Chapter 12
Մաս 12։Երեք կանոն՝ գոյատևելու համար
Անցնում են օրեր, և մարզումները վերածվում են իսկական փորձության։ Արքայազն Ռոբերտը ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ այս թագավորությունում ինքն է գլխավորը, և բացարձակապես լուրջ չի վերաբերվում պարապմունքներին։ Նա գալիս է մարզադաշտ, բայց կա՛մ հրաժարվում է կատարել առաջադրանքները, կա՛մ ամեն ինչ անում է այնպիսի դեմքով, կարծես թե թքած ունի և՛ դասերի, և՛ իր նոր ուսուցչի վրա։
Էմմայի համբերության բաժակն արդեն լցվում է։ Նա փորձում է ամենատարբեր մեթոդները պատանուն հետաքրքրելու համար. փոխում է զենքերը, պատմում է հնարամիտ մարտավարությունների մասին, փորձում է նրան մարտահրավեր նետել, բայց Ռոբերտը մնում է անդրդվելի ու արհամարհող։ Նույնիսկ Վարպետ Հենրիի խորհուրդներն ու գրած դասախոսություններն այլևս չեն օգնում. տեսական գիտելիքները պատանուն պարզապես ձանձրացնում են։
Իրավիճակն էլ ավելի է լարվում, որովհետև թագավորն անցնող ամեն օրվա հետ ցանկանում է տեսնել պարապմունքների իրական արդյունքը։ Էմման հստակ գիտակցում է՝ եթե արքայազնը ոչինչ չսովորի, դրանից առաջինը տուժելու է ինքը։ Թագավորի բարկությունն անխուսափելի կլինի, իսկ իրենց գաղտնիքը վտանգի տակ կընկնի։
Հասկանալով, որ պալատի պատերից դուրս է պետք գալ, Էմման մի նոր, ռիսկային մտահղացում է ունենում։Նա հերթական անգամ ներկայանում է արքային։
— Վեհափա՛ռ արքա, — դիմում է նա թագավորին՝ խոնարհելով գլուխը։ — Արքայազն Ռոբերտն օժտված է մեծ ուժով, բայց պալատի հանգիստ միջավայրը նրան թույլ չի տալիս կենտրոնանալ։ Ռազմիկի իսկական տաղանդը բացահայտվում է իրական վտանգի և բնության գրկում։ Ես առաջարկում եմ, որ մենք արքայազնի հետ միասին գնանք որսի։ Այնտեղ ես կկարողանամ նրան գործնականում սովորեցնել հետապնդման, ուշադրության և վայրի բնության մեջ գոյատևելու կանոնները։
Թագավորը մի պահ մտախոհ զննում է արծաթյա դիմակով ասպետին։ Նա գիտի իր որդու կամակոր բնավորությունը և հասկանում է, որ Լուիի առաջարկի մեջ ճշմարտություն կա։
— Լա՛վ միտք է, ասպե՛տ Լուի, — ի վերջո հաստատում է արքան՝ գլխով անելով։ — Որսը միշտ եղել է տղամարդկանց և ապագա տիրակալների լավագույն դպրոցը։ Ես համաձայն եմ։ Պատրաստե՛ք ձիերն ու զենքերը։ Վաղը առավոտյան դուք և որդիս ճանապարհվում եք դեպի արքայական անտառներ։ Տեսնե՛նք, թե ինչպես նա իրեն կդրսևորի այնտեղ։
Էմման խոնարհվում է և դուրս գալիս դահլիճից։ Ծրագրի առաջին մասն արված է։ Նա գիտի, որ այս որսը սովորական զբոսանք չի լինելու. դա իր վերջին հնարավորությունն է՝ ստիպելու արքայազնին փոխել իր վերաբերմունքը։
Հաջորդ առավոտյան, արևածագին, նրանք արդեն պատրաստ են։ Էմման, արքայազն Ռոբերտը և թագավորական գվարդիայի մի քանի վստահելի զինվորներ հեծնում են ձիերը և դուրս գալիս պալատի դարպասներից։ Գվարդիականները նրանց հետ են որպես թիկնապահներ, որպեսզի ապահովեն գահաժառանգի անվտանգությունը։
Ջոկատը դանդաղ քայլերով մտնում է խորհրդավոր ու թանձր անտառի մեջ։ Ճանապարհին Էմման փորձում է ժամանակը զուր չվատնել։ Օգտագործելով առիթը՝ նա սկսում է պատմել ու բացատրել, թե ինչպես է պետք ապրել ու գոյատևել վայրի անտառում։ Նա բարձր ու հաստատուն ձայնով ներկայացնում է Հենրիի գրած դասախոսություններն.
— Արքայա՛զն, անտառը միայն ծառեր չեն, այն ունի իր գաղտնի օրենքները։ Դուք պետք է սովորեք կարդալ կենդանիների հետքերը, հասկանաք, թե որ կողմից է փչում քամին, որպեսզի որսը ձեր հոտը չառնի։ Մեզ կարող են ամեն քայլափոխի վտանգներ սպասել՝ վայրի գազաններից մինչև թաքնված թշնամիներ...
Սակայն Ռոբերտը նստած է իր ձիու վրա՝ ակնհայտ ձանձրացած դեմքով։ Նա նայում է ծառերի ճյուղերին, թռչուններին և ձևացնում է, թե չի լսում։ Էմմայի խրատներն ու երկար դասախոսությունները պարզապես նյարդայնացնում են հպարտ պատանուն։ Ի վերջո, նրա համբերությունը սպառվում է։ Նա կտրուկ շրջվում է Էմմայի կողմը, քմծիծաղ տալիս ու բարձր գոռում.
— Դե՛, բավակա՛ն է ձանձրացնել
ինձ ձեր դասերով, "ուսուցի՛չ"։ Տեսնենք՝ կկարողանա՞ք ինձ հասնել։
Այս խոսքերի հետ մեկտեղ Ռոբերտը հանկարծակի խթանում է ձիուն։ Կենդանին տեղից պոկվում է ու կատաղի արագությամբ սլանում առաջ՝ խորանալով անտառի թավուտների մեջ։
Էմման վայրկյանական կողմնորոշվում է։ Նա հասկանում է, որ արքայազնին մենակ թողնելն այս վայրի անտառում հավասար է մահվան։
— Ռոբե՛րտ, կա՛նգ առ, — գոռում է նա և Կայծակին հրամայում վազել։
Էմման իր ձիով սլանում է արքայազնի ետևից։ Քանի որ ամեն ինչ շատ արագ ու անսպասելի է կատարվում, թագավորական գվարդիայի զինվորները, ովքեր ծանր զրահներով են ու տարբեր իրերով անտառում ապրելու համար , չեն հասցնում արձագանքել։ Րոպեների ընթացքում Էմման ու արքայազնը բավականին առաջ են անցնում, իսկ գվարդիան մնում է շատ հեռվում՝ անտառի խորքում կորցնելով նրանց հետքերը։
Էմման մի քանի րոպեից հասնում Ռոբերտին։ Արքայազնը կանգնեցնում է ձիուն՝ գոհ ու հպարտ իր արածից, բայց Էմման բարկությունից եռում է.
— Դա չափազանց վտանգավոր էր։ Սա անխոհեմ քայլ է։ Անմիջապես կանգնե՛ք, և սպասենք գվարդիայի գալուն։
Ռոբերտը հեգնանքով ժպտում է և արհամարհանքով պատասխանում.
— Սա արքայական անտառ է, ուսուցի՛չ, այստեղ անհանգստանալու կարիք չկա։ Դուք չափից շատ եք վախենում։
Նա կտրուկ առաջ է նետվում՝ անցնելիս հարվածելով ու հրելով Էմմայի ձիուն։ Կայծակը տեղում խրտնում է, բայց Էմման արագ կառավարում է կենդանուն և նորից սլանում պատանու հետևից։
Անտառի թավուտը բացվում է մի փոքրիկ բացատում, և Էմմայի աչքերի առջև սարսափելի տեսարան է հայտնվում։ Ռոբերտի ձին կանգնած է, իսկ տղան շրջապատված է զինված, անծանոթ մարդկանցով։ Էմման ակնթարթորեն հանում է իր սուրը և ձիով մոտենում արքայազնին։ Լսելով այդ մարդկանց անգլիական շեշտադրումը՝ ամեն ինչ պարզ է դառնում. նրանք անգլիացի լրտեսներ են, ովքեր ներսից Շոտլանդիային հարված հասցնելու համար գաղտնի ներխուժել են այստեղ։
Տեսնելով Ռոբերտի թանկարժեք հագուստն ու թագավորական տոհմական թիկնոցը՝ լրտեսներն իսկույն հասկանում են, որ իրենց առջև թագավորական ընտանիքի անդամ է։ Նրանց աչքերը վառվում են ավարի ծարավից։
— Ռոբե՛րտ, հանի՛ր սուրդ և պատրաստվի՛ր կռվի, — հրամայում է Էմման խիստ ձայնով։
Բայց արքայազնը, ով մարզադաշտում իրեն իսկական հերոս էր ձևացնում, հիմա վախից դողում է։ Նրա դեմքը գունատվում է, իսկ ձեռքերը չեն լսում նրան։ Իրական վտանգի առաջ տղան կորցնում է ինքնատիրապետումը։ Նա չի հանում զենքը. փոխարենը կատաղի մտրակում է ձիուն և փորձում փախչել այդտեղից։
Էմման շոկի մեջ է։ Թեև նա լիովին զինապատ է, և արծաթյա դիմակի տակ ոչ մի հույզ չի երևում, նա մտքում կատաղած ասում է՝ «Հիմա՛ր տղա»։
Նա բաց չի թողնում ձիու սանձը և վազում է Ռոբերտի հետևից՝ հենց ճանապարհին կռվի բռնվելով։
Մոտ յոթ անգլիացի,մեկ ֆրանսիացի և մեկ շոտլանդացի `ձիերով վայրի անտառում մեծ աղմուկ էին բարձրացրել ։Ռոբերտը վախից քշում էր ուր աչքերը տենում էին նրան անծանոթ էր անտառի այդ հատվածը նա շատ էր վստահ եղել որ թագաորական անտառը լավ գիտի արդյունքում խճճվել էր և տարածքից բավակին հեռու գնացել իսկ հիմա ինքն էլ չգիտեր թե ուր էր գնում,իրեն հաջորդում էր 2 անգլիացի հետո էմման ում կողքերը և հետևում մնացածներն էին նա համ ձիուն էր կառավարում համ նրանց հետ կռվում։
Հետևից սլացող լրտեսներից մեկը ձգվում է առաջ՝ թրով փորձելով հարվածել Էմմայի մեջքին։ Լսելով օդը ճեղքող սառը մետաղի ձայնը՝ Էմման կայծակնային արագությամբ կռանում է ձիու պարանոցին։ Թուրը դատարկ օդն է հարվածում։ Նույն վայրկյանին Էմման, առանց ուղղվելու, սուրը թևի տակով հետ է հրում. զենքի ծայրը խրվում է հակառակորդի զրահի արանքը։ Անգլիացին ցավից գոռալով ցած է թռչում ձիուց։Ձախ կողմից մեկ այլ անգլիացի հավասարվում է նրան և փորձում է սանձից բռնել Կայծակին, որպեսզի կանգնեցնի ընթացքը։ Էմման ձախ ձեռքով կտրուկ քաշում է սանձը՝ ձիուն մղելով թշնամու վրա։ Կայծակն իր ծանր մարմնով հարվածում է մյուս ձիուն, ինչի հետևանքով լրտեսը կորցնում է հավասարակշռությունը։ Էմման օգտվում է պահից և թրի ծանր բռնակով ուժգին հարվածում նրա սաղավարտին. հակառակորդը կիսաուշատապ գլորվում է թփերի մեջ։
Չորրորդ անգլիացին, ով մարտի կեսից աչքի պոչով տեսնում էր Էմմայի այս գերբնական, դաժան ու անկասելի ուժը, սարսափից կորցնում է գիտակցությունը։ Հասկանալով, որ իրենցից ոչ ոք ողջ չի մնալու, նա թողնում է ամեն ինչ, արագ նստում իր ձին և կատաղի քշելով՝ փախչում անտառի խորքերը։
Բացատում մնում է միայն երրորդ վիրավոր լրտեսը, ով արյունաքամ լինելով փորձում է հետ սողալ։ Էմման դանդաղ մոտենում է նրան, սրի ծայրը դնում նրա կրծքին։
— Ո՞վ է ձեզ ուղարկել,— հարցնում է Էմման սառցե ձայնով։
— Անիծվե՛ս դու, շոտլանդական շուն...— հազալով արյուն է թքում լրտեսը։
Էմման սառնասրտորեն սեղմում է սուրը՝ վերջ տալով նրա կյանքին։ Սա երրորդ սպանվածն էր։
Տիրում է ծանր, արյունոտ լռություն։ Էմման կանգնած է դիակների մեջտեղում, նրա շնչառությունը ծանր է, իսկ դիմակի տակից հոսող արյունը կաթում է կուրծքին։ Նա շրջվում է դեպի գետնին կծկված, վախից ու ցավից դողացող արքայազն Ռոբերտը, ով ականատես էր եղել այս ողջ դաժանությանը։
Էմման ծանր, հևասպառ քայլերով մոտենում է արքայազն Ռոբերտին, որպեսզի տեսնի, թե ինչ վիճակում է տղան։ Պատանին դեռևս գետնին կծկված է, մարմինը դողում է։ Էմման զննում է նրան. Ռոբերտը դաժան ծեծից կապտուկներ ու քերծվածքներ ունի դեմքին ու մարմնին, բայց, բարեբախտաբար, ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չկան։
Էմման ցածր, հոգնած ձայնով հարցնում է.
— Կարո՞ղ ես տեղիցդ շարժվել։ Գիտե՞ս՝ մենք հիմա որտեղ ենք գտնվում, թե՞ ոչ։
Ռոբերտը դժվարությամբ բարձրացնում է գլուխը, նրա հայացքում այլևս չկա առաջվա հպարտությունը։
— Ո՛չ... ես վաղուց էի արդեն խճճվել անտառում։ Այս հատվածն ինձ բոլորովին անծանոթ է։ Չգիտեմ, թե ուր ենք հասել։
Էմման հասկանում է, որ այս վիճակում առաջ շարժվելն անհնար է։ Նա որոշում է նախ մաքրել տարածքը։ Ուժերի վերջին լարումով նա մոտենում է անգլիացի լրտեսների դիակներին։ Մեկ առ մեկ հանում է նրանց զենքերը, դնում մի կողմ, իսկ մարմինները հերթով քարշ է տալիս բացատի հեռավոր անկյունը՝ թփերի մեջ, որպեսզի իրենց աչքի առաջ չլինեն։
Դրանից հետո նա գետնից վերցնում է Ռոբերտի թանկարժեք թիկնոցն ու մյուս իրերը, որոնք անգլիացիները հասցրել էին պոկել տղայի վրայից, և մեկնում է նրան։
— Իսկ հիմա գնա՛ և մոտակայքից չոր փայտեր հավաքիր։ Մեզ կրակ է պետք։ Ծուխը որպես ազդանշան կծառայի, որպեսզի գվարդիան նկատի մեր տեղը։ Նրանք հաստատ հիմա մեզ են փնտրում։
Արքայազնը, ով ընդամենը մի քանի ժամ առաջ կհրաժարվեր կատարել ցանկացած հրաման, հիմա սուսուփուս, առանց մի բառ առարկելու ոտքի է կանգնում ու հնազանդորեն սկսում է փայտեր հավաքել։ Էմմայի հանդեպ վախն ու ակնածանքը փոխել են նրան։
Երբ տղան հեռանում է ծառերի արանքը, Էմման զգում է, որ ուժերն իրեն լիովին լքում են։ Նա այլևս ի վիճակի չէ կանգնած մնալ։ Աղջիկը, հենց այդպես՝ զրահով ու դիմակով, ուղղակի պառկում է խոտերի վրա, գետնին։
Որոշ ժամանակ անց Էմման դանդաղ բացում է աչքերը։ Նա չի շարժվում, գլուխը նույնիսկ չի թեքում։ Միայն հայացքն է ուղղում վերև։
Նրա աչքերի առջև բացվում են խիտ, բարձր ծառերը, բայց հենց գլխավերևում լայն բացվածք էր գոյացել։ Ծառերի կատարները շրջանակի պես եզերում էին այդ բաց տարածքը։Անտառի լռության մեջ լսվում է տերևների մեղմ սոսափյունն ու գիշերային քամու հառաչանքը։ Իսկ այդ ամենի վերևում՝ ծառերի ճյուղերի արանքից, փայլում են անթիվ, գեղեցիկ աստղերը։ Դրանք միակ լուսավորությունն են այս խավար ու վայրի անտառի մեջ։
— Ես փոքրուց մեծ սեր եմ ունեցել զենքի հանդեպ։ Հայրս ասպետ էր, և նրան տեսնելով՝ ես ինքս էլ երազում էի դառնալ նրա նման։ Բայց հասարակությունն անընդհատ ինձ հիշեցնում էր, որ ես աղջիկ եմ, և որ այդ ամենը սիրելն անգամ տարօրինակ է ու ընդունված չէ։ Եվ ես որոշեցի, որ ոչ ոք ու ոչինչ չպիտի խանգարի ինձ դառնալ այն, ինչ կամ։ Աստված ինձ այսպիսին է ստեղծել։ Ստեղծել է, որ կռվեմ, որ ասպետ լինեմ, այլ ոչ թե ինչ-որ մեկի հլու ու հնազանդ կինը։ Սա իմ ճանապարհն է։ Ճի՞շտ է այն, թե՞ սխալ՝ ոչ ոք չգիտի, բայց եթե դա ինձ երջանկացնում է, ինչու պիտի չանեմ՞։
— Իսկ ո՞րն է ձեր նպատակը։ Դուք արդեն ասպետ եք, հիմա նաև՝ ուսուցիչ։ Բա հետո՞ ուր է գնալու ձեր ճանապարհը, թե՞ արդեն հասել եք քո ուզածին։
— Հըմ, լավ հարց էր,— թեթևակի գլխով է անում Էմման։ — Ես ինքս էլ չէի սպասում, որ ուսուցիչ կդառնամ։ Եթե թագավորի հրամանը չլիներ, հաստատ չէի համաձայնվի։ Իմ ճանապարհը դեռ չի ավարտվել. նպատակս է հնարավորինս ուժեղ դառնալը, շարունակ սովորելն ու հնարավորինս շատ մարդկանց օգնելը։
Ռոբերտը նայում է աղջկա ձեռքերին։
— Մեկ է, ինձ համար անսովոր է։ Իսկ ի՞նչն է ձեզ տալիս այդ ուժը։ Դուք աղջիկ եք, ձեր մարմինը նրա համար չէ, որ ուժեղ լինի։ Մի՞թե ձեզ դուր է գալիս, որ զենքից ձեռքերը կոպտացել են, իսկ մարմնի մկանները... չեմ հասկանում, այդպես ինչպե՞ս եք հետո մայր դառնալու։
Էմման ուղղում է մեջքը, և նրա աչքերում մի հպարտ կայծ է հայտնվում.
— Ինձ դուր է գալիս մրցել և հաղթել, հատկապես երբ հասկանում եմ, որ աղջիկ եմ, ու պայքարս տղամարդկանց հետ է։ Դա ինձ իսկապես հաճույք է պատճառում։ Եվ երբեմն առաջանում է ցանկություն պարծենալու այդ հսկա տղամարդկանց մոտ, որ նրանք պարտվել ու ծնկի են իջել աղջկա սրից։ Ես ինձ պաշտպանված ու հպարտ եմ զգում, երբ հասկանում եմ, որ ուժեղ եմ։ Իսկ երբ օգնում եմ մարդկանց, հոգիս կարծես լուսավորվում է։
Ռոբերտը դեռ երկար նայում է նրան, ապա գլուխը թափահարում.
— Միևնույն է, չեմ հասկանում քեզ։
Էմման թեթև ժպտում է, վերցնում է պատրաստի սնկերն ու մեկնում պատանուն.
— Հա՛, դե դու շատ բան չես հասկանում նաև իմ տված դասերից, այնպես որ սա նորություն չէ։
Անցնում է մի քանի ժամ, բայց պալատական գվարդիայից դեռ ոչ մի լուր չկա։ Անտառում օրեցօր տաքացող եղանակի պատճառով արդեն բավականին շոգ է դառնում, իսկ հսկայական խարույկի տաքությունն էլ ավելի է մեծացնում ծարավի զգացումը։ Էմման հասկանում է, որ նրանք ջրի կարիք ունեն։
Նա որոշում է փորձել մոտակայքում գտնել որևէ առու կամ խմելու ջրի աղբյուր։ Մինչ հեռանալը, Էմման մի քանի հաստ գերան է գցում կրակի մեջ՝ է՛լ ավելի ուժեղացնելով այն, մտածելով, որ նույնիսկ իրենց բացակայության ընթացքում բարձրացող թանձր ծուխը կօգնի գվարդիականներին գտնել այս վայրը։ Դրանից հետո երկուսով նստում են ձիու վրա և դանդաղ քայլերով շարժվում առաջ՝ անտառի խորքը։
Ճանապարհի միօրինակ լռությունը կոտրելու համար Էմման շրջվում է ու հարցնում.
— Մարդիկ հիմնականում ունենում են բազմակի երազանքներ։ Իսկ դո՞ւ ինչ երազանք ունես, Ռոբե՛րտ։
— Ի՞նչ է պատահել, — վախեցած հարցնում է Ռոբերտը՝ ավելի պինդ գրկելով աղջկա մեջքը։
Էմման չի պատասխանում։ Նա սուր հայացքով զննում է շուրջը։ Այդ պահին Կայծակը վախից փնչացնում է, բարձր խրխնջում ու անկառավարելի վազում առաջ։ Հենց այդ վայրկյանին Էմման ծառերի արանքում նկատում է նրանց հետևից կատաղի վազող մի քանի հսկայական գայլերի։
Կայծակը վախից կուրացած սլանում է, ուր աչքը տեսնում է։ Էմման գիտակցում է, որ գայլերը ուր որ է կհասնեն ու կվնասեն ձիուն։ Նա փորձում է թեքվել ու սրով հարվածել հետևից հասնող գիշատիչներին, բայց չի ստացվում։Հանկարծ երկու գայլ թռնում են առաջ՝ կտրելով նրանց ճանապարհը։ Կայծակը վախից իսկույն կանգ է առնում, բարձրանում ետևի երկու ոտքերի վրա և իր վրայից ցած գցում Էմմային ու արքայազնին։
Էմման ճկուն շարժումով արագ կանգնում է ոտքի։ Նրանք արդեն շրջապատված են։ Որոշ գայլեր իրենցից առաջ էին վազել, դրա համար էլ ձին ստիպված կանգ էր առել։
— Անգլիացիներից պրծանք, հասավ գայլերի հերթը, — քթի տակ մրմնջում է Էմման՝ ուղղելով սուրը։ — Այս անտառն ինձ չսիրեց հենց առաջին իսկ վայրկյանից։
Արքայազնը, վախից դողալով, հետ-հետ է գնում դեպի Կայծակը, հանում է իր սուրը և դողացող ձեռքերով պահում առաջ։
— Հիմա ի՞նչ ենք անելու, Ուսուցի՛չ, — հազիվ լսելի ձայնով հարցնում է Ռոբերտը։
Էմման թեթևակի շրջվում է, նրա դեմքին հանգիստ ու վստահ ժպիտ կա.
— Հանգի՛ստ, օ՜ իմ սիրելի և միակ աշակերտ։ Հենց հիմա դու կունենաս քո առաջին իսկական դասը։
— Կատակելու ժամանակը չէ՜՜՜, — հուսահատ գոռում է Ռոբերտը, երբ գայլերից մեկը մոտենալով մռնչում է։
— Հանգիստ շնչի՛ր։ Ես քո կողքին եմ, — հաստատուն ձայնով ասում է Էմման։ — Իսկ հիմա լսի՛ր ինձ և սովորիր։ Կանոն առաջին. գիշատիչը զգում է քո վախը։ Ուղղի՛ր մեջքդ, պինդ սեղմիր սրիդ կոթը և երբեք թիկունքով նրանց չկանգնես։
Առաջին գայլը կատաղի թռիչքով նետվում է Ռոբերտի վրա։ Էմման կայծակնային արագությամբ հայտնվում է տղայի դիմաց, սրի մեկ հզոր հարվածով գիշատչին և ետ մղում։
— Կանոն երկրորդ, Ռոբե՛րտ, — շարունակում է Էմման՝ ձախ ձեռքով հետ հրելով մյուս գայլին, որը փորձում էր հարձակվել ձիու վրա։ — Կռվի ժամանակ աչքերդ մի՛ փակիր։ Նայի՛ր թշնամու շարժումներին։ Տե՛ս, քո դիմացի գայլը պատրաստվում է թռչել։ Երբ նա նետվի, մի՛ փորձիր ուժով հարվածել նրան, ուղղակի կողք քաշվիր և ցածրից հարվածիր փորին։ Դա նրա ամենաթույլ տեղն է։ Փորձի՛ր։
Ռոբերտը, լսելով ուսուցչի հանգիստ ու հրամայական ձայնը, մի պահ մոռանում է վախի մասին։ Նա խորը շունչ է քաշում, ուղղում մեջքը։ Նրա դիմացի մեծ, մոխրագույն գայլը ցատկում է առաջ։ Արքայազնը, հիշելով Էմմայի խոսքերը, կտրուկ կողք է քաշվում և սուրը ամբողջ ուժով պարզում վերև։ Գայլը իր իսկ արագության պատճառով ընկնում է սրի վրա և ոռնալով տապալվում գետնին։
— Ապրե՛ս։ Հիանալի է, — գովում է Էմման, մինչ ինքը միաժամանակ երկու գայլ է վնասազերծում, որոնք փորձում էին կողքից շրջանցել իրենց։ — Կանոն երրորդ. երբեք մի՛ հանգստացիր, մինչև մարտը չավարտվի։ Պաշտպանի՛ր ձիու աջ կողմը։
Ռոբերտը, ստացված հարվածից ոգևորված, արագ շրջվում է և սրի ծայրով հետ է մղում Կայծակին մոտեցող հերթական գիշատչին։ Նա զգում է, թե ինչպես է ադրենալինը լցնում իր մարմինը։ Նա այլևս այն վախկոտ տղան չէ, նա կռվում է իր ուսուցչի թիկունքին։