1. Պողպատե ժառանգություն

Chapter 2

Մաս 2։Բիծը զգեստի վրա և լույսը հոգում

Լասի ամրոցի քարե պատերի ներսում կյանքը վերադառնում էր իր բնականոն հունին, բայց օդում դեռ զգացվում էր լարվածությունը։ Գիյոմ դը Լասին արդեն լիովին ապաքինվել էր։ Նրա երիտասարդ ու պինդ մարմինը արագ հաղթահարեց վերքերը, թեև սպիները նրա կրծքին ու ուսերին միշտ կհիշեցնեն այն դաժան մարտի մասին։
​Գիյոմն ընդամենը տասնութ տարեկան էր, բայց նրա աչքերում կար մի այնպիսի տխրություն, որը բնորոշ էր շատ ավելի տարեց մարդկանց։ Նա վաղ էր որբացել. մայրը մահացել էր նրան կյանք պարգևելիս՝ ծննդաբերության ժամանակ, իսկ հայրը՝ Ռոբերի հարազատ եղբայրը, իր մահկանացուն էր կնքել հեռավոր արևելքում՝ Խաչակրաց արշավանքի ժամանակ։ Ռոբերը ստանձնել էր որբ մնացած եղբորորդու խնամքը՝ նրան մեծացնելով որպես սեփական որդի և պատրաստելով որպես տոհմի հիմնական մարտական ուժ։
​Մի երեկո, երբ ընտանիքը հավաքված էր մեծ դահլիճում ընթրիքի, մթնոլորտը սովորականից ավելի հանդիսավոր էր։ Ռոբերը, գինու գավաթը ձեռքին, երկար նայեց Գիյոմին, ապա ձայնը մաքրեց ու դիմեց նրան։
​— Գիյո՛մ, դու արդեն տղամարդ ես և մեր տոհմի հպարտությունը, — սկսեց Ռոբերը հաստատուն ձայնով, — բայց ասպետին միայն սուրը բավական չէ։ Տոհմը հզորացնելու համար պետք են կապեր և հարստություն։ Ես քեզ համար հիանալի հարսնացու եմ գտել։
​Գիյոմը դադարեցրեց ուտելը, նրա հայացքը դարձավ անթափանց։ Էմման ու Մատիլդան լուռ հետևում էին խոսակցությանը։
​— Նա Իտալիայից է, Ֆլորենցիայից, — շարունակեց Ռոբերը, — նրա ընտանիքը չունի ազնվական տիտղոսներ, բայց նրանք այնքան հարուստ են, որ կարող են գնել մի ամբողջ թագավորություն։ Նրանք հզոր առևտրականներ են։ Ամեն ինչ արդեն պայմանավորված է։ Աղջիկը և նրա շքախումբը այսօր կժամանեն ամրոց։
​Գիյոմը պատրաստվում էր ինչ-որ բան ասել, բայց Ռոբերը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան։
​— Նա կհյուրընկալվի մեզ մոտ մի քանի շաբաթ, մինչև նրա ընտանիքը կլուծի օժիտի տեղափոխման հարցերը։ Այդ ընթացքում մենք կզբաղվենք հարսանեկան պատրաստություններով։ Այսօր երեկոյան ձեր առաջին հանդիպումն է։ Պատրաստվի՛ր, Գիյոմ, սա մեր տոհմի ապագայի համար է։
​Մատիլդան թեթևակի գլխով արեց՝ ի նշան համաձայնության, թեև նրա աչքերում կարելի էր նկատել հաշվենկատ սառնություն։ Էմման նայեց Գիյոմին. նա տեսնում էր, թե ինչպես են եղբոր մատները սեղմում սեղանի եզրը։ Գիյոմի համար, ով սովոր էր ազատությանն ու մարտադաշտին, այս «առևտրային» ամուսնությունը նման էր ոսկյա վանդակի։
​Երեկոյան ամրոցի դարպասների մոտ լսվեց կառքերի ձայնը։ Ֆլորենցիայի հարուստ ժառանգորդուհին ժամանել էր։

Ամրոցի մեծ դարպասները լայն բացվեցին, և Լասի տոհմի անդամները, Ռոբերի գլխավորությամբ, դուրս եկան բակ՝ դիմավորելու թանկագին հյուրին։ Օդը լի էր սպասումով ու անհանգստությամբ։ Գիյոմը կանգնած էր հորեղբոր կողքին, նրա դեմքը սառն էր, բայց սիրտը արագ էր բաբախում։
​Ճանապարհի հեռվում հայտնվեց մի շքեղ կառք, որը զարդարված էր ոսկեգույն նախշերով և ծածկված էր թանկարժեք գործվածքներով։ Այն կանգ առավ ամրոցի դիմաց, և դուռը բացվեց։
​Կառքից դուրս եկավ նա Ֆլորենցիայի ամենահարուստ առևտրականների դուստրը։ Նրա հայտնվելը ասես լույս սփռեց մռայլ բակի վրա։ Աղջիկը չափազանց գեղեցիկ էր, նուրբ ու ճերմակ մաշկով, որը հակադրվում էր նրա շքեղ, հրաշեկ մազերի հետ։ Նրա երկար, ալիքաձև վարսերը թափվել էին ուսերին՝ ասես արևի շողերից հյուսված լինեին։ Աչքերը մեծ էին, արտահայտիչ և լի էին խորհրդավորությամբ, իսկ շրթունքները՝ նուրբ վարդագույն։
​Նա կրում էր մի հիասքանչ զգեստ, որն անմիջապես մատնում էր նրա իտալական ծագումն ու անսահման հարստությունը։ Զգեստը պատրաստված էր ամենաբարձրորակ ճերմակ մետաքսից Այն զարդարված էր նուրբ ոսկեգույն ասեղնագործությամբ, որը պատկերում էր Ֆլորենցիայի խորհրդանիշները՝ շուշաններ ու առյուծներ։ Զգեստի թևքերը երկար էին ու լայն, իսկ գոտին պատված էր թանկարժեք քարերով։ Նրա պարանոցը զարդարում էր մի շքեղ մարգարտյա մանյակ, իսկ ձեռքերին կրում էր նուրբ ոսկյա մատանիներ։ Նրա կերպարը ասես Վերածննդի դարաշրջանի կտավից դուրս եկած լիներ։
​Աղջիկը կանգ առավ Լասիների դիմաց և թեթևակի խոնարհվեց։ Նրա շարժումները նուրբ էին ու վեհ։
​— Բարի գալուստ Լասի ամրոց, — ասաց Ռոբերը՝ ձեռքը մեկնելով նրան, — մենք պատիվ ունենք ձեզ հյուրընկալելու մեր հարկի տակ։
​Աղջիկը բարձրացրեց գլուխը և նայեց Ռոբերին, ապա Գիյոմին։ Նրա հայացքը սառն էր, բայց միաժամանակ լի էր հետաքրքրությամբ։
​— Շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար, պարոն, — պատասխանեց նա՝ նուրբ ձայնով, — ես Բիանկա դե Մեդիչին եմ, և ինձ համար նույնպես պատիվ է գտնվել այստեղ։
​Բիանկայի ձայնը զրնգում էր որպես զանգակ, և նրա անունը՝ Մեդիչի, անմիջապես արձագանքեց բոլորի մտքում։ Դա Ֆլորենցիայի ամենահզոր ու ամենահարուստ տոհմերից մեկն էր, որը ղեկավարում էր քաղաքը և հովանավորում արվեստը։
​Գիյոմը քայլ արեց առաջ և համբուրեց Բիանկայի ձեռքը։
— Ես Գիյոմ դը Լասին եմ, — ասաց նա՝ նայելով նրա աչքերին, — ուրախ եմ ձեզ տեսնել, օրիորդ Բիանկա։
​Բիանկայի շրթունքներին հայտնվեց մի թեթև, խորհրդավոր քմծիծաղ։
— Ես նույնպես, ասպետ Գիյոմ, — պատասխանեց նա, — ես շատ եմ լսել ձեր քաջության և մարտական հմտությունների մասին։


Քանի որ ժամն արդեն ուշ էր, և ճանապարհի հոգնածությունն իրեն զգացնել էր տալիս, Ռոբեր դը Լասին հրամայեց սպասավորներին հյուրին ուղեկցել իր համար նախապատրաստված շքեղ ննջասենյակը։ Որոշվեց, որ բոլոր կարևոր քննարկումները, ծանոթությունն ու ապագա պլանները կթողնվեն հաջորդ օրվան, երբ բոլորը նոր ուժերով կհավաքվեին նախաճաշի սեղանի շուրջ։
​Առավոտյան, երբ արևի առաջին շողերը լուսավորեցին ամրոցի քարե միջանցքները, Էմման դուրս եկավ իր սենյակից։ Նա քայլում էր դեպի գլխավոր դահլիճը, որտեղ սովորաբար մատուցվում էր առավոտյան սնունդը։ Ճանապարհին նա տեսավ Բիանկային, ով արդեն դուրս էր եկել հարևան միջանցքից։
​— Բարի առավոտ, — կարճ ու հակիրճ ասաց Էմման՝ փորձելով լինել հյուրընկալ։
— Բարի առավոտ, — պատասխանեց Բիանկան՝ գլուխը թեթևակի թեքելով։ Նրա հայացքը սառն էր ու զննող, ասես նա չափում էր ամրոցի պատերի արժեքը։
​Երկուսով սկսեցին քայլել դեպի դահլիճը։ Բիանկան, չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա Էմմայից մեկ տարով փոքր էր, ուներ ընդգծված հպարտ և գրեթե գոռոզ բնավորություն։ Նա սովոր էր բոլորին նայել վերևից, և նույնիսկ Էմմայի հետ խոսելիս նրա ձայնի մեջ զգացվում էր այդ իշխող տոնը։
​— Գիտե՞ս, Էմմա, — սկսեց Բիանկան՝ առանց սպասելու, որ իրեն հարց տան, — իմ ընտանիքը Ֆլորենցիայում այնպիսի հարգանք է վայելում, որ նույնիսկ ամենաբարձրաստիճան իշխաններն են խոնարհվում մեր առջև։ Ես սովորել եմ լավագույն ուսուցիչների մոտ. տիրապետում եմ երաժշտությանը, գիտությանը և արվեստին։ Իմ ձեռքը խնդրել են բազմաթիվ ազնվականներ, բայց ես մերժել եմ բոլորին։
​Էմման լռությամբ լսում էր, բայց Բիանկան չէր էլ պատրաստվում կանգ առնել։
— Ես ընտրեցի քո եղբորը, որովհետև տեսնում եմ այս տոհմի պոտենցիալը։ Լասիները պետք է գնահատեն իմ այս քայլը։ Ես ոչ միայն հարստություն եմ բերում այս տուն, այլև իդեալական կին ու մայր եմ լինելու։ Իմ նպատակն է ունենալ առնվազն քսան զավակ՝ մեր տոհմի անունը հավերժացնելու համար։ Ես հիասքանչ հարս կլինեմ և կտիրապետեմ ամրոցի կառավարմանը ավելի լավ, քան որևէ մեկը։
​Բիանկան խոսում էր այնպիսի ինքնավստահությամբ, ասես արդեն տիրուհին էր այս պատերի ներսում։ Նա հասկացնում էր, որ իր ներկայությունը մեծ բարեհաճություն է Լասիների համար։
​Էմման, սակայն, արդեն չէր լսում նրան։ Նա սկզբում միամտաբար մտածում էր, որ տանը վերջապես հայտնվել է իր տարեկից մի աղջիկ, ում հետ կկարողանար կիսվել մտքերով, ընկերանալ կամ գուցե գաղտնիքներ պատմել։ Բայց Բիանկայի ամեն մի նախադասությունը վերջնականապես սպանում էր այդ հույսը։ Էմման հասկացավ, որ այս գոռոզ աղջկա հետ շփվելու ոչ մի ցանկություն այլևս չունի։ Նա միայն երազում էր, որ նախաճաշն արագ ավարտվի, որպեսզի կարողանա հեռանալ և մնալ իր մտքերի հետ։
​— Հետաքրքիր է, — միայն կարճ արձագանքեց Էմման, երբ նրանք հասան դահլիճի դռների մոտ, բայց նրա աչքերում արդեն կարդացվում էր այն անտարբերությունը, որը Բիանկան, իր մեծամտության պատճառով, նույնիսկ չնկատեց։
Դահլիճը լցված էր թարմ թխված հացի և համեմված մսի բուրմունքով։ Սեղանի շուրջ հավաքվել էին տանտերերն ու հյուրը, իսկ սպասավորները լռությամբ լցնում էին գինու գավաթները։
​Ռոբերը հանդիսավոր կանգնեց, բարձրացրեց իր արծաթյա բաժակը և նայեց ներկաներին։
​— Սիրելի՛ ընտանիք և պատվարժան օրիորդ Բիանկա, — սկսեց նա հաստատուն ու ջերմ ձայնով, — այսօր մեր հարկի տակ տոն է։ Մենք ողջունում ենք ոչ միայն գեղեցիկ հյուրի ժամանումը, այլև մեր տոհմի նոր սկիզբը։ Այս միավորումը Լասիների և Մեդիչիների միջև կփոխի Ֆրանսիան դեպի լավը, կբերի ուժ և հարստություն, որի մասին մեր թշնամիները միայն կարող են երազել։ Բարի գալուստ մեր տուն, Բիանկա՛։
​Բոլորը բարձրացրեցին բաժակները, և զրնգոցն արձագանքեց կամարների տակ։ Սկսվեց նախաճաշը։
​Մինչ Ռոբերն ու Գիյոմը Բիանկայի հետ քննարկում էին Ֆլորենցիայի առևտրային ուղիները և ֆրանսիական պալատի նորությունները, Էմման գրեթե չէր դիպչում ուտելիքին։ Նա պատառաքաղով դանդաղ խաղում էր ափսեի մեջ դրված որսամսի հետ՝ հայացքը հեռուն ուղղած։ Նրա մտքերն արդեն ամրոցի պատերից դուրս էին։ Երկու ամսվա տնային կալանքը, ապա այս պաշտոնական պատրաստությունները նրան հյուծել էին։ Նա զգում էր ազատության համը և սպասում էր այն վայրկյանին, երբ վերջապես կկարողանար փախչել անտառ՝ հեռու այս ձևականություններից։
​— Պատմե՛ք, Բիանկա, — ժպտալով ասաց Մատիլդան, — արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ Ֆլորենցիայում կանայք սկսել են կրել ավելի նուրբ մետաքսներ, քան մեր թագուհին։
— Օհ, տիկի՛ն Մատիլդա, — պատասխանեց Բիանկան՝ նուրբ շարժումով սրբելով շրթունքները, — Ֆլորենցիան արվեստի օրրանն է։ Մենք սովոր ենք միայն լավագույնին։ Բայց ես տեսնում եմ, որ ձեր ճաշակը նույնպես անթերի է։
​Մատիլդան գլխով արեց՝ հասկացնելով, որ հավանում է աղջկա դիվանագիտական ու հպարտ պահվածքը։
Ռոբերը, տեսնելով կնոջ և հարսնացուի այս ներդաշնակությունը, դիմեց Բիանկային.
— Բիանկա՛, ես մի խնդրանք ունեմ։ Մեր Էմման դեռ չի ցանկանում լսել ամուսնության մասին և իրեն իր տարիքին համապատասխան չի պահում։ Նա միշտ նախընտրում է այն, ինչն աղջկան վայել չէ։ Ես կցանկանայի, որ դուք ավելի շատ ժամանակ անցկացնեք միասին։ Դուք կարող եք օրինակ ծառայել նրա համար, սովորեցնել նրան այն նրբությունները, որոնք այդքան բնական են ձեզ համար։
​Բիանկան համեստ, բայց հաղթական ժպտաց և նայեց Էմմայի կողմը։
— Մեծ սիրով կօգնեմ Էմմային ամեն հարցում, պարո՛ն Ռոբեր։ Չէ՞ որ մենք արդեն մեկ ընտանիք ենք։ Ես վստահ եմ, որ մենք լեզու կգտնենք և Էմման շուտով կհասկանա, թե որն է կնոջ իրական ուժը։
​Էմման լսեց այս ամենը և զգաց, թե ինչպես է ներսում ամեն ինչ տակնուվրա լինում։ Նա աչքերը ֆռացրեց այնպես, որ միայն Գիյոմը նկատեց, ապա կտրուկ կանգնեց։
​— Շնորհակալություն ուտելիքի համար, — ասաց նա՝ ձայնի մեջ հազիվ զսպելով հեգնանքը, — ներողություն եմ խնդրում սեղանից շուտ հեռանալու համար, բայց ես կարևոր գործեր ունեմ։
​Առանց սպասելու հոր պատասխանին կամ մոր արգելքին՝ նա արագ քայլերով դուրս եկավ դահլիճից։ Նրա թիկնոցը թափահարվեց հետևից, երբ նա անհետացավ միջանցքի խորքում։ Նա գիտեր՝ այսօր ոչ ոք և ոչինչ իրեն տանը չի պահելու։

​Էմման դուրս թռավ ամրոցից, զգալով, թե ինչպես է թոքերը լցվում ազատության թարմ օդով։ Նա արագ հասավ Լըֆևրների տուն, որտեղ միշտ լսվում էր կարի ու մանելու գործիքների ձայնները։​Մադլենը նստած էր պատշգամբում՝ թանկարժեք թավշի վրա ոսկեթել նախշեր անելով։ Ներսում նրա ամուսինն ու սկեսրայրն էին զբաղված։
​— Մադլե՛ն, ես այլևս չեմ դիմանում։ Մեր տուն մի «հրեշտակ» է եկել Իտալիայից, ով պատրաստվում է քսան երեխա ունենալ և ինձ սովորեցնել, թե ոնց է պետք շնչել, — հևասպառ ասաց Էմման՝ առանց բարևելու նստելով կտորների կույտի վրա։
​Մադլենը լուռ ժպտաց, ասեղը ճարպկորեն անցկացնելով կտորի միջով։ Նա սովոր էր Էմմայի պոռթկումներին։
— Քսան զավա՞կ... — հանգիստ արձագանքեց Մադլենը, — դե, գոնե ձանձրույթից չեք մեռնի։
​Էմման վեր թռավ ու գնաց հարևան տուն՝ Ժյուլիենի մոտ։ Ժյուլիենը կրակի մոտ սուր էր կռում։
— Ժյուլիե՛ն, տեսել ես այդ Բիանկային։ Նա այնքան գոռոզ է, որ կարծում է՝ լուսինն էլ է իր հայրիկը գնել։ Ու պատկերացնո՞ւմ ես, հայրս ասում է՝ «Էմմա՛, օրինակ վերցրու նրանից»։ Ես ավելի շուտ սուրս կկուլ տամ, քան նրանից օրինակ կվերցնեմ։
​Ժյուլիենը նույնիսկ գլուխը չբարձրացրեց, մուրճի ռիթմիկ հարվածների տակ միայն մրթմրթաց.
— Եթե այդ սուրը կուլ տաս, Էմմա, զգույշ եղիր, ես այն նոր եմ սրել։ Իսկ եթե շատ ջղայնանաս, արի այս սալը ծեծիր, օգուտ կտա։
Էմման նեռվայն սկսեց օգնել Ժյուլիեին շարունակելով մռթմռթալ,հիշելով այն երկու ամիսը։


​Հաջորդը Լեդի Էլինորն էր։ Նա նստած էր իր շքեղ այգում, արծաթյա սպասքով թեյ էր խմում։ Նա Էմմայի ամենահանգիստ ընկերն էր։
​— Էլինո՛ր, նա ինձ խղճում է։ Պատկերացնո՞ւմ եք, այդ ֆլորենցիացի տիկնիկը խղճում է ինձ, որ ես ամուսնացած չեմ։ Ինձ թվում է՝ նա նույնիսկ քնելուց էլ է իր տիտղոսների մասին երազում։ Ու մայրս... նա հիացած է։ «Օ՜, Բիանկան այնքան նուրբ է»։ Եթե նա մի օր իմացավ, որ ես գիշերները անտառում ծառեր եմ ջարդում, երևի ինձ վանականների մոտ կուղարկի։
​Լեդի Էլինորը դանդաղ մի կում արեց թեյից, նայեց Էմմային իր խորաթափանց հայացքով ու լռեց։ Նա գիտեր, որ Էմմային պետք չեն խորհուրդներ, նրան պետք է մեկը, ով իր հարստության ու փորձի բարձունքից պարզապես թույլ կտա աղջկան դատարկվել։
— Խանդը, սիրելիս, վատ խորհրդատու է, բայց լավ վառելիք մարզումների համար, — վերջապես ասաց լեդին ու շարունակեց վայելել լռությունը։
Էմման գնաց խոհանոց վերցրեց այնտեղից քաղցրավենիքներ և եկավ Լեդի Էլինորի մոտ նստեց,միասին լռության մեջ խմեցին թեյը ,Էմման բերանի մեջ էր խցկում կեքսի կտորները և ծանր շնչում մտքի մեջ բոլորի հետ կռվելով։

​Վերջինը Կլարան էր։ Նրա փոքրիկ տանը միշտ երեխաների ճիչեր էին ու ներկի հոտ։ Կլարան երեխային կերակրելիս մյուս ձեռքով օգնում էր ամուսնուն՝ կտավը պահելով։
​— Կլարա՛, դու պատկերացնո՞ւմ ես՝ տասնչորս տարեկան է ու արդեն ուզում է տան տիրուհի դառնալ։ Ասում է՝ «Էմմա, ես քեզ կօգնեմ հասկանալ կնոջ ուժը»։ Ես հազիվ ինձ զսպեցի, որ նախաճաշի սեղանի շուրջ նրան լեզու չցույց տամ։ Իսկ Գիյոմը... նա նայում է այդ Բիանկային այնպես, ասես աշխարհի ութերորդ հրաշալիքն է։ Տղամարդիկ այնքան հիմար են, երբ տեսնում են մի քիչ շպար ու սիրուն զգեստ։
​Կլարան ծիծաղեց, երբ երեխան քաշեց Էմմայի մազերը։
— Էմմա՛, դու պարզապես վախենում ես, որ քո եղբայրը հիմա ուրիշի կլսի։ Բայց հանգիստ եղիր, եթե նա քեզ իրոք բարկացնի, բեր այստեղ, ես երեխաներին կտամ իրեն, թող քսան հատի փոխարեն երկուսի հետ փորձի լեզու գտնել, տեսնենք՝ էլի՞ այդքան գոռոզ կմնա։
​Էմման վերջապես ժպտաց։ Այս մարդիկ նրա իրական ընտանիքն էին։ Նրանք չէին փորձում նրան փոխել, նրանք պարզապես թույլ էին տալիս լինել այնպիսին, ինչպիսին կա՝ մի քիչ խենթ, մի քիչ կոպիտ, բայց անկեղծ։
​— Լավ, — ասաց Էմման՝ վերցնելով Կլարայի երեխաներից մեկին ու օդ բարձրացնելով, — եթե Բիանկան ուզում է ինձ «դասեր» տալ, ես էլ նրան մի քանի դաս կտամ։ Բայց ոչ թե ասեղնագործության, այլ այնպիսի բաների, որից նրա ֆլորենցիացի հայրիկի սիրտը կկանգնի։


Ընկերներին այցելելուց հետո Էմմայի հոգին մի փոքր խաղաղվեց, բայց տուն վերադառնալու միտքը դեռ սարսափեցնում էր նրան։ Նա չէր ուզում նորից բախվել Բիանկայի մեծամիտ հայացքին կամ հոր խիստ դիտողություններին։ Այդ պատճառով նա վերջին կանգառը կատարեց Ժյուլիենի արհեստանոցում։
​— Ժյուլիե՛ն, — սկսեց Էմման՝ հենվելով դռան շեմին, — ալարում եմ ամրոց մտնել իմ սրի հետևից։ Եթե հիմա ներս մտնեմ, նորից պետք է լսեմ Բիանկայի «դասախոսությունները» ու տեսնեմ նրանց հիացած դեմքերը։ Խնդրում եմ, ինձ մի ժամանակավոր սուր տուր, որ գնամ անտառ։ Խոստանում եմ՝ անվնաս հետ կբերեմ։
​Ժյուլիենը դադարեցրեց աշխատանքը, մի պահ զննեց Էմմայի վճռական դեմքը, ապա մոտեցավ պատին հենված մի անսովոր զենքի։
​— Լավ, Էմմա՛, վերցրու սա, — ասաց նա՝ սուրը մեկնելով աղջկան։ — Սա իմ նոր փորձարկումն է։ Մետաղի մեջ մի փոքր այլ համաձուլվածք եմ օգտագործել, որպեսզի այն ավելի թեթև լինի, բայց չկորցնի իր ամրությունը։ Սա «էքսպերիմենտ» է։ Օգտագործիր և հետո ինձ կասես քո կարծիքը՝ ինչպես է այն զգացվում ձեռքում և արդյո՞ք հավասարակշռությունը ճիշտ է։
​Էմմայի աչքերը փայլեցին։ Նա վերցրեց սուրը և թեթևակի օրորեց օդում։
— Օհ, Ժյուլիե՛ն, սա հրաշալի է։ Այնքան թեթև է, ասես իմ ձեռքի շարունակությունը լինի։
​Նա շնորհակալություն հայտնեց ու արագ դուրս վազեց արհեստանոցից։ Շտապողականությունից նա անկյունում քիչ էր մնում բախվեր Մադլենին, ով այդ պահին դուրս էր գալիս տանից։ Երկուսն էլ անակնկալից հետ թռան ու սկսեցին ծիծաղել։
​— Աստվա՛ծ իմ, Էմմա, դու իսկական փոթորիկ ես, — ծիծաղելով ասաց Մադլենը՝ ձեռքը սրտին դնելով։ — Սպասի՛ր մի փոքր, մի՛ վազիր։
​Մինչ Էմման անհամբեր տեղում դոփում էր ու հիացած զննում նոր սուրը՝ պատկերացնելով, թե ինչպես է այն ճեղքելու օդը, Մադլենը ներս մտավ և շուտով վերադարձավ մի փոքրիկ զամբյուղով։
​— Վերցրու սա, — ասաց նա՝ զամբյուղը մեկնելով Էմմային։ — Ես նկատել եմ, որ դու սկսել ես նիհարել այս վերջին ամիսներին։ Եթե ուզում ես ուժեղ ասպետ դառնալ, պետք է լավ սնվես։ Այնտեղ թարմ հաց է, պանիր ու մի քիչ չորացրած միս։ Դա քեզ ուժ կտա մարզումների ժամանակ։
​Էմման հուզված գրկեց Մադլենին։
— Շնորհակալ եմ, Մադլե՛ն։ Դուք միշտ գիտեք՝ ինչ է ինձ պետք։
​Էմման հասավ անտառի իր գաղտնի բացատը։ Նա դրեց զամբյուղը մի կողմ և հանեց Ժյուլիենի տված սուրը։ Արևի  լույսը արտացոլվում էր նոր մետաղի վրա։​Նա սկսեց մարզումը։ Ժյուլիենի «էքսպերիմենտը» իրոք հրաշալի էր։ Սուրն այնքան թեթև էր, որ Էմման կարողանում էր կատարել այնպիսի արագ հարվածներ ու պտույտներ, որոնք նախկինում դժվարությամբ էր անում։
Նա թիրախավորեց ծառից կախված չոր ճյուղը և մեկ կայծակնային հարվածով այն երկու մասի բաժանեց։ Սուրը կտրեց փայտը այնպես, ասես դա կարագ լիներ։
Էմման պտտվում էր բացատում՝ պատկերացնելով, թե շրջապատված է թշնամիներով։ Նոր սրի թեթևությունը թույլ էր տալիս նրան վայրկյանների ընթացքում փոխել հարվածի ուղղությունը։
Նա զգում էր, թե ինչպես է Ժյուլիենի սարքած զենքը արձագանքում իր մարմնի ամեն մի շարժմանը։ Նրա մեջ մի նոր ինքնավստահություն արթնացավ։
Սովորական սուրը նման հարվածից հետո կարող էր թրթռալ ձեռքում, բայց սա կլանում էր ամբողջ հարվածային ուժը՝ թույլ տալով Էմմային անմիջապես անցնել հաջորդ շարժմանը։
​Արևը վաղուց մայր էր մտել, և անտառի վրա իջել էր թանձր գիշերը, բայց Էմման չէր դադարում։ Քրտինքը հոսում էր նրա ճակատով, շնչառությունը դարձել էր ծանր ու ռիթմիկ, բայց նրա մեջ արթնացած մոլուցքը թույլ չէր տալիս կանգ առնել։ Նա փորձարկում էր սրի սահմանները՝ հարվածելով ավելի ու ավելի պինդ թիրախների, կատարելով բարդ պտույտներ ու կտրուկ պաշտպանողական շարժումներ։
​Սակայն, հենց այն պահին, երբ նա փորձեց կատարել մի ուժգին հարված հաստ կաղնու բնին, անտառի լռությունը ճեղքվեց մի սուր ու անսպասելի «կրա՛խ» ձայնով։
​Էմման քարացավ։ Նրա ձեռքում մնացել էր միայն սրի բռնակն ու շեղբի մի փոքր հատվածը։ Մյուս կեսը, փայլելով աստղերի լույսի տակ, ընկած էր խոտերի մեջ։ Ժյուլիենի էքսպերիմենտը չէր դիմացել Էմմայի վայրի ուժին ու երկարատև ծանրաբեռնվածությանը։
​— Օ՛հ, ոչ... — շշնջաց նա՝ նայելով ջարդված մետաղին։ Նրա սիրտը ցավեց։ Դա պարզապես զենք չէր, դա Ժյուլիենի աշխատանքն էր։
​Չնայած ուշ ժամին և հոգնածությանը, Էմման հավաքեց սրի կտորները, դրեց դրանք Մադլենի դատարկված զամբյուղի մեջ և շտապեց հետ՝ դեպի արհեստանոց։ Նա չէր կարող սպասել մինչև առավոտ։
​Երբ նա հասավ, Ժյուլիենը դեռ չէր քնել. նա վերջացնում էր վերջին պատվերները կրակի թույլ լույսի տակ։ Տեսնելով Էմմայի շփոթված ու մեղավոր դեմքը՝ նա անմիջապես հասկացավ ամեն ինչ։
​— Ժյուլիե՛ն, ես... ես ներողություն եմ խնդրում, — կմկմաց Էմման՝ սեղանին դնելով սրի կտորները, — այն հրաշալի էր, իսկապես։ Այնքան արագ էր ու թեթև, բայց ես երևի չափն անցա։ Այն ջարդվեց հարվածի ժամանակ։
​Ժյուլիենը մոտեցավ, վերցրեց ջարդված շեղբը և սկսեց ուշադիր զննել կոտրվածքի տեղը։ Նա չէր բարկացել, ընդհակառակը՝ նրա դեմքին հայտնվեց հետաքրքրված արտահայտություն։
​— Մի՛ տխրիր, Էմմա, — հանգիստ ասաց նա, — հենց դրա համար էլ սա էքսպերիմենտ էր։ Այս կոտրվածքն ինձ ավելին է ասում, քան հազարավոր հաջողված հարվածները։ Հիմա ես տեսնում եմ, թե որտեղ է մետաղը թույլ եղել։ Դու ինձ օգնեցիր հասկանալ, որ թեթևությունը չպետք է լինի ամրության հաշվին։
​Նա նայեց Էմմային ու ժպտաց.
— Գնա՛ տուն, հանգստացիր։ Դու քո գործն արեցիր։ Իսկ ես կսկսեմ նորը՝ հաշվի առնելով քո «վայրի» հարվածները։ Հաջորդը չի ջարդվի, խոստանում եմ։
​Էմման թեթևացած շունչ քաշեց։ Ընկերների աջակցությունը նրան ուժ տվեց վերջապես ուղղվել դեպի ամրոց՝ պատրաստվելու հաջորդ օրվա «մարտերին» Բիանկայի հետ։



Լասի ամրոցը նմանվել էր մի մեծ ու աղմկոտ մրջնանոցի։ Ամենուրեք լսվում էր սպասավորների վազվզոցը, թանկարժեք գործվածքների խշշոցն ու խոհանոցից եկող անդադար ձայները։ Հարսանիքի պատրաստությունները եռում էին, և այդ ամբողջ իրարանցման կենտրոնում Բիանկա դե Մեդիչին էր։
​Երբ մոտակայքում չկային Ռոբերն ու Մատիլդան, Բիանկան վերածվում էր մի խիստ ու քմահաճ տիրուհու։ Նա քայլում էր միջանցքներով՝ թանկարժեք զգեստի փեշերը հպարտորեն հետ տալով, և դժգոհ դեմքով զննում ամեն մի մանրուք։
​— Այս ի՞նչ սոսկալի գույն է, — դիմեց նա սպասավորին, ով փորձում էր զարդարել սյուները թարմ վայրի ծաղիկներով, — ես չեմ հանդուրժի այս գյուղական բույսերն իմ հարսանիքին։ Դուրս շպրտեք դրանք և բերեք սպիտակ շուշաններ, եթե, իհարկե, այս մռայլ երկրում այդպիսի բան գոյություն ունի։
​Բայց հենց որ միջանցքի վերջում հայտնվեց Մատիլդայի կերպարը, Բիանկայի ձայնն ակնթարթորեն փոխվեց։ Նրա դեմքին հայտնվեց հրեշտակային մի ժպիտ, իսկ ձայնը դարձավ նուրբ ու մեղեդային։
​— Տիկի՛ն Մատիլդա, — ասաց նա՝ թեթևակի խոնարհվելով, — ներեցեք իմ անհանգստությունը, բայց ես մտածում էի... այս ծաղիկները մի փոքր չեն համապատասխանում սրահի վեհությանը։ Հնարավո՞ր է դրանք փոխարինել ավելի նուրբ բույսերով։ Եթե ոչ՝ ոչինչ, ես կփորձեմ սովորել ձեր տեղական ճաշակին, նույնիսկ եթե այն մի փոքր կոպիտ է թվում։
​Մատիլդան, հիացած աղջկա «համեստությամբ», մոտեցավ ու բռնեց նրա ձեռքը։
— Սիրելի՛ս, դա քո հարսանիքն է։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Քո ճաշակն անթերի է, Բիանկա՛։

Էմման կանգնած էր միջանցքի ստվերում և լսում էր այս ամենը։ Նրա ներսում ամեն ինչ եռում էր։ Նա երբեք չէր տեսել իր մորն այդքան փափուկ ու գորովալից մեկ ուրիշի հանդեպ։
​— Տեսնո՞ւմ ես, Էմմա, — դիմեց Մատիլդան դստերը, երբ նկատեց նրան, — նայիր Բիանկային։ Տես, թե ինչպես է նա հագնվում, ինչպես է խոսում։ Նրա մաշկն այնքան հարթ ու նուրբ է, ասես մետաքս լինի, իսկ շարժումները... իսկական կնոջ կատարելություն։ Դու պետք է շատ բան սովորես նրանից։
​Էմման լուռ էր։ Նա նայում էր իր կոշտացած ձեռքերին, որոնք սովոր էին սրի բռնակին, և զգում էր, թե ինչպես է իրեն օտար զգում սեփական տանը։ Մայրը նրան երբեք չէր գովաբանել կանացիության համար։ Նրա համար Էմման միշտ եղել էր «խնդրահարույց» աղջիկը, ում պետք էր անընդհատ ուղղել։
​Երբ Մատիլդան, գոհունակ ժպիտը դեմքին, հեռացավ միջանցքով՝ շարունակելու իր գործերը, օդը սենյակում միանգամից սառեց։ Բիանկան դանդաղ շրջվեց դեպի Էմման։ Նրա հայացքը հանգիստ էր, բայց չափազանց զննող։ Նա մի քայլ մոտեցավ և, առանց թույլտվության, բռնեց Էմմայի դաստակը՝ բարձրացնելով այն լույսի տակ։
​— Էմմա՛, սիրելիս, — սկսեց Բիանկան՝ ձայնի մեջ պահելով հանգիստ, գրեթե հոգատար տոն, — ես նկատեցի, որ քո մաշկը սոսկալի վիճակում է։ Տես այս քերծվածքները... դրանք այնքան կոպիտ են դարձնում քո ձեռքերը։ Ֆլորենցիայում նույնիսկ սպասուհիներն են ավելի լավ հետևում իրենց, քան դու։
​Էմման փորձեց հետ քաշել ձեռքը, բայց Բիանկան չէր թողնում։ Նա մատներով թեթևակի դիպավ Էմմայի դեմքին։
​— Իսկ քո մաշկի գո՞ւյնը... դու չափից շատ ժամանակ ես անցկացնում արևի տակ։ Այն մգացել է և կորցրել իր ազնվական փայլը։ Գիտե՞ս, Իտալիայում մենք հատուկ քսուքներ և թուրմեր ունենք, որոնք օգնում են պահպանել մաշկի ճերմակությունը։ Եթե ուզում ես, ես քեզ մի քանիսը կտամ։ Ի վերջո, դու Լասի տոհմի աղջիկն ես, և ամոթ կլինի, եթե հարսանիքի ժամանակ բոլորը տեսնեն քո այս կոպիտ ու «աշխատավորի» տեսքը։
​Բիանկայի ձայնի մեջ չկար ուղղակի վիրավորանք, բայց ամեն մի բառը ասես թույն լիներ՝ փաթաթված մետաքսի մեջ։ Նա խոսում էր այնպես, ասես Էմման մի անօգնական արարած էր, ում պետք էր փրկել իր սեփական տգիտությունից։
​— Ես պարզապես ուզում եմ, որ դու գոնե մի քիչ կանացի երևաս, Էմմա՛, — ավելացրեց նա՝ վերջապես բաց թողնելով աղջկա ձեռքը և թեթևակի ուղղելով իր շքեղ զգեստի փեշերը։ — Քո մայրն իրավացի է, քեզ լուրջ խնամք ու դաստիարակություն է պետք։ Մի՛ անհանգստացիր, ես ժամանակ կգտնեմ քեզ համար։
​Էմման լռությամբ նայեց Բիանկայի հեռացող թիկունքին։ Նրա մատները ակամա սեղմվեցին բռունցք դարձած։ Այդ «բարի» խորհուրդները նրա ներսում ավելի մեծ կատաղություն արթնացրին, քան բացահայտ կռիվը։ Բիանկան ոչ միայն փորձում էր խլել իր մոր սերը, այլև համարձակվում էր քննադատել այն ամենը, ինչը Էմմայի համար թանկ էր՝ նրա ազատությունն ու անտառում անցկացրած ժամերը։
​«Դե ինչ, Բիանկա՛, — մտածեց Էմման՝ աչքերը նեղացնելով, — եթե դու այդքան շատ ես սիրում «խնամք» և «նրբություն», ապա այսօր ես քեզ մի այնպիսի անակնկալ կմատուցեմ, որից քո ճերմակ մաշկը երկար ժամանակ չի սպիտակի»։
​Էմմայի գլխում արդեն սկսել էր հասունանալ մի պլան։ Նա որոշեց, որ հենց այսօր Բիանկան պետք է զգա Լասի ամրոցի այն կողմը, որի մասին Ֆլորենցիայի իր շքեղ պալատներում նույնիսկ չէր էլ լսել։
Էմմայի շրթունքներին հայտնվեց մի վտանգավոր քմծիծաղ։ Նա հիշեց անտառի այն հատվածը, որտեղ աճում էին «կատվի ճանկեր» կոչվող փոքրիկ, բայց չափազանց կպչուն ու փշոտ բույսերը, և այնտեղի ճահճացած առվակը, որի տիղմը շաբաթներով չէր լվացվում։
​Նա վերադարձավ սենյակ և սպասեց այն պահին, երբ Բիանկան կավարտի իր կեսօրյա հանգիստը։ Երբ իտալուհին դուրս եկավ սենյակից՝ իր նոր, բաց մանուշակագույն մետաքսե զգեստով, Էմման նրան դիմավորեց միջանցքում՝ անսովոր ջերմ ժպիտով։
​— Բիանկա՛, ես մտածեցի քո ասածների մասին, — սկսեց Էմման՝ ձայնը հնարավորինս մեղմացնելով։ — Դու իրավացի ես, ես պետք է փոխվեմ։ Եվ որպես շնորհակալություն՝ ուզում եմ քեզ ցույց տալ մեր ամրոցի «Գաղտնի այգին»։ Այնտեղ աճում են այնպիսի հազվագյուտ ծաղիկներ, որոնց թերթիկներից պատրաստված թուրմը մաշկը դարձնում է ավելի սպիտակ, քան մարգարիտը։ Մայրս միայն ինձ է ցույց տվել այդ տեղը։
​Բիանկայի աչքերը փայլեցին։ Մաշկի խնամքի մասին ցանկացած գաղտնիք նրա թույլ կողմն էր։
— Իրո՞ք, Էմմա։ Դե ինչ, ուրախ եմ, որ վերջապես խելքի ես գալիս։ Ցո՛ւյց տուր ինձ այդ վայրը։
​Էմման նրան տարավ ամրոցի հետնամասով, այնտեղով, որտեղով սովորաբար միայն ախոռի տղաներն էին անցնում։
— Մենք պետք է մի քիչ քայլենք անտառի եզրով, — բացատրեց Էմման՝ զգուշորեն շրջանցելով փշոտ թփերը, մինչդեռ Բիանկան, իր երկար փեշերը հազիվ բարձրացրած, դժվարությամբ հետևում էր նրան։
​— Էմմա՛, այստեղ շատ խոնավ է, զգեստս կարող է փչանալ, — դժգոհեց Բիանկան, երբ նրանք մտան ծառերի խիտ ստվերի տակ։
— Մի քիչ էլ, Բիանկա՛։ Այդ ծաղիկները սիրում են ստվեր ու ջուր։ Ահա, տե՛ս, հենց այնտեղ են՝ այն կանաչ թմբի հետևում։
​Էմման ցույց տվեց մի ուղղություն, որտեղ խոտը շատ բարձր էր ու խիտ։ Բիանկան, մտածելով միայն իր գեղեցկության մասին, համարձակ առաջ նետվեց։ Բայց հենց առաջին քայլից նրա նրբագեղ կոշիկը սահեց տիղմի վրա, և նա, ձեռքերը տարածած, ընկավ հենց «կատվի ճանկերի» թփի մեջ։
​— Ա՜խ, — ճչաց Բիանկան։
​Երբ նա փորձեց վեր կենալ, պարզվեց, որ նրա թանկարժեք մետաքսե զգեստը հարյուրավոր փոքրիկ փշերով կպել է թփերին։ Ամեն մի շարժումից կտորը պատռվում էր «խըրթ-խըրթ» ձայնով։ Իսկ նրա այդքան գովաբանված ճերմակ դեմքն ու ձեռքերը հիմա պատված էին սև, գարշահոտ տիղմով։
​Էմման կանգնած էր մի փոքր հեռու և հանգիստ հետևում էր տեսարանին։
— Օյ, Բիանկա՛, ես մոռացա ասել... այդ ծաղիկները շատ «կպչուն» բնավորություն ունեն, — ասաց Էմման՝ հազիվ զսպելով ծիծաղը։ — Բայց մի՛ անհանգստացիր, տիղմը շատ օգտակար է մաշկի համար, իսկական «բնական խնամք» է։ Ինչպես դու էիր ասում՝ ես պարզապես ուզում եմ, որ դու ավելի մոտ լինես մեր տեղական բնությանը։
​Բիանկան կատաղությունից կարմրել էր, բայց նրա տեսքն այնքան ծիծաղելի էր՝ գլխին կպած տերևներով ու ցեխոտ քթով, որ Էմման վերջապես բարձրաձայն քրքջաց։
​— Դու... դու դա դիտավորյա՛լ արեցիր, — կմկմաց Բիանկան՝ փորձելով պոկել զգեստի պատռված թևքը թփից։
— Ես ընդամենը ցույց տվեցի քեզ այն, ինչ դու ուզում էիր տեսնել, — պատասխանեց Էմման՝ շրջվելով։ — Դե, ես գնացի։ Ինքդ ճանապարհը կգտնես, թե՞ սպասես, որ Գիյոմը գա ու քեզ այս վիճակում տեսնի։ Պատկերացնում եմ, թե ինչքան կհիանա նա քո «նրբությամբ»։
​Էմման հեռացավ թեթև քայլերով՝ սրտում զգալով մի աննկարագրելի հաճույք։ Նա գիտեր, որ սրանից հետո ամրոցում մեծ սկանդալ է լինելու, բայց այդ պահին դա նրան ամենաքիչն էր հետաքրքրում։ Նա վերջապես հավասարեցրել էր հաշիվը։
Էմման հասավ ամրոցի դարպասներին, բայց մի պահ կանգ առավ։ Նրա ներսում բարկությունը մի փոքր նահանջել էր՝ տեղի տալով մի տեսակ տարօրինակ խղճահարության կամ գուցե պարզապես պատասխանատվության զգացումին։ Նա պատկերացրեց Բիանկային՝ միայնակ ու անօգնական այդ ճահճուտում, և հասկացավ, որ եթե աղջկա հետ մի բան պատահի, դա իր խղճին է մնալու։
​Նա արագ վերցրեց մի քանի կտորե սավաններ ու մեծ թիկնոց, որպեսզի Բիանկային տեսքի բերի և թաքցնի այդ խայտառակությունը տնեցիների աչքից, ու վազեց հետ։
​Երբ Էմման հասավ նույն վայրը, տեսարանն ավելի ծիծաղելի էր դարձել, քան առաջ։ Բիանկան լրիվ կեղտի մեջ էր, մազերը գզգզված էին, իսկ թանկարժեք զգեստը՝ լրիվ պատառոտված։ Նա անզորությունից կծկվել էր ու լաց էր լինում։
​Էմման մոտակայքում մի երկար փայտ գտավ և մեկնեց Բիանկային՝ հեռու կանգնելով։
— Ահա, բռնիր սրա ծայրից, — ասաց նա՝ քիթը կնճռոտելով, — չեմ ուզում քո կեղտոտ ձեռքերին կպնել։ Բռնիր, որ քեզ դուրս քաշեմ։
​Բիանկան արդեն մի քանի րոպե էր, ինչ բարձր հեկեկում էր։ Նա նույնիսկ չէր էլ փորձում դիմադրել կամ վիճել։ Էմման, տեսնելով, որ աղջիկը միայն լաց է լինում ու չի շարժվում, ցուցադրաբար հորանջեց։
— Դե, եթե այդքան շատ է դուրդ եկել այդ կեղտի մեջ մնալը, ուրեմն ես հեռանում եմ։ Ժամանակ չունեմ քո լացը լսելու։
​Էմման թեքվեց, որ գնա, երբ Բիանկան հուսահատ գոռաց.
— Չգնա՜ս... խնդրում եմ, մի՛ գնա։
​Էմման դանդաղ շրջվեց, մի քայլ մոտեցավ ու հեգնանքով հարցրեց.
— Ի՞նչ, Բիանկա։ Ի՞նչ ես ուզում։ Էլի՞ ես լացելու, թե՞ վերջապես կբռնես այս փայտից։
​— Տո՛ւր այդ փայտը, արագացրո՛ւ, էլ չեմ դիմանում, — կմկմաց Բիանկան՝ արցունքների միջից։
​Էմման, փոխանակ ձեռքը մեկնելու, պարզապես նետեց փայտը Բիանկայի մոտ՝ ցեխի մեջ։
— Ի՞նչ ես անում, — ապշած գոչեց Բիանկան, — պետք է ծայրից բռնեիր, որ օգնեիր դուրս գալ։ Լռվել եմ, չեմ կարողանում ինքնուրույն շարժվել։
​Էմման հաղթական ժպտաց, ձեռքերը խաչեց կրծքին ու ասաց.
— Չեմ հասկանում՝ ինչ ես ուզում, որ անեմ։ Ես փայտը տվեցի, մնացածը քո գործն է։
​Բիանկան նորից սկսեց լաց լինել, արցունքները հոսում էին նրա կեղտոտված այտերով։ Նա հասկացավ, որ առանց Էմմայի օգնության չի փրկվի։
— Էմմա՛... օգնիր ինձ, խնդրում եմ, — հազիվ լսելի շշնջաց նա։
​— Ի՞նչ։ Չեմ լսում։ Ի՞նչ ես ասում։ Անտառի ձայնը շատ բարձր է, — Էմման ականջը մոտեցրեց՝ ձևացնելով, թե ոչինչ չի լսում։
​Բիանկան, իր անօգնականությունից կատաղած ու նվաստացած, ամբողջ ուժով գոռաց.
— Օգնի՜ր, խնդրո՜ւմ եմ։
​Էմման բարձր ծիծաղեց։ Նա ստացավ այն, ինչ ուզում էր՝ տեսնել այս հպարտ աղջկան իր առջև խնդրելիս։ Նա նորից վերցրեց փայտը, այս անգամ ամուր բռնեց ծայրից և մեծ դժվարությամբ Բիանկային դուրս քաշեց տիղմից։
​Հազիվ ոտքի կանգնելով՝ Բիանկան դողացող ձայնով ասաց.
— Ես ամեն ինչ կպատմեմ քո ծնողներին։ Դու դա դիտավորյալ արեցիր։
​Էմման անհաղորդ դեմքով նայեց նրան։
— Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Այդ ճանապարհով իրոք աճում է այն բույսը, որի մասին ասում էի։ Դու ինքդ ես մեղավոր, որ այդ զզվելի հոտից չհասկացար՝ ինչ կա դիմացդ ու մտար մեջը։ Ո՞վ է քեզ ասել, որ անտառում պետք է միայն վերև նայել։
​Բիանկան կատաղությունից չգիտեր ինչ անել, բայց ուժերը սպառվել էին։ Նա նորից սկսեց լաց լինել՝ այս անգամ անձայն, մարմնով մեկ դողալով։ Նա երբեք նման նվաստացուցիչ իրավիճակում չէր եղել։
​Էմման վերցրեց իր հետ բերած կտորները և նետեց Բիանկայի վրա։
— Վերցրու ու արագացրու, քանի մութը լրիվ չի ընկել։ Այս անտառում գիշերները հոգիներ են շրջում, նրանք չեն սիրում լացող աղջիկների։
​Բիանկան վախից աչքերը չռեց։ Դողացող ձեռքերով նա շորի կտորներով մի կերպ մաքրեց դեմքը, իսկ մեծ թիկնոցը գցեց վրան՝ ամբողջությամբ փակելով գլուխն ու պատռված զգեստը։ Նա ասես մի տարօրինակ ուրվական լիներ։
​— Դե՛, շարժվիր, — հրամայեց Էմման ու արագ քայլեց դեպի ամրոց։

​Բիանկան, վախենալով մենակ մնալ ու հանդիպել «հոգիներին», գլխիկոր ու դողալով վազեց Էմմայի հետևից՝ փորձելով  հետ չմնալ իր միակ «փրկչից»։

Էմման, Բիանկային իր սենյակում ապահով թողնելով, արագ քայլերով ուղղվեց դեպի Գիյոմի սենյակը։ Նրա ներսում դեռ եռում էր զայրույթն ու անհանգստությունը։ Նա պետք է հասկանար՝ արդյո՞ք իր եղբայրն իրոք կուրացել է այդ ֆլորենցիացի «տիկնիկի» փայլից։
​Նա թեթևակի թակեց դուռը։
— Նե՛րս եկ, — լսվեց Գիյոմի հանգիստ ձայնը։
​Էմման մտավ սենյակ։ Գիյոմը նստած էր սեղանի մոտ և ուշադիր նամակ էր գրում փետուրե գրչով։ Տեսնելով, որ եղբայրը զբաղված է, Էմման որոշեց չխանգարել նրան։ Նա սկսեց դանդաղ քայլել սենյակում՝ ուսումնասիրելով պատերից կախված զենքերը, հին քարտեզներն ու գրքերը։ Նա ձեռքով անցնում էր իրերին, բայց մտքերը շատ հեռու էին։
​Վերջապես Գիյոմը վերջացրեց նամակը, դրեց գրիչը և շրջվեց։
— Էմմա՞։ Ինչ-որ բա՞ն է պատահել։
​Էմման առանց պատասխանելու թռավ եղբոր անկողնու վրա, փռվեց մեջքի վրա և հայացքն ուղղեց առաստաղին։ Մի քանի վայրկյան լռելուց հետո նա կտրուկ հարցրեց.
— Բիանկային սիրո՞ւմ ես։
​Գիյոմը մի պահ քարացավ անակնկալ հարցից։ Նա զարմացած նայեց քրոջը, ապա հազալով ուղղեց կոկորդը, կանգնեց և դանդաղ մոտեցավ լուսամուտին։ Նա նայում էր դուրս՝ գիշերային ամրոցին։
​— Էմմա՛, դու գիտես, որ Բիանկան շատ հարգված և լավ ընտանիքից է, — սկսեց նա՝ չնայելով քրոջը։ — Մեր երկու ընտանիքների միավորումը Լասիներին հսկայական օգուտ կբերի։ Դա քաղաքականապես հզոր քայլ է։ Բացի այդ, Բիանկան շատ գեղեցիկ է, խելացի ու դաստիարակված։ Ոչ բոլորի բախտն է բերում նման աղջկա հետ ամուսնանալ։
Նա թեքվեց դեպի Էմման, ով արդեն նստել էր անկողնում և սևեռուն նայում էր նրան։
— Հա՛, բայց դու սիրո՞ւմ ես նրան, — կրկնեց Էմման՝ չթողնելով, որ եղբայրը խուսափի պատասխանից։
​Գիյոմը խորը շունչ քաշեց, մի պահ լռեց, ապա հաստատուն ձայնով ասաց.
— Այո՛։
​Էմման դեմքը կնճռոտեց, ասես թթու բան կերած լիներ։
— Ի՞նչն ես սիրում իր մեջ։
​Գիյոմի համբերությունը սկսեց սպառվել։ Նա մոտեցավ քրոջը։
— Էմմա՛, եթե միայն դրա համար ես եկել, խնդրում եմ՝ գնա՛։ Ես դեռ շատ գործ ունեմ անելու, և այս խոսակցությունն անիմաստ է։
​— Ախր չեմ հասկանում է՛, — գոչեց Էմման, երբ Գիյոմը բռնեց նրա ձեռքից ու սկսեց նրբորեն, բայց վճռականորեն հրել դեպի դուռը։
​— Լուրջ սիրո՞ւմ ես այդ անտակտին, — շարունակեց աղաղակել Էմման, երբ արդեն հայտնվել էր միջանցքում, — ինչ վա՜տ ճաշակ ունես դու, Գիյոմ։
​Գիյոմը կանգնեց դռան շեմին, մի պահ նայեց քրոջը հոգնած հայացքով ու ասաց.
— Էմմա՛, բարի գիշեր։
​Եվ նա պարզապես փակեց դուռը քրոջ առաջ։ Էմման մնաց կանգնած միջանցքի մթության մեջ։ Նա զգում էր, որ այսօրվա հաղթանակը Բիանկայի նկատմամբ մի տեսակ դառնահամ ունի։ Եթե Գիյոմը իրոք կարծում էր, որ սիրում է այդ աղջկան, ուրեմն ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան նա պատկերացնում էր։

Հաջորդ առավոտը Լասի ամրոցում սկսվեց ոչ թե թռչունների ծլվլոցով, այլ ծանր ու լարված լռությամբ։ Բիանկան, ով սովորաբար սիրում էր երկար քնել, այս անգամ առաջինն էր արթնացել և արդեն հասցրել էր իր «ողբերգությունը» ներկայացնել Ռոբերին ու Մատիլդային։
​Երբ Էմման դեռ աչքերը չէր բացել, սպասուհին հայտնեց, որ Գիյոմը նրան սպասում է իր աշխատասենյակում։ Էմման հասկացավ՝ խաղաղ առավոտ չի լինելու։
​Գիյոմի սենյակում օդը կայծակնային էր։ Բիանկան նստած էր անկյունում՝ գլուխը կախ, ձեռքում սեղմած մի թաշկինակ, իսկ Գիյոմը նյարդային քայլում էր սենյակով մեկ։ Տեսնելով Էմմային՝ նա կանգ առավ։
​— Էմմա՛, սա ի՞նչ պահվածք է, — բարկացած գոչեց եղբայրը։ — Բիանկան պատմեց ամեն ինչ։ Դու նրան մենակ ես թողել անտառում՝ կեղտի ու վտանգի մեջ։ Նա ասում է, որ ամբողջ գիշեր չի կարողացել քնել վախից։ Ինչպե՞ս կարող էիր այդքան անպատասխանատու լինել։
​Էմման ձեռքերը խաչեց կրծքին ու հանգիստ նայեց եղբորը։
— Ես նրան մենակ չեմ թողել, Գիյո՛մ։ Ես պարզապես գնացի հագուստ և թիկնոց բերելու, որպեսզի ոչ ոք նրան այդ խայտառակ տեսքով չտեսներ ու չծիծաղեր ապագա հարսնացուի վրա։
​Այդ պահին Բիանկան, ասես սպասելով իր հերթին, բարձրացրեց արցունքոտ աչքերն ու լացակումաց ձայնով միջամտեց.
— Բայց Էմմա՛... դու կարող էիր ասել, որ դրա համար ես գնում։ Ես մտածում էի՝ դու ինձ լքել ես ու էլ չես գալու։ Մթության մեջ ամեն մի ձայն ինձ թվում էր, թե վերջս եկել է։ Այդ անորոշությունը սպանում էր ինձ...
​— Ես որոշել էի ժամանակ չկորցնել ավելորդ բացատրությունների վրա, — կտրուկ պատասխանեց Էմման, — ուզում էի հնարավորինս արագ գնալ ու գալ։
​— Բայց դու շատ երկար ժամանակ չկայիր, — նորից միջամտեց Բիանկան՝ ձայնն ավելի նուրբ ու թույլ դարձնելով, — չէր զգացվում, որ դու շտապում էիր, Էմմա՛։ Ինձ թվում էր՝ դիտավորյալ ես ուշանում, որ ես ավելի շատ տանջվեմ։
Էմման աչքերը ֆռացրեց ու հեգնանքով նայեց Բիանկային։
— Գիտե՞ս, Բիանկա, ես ընդամենը երկու ոտք ունեմ ու դրանից արագ չէի կարող գնալ-գալ։ Այն էլ՝ աննկատ, որպեսզի ծնողներս չտեսնեն ու հարցեր չտան։ Եթե ուզում էիր, որ թռչեի, պետք է ինձ թևեր նվիրեիր։
​— Վե՛րջ տվեք, — գոռաց Գիյոմը՝ ձեռքը խփելով սեղանին։ Նրա գլուխն արդեն պայթում էր այս երկու աղջիկների անդադար կռվից։ — Լսե՛ք ինձ։ Հասկանում եմ, որ ձեր երկուսի համար էլ անսովոր է մի տանիքի տակ ապրելը, բայց դուք պետք է սովորեք իրար հանդուրժել։ Դուք հիմա մի ընտանիք եք, և սա քննարկման ենթակա չէ։
​Նա շրջվեց դեպի Էմման՝ հայացքն ավելի խստացնելով։
— Իսկ դու, Էմմա՛, որպես այս տան հարազատ դուստր, պարտավոր ես լինել ավելի հյուրընկալ։ Այսօրվանից դու ես Բիանկային ամեն ինչ ցույց տալու։ Դու կշրջես նրա հետ, կսովորեցնես մեր օրենքները, կբացատրես Լասիների պատմությունն ու Ֆրանսիայի սովորույթները։ Դու պետք է օգնես նրան տանը զգալ, այլ ոչ թե թակարդներ լարես։
​Էմման ուզում էր ինչ-որ բան առարկել, բայց տեսնելով Գիյոմի վճռական դեմքը և Բիանկայի հաղթական, թեև թաց աչքերը, լռեց։ Սա նրա պատիժն էր։
​— Հասկացա՞ր, — հարցրեց Գիյոմը։
— Հասկացա, — ատամների արանքից ասաց Էմման։

Գիյոմի հետ ունեցած ծանր խոսակցությունից և Բիանկայի ներկայացրած «ներկայացումից» հետո Էմման զգում էր, որ իրեն օդ ու ջրի պես պետք է մեկը, ով իրեն իրոք կհասկանա։ Նա վերցրեց մի զամբյուղ, լցրեց թարմ մրգերով, անուշահամ թխվածքներով և իրենց այգուց քաղած բուժիչ բույսերով ու ուղղվեց դեպի Կլարա Դյուպոնի տունը։
Կլարան ապրում էր համեստ, բայց խնամված մի տան մեջ։ Չնայած նա հարուստ կյանքով չէր ապրում, նրա կերպարից ազնվականություն էր ճառագում։ Նա ուներ նուրբ դիմագծեր, խորաթափանց հայացք և երկար, ալիքաձև մազեր, որոնք հանգիստ թափվում էին ուսերին։ Կլարան ունի մեծ, նշաձև աչքեր, որոնց գույնը տատանվում է խորը շագանակագույնի և տաք մեղրագույնի միջև։ ​Նրա արտաքինում զգացվում է մի տեսակ ներքին լույս ու բարություն, ինչն էլ հենց այդքան շատ ձգում է Էմմային նրա հանդեպ։
Ընդամենը 15 տարեկանում նա արդեն երկու արու զավակների մայր էր՝ մեկ և երկու տարեկան, և նրա ողջ օրն անցնում էր նրանց խնամելով։
​— Էմմա՛, ինչպիսի՜ անակնկալ, — ժպտալով ասաց Կլարան՝ տեսնելով ընկերուհուն։
​Էմման անմիջապես լծվեց գործի։ Նա սկսեց խաղալ երեխաների հետ, որպեսզի Կլարան մի քիչ հանգստանա։ Նա դասավորեց բերած մրգերն ու թխվածքները սեղանին, իսկ բույսերից սկսեց օգտակար թուրմ պատրաստել երեխաների համար։
​— Սա ուժ կտա նրանց, — բացատրում էր Էմման՝ խառնելով թուրմը, — մեր այգու ամենաթարմ խոտերն են։
​Երբ երեխաները վերջապես քնեցին, տանը տիրեց երկար սպասված լռությունը։ Աղջիկները նստեցին պատուհանի մոտ, և Էմման սկսեց պատմել ամրոցում կատարվող իրադարձությունների, Բիանկայի երկերեսանիության և Գիյոմի հետ ունեցած վեճի մասին։
​Կլարան ուշադիր լսում էր, ապա հանկարծակի հարցրեց.
— Էմմա՛, իսկ Բիանկայի գալու օրվանից ի վեր դու քանի՞ անգամ ես մարզվել սրով։
​Էմման մի պահ շփոթվեց, հայացքը թեքեց ու կմկմաց.
— Ճիշտն ասած... չեմ հիշում։ Այնքան շատ են խնդիրները, որ ժամանակ չի մնում։
​Կլարան մոտեցավ նրան, ձեռքը դրեց ուսին ու հանգիստ ձայնով ասաց.
— Տեսնո՞ւմ ես, այդ աղջիկը չափից դուրս շատ ժամանակ է խլում քեզնից։ Դու կորցնում ես ինքդ քեզ նրա պատճառով։ Էմմա՛, հանձնվի՛ր։ Նա քո եղբոր կինն է լինելու և վերջ։ Թող նրանք իրենց հարցերը լուծեն, դու մի՛ խառնվիր։ Քո կյանքը մի՛ վատնիր նրա վրա։
​Էմման խորը շունչ քաշեց ու գրկեց ընկերուհուն։
— Իրոք որ, — շշնջաց նա, — այդ հիմար աղջկա վրա շատ է իմ թանկարժեք ժամանակը գնում։ Վերջիվերջո, նա Գիյոմի գլխացավն է, ոչ թե իմ։
​Մի փոքր լռելուց հետո Կլարան հայացքը հեռուն ուղղեց և ասաց.
— Գիտե՞ս, Էմմա, ես հասկացել եմ, որ միայն տան տնտեսուհի լինելը իմը չէ։ Ես ավելին եմ ուզում անել։
​— Ի՞նչ ես որոշել, — հետաքրքրությամբ հարցրեց Էմման։
— Ուզում եմ դպրոց բացել։
​Էմման զարմանքից աչքերը չռեց.
— Դպրոց... Իսկապե՞ս։ Դա հրաշալի միտք է։ Ես էլ երեխաներին կռվել կսովորեցնեմ։
​Կլարան բարձր ծիծաղեց, և Էմման էլ նրան միացավ։
— Տեսնո՞ւմ ես, — շարունակեց Կլարան, — այստեղ ապրելով ես ավելի հստակ տեսա սովորական մարդկանց խնդիրները։ Նրանք ոչ գրել գիտեն, ոչ հաշվել, ոչինչ։ Նրանք կարծում են, թե իրենց միակ գործը երեխաներ ունենալն ու աշխատելն է։ Երբ ես գիրք եմ կարդում, հարևանի երեխաները գալիս են, հետաքրքրվում, թե ինչ եմ անում։ Ստիպում են, որ իրենց ինչ-որ հետաքրքիր բան պատմեմ։ Ես էլ որոշեցի, որ կարելի է սովորեցնել նրանց՝ անվճար, իհարկե։
​Էմման ոգևորությամբ բռնեց Կլարայի ձեռքերը.
— Շատ լավ միտք է, Կլարա՛։ Ես հպարտ եմ քեզնով։ Սա այնքան ավելի կարևոր է, քան Բիանկայի քմահաճույքները։ Ես կօգնեմ քեզ ինչով որ կարողանամ։ Մենք միասին մի նոր բան կստեղծենք այստեղ։


Դպրոցի ստեղծման գաղափարը Էմմայի և Կլարայի համար դարձավ մի իսկական առաքելություն։ Էմման, չխնայելով իր երկար ժամանակ հավաքած խնայողությունները, շրջում էր շուկայով և գնում այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ուսման համար՝ մագաղաթներ, թանաքամաններ, փետուրե գրիչներ և մի քանի փայտե տախտակներ, որոնք պետք է ծառայեին որպես նստարաններ։
​Կլարան տրամադրեց իրենց տան լուսավոր ու ընդարձակ անկյունը։ Երեք օր շարունակ աղջիկները քրտնաջան աշխատում էին. մաքրում էին փոշին, դասավորում իրերը և ստեղծում մի տաքուկ վայր, որտեղ երեխաները իրենց լավ կզգային։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, նրանք դուրս եկան փողոց։
​— Բարև ձեզ, մենք դպրոց ենք բացել Կլարայի տանը, — ոգևորված ասում էր Էմման ամեն մի տան դուռը թակելիս։ — Ձեր երեխաները կարող են գրել ու կարդալ սովորել, իսկ դուք այդ ընթացքում մի քանի հանգիստ ժամ կունենաք ձեր գործերով զբաղվելու համար։
​Սակայն արձագանքները հուսադրող չէին։
— Գրել-կարդա՞լ։ Իմ տղային դա պետք չէ, նա պետք է հող մշակի, — դժգոհեց մի գյուղացի։
— Կմտածենք, — անտարբեր պատասխանում էին ոմանք։
​Օրվա վերջում Էմման և Կլարան տուն վերադարձան հոգնած ու հուսահատ։ Ոչ ոք ցանկություն չէր հայտնել գալու։ Կլարայի ամուսինը, ով ամբողջ օրը երեխաների հետ էր եղել, վերջապես շունչ քաշեց. փոքրիկները անվերջ լացում էին։
​— Էմմա՛, արդեն ուշ է, գնա՛ տուն, — հոգնած ժպտաց Կլարան։ Էմման ուզում էր մնալ ու օգնել, բայց տեսնելով ընկերուհու հայացքը՝ հասկացավ, որ պետք է հեռանա։
​Հաջորդ առավոտ Էմման արթնացավ ծանր գլխով։ Նա ամբողջ գիշեր չէր քնել՝ մտածելով, թե ինչպես շահի երեխաների ու ծնողների սիրտը։ Բայց հենց աչքերը բացեց, Բիանկան արդեն նրա սենյակի դռանն էր։
​— Էմմա՛, պետք է ինձ շուկա տանես, հետո օգնես ընտրել զարդերը, հետո... — անդադար խոսում էր նա։
​Էմմայի համբերությունը սպառվեց։ Նրան լռություն էր պետք։ Նա որոշեց փախչել տանից ու գնալ մի վայր, որտեղ նրան կլսեին, կհասկանային ու լավ կկերակրեին՝ Լեդի Էլինոր Վուդսթոքի տուն։
Լեդի Էլինորը 70-ամյա անգլուհի էր, ում ներկայությունն իսկ արդեն իշխող էր։ Նա բարձր խավի կին էր, ում ամեն մի կնճիռը պատմում էր իմաստնության և աննկուն կամքի մասին։
Նրա դեմքն ուներ խիստ ու ազնվական կառուցվածք։ Չնայած տարիքին, նրա մաշկը պահպանել էր մի տեսակ սառը գեղեցկություն։ Նրա աչքերը բաց երկնագույն էին, թափանցող ու խելացի, որոնք թվում էր՝ տեսնում են մարդու հոգու խորքը։Նա ուներ արծաթափայլ սպիտակ մազեր, որոնք միշտ խնամքով հարդարված էին նուրբ գանգուրներով՝ շրջանակելով նրա բարձր ճակատը։Էլինորը կրում էր թանկարժեք սև ժանյակներով զարդարված զգեստ, որն ընդգծում էր նրա կարգավիճակը։ Նրա վիզը զարդարում էր մի մեծ, սև քարով բրոշ, իսկ ականջներին փայլում էին նրբաճաշակ ականջօղեր։

​— Էմմա՛, — ասաց Էլինորը՝ տեսնելով շեմին կանգնած հոգնած աղջկան, — դու տեսք չունես։ Նստի՛ր, հիմա քեզ համար թեյ և տաք կերակուր կբերեն, իսկ դու ինձ կպատմես քո բոլոր «հերոսությունների» մասին։

Էմման արթնացավ Լեդի Էլինորի տան փափուկ բազկաթոռում։ Երկու-երեք ժամ տևած անխռով քունը նրան նոր ուժ էր տվել. մտքերը պարզվել էին, իսկ հոգնածությունը՝ նահանջել։ Նա լվացվեց սառը ջրով և գտավ տանտիրուհուն, ով պատշգամբում նստած իր թեյն էր վայելում։
​Էմման մոտեցավ նրան և սկսեց պատմել Կլարայի հետ ձեռնարկած գործի մասին։
— Լեդի Էլինոր, մենք ամեն ինչ պատրաստեցինք, նույնիսկ փոքրիկ գրիչներ ու նստարաններ գնեցինք, բայց... — Էմման հառաչեց, — կարծես թե այդ ամենն անիմաստ էր։ Ոչ ոք չի ուզում իր երեխային ուղարկել սովորելու։ Նրանց համար հողը մշակելն ավելի կարևոր է, քան տառաճանաչ լինելը։
​Լեդի Էլինոր Վուդսթոքը լուռ ժպտաց։ Նրան դուր եկավ դպրոցի միտքը։ Այս ազնվական անգլուհին միշտ էր մտածել, որ ժամանակները պետք է փոխվեն, և մարդկանց նպատակները պետք է ավելի հեռուն գնան, քան պարզապես հաց վաստակելն ու հողագործությամբ զբաղվելը։ Նա նայեց Էմմային ու մտածեց, որ այս աղջիկը իսկապես իրեն շրջապատել է իր նման «խենթերով», ովքեր չեն վախենում երազելուց։
— Էմմա՛, սիրելիս, մի՛ հուսահատվիր, — ասաց լեդի Էլինորը՝ դնելով թեյի բաժակը սեղանին, — մարդկանց մտածողությունը փոխելը աշխարհի ամենադժվար գործն է։ Բայց ես մի առաջարկ ունեմ։ Այս անգամ, երբ գնաք տնետուն, ասեք ծնողներին, որ ամեն երեխայի դիմաց, ով կգա դպրոց, ընտանիքը կստանա մեկ մեծ զամբյուղ ցորենի հատիկներ և մի տոպրակ գարի՝ ցանելու և բերք հավաքելու համար։ Աղքատ ընտանիքների համար հացի հարցն այսօր ամենակարևորն է։
​Էմման ապշած նայեց նրան։
— Լեդի Էլինոր, դուք իրո՞ք պատրաստ եք նման ծախսեր անել։ Դա փոքր գումար չէ։
​— Այո՛, իհարկե, — Լեդի Էլինորը թեթևակի աչքով արեց Էմմային, — ես այնպիսի հարստություն ունեմ, որ այդ ծախսը չեմ էլ զգա։ Իսկ այս գործն ավելի թանկ է, քան ցանկացած ոսկեդրամ։
​Էմմայի աչքերը փայլեցին։ Նա արագ վեր թռավ տեղից և համբուրեց լեդի Էլինորի ձեռքը։
— Լա՛վ, դե ես վազեմ Կլարայի մոտ։ Տեսնեմ՝ ինչ կասի նա, վերջիվերջո նա է այս գործի գլխավորը։ Համենայն դեպս, ես հրաշալի հանգստացա։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ես գնացի՛։
​Էմման շնչակտուր վազեց Կլարայի մոտ և պատմեց լեդի Էլինորի առաջարկի մասին։ Կլարան, լսելով լուրը, ուրախությունից քիչ էր մնում լաց լիներ։
— Էմմա՛, սա փրկություն է։ Ես համաձայն եմ, սա հաստատ կաշխատի։
​Նրանք նորից դուրս եկան փողոցներ, բայց այս անգամ լուրը կայծակնային արագությամբ տարածվեց։ Երբ մարդիկ լսեցին ցորենի և գարու մասին, նրանց կասկածները միանգամից ցրվեցին։ Օրվա վերջում Կլարայի տան փոքրիկ դպրոցում արդեն հավաքվել էր 10 երեխա։
​Առաջին դասը սկսվում էր։ Կլարան երեխաներին նստեցրեց սեղանների շուրջ։ Նրա ձայնը հանգիստ էր ու քաղցր, երբ սկսեց ծանոթանալ նրանց հետ։
— Բարև, երեխանե՛ր։ Այսօր մենք ոչ միայն կսովորենք տառերը, այլև կիմանանք, թե ինչպես է աշխարհը ստեղծվել, — ասում էր նա՝ շոյելով մի փոքրիկ տղայի գլուխը։

​Իսկ Էմման այդ ընթացքում զբաղված էր Կլարայի փոքրիկներով։ Նա նստել էր անկյունում, գրկել էր մեկ տարեկան տղային ու փորձում էր նրանց զբաղեցնել, որպեսզի չխանգարեն դասին։ Նայելով Կլարային ու երեխաների հետաքրքրասեր աչքերին՝ Էմման զգաց, որ սա իր կյանքի ամենակարևոր հաղթանակներից մեկն էր։ Բիանկան ու նրա քմահաճույքները հիմա թվում էին այնքան հեռու և աննշան։

Comments