1. Պողպատե ժառանգություն

Chapter 3

Մաս 3․ Աղվեսը առյուծների մեջ

Լասի ամրոցը երբեք այսքան շքեղ ու միաժամանակ լարված չէր եղել։ Հարսանիքի օրը վերջապես եկել էր։ Օդը հագեցած էր թանկարժեք օծանելիքների, թարմ ծաղիկների և խոհանոցից եկող համեղ կերակուրների բույրով։ Իտալիայից ժամանել էին Բիանկայի ծնողները՝ իրենց հետ բերելով ֆլորենցիական շուքն ու մի փոքր էլ արհամարհական հայացքները ֆրանսիական «պարզության» հանդեպ։
​Բիանկայի մայրը՝ սառը և վեհաշուք Սինյորա դե Մեդիչին, զննում էր ամրոցի սրահը։ Նա կրում էր մուգ զմրուխտյա թավշյա զգեստ, իսկ վզին փայլում էին խոշոր մարգարիտներ։
— Մատիլդա՛, սիրելիս, — դիմեց նա Էմմայի մորը՝ թեթևակի քիմքով ժպտալով, — ձեր ամրոցն այնքան... պատմական է։ Իհարկե, Ֆլորենցիայի մեր պալատների լուսավորությունը չկա, բայց այս մռայլությունն իր հմայքն ունի։
​Մատիլդան, թեև զգում էր ենթատեքստը, ստիպված էր պահպանել հյուրընկալ տիրուհու դեմքը։ Իսկ Էմման, ով ստիպված էր հագնել իր ամենաանհարմար մետաքսե զգեստը, կանգնած էր մի անկյունում և դժվարությամբ էր զսպում հորանջը։

​Ամրոցի առջև արդեն սպասում էին շքեղ զարդարված կառքերը։ Գիյոմը, հեծնած իր սպիտակ նժույգը, գլխավորում էր թափորը։ Բիանկան՝ իր ծնողների հետ, նստեց առաջին կառքը, որը պատված էր ֆլորենցիական մետաքսով։ Էմման ստիպված էր նստել մոր և լեդի Էլինորի հետ հաջորդ կառքում՝ փորձելով չճմրթել իր անհարմար զգեստը։
​Գյուղի փողոցներով անցնելիս մարդիկ դուրս էին եկել տներից՝ տեսնելու այս շքեղությունը։ Էմման պատուհանից նկատեց իր դպրոցի մի քանի երեխաների, ովքեր զարմացած նայում էին կառքերին։ Նա թեթևակի ձեռքով արեց նրանց՝ մի պահ մոռանալով իր նեղվածությունը։
​Երբ թափորը հասավ հին քարաշեն եկեղեցուն, զանգերի հանդիսավոր ղողանջը լցրեց օդը։ Եկեղեցու ներսում զով էր և խնկի բույր էր փչում։ Բարձր կամարների տակ վառվող հարյուրավոր մոմերը ստեղծում էին խորհրդավոր մթնոլորտ։
​Բիանկան հոր ուղեկցությամբ դանդաղ քայլեց դեպի խորանը։ Նրա երկար քողը սահում էր սառը քարե հատակի վրայով։ Գիյոմը սպասում էր նրան՝ դեմքին պահելով լրջություն, որն ավելի շատ պարտքի զգացում էր հիշեցնում, քան անհուն սեր։
​Քահանան բարձրացրեց ձեռքերը և սկսեց լատիներեն աղոթքը։ Տաճարի լռության մեջ նրա ձայնը հնչում էր ազդեցիկ ու ծանրակշիռ։
​— Գիյո՛մ դը Լասի, — դիմեց քահանան, — պատրա՞ստ ես արդյոք տեր և պաշտպան լինել այս կնոջը՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության պահին։
​Գիյոմը հաստատուն ձայնով պատասխանեց.
— Այո՛, պատրաստ եմ։
​Երբ հերթը հասավ Բիանկային, նա մի պահ շրջվեց դեպի հյուրերը, կարճ հայացք նետեց Էմմային՝ ասես ցանկանալով ցույց տալ իր վերջնական հաղթանակը, և նույնպես տվեց իր համաձայնությունը։
Քահանան նրանց ձեռքերը կապեց սպիտակ ժապավենով՝ որպես անքակտելի միության նշան։ Նրանք փոխանակվեցին ոսկյա մատանիներով, որոնց վրա փորագրված էին տոհմական նշանները։
​— Այսուհետ դուք մեկ մարմին եք և մեկ հոգի, — հայտարարեց քահանան։
​Երբ նորապսակները դուրս եկան եկեղեցուց, գյուղացիները նրանց վրա սկսեցին ցորեն ու ծաղիկներ շաղ տալ՝ բարեկեցություն մաղթելով։ Էմման, կանգնած եկեղեցու աստիճանների վրա, նկատեց լեդի Էլինորին, ով ուշադիր զննում էր իտալացի հյուրերին։
​— Դե ինչ, Էմմա՛, — շշնջաց Էլինորը, — արարողությունն ավարտվեց։ Հիմա սկսվում է իրական փորձությունը։ Մի տանիքի տակ երկու տիրուհի... սա հետաքրքիր է լինելու։
​Էմման միայն հոգոց հանեց։
Երբ նրանք դուրս եկան եկեղեցուց, արևը սկսել էր թեքվել դեպի մայրամուտ։ Թափորը նորից շարժվեց դեպի ամրոց, բայց այս անգամ մթնոլորտն ավելի աղմկոտ էր։ Գյուղացիները բղավում էին բարեմաղթանքներ, իսկ Գիյոմը ոսկեդրամներ էր շաղ տալիս ամբոխի մեջ՝ համաձայն հին ավանդույթի։
​Խնջույքը շարունակվեց ամրոցի մեծ սրահում։ Իտալացի հյուրերը նստած էին պատվավոր տեղերում և զարմացած նայում էին ֆրանսիական խոհանոցի առատությանը։ Բիանկայի հայրը՝ Սինյոր դե Մեդիչին, խմում էր իր բերած թանկարժեք գինին և Ռոբերի հետ քննարկում ապագա առևտրային կապերը։


​Անցել էին շաբաթներ։ Գիյոմն ու Բիանկան վերադարձել էին իրենց հարսանեկան շրջագայությունից, որի ընթացքում այցելել էին հարևան կոմսերին և Բիանկայի իտալացի ազգականներին, ովքեր հաստատվել էին Ֆրանսիայի հարավում։

*«Հարսանեկան շրջագայություն»_
​Նորապսակները ճամփորդում էին՝ այցելելու իրենց հեռու ապրող ազգականներին կամ իրենց տիրույթների մեջ մտնող մյուս ամրոցներն ու գյուղերը։ Սա արվում էր, որպեսզի նոր տիրուհուն ներկայացնեին ժողովրդին և ամրապնդեին կապերը ազնվական ընտանիքների հետ։

​Ամրոցում մթնոլորտը փոխվել էր։ Էմման որոշել էր որդեգրել «անտեսանելիության» մարտավարությունը։Նա գրեթե չէր շփվում Բիանկայի հետ, խուսափում էր ընդհանուր ճաշերից և օրվա մեծ մասն անցկացնում էր ամրոցի պատերից դուրս կամ իր սենյակում՝ փակ դռների հետևում։
​Բիանկան, վերադառնալով շրջագայությունից, իրեն ավելի ինքնավստահ էր զգում։ Նա սկսել էր իրոք տնօրինել ամրոցի ներքին կյանքը՝ փոխելով ծառաների ժամանակացույցը և անընդհատ հյուրեր ընդունելով։


​Մի երեկո, անցնելով հոր աշխատասենյակի մոտով, Էմման պատահաբար լսեց նրա և հորեղբոր տղայի՝ Գիյոմի զրույցը։
​— Գիյո՛մ, սա լինելու է մեկն ընդդեմ մեկի մարտ, — ասում էր հայրը, — հաղթողը մնում է հրապարակում և մարտահրավեր նետում հաջորդին։ Այդպես շարունակ, մինչև կմնա միայն մեկը՝ ամենաուժեղը։ Հաղթողը կվերցնի բոլոր պարտվողների զենքերն ու զրահները։
​Էմմայի աչքերը փայլեցին։ Սա իր հնարավորությունն էր։ Նա շտապեց Ժյուլիեն Լըֆևրի մոտ։
​— Ժյուլիե՛ն, ինձ զրահ է պետք, — շնչակտուր ասաց Էմման՝ ներս մտնելով դարբնոց։ — Այնպիսի զրահ, որի տակ չի զգացվի, որ ես կին եմ։ Ոչ մի նուրբ դետալ, միայն ամուր պողպատ և փակ սաղավարտ։
​Ժյուլիենը վայր դրեց մուրճը և զարմացած նայեց աղջկան։
— Էմմա՛, դու գիտե՞ս, թե դա ինչ մրցույթ է։ Այնտեղ պրոֆեսիոնալ մարտիկներ են լինելու, ովքեր ողորմություն չեն ցուցաբերում։ Դա չափազանց վտանգավոր է։ Եթե քեզ վնասեն կամ, Աստված մի արասցե, բացահայտեն... քո ընտանիքը խայտառակ կլինի։
​— Ժյուլիե՛ն, լսի՛ր ինձ, — Էմման մոտեցավ նրան և վճռական նայեց աչքերի մեջ։ — Սա միայն իմ հնարավորությունը չէ, սա նաև քոնն է։ Եթե ես հաղթեմ քո պատրաստած զրահով ու սրով, բոլորը կհարցնեն՝ «ո՞վ է այս հրաշալի զենքերի վարպետը»։ Դու կդառնաս ամենահայտնի զինագործը ողջ Ֆրանսիայում։ Դու չես լինի պարզապես պայտեր պատրաստող, դու կլինես ասպետների վարպետը։
Ժյուլիենը երկար լռեց՝ նայելով Էմմայի վառվող աչքերին։ Նա գիտեր, որ Էմման նահանջել չգիտի։
— Լա՛վ, — վերջապես հոգոց հանեց նա, — ես կպատրաստեմ դա։ Բայց դու պետք է խոստանաս, որ մինչև մրցույթը չես դադարի մարզվել։ Այդ զրահը ծանր է լինելու։
​Մրցույթին պատրաստվելու համար շատ քիչ ժամանակ էր մնացել։ Էմման փոխեց իր ողջ առօրյան։ Նա սկսեց լավ սնվել, որպեսզի ուժ հավաքի, և օրվա մեծ մասը մարզվում էր Ժյուլիենի տան հետևում գտնվող գաղտնի հրապարակում։
​Բիանկան, իհարկե, նկատում էր Էմմայի տարօրինակ պահվածքը։ Նա տեսնում էր, թե ինչպես է աղջիկը վստահ քայլերով տանից դուրս գալիս և վերադառնում ուշ երեկոյան՝ հոգնած, բայց փայլող աչքերով։ Նրան զայրացնում էր այն փաստը, որ ոչ ոք չէր հսկում Էմմային և չէր հարցնում, թե որտեղ է նա լինում։
​Բիանկան մի  քանի անգամ փորձեց Գիյոմի հետ խոսել այդ մասին.
— Գիյո՛մ, քո քույրն անում է այն, ինչ ուզում է։ Նա արհամարհում է բոլոր կանոնները։ Արդյո՞ք դա նորմալ է Լասիների դստեր համար։
​Բայց Գիյոմն այնքան էր տարված մրցույթի պատրաստություններով, որ միայն ձեռքով էր անում։
— Բիանկա՛, հիմա դրա ժամանակը չէ։ Էմման միշտ էլ ինքնագլուխ է եղել։ Հիմա ես պետք է կենտրոնանամ իմ մարզումների վրա, ես պետք է պաշտպանեմ մեր տոհմի պատիվը այդ հրապարակում։
​Բիանկան ստիպված էր լռել, քանի որ ամուսնու համար հազար ու մի գործ ուներ՝ զրահի մաքրումից մինչև հյուրերի ընդունում։ Նա միայն հեռվից էր հետևում Էմմայի գալ ու գնալուն։
Անցնում էին օրեր, և Բիանկան այլևս չէր կարողանում հանգիստ գտնել։ Նրան տանջում էր այն միտքը, որ Էմման իր հսկողությունից դուրս է և ապրում է իր սեփական, գաղտնի կյանքով։ Քանի որ ինքն անձամբ չէր կարող հետևել Էմմային՝ չցանկանալով փչացնել իր տիրուհու կերպարը, որոշեց դիմել Մատիլդային։
​Մի օր, երբ նրանք երկուսով նստած էին ընդհանուր սենյակում և գիրք էին կարդում, Բիանկան որոշեց սկսել իր խաղը։ Սենյակում տիրում էր լռություն, որը միայն խախտվում էր թերթվող էջերի ձայնով։
​— Սիրելի՛  Մադամ Մատիլդա, — սկսեց Բիանկան՝ հեռվից գալով և թեման զգուշորեն տանելով իր ուզած ուղղությամբ, — ես չեմ կարող չնկատել, որ Էմման օրվա մեծ մասը տանը չի լինում։ Գիտեք, Իտալիայում ազնվական աղջիկների համար դա բնորոշ չէ, և որքան հասկանում եմ՝ Ֆրանսիայում նույնպես։ Ինձ համար մի փոքր տարօրինակ է, թե նա ուր կարող է գնալ այդքան հաճախ և այդքան երկար ժամանակով։
​Մատիլդան նույնիսկ գլուխը չբարձրացրեց գրքից։ Նրա դեմքը մնաց անվրդով։
— Էմման իմ աղջիկն է, Բիանկա՛, — հանգիստ, բայց վճռական ձայնով պատասխանեց նա, — և նրա հետ կապված ամեն ինչ միայն իմ գործն է։ Ես քեզ խորհուրդ կտամ կենտրոնանալ Գիյոմի վրա և մտածել մեզ ժառանգներ պարգևելու մասին։
​Բիանկան շարունակեց կարդալը։ Նորից տիրեց լռություն, բայց նա չէր պատրաստվում հանձնվել։ Մի քանի րոպե անց նա նորից խոսեց.
— Ես պարզապես անհանգստանում եմ նրա համար։ Մենք հասցրել ենք ընկերանալ, և վերջերս ես գրեթե չեմ կարողանում տեսնել նրան կամ զրուցել հետը։ Դա ինձ իրոք անհանգստացնում է, որպես նրա նոր քույր։
​Մատիլդան ոչինչ չպատասխանեց։ Նա շարունակում էր կարդալ, ասես Բիանկան սենյակում չէր։ Տեսնելով, որ իր խոսքերին ռեակցիա չեն տալիս, Բիանկան որոշեց դիմել վերջին քայլին։
​— Գիտե՞ք,  Մադամ Մատիլդա, մորս քրոջ որդին՝ Լորենցոն, հենց Գիյոմի տարիքին է։ Նա շատ խելացի և հեռանկարային երիտասարդ է։ Մտածում եմ, որ կարելի է մի օր նրան Էմմայի հետ ծանոթացնել։ Հարսանիքին նա չկարողացավ գալ կարևոր աշխատանքի պատճառով, բայց հաստատ գիտեմ՝ եթե իմանա, որ Լասիի տոհմը կցանկանար իր պես փեսա ունենալ, նա անպայման ժամանակ կգտնի այցելելու մեզ։
​Այս անգամ Մատիլդան վերջապես բարձրացրեց գլուխը և ուղիղ նայեց Բիանկայի աչքերի մեջ։
— Ինձ չի թվում, թե Էմմային կհետաքրքրի այդ տղան, — կարճ կապեց նա։
​— Ինչո՞ւ, — զարմացած ձևացավ Բիանկան, — մի՞թե Էմման չի ցանկանում երջանիկ լինել և ամուր ընտանիք կազմել։
​Մատիլդան փակեց գիրքը և մի պահ մտածեց։
— Լա՛վ, — վերջապես ասաց Մատիլդան, — հրավիրիր նրան հյուր, բայց առանց «փեսացուի» մտքի։ Թող մի օր գա ուղղակի ծանոթության համար։ Ի վերջո, մեր ընտանիքներն արդեն բարեկամներ են, իսկ նա ներկա չէր հարսանիքին։ Դա կլինի պարզապես քաղաքավարի այց։
​Բիանկան ներքուստ հաղթանակ զգաց։ Նրա շուրթերին հայտնվեց գոհունակ ժպիտ։
— Իհարկե՛, Մադամ Մատիլդա, հենց այդպես էլ կանեմ։ Դա կլինի պարզապես ընտանեկան հանդիպում։



Մրցույթի օրը վերջապես եկավ։Օդում զգացվում էր լարվածություն, փոշի և մետաղի հոտ։
​Կանոնները խիստ էին. ասպետները պետք է մարտեին առանց ձիերի՝ դեմ առ դեմ, օգտագործելով միայն մեկական սուր։ Նպատակը հակառակորդին գետնին տապալելն էր կամ ստիպելը, որ նա հանձնվի։
​Ռոբեր դը Լասին նստած էր պատվավոր հյուրերի շարքում՝ հպարտորեն հետևելով եղբոր որդուն։ Նրա կողքին նստած էր Կոմս դը Վալուան՝ տարածքի տերը։
​Առաջին զույգը դուրս եկավ դաշտ։ Մարտը երկար չտևեց. հսկայամարմին ասպետներից մեկը հարված ստացավ վահանին, իսկ հաջորդ պահին հակառակորդի սուրը դիպավ նրա ծնկին։ Նա ծանր հռնդյունով ընկավ գետնին՝ ակնհայտ կոտրվածքներով։ Բժիշկները շտապեցին նրան դուրս բերել հրապարակից։
​Այդպես, մեկը մյուսի հետևից, ասպետները փոխվում էին, մինչև հերթը հասավ Գիյոմին։ Նա փայլուն մարտ վարեց՝ հաղթելով իր բոլոր հակառակորդներին իր հզոր ուժի և ճշգրիտ հարվածների շնորհիվ։ Հանդիսատեսը ցնծության մեջ էր. բոլորը վստահ էին, որ Գիյոմն անպարտելի է։
​— Ռոբե՛ր, քո եղբոր որդին այսօր անհանգիստ է թվում, — նկատեց Կոմսը՝ զննելով Գիյոմին, ով արդեն երեք հակառակորդի էր տապալել։ — Թեև նրա հարվածները հզոր են, բայց նա կարծես շատ է շտապում վերջացնել մարտը։
​— Նա երիտասարդ է և ցանկանում է ապացուցել իր ուժը նորահարսի ներկայությամբ, — ծիծաղեց Ռոբերը, բայց նրա աչքերում թեթև անհանգստություն կար։
​Բիանկան առաջին անգամ էր տեսնում իր ամուսնուն մարտի դաշտում։ Նա նայում էր Գիյոմին ոչ թե սիրով, այլ մի տեսակ սառը հիացմունքով։ Նրա համար Գիյոմը հիմա ոչ թե մարդ էր, այլ իր հարստության ու իշխանության երաշխիքը։
​— Նայեք նրան, Մադամ Մատիլդա՛, — շշնջաց Բիանկան սկեսրոջ ականջին, — նա նման է առյուծի։ Այս օտարների մեջ նա միակն է, ով իրոք ասպետի տեսք ունի։ Ես չէի պատկերացնում, որ ֆրանսիական մրցույթներն այսքան... վայրագ են։
— Սա ի՞նչ կատակ է, — բարձրաձայն ասաց Բիանկան՝ հոնքերը կիտելով։ — Գիյոմը պետք է մարտնչի այս երեխայի՞ հետ։ Սինյոր Ռոբե՛ր, միթե սա վիրավորանք չէ ձեր տոհմի համար։
​— Սպասիր, Բիանկա՛, — լուրջ տոնով ասաց Ռոբերը, — այստեղ պատահական մարդիկ չեն լինում։ Եթե նա հասել է այս փուլին, ուրեմն ինչ-որ բան գիտի։
​Գիյոմը մոտեցավ փոքրիկ ասպետին և հեգնանքով հարվածեց իր վահանին։ Նա նույնիսկ չէր էլ մտածում պաշտպանվելու մասին։ Սակայն հենց մարտը սկսվեց, ամեն ինչ փոխվեց։
​Փոքրիկ ասպետը առաջին հարվածով ցույց տվեց իր ուժը։ Նա ոչ թե ուղիղ հարվածեց Գիյոմի սրին, այլ կայծակնային արագությամբ սահեց նրա կողքով ու սրի ծայրով թեթևակի դիպավ Գիյոմի ուսին։ Դա նախազգուշացում էր։
​— Ի՞նչ է նա անում, — տեղից վեր թռավ Բիանկան։ Նրա ձեռքերը սեղմվեցին հարթակի եզրին։ — Գիյո՛մ, հարվածի՛ր նրան։
​Գիյոմը կատաղեց։ Նա սկսեց հզոր, բայց անկանոն հարվածներ հասցնել։ Փոքրիկ ասպետը նման էր քամու. նա անընդհատ շարժվում էր, պտտվում և Գիյոմին ստիպում անընդհատ շրջվել իր ծանր զրահի մեջ։
​— Նայե՛ք նրա ոտքերին, — շշնջաց Մատիլդան, ով սիրտը ձեռքին հետևում էր մարտին։ — Նա չի կռվում ինչպես ասպետ, նա կռվում է ինչպես... ինչպես մեկը, ով գիտի յուրաքանչյուր թույլ կետը։
​Մարտի վերջին րոպեին փոքրիկ ասպետը կատարեց մի հնարք, որը ոչ ոք չէր սպասում։ Նա ձևացրեց, թե ընկնում է, և երբ Գիյոմը առաջ նետվեց վերջնական հարվածի համար, տղան կտրուկ ցած նստեց, սրի բռնակով հարվածեց Գիյոմի ծնկին, իսկ հետո ողջ թափով հրեց նրա կրծքավանդակը։
​Գիյոմը, չկարողանալով պահել իր ծանրությունը, մեջքի վրա տապալվեց փոշու մեջ։ Փոքրիկ ասպետը վայրկենապես ծնկեց նրա կրծքին և սրի սառը շեղբը դրեց նրա կոկորդին։
​Հարթակում տիրեց մահացու լռություն։ Բիանկան քարացել էր՝ չկարողանալով հավատալ, որ իր «առյուծը» պարտվել է մի անհայտ ու փոքրամարմին մարտիկի։ Ռոբերը գունատվել էր, իսկ Կոմս դը Վալուան հիացած ծափահարեց։
​— Անհավանական է, — ասաց Կոմսը։ — Ռոբե՛ր, քո եղբոր որդուն հաղթեց տեխնիկան, այլ ոչ թե ուժը։ Ո՞վ է այս խորհրդավոր հաղթողը։
​Փոքրիկ ասպետը դանդաղ վեր կացավ, սուրը պատյանը դրեց և, առանց սաղավարտը հանելու, գլուխ տվեց ազնվականներին։ Նա վերցրեց Գիյոմի սուրը՝ որպես հաղթողի ավար, և սկսեց հեռանալ։ Բոլորը սպասում էին, որ նա կխոսի, բայց նա լուռ էր։

​Մինչ այդ, Գիյոմին օգնեցին դուրս գալ մարտադաշտից։ Նրա դեմքը դժգույն էր զայրույթից և ամոթից։ Նա սևեռուն, գրեթե ատելությամբ լի հայացքով հետևում էր իրեն հաղթած փոքրամարմին կերպարին, չկարողանալով հաշտվել այն մտքի հետ, որ իր սեփական տոհմական սուրն այժմ այդ անհայտի ձեռքում է։
​Հայտարարվեց վերջին՝ վճռորոշ մարտը, որը պետք է որոշեր մրցույթի բացարձակ հաղթողին՝ նրան, ով կտաներ բոլոր նախորդ մասնակիցների զենքերը։ Մարտադաշտ մտավ մի հսկա տղամարդ՝ իսկական մարզված լեռ։ Նրա զրահն ավելի հաստ էր, սուրն՝ ավելի երկար, իսկ յուրաքանչյուր քայլից գետինը դոփում էր։ Նա նայեց փոքրիկ ասպետին և բարձրաձայն, հեգնական ծիծաղեց, որն արձագանքեց ողջ հովտով։
​— Այսպիսով, դո՞ւ ես այն հմուտ մուկը, որը թակարդը գցեց Լասիի առյուծին, — որոտաց հսկան՝ սուրը սպառնալից պտտեցնելով օդում։ — Պատրաստվի՛ր, փոքրի՛կ, ես քեզ կտրորեմ, ինչպես տհաճ մի միջատի։ Ես քո տեխնիկայի ու արագության ժամանակը չեմ տա։
​Մարտը սկսվեց սարսափելի թափով։ Հսկան հարձակվեց կատաղի ուժով։ Նրա առաջին իսկ հարվածը ծանր լսվեց, երբ փոքրիկ ասպետը հազիվ հասցրեց վահանով փակվել։ Հարվածի ուժն այնքան մեծ էր, որ փոքրիկը մի քանի քայլ հետ շպրտվեց և հազիվ պահեց հավասարակշռությունը։ Ամբոխը շունչը պահեց։
​Հաջորդ պահին հսկայի սուրը սլացավ վերևից ներքև։ Դա մահացու հարված էր։ Փոքրիկ ասպետը վերջին վայրկյանին թռիչքով կողք նետվեց՝ բառացիորեն մազապուրծ լինելով մահից։ Ծանր պողպատը խրվեց գետնի մեջ՝ փոշու ամպ բարձրացնելով։
​Հսկան չէր դադարում։ Նա օգտագործում էր իր հասակն ու ուժը՝ փոքրիկին անկյուն քշելու համար։ Փոքրիկ ասպետի շնչառությունը դարձել էր ծանր ու ընդհատվող, որը լսվում էր նույնիսկ սաղավարտի միջից։ Նրա շարժումներն արդեն այնքան արագ չէին, որքան Գիյոմի հետ մարտում։ Նա մի քանի անգամ քիչ էր մնում վնասվածքներ ստանար, երբ հսկայի սրի շեղբը սահում էր նրա զրահի վրայով՝ թողնելով խորը քերծվածքներ։
​— Դե ինչ, հոգնեցի՞ր, — հռհռում էր հսկան՝ շարունակելով ճնշել։ — Քո արագությունն այլևս քեզ չի փրկի։ Հանձնվի՛ր, և ես քեզ բաց կթողնեմ։
​Բայց փոքրիկ ասպետը չէր հանձնվում։ Նա սպասում էր իր պահին։ Եվ այդ պահը եկավ, երբ հսկան, վստահ իր հաղթանակի վրա, բացեց իր ձախ կողմը՝ փորձելով հասցնել վերջնական, հզոր հարվածը։ Փոքրիկը, հավաքելով վերջին ուժերը, կտրուկ ցած նստեց, անցավ հսկայի թևատակով և ողջ թափով սրի բռնակով հարվածեց նրա ծնկի հոդին։ Հսկան հռնչաց ցավից և մեկ ծնկի վրա իջավ։
​Դա վճռորոշ պահն էր։ Փոքրիկ ասպետը թռիչքով հայտնվեց հսկայի թիկունքում և սուրը դրեց նրա կոկորդին։ Հսկան, անկարող լինելով արագ շրջվել և գիտակցելով իր պարտությունը, ցած գցեց սուրը։
​— Ես հանձնվում եմ, — խոնարհված ձայնով ասաց նա։
​Ամբոխը պայթեց ցնծությունից։ Փոքրամարմին ասպետը հաղթել էր բոլորին։ Սակայն, հաղթանակը սուղ էր նստել նրա վրա։ Վերջին պահին, երբ հսկան ընկնում էր, նրա սուրը պատահաբար դիպել էր փոքրիկի ձախ ձեռքի ուսի հատվածին։ Զրահը ճղվել էր, և այնտեղից արյուն էր հոսում։
​Հաղթողը, ցավից թեթևակի կորացած, մոտեցավ զենքերի կույտին։ Բոլորը սպասում էին, որ նա կվերցնի իր ավարը։ Բայց նա, անտեսելով թանկարժեք սրերի մեծ մասը, զննեց դրանք և վերցրեց միայն երկուսը, որոնք, ըստ երևույթին, հավանեց (դրանցից մեկը Գիյոմի սուրն էր)։ Այնուհետև, առանց որևէ մեկին նայելու կամ պարգևատրման արարողությանը սպասելու, նա դանդաղ քայլերով սկսեց լքել տարածքը։
​Հանդիսատեսը շվարած էր։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչու հաղթողը լքեց տարածքը՝ թողնելով իր փառքն ու ավարը։ Երիտասարդ աղջիկներ ոչ շատ հարուստ, բայց ազնվական ընտանիքներից, ովքեր արդեն աչք էին դրել խորհրդավոր ու քաջ ասպետի վրա և երազում էին նրա ուշադրության մասին, հիասթափված հետևում էին նրա հեռացող ֆիգուրին։ Նրանք չհասցրեցին անգամ իմանալ նրա անունը, չտեսան նրա դեմքը։ Նա անհետացավ այնպես, ինչպես հայտնվել էր՝ թողնելով միայն լեգենդը իր արտասովոր հաղթանակի մասին։

Փոշոտ մրցասպարեզից հեռանալով՝ խորհրդավոր ասպետը հազիվ էր պահում հավասարակշռությունը։ Հենց որ նա հասավ ծառերի ստվերին, նրան ընդառաջ վազեց Ժյուլիեն Լըֆևրը`որն ամբողջ մարտի ընթացքում շունչը պահած հետևում էր իր պատրաստած զրահին, արագորեն բռնեց ասպետի թևից և օգնեց, որ նա հնարավորինս արագ ու աննկատ անհետանա բոլորի աչքից։
​Երբ նրանք վերջապես հասան ապահով ու մեկուսի մի վայր, Ժյուլիենն անմիջապես անցավ գործի։ Նա զգուշությամբ, բայց արագ սկսեց արձակել ամրակներն ու հանել ծանր երկաթները։ Երբ սաղավարտը վերջապես հանվեց, նրա տակից դուրս եկան Էմմայի խոնավ մազերն ու գունատ, բայց վճռական դեմքը։
​— Էմմա՛, ո՞նց ես։ Տեսնեմ ձեռքդ, — անհանգստացած հարցրեց Ժյուլիենը։
​Էմմայի ձախ ձեռքի ուսը սրի հարվածից խորը ճղվել էր, և արյունը ներկել էր տակից հագած կտորը։ Բայց դա ամենը չէր։ Երբ Ժյուլիենն օգնում էր հանել զրահի մյուս մասերը, նա սարսափով նկատեց բազմաթիվ կապտած հատվածներ աղջկա նուրբ մարմնի վրա։ Հսկայի հզոր հարվածները, նույնիսկ զրահի միջով, իրենց հետքն էին թողել։
​Ժյուլիենն արագորեն կապեց վերքը՝ առաջին օգնություն ցուցաբերելով, և նրանք գաղտնի ճանապարհներով շարժվեցին դեպի Լըֆևրների տուն։
​Տան դուռը բացվեց, և Մադլեն Լըֆևրը, տեսնելով Էմմայի վիճակը, մի պահ քարացավ, բայց արագ սթափվեց։ Նա օգնեց Էմմային պառկել մահճակալին և անմիջապես սկսեց մշակել վերքերը տաք ջրով ու բուժիչ խոտաբույսերով։
​Էմման դժվարությամբ էր շնչում, նա լրիվ ուժասպառ էր։ Մարմինն այնքան էր ցավում, որ թվում էր՝ այլևս ոչինչ չի զգում։ Նրա ձեռքերը, որոնք ժամեր շարունակ այնքան լարված էին բռնել ծանր սուրը, հիմա անդադար դողում էին և չէին ենթարկվում իրեն։ Սակայն, երբ նա բարձրացրեց հայացքը և տեսավ Մադլենի մտահոգ դեմքը, նրա շուրթերին մի թեթև, հաղթական ժպիտ հայտնվեց։
​— Հաղթեցի՛, — հազիվ լսելի ձայնով շշնջաց նա։
​Այդ մեկ բառի մեջ ամփոփված էր նրա ողջ պայքարը, ցավն ու այն մեծ հաղթանակը, որը նա տարել էր ոչ միայն հակառակորդների, այլև իրեն կաշկանդող բոլոր կանոնների դեմ։


Էմման մի փոքր հանգստացավ Լըֆևրների տանը, բայց խաղաղությունը երկար չտևեց։ Շուտով տան դուռը ուժգին ծեծեցին։ Մադլենը զգուշությամբ մոտեցավ և բացեց այն։ Շեմքին կանգնած էր Լասիների տան ծառաներից մեկը՝ շնչակտուր և մտահոգ։
​— Բարև ձեզ, մադամ Մադլե՛ն։ Օրիորդ Էմմային եմ փնտրում, — ասաց նա՝ ներս նայելով։ — Ծնողները խստիվ հրամայել են, որ նա շատ շուտ տուն վերադառնա։ Մրցույթն արդեն ավարտվել է, և բոլորն ամրոցում են։
​Մադլենը, առանց հոնքն անգամ շարժելու, սառնասրտորեն պատասխանեց.
— Էմման այստեղ չէ։ Մենք նրան այսօր չենք տեսել։ Հավանաբար անտառում է կամ գյուղի մյուս ծայրում։
​Ծառան գլուխ տվեց և արագ հեռացավ։ Մադլենը փակեց դուռը և շտապեց սենյակ, որտեղ Էմման քնած էր։ Նա մոտեցավ և մեղմորեն արթնացրեց աղջկան։
​— Էմմա՛, արթնացիր։ Կարո՞ղ ես քայլել, թե՞ ոչ։
​Էմման դժվարությամբ բացեց աչքերը, մի պահ փորձեց հասկանալ, թե որտեղ է, ապա ձգվեց։
— Լավ եմ, — շշնջաց նա, թեև մարմնի յուրաքանչյուր մկան ցավից մղկտում էր։
​— Էմմա՛, ծնողներդ քեզ են փնտրում, արդեն մարդ էին ուղարկել հետևիցդ։ Արագ քեզ կարգի բեր և գնա ամրոց, քանի դեռ կասկածները չեն մեծացել, — ասաց Մադլենը՝ օգնելով նրան նստել։
​Էմման նայեց իր կողքին դրված երկու սրերին։Հետո նա շրջվեց դեպի Մադլենը, ձայնը դարձրեց մեղմ ու քաղցր, ինչպես փոքրիկ կատվիկը, և նայեց նրան աղերսող հայացքով.
— Տեսնես ի՞նչ է պատահել, որ այդքան շտապ կանչում են... Իմ սիրելի՛ Մադլեն, կարո՞ղ ես այս սրերը քեզ մոտ պահել։ Խնդրո՜ւմ եմ։
​Մադլենը չկարողացավ զսպել ծիծաղը։ Նա գրկեց Էմմային ու սեղմեց իրեն։
— Հա՛, իհարկե, կպահեմ։ Իմ տանը միայն սրերն էին պակասում, — ասաց նա ծիծաղելով, բայց հետո դեմքը նորից լրջացավ։ — Հաստատ Գիյոմը հիմա իր սրի համար տեղը չի գտնում։Զգո՛ւյշ եղիր, Էմմա։
​Էմման դանդաղ տեղից վեր կացավ։ Մադլենի օգնությամբ նա հագավ իր սովորական զգեստը, կոկիկ հավաքեց մազերը, որպեսզի ոչ մի թափթփված հյուս չմատնի իրեն։ Ձախ թևը դեռ սաստիկ ցավում էր, և յուրաքանչյուր շարժումից արյունը կարող էր նորից հոսել, բայց նա սեղմեց ատամները։
​— Ես պատրաստ եմ, — ասաց նա վճռական։
​Նա դուրս եկավ տանից և մթնշաղի քողի տակ շարժվեց դեպի ամրոց՝ ճանապարհին փորձելով հորինել մի արդարացում, թե որտեղ էր անհետացել ողջ օրվա ընթացքում։

​Էմման մոտեցավ ամրոցի դարպասներին՝ փորձելով թաքցնել քայլվածքի մեջ նկատվող հոգնածությունը։ Հազիվ էր նա ներս մտել բակ, երբ աշխատակիցներից մեկը, տեսնելով նրան, անհանգստացած մոտեցավ։
​— Օրիո՛րդ Էմմա, — շշնջաց նա, — սինյոր Ռոբերը սաստիկ բարկացած է ձեր ուշացման համար։ Նա սպասում է...
​Ծառան չհասցրեց ավարտել խոսքը, երբ միջանցքի խորքից հայտնվեց Բիանկան։ Նրա հայացքը սառն էր և հրամայական։
​— Էմմա՛, վերջապես բարեհաճեցիք հայտնվել, — դիմեց նա ՝ առանց ավելորդ քաղաքավարության։ — Հենց հիմա ինձ հետ սենյակ գնանք։ Մենք ժամանակ չունենք։
​Էմման, չհասկանալով այս շտապողականության պատճառը, լուռ հետևեց նրան։ Հազիվ էին նրանք սենյակ մտել, երբ Բիանկան բացեց զգեստապահարանը և սկսեց փորփրել հագուստները։ Էմման հազիվ էր զսպում բարկությունը, մարմնի ցավն արդեն անտանելի էր դառնում։
​—  Բիանկա, ի՞նչ ես փնտրում իմ իրերի մեջ, — կտրուկ հարցրեց Էմման։
​— Դու պետք է շտապ զգեստափոխվեք, — պատասխանեց Բիանկան՝ դուրս հանելով մի շքեղ զգեստ։ — Այս հագուստը, որով ներս մտաք, ուղղակի ահավոր է։ Կարծես աղքատ ընտանիքից լինեք, այնքան անճաշակ է։
​Էմման մի պահ լուռ նայեց նրան, հետո աչքերը հոգնած փակեց ու հենվեց սեղանին։
— Ես հիմա քո հավեսը չունեմ… — շշնջաց նա, ձայնը խզված։ — Ես գնում եմ հորս մոտ։
Բիանկան հանկարծ փոխեց դիմելաձևը, ինչպես միշտ, երբ ուզում էր իրեն շահավետ դիրքում դնել։
Բիանկան մի պահ լռեց՝ չափելով նրան հայացքով, ապա հանկարծ ձայնը մեղմեց։
— Դուք չեք կարող այս տեսքով ներկայանալ նրան։
Էմման հոնքերը թեթև բարձրացրեց, կարծես նոր նկատելով այդ փոփոխությունը։
— Իսկ դա արդեն ձեր գործն չէ։
Ասելով Էմման փորձեց սենյակից դուրս գալ բայց ​Բիանկան արագ մոտեցավ և քաշեց Էմմայի ձեռքից։ Ցավը կայծակի պես անցավ Էմմայի ողջ մարմնով, բայց նա ատամները սեղմեց, որ չճչա։
— Այս տեսքով ոչ մի տեղ չեք գնա։ Հագե՛ք սա, — հրամայեց Բիանկան։
​Էմման կտրուկ ձեռքն ազատեց և, ուժ հավաքելով, Բիանկային դուրս հանեց սենյակից՝ փակելով դուռը նրա հետևից։ Ծանր հոգոց հանելով՝ նա որոշեց չլսել Բիանկային և չզգեստափոխվել։ Նա մոտեցավ դարակին, հանեց գինու շիշը և մի քանի մեծ կում արեց։ Ալկոհոլը մի փոքր մեղմեց վերքի բաբախող ցավը։
Որոշ ժամանակ անց նա իջավ ընդհանուր սրահ։ Դռների հետևից լսվում էին ծիծաղի ձայներ և զգացվում էր համեղ ուտեստների հոտը։ Էմման ներս մտավ, մոտեցավ սեղանին և գլուխ տվեց բոլորին։
​— Բարի երեկո բոլորին։ Խնդրում եմ ներել իմ ուշացման համար, — ասաց նա հանգիստ ձայնով։
​Բիանկան, ով արդեն նստած էր սեղանի շուրջ, կատաղությունից կարմրել էր բայց հյուրերի ներկայությամբ նա չէր կարող ձայն հանել։
Ռոբերը խստությամբ նայեց դստերը։
— Էմմա՛, հուսով եմ՝ հարգելի պատճառ ունես ուշացմանդ համար։ Մայրդ պետք է որ քեզ զգուշացրած լիներ, որ այսօր պատվավոր հյուր ունենք։
​Այդ պահին սեղանի շուրջ նստածներից մեկը ոտքի կանգնեց։ Դա կապույտ աչքերով և սառը բաց շիկահեր մազերով մի գեղեցիկ երիտասարդ էր։ Նա նրբակիրթ քայլերով մոտեցավ Էմմային, խոնարհվեց, զգուշությամբ բռնեց նրա ձեռքը և համբուրեց այն։
​— Ես սպասում էի ձեզ տեսնել մրցույթի ժամանակ, օրիո՛րդ, — ասաց նա՝ նայելով Էմմայի աչքերի մեջ։ — Ձեր հայրն ասել էր, որ ասպետների հետ կապված ամեն ինչ ձեզ հետաքրքրում է, բայց դուք չկայիք։ Փոխարենը ես շատ բան լսեցի ձեր մասին։ Պետք է խոստովանեմ՝ դուք պատկերացրածիցս ավելի գեղեցիկ եք։
​Էմման մի պահ շփոթվեց՝ չհասկանալով, թե ով է այս անծանոթը։
— Բարի գալուստ Լասիների տուն, սինյո՛ր։ Հուսով եմ՝ սխալ բաներ չեն պատմել իմ մասին... բայց ես ձեր մասին ոչինչ չեմ լսել։
​Երիտասարդը ժպտաց և ներկայացավ.
— Ես Լորենցո դի Ներոն եմ, մադամ Բիանկայի մորաքրոջ որդին։
​Այդ անունը լսելուն պես Էմման հիշեց, որ մայրն իրոք զգուշացրել էր հյուրի մասին։ Բայց մրցույթի տենդն ու ադրենալինն այնքան էին կլանել նրան, որ ամեն ինչ մոռացության էր տրվել։
Էմման լուռ նստեց սեղանի շուրջ։Նա ջանում էր պահել մեջքը ուղիղ և ձևացնել, թե կլանված է ընթրիքով։

​Բիանկան, օգտվելով առիթից, սկսեց ոգևորությամբ ներկայացնել իր զարմիկին։
​— Իմ հարգելի՛ սինյոր Ռոբեր, մադամ Մատիլդա, — սկսեց Բիանկան՝ ձայնին տալով հանդիսավոր երանգ, — ես չափազանց հպարտ եմ, որ իմ մորաքրոջ որդին՝ Լորենցոն, այսօր մեզ հետ է։ Գիտեք, մորաքույրս հարս է գնացել Իտալիայի ամենահարգված իրավաբանների ընտանիքներից մեկը։ Դի Ներոների տոհմը սերունդներ շարունակ տնօրինում է Ֆլորենցիայի ամենաբարդ դատական գործերը։
​Լորենցոն թեթևակի գլուխ տվեց՝ շարունակելով հետաքրքրությամբ զննել Էմմային, ով նույնիսկ հայացքը չէր բարձրացնում ափսեից։
​— Լորենցոն պարզապես զարմիկ չէ ինձ համար, — շարունակեց Բիանկան՝ շեշտելով յուրաքանչյուր բառը, — նա փայլուն օրենսգետ է։ Նրա ընտանիքի ձեռքում են ոչ միայն առևտրային պայմանագրերը, այլև բազմաթիվ ազնվականների կալվածքների փաստաթղթերը։ Իսկապես, ես հաճախ եմ մտածում, թե որքան բախտավոր կլինի այն օրիորդը, ով կդառնա Լորենցոյի կինը։ Նման տղամարդու կողքին կինը կունենա ոչ միայն հարստություն, այլև բացարձակ իրավական պաշտպանվածություն և հարգանք ցանկացած պալատում։
Բիանկան այդ խոսքերի ընթացքում անընդհատ նայում էր Էմմային՝ փորձելով նկատել գեթ մի ռեակցիա, բայց Էմման համառորեն լռում էր։
​— Էմմա՛, սիրելիս, — վերջապես ուղիղ դիմեց Բիանկան , — դուք չե՞ք կարծում, որ Իտալիայի օրենսգետները շատ ավելի հետաքրքիր են, քան մեր տեղի ռազմիկները, ովքեր միայն սրից են հասկանում։
​Էմման դանդաղ վայր դրեց պատառաքաղը և վերջապես բարձրացրեց աչքերը։
— Մադա՛մ Բիանկա, — հանգիստ պատասխանեց նա, — ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով։ Օրենքները կարող են պաշտպանել թղթի վրա, բայց սուրն է, որ պաշտպանում է կյանքը հենց մարտի դաշտում։ Իսկ ինչ վերաբերում է «բախտավոր օրիորդին»... երջանկությունը երբեմն թաքնված է լինում ոչ թե պայմանագրերի, այլ ազատության մեջ։
​Սեղանի շուրջ տիրեց թեթև լռություն։ Լորենցոն թեթևակի ժպտաց, նրա աչքերում կայծ փայլեց։
​— Օրիո՛րդ Էմմա, ձեր խոսքերը նույնքան սուր են, որքան այն ասպետի հարվածները, որին ես այսօր տեսա մրցույթում, — միջամտեց Լորենցոն՝ ձայնը դարձնելով մեղմ ու թավշյա։ — Դուք ճիշտ եք, օրենքը հաճախ չոր է թվում։ Բայց իմ գործն է նաև գտնել այնպիսի լուծումներ, որոնք մարդկանց տալիս են հենց ձեր նշած ազատությունը։ Ես սիրում եմ բարդ խնդիրներ, լինեն դրանք դատարանում, թե... կյանքում։
​Գիյոմը, ով մինչ այդ լուռ էր և դեռ ծանր էր տանում իր պարտությունը, կտրուկ ասաց.
— Լորենցո՛, մի՛ լսիր քրոջս։ Նա միայն ֆանտազիաներով է ապրում։ Ավելի լավ է պատմիր, թե ինչպես է Ֆլորենցիայի դուքսն արձագանքել այն նոր հարկային օրենքին, որի մասին խոսում էիր։
​Ընթրիքը շարունակվեց, բայց Էմման զգում էր Լորենցոյի հայացքը իր վրա։ Այդ մարդը չափազանց խորաթափանց էր, և նրա ներկայությունը Էմմային ստիպում էր լինել ավելի քան զգույշ։ Նա գիտեր, որ Բիանկան հենց այնպես ոչինչ չի անում, և այս հյուրը պարզապես «զարմիկ» չէր նրա պլանների մեջ։


Ընթրիքն ավարտվեց, և բոլորը տեղափոխվեցին իրենց սենյակները։ Էմման, հազիվ հասնելով իր մահճակալին, դատարկեց գինու շիշն ու անմիջապես ընկավ ծանր քնի մեջ։ Սակայն որոշ ժամանակ անց նա զգաց, որ ինչ-որ մեկը մեղմորեն ցնցում է իր ուսը։

​— Էմմա՛, սիրելիս, տեսար ինչպես Լորենցոն այսօր օգնեց հորդ նամակագրության հարցում, — ասում էր Մատիլդան աղջկա սենյակում։ — Նա այնքան կրթված է և այնքան նուրբ ձեռքեր ունի։

— Իսկ նրա հարստությունը, — միջամտում էր Բիանկան՝ հայտնվելով դռների մեջ, — դա ուղղակի աննկարագրելի է։Նա ունի այն ամենը, ինչ պակասում է մեր այս գորշ ամրոցում՝ ոճ, միտք և ազդեցություն։
​Այս գովեստները Էմմայի վրա հակառակ ազդեցությունն էին թողնում։ Ինչքան շատ էին գովում Լորենցոյին, այնքան ավելի շատ էր նա սկսում ատել այդ «կատարյալ» տղային։ Նրա համար Լորենցոն ոչ թե հիասքանչ փեսացու էր, այլ մի մարդ, ով սպառնում էր իր ազատությանը և անընդհատ խառնվում իր կյանքին իր «բարեկիրթ» ներկայությամբ։


Մի օր Էմման նստած էր ամրոցի այգու հեռավոր անկյունում՝ խորասուզված իր մտքերի մեջ։ Նա փորձում էր հանգստություն գտնել բնության գրկում, սակայն լռությունը խախտվեց ծանոթ քայլերի ձայնից։ Լորենցո դի Ներոն մոտեցավ և, առանց թույլտվություն սպասելու, նստեց նրա կողքին։
​— Օրիո՛րդ Էմմա, գիտե՞ք, ձեր եղբայրը կարծես մոլուցքով է տառապում, — սկսեց նա՝ թեթևակի ծիծաղելով։ — Նա անընդհատ խոսում է այն փոքրիկ ասպետի մասին։ Ես սկսում եմ խենթանալ նրա անվերջանալի պատմություններից։
​Էմման նույնիսկ չնայեց նրա կողմը։ Նա պարզապես աչքերը պտտեցրեց և մտքում ասաց. «Ես էլ խենթանում եմ քո գոյությունից։ Պետք է Գիյոմին ասեմ, որ ավելի շատ խոսի. միգուցե մի օր իրոք գժվես ու վերջնականապես հեռանաս մեր տանից»։
​Լորենցոն շարունակեց խոսել՝ դեմքին մի պայծառ ու գրավիչ ժպիտ, որն ասես փայլում էր ։
— Գիտե՞ք, ես երբեք չեմ հետաքրքրվել մարտավարությամբ, սրերով կամ զրահներով։ Դա ինձ երբեք չի գրավել։
​Էմման նորից սկսեց իր ներքին երկխոսությունը. «Հա՛, դե իհարկե։ Իսկական տղամարդը միայն կարող է սրերի ու պատվի մասին մտածել, իսկ դու, սինյո՛ր Լորենցո, գնա ծաղիկներ հավաքիր, քեզ հենց այդ գործն է սազում»։
​— Օրիո՛րդ Էմմա... — հանկարծ ցածր ձայնով դիմեց Լորենցոն։
​Նա անսպասելիորեն կռացավ և մոտեցավ Էմմայի ականջին։ Այդ անսպասելի մտերմությունը մի պահ վախեցրեց ու զարմացրեց աղջկան։ Նա քարացավ՝ չիմանալով ինչ սպասել, երբ իտալացու շշուկը կտրեց օդը.
​— Այն փոքրիկ ասպետը... դա դո՛ւք եք, չէ՞։
​Էմման դանդաղ, շատ դանդաղ շրջեց գլուխը դեպի Լորենցոն։ Նրանց հայացքները հանդիպեցին։ Լորենցոն շարունակում էր ժպտալ այնպիսի անմեղությամբ, ասես հրեշտակ լիներ, բայց նրա կապույտ աչքերում փայլում էր իրավաբանին բնորոշ խորամանկությունն ու հաղթանակը։
​— Դա կլինի մեր փոքրիկ գաղտնիքը, մի՛ վախեցեք, — ավելացրեց նա՝ հանգիստ հետ քաշվելով, բայց հայացքը չկտրելով Էմմայի գունատված դեմքից։

​Էմմայի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա հասկացավ, որ իր ամենամեծ գաղտնիքն այժմ գտնվում էր հենց այն մարդու ձեռքում, ում նա ամենաշատն էր ատում։

Comments


​— Էմմա՛, սիրելիս, արթնացի՛ր, — լսվեց մոր ձայնը։

​— Մայր իմ, խնդրում եմ, թողեք քնեմ, — աչքերը կիսաբաց անելով՝ մրթմրթաց Էմման։

Մատիլդան անհանգստացած նայեց դստերը։

— Էմմա՛, վեր կաց, հայրդ ուզում է քեզ հետ խոսել։ Բացի այդ, այս ժամին ո՞վ է քնում, դեռ պետք է հասցնենք միասին աղոթել։

​Էմման բարձր հոգոց հանեց։ Մատիլդան ձեռքը դրեց աղջկա ճակատին և վախեցած հետ քաշեց։

— Էմմա՛, դու վառվում ես։ Այս ի՞նչ տաքություն է, ի՞նչ է կատարվում։

​— Ես ուղղակի գինի եմ խմել, մայր իմ, ոչ մի լուրջ բան, — փորձեց արդարանալ Էմման։

​— Իսկ ինչո՞ւ ես խմել, — հարցրեց Մատիլդան՝ հոնքերը կիտելով։

_Բիանկայի հետ ապրելուց գլխացավեր են առաջանում մոտս։ Գինին լավ ցավազրկող է, — պատասխանեց Էմման՝ հիշելով մարմնի կապտուկները։

​Մատիլդան բարկացած նայեց դստերը, բայց նրա ձայնի մեջ ավելի շատ անհանգստություն կար։

— Էմմա՛, վեր կաց։ Հայրդ սաստիկ բարկացած է քեզ վրա, թեև ընթրիքի ժամանակ դա ցույց չտվեց։ Ասա՛ ինձ ճշմարտությունը՝ որտե՞ղ էիր, որ կարողանամ քեզ պաշտպանել։ Ես գիտեմ, որ դու խելագարվում ես ասպետական ամեն մի բանի համար, և քո բացակայությունը մրցույթից իրոք զարմանալի էր։ Չնայած հայրդ միշտ դեմ է եղել, որ դու դիտես այդ մարտերը, բայց այսօր նա սպասում էր քեզ տեսնել իր կողքին։ Նա ուզում էր հյուրի առաջ ներկայանալ ամբողջ ընտանիքով... դու նրա միակ դուստրն ես, հասկանո՞ւմ ես։

​Էմման վերջնականապես արթնացավ և նստեց մահճակալին։

— Մայր իմ, այդ տղան ինչո՞ւ է եկել մեզ հյուր։

​— Ես եմ այստեղ հարցեր տալիս, ոչ թե դու, — կտրուկ ընդհատեց Մատիլդան։

​— Ես մարզվում էի դրսում, — ստեց Էմման՝ հայացքը թեքելով։ — Չէի ուզում այդ խենթ Բիանկայի եղբոր հետ տեսնվել, այն էլ մրցույթի ժամանակ։ Ես չեմ ուզում վատ հիշողություններ ունենալ նման սուրբ վայրում։ Հետո էլ գնացի Կլարա Դյուպոնի տուն՝ դպրոցի հարցերով զբաղվելու, և չզգացի, թե ինչպես անցավ ժամանակը։Գիտե՞ք, մենք մտածում ենք դպրոցի համար առանձին տարածք կառուցելու մասին։ Բայց եթե այդ երեխաները սովորեն, հետո ի՞նչ է լինելու։ Այո, նրանք կդառնան խելացի, նրանց չեն խաբի փաստաթղթեր ստորագրել տալիս, բայց արդյո՞ք նրանք աշխատանք կգտնեն։ Մարդիկ ուզում են իրենց երեխաներին տեսնել միայն որպես հողագործ կամ տանտիկին, որովհետև միայն այդպես կարող են գոյատևել։ Չգիտեմ, մայր իմ, ամեն ինչ շատ բարդ է։

​Մատիլդան մեղմ ժպտաց և գրկեց աղջկան։

— Դրա համար էլ քեզ ասում եմ՝ ավելի շատ ժամանակ տրամադրիր գիտելիքին, ոչ թե մարզումներին։ Սինյոր Լորենցոն շատ խելացի երիտասարդ է, միգուցե նա քեզ օգնի՞ այդ հարցում։ Մի՛ թշնամացիր նրա հետ միայն Բիանկայի պատճառով։ Նա շատ կարդացած է և հաստատ կունենա քո հարցերի պատասխանները։

​Էմման մտքում դառնությամբ մտածեց.
«Հա, բա չէ, կունենա... թող կորչի գրողի ծոցը իր քրոջ հետ միասին»։
Հանկարծ նա վեր թռավ, երբ մայրը պատահաբար սեղմեց նրա վիրավոր ուսը։

— Օ՜ֆ, մայր իմ, ինչո՞ւ եք հենց հիմա սեղմում վերքս... այսինքն՝ ուսս։ Պարտադիր չէր հենց հիմա այդքան ջերմ լինել աղջկա հետ։

​Մատիլդան կասկածանքով նայեց Էմմայի ուսին, բայց ոչինչ չասաց։

— Լավ, Էմմա՛, արագացրո՛ւ։ Հորդ սպասեցնել մի՛ տուր։


Էմման մոտեցավ հոր առանձնասենյակին։ Դռան հետևից լսվում էր Ռոբերի նյարդային քայլվածքը։ Երբ նա ներս մտավ, հայրը կտրուկ շրջվեց։

​— Որտե՞ղ էիր ամբողջ օրը, — որոտաց Ռոբերը։ — Միթե՞ ես քեզ չեմ ասել, որ ազնվական ընտանիքի իսկական օրիորդը պետք է տանը լինի։ Եթե այդքան շատ ես ուզում թափառել դրսերում, ուրեմն ամուսնացի՛ր և արա՛, ինչ ուզում ես։

​Էմման գլուխը կախ լռում էր։ Նա զգում էր հոր հուսահատությունն ու բարկությունը, ինչն ավելի ցավոտ էր, քան մարմնի վերքերը։

Մատիլդան մեղմորեն մոտեցավ ամուսնուն և ձեռքը դրեց նրա ուսին։

​— Ռոբե՛ր, պետք չէ այդքան շատ բարկանալ Էմմայի վրա, — ասաց նա ցածր ձայնով։ — Դա իմ մեղավորությունն է, որ չեմ կարողանում նրան ճիշտ դաստիարակել։ Բայց հավատա՛ ինձ, որքան էլ նա դժվարությամբ է սովորում իմ տված դասերը, ես վստահ եմ, որ ապագայում նա բարձր կպահի Լասիների տոհմի անունը։

​— Մատիլդա՛, այս աղջիկը փոքրուց անում է այն, ինչ ցանկանում է, — չհանդարտվեց Ռոբերը։ — Երբ ուզում՝ տանից դուրս է գալիս, երբ ուզում՝ վերադառնում է։ Նա վերցնում է անսահման գումար և վատնում իր քմահաճույքների վրա։ Հիշի՛ր այն օրը, երբ ես նրան ոսկի տվեցի շքեղ զգեստ գնելու համար, իսկ նա գնաց ու իր համար զրահ պատվիրեց։ Եկավ ձիով, և բոլորը տեսան, որ Ռոբեր դը Լասիի աղջիկը խենթ է։

​Ռոբերը մոտեցավ դստերն ու նայեց նրա աչքերի մեջ։

— Էմմա՛, ես վերջին անգամ եմ ասում՝ մտքիցդ հանի՛ր այդ խենթությունները, թե չէ ստիպված կլինեմ քեզ ամուսնացնել այն մարդու հետ, ում ես կընտրեմ։

​Էմման կտրուկ բարձրացրեց գլուխը։ Արցունքները սկսեցին խեղդել նրան։

— Հա՛յր իմ, բայց դուք ինձ խոստացել էիք, որ ես կամուսնանամ միայն այն մարդու հետ, ում ինքս կընտրեմ։

​— Իսկ դու ինձ խոստացել էիր դառնալ օրինապահ օրիորդ՝ կրթված ու նուրբ, — պատասխանեց Ռոբերը՝ ձայնը ավելի կոպիտ դարձնելով։ — Նայի՛ր ինքդ քեզ։ Դիմագծերդ այնքան նուրբ են, բայց դեմքիդ անընդհատ սպիեր են հայտնվում։ Դու ապագա կին ես ու մայր։ Նման կոպիտ տեսքով մարդիկ քեզ չեն ընդունի, հասկացի՛ր։

​Էմման շրջվեց, որպեսզի հայրը չտեսնի իր դողացող շուրթերը։ Նա հուզված էր, բայց ամբողջ ուժով զսպում էր հեկեկոցը։ Տեսնելով աղջկա ցավը՝ Ռոբերի սիրտը մեղմվեց, բայց զայրույթը դեռ չէր անցել։ Նա ծանր շնչեց ու նայեց կնոջը։

​— Ես եմ մեղավոր, Մատիլդա՛, որ նա այսպիսին է, ոչ թե դու։ Ես պետք է իմ սրերը հեռու պահեի աղջկանից...

​Այս խոսքերից հետո Ռոբերը մեծ քայլերով հեռացավ սենյակից։ Էմման այլևս չկարողացավ զսպել իրեն. դառն արցունքները սկսեցին հոսել նրա այտերով։ Մատիլդան տխուր նայեց դստերը, բայց որոշեց նրան մենակ թողնել իր մտքերի հետ և լուռ հեռացավ։

​Էմման մնաց մենակ մթնող սենյակում։ Նրա ձախ ուսը բաբախում էր ցավից, բայց սրտի ցավն ավելի ուժեղ էր։ Նա հաղթել էր մրցույթում, բայց թվում էր՝ պարտվում էր իր սեփական կյանքում։

Հաջորդող օրերին Լասիների ամրոցում մթնոլորտն իսկապես փոխվել էր։ Էմման հայտնվել էր մի տեսակ կամավոր բանտարկության մեջ։ Մի կողմից՝ հոր խստությունը, մյուս կողմից՝ վիրավոր ուսը, որը թույլ չէր տալիս նույնիսկ թեթև մարզվել, նրան ստիպում էին օրերն անցկացնել պատերի ներսում։

​Լորենցո դի Ներոն, ընդհակառակը, իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Նա վայելում էր հյուրընկալությունը, բայց Էմմայի համար նրա ներկայությունը իսկական պատիժ էր։ Նա մտքում արդեն հազար ու մի ձև էր հորինել իտալացուն «վերացնելու» համար՝ սկսած սուսերամարտի մարտահրավերից մինչև նրան վայրի կենդանիներին կերակրելը։​Լորենցոն անընդհատ առիթ էր փնտրում Էմմայի հետ զրուցելու։ Մի օր, երբ Էմման գրադարանում փորձում էր կենտրոնանալ մի հին ձեռագրի վրա, նա հայտնվեց շեմքին։

​— Օրիո՛րդ Էմմա, տեսնում եմ՝ դուք նույնպես նախընտրում եք գիտելիքի լռությունը սրահի աղմուկից, — ասաց Լորենցոն՝ մոտենալով։ — Իտալիայում ասում են, որ գիրքը միակ զենքն է, որը չի ժանգոտում։

​Էմման նույնիսկ հայացքը չբարձրացրեց։

— Գրքերը երբեմն ավելի շատ են հոգնեցնում, քան աղմուկը, սինյո՛ր Լորենցո, — կարճ պատասխանեց նա։

​— Հետաքրքիր միտք է։ Իսկ ի՞նչ կասեք իրավունքի մասին։ Ես նկատեցի, որ դուք ընթրիքի ժամանակ բավականին դիպուկ էիք խոսում ազատության մասին։ Միգուցե միասին քննարկե՞նք հին հռոմեական օրենքները։

​— Ո՛չ, շնորհակալ եմ։ Ես նախընտրում եմ լռությունը, — կտրեց Էմման ու շրջվեց։

​Նա մտածում էր.
«Աստված իմ, երևի սա իմ պատիժն է Գիյոմին հաղթելու համար։ Սուրը վերցրեցի, բայց փոխարենն այս լեզվանի իրավաբանին ստացա»։

​Մինչ Էմման փորձում էր խուսափել Լորենցոյից, Գիյոմը նրան դարձրել էր իր միակ ունկնդիրը։ Նա չէր դադարում խոսել այն խորհրդավոր ասպետի մասին, ով խլել էր իր սուրը։

​— Լսի՛ր, Լորենցո, ես արդեն հասկացել եմ նրա հնարքը, — ասում էր Գիյոմը՝ սենյակում հետ ու առաջ քայլելով։ — Նա օգտագործում է «կայծակնային շրջադարձի» մարտավարությունը։ Հաջորդ անգամ ես նրան թույլ չեմ տա մոտենալ իմ թևատակին։ Ես կօգտագործեմ «խուլ պաշտպանությունը» և կսպասեմ, մինչև նա հոգնի իր պտույտներից։ Հետո մեկ հարվածով կջարդեմ նրա սաղավարտը։

​Լորենցոն, ում այդ ամենը բացարձակ չէր հետաքրքրում, պառկեշտորեն գլխով էր անում։

— Իրոք տպավորիչ է, սինյո՛ր Գիյոմ։ Ձեր ռազմական միտքը սուր է։ Վստահ եմ, որ հաջորդ անգամ հաղթանակը ձերը կլինի, — պատասխանում էր նա՝ փորձելով չցուցադրել իր ձանձրույթը։ Նա գիտեր, որ Գիյոմին կոպտելը նշանակում էր թշնամանալ Բիանկայի հետ, ուստի պահպանում էր քաղաքավարի դիմակը։

​Մատիլդան և Բիանկան նույնպես իրենց հերթին էին գործում։ Նրանք կարծես դարձել էին Լորենցոյի անձնական գործակալները։