Chapter 1
Մաս 1․ Լասիի տոհմի դուստրը
Դեռ չչորացած խոտի վրայով, գրեթե թռչելով, սլանում էր մի նժույգ։ Նրա ամեն մի թռիչքից հետո հողի կտորները և ցողը շպրտվում էին օդ, իսկ սմբակների հարվածները թնդում էին հովտում ինչպես խուլ թմբուկի զարկեր։ Հեծյալը ձուլվել էր ձիու մեջքին. մուգ թիկնոցը քամուց դարձել էր սև թևերի պես մի զանգված, որը լիովին թաքցնում էր նրա կերպարը։
Անտառի եզրին, որտեղ լույսն ավելի պարզ էր, ձին կտրուկ դանդաղեցրեց ընթացքը։ Նրա քթանցքներից դուրս թռչող տաք գոլորշին սառը օդում երևում էր որպես ճերմակ ծուխ։Հեծյալը թեթև ցատկով իջավ գետնին։ Կաշվե ծանր կոշիկները խուլ «դըմփոցով» խրվեցին խոնավ հողի մեջ։ Նա մի քանի վայրկյան կանգնեց անշարժ, մեջքով դեպի լույսը, մինչև շնչառությունը դարձավ վերահսկելի։ Կաշվե ձեռնոցով պատված ձեռքը դանդաղ, համարյա զգուշորեն սահեց դեպի գոտկատեղը։
Շըրը՛խկ...
Մետաղական սառը ձայնը կտրեց առավոտյան լռությունը։ Սուրը դուրս թռավ պատյանից ու կայծկլտաց ոսկեգույն լույսի տակ։
Հերոսը փոխեց կեցվածքը։ Ոտքերը ամուր հենվեցին գետնին, ուսերը լարվեցին, իսկ մարմնի ծանրության կենտրոնը տեղափոխվեց մի փոքր առաջ։ Աջ ձեռքը բարձրացավ՝ սուրը պահելով ուղիղ աչքերի դիմաց։ Ձեռնոցի կաշին ճռռաց բռնակին սեղմվելուց. մատների հոդերը սպիտակել էին ուժգին բռնվածքից։
Վո՜ւշ...
Առաջին հարվածը։ Պողպատը կտրեց օդը այնպիսի ուժով, որ լսվեց բարձր, սուր շշվոց։ Սուրը նրա ձեռքում դարձավ անտեսանելի պտտվող հողմ։
Վո՜ւշ... Վո՜ւշ...
Հարվածները դառնում էին ավելի արագ ու դաժան։ Օդը «պատռվելու» ձայնը խառնվում էր հերոսի ծանր ու ռիթմիկ արտաշնչմանը։ Շրթունքներից դուրս թռչող սպիտակ գոլորշին ամեն վայրկյան կորչում էր օդում։ Թիկնոցի տակից երևում էր, թե ինչպես են բազկի ու ուսերի մկանները լարվածությունից քարանում ու թուլանում ամեն մի պտույտի հետ։ Մարմինը պարում էր սրի հետ մեկտեղ՝ ճշգրիտ, առանց ավելորդ շարժման։
Մի պահ նա կտրուկ կանգ առավ։ Սուրը պահեց ցած՝ պատրաստի վիճակում։ Ձեռքը թեթևակի թրթռում էր ոչ թե հոգնածությունից, այլ այն ադրենալինից, որը հոսում էր երակներով։
Անտառի խորքից հանկարծ որոտաց փողի բարձր ու կտրուկ ազդանշանը։ Ձայնը պատռեց առավոտյան անդորրը՝ արձագանքելով ծառերի արանքում։ Հեծյալը ցնցվեց։ Մի վայրկյան անց նա արդեն գործում էր մեքենայաբար, առանց վարանելու։ Սուրը կայծակնային արագությամբ սահեց պատյանի մեջ, լսվեց մետաղի վերջին խուլ կտոցը։ Նա թեթևությամբ թռավ թամբին, սեղմեց նժույգի կողերը, և կենդանին տեղից պոկվեց՝ սլանալով դեպի ձայնի կողմը։
Շուտով անտառի լռությանը փոխարինեց քաղաքային եռուզեռը։ Շամպայնի փողոցները ողողված էին կյանքով ու քաոսով։ Բարձրահարկ քարե շինությունների արանքում օդը ծանր էր ու խիտ։ Այստեղ խառնվում էին իրարամերժ բույրեր. թարմ թխված հացի և համեմունքների քաղցր հոտը բախվում էր ձիերի թրիքի ու թաց կաշվի գարշահոտին։ Եկեղեցու զանգերի հանդիսավոր ղողանջը փորձում էր խլացնել շուկայի առևտրականների կատաղի կանչերը։ Անկյուններում կատուների սուր մլավոցն էր լսվում, իսկ քամին մերթընդմերթ բերում էր ազնվական ֆրանսուհիների թանկարժեք օծանելիքի նուրբ բույրը, որը հալվում էր նրանց բարձր ու անհոգ ծիծաղի մեջ։
Հեծյալը վստահորեն առաջ էր մղում ձին՝ ճեղքելով ամբոխը։ Մարդիկ շտապով ճանապարհ էին բացում մուգ թիկնոցով այդ խորհրդավոր կերպարի առաջ։
Նա ուղղվում էր դեպի քաղաքի ծայրամասում գտնվող հսկայական դաշտը, որտեղ պետք է տեղի ունենար Բուհուրտը՝ ասպետական խմբակային կատաղի մարտը։ Հեռվից արդեն երևում էին գույնզգույն դրոշները, որոնք ծածանվում էին բարձր աշտարակների վրա։ Տարածքը շրջապատված էր փայտե ցանկապատերով, որոնց հետևում հավաքվել էր հազարավոր մարդկանցից բաղկացած հուզված ամբոխը։
Այստեղ օդն ավելի շիկացած էր։ Լսվում էր զրահների իրար բախվելու զրնգոցը և ձիերի տագնապալի խրխինջը։ Ասպետները՝ իրենց ծանր հանդերձանքով, արդեն խմբվում էին դաշտի երկու կողմերում։ Նրանց վահանների վրա պատկերված առյուծներն ու արծիվները փայլում էին արևի տակ։ Մթնոլորտը լցված էր սպասումով ու թաքնված ագրեսիայով. մրցույթը նոր էր սկսվելու, և դաշտի վրա կախված էր փոշու ու ադրենալինի անտեսանելի ամպը։
Մեր հերոսը կանգնեցրեց ձին հենց մուտքի մոտ՝ հայացքը չկտրելով դաշտից, որտեղ շուտով պողպատը պետք է բախվեր պողպատին։
Դիտորդների հարթակում Ռոբեր դը Լասին իսկական փոթորիկ էր բարձրացրել։ Նա թեքվել էր դեպի իր կողքին նստած գեր ու կարմրադեմ բարոնին և, ձեռքով աշխուժորեն ժեստեր անելով, գրեթե գոռում էր ամբոխի աղմուկի միջից.
— Լսի՛ր ինձ, Անրի՛, — Ռոբերի ձայնը խռպոտ էր սպասումից ու գինուց, — ես գիտեմ այդ տղային, ես եմ նրան սովորեցրել ձի հեծնել, երբ նա դեռ նիզակը չէր կարողանում բռնել։ Գիյոմը այսօր դաշտից դուրս կգա հաղթողի դրոշակով։ Ես իմ ամբողջ գանձարանը դրել եմ նրա վրա, և եթե դուք խելք ունեք, ձեր ոսկին նույնպես կդնեք նրա վրա։ Դա ամենաապահով ներդրումն է, որ դուք երբևէ կանեք այս կեղտոտ Շամպայնում։
Բարոնը վարանեց, բայց տեսնելով Ռոբերի անսասան վստահությունը, գլխով արեց։ Ռոբերը հաղթական ժպտաց և շրջվեց դեպի մյուս կողմում նստած երիտասարդ ասպետը.
— Իսկ դո՞ւ, քաջ տղա։ Դու էլ ես ուզում հարստանալ, թե՞ նախընտրում ես դիտել, թե ինչպես են ուրիշները ոսկին տանում։ Նայի՛ր Գիյոմին։ Նա ժայռի պես ամուր է։ Դուք չեք գտնի ավելի լավ ասպետի ամբողջ Ֆրանսիայում։
Մատիլդան, ով ամբողջ ընթացքում լուռ հետևում էր ամուսնու այս «ներկայացմանը», թեթևակի քմծիծաղեց։ Նրա դեմքին մի նուրբ, գրեթե անտեսանելի ժպիտ հայտնվեց, երբ նայեց Ռոբերի աշխուժությանը։ Նա գիտեր, որ Ռոբերի այս «քարոզչությունը» ոչ միայն գումարի, այլև տոհմի հպարտության հարց էր, բայց նրա սեփական ինտուիցիան այլ բան էր հուշում։ Նա միայն թեթևակի շտկեց իր մետաքսե թիկնոցը և հայացքը դարձրեց դեպի դաշտը, որտեղ Գիյոմը արդեն պատրաստվում էր մարտի։
Ռոբեր դը Լասին`տղամարդ էր, ում արտաքինը անմիջապես իշխանություն ու փորձ էր հուշում։ Նրա դեմքը բարդ էր ու վճռական։ Հայացքը սուր էր, թափանցող, աչքերը՝ թեթևակի անհանգիստ, բայց լի էներգիայով։ Դեմքի ստորին մասը ծածկված էր խիտ, շագանակագույն մորուքով, որը խառնված էր սպիտակ թելերով՝ ընդգծելով նրա տարիքն ու ապրած կյանքը։ Նրա երկար, ալիքաձև մազերը, նույնպես սպիտակած, հետ էին նետված և թափվում էին ուսերին։
Նա կրում էր ծանր, մութ թավշյա թիկնոց՝ բարդ, ասեղնագործված զարդանախշերով։ Թիկնոցի տակից երևում էր կաշվե բաճկոնը և ծանր ոսկեգույն մեդալիոնը, որը կախված էր կրծքին՝ զարդարված Լասի տոհմի զինանշանով։ Թիկնոցի օձիքը զարդարված էր ասեղնագործված ֆրանսիական լիլիայի նշաններով։Գլխին նա կրում էր պարզ, բայց թանկարժեք մետաքսե գլխարկ, որը հիանալի համադրվում էր նրա մազերի հետ։ Նրա ամբողջ կերպարը ասես ասում էր. «Ես եմ այստեղ տերը»։
Նրա կողքին նստած Մատիլդան`նույնպես աչքի էր ընկնում իր ազնվական ու սառը գեղեցկությամբ։ Նա երիտասարդ էր, բայց նրա դեմքին կար մի այնպիսի խոհեմություն ու հանգստություն, որը սազական էր ավելի տարեց կնոջ։ Նրա հայացքը հանդարտ էր, բայց նրա մեջ զգացվում էր թաքնված ուժ։ Երկար, թուխ մազերը թափվում էին ուսերին, իսկ մի մասը հավաքված էր հետևում՝ ընդգծելով նրա երկար պարանոցը։
Նա կրում էր մուգ կարմիր, ծանր թավշյա զգեստ՝ բարձր օձիքով և լայն թևքերով, որոնք զարդարված էին ոսկեգույն ժանյակով։ Կուրծքը զարդարված էր բարդ, թանկարժեք քարերով ու ոսկով արված ասեղնագործությամբ։ Նա կրում էր մարգարտյա մանյակ և ականջօղներ, որոնք փայլում էին առավոտյան լույսի տակ։ Զգեստի վրայից նա կրում էր բարակ, ոսկեգույն գոտի, որը նույնպես զարդարված էր տոհմի զինանշանով։ Նրա ամբողջ կերպարը ասես ասում էր. «Ես տեսնում եմ ամեն ինչ, բայց ոչինչ չեմ ասում»։
Շամպայնի հսկայական դաշտը թնդում էր հազարավոր մարդկանց աղմուկից։ Այստեղ՝ ցանկապատված տարածքում, օդը ծանր էր ու շոգ, լի փոշով ու սպասումով։ Ասպետները կանգնած էին դեմ առ դեմ՝ երկու շարքով, զրահապատված ոտքերով ամուր խրված խոնավ հողի մեջ։ Նրանց վահանների վրա պատկերված առյուծներն ու արծիվները փայլում էին արևի տակ։Ազդանշանը հնչեց, և տասներկու տղամարդիկ, մռնչյունով ու զրահների ճռռոցով, նետվեցին իրար վրա։
Շրը՛խկ... Զրը՛նգ...
Առաջին բախումը նման էր երկու քարե պատերի իրար զարկվելուն։ Ոչ մի ձի, ոչ մի նազանք. միայն պողպատի խուլ ձայնը պողպատին բախվելիս և ծանր շնչառությունը, որը խառնվում էր սառը օդին։ Մարտը վերածվեց անկանոն, բայց դաժան ձեռնամարտի, որտեղ ամեն մի հարված կարող էր ճակատագրական լինել։
Այս քաոսի կենտրոնում շարժվում էր մի երիտասարդ ասպետ։
Գիյոմ դը Լասին երիտասարդ էր, բայց նրա արտաքինը անմիջապես պատերազմի մասին էր պատմում։ Նա ուներ սուր, գրեթե կտրուկ դիմագծեր և բաց գույնի, սառը աչքեր, որոնք զրահի սաղավարտի արանքից նայում էին վայրի կատաղությամբ ու վճռականությամբ։ Նրա կարճ, մուգ մազերը թաց էին քրտինքից ու առավոտյան խոնավությունից և անկանոն թափվում էին ճակատին։ Նա կրում էր ծանր, մութ գույների զրահ, որը զարդարված էր Դը Լասի տոհմի զինանշանով։Ձեռքերին կրում էր ծանր, կաշվե ձեռնոցներ՝ պատված մետաղյա թիթեղներով։
Գիյոմը գործում էր կատաղի ճշգրտությամբ։ Նա երկու ձեռքով ամուր սեղմել էր իր ծանր սուրը, որի բռնակը զարդարված էր հին նախշերով։ Ամեն մի հարվածի հետ լսվում էր նրա ծանր, բայց ռիթմիկ արտաշնչումը։
Հակառակորդներից մեկը՝ մի հաղթանդամ ասպետ, ծանր կացնով հարվածեց Գիյոմի ուղղությամբ։ Գիյոմը չնահանջեց։ Նա կտրուկ թեքվեց, և կացինը սուլոցով անցավ կողքով՝ խրվելով հողի մեջ։ Օգտագործելով պահը՝ Գիյոմը ուսով հարվածեց հակառակորդի կրծքավանդակին։ Ծանր զրահների բախումից մի պահ շունչը կտրվեց, բայց Գիյոմը թույլ չտվեց, որ մյուսը ուշքի գա։ Նա սրի բռնակով ուժգին հարվածեց հակառակորդի սաղավարտին։ Լսվեց մետաղի զրնգոց, ու ասպետը, հավասարակշռությունը կորցրած, տապալվեց ցեխի մեջ։
Գիյոմը շրջվեց։ Նրա թիմակիցներից երեքն արդեն գետնին էին։ Նա մնացել էր մենակ երեք հոգու դեմ։ Ամբոխը հառաչեց։ Դիտորդների հարթակում Ռոբեր դը Լասին ոտքի կանգնեց՝ մատները սեղմելով բազկաթոռի հենակին։ Նրա կողքին նստած Մատիլդան
միայն թեթևակի քմծիծաղեց՝ հայացքը չկտրելով դաշտից։ Գիյոմի շնչառությունը ծանր էր, թոքերը այրվում էին սառը օդից, բայց աչքերում կայծակներ էին պարում։
Նա չսպասեց, որ նրանք շրջապատեն իրեն։ Նա մռնչյունով նետվեց առաջինի վրա, սուրը պտտեց օդում ու կայծակնային հարվածով ջախջախեց նրա վահանը։ Հաջորդ պահին նա արդեն մյուսի կողքին էր։ Շարժումները արագ էին, գրեթե անտեսանելի ծանր զրահի համար։ Մեկը մյուսի հետևից հակառակորդները հայտնվում էին գետնին։
Ամբոխը պայթեց հաղթական ճիչերով։ Գիյոմ դը Լասին կանգնած էր դաշտի կենտրոնում՝ միակը, ով ոտքի վրա էր մնացել։ Նրա զրահը պատված էր հողով ու քրտինքով, բայց նա հաղթել էր։ Նա սուրը խրեց հողի մեջ ու հենվեց բռնակին՝ նայելով ուղիղ դեպի ազնվականների հարթակը, որտեղ հորեղբայրը հաղթական ժպտում էր, իսկ մորաքույրը... նա միայն շարունակում էր դիտել իր այդ նույն խորհրդավոր ժպիտով։
Ռոբեր դը Լասին, տեսնելով իր եղբորորդու հաղթանակը, վեր թռավ տեղից։ Նրա դեմքը փայլում էր հաղթանակից։
— Տեսա՞ք։ — Գոռաց նա իր կողքին նստած բարոններին, — Դա Լասիի արյունն է։ Ես ձեզ ասում էի, որ նրան հավասարը չկա։ Ոսկիները պատրաստե՛ք, պարոնայք, այսօր Լասիները կրկնապատկեցին իրենց հարստությունը։
Մինչ Ռոբերը տոնում էր, Մատիլդան նկատեց, որ Գիյոմը դաշտում հազիվ է կանգնած մնում։ Նրա աջ ձեռքը անբնական կախված էր, իսկ շնչառությունը չափազանց ընդհատվող էր։ Նա հաղթել էր, բայց այդ հաղթանակը նրանից խլել էր վերջին ուժերը։
Էմման, ով ամբողջ ընթացքում ներքևից էր հետևում, տեսավ այն, ինչ չտեսավ հայրը։ Նա նկատեց, որ հակառակորդներից մեկը, ով դեռ գետնին էր, դանդաղ շարժվում է՝ ձեռքը տանելով դեպի թաքնված դաշույնը։ Մրցույթի կանոնները խախտվում էին հենց բոլորի աչքի առաջ, բայց հաղթանակի աղմուկի մեջ ոչ ոք դա չէր տեսնում։
— Գիյո՛մ... — ցածրաձայն շշնջաց Էմման՝ ձեռքը տանելով իր սրի բռնակին, որը թաքցված էր թիկնոցի տակ։
Էմման հասկացավ, որ վայրկյանները որոշիչ են։ Մինչ ամբոխը ցնցվում էր ցնծությունից, իսկ հայրը հպարտությամբ գոռում էր հարթակից, դաշտում մահն արդեն սողում էր դեպի Գիյոմը։
Գետնին տապալված հակառակորդը, ում բոլորը պարտված էին համարում, արյունոտ ձեռքով սահեցրեց թաքնված դաշույնը պատյանից։ Նրա հայացքը լի էր նախանձով ու կատաղությամբ. նա պատրաստ էր սպանել Գիյոմին հենց հաղթանակի պահին, երբ վերջինս թուլացրել էր զգոնությունը։
Էմման այլևս չէր կարող սպասել։ Նա պոկվեց տեղից՝ ճեղքելով ամբոխի առաջին շարքերը։ Թիկնոցը թռավ նրա հետևից՝ բացելով կաշվե մարզական հագուստը, որը կպած էր մարմնին և թույլ էր տալիս շարժվել կայծակնային արագությամբ։
— Գիյո՛մ, կողքի՛դ, — նրա ձայնը սուր էր ու զրնգուն, բայց այն կորավ ամբոխի աղմուկի մեջ։
Էմման թռավ ցանկապատի վրայով և հայտնվեց հենց մարտադաշտի կենտրոնում։ Նրա ձեռքն արդեն սեղմել էր սրի բռնակը։
Զրը՛նգ...
Սուրը դուրս թռավ պատյանից և արևի տակ գծեց մի փայլուն կոր։ Հենց այն վայրկյանին, երբ դավադիր ասպետը նետվեց առաջ՝ դաշույնը Գիյոմի զրահի արանքը խրելու համար, Էմման հասավ նրանց։ Նրա հարվածը ճշգրիտ էր ու ուժգին։ Պողպատը բախվեց պողպատին, և դաշույնը զրնգոցով թռավ ասպետի ձեռքից՝ խրվելով ցեխի մեջ։
Ամբոխը հանկարծ լռեց։ Հազարավոր աչքեր սևեռվեցին դաշտի կենտրոնին։
Էմման կանգնած էր Գիյոմի ու պարտված ասպետի արանքում։ Նրա շնչառությունը ծանր էր, մազերը թափվել էին ուսերին, իսկ սրի ծայրը ուղղված էր դեպի գետնին ընկած մարդու կոկորդը։ Նա ոչ թե պարզապես աղջիկ էր, այլ մի հզոր մարտիկ։
— Լասիները չեն սպանում թիկունքից, — ցածր, բայց սառը ձայնով ասաց Էմման՝ հայացքը չկտրելով հակառակորդից, — բայց նրանք նաև թույլ չեն տալիս, որ իրենց թիկունքից հարվածեն։
Հարթակում Ռոբեր դը Լասին քարացել էր։ Նրա ձեռքի գավաթը դանդաղ սահեց ու ընկավ գետնին։ Նա չէր հավատում իր աչքերին. իր դուստրը՝ Էմման, ում նա սպասում էր տեսնել զգեստով ու ասեղնագործությամբ զբաղված, կանգնած էր դաշտի կենտրոնում՝ մերկացած սրով ու մարտիկի կեցվածքով։
Գիյոմը, շփոթված ու ուժասպառ, նայեց Էմմային։
— Էմմա՞... — հազիվ շշնջաց նա, — Դու... ինչպե՞ս...
Բայց պատասխանելու ժամանակ չկար։ Մրցանակաբաշխության կարգադրիչները և զինված պահակները արդեն շարժվում էին դեպի նրանց։ Մրցույթի կանոնները կոպտորեն խախտվել էին. կինը մուտք էր գործել մարտադաշտ։
Էմմայի հայտնվելը մարտադաշտում ոչ միայն անակնկալ էր, այլև ցնցող տեսարան։Նա կանգնած էր ծագող արևի շողերի տակ, և նրա ամբողջ կերպարը հեռու էր ազնվական տիրուհու կերպարից, որին սովոր էին տեսնել։
Նա ուներ նուրբ, գրեթե ճենապակյա մաշկ և մեծ, արտահայտիչ շագանակագույն աչքեր, որոնք հիմա փայլում էին վճռականությամբ ու զայրույթով։ Նրա երկար, թուխ մազերը անկանոն թափվել էին ուսերին, իսկ մի քանի փունջ կպել էր քրտինքից թաց ճակատին։ Նա կրում էր ոչ թե զգեստ, այլ ծանր, մետաղյա զրահ, որը պատված էր ոսկեգույն և արծաթագույն ասեղնագործված նախշերով։ Զրահը ճշգրտությամբ կրկնում էր նրա մարմնի ձևը՝ ընդգծելով նրա կանացիությունը, բայց միաժամանակ ցույց տալով նրա ուժը։Ձեռքին նա ամուր սեղմել էր իր ծանր սուրը, որի բռնակը զարդարված էր ոսկյա խաչարդով։ Նա կրում էր կաշվե ձեռնոցներ, որոնք պատված էին մետաղյա թիթեղներով։ Նրա ամբողջ կերպարը ասես ասում էր. «Ես ծնվել եմ կռվելու համար, և ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել»։ Այդ պահին նա ոչ թե Էմմա դը Լասին էր, այլ Լասի տոհմի ամենավտանգավոր ու ամենաքաջ մարտիկը։
Ամբոխի լռությունը երկար չտևեց։ Հանկարծ տարբեր կողմերից հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին գոռալ։
— Մրցույթը չեղարկված է։ Աղջկա հայտնվելը խախտել է բոլոր կանոնները։ Հաղթողը նույնպես չեղարկված է։
Մյուսները, ընդհակառակը, սկսեցին վիճել.
— Դա հիմարություն է։ Մրցույթը ավարտվել է Գիյոմի հաղթանակով։ Աղջկա հայտնվելը կապ չունի։ Գիյոմը հաղթել է, և դա փաստ է։Դիտորդների հարթակում Ռոբեր դը Լասին կատաղած էր։ Նրա դեմքը կարմրել էր զայրույթից։ Նա վեր թռավ տեղից ու պատրաստվում էր գոռալ Էմմայի վրա, բայց Մատիլդան կանգնեցրեց նրան։ Նա ոտքի կանգնեց, նրա ձայնը բարձր էր ու հստակ, և այն միանգամից լռեցրեց ամբոխին։
— Լսե՛ք ինձ, — ասաց Մատիլդան, —մենք չպետք է նման աղմուկ հանենք և կռվենք ամբոխի աչքի առաջ։ Դա հարկու չէ մեր դիրքին։ Գիյոմը հաղթել է, և դա փաստ է, որը ոչ ոք չի կարող ժխտել։
Նա շրջվեց դեպի կարգադրիչները.
— Իսկ ինչ վերաբերում է Էմմային, այո, նա այստեղ չպետք է լիներ այդ տեսքով։ Դա երկրորդ հարցն է, որը մենք կքննարկենք Լասի ամրոցի պատերի ներսում։ Բայց առաջինը վերաբերվում է այն ասպետին, ով թիկունքից էր փորձում հարվածել Գիյոմին։ Դա ասպետական կոդեքսի ամենախստագույն խախտումն է, և նման արարքը աններելի է։ Ես իմ աչքով տեսածն եմ ասում։
Մատիլդայի ձայնը դարձավ ավելի խիստ ու վճռական.
— Այո՛, Էմման իմ աղջիկն է, և ես բարկացած եմ նրա վրա իր արարքի համար։ Բայց նա հայտնվեց դաշտում եղբորը փրկելու համար, և նրա արարքը փրկեց Լասի տոհմի պատիվը։ Այս հարցը պետք է պարզաբանվի, ու մենք կսկսենք հենց այդ ասպետից։
Մատիլդայի խոսքերը միանգամից փոխեցին մթնոլորտը։ Կարգադրիչները սկսեցին շարժվել դեպի գետնին տապալված դավադիր ասպետը։ Ռոբերը, թեև դեռ բարկացած էր Էմմայի վրա, հասկացավ, որ Մատիլդան ճիշտ է։ Նա նստեց բազկաթոռին, բայց նրա հայացքը մնաց սևեռված Էմմայի վրա, ով դեռ կանգնած էր դաշտի կենտրոնում։
Լասի ամրոցի հաստ պատերը ծանր լռության մեջ էին։ Վերադարձը հաղթական չէր, այլ լարված ու տագնապալի։ Գիյոմին՝ ուժասպառ ու վիրավոր, սպասավորները գրեթե գրկած բարձրացրին իր ննջասենյակը։ Ընտանեկան բժիշկը՝ ծեր ու փորձառու մի մարդ, արդեն սկսել էր իր աշխատանքը՝ լսվում էր միայն զրահի դետալների խուլ զրնգոցը, երբ դրանք հանում էին երիտասարդի վրայից։
Մատիլդան, դեռ այն նույն մուգ կարմիր զգեստով, որն այժմ ավելի մռայլ էր թվում ամրոցի ստվերներում, շրջվեց դեպի դուստրը։ Նրա հայացքը սուր էր, ինչպես պողպատը։
— Էմմա՛, — նրա ձայնը ցածր էր, բայց հրամայական, — հենց հիմա գնա քո սենյակ և ազատվիր այդ մետաղյա խայտառակությունից։ Հագիր քո ամենապարզ զգեստը և սպասիր ինձ։
Էմման, առանց մի բառ ասելու, գլուխը բարձր պահած բարձրացավ աստիճաններով։ Նրա զրահի ամեն մի քայլը արձագանքում էր սառը քարե հատակին։
Ռոբերը նստած էր բուխարու մոտ՝ գլուխը բռնած։ Նրա դիմաց դրված գինու գավաթը արդեն դատարկ էր, իսկ աչքերը՝ արյունալցված։ Գինին չէր օգնում ցրել այն քաոսը, որն անընդհատ պտտվում էր նրա գլխում։ Նա փորձում էր հասկանալ՝ ինչպես է իր միակ երեխան, իր փոքրիկ դուստրը, վերածվել մի մարտիկի, որին նա այսօր տեսավ դաշտում։ Նա բարկացած էր, բայց միաժամանակ ինչ-որ անհասկանալի, թաքնված վախ էր զգում այդ ուժի առաջ։
Մատիլդան դանդաղ մոտեցավ ամուսնուն։ Նա ձեռքը դրեց Ռոբերի դողացող ուսին, և նրա հպումը սառն էր ու հանգստացնող։
— Ռոբե՛ր, հերիք է, — ասաց նա՝ նայելով կրակին, — ես ինքս կխոսեմ Էմմայի հետ։ Դու հիմա չափազանց լարված ես, առանց այդ էլ վերջերս դուք հաճախ եք կռվում։
Մատիլդան շրջվեց և դանդաղ քայլերով ուղղվեց դեպի դստեր սենյակը։ Նա գիտեր, որ այս խոսակցությունը լինելու է ամենադժվարը իրենց կյանքում, բայց նաև գիտեր, որ Էմման այլևս այն երեխան չէ, որին կարելի էր պարզապես հրամայել։
Մատիլդան դանդաղ բացեց ծանր, կաղնե դուռը և ներս մտավ։ Սենյակում տիրող կիսախավարը միայն ընդգծում էր նրա դեմքի սառնությունը։ Էմման արդեն հանել էր զրահի մեծ մասը և կանգնած էր միայն բարակ, սպիտակ շապիկով, որը հակադրվում էր նրա խառնված մազերին և հոգնած հայացքին։
Մատիլդան կանգ առավ սենյակի մեջտեղում, ձեռքերը խաչեց կրծքին և նայեց դստերը։
— Էմմա՛, ես քեզ թույլ էի տվել մարզվել, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ տեսքով քաղաքի մեջ շրջեիր, — նրա ձայնը հանդարտ էր, բայց դրա տակ զգացվում էր թաքնված լարվածությունը։
Էմման գլուխը կախեց, մատներով սեղմելով սեղանի եզրը։
— Մա՛մ, կներես ինձ... Ես երբ լսեցի, որ մրցույթը սկսվում է, պարզապես մոռացա ամեն ինչի մասին...
Մատիլդան թույլ չտվեց, որ նա ավարտի։ Նա մի քայլ առաջ արեց, և նրա տոնն ավելի խիստ դարձավ, թեև նա շարունակում էր խոսել ցածր ձայնով, որպեսզի միջանցքում ոչ ոք չլսի։
— Ինձ պատճառը չի հետաքրքրում։ Դու արդեն մեծ աղջիկ ես։ Տասնչորս տարեկանում շատերն արդեն սեփական ընտանիքն ունեն, ոչ թե սրերով են խաղում։ Միայն քո տոհմի անվան շնորհիվ է, որ դու իրավունք ունես ինքնուրույն ընտրել քո ապագա ամուսնուն։ Քո բախտը շատ է բերել, Էմմա՛, բայց դու կորցնում ես իրական աշխարհի զգացողությունը։
Մատիլդան մի պահ լռեց, ապա հնչեցրեց դատավճիռը.
— Երկու ամիս՝ ոչ մի սուր, ոչ մի ձի։ Կնստես տանը և կսովորես նոր լեզու։ Սա քո պատիժն է։
— Մա՛մ, բայց... — Էմմայի աչքերում բողոքի կայծեր հայտնվեցին։
— Ոչ մի «բայց»։ Եթե հայրդ լիներ, այսքան հեշտ չէիր պրծնի։ Ես քեզ ասացի՝ տանից դուրս չգա՛ս։
Մատիլդան կտրուկ շրջվեց և հեռացավ սենյակից՝ դուռը ծանրությամբ փակելով իր հետևից։
Էմման մի քանի րոպե կանգնած մնաց անշարժ՝ լսելով մոր հեռացող քայլերի ձայնը։ Հետո նա խորը շունչ քաշեց և կռացավ անկողնու մոտ։ Նրա ձեռքերը շոշափեցին հատակի սառը քարերը, մինչև նա գտավ թաքստոցը։ Նա դուրս բերեց իր սուրը, որը միշտ պահում էր այնտեղ։
Նա նստեց հատակին, վերցրեց կոշտ կտորը և սկսեց մանրակրկիտ մաքրել պողպատե շեղբը։ Դա նրա համար ոչ թե պարզապես զբաղմունք էր, այլ միակ միջոցը՝ հանդարտեցնելու ներսում եռացող ըմբոստությունը։ Շորի ամեն մի շարժումը սրի վրայից հեռացնում էր դաշտի փոշին ու ցեխը՝ վերադարձնելով մետաղի սառը փայլը։ Նա գիտեր, որ երկու ամիսը շատ երկար է, բայց նաև գիտեր, որ ոչ մի արգելք չի կարող ստիպել իրեն մոռանալ այն զգացողությունը, երբ սուրը դառնում է սեփական ձեռքի շարունակությունը։
***
Ամրոցի մեծ դահլիճը վերածվել էր յուրօրինակ դպրոցի։ Մատիլդան համարում էր, որ կնոջ ամենահզոր զենքը նրա միտքն է։ Նա կազմակերպում էր դասընթացներ, որտեղ հրավիրում էր ոչ միայն ազնվական կանանց, այլև ուսման ծարավ ունեցողներին։ Էմման ստիպված էր ժամերով նստել սեղանի շուրջ։
Նրանք սովորում էին.
Արաբերեն և Լատիներեն. Արաբերենը գիտության լեզուն էր, որով գրված էին բժշկության և աստղագիտության լավագույն աշխատությունները։
Մաթեմատիկա և Հաշվապահություն. Որպեսզի Էմման կարողանա ապագայում կառավարել ամրոցի տնտեսությունը, հաշվել հարկերը և եկամուտները։
Բուսաբուժություն. Ինչպես պատրաստել դեղամիջոցներ խոտաբույսերից վերքերը բուժելու համար (ինչը Էմման գաղտնի համարում էր օգտակար հենց մարտերից հետո)։
Էթիկա և Դիվանագիտություն. Ինչպես խոսել թագավորների հետ և ինչպես լուծել կոնֆլիկտները առանց սրի։
Էմման, ով փոքրուց ատում էր երկար նստելն ու թղթերի մեջ խորանալը, հաճախ էր հայացքով հետևում պատուհանից դուրս երևացող մարզադաշտին։ Նա հիշում էր այն գրքերը, որոնք մանկության տարիներին ստիպում էր մորը կարդալ իր համար՝ ասպետական հնարքների, վահանը ճիշտ բռնելու և հակառակորդի հավասարակշռությունը խախտելու մասին։ Հիմա այդ ամենը թվում էր հեռավոր երազ։
Երբ մայրամուտը ծածկում էր Լասի ամրոցը, և սպասավորները հանգցնում էին վերջին ջահերը, ամբողջ տունը սուզվում էր «առաջին քնի» մեջ։ Էմման պառկում էր անկողնում, փակում աչքերը և սպասում, մինչև մոր քայլերն ու դռան խուլ ճռռոցը կլռեին։
Հենց որ լռությունը դառնում էր բացարձակ, նա վեր էր թռնում։ Նրա համար մարզումների ժամանակն էր։ Մինչ ամրոցի մյուս անդամները վայելում էին իրենց առաջին երազները, Էմման օգտագործում էր այդ 3 ժամը սեփական ուժը կոփելու համար։
Նա չէր վառում ոչ մի մոմ։ Միայն լուսնի թույլ լույսը, որն ընկնում էր նեղ պատուհանից, լուսավորում էր սենյակի կենտրոնը։ Նա դանդաղ, որպեսզի ոչ մի ձայն չհանի, դուրս էր բերում սուրը։
Էմման զգուշությամբ բացեց իր սենյակի ծանր պատուհանը, որտեղից բացվում էր տեսարան դեպի ամրոցի հետնամասը։ Նա գիտեր պահակների հերթափոխի ժամերը և այն նեղ անցքերը, որոնցով կարելի էր աննկատ դուրս գալ բարձր պարիսպներից։
Սահելով պատերից կախված ամուր բաղեղների օգնությամբ՝ նա ոտք դրեց սառն ու խոնավ հողին։ Նրա սուրը, որը նա միշտ թաքցնում էր անկողնու տակ, հիմա ամուր ամրացված էր մեջքին։ Էմման ուղղվեց դեպի ախոռի հեռավոր անկյունը, որտեղ սպասում էր իր հավատարիմ նժույգը։ Նա չէր օգտագործում թամբ, որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրացնի. միայն բարակ սանձը բավական էր կենդանուն կառավարելու համար։
Ձին, զգալով տիրուհու վճռականությունը, անձայն քայլերով դուրս եկավ ամրոցի տարածքից։ Հենց որ նրանք հեռացան պարիսպներից այնքան, որ սմբակների դոփյունը չլսվեր, Էմման թույլ տվեց կենդանուն սլանալ։
Քամին հարվածում էր նրա դեմքին՝ ցրելով ցերեկային արաբերենի դասերի և ասեղնագործության ձանձրույթը։ Նա գնում էր դեպի անտառի ամենախորքը, մի բացատ, որը գտել էր դեռ մանկության տարիներին։ Այստեղ, դարավոր կաղնիների շրջապատում, նա ազատ էր։
Անտառի խորքում լռությունը կատարյալ էր, միայն երբեմն լսվում էր բվի ձայնը կամ ծառերի սոսափյունը։ Էմման իջավ ձիուց, հանեց սուրը և մի պահ կանգնեց փակ աչքերով՝ զգալով բնության ուժը։Նա չուներ հակառակորդ, ուստի նրա թիրախները ծառերն էին։ Նա սովորում էր հարվածել այնպես, որ սուրը միայն թեթևակի դիպչեր կեղևին՝ զարգացնելով ճշգրտություն և արագություն։Նա նաև մարզվում էր ձիու վրայից հարվածներ հասցնել, քանի որ գիտեր՝ իսկական ասպետը պետք է կատարյալ լինի թե՛ հողի վրա, թե՛ թամբին։Այս երեք ժամվա ընթացքում նա ոչ թե Ռոբեր դը Լասիի հնազանդ դուստրն էր, այլ մի վայրի ու անկառավարելի մարտիկ։ Նրա մարմինը, որը ցերեկը սեղմված էր զգեստների մեջ, այստեղ շնչում էր։
Երբ լուսինը հասնում էր իր գագաթնակետին, Էմման գիտեր՝ ժամանակն է վերադառնալ։ Նա պետք է հասցներ տեղ հասնել նախքան «հսկման ժամի» սկսվելը, երբ մայրը կմտներ նրա սենյակ՝ աղոթքի և դասերի համար։
Նա վերադառնում էր նույնքան լուռ, որքան հեռացել էր։ Թաքցնում էր ձիուն, բարձրանում իր սենյակ և արագ մաքրում ձեռքերն ու դեմքը անտառի փոշուց։ Երբ Մատիլդան բացում էր դուռը, Էմման արդեն անկողնում էր՝ ձևացնելով, թե հենց նոր է արթնացել առաջին քնից, թեև նրա սիրտը դեռ արագ էր բաբախում գիշերային վազքից։
Այդ 2 ժամը՝ կեսգիշերից մինչև ժամը երկուսը, Էմման անցկացնում էր մոր հետ։ Նրանք միասին աղոթում էին ամրոցի փոքրիկ մատուռում, հետո վերադառնում սեղանի շուրջ։ Էմման ստիպված էր կենտրոնացնել իր ողջ կամքի ուժը, որպեսզի մարզումներից հոգնած մարմինը չմատներ իրեն։ Նա կրկնում էր արաբերեն բառերը, քննարկում էր մաթեմատիկական հաշվարկները, մինչդեռ նրա ձեռքերը դեռ զգում էին սրի ծանրությունը։
Մատիլդան գոհ էր։ Նա տեսնում էր դստեր ջանասիրությունը և կարծում էր, որ պատիժը վերջապես աշխատում է։
— Դու ավելի լուրջ ես դարձել, Էմմա, — ասում էր նա՝ շոյելով աղջկա գլուխը, նախքան երկրորդ քնին գնալը։
Էմման միայն հոգնած ժպտում էր։ Նա գիտեր, որ երբ բոլորը պառկեն երկրորդ քնին, ինքը վերջապես կկարողանա իսկապես քնել, որպեսզի հաջորդ գիշեր նորից վերցնի զենքը։
Այսպես անցավ երկու ամիսը։ Էմման դարձել էր ավելի նիհար, բայց նրա մարմինը հիմա պողպատի պես ամուր էր։
***
Միջնադարում մարդիկ քնում էին ոչ թե մեկ երկար հատվածով, այլ երկու փուլով։
Առաջին քուն. Սկսվում էր մայրամուտից հետո (ժամը 20:00-21:00-ին)։ Մարդիկ քնում էին մինչև կեսգիշեր։Կեսգիշերից հետո մարդիկ արթնանում էին 1-2 ժամով։ Սա համարվում էր օրվա ամենախաղաղ ժամը։ Ազնվական ընտանիքներում սա լավագույն ժամանակն էր աղոթքի, ուսման կամ լուրջ զրույցների համար, քանի որ մտքերը պարզ էին, իսկ շուրջը՝ լռություն։ Մատիլդայի պես խիստ ու կրթված կանայք օգտագործում էին այս ժամանակը դուստրերին կրոնական կամ գիտական գիտելիքներ փոխանցելու համար։Երկրորդ քուն. Այս դադարից հետո մարդիկ նորից պառկում էին քնելու մինչև արևածագ։