1. Պողպատե ժառանգություն

Chapter 13

Մաս 13։Ֆրանսուհին շոտլանդական պալատում

Գայլերի նկատմամբ տարած հաղթանակից հետո Էմման և Ռոբերտը նորից շարունակում են իրենց ճանապարհը՝ փորձելով գտնել որևէ ջրի աղբյուր։ Թեև երկուսն էլ լիովին ուժասպառ են, իսկ  կոկորդը չորացել է տապից ու ծարավից, այս անկեղծ ու ծանր զրույցը կարծես ուժ է տալիս նրանց՝ առաջ շարժվելու և ուշաթափությանը չտրվելու համար։
​Ձիու դանդաղ քայլերի տակ Ռոբերտը, ով դեռևս կառչած էր Էմմայի թիկունքից, լռությունը կոտրում է հերթական հարցով.
— Ուսուցի՛չ, ձեր պատմածից կարելի է ասել, որ ձեր հա՞յրն է՝ Հենրին, ձեզ սովորեցրել ասպետ լինել։
— Այո՛,— կարճ պատասխանում է Էմման՝ աչքերը ճանապարհից չկտրելով։
— Իսկ ես մի օր ձեզ պես ուժեղ կդառնա՞մ։
​Էմման թեթևակի ծիծաղում է, և այդ ծիծաղի մեջ այլևս չկա նախկին հեգնանքը։
— Հա՛, եթե շարունակես նույնպիսի համառությամբ մարզվել, կդառնաս։
​Ռոբերտը մի պահ լռում է, կարծես մտքում ծանրութեթև անելով տեսածը, ապա ավելի ցածր ձայնով հարցնում.
— Ի՞նչ եք զգացել առաջին սպանության ժամանակ։Դուք այնքան հանգիստ սպանեցիք անգլիացիներին... Դա ինձ համար սարսափելի ու վախենալու տեսարան էր։
​Էմման ձգում է սանձը, նրա հայացքը մտախոհ խորանում է անտառի հեռվում։
— Ես, երբ որոշեցի ասպետ դառնալ, մտածում էի, որ երբեք չի գա մի պահ, երբ ստիպված կլինեմ մարդ սպանել։ Կարծում էի, որ ցանկացած իրավիճակից կարելի է դուրս գալ, եթե ճիշտ օգտագործես ֆիզիկական ուժդ ու գիտելիքներդ։ Բայց պարզվեց, որ իրական կյանքը շատ ավելի բարդ է։ Երբեմն դու ստիպված ես անել բաներ, որոնք երբեք չես ուզեցել անել։ Այդ վայրկյանին պարզապես անջատվում է խիղճդ ու սկզբունքներդ և միանում է միայն մեկ բան՝ ողջ մնալու բնազդը։
​— Իսկ չե՞ք վախենում Աստծո առաջ հայտնվելուց՝ այդքան սպանությունից հետո,— հարցնում է Ռոբերտը՝ անհանգիստ շարժվելով ձիու վրա։ — Չէ՞ որ մեր եկեղեցին դեմ է սպանությանը։ Գիտեմ, որ իմ ձեռքերն էլ մի օր արյունոտվելու են՝ ուզեմ թե չուզեմ։ Եկեղեցու կամքն այն է, որ եթե սպանում ես հանուն քո երկրի պաշտպանության, դա մեղք չէ։ Բայց ասպետների առումով ամեն ինչ մի քիչ անհասկանալի է... Դուք իրար սպանում եք թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակում՝ մրցումների ժամանակ կամ ինչ-որ կնոջ համար։ Դա մեղք է, և դրա համար պատասխան եք տալու։ Դուք երկար աղոթքներ անո՞ւմ եք, կամ պահք պահո՞ւմ եք։ Ասում եմ դա կօգնի մեղքերի թողության համար։
Էմման մի փոքր լռում է՝ փորձելով ճիշտ ու դիպուկ բառեր գտնել պատանու համար։ Անտառի լռության մեջ միայն լսվում է ձիու պայտերի դոփյունը։ Վերջապես նա խոսում է.
​— Մարդը չի կարող նախապես իմանալ, թե ինչ է իրեն սպասում։ Երբ փոքր էի, կարծում էի՝ եթե ազնիվ լինեմ ու ճիշտ վարվեմ, երբեք ստիպված չեմ լինի մարդու կյանք խլել։ Բայց կյանքը միշտ չէ, որ ընտրություն է տալիս։
​Նա մի պահ նորից նայում է հեռուն, և նրա ձայնը դառնում է է՛լ ավելի հաստատուն.
​— Եկեղեցին սովորեցնում է, որ հայրենիքը պաշտպանելիս գործած սպանությունը մեղք չէ։ Գուցե այդպես էլ լինի։ Բայց նույնիսկ եթե բոլոր թագավորներն ու բոլոր քահանաները քեզ ասեն, որ ճիշտ ես վարվել, դա քեզ չի ազատում քո սեփական խղճից։
​Էմման խորը շունչ է քաշում, նրա ուսերը թեթևակի բարձրանում ու իջնում են.
​— Ինչ իշխան էլ կանգնած լինի քո գլխին, քո հոգու պատասխանատվությունը միայն քոնն է, Ռոբե՛րտ։ Ինչ ճանապարհ էլ ընտրես, ում կամքն էլ կատարես, վերջում հենց դո՛ւ ես պատասխան տալու քո արարքների համար։ Եվ երբ կանգնես Աստծո առաջ, չես կարող արդարանալ՝ ասելով, թե պարզապես կույր կերպով կատարել ես ուրիշի հրամանները՝ առանց մտածելու պատվի, արժանապատվության ու հետևանքների մասին։
​Նա թույլ ժպտում է, բայց այդ ժպիտի մեջ անսահման տխրություն ու ծանրություն կա.
​— Դրա համար էլ ես ամեն սպանությունից հետո աղոթում եմ։ Բայց ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ մոռանալ արածս, այլ որովհետև չեմ ուզում երբևէ սովորել դրան։ Այն օրը, երբ մարդու կյանք խլելը դադարի ծանր լինել ինձ համար, այդ օրը ես այլևս ասպետ չեմ լինի։
​Ռոբերտը լուռ մնում է նրա թիկունքում՝ լիովին ազդված ուսուցչի խոսքերից։ Այս խրատը նրա մեջ տպավորվում է ավելի խորը, քան պալատում լսած ցանկացած այլ դասախոսություն։
Անտառի լռության մեջ հանկարծ հեռվից մարդկանց աղոտ ձայներ են լսվում։ Էմման իսկույն լարվում է և կանգնեցնում ձին։ Նա շրջվում է դեպի արքայազնը և արագ, բայց ցածր ձայնով հրահանգում.

— Ռոբե՛րտ, արագ հանի՛ր թիկնոցդ ու շրջի՛ր հակառակ կողմով, որտեղ ոչ մի նշան ու զինանշան չկա։ Մենք չգիտենք, թե ովքեր են նրանք, և պետք չէ, որ որևէ մեկը հասկանա քո թագավորական ընտանիքից լինելը։ Նաև թաքցրո՛ւ սուրդ թիկնոցիդ տակ. դրա կոթի վրայի զինանշանը քեզ անմիջապես կմատնի։
Ռոբերտն առանց ավելորդ խոսքերի ենթարկվում է ուսուցչի խորհրդին։ Նրանք զգուշությամբ առաջ են շարժվում և, մոտենալով ձայներին, ծառերի արանքից տեսնում են մի քանի հոգու, ովքեր հանգիստ կանգնել էին մի վճիտ առվակի մոտ ու ջուր էին խմում։
​Տեսնելով, որ վտանգ չկա, Էմման ու Ռոբերտը մոտենում են նրանց, քաղաքավարի բարևում և անմիջապես շտապում դեպի առվակը։ Ծարավը խեղդում էր երկուսին էլ. նրանք ագահությամբ խմում են սառնորակ ջուրը՝ զգալով, թե ինչպես է կյանքը հետ վերադառնում իրենց մարմին։ Ամեն ինչ հանգիստ էր անցնում։ Ջուր խմելուց հետո Էմման դիմում է այդ մարդկանց.
​— Բարի՛ օր, հարգելիներս։ Մենք մեր ճանապարհը կորցրել ենք այս անտառում։ Կարո՞ղ եք ասել՝ մոտակայքում որևէ գյուղ կամ քաղաք կա՞։
​Մարդիկ բարյացակամորեն բացատրում են ճանապարհը, ցույց տալով, թե որ կողմով պետք է գնալ անտառից դուրս գալու համար։ Էմման շնորհակալություն է հայտնում, և նրանք Ռոբերտի հետ անցնում են առաջ։
​Մի քանի ժամ շարունակ ձիով ընդհանուր ճանապարհով ընթանալուց հետո, վերջապես, անտառի խիտ ծառերը հետ են քաշվում, և նրանք դուրս են գալիս բաց տարածություն։ Ճանապարհը նրանց հասցնում է մի փոքր, խաղաղ քաղաքի։ Այդ ժամանակ արդեն  գիշեր էր։ Ուժասպառ, քաղցած ու լիովին հոգնած ճամփորդները հայտնվել էին մի անծանոթ վայրում՝ առանց մի կոպեկ գումարի։
Էմման ձիուն կապում է մոտակայքում և Ռոբերտի հետ մոտենում քաղաքի միակ բաց պանդոկին, որտեղից ուտելիքի հաճելի հոտ էր գալիս։ Նրանք ներս են մտնում։ Էմման հաստատուն քայլերով մոտենում է բարի աշխատողին և ցածր ձայնով ասում.
​— Բարի գիշեր։ Մենք երկար ճանապարհ ենք անցել և հիմա ոչ մի գումար չունենք, բայց իմ ուղեկիցը շատ սոված է։ Եթե մեզ մի քիչ ուտելիք տաք, ես փոխարենը կլվամ բոլոր ափսեները և  կմաքրեմ պանդոկի տարածքը։
Աշխատողը տեսնելով նրանց ուժասպառ վիճակը համաձայնվում է։Շուտով նրանց սեղանին է հայտնվում իրենց առաջին նորմալ ուտեստը՝ մի կտոր հասարակ պանիր, սև հաց և մի քանի խաշած կարտոֆիլ։
​Արքայական շքեղությանը սովոր Ռոբերտը, իհարկե, ամենևին ուրախ չէր նման աղքատիկ սեղանից։ Նա մի պահ հուսահատ նայում է կարտոֆիլին, բայց սովածությունն իրենն անում է։ Կծելով առաջին կտորը՝ նրան թվում է, թե դրանից համով ուտելիք աշխարհում չկա։ Առանց այլևս ոչ մի բառ դժգոհելու՝ արքայազնը սկսում է արագ ու մեծ ախորժակով ուտել։
​Երբ նրանք վերջացնում են, Էմման, ինչպես խոստացել էր, անցնում է իր գործին։ Նա անդրդվելիորեն լվանում է կուտակված ափսեները և մաքրում պանդոկի հատակը, մինչև որ ամբողջությամբ փակում է իրենց պարտքը։
​Այդ ամենից հետո նրանց անհրաժեշտ էր մի տեղ գիշերել։ Էմման նկատում է մի հին ախոռ։ Զգուշությամբ, որպեսզի տարածքի տերը ոչ մի բան չնկատի, նրանք գաղտնի ներս են սողոսկում։ Չոր խոտերի վրա տեղավորվելով՝ նրանք վերջապես փակում են աչքերը՝ անհանգիստ, բայց անվտանգ գիշեր անցկացնելով այդ համեստ ախոռում։
Առավոտյան նրանք արթնանում են նրանից, որ տան տիկինը նրանց փայտով հարվածում է.
— Դո՛ւրս կորեք, անամոթնե՛ր։ Սրանց տեսեք, տեղ են գտել քնելու... Կորե՛ք այստեղից, թե չէ կացինս կբերեմ։
​Էմման, արագ ցատկելով տեղից, ձեռքով հրում է Ռոբերտին դեպի ելքը.
— Ներողություն, տիկի՛ն, և շնորհակալություն ախոռի դուռը բաց թողնելու համար։
​Այս խոսքերի հետ մեկտեղ նրանք շտապով փախչում են ախոռից՝ իրենց հետ վերցնելով Կայծակին։ Բավականին հեռանալով այդ տարածքից, որտեղ այլևս չէին լսվում կատաղած տիկնոջ անեծքները, Էմման և Ռոբերտը կանգ են առնում ու սկսում բարձրաձայն ծիծաղել այդ ամբողջ իրավիճակից։
​— Ժամանակն է տուն վերադառնալու, արկածների համար արդեն բավական է,— ծիծաղի միջից ասում է Էմման։

Ճանապարհին նրանք հանդիպում են մի վաճառականի, ով փողոցում շարել ու վաճառում էր տարբեր հնամաշ իրեր։ Ռոբերտը հետաքրքրությամբ մոտենում է.
— Բարև ձեզ, էս ի՞նչ իրեր են, ի՞նչ եք վաճառում։
— Օ՜օօ, բարի օր, սինյո՛ր,— լայն ժպտում է վաճառականը։ — Ես շատ տարբեր և հետաքրքիր իրեր կարող եմ առաջարկել ձեր և ձեր գեղեցիկ տիկնոջ համար։
— Օ՛, մենք ամուսիններ չենք,— անմիջապես ուղղում է Էմման։
​Վաճառականը է՛լ ավելի լայն է ժպտում.
— Ափսո՛ս, իրար շատ սազում եք։ Ես վաճառում եմ իրեր, որոնք գտնված են, կամ էլ մարդիկ ուղղակի գումարի խնդիր են ունեցել, և ես գնել եմ նրանցից ու հիմա վերավաճառում եմ։ Ախր բոլոր իրերն էլ պետք է ունենան իրենց տերերին, ինչպես ամեն կին՝ իր տղամարդուն։
​Էմման ձանձրույթից աչքերը ֆռացնում է, իսկ Ռոբերտը քմծիծաղ է տալիս։
— Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կարելի է գնալ արքայական պալատ,— հարցնում է Էմման՝ ցանկանալով արագացնել ընթացքը։
— Այո՛, դա մի փոքր հեռու է այստեղից, բայց եթե հիմա շարժվեք, այսօր կհասնեք։
​Այդ պահին Ռոբերտի ուշադրությունը գրավում է սեղանին դրված մի զարդ։
— Տեսե՛ք, ինչ ծիծաղելի իր է... Արջ է, հա՞։ Շատ վատ աշխատանք է, ու հենց դրանից էլ դարձել է ծիծաղելի։ Նայե՛ք, աչքերը տարբեր չափսերի են,— բարձր ծիծաղում է նա մի բրոշի վրա։
— Հա՛, Ռոբերտ, սպանեցիր, ծիծաղելի է... բայց արդեն գնանք,— անհամբեր ասում է Էմման։
— Բայց ինչո՞ւ շտապենք, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ իրեր կան այստեղ։ Հինգ րոպե, խնդրում եմ, Ուսուցի՛չ, մնանք այստեղ,— նա նայում է Էմմային՝ փորձելով ազդել նրա խղճի վրա։
— Լավ, բայց միայն հինգ րոպե,— տեղի է տալիս աղջիկը։
​Ռոբերտն ուրախացած անցնում է գործի։ Նա արագ ուսումնասիրում է ամեն մի իր, հարցնում, թե ինչ է դա, որքան արժի և ինչի համար է օգտագործվում։
— Սա ի՞նչ է, անհասկանալի ֆորմա ունի,— հարցնում է տղան՝ ձեռքը վերցնելով մի փոքրիկ առարկա։
— Դրանք կապարե փոքրիկ սրվակներ են, որոնք կրում են պարանոցին։Դրանց մեջ լցնում են սուրբ աղբյուրների ջուրը կամ այն ջուրը, որով լվանում են տեղական սրբերի մասունքները,— բացատրում է վաճառականը։
— Օ՜օօ... Իսկ սա անգլիական մետաղադրա՞մ է։ Երևի պատերազմի ժամանակ ինչ-որ մեկն է վերցրել։ Տարօրինակ է, որ սա վաճառում եք. մեզ՝ շոտլանդացիներիս, դա պետք չէ։
— Ոչ միայն մետաղադրամներ, շատ այլ բաներ կան պատերազմից բերված։ Նայե՛ք այս վահանին, ճիշտ է՝ կոտրված է, բայց անգլիական է։ Իսկ սա անգլիական զինանշան է, երևի հագուստի վրա է եղել... ճարմանդներ (ճարմանդ-օղակներ)։ Օ՜, նաև ունեմ մի քանի անգլիական սուր։
— Սրանք որպես ռազմավար (ավար) են բերվե՞լ,— հարցնում է Ռոբերտը։
— Իհարկե՛։ Նայեք սրերին, թեև մեր պատրաստածներն ավելի լավն են, չէ՞,— ծիծաղում է վաճառականը։
​Ռոբերտը նայում է սրերին ու դիմում Էմմային.
— Ուսուցի՛չ, նայեք անգլիական սրերին։ Ես շատ բան չեմ հասկանում դրանցից, ձեր կարծիքն է հետաքրքիր։
​Տեսնելով, որ Էմման ընդհանրապես հետաքրքրված չէ, նույնիսկ իր կողմ չի նայում և անտարբեր կերպով Կայծակի բաշն է շոյում, Ռոբերտը վերցնում է սրերից մեկը, մոտենում ու պարզում է նրան.
— Դե՛, Ուսուցի՛չ, ասեք ինձ այս սրի պատմությունը։
​Էմման հասկանում է, որ արքայազնը նրան հանգիստ չի թողնի։ Նա հոգնած հառաչում է, վերցնում զենքը և, պրոֆեսիոնալի հայացքով զննելով այն, տալիս է սրի լիարժեք նկարագրությունը.
​— Սա մեկձեռնանի սուր է։Խաչաձև դասական սուր, որը կրում են գոտկատեղին՝ որպես օժանդակ (երկրորդական) զենք։ Այն օգտագործում են վահանի կամ փոքր կլոր վահանի՝ բակլերի հետ զույգով։ Շեղբի երկարությունը կազմում է մոտավորապես 70–80 սանտիմետր։
Նա սուրը հետ է տալիս Ռոբերտին ու ավելացնում.
— Իսկ հիմա, եթե վերջացրեցիր քո հարցուփորձը, վերադարձրո՛ւ զենքը և շարժվենք առաջ։
Ռոբերտը տխրեց և հետ դրեց սուրը։
_Օրիորդ երևում է շատ բան գիտեք և այս երիտասարդին էլ է հետաքրքրում տեսեք ինչպես է տխրել ախր մեղկ է։ Եկեք դուք մյուս սրերի մասին էլ պատմեք ինձ էլ է շատ հետաքրքրում համ էլ կիմանամ թէ ինչ եմ վաճառում։
Ասած վաճառականը ։
Էմման նայելով վաճառականի կեղծ և տգեղ ատամներով լայն ժպիտին ասաց.
_Լավ,բայց ինֆորմացիան անվճար չի լինում չէ՞
_Իհարկեեե՜, դուք ասեք ամենը ինչ գիտեք բոլոր սրերի մասին իսկ ես ձեզ անվճար կտամ ցանկացած իր։
_Համաձայն եմ։

Էմման վստահորեն վերցրեց  զենքը, մատներով անցավ դրա սառը շեղբի վրայով։
— Սա Երկար կամ Մեկուկես ձեռքանի սուր է: Սա ունի երկարացված բռնակ, որը թույլ է տալիս սուրը բռնել երկու ձեռքով՝ առավել հզոր հարված հասցնելու համար։ Շեղբի երկարությունը հասնում է 90–100 սանտիմետրի։
​Նա զենքը զգուշությամբ դրեց հարթակի վրա և մատնացույց արեց հաջորդը.
— Իսկ այս մի սուրը, դասակարգման համաձայն, Մեկձեռքանի սուր է: Այն պատրաստված է միջին ածխածնային պողպատից, որը թրծվել է ջրի կամ յուղի մեջ։ Շեղբի երկարությունը 65-ից մինչև 75 սանտիմետր է, իսկ ընդհանուր քաշը կազմում է 0,9–1,1 կիլոգրամ։ Այն օգտագործվում է վահանի հետ համատեղ։ Այն հրաշալիորեն համապատասխանում է ինչպես հզոր ջախջախիչ հարվածներ հասցնելու, այնպես էլ զրահաշապիկի օղակների արանքները խորը խոցող հարվածներ հասցնելու համար։
​Վաճառականի շուրջը մի քանի մարդիկ հավաքվեցին. ոմանք գնումներ էին անում, ոմանք էլ՝ պարզապես հետաքրքրությամբ նայում։ Նրանցից մեկը համեցավ առաջ և մի սուր մեկնելով Էմմային՝ հարցրեց.
— Օրիորդ, իսկ սա՞։
​Էմման թեթևակի ժպտաց, զննեց զենքը և ասաց.
— Հմ, սա «Պատերազմ» մեկուկես ձեռքանի սուրն է։ Այն հզոր զենք է՝ ծանր հետևակին և զրահաշապիկներով պատված ռազմիկներին ջախջախելու համար։ Պատրաստված է բարձր ածխածնային պողպատից, որն ունի երկաթե միջուկ՝ ճկունությունն ապահովելու համար։ Երկարությունը 85-ից 95 սանտիմետր է, իսկ քաշը՝ 1,4–1,7 կիլոգրամ։ Ռազմիկն այն բռնում է երկու ձեռքով, որպեսզի հասցնի սոսկալի ուժգնության ջախջախիչ հարվածներ, որոնք ընդունակ է կիսել վահանը կամ սաղավարտը։
​— Իսկ այս մյո՞ւսը, — հարցրեց մի անցորդ, ով ուղղակի մեծ հետաքրքրությամբ լսում էր Էմմային։
​Էմման վերցրեց հաջորդ ծանր զենքը, թափահարեց օդում և շարունակեց.
— Սա հեծյալի զենք է։ Ձիավարության ժամանակ այն մեկ ձեռքով լիարժեքորեն կառավարելը դժվար էր, այդ պատճառով ասպետը բաց էր թողնում սանձերը և անցնում երկու ձեռքով բռնվածքին։ Այս սրի մեկ հարվածը կարող էր կիսել թշնամու զրահաշապիկը՝ սաղավարտի և ձիու հետ միասին։ Շեղբը դարբնվել է գոտիական թրծման մեթոդով. փափուկ երկաթե միջուկն ապահովում էր ճկունություն (որպեսզի սուրը չկոտրվի), իսկ գերկարծր պողպատից պատրաստված սայրերը պահպանում էին ածելու պես սրությունը։ Երկարությունը 120–130 սանտիմետր է, իսկ քաշը՝ 1,6–1,9 կիլոգրամ։
Բոլոր ներկաները հիացմունքից սկսեցին ծափահարել Էմմային։ Նրա գիտելիքներն ու վստահությունը ապշեցրել էին ամբոխին։
​Էմման վստահ ու սառը հայացքով նայեց վաճառականին և ասաց.
— Ես վերցնում եմ այս սուրը, ինչպես որ պայմանավորվել էինք։
​Վաճառականը, տեսնելով, թե ինչ արժեքավոր զենք է պատրաստվում բաց թողնել իր ձեռքից, խառնվեց իրար։ Նա սկսեց կմկմալ ու արդարանալ.
— Բ-բ-բայց դա թանկարժեք իր է... միգուցե ընտրեք այլ բա՞ն։ Ես այն չեմ տա անվճար, օրիորդ։
​Էմման, առանց հայացքը շեղելու, հանկարծակի մի շարժումով պատյանից հանեց իր սեփական սուրը և շրխկոցով նետեց վաճառականի դիմաց՝ սեղանին։
— Սա շոտլանդական սուր է, — հաստատուն ձայնով ասաց Էմման։ — Պատրաստված է ներկրված ածխածնային պողպատից՝ երկաթե միջուկով։ Երկարությունը 100–110 սանտիմետր է, քաշը՝ 1,8–2,2 կիլոգրամ։ Սա ճեղքման զենք է։ Հետևակայինն այն պահում է խստորեն երկու ձեռքով և լայն թափով հարվածներով ջախջախում է անգլիացի նիզակակիրների շարքերը կամ տապալում ասպետների ձիերին։
Ապա նա վերցրեց իր ընտրած սուրը, ուղղեց մեջքը և ավելացրեց.
— Սուրն իմն է։ Ես այն գնում եմ՝ ձեզ տալով շոտլանդական հիանալի սուր և թանկարժեք տեղեկատվություն։ Հաջողություն։
​Էմման թեթևությամբ թռավ ու նստեց ձին։ Ռոբերտը, որ մինչ այդ կատարյալ շոկի մեջ հետևում էր այս ամբողջ տեսարանին, արագ ուշքի եկավ և հետևեց նրան։Նրանք սլացան առաջ՝ փոշու ամպ թողնելով իրենց ետևից։
​Իսկ վաճառականի բերանը բաց էր մնացել զարմանքից. նա քարացած կանգնել էր ու հայացքով ապշահար հետևում էր հեռացող ձիուն և իր սեղանին փայլող շոտլանդական հզոր սրին։

Մինչ թագավորական պալատ հասնելը, Էմման կանգ է առնում ու հագնում իր երկաթե զինահագուստը։ Սաղավարտն ու ծանր զրահը լիովին թաքցնում են նրա մարմնի կառուցվածքը. նա այլևս աղջկա նման չէր, այլ կատարյալ ռազմիկի։
​Նախքան ձին առաջ շարժելը, Էմման սաղավարտի արանքից նայում է պատանուն և ցածր, լուրջ ձայնով ասում.
— Ռոբե՛րտ, ինձ թվում է՝ դու իմ գաղտնիքը կպահես, չէ՞։
— Իհարկե, Ուսուցի՛չ,— վստահ պատասխանում է Ռոբերտը։ — Այն ամենը, ինչ պատահեց մեզ հետ, ապացուցեց, որ ասպետ լինելու համար պարտադիր չէ տղամարդ լինել։ Ես կսկսեմ իմ ամբողջ ուժը ներդնել, որպեսզի ձեր բոլոր դասերը լավ սովորեմ։
​Էմման թեթևակի ժպտում է զրահի տակ, և նրանք շարժվում են առաջ։
​Երբ հասնում են պալատի հզոր պատերին, դարպասները դանդաղորեն բացվում են։ Պահակները, տեսնելով Ռոբերտի թագավորական տոհմի սուրն ու հագուստը, անմիջապես ճանաչում են նրան։ Ամբողջ տարածքով մեկ արձագանքում է նրանց ձայնը.
— Արքայա՛զնը վերադարձել է։ Արքայա՛զնը վերադարձել է։
​Այս խոսքերից հետո ներսից ձիերով վազելով դուրս են գալիս զինվորականները և վայրկյանների ընթացքում շրջապատում նրանց։ Սակայն, ի զարմանք Ռոբերտի, զինվորները հանկարծ իրենց զենքերը ուղղում են Էմմայի կողմը և սպառնալից հրամայում.
— Իջի՛ր ձիուց։
​— Ես արքայազնի ուսուցիչն եմ՝  Լուի Բեռնարը,— հանգիստ ու հաստատուն ձայնով ասում է Էմման։
Բայց այդ լուրը ոչինչ չի փոխում զինվորականների համար։ Նրանք ավելի խիստ կրկնում են հրամանը՝ պահանջելով ցած դնել զենքը։ Էմման, հասկանալով, որ դիմադրությունն անօգուտ է հանձնում է սուրը և իջնում ձիուց։ Նույն վայրկյանին զինվորները կոպտությամբ բռնում են նրան, տապալում գետնին և արագ կապում ձեռքերը։
Ռոբերտը կատարյալ շոկի մեջ էր տեսածից։ Նա ձիու վրայից բարկացած գոռում է.
— Վե՛րջ տվեք։ Նա իմ կյանքն է փրկել։ Սա հրամա՛ն է, բա՛ց թողեք նրան հենց հիմա։
​Զինվորականների հրամանատարը մոտենում է, գլուխ խոնարհում Ռոբերտի առջև և հարգանքով ասում.
— Ձե՛րդ Գերազանցություն, գահաժառանգ արքայա՛զն, մենք ձեզ կուղեկցենք պալատ, ձեզ այնտեղ սպասում են։ Իսկ մնացած հարցերով մենք ինքներս կզբաղվենք, պետք չէ անհանգստանալ։
​Ռոբերտը, տեսնելով, որ զինվորներն իրեն հիմա չեն լսի, խորը շունչ է քաշում, նայում գետնին կապված Էմմային ու ինքն իրեն խոստանում, որ ամեն ինչ կուղղի.
— Լա՛վ, ես ինքս կլուծեմ այս թյուրիմացությունը։ Գնա՛նք պալատ։

Արքայազն Ռոբերտը շտապ քայլերով ներս է մտնում գահասրահ, որտեղ նրան անհանգիստ սպասում էր հայրը՝ թագավորը։ Տեսնելով ողջ ու առողջ որդուն՝ թագավորի դեմքին թեթևացում է հայտնվում, բայց Ռոբերտը, առանց ժամանակ կորցնելու, հուզված ու շնչակտուր սկսում է պատմել այն ամենը, ինչ կատարվել էր իրենց հետ անտառում։ Նա պատմում է անգլիացիների հանկարծակի հարձակման, գայլերի դեմ դաժան կռվի և այն մասին, թե ինչպես է ասպետ Լուին իր կյանքը վտանգելով փրկել իրեն։
​— Հա՛յր, նա իսկական հերոս է։ Եթե նա չլիներ, ես հիմա քո առջև կանգնած չէի լինի,— ոգևորված ու պարտականության խորը զգացումով ավարտում է Ռոբերտը։
​Թագավորը լուռ լսում է որդուն։ Նրա դեմքին ոչ մի էմոցիա չի արտահայտվում, իսկ աչքերում սառնություն է տիրում։ Նա ոչ մի բառ չի ասում։ Այդ պահին գահասրահի ծանր դռները դանդաղորեն բացվում են, և զինվորները ներս են բերում Էմմային՝ ձեռքերը թիկունքում ամուր կապված։ Նա դեռևս իր ծանր, երկաթե զինահագուստով էր, որը լիովին թաքցնում էր նրա ինքնությունը։
Թագավորը բարձրացնում է հայացքը և սառը, անդրդվելի ձայնով հրամայում.
— Հանե՛ք նրա զինահագուստը։
​Ռոբերտի աչքերը զարմանքից ու վախից լայնանում են։ Նա մի քայլ առաջ է անում՝ փորձելով փակել Էմմային։
— Ի՞նչ... Ինչի՞ համար, հա՛յր։ Պետք չէ՛, մի՛ արեք դա։ Նա իմ ուսուցիչն է։
​Սակայն զինվորականները չեն լսում արքայազնին։ Նրանք անմիջապես կատարում են թագավորի հրամանը։ Կոպիտ շարժումներով նրանք մեկ առ մեկ քանդում են զրահի ամրակները և հանում ծանր երկաթե հանդերձանքը՝ հատակին գցելով նաև այն սուրը, որը Էմման քիչ առաջ էր ձեռք բերել։ Երբ սաղավարտն ու զրահը վերջնականապես հանվում են, գահասրահում ներկա գտնվողների առջև հայտնվում է մի երիտասարդ աղջիկ՝ երկար, խառնված մազերով ու հոգնած, բայց հպարտ հայացքով։
​Ռոբերտը քարանում է՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում, իսկ թագավորը ծանր քայլերով իջնում է գահից, մոտենում որդուն և ձեռքը դնում նրա ուսին։
​— Ռոբե՛րտ, այս աղջիկը միայն քեզ չէ, որ խաբել է,— ասում է թագավորը՝ մատնացույց անելով Էմմային։ — Նա ծառայում է սատանային և մեր թշնամիներին։ Նա հավաստիացրել է մեզ, թե մեր բարեկամն է, բայց թիկունքից հարվածել է մեզ, և դրա պատասխանը նա հենց հիմա՛ կտա։
​Էմմայի սիրտը սկսում է արագ բաբախել։ Նա լիովին շփոթված էր, բայց աչքերի մեջ վախ չկար, միայն՝ անարդարության դեմ ցասում։
— Վեհափա՛ռ տեր, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ես հավատարմորեն ծառայել եմ ձեր տանը և պաշտպանել ձեր որդուն,— հուզմունքից դողացող, բայց հաստատուն ձայնով ասում է Էմման։
​— Լռի՛ր,— ընդհատում է թագավորը։ — Մենք արդեն գիտենք ողջ ճշմարտությունը։ Մենք գիտենք, որ ծեր ասպետ Հենրին քո հայրը չէ, և դու ընդհանրապես շոտլանդացի չես։
Էմման խորը շունչ է քաշում։ Նա հասկանում է, որ այլևս թաքցնելու ոչինչ չկա։
— Այո՛, դա ճիշտ է, Վեհափա՛ռ տեր։ Բայց դա հանցագործություն չէ։ Վարպետ Հենրին իմ հայրը չէ, նա իմ ուսուցիչն է, ով ինձ ապաստան է տվել։ Իսկ ես... ես ֆրանսիացի եմ։
​— Ֆրանսիացի՞,— հեգնանքով կրկնում է թագավորը՝ հոնքերը կիտելով։ — Սա՞ է քո նոր սուտը։
​— Ո՛չ, ես չեմ ստում,— գոչում է Էմման, և նրա ձայնի մեջ հնչում է հուսահատությունն ու աղերսը։ Նա նայում է հատակին ընկած զենքերին։ — Իմ սուրը... այն սուրը, որն հիմա ձեր դիմաց գցված է զինահագուստիս հետ միասին, դա իմ հոր՝ Ռոբեր դը Լասիի սուրն է։ Ես ֆրանսիական ազնվական ասպետների տոհմից եմ։ Այդ սրի պատյանի ու կոթի վրա իմ ընտանիքի զինանշանն է։ Ես այն կորցրել էի ծովում՝ նավատորմի կործանման պատճառով, և այսօր պատահականորեն գտա մի վաճառականի մոտ։ Ես երդվում եմ Աստծո անունով, դա իմ սուրն է, այն պատկանում է իմ ընտանիքին...
​Էմմայի աչքերում արցունքներ են հայտնվում, նա նայում է թագավորին՝ փորձելով գտնել գեթ մեկ կաթիլ վստահություն։
— Վարպետ Հենրի՛ն... Ո՞ւր է նա։ Կանչե՛ք նրան, նա կհաստատի իմ բոլոր խոսքերը։ Նա գիտի, թե ով եմ ես։
​Թագավորի դեմքը մնում է քարե։ Նա շրջվում է Էմմայից՝ նույնիսկ չցանկանալով նայել նրա արցունքներին։
— Վե՛րջ։ Ես այլևս ոչինչ չեմ ուզում լսել։ Տարե՛ք նրան։
Զինվորները կոպտությամբ քաշում են Էմմայի թևերից և սկսում տանել նրան դեպի ելքը։ Էմման սկսում է դիմադրել, նրա ձայնը արձագանքում է գահասրահի բարձր կամարների տակ.
​— Չէ՛, լսե՛ք ինձ... Չէ՛էէ... Սխալմունք է եղել... Լսե՛ք... Չէ՛։
​Ռոբերտը լուռ, շոկահար ու կոտրված հայացքով հետևում է, թե ինչպես են քաշ տալով տանում իր կյանքը փրկած աղջկան, իսկ գահասրահում տիրում է ծանր լռություն։

Comments