1. Պատառիկներ

Chapter 3

Պարուհին

Սառնաշունչ գիշեր էր։ Մուգ կապույտ երկինքը նման էր փայլփլուն նախշերով շրջազգեստին, որը պարուհին կրում էր։ Երկնքից ցած երևում էին չորս մինարեթները՝ իրենց մեջ ասպարելով մզկիթի ապակյա գմբեթը։ Ամենուրեք ջահեր էին։ Գլխավոր բակում լսվում էր մեծ խարույկի ճարճատյունը։ Օդում խառնվել էին զանազան համեմունքների, խորոված մսի և գինու ախորժելի հոտերը։ Կողք կողքի դրված գույնզգույն դիվաններին նստած հյուրերը վայելում էին իրենց մատուցված ուտեստները, ունկնդրում ուդահարների անուշ նվագը և դիտում դերվիշների հիպնոսացնող պարը։ Վերջինս շուտով ավարտվեց, և դերվիշները լքեցին բակը։


Դափահարները միացան նվագողներին։ Մի պահ լռություն տիրեց, ապա լսվեցին դափի առաջին ընդհատ հնչյունները, որոնց ներքո պարուհին մտավ բակ։ Լսվեցին շրջազգեստին կից մետաղների զրնգոցները։ Բազմաթիվ ապարանջանները զարդարում էին նրա ձեռքերը։ Պարանոցը մերկ էր և ոչինչ չէր կարող այն էլ ավելի գեղեցկացնել։ Կապույտ շղարշի տակից նշմարվում էին կիսաբաց շրթունքները, իսկ սյուրմայով ընդգծված աչքերը որքա՜ն տխուր էին, որքա՜ն բոցավառ։ Երաժշտություն փոքր-ինչ արագացավ՝ իր ազդեցության տակ վերցնելով պարուհու ողջ մարմինը, ինչպես քամին է խաղում տերևի հետ։ Նա սահում էր այս ու այն կողմ, պտույտ գալիս, բայց կանգ չէր առնում։ Մի պահ նվագողները, կարծես խղճալով, դանդաղեցրին տեմպը, բայց հետո նորից ավելի մեծ արագությամբ շարունակեցին նվագը։ Իսկ նա պարում էր ինքնամոռաց, կարծես նրա մարմինը ոսկորներից չէր բաղկացած։ Բոլոր դիվանների մոտով անցնելով՝ նա փայլեցնում էր դիտորդների աչքերը։


Վերջին դիվանի մոտ նա կոտրեց տեմպը՝ հայացքը սևեռելով նստած երիտասարդին ու մեղմ ժպտալով։ Երիտասարդի կողքին նստած աղջիկը մի քանի մետաղադրամ մեկնեց պարուհուն։ Պարուհին մի պահ քարացավ, ապա սկսեց տեղում արագ շարժել կոնքերը, ձեռքերը կրծքավանդակի առաջ իրար հպեց և պտույտ գալով վերադարձավ կենտրոն։ Եվ պարեց նա խենթորեն, լայներես ժպիտով, արցունքներից փայլող աչքերով։ Ու նա կպարեր մինչև շունչը փչելը, եթե նվագը չդադարեր։


Հանեց ամբողջովին թրջված հագուստը, հագավ փարաջան։ Պատրաստվում էր դուրս գալ, երբ ծառաներից մեկը կանգնեցրեց նրան և խնդրեց սպասել վճարը ստանալու համար։ Նրան վճարը պետք չէր, բայց չհրաժարվեց նստել, քանզի ոտքերում ուժ չուներ քայլելու։ Մինչ ծառան կվերադառնար, սուլթանի որդին հասավ սպասասրահ։
-Ինչպե՞ս ես։ Ինչո՞ւ էիր այդպես պարում։
Պարուհին անկեղծ բարի ժպիտ նկարեց իր դեմքին։
-Ես շատ ուրախ եմ քեզ համար։ Վերջապես դու ամուսնացար քո սիրելիի հետ։
-Շնորհակալ եմ։ Բայց կարող էիր ուղղակի գալ որպես հյուր, ոչ թե պարուհի։
-Ես ցանկանում էի պարել քո հարսանիքին, կիսել այս առիթը քեզ հետ և համոզվել, որ երջանիկ ես։ Հիմա ես հանգիստ եմ քեզ համար, սիրելի ընկեր։


Վերադարձավ ծառան, մի ոսկի մեկնեց պարուհուն, և նա հեռացավ։
Այդ օրվանից հետո նրան հրավիրում էին բազմաթիվ խնջույքների ժամանակ պարելու։ Սակայն նա միայն հարսանիքներին էր պարում։

Comments