Chapter 14
Մաս 14։Անվտանգության պատրանքը
Ծառաները վազվզում էին միջանցքներով, բժիշկներն ու մանկաբարձուհիները հերթով մտնում ու դուրս էին գալիս տիրուհու սենյակից, իսկ դրսում հերթապահ ասպետները, սովորաբար անտարբեր մնալով ամեն ինչի հանդեպ, այդ օրը մեկմեկու լուռ հարցնում էին.
— Լուր կա՞։
Ռոբեր դը Լասին արդեն ժամեր շարունակ քայլում էր քարե միջանցքով։ Նրա ձեռքերն անհանգիստ սեղմվում ու բացվում էին։ Մարտի դաշտում նա երբեք այսքան լարված չէր եղել։
Հանկարծ դուռը բացվեց։
Մանկաբարձուհին հոգնած, բայց ժպիտով դուրս եկավ։
— Շնորհավորում եմ, լորդ Ռոբեր։ Դուք աղջիկ ունեցաք։
Մի քանի վայրկյան Ռոբերը պարզապես կանգնած մնաց տեղում, ասես չէր հավատում լսածին։ Հետո արագ ներս մտավ։
Մատիլդան ուժասպառ պառկած էր մահճակալին, իսկ նրա կողքին, սպիտակ կտորի մեջ փաթաթված, հանգիստ քնած էր փոքրիկ աղջիկը։
Ռոբերը զգուշությամբ վերցրեց նրան գիրկը։
— Բարի գալուստ, փոքրիկ,— շշնջաց նա։
Նորածինը կամացուկ շարժվեց, հետո իր փոքրիկ մատներով բռնեց հոր ցուցամատը։
Ռոբերը ծիծաղեց։
— Տես, Մատիլդա... արդեն բաց չի թողնում։
Մատիլդան հոգնած ժպտաց։
— Երևի քեզ նման համառ կլինի։
— Հուսով եմ՝ քեզ նման խելացի էլ կլինի։
Ժամանակը դանդաղ, բայց անխուսափելիորեն առաջ էր գնում։
Շուտով փոքրիկ Էմման սովորեց քայլել։ Ամրոցի միջանցքներն այլևս հանգիստ չէին. ամեն օր ծառաներից մեկը լսում էր փոքրիկ ոտնաձայներ ու հետևից հնչող խուճապահար ձայն.
— Փոքրիկ լեդի՜... սպասե՛ք...
Էմման, ծիծաղելով, արդեն վազում էր դեպի այն սրահը, որտեղ ասպետներն էին հավաքվում։ Նրա ամենասիրելի զբաղմունքը նրանց կողքին նստելն էր։ Նա ժամերով նայում էր, թե ինչպես են զրահները մաքրում, սրերը սրում կամ վնասված վահանները նորոգում։
Երկու տարեկանում նրա ամենասիրելի բառը «ինչո՞ւ»-ն էր։
— Ինչո՞ւ է սա փայլում։
— Ինչո՞ւ է այս սուրը երկար։
— Ինչո՞ւ է ձին այդքան մեծ։
Երբ պատասխան էին տալիս, անմիջապես նոր հարց էր տալիս։
— Իսկ ինչո՞ւ...
Երբեմն ասպետները ծիծաղում էին։
— Լորդ Ռոբեր, ձեր աղջիկը մի օր մեզ բոլորիս կխենթացնի իր հարցերով։
Ռոբերը միայն ժպտում էր։
— Թող հարցնի։ Հարցնող երեխան ավելի արագ է սովորում։
Երեք տարեկանում Էմման արդեն ճանաչում էր ամրոցի բոլոր այն մարդկանց, ում ամեն օր տեսնում էր։ Նա հեշտությամբ հիշում էր անունները, իսկ եթե որևէ նոր զինվոր էր գալիս, առաջինը մոտենում էր նրան։
— Դու ո՞վ ես։
— Ռիչարդ։
— Իսկ դու սո՞ւր ունես։
Նորեկը ծիծաղում էր։
— Ունեմ։
— Կարո՞ղ եմ նայել։
Մինչ մյուս երեխաները տիկնիկներով էին խաղում, Էմման ժամերով հետևում էր, թե ինչպես են ասպետները մարզվում։ Նա նույնիսկ փայտի ճյուղ էր գտել ու պատկերացնում էր, թե դա իր սուրն է։
Չորս տարեկանում Ռոբերը սկսեց նրան ավելի հաճախ տանել իր հետ ախոռներ, դարբնոց և զորանոց։
— Սա նիզակ է,— բացատրում էր նա։
— Իսկ սա՞։
— Դա խաչաղեղ է։
— Իսկ ինչո՞ւ այս մեկը չի նմանվում մյուսին։
Ռոբերը երբեք չէր շտապում պատասխանել։ Նա գիտեր, որ աղջկա հետաքրքրասիրությունը սովորական չէ։
Մի օր Էմման ամբողջ օրը հետևում էր դարբնին, մինչև վերջինս, հոգնած ծիծաղելով, ասաց.
— Փոքրիկ լեդի, եթե այսպես շարունակվի, վաղը դուք ինքներդ կսկսեք սուր պատրաստել։
Էմման լրջորեն գլխով արեց.
— Երբ մեծանամ, կսովորեմ։
Բոլորը ծիծաղեցին։
...
Ամեն առավոտ, երբ ամրոցի բակը լցվում էր զինվորների վարժանքների ձայներով, Մատիլդան Էմմային տանում էր գրադարան։ Ծանր փայտե դարակների վրա շարված էին հին մատյաններ, պատմական գրքեր, սրբերի կյանքերը, բժշկության մասին ձեռագրեր ու պոեմներ։
Սկզբում Էմման չէր հասկանում, թե ինչու պետք է ժամերով նստի մի սենյակում, երբ դրսում ասպետներն էին մարզվում։
— Մայրիկ, կարելի՞ է հետո կարդանք, հիմա գնամ նայեմ, թե ինչպես են կռվում,— ամեն օր նույն հարցն էր տալիս նա։
Մատիլդան ժպտում էր։
— Սուրը միայն ուժեղ ձեռք է պահանջում, աղջիկս։ Իսկ խելքը պահանջում է համբերություն։ Եթե մեկը չունենաս, մյուսը քեզ երկար չի ծառայի։
Նրանք միասին սովորում էին տառերը, հետո՝ բառերը։ Երբ Էմման հոգնում էր, Մատիլդան սկսում էր պատմություններ պատմել հին թագավորների, գիտնականների ու խիզախ կանանց մասին։
Երբեմն նրանք դուրս էին գալիս ամրոցի պարտեզ։
Մատիլդան սովորեցնում էր, թե որ բույսն ինչ հատկություն ունի, որն է բուժում վերքերը, որն է իջեցնում ջերմությունը, որն է վտանգավոր։
— Ասպետը միայն նա չէ, ով կարողանում է սպանել,— ասում էր նա՝ պոկելով բուժիչ խոտի մի ճյուղ։— Երբեմն ավելի մեծ գործ է մեկ կյանք փրկելը, քան տասը խլելը։
Էմման ուշադիր կրկնում էր յուրաքանչյուր բույսի անունը՝ վախենալով մոռանալ։
Երեկոները երեքով նստում էին մեծ սեղանի շուրջ։ Ռոբերը պատմում էր որսի կամ զորավարժությունների մասին, իսկ Մատիլդան երբեմն ուղղում էր նրան՝ հիշեցնելով, որ աշխարհը միայն մարտադաշտ չէ։
Այդպիսի երեկոներից մեկի ժամանակ Ռոբերը ժպիտով նայեց աղջկան, որը փայտե սրով փորձում էր հացը կտրել։
— Առայժմ չեմ արգելում, որ տղայական խաղեր խաղա,— ասաց նա։— Նույնիսկ դուր է գալիս, որ ամեն քայլիս հետևից է վազում։ Բայց դա երկար չի շարունակվի։
Նա ձեռքը դրեց Մատիլդայի ափին։
— Շուտով մեր որդին կծնվի։ Այդ ժամանակ տղան իմ կողքին կմեծանա, իսկ աղջիկը՝ քո։ Այդպես է եղել միշտ և այդպես էլ պիտի լինի։
Մատիլդան մեղմ ժպտաց։
— Գուցե մինչև այդ Էմման այնքան բան սովորի քեզնից, որ հետո փոքր եղբորն ինքն էլ սովորեցնի։ Լավ մեծ քույր կլինի։
Ռոբերը ծիծաղեց ու գլուխը տարուբերեց։
— Մինչև այդ նա վաղուց կմոռանա իր ասպետական խաղերը։ Տղային հայրը պիտի մեծացնի, աղջկան՝ մայրը։
Մատիլդայի աչքերում խաղաց խորամանկ ժպիտը։
— Եթե այդպես է, ապա քեզ ու ապագա որդուդ խորհուրդ եմ տալիս լավ զինվել։ Ես Էմմային այնպես եմ մեծացնելու, որ նա լինի իսկական ինտելեկտուալ ասպետ։
Ռոբերը բարձր ծիծաղեց։
— Ինտելիգենտ ասպե՞տ։ Այդպիսի բան աշխարհում չի լինում։
— Կլինի,— վստահ պատասխանեց Մատիլդան։— Առաջինը հենց մեր աղջիկը կլինի։
Ռոբերը ձեռքով թեթև հարվածեց սեղանին ու կրկին ծիծաղեց։
Էմման ոչինչ չէր հասկանում նրանց խոսակցությունից։ Նա պարզապես հերթով նայում էր հորն ու մորը, հետո ինքն էլ սկսեց բարձր ծիծաղել՝ չիմանալով, թե ինչի վրա է ծիծաղում։
Երբ Էմման դարձավ հինգ տարեկան, Ռոբերը որոշեց, որ ժամանակն է առաջին անգամ նրան տանել որսի։
Առավոտյան նրանք անտառ մտան արևի առաջին շողերի հետ։ Խոտի վրա դեռ ցող էր, իսկ օդը լցված էր թաց հողի և սոճիների բույրով։
Ռոբերը ճանապարհին ոչ միայն որս էր փնտրում, այլև սովորեցնում էր աղջկան նկատել այն, ինչ ուրիշները չէին տեսնում։
— Տեսնո՞ւմ ես այս հետքերը։
Էմման կքանստեց և լրջորեն գլխով արեց.
— Փոքր են...
— Որովհետև նապաստակինն են։
— Իսկ սա՞։
— Աղվեսի։
Մի քանի ժամ անց Ռոբերը շրջվեց և հասկացավ, որ Էմման կողքին չէ։
— Էմմա՞...
Պատասխան չեղավ։
Նա արագ առաջ գնաց, երբ հանկարծ թփերի հետևից լսվեց մանկական հաղթական ճիչը.
— Հայրի՛կ, արի՛...
Ռոբերը վազեց ձայնի ուղղությամբ ու տեսավ մի տեսարան, որը դեռ երկար էր հիշելու։
Փոքրիկ Էմման, ամբողջովին ցեխոտված ու շնչակտուր, երկու ձեռքով ամուր բռնել էր նապաստակի երկար ականջները։ Նապաստակը փորձում էր ազատվել, ոտքերով խփում էր գետնին, բայց աղջիկը համառորեն չէր բաց թողնում։
— Տեսա՞ր,— հպարտ ասաց նա՝ հազիվ շունչ քաշելով։— Ես էլ կարողացա։
Ռոբերը ծնկի եկավ նրա կողքին։
— Կարողացար,— ժպտաց նա։— Իսկ հիմա ի՞նչ պիտի անես։
Էմման նայեց նապաստակին։ Նրա աչքերը կլոր էին ու վախեցած, փոքրիկ մարմինը դողում էր։
Մի քանի վայրկյան անց աղջիկը կամաց բաց թողեց կենդանու ականջները։
Նապաստակը մի ակնթարթ կանգ առավ, հետո կայծակի պես անհետացավ թփերի մեջ։
— Ինչո՞ւ բաց թողեցիր,— մեղմ հարցրեց Ռոբերը։
Էմման երկար նայեց այն ուղղությամբ, ուր փախել էր կենդանին։
— Ես ուզում էի ապացուցել, որ կարող եմ բռնել... ոչ թե սպանել։
Ռոբերը ոչինչ չասաց։ Միայն ձեռքը դրեց աղջկա գլխին ու թեթև շոյեց նրա մազերը։
Նրա աչքերում հպարտություն կար, բայց նաև ինչ-որ տխրություն, որի պատճառը Էմման դեռ չէր կարող հասկանալ։
Այդ երեկո, որսից վերադառնալուց հետո, երեքով նստել էին մեծ սեղանի շուրջ։ Ծառաները նոր էին մատուցել տաք շոգեխաշած միս, թարմ հաց ու բանջարեղեն։ Էմման, ամբողջ օրը անտառում վազելուց հոգնած, անհագ ախորժակով ուտում էր, իսկ կողքին դրված էր նրա «որսի պատմության» գլխավոր հերոսը՝ փայտից պատրաստված փոքրիկ խաղալիք սուրը։
Ռոբերը ժպիտով նայեց աղջկան։
— Այսօր լավ օր էր։ Չեմ կարծում, թե հինգ տարեկան երեխաներից շատերը կարող են նապաստակ բռնել։
Մատիլդան մեղմ ծիծաղեց։
— Իսկ ես կարծում էի՝ նա տուն կվերադառնա ծաղիկներով, ոչ թե ցեխի մեջ կորած։
— Վարպետ Հենրին թույլ չի տա, որ ես այստեղ մեռնեմ... Նա կգտնի ինձ։ Նա գիտի, թե ով եմ ես։ Իսկ Ռոբե՞րտը... Նա տեսավ, որ ես իրեն չեմ դավաճանել։ Նա արքայազն է, նա պետք է որ թագավորին համոզի... Նրանք ինձ մենակ չեն թողնի։ Ես պետք է դիմանամ։ Ես դեռ չեմ կարող մեռնել այս մութ անցքի մեջ։
Նա փակում էր աչքերը, սեղմում ծնկները կրծքին, ու պատին արված ամեն մի նոր գիծ դառնում էր նրա հավատի ու տառապանքի վկան։
***
Էմման շուտով պետք է դառնար վեց տարեկան։ Նա շարունակում էր ապրել իր ուրախ ու անհոգ կյանքով։ Մի երեկո, երբ նա իր դայակի հետ սենյակում խաղում էր, դուռը բացվեց, և ներս մտավ Գիյոմը։ Էմմայի դեմքը միանգամից փայլեց ուրախությունից. նա շատ էր սիրում իր զարմիկին, ում եղբայր էր համարում։
Գիյոմի ծնողների մահից հետո երեխային ապահովության համար ժամանակավորապես տարել էին վանք՝ հոգևորականների մոտ։ Այնտեղ նրան ոչ միայն խնամում ու դասեր էին տալիս, այլև ժամանակ էր պետք, որպեսզի Ռոբերը հասկանար, թե ինչպես են տնօրինելու որբ մնացած երեխայի խնամքն ու ծնողներից թողնված ժառանգությունը։
Գիյոմը մոտեցավ Էմմային ու ժպտալով ասաց.
— Էմմա՛, հորեղբայրն ասաց, որ ես արդեն այստեղ եմ ապրելու։ Էլ քիչ ժամանակով չենք տեսնվելու, միշտ միասին կլինենք։
— Ուռա՜, ինչ լավ է,— բացականչեց Էմման ու տեղից վեր թռավ։ — Ես էլ նոր խաղեր եմ հորինել։ Վաղը անտառում միասին կխաղանք։
Նրանք սկսեցին ծիծաղել, վազվզել ու խաղալ սենյակում, մինչդեռ ամրոցի մյուս թևում՝ Ռոբերի ու Մատիլդայի ննջարանում, իսկական սուգ էր տիրում։
Մատիլդան կորցրել էր երեխային։ Այնքան սպասված բալիկը ծնվել էր մահացած։ Եվ չնայած նրանք համոզված էին, որ տղա է լինելու, ու արդեն ապագա ասպետի համար պլաններ էին կազմում, պարզվեց, որ երեխան աղջիկ էր։ Ռոբերն ու Մատիլդան չափազանց ծանր տարան այս կորուստը։ Բժիշկները հայտնեցին տխուր լուրը. Մատիլդան այլևս երեխա ունենալ չէր կարող։ Էմման մնաց նրանց միակ զավակն ու ամրոցի միակ հույսը։
Հաջորդ ամիսները Էմմայի համար լավ անցան։ Նա, իհարկե, զգում էր ծնողների տխրությունն ու նրանց հաճախակի բացակայությունը, բայց այդ դատարկությունը լրացնում էր Գիյոմը։ Նրանք ամեն օր միասին էին՝ խաղում էին ու սովորում։
Շուտով Ռոբերը ստիպված եղավ նորից մեկնել պատերազմ։ Էմմայի համար դա նորություն չէր. նա սովոր էր, որ հայրը ամիսներով լքում էր տունը։ Ամուսնու մեկնելուց հետո Մատիլդան իր մեջ ուժ գտավ, դուրս եկավ մեկուսացումից ու սգից։ Երբ Ռոբերը տանը չէր, Մատիլդան էր դառնում ամրոցի լիիրավ տիրուհին ու տան տերը։ Նա որոշեց ամբողջությամբ զբաղվել երեխաների կրթությամբ։
Մինչ Գիյոմը բակում հատուկ մարզիչների հետ անցնում էր իր ասպետական ծանր դասերը, Մատիլդան Էմմային նստեցնում էր սեղանի շուրջ և սովորեցնում մաթեմատիկա ու ֆինանսներ կառավարել։
Մի օր Մատիլդան սեղանին դրեց մի քանի տոհմական մատյաններ ու հաշվետախտակ։
— Աղջիկս, նայիր այս թվերին,— մեղմ ձայնով ասաց Մատիլդան։ — Ասպետի կինը կամ ամրոցի տիրուհին պետք է ավելի լավ հաշվել գիտենա, քան թագավորի գանձապահը։ Եթե դու չիմանաս, թե ուր է գնում քո ոսկին, ամրոցը շուտով կդատարկվի։
Այդ ընթացքում պատուհանից լսվում էին Գիյոմի ու նրա մարզչի ձայները։ Գիյոմը փայտե ծանր սրով փորձում էր հարվածել մարզումների հրապարակի փայտե սյանը։
— Ավելի ամո՛ւր, լորդ Գիյոմ,— լսվում էր մարզչի խիստ ձայնը։ — Ասպետի բազուկը չպետք է դողա։ Նորից հարվածիր։
Գիյոմը, շնչակտուր եղած, բայց համառորեն բարձրացնում էր սուրը.
— Ես պատրաստ եմ, սեր Թոմաս։ Նորից ցույց տվեք պաշտպանության դիրքը։
Էմման երբեմն շեղվում էր մաթեմատիկայի թվերից, նայում էր պատուհանից դուրս՝ Գիյոմի վարժանքներին, ու նրա սիրտը թրթռում էր։ Նա լսում էր մոր խորհուրդները խելքի ու ֆինանսների մասին, բայց հոգու խորքում դեռ երազում էր այն օրվա մասին, երբ ինքն էլ Գիյոմի պես սուր կվերցնի ձեռքը։
Մութ, խոնավ քարանձավի իրականությունն անողոք էր։ Անցել էր մեկ ամիս, թե ավելին, Էմման արդեն ինքն էլ չգիտեր։ Օրերի ու գիշերների սահմանը վաղուց ջնջվել էր այս լռության ու կատարյալ մթության մեջ։
Հանկարծ քարանձավի միջանցքներից արձագանքող կոպիտ ձայներն ու շղթաների կլանգոցը խզեցին միապաղաղությունը։ Զինվորները նոր կալանավոր էին բերում. նրան մեծ աղմուկով հրեցին Էմմայի խցի կողքի պատժախուցը։ Երբ քայլերը հեռացան, ու ամեն ինչ նորից հանդարտվեց, Էմման, ով երկար ժամանակ էր, ինչ մարդկային ձայն չէր լսել ու ոչ մեկի հետ չէր շփվել, կամացուկ մոտեցավ ճաղերին։ Նա սեղմվեց խոնավ քարե պատին՝ հնարավորինս մոտենալով հարևան խցին, և ցածրաձայն հարցրեց.
— Ո՞վ ես դու...
Խավարից լսվեց մի տղամարդու հոգնած, հևացող ձայն։ Նա պատմեց, որ իրեն ձերբակալել են թագավորական պալատից թանկարժեք իրեր գողանալու համար։
Լսելով «պալատ» բառը՝ Էմմայի սիրտը սկսեց արագ բախվել։ Նա կառչեց երկաթյա ճաղերից ու անհանգիստ հարցերի տեղատարափ թափեց անծանոթի վրա.
— Ի՞նչ է կատարվում պալատում։ Որտե՞ղ է արքայազնը... իսկ Վարպետ Հենրի՞ն։ Այնտեղ Հենրի անունով մի ծերունի էր ապրում, ո՞ւր է նա։
Գողը հազաց, շղթաները շարժվեցին, ու նա դժկամությամբ պատասխանեց.
— Պալատում ամեն ինչ այնպես է, ինչպես միշտ... ոչինչ չի փոխվել։ Արքայազնը նույնպես իր անհոգ կյանքով է ապրում, զվարճանում է։ Իսկ այդ Հենրիին... եթե ճիշտ եմ հիշում, նա վաղուց լքել է թագավորական պալատը։ Նա այնտեղ չէ։
Այս խոսքերը շանթահարեցին Էմմային։ Նա ետ քաշվեց ու նստեց սառը հատակին։ Ուղեղում հազար ու մի միտք էր պտտվում. նա չէր հասկանում, թե որն է իրեն այսքան տանջելու և բանտարկելու իմաստը։ Ախր ինքը ոչ մի հանցանք չէր գործել, ոչինչ չէր արել։
Մտորումների մեջ նա սկզբում խորը տխրություն զգաց, հետո աչքերից արցունքներ հոսեցին։ Սակայն հուսահատությանը շատ արագ փոխարինելու եկավ կատաղի ատելությունը։ Ոչ Հենրին, ոչ էլ արքայազնը այս ամբողջ ընթացքում ոչ մի քայլ չէին արել իրեն փրկելու համար։ Նրան ուղղակի մոռացել էին այս աղբանոցում։
«Ոչ մեկին չեմ սպասելու։ Ինքս ինձ կփրկեմ»,— մտածեց նա, ու նրա ծնոտները սեղմվեցին։ Էմման որոշեց ամեն գնով փախչել այդտեղից։
Այս ամբողջ ժամանակահատվածում, ինչ նա փակված էր բանտում, Էմման ոչ մի օր չէր դադարեցրել մարզվելը։ Թեև խուցը փոքր էր, նա անաղմուկ կատարում էր թեթև, բայց արդյունավետ վարժություններ՝ մկաններն ամրացնելու համար։ Նա դա անում էր երեք պատճառով․ առաջին՝ որպեսզի տարիների մարզվածությունն ու ֆիզիկական ուժը չկորչեին, երկրորդ՝ որպեսզի կարողանար դիմանալ բանտապահների կոպիտ ծեծերին, և վերջինը՝ որ պատրաստ լիներ պաշտպանվելու ու փախչելու։