտեղ լինելու։
​— Այո, նա նույնպես գալու է։
​— Դե ուրեմն, ես գնամ նրա մոտ։ Նա հաստատ գեղեցիկ դիմակներ ու հագուստ կունենա։ Չեմ ուզում տուն գնալ, հաստատ նորից կվիճեմ հորս հետ։ Բացի այդ, խնջույքին չեմ ուզում, որ իմանան, թե ով եմ ես։ Եկեք անունս փոխենք. այնտեղ ես կլինեմ Մարիան։ Ի՞նչ կարծիքի եք։
​— Շատ բարի, թանկագի՛ն Մարիա, ով եկել է ինձ հյուր Անգլիայից։ Գնա՛ և պատրաստվիր, այսօր լավ պիտի զվարճանանք։
​Երկուսով սկսեցին բարձր ծիծաղել, և Էմման արագ վազեց Մադլեն Լըֆևրի տուն, որպեսզի սկսի պատրաստվել խնջույքին։
Էմման Մադլենի տնից դուրս եկավ անճանաչելիորեն փոխված։ Նա հագել էր նրբագեղ, մուգ կապույտ թավշյա զգեստ, որը ընդգծում էր նրա կեցվածքը, բայց միևնույն ժամանակ թույլ էր տալիս ազատ շարժվել։ Դեմքին կրում էր նուրբ կտորատիպ գործվածքով մի դիմակ, որը փակում էր միայն աչքերի հատվածը՝ նրա հայացքին հաղորդելով խորհրդավորություն։
​Հասնելով խնջույքի վայրը՝ նա իրեն զգում էր ինչպես վանդակից բաց թողնված թռչուն։ Այստեղ ոչ ոք չգիտեր, որ նա Լասիների «խենթ» դուստրն է։ Նա պարզապես Մարիան էր՝ անգլիացի հյուրը։
​Էմման նետվեց պարի հորձանուտի մեջ։ Երաժշտությունը թնդում էր, և նա, մոռանալով ամեն ինչ, պտտվում էր գյուղական ու ազնվական պարերի ռիթմի տակ։ Երբ շունչը կտրվեց, նա մոտեցավ երաժիշտների անկյունին, որտեղ մի ծերունի նստած նվագում էր լյուտնյա։
​— Վարպե՛տ, խնդրում եմ, սովորեցրեք ինձ մի քանի լար սեղմել, — ոգևորված ասաց Էմման։
(Լյուտնյան միջնադարյան լարային երաժշտական գործիք է՝ տանձաձև մարմնով, որը համարվում է ժամանակի ամենանուրբ և տարածված գործիքներից մեկը)։
​— Օրիո՛րդ, ձեր մատները պետք է շատ զգույշ լինեն, — կատակեց երաժիշտը։
Էմման փորձեց մի քանի նոտա հնչեցնել, և թեև սկզբում ձայնը կոպիտ ստացվեց, նա երեխայի պես ուրախացավ յուրաքանչյուր հաջողված հնչյունից։
​Հետո նա անցավ խաղասեղանների մոտ։ Մի խումբ տղամարդիկ զառ էին նետում։ Էմման, հանելով իր մոտ եղած փոքրիկ քսակը, որոշեց խաղադրույքներ կատարել։
— Երեք ոսկեդրամ՝ զույգի վրա, — համարձակ ասաց նա։
Շուրջը գտնվողները զարմացած նայեցին դիմակավորված օրիորդին, բայց երբ զառերը ցույց տվեցին հաղթական թվերը, Էմման բարձր ծիծաղեց ու վերցրեց շահույթը։
​— Բախտավոր եք, Մարիա՛, — ասաց նրան լեդի Էլինորը, ով հեռվից հետևում էր նրան։
​Քիչ այն կողմ մի ծերունի միայնակ նստած շախմատ էր խաղում ինքն իր հետ։ Էմման մոտեցավ ու նստեց նրա դիմաց։
— Թույլ կտա՞ք ձեզ ընկերակցել, սինյո՛ր։
— Եթե չեք վախենում պարտվելուց, օրիո՛րդ, — պատասխանեց ծերունին։
Նրանց խաղը տևեց բավականին երկար։ Էմման օգտագործում էր իր ողջ տրամաբանությունը, նույնիսկ այստեղ նրա «ռազմական» միտքը օգնում էր նրան կառուցել հետաքրքիր գրոհներ։ Ի վերջո, խաղն ավարտվեց ոչ-ոքի, և ծերունին հարգանքով գլուխ տվեց նրան։
​Էմման վազվզում էր տարածքով մեկ, համտեսում անուշահոտ միսը, էկզոտիկ մրգերն ու քաղցրավենիքը։ Նա իրեն երջանիկ էր զգում։
​— Սա իսկական կյանք է, — շշնջաց նա ինքն իրեն՝ ուտելով մի կտոր համեղ կարկանդակ, — ոչ մի պայմանագիր, ոչ մի օրենք, միայն ազատություն։
​Հանկարծ հայտարարեցին նետաձգության մրցույթի սկիզբը։ Էմմայի աչքերը փայլեցին։ Նա գիտեր, որ սա իր ժամանակն է ոսկեդրամներ շահելու և իր հմտությունները ցույց տալու համար, նույնիսկ եթե դա անում էր «Մարիա» անվան տակ։
​— Դե ինչ, Մարիա՛, տեսնենք՝ ինչքանով է դիպուկ քո ձեռքը, — ինքն իրեն ասաց նա ու շարժվեց դեպի թիրախները։
Նետաձգության հրապարակում իրարանցում էր։ Օդը լցված էր լարվածությամբ և հանդիսատեսի ոգևորված բացականչություններով։ Չնայած ուսի վերքին, Էմման զգում էր, որ օրվա ուրախությունն ու ադրենալինը թմրեցրել են ցավը։ Նա կանգնեց հաստատակամ, շնչառությունը հանդարտեցրեց և ուղղեց աղեղը։
​Մասնակիցները շատ էին՝ տեղացի հմուտ որսորդներից մինչև զվարճանք փնտրող ազնվականներ։
Առաջինը կրակեց մի բարձրահասակ զինվոր, ում նետը դիպավ թիրախի եզրին։ Հաջորդը մի երիտասարդ էր, ում ձեռքերը դողում էին հուզմունքից, և նրա նետն ընդհանրապես շեղվեց։Ամբոխի մեջ լսվում էին շշուկներ. «Տեսեք այս Մարիային, նա նույնիսկ աղեղը ճիշտ բռնել չգիտի»,— հեգնում էր մեկը։ Բայց երբ Էմմայի առաջին նետը դիպավ հենց կենտրոնին՝ «տասնյակին», ամբոխը քարացավ։Մարդիկ սկսեցին արագորեն փոխել իրենց խաղադրույքները։ «Տասը արծաթե դրամ այդ դիմակավորված աղջկա վրա»,— գոռում էր մի առևտրական։ Լեդի Էլինորը հպարտ ժպտում էր՝ տեսնելով, թե ինչպես է Էմման հերթով շարքից հանում բոլոր տղամարդկանց։
​Վերջին կրակոցով Էմման վերջնականապես հաղթեց։ Նա փայլում էր, լայն ժպտում և վստահ քայլերով հեռացավ դեպի այն անկյունը, որտեղ քաղցրավենիքն ու գինին էին։ Նա սկսեց ախորժակով մի քանի թխվածքաբլիթ շարել ափսեի մեջ և վերցրեց գինու շիշը, որ գնար ընկերուհիների մոտ տոնելու, երբ հանկարծ թիկունքից լսեց սառնասիրտ ձայն։
​— Նորից փայլուն հաղթանակ... ուրիշ բան չէի էլ սպասում փոքրիկ ասպետից։ Շնորհավորում եմ։
​Էմմայի ժպիտը վայրկենական անհետացավ։ Նա ծանր հոգոց հանեց՝ հասկանալով, որ Լորենցոն է։ Որոշելով արհամարել նրան՝ նա մի մեծ թխվածքաբլիթ դրեց բերանը և փորձեց հեռանալ, բայց Լորենցոն կտրուկ բռնեց նրա ձեռքից։
​— Ի՞նչ եք ձեզ թույլ տալիս,— փորձեց գոռալ Էմման, բայց քանի որ թխվածքաբլիթը բերանում էր, ձայնը խուլ ու անհասկանալի ստացվեց։
​Լորենցոն մոտեցավ նրան՝ ձեռքն ամուր պահելով։ Էմմայի թշերն ուռած էին թխվածքից, ինչը նրան միաժամանակ զվարճալի և անօգնական տեսք էր տալիս։
​— Օրիո՛րդ Էմմա, ավելի ճիշտ՝ օրիո՛րդ Մարիա, — ասաց Լորենցոն ցածր ձայնով, — ես ձեր գաղտնիքը գիտեմ, և ձեր այս պահվածքն ինձ շատ է զվարճացնում։ Բայց այն նաև սկսում է հոգնեցնել, քանի որ ես իրոք ուզում եմ ձեզ հետ լուրջ շփվել այդ թեմայով։
​Էմման սկսեց ուժով ձեռքը հետ քաշել, բարկությունից նրա աչքերը կայծակներ էին արձակում։
— Ուր է՞ այն նետը... հենց հիմա բերե՛ք, — կմկմաց նա՝ թխվածքը դեռ բերանում, — բերեք նետս, և ես ձեզ հիասքանչ շոու ցույց կտամ։
​Լորենցոն թեթևակի ժպտաց, Էմմային ուժով քաշեց դեպի իրեն և շրթունքները մոտեցնելով նրա ականջին՝ շշնջաց.
— Ես տեսել եմ ձեր ձեռքի վերքը... մի օր, երբ վիրակապում էիք, սենյակի դուռը լավ չէիք փակել, և ես ամեն ինչ տեսա։
​Այս խոսքերից Էմման հանկարծակիի եկավ ու սկսեց խեղդվել թխվածքի կտորից։ Նրա ողջ «մարտական» տեսքը մի վայրկյանում փլուզվեց, երբ նա սկսեց հազալ՝ փորձելով շունչ քաշել և միաժամանակ հասկանալ, թե էլ ինչ գիտի այս անտանելի իտալացին։


Էմման, հազիվ հանդարտեցնելով հազն ու շունչը, կատաղած նայեց Լորենցոյին։
​— Ի՞նչ է ձեզ պետք ինձանից, — վերջապես հարցրեց նա՝ ձայնը ցածրացնելով։
​— Օ՜, վերջապես ընդունեցիք, որ պարտվել եք, — հանգիստ պատասխանեց Լորենցոն։ — Եկեք քայլենք ավելի հանգիստ մի անկյուն և խոսենք։
​Էմման լուռ հետևեց նրան, բայց նախքան հեռանալը, աննկատ սեղանից մի դանակ վերցրեց ու թաքցրեց զգեստի ծալքերում։ Նա չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն, և ուզում էր զինված լինել։ Նրանք գնացին այգու մի հեռավոր հատված, որտեղ խիտ ծառերը նրանց թաքցնում էին աղմուկից։ Արդեն մայրամուտ էր։
​— Լսում եմ ձեզ, — կտրուկ ասաց Էմման։
​— Օրիո՛րդ Էմմա, ես առաջարկում եմ ձեզ ինձ հետ միասին գալ Իտալիա։
​— Ի՞նչ։ Ինչո՞ւ պիտի ես Իտալիա գնամ։
​— Օրիո՛րդ, դուք շատ անհամբեր եք։ Կարո՞ղ եմ խոսքս ավարտել, — ժպտալով ասաց Լորենցոն, ինչն ավելի էր բորբոքում Էմմայի բարկությունը։ — Խոստանում եմ վերջում պատասխանել բոլոր հարցերին։
​— Արագ խոսեք, — հրամայեց աղջիկը։
​— Դարձե՛ք իմ կինը։
​Էմման նույնիսկ չզգաց, թե ինչպես ձեռքն ինքնաբերաբար շարժվեց և ամբողջ ուժով ապտակեց Լորենցոյին։ Տղան մի պահ լռեց, բայց դեմքի հանգստությունը չկորցրեց։
​— Կա մի անհերքելի փաստ. և՛ իմ, և՛ ձեր ծնողները մեզ հանգիստ չեն թողնի, մինչև մեզ ամուսնացած չտեսնեն։ Ես առաջարկում եմ դաշինք, ըստ որի՝ մենք կստանանք ազատություն և հնարավորություն՝ անելու այն, ինչ ուզում ենք։ Դա անելն ավելի հաճելի և հեշտ է, երբ ամուսինդ քո տեսակի մարդ է, ով նույնպես սիրում է իր գործն ավելի շատ, քան այլ բաներ։Ես ուզում եմ իմ գործում դառնալ ամենալեգենդարը, բայց ինձ անընդհատ շեղում են՝ փորձելով ծանոթացնել այս կամ այն աղջկա հետ։ Ես չէի ուզում գալ Ֆրանսիա, բայց ստիպված էի, և բախտս բերեց։ Օրիո՛րդ Էմմա, դուք կարող եք մարզվել, կռվել, սպանել՝ ում ուզում եք և որքան ուզում եք։ Ես ձեզանից երեխա չեմ պահանջի, եթե դուք դա չցանկանաք։ Երկուսս էլ կանենք այն, ինչ ուզում ենք։ Հիմա նորից եմ հարցնում. կդառնա՞ք իմ կինը, օրիո՛րդ Էմմա։
​— Սա սպառնալի՞ք է, — հարցրեց Էմման՝ կասկածանքով նայելով նրան։
​Լորենցոն շփոթվեց.
— Ես ձեզ չեմ հասկանում, դա ի՞նչ կապ ունի։
​— Եթե չհամաձայնվեմ ձեր առաջարկին, դուք կսպառնա՞ք ինձ։
​Լորենցոն նորից ժպտաց։
— Իսկ կա՞ որևէ պատճառ իմ առաջարկից հրաժարվելու համար։
​— Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, թե կա պատճառ համաձայնելու համար։
​— Ձեր տարիքի աղջիկներն արդեն 2-ից 4 երեխայի մայր են, իսկ դուք դեռ ամուսնացած չեք։ Մտածում եք՝ երկա՞ր կարող է ձեր բախտը բերել և մնաք ազատության մեջ։ Ինձ մերժելով՝ կարող է անցնել մի քանի ամիս կամ տարի, բայց հաստատ կամուսնանաք մեկի հետ, ով վստահաբար ուրախ չի լինի ձեր թաքնված կյանքից։ Իսկ ինձ համար միևնույն է։ Կարևորը՝ չդավաճանեք ինձ, դա պարզապես պատվի հարց է։ Իսկ մնացած ժամանակ արեք այն, ինչ ուզում եք։
​Էմման հասկանում էր, որ Լորենցոյի խոսքերը ճիշտ են, և առաջարկն իրոք վատը չէր։ Բայց կար երկու մեծ «բայց»՝ նա պետք է լքեր Ֆրանսիան և դառնար տան տիկին (թեկուզ ձևական)։
​— Ես ձեզ մերժում եմ, — ասաց Էմման հաստատակամ ձայնով։ — Եթե գա մի օր, երբ ինձ կստիպեն ամուսնանալ, ես այդ օրը թույն կխմեմ, բայց չեմ ամուսնանա։ Ինչի՞ս է պետք մի կյանք, որտեղ չկա ազատություն։ Ձեր խոսքերը շատ քաղցր են, բայց դուք տղամարդ եք, և ես ձեզ չեմ վստահում։ Եվ եթե նույնիսկ իմ գաղտնիքը բացահայտեք՝ ձեզ ոչ ոք չի հավատա։
​Էմման, չսպասելով Լորենցոյի պատասխանին, շրջվեց ու արագ հեռացավ։ Լորենցոն մնաց մենակության և մթության մեջ՝ իր մտքերի հետ։

Խնջույքից հետո Էմման գնաց անտառ։ Նա մարզվում էր՝ կատաղի հարվածներ հասցնելով ծառերին, բայց միևնույն ժամանակ չէր կարողանում ազատվել Լորենցոյի ասածների ազդեցությունից։ Իսկ եթե իրոք գա այն օրը, երբ նա այլևս չի կարողանա փախչել ամուսնությունից, ի՞նչ պետք է անի։ Որքան մտածում էր, այնքան լուծում չէր գտնում, և այդ անորոշությունն ավելի էր կատաղեցնում նրան։
​Հաջորդ օրվա առավոտյան Բիանկան ցունամիի պես ներխուժեց Էմմայի սենյակ։
​— Ինչպե՞ս կարող էիր մերժել եղբորս առաջարկը, — գոռաց նա։ — Ես գիտեի, որ հիմար ես, բայց որ այդքան՝ չէի պատկերացնում։
​Բիանկան բորբոքված քայլում էր սենյակում ու անդադար խոսում, իսկ Էմման, երեկվա իրադարձություններից հոգնած, հորանջելով մի կերպ էր բացում աչքերը։ Երբ Բիանկան պատրաստվում էր մոտենալ Էմմային, որպեսզի նրան վերջնականապես արթնացնի, սենյակ մտավ Մատիլդան։
​— Մադամ Մատիլդա, ես հենց նոր էի Էմմային արթնացնում, — խոնարհ հարսի պես ձայնը փոխեց Բիանկան։
​Մատիլդան նայեց դստերը և ասաց.
— Լորենցոն խոսել է Ռոբերի հետ ձեր ամուսնության թեմայով։ Էմմա՛, հայրդ ուզում է քեզ ամուսնացնել նրա հետ, բայց կա մի պայման՝ Լորենցոն պետք է տեղափոխվի Ֆրանսիա։ Հայրդ համաձայն չէ իր միակ աղջկան ուղարկել իրենից այդքան հեռու երկիր։ Հիմա Լորենցոն պետք է որոշում կայացնի, այնպես որ, Էմմա՛, պատրաստվիր, որ տանից շատ հեռու չես գնալու։
​Խոսքն ավարտելով՝ Մատիլդան հեռացավ։ Բիանկան շոկի մեջ էր. ֆրանսիացիներն ուզում էին իր տոհմի ներկայացուցչին կառավարել և պահել իրենց հողերում։ Էմման, օգտվելով առիթից, արագ հագնվեց, որպեսզի հնարավորինս շուտ հեռանա տանից։
​— Էմմա՛, ո՞ւր ես գնում, — կանչեց Բիանկան։ — Դու պետք է համեղ ուտեստներ պատրաստես, գեղեցիկ սեղան գցես Լորենցոյի համար։ Նա քո ապագա ամուսինն է։
​Էմման ոչինչ չպատասխանեց և ուղղակի հեռացավ՝ թողնելով Բիանկային իր զայրույթի հետ միայնակ։

Էմման, ինչպես միշտ, երբ նյարդերը տեղի էին տալիս կամ մտահոգությունները խեղդում էին, շտապեց ընկերների մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Նա կարիք ուներ լսելու մարդկանց, ովքեր իրեն իսկապես ճանաչում էին։
Մադլեն Լըֆևրը, տեսնելով Էմմայի տագնապած հայացքը, միանգամից գործնական առաջարկ արեց.
— Էմմա՛, սիրելիս, եթե այդ իտալացին քեզ այդքան տհաճ է, եկ արագ մի փեսացու ընտրենք Ֆրանսիայից։ Մեկին, ով ավելի հարմար կլինի քո բնավորությանը և չի սահմանափակի քեզ։ Ես անձամբ կօգնեմ այդ հարցում։
​Մադլենի որդին՝ Ժյուլիենը, ով ավելի իրատես էր, միջամտեց.
— Լսի՛ր, եթե Լորենցոն իրոք անկեղծ է և չի խանգարի քեզ մարզվել, առավել ևս, որ պատրաստ է մնալ Ֆրանսիայում, ուրեմն նա լավագույն տարբերակն է։ Մենք առջևում նոր մրցույթներ ունենք, Էմմա՛։ Թագավորական ընտանիքը մեծ մրցույթ է կազմակերպում։ Ավելի լավ է արագ լուծես այս ամուսնության հարցերն ու սկսենք լուրջ պատրաստվել։
​Լեդի Էլինոր Վուդսթոքը, իր հանգիստ ու մի փոքր խորհրդավոր ձայնով, այլ ելք առաջարկեց.
— Էմմա՛, միգուցե ամուսնանաս մի շատ ծեր մարդու հետ։ Նա շուտ կմահանա, և դու, ինձ նման, կապրես միայնակ, հանգիստ ու խաղաղ կյանքով՝ լինելով քո սեփական ճակատագրի տերը։

Վերջում խոսեց Կլարա Դյուպոնը, ով միշտ կողմ էր սրտի ձայնին.
— Էմմա՛, ոչ ոքի մի՛ լսիր։ Սա քո կյանքն է։ Ինքնուրույն որոշում կայացրու և արա այն, ինչ սիրտդ է հուշում։ Միայն դու գիտես՝ որտեղ է քո ազատությունը։
​Էմման վերադարձավ տուն։Նա արդեն կայացրել էր իր որոշումը։ Մտնելով իր սենյակ՝ նա սկսեց արագ հավաքել իրերը։ Նա վերցրեց իր բոլոր խնայած գումարները։​Նա զգուշությամբ մտավ հոր աշխատասենյակ,մոտեցավ սեղանին և դրա վրա դրեց Գիյոմի սուրը, որն իր հաղթանակի խորհրդանիշն էր։ Փոխարենը նա պատից իջեցրեց հոր սուրը՝ զգալով դրա ծանրությունն ու ուժը։
​Մինչ տանը բոլորը զբաղված էին առօրյա գործերով, իսկ Լորենցոն ու Ռոբերը հավանաբար դեռ քննարկում էին ապագա դաշինքի մանրամասները, Էմման դուրս եկավ ամրոցից։ Նա մոտեցավ ձիուն, հեծնեց այն և, առանց որևէ աղմուկի կամ զգուշացման, քամու պես սլացավ տանից հեռու։​Նա թողնում էր ամեն ինչ՝ ամուսնության պայմանավորվածությունները, իտալացու խորամանկ ժպիտն ու ընտանեկան պարտավորությունները։ Առջևում միայն անհայտությունն էր և այն ազատությունը, որի համար նա պատրաստ էր ամեն ինչի։
Ժամեր անց, երբ մթնշաղն արդեն իջել էր ամրոցի վրա, ընտանիքը հավաքվեց ընդհանուր սենյակում՝ վերջնական որոշում կայացնելու Էմմայի և Լորենցոյի ապագայի վերաբերյալ։ Սակայն սենյակում տիրում էր անսովոր լռություն։ Էմման չկար։
​Երբ Ռոբերը մտավ իր աշխատասենյակ, նա քարացավ դռների մոտ։ Պատից կախված իր պատվավոր սուրը չկար, իսկ սեղանին, մոմի թույլ լույսի տակ, փայլում էր Գիյոմի սուրը՝ զգուշորեն դրված մի ծրարի կողքին։
​Ռոբերը դողացող ձեռքերով բացեց նամակը և բարձրաձայն կարդաց.
​«Իմ սիրելի՛ ընտանիք, ես որոշեցի գնալ իմ ճանապարհով։ Ես չեմ ուզում ամուսնանալ, կլինի դա Լորենցոն, թե որևէ այլ մեկը։ Ես սիրում եմ ձեզ բոլորիդ և կկարոտեմ, ուղղակի վստահ եղեք իմ հաջողությունների վրա։
​Հ.Գ. Փոքրիկ ասպետ»
​Սենյակում տիրեց մահացու լռություն։
Գիյոմը ամուր սեղմեց իր սուրը, որն Էմման վերադարձրել էր։ Նրա մտքերը խառնաշփոթ էին. մի կողմից՝ վիրավորված հպարտություն, որ իրեն հաղթել էր սեփական քույրը, մյուս կողմից՝ անսահման հարգանք նրա խիզախության հանդեպ։
Ռոբերը կատաղած էր։ Նա անմիջապես հրամայեց հավաքել մի խումբ հեծյալների. «Գտե՛ք նրան և անհապաղ տո՛ւն վերադարձրեք։ Ոչ մի աղջիկ չի կարող այսպես խայտառակել մեր տոհմը»։
Լորենցոն կանգնած էր անկյունում։ Նրա դեմքին հայտնվել էր մի յուրահատուկ ժպիտ՝ հեգնանքի և հիացմունքի խառնուրդ։ Նա կարծես զսպում էր բարձրաձայն ծիծաղը։ Այս աղջիկն ավելի խենթ ու անկախ էր, քան նա պատկերացնում էր։
Բիանկան դեռ չէր հավատում տեղի ունեցածին. «Սա ուղղակի մի հիմար կատակ է, նա շուտով կվերադառնա, հաստատ թաքնվել է ախոռում»։
Մատիլդան միակն էր, ով չէր գոռում և չէր վիճում։ Նա հասկանում էր՝ Էմման գնացել է վերջնականապես, և ոչ մի հեծյալ խումբ չի կարող հետ բերել նրա ազատատենչ հոգին։ — Ես գնում եմ եկեղեցի, — հանգիստ ասաց Մատիլդան։ — Ուր էլ որ գնա Էմման, նրան այժմ միայն Աստծո օգնությունն է պետք։

​Մինչ ամրոցում իրարանցում էր, Էմման արդեն բավականին հեռու էր։ Գիշերային քամին փչում էր նրա դեմքին՝ ցրելով բոլոր կասկածները։ Նա արդեն մոտենում էր Ֆրանսիայի սահմաններին։
​Նրա առջև բացվում էր մի դժվարին ու վտանգավոր ճանապարհ։ Նա պետք է մի քանի շաբաթ շարունակ ճանապարհորդեր`ձիով անցներ դաշտերով ու անտառներով, մինչև կհասներ նավահանգստին,այնտեղից նախատեսել էր նավ նստել դեպի Անգլիա, իսկ հետո՝ նորից ձիով սլանալ դեպի հյուսիս՝ Շոտլանդիայի վայրի ու ազատ լեռները։
​Նա զգում էր հոր սրի ծանրությունը մեջքին և քսակի մեջ եղած ոսկեդրամների ձայնը։ Էմման այլևս օրիորդ չէր, ոչ էլ հարսնացու։ Նա ազատ ռազմիկ էր, ով գնում էր գրելու իր սեփական պատմությունը։ Ճանապարհը երկար էր, բայց նրա սիրտը երբեք այսքան թեթև չէր եղել։

Comments