Chapter 1
I
Օգոստոսի երկուսի երեկոյան ժամը ինն էր՝ ամենասարսափելի օգոստոսը մարդկության պատմության մեջ։ Թվում էր, որ գարշանքի մեջ թաղված երկրագնդի վրա արդեն թափվել էր աստծո անեծքը՝ տիրում էր սահմռկեցուցիչ լռություն, և հեղձուցիչ անշարժ օդը լի էր տանջալի սպասումով։ Արևը վաղուց մայր էր մտել, բայց հեռու արևմուտքում, հենց հորիզոնի մոտ, կարծես պատռված վերքի նման կարմրին էր տալիս արնակարմրավուն մի հետք։ Վերևում վառ փայլում էին աստղերը, ներքևում՝ նավահանգստում, կայծկլտում էին նավերի լույսերը։ Պարտեզի ճանապարհի վրա, քարե ցանկապատի մոտ, զրուցում էին երկու գերմանացիներ․ ուշագրավ անձեր էին։ Նրանց թիկունքում, բոլոր կողմերից բազմաթիվ վերնաճակատներով ցածլիկ, երկար մի շենք կար։ Գերմանացիները նայում էին ափի ընդարձակ հարթությանը, հսկա կավճե ժայռի ստորոտին, որի վրա չորս տարի առաջ արծվի նման իջել էր զրուցակիցներից մեկը՝ պարոն ֆոն Բորկը։ Նրանք խոսում էին ցածրաձայն, գլուխներն իրար կպցրած։ Նրանց սիգարների վառվող ծայրերը ներքևից կարելի էր ընդունել որպես մթության միջից նայող դժոխքի ծնունդ դևի կրակե աչքեր։
Արտասովոր մարդ էր այդ ֆոն Բորկը։ Կայսրին նվիրված գործակալների մեջ նրա նման երկրորդը չկար։ Հազվագյուտ տաղանդի շնորհիվ էլ նրան վստահեցին ամենապատասխանատու «անգլիական միսիան», և հենց աշխատանքի սկզբից նրա շնորհքներն սկսեցին ավելի ու ավելի բացահայտվել, որի վկաներն էին իրազեկ հինգ մարդիկ։ Այդ հինգից մեկը նրա մոտ կանգնած բարոն ֆոն Հերլինգն էր, դեսպանատան առաջին քարտուղարը․ նրա հսկա, հարյուր ձիաուժանոց «Բենցը» արգելափակել էր գյուղական նրբանցքը, պատրաստ հարկ եղած դեպքում տիրոջը թռցնել ետ՝ Լոնդոն։
— Դատելով իրադարձությունների զարգացման ընթացքից, շաբաթվա վերջում դուք, հավանաբար, կլինեք Բեռլինում, — ասաց քարտուղարը։ — Ընդունելությունը, որ ձեզ համար այնտեղ պատրաստում են, իմ թանկագին ֆոն Բորկ, կցնցի ձեզ։ Ինձ հայտնի է, թե ինչքան բարձր են գնահատում ձեր գործունեությունը այս երկրի բարձր ոլորտներում։
Քարտուղարը պատկառելի, լուրջ, բարձրահասակ, լայնաթիկունք մարդ էր, խոսում էր չափված և ծանրակշիռ, որը գլխավոր հաղթաթուղթն էր նրա դիվանագիտական կարիերայում։
Ֆոն Բորկը ծիծաղեց։
— Նրանց հեշտ է խաբելը, — նկատեց նա։ — Հնարավոր չէ ավելի զիջողամիտ ու դյուրահավատ մարդիկ պատկերացնել։
— Չգիտեմ, չգիտեմ, — մտախոհ ասաց նրա զրուցակիցը։ — Նրանք ունեն մի սահման, որը խախտել չես կարող և դա պետք է հիշել։ Հենց արտաքին պարզամտությունն է թակարդ դառնում արտասահմանցու համար։ Առաջին տպավորությունը միշտ այդպես է՝ բացառիկ մեղմ մարդիկ են, և հանկարծ դեմ էս առնում ինչ-որ ամուր, վճռական բանի։ Եվ տեսնում էս, որ դա սահմանն է, ավելի հեռու գնալ հնարավոր չէ։ Չի կարելի հաշվի չառնել այդ փաստը, դրան հարկավոր է ընտելանալ։ Օրինակ, նրանք ունեն սեփական, միայն իրենց հատուկ պայմանականություններ, որոնց հետ պարզապես անհրաժեշտ է հաշվի նստել։
— Դուք նկատի ունեք «լավ պահվածքն» ու նման բանե՞րը։
Ֆոն Բորկը հառաչեց՝ դրանից շատ տուժած մարդու նման։
— Ես նկատի ունեմ տիպիկ բրիտանական պայմանականություններն իրենց յուրօրինակ ձևերի մեջ։ Որպես օրինակ կարող եմ պատմել ինձ հետ կատարված պատմությունը, երբ սոսկալի անմտություն թույլ տվեցի։ Ես իրավունք ունեմ խոսելու իմ վրիպումների մասին, դուք բավականին լավատեղյակ եք իմ աշխատանքին և գիտեք, թե դա որքան հաջող էր ընթանում։ Դա կատարվեց այն ժամանակ, երբ ես առաջին անգամ եկա այստեղ։ Հրավիրված էի «ուիքենդի»՝ նախարարության անդամներից մեկի քաղաքամերձ տանը։ Խոսակցությունը չափազանց անզգուշությամբ էինք վարում։
Ֆոն Բորկը գլխով արեց։
— Ես եղել եմ այնտեղ, — չոր ասաց նա։
— Հասկանալի է։ Այսպիսով, ես, բնականաբար, իմ դիտարկումների եզրակացությունը Բեռլին ուղարկեցի։ Դժբախտաբար, մեր սիրելի վարչապետը միշտ չէ, որ բավականին նրբանկատ է նման գործերում։ Նա կիսաբերան նկատեց, հասկացնելով, որ իրեն հայտնի է, թե հատկապես ինչի մասին են խոսել։ Իհարկե, դժվար չէր հայտնաբերել տեղեկատվության աղբյուրը։ Նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե դա ինձ ինչպես վնասեց։ Հանկարծ ուր չքացավ մեր անգլիացի տերերի մեղմությունը։ Կարծես չէր էլ եղել։ Երկու տարի պետք եղավ, որպեսզի ամեն ինչ հարթվի։ Ահա դուք խաղում եք՝ ձեզ մարզիկ ներկայացնելով…
— Ոչ, ոչ, դա բնավ էլ այդպես չէ։ Խաղ՝ նշանակում է ինչ-որ միտում, արհեստականություն։ Իսկ ինձ մոտ ամեն ինչ բնական է, ես բնածին մարզիկ եմ։ Պաշտում եմ սպորտը։
— Դե ինչ, դրանից ձեր գործունեությունը միայն շահում է։ Նրանց հետ դուք մասնակցում եք առագաստանավային մրցումներին, որսորդությամբ եք զբաղվում, ջրագնդակ եք խաղում, ոչ մի բանում ետ չեք մնում։ Ձեր քառյակը մրցանակներ է ստանում Օլիմպիայում։ Լսել եմ, որ նույնիսկ բռնցքամարտով եք զբաղվում անգլիացի երիտասարդ սպաների հետ։ Իսկ արդյո՞ւնքը։ Արդյունքում ձեզ ոչ ոք լրջորեն չի ընդունում։ Ո՞վ եք դուք։ «Հրաշալի տղա», «Գերմանացու համար միանգամայն կարգին մարդ», խմիչքի սիրահար, գիշերային բարերի մշտական այցելու, ուրախ, անհոգ երիտասարդ դատարկապորտ։ Ո՞ւմ մտքով կանցնի, որ ձեր խաղաղ քաղաքամերձ տունը կենտրոն է, որտեղից դուրս է գալիս անգլիական թագավորության բոլոր դժբախտությունների կեսը, և որ կալվածատեր մարզիկը ամբողջ Եվրոպայի ամենաճարպիկ ու փորձառու գործակալն է։ Դուք հանճար եք, իմ թանկագին ֆոն Բորկ, հանճար։
— Դուք ինձ շողոքորթում եք, բարոն։ Սակայն, ես իրոք իմ մասին կարող եմ ասել, որ այս երկրում չորս տարի զուր չեմ անցկացրել։ Ձեզ ցույց չե՞մ տվել իմ փոքրիկ գաղտնարանը։ Գուցե մի րոպեով տուն մտնենք։
Աշխատասենյակի դուռը բացվում էր բաց պատշգամբի վրա։ Ֆոն Բորկը հրեց դուռը և առաջ անցնելով շրխկացրեց էլեկտրական անջատիչը։ Հետո դուռը փակեց ներս մտած մեծամարմին ֆոն Հերլինգի ետևից և խնամքով քաշեց պատուհանի ծանր վարագույրները։ Զգուշության բոլոր միջոցները գործադրելուց հետո, նա իր արևահար, սուր դիմագծերով դեմքը շրջեց հյուրի կողմը։
— Իմ թղթերի մի մասն արդեն ուղարկված է, — ասաց նա։ — Պակաս կարևորները երեկ երեկոյան վերցրեց կինս, որը տնեցիների հետ մեկնեց Ֆլիսինգեն։ Հույս ունեմ, որ մնացածի պահպանությունն իր վրա կվերցնի դեսպանատունը։
— Ձեր անունն արդեն մտցված է անձնակազմի ցուցակում։ Ամեն ինչ լավ կլինի, ոչ մի դժվարություն չկա ոչ ձեր, ոչ էլ ձեր ծանրոցի նկատմամբ։ Իհարկե, ինչ իմանաս, հնարավոր է մենք հարկադրված լինենք հեռանալ, եթե Անգլիան Ֆրանսիային հայտնի իր համագործակցության մասին։ Մեզ ստույգ հայտնի է, որ նրանք ոչ մի փոխպարտադրող համաձայնագիր չունեն։
— Լավ, իսկ Բելգիա՞ն։
— Բելգիան էլ նույնն է։
Ֆոն Բորկը թափահարեց գլուխը։
— Դժվար թե, Բելգիայի հետ անպայման պայմանագիր գոյություն ունի։ Ոչ, այդ դեպքում նման խայտառակությունից հետո Անգլիան այլևս խելքի չի գա։
— Ծայրահեղ դեպքում նա ժամանակավորապես շունչ կքաշի։
— Իսկ երկրի պատիվը…
— Է՜, թանկագինս, մենք ապրում ենք օգտապաշտության դարում։ Պատիվը միջնադարյան հասկացություն է։ Բացի դրանից, Անգլիան պատրաստ չէ։ Դա պարզապես խելքի մոտ բան չէ, բայց նույնիսկ մեր հատուկ զինվորական հարկադրումը՝ հիսուն միլիոն, որի նպատակը թվում է արդեն այնքան պարզ, ինչպես եթե այդ մասին հայտարարություն տված լինեինք «Թայմսի» առաջին էջում, չէր արթնացնի այդ քնած մարդկանց։ Երբեմն ինչ-որ մեկը հարց է տալիս։ Այդ հարցերին պատասխանելու պարտականությունը ինձ վրա է դրված։ Երբեմն դժգոհություն է ծագում։ Ես պետք է պարզեմ, հանգստացնեմ։ Իսկ ինչ վերաբերում է ամենագլխավորին՝ ռազմամթերքի պաշարին, սուզանավերի հարձակման դեմ միջոցներին, պայթուցիկ նյութերի արտադրությանը, ոչինչ չկա, ոչ մի բան պատրաստ չէ։ Անգլիան ինչպե՞ս կարող է խաղի մեջ մտնել հատկապես հիմա, երբ մենք Իսլանդիայում դժոխային շիլա սարքեցինք քաղաքացիական պատերազմից, աստվածուհիներ՝ պատուհաններ ջարդողներից և աստված գիտե թե էլ ինչ, որպեսզի Անգլիան ամբողջովին զբաղված լինի ներքին գործերով։
— Անգլիան պետք է իր ապագայի մասին մտածի։
— Ա՜, դա ուրիշ գործ է։ Ես կարծում եմ, որ Անգլիայի ապագայի նկատմամբ մենք ունենք մեր սեփական, շատ որոշակի ծրագրերը։ Եվ ձեր ինֆորմացիան այդ ժամանակ մեզ ծայրաստիճան անհրաժեշտ կլինի։ Միստր Ջոն Բուլը կարող է ընտրել՝ կամ այսօր, կամ վաղը։ Եթե ցանկանում է, որ դա այսօր լինի, մենք պատրաստ ենք։ Գերադասում է վաղվա օրը, առավել ևս պատրաստ կլինենք։ Ըստ իս, նրանց կողմից ավելի խելամիտ կլինի կռվել դաշնակիցների հետ միասին, քան մենակ, դա արդեն իրենց գործն է։ Այս շաբաթը պետք է որոշի Անգլիայի ճակատագիրը։ Բայց դուք ձեր գաղտնարանի մասին էիք խոսում։
Բարոնը նստեց բազկաթոռին։ Լույսի ճառագայթներն ընկնում էին նրա լայն, ճաղատ գլխին։ Նա անվրդով սիգար էր ծխում։
Ընդարձակ սենյակի հեռավոր ծայրում, որ պատված էր կաղնեփայտով և ուր շարված էին գրադարակները, վարագույր էր կախված։ Ֆոն Բորկը բացեց այն, և ֆոն Հերլինգը տեսավ պատկառելի չափերով պղնձաձույլ չհրկիզվող պահարանը։ Ֆոն Բորկը ժամացույցի շղթայից հանեց բանալին և փականի վրա երկար ձեռնաշարժություն անելուց հետո բացեց ծանր դուռը։
— Խնդրեմ, — ասաց նա՝ ձեռքի շարժումով հրավիրելով հյուրին, իսկ ինքը մի կողմ քաշվեց։
Լույսն ընկավ մեծ պահարանի մեջ, և դեսպանատան քարտուղարը մեծ հետաքրքրությամբ նայեց նրա բազմաթիվ բաժինները։ Ամեն մեկի վրա մի ցուցանակ կար, մի հայացք նետելով դրանց վրա ֆոն Հերլինգը կարդաց․ «Ծանծաղուտներ», «Նավահանգիստների պաշտպանություն», «Սավառնակներ», «Իռլանդիա», «Եգիպտոս», «Պորտսմուտի ամրություններ», «Լա Մանշ», «Ռոզայթ» և տասնյակ ուրիշներ։ Բոլոր բաժինները լցված էին փաստաթղթերով և հատակագծերով։
— Ապշեցուցիչ է, — ասաց քարտուղարը։ Մի կողմ դնելով սիգարը, նա իր թմբլիկ ձեռքերով ծափահարեց։
— Եվ ընդամենը չորս տարում, բարոն։ Այնքան էլ վատ չէ կալվածատիրոջ, խմիչքի սիրահարի և որսորդի համար։ Բայց ադամանդը, որ պետք է զարդարի իմ հավաքածուն, դեռ այստեղ չէ, շուտով տեղ կհասնի և դրա համար արդեն շրջանակ է պատրաստված։
Ֆոն Բորկը ցույց տվեց «Ռազմածովային ազդանշաններ» մակագրությամբ բաժինը։
— Բայց չէ որ այստեղ արդեն բավականին պատկառելի մի գործ կա…
— Հնացած է, դատարկ թղթեր են։ Ծովակալությունն ինչ-որ ձևով տեղեկացել է, տագնապ բարձրացրել և բոլոր ծածկագրերը փոխել են։ Այո, դա հարված էր։ Ես դեռ երբեք այդպիսի հարված չեմ ստացել։ Բայց իմ դրամագրքույկի և կտրիչ Օլթեմոնտի օգնությամբ հենց այս երեկո ամեն ինչ կհարթվի։
Բարոնը նայեց ժամացույցին և կոկորդից ակամա բացականչություն դուրս թռավ, որը սրտնեղություն էր արտահայտում։
— Ոչ, իսկապես, այլևս սպասել չեմ կարող։ Դուք պատկերացրեք, թե հիմա ինչպես է ամեն ինչ եռում Կարլտոն-Տերասում, մեզնից ամեն մեկը պետք է լինի իր պահակակետում։ Ես հույս ունեի նորություններ տանել ձեր վերջին որսից։ Մի՞թե ձեր Օլթեմոնտը իր գալու ստույգ ժամը չի նշել։
Ֆոն Բորկը նրան մեկնեց հեռագիրը։
«Անպայման կգամ։ Երեկոյան կբերեմ բռնկիչի նոր մոմերը։
Օլթեմոնտ»։
— Բռնկիչի մոմե՞ր։
— Հասկանում եք, նա որպես մեխանիկ է ներկայանում, իսկ ես այստեղ մի ամբողջ գարաժ ունեմ։ Մեր ծածկագրերում բոլոր տերմիններն արտահայտում ենք ավտոմեքենաների մասերով։ Գրում է ռադիատորի մասին՝ նկատի ունի գծանավը, իսկ յուղի մխոցը հածանավն է։ Բռնկիչի մոմեր՝ նշանակում է ռազմածովային ազդանշաններ։
— Ուղարկված է կեսօրին, Պորտսմուտից, — ասաց քարտուղարը, նայելով հեռագրին։ Ի միջի այլոց, նրան որքա՞ն եք վճարում։
— Հինգ հարյուր ֆունտ եմ տալու միայն այս հանձնարարության համար։ Եվ դեռ, իհարկե, վճարում եմ կանոնավոր աշխատավարձ։
— Վատ չի վաստակում։ Դրանք՝ այդ հայրենիքի դավաճանները, օգտակար մարդիկ են, բայց վիրավորական է այդքան վճարել դավաճանության համար։
— Օլթենմոտի համար դրամ չեմ ափսոսում։ Գերազանց է աշխատում։ Ասենք թե նրան շատ եմ վճարում, բայց դրա փոխարեն նա հայթայթում է «իսկական ապրանք»՝ իր սեփական արտահայտությամբ։ Բացի դրանից, նա բոլորովին էլ դավաճան չէ։ Հավատացնում եմ ձեզ, ինչ վերաբերում է Անգլիային, ամենամոլեռանդ գերմանադավ յունկերը պարզապես անմեղ թռչնակ է չարացած ամերիկյան իռլանդացու համեմատ։
— Ահա թե ինչ։ Նա ամերիկյան իռլանդացի՞ է։
— Եթե լսեիք, ինչպես է խոսում, ձեր մոտ կասկած չէր մնա այդ հարցում։ Կհավատա՞ք, երբեմն ես նրան դժվարությամբ եմ հասկանում։ Նա կարծես պատերազմ է հայտարարել ոչ միայն Անգլիային, այլև անգլերեն լեզվին։ Դուք իրո՞ք չեք կարող սպասել։ Նա ուր որ է կգա։
— Ոչ։ Շատ եմ ցավում, առանց այդ էլ ուշացա։ Ձեզ սպասում ենք վաղը, առավոտ շուտ։ Եթե ձեզ հաջողվի ազդանշանների ծածկագրով թղթապանակը անցկացնել Յորքի դքսի հենց քթի տակով, դա կարող եք ձեր ողջ անգլիական էպոպեայի փայլուն վերջաբանը համարել։ Օհո՜։ Տոկայական։
Նա գլխով ցույց տվեց սկուտեղի վրայի խնամքով խցանված, փոշոտ շիշն ու երկու բաժակները։
— Թույլ տվեք գնալուց առաջ ձեզ մի բաժակ առաջարկել։
— Ոչ, շնորհակալ եմ։ Ըստ երևույթին, ձեզ մոտ կերուխո՞ւմ է պատրաստվում։
— Օլթեմոնտը գինու նուրբ գիտակ է, իմ տոկայականը նրա ճաշակով է։ Նա շատ ինքնասեր է, շուտ է վիրավորվում, հարկ է լինում սիրաշահել։ Այո, համարձակվում եմ հավատացնել, որ նրա հետ այնքան էլ հեշտ չէ։
Նրանք նորից բաց պատշգամբ դուրս եկան և գնացին դրա երկայնքով մինչև վերջ․ այնտեղ կանգնած հսկայական մեքենան միանգամից դողդողաց և աղմկեց վարորդի թեթև հպումից։
— Այնտեղ, հավանաբար, Հարիջի լույսերն են, — վրան գցելով անձրևաթիկնոցը, ասաց քարտուղարը։ — Ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է։ Մի երկու շաբաթից այստեղ ուրիշ կրակներ կվառվեն, անգլիական ափը կկորցնի իր հովվերգական տեսքը։ Երկինքը նույնպես, եթե մեր փառապանծ Ցեպելինը կատարի իր խոստումները։ Իսկ այդ ո՞վ է այնտեղ։
Տանը լույս էր վառվում միայն մի պատուհանում, այնտեղ, սեղանի մոտ, որի վրա լամպն էր դրված, նստել էր հաճելի, կարմրերես, գեղջկական կապագլխարկով տարեց մի կին։ Նա կռացել էր գործվածքի վրա և մերթընդմերթ դադարեցնում էր աշխատանքը, որպեսզի շոյի իր կողքի աթոռին տեղավորված մեծ, սև կատվին։
— Մարթան է, սպասուհին։ Միայն նրան եմ պահել տանը։
Քարտուղարը քմծիծաղեց։
— Թվում է, թե նա Բրիտանիայի մարմնավորումն է, ինքնամփոփվել և անխռով ննջում է։ Դե, ֆոն Բորկ, au revoir.
Ի նշան հրաժեշտի նա թափահարեց ձեռքը, նստեց մեքենան և լույսի երկու ոսկեգույն կոներ մթության մեջ շարժվեցին առաջ։ Քարտուղարը թիկնեց շքեղ լիմուզինի բարձերին և այնքան խորասուզվեց Եվրոպայում հասունացող ողբերգությանը վերաբերող մտքերի մեջ, որ չնկատեց, թե ինչպես իր մեքենան գյուղական փողոցը թեքվելիս հազիվ չխփեց հանդիպակաց ճանապարհով եկող փոքրիկ «Ֆորդին»։ Երբ հեռվում մարեցին լիմուզինի լուսարձակների վերջին ցոլքերը, ֆոն Բորկը դանդաղ վերադարձավ իր աշխատասենյակը։ Պարտեզով անցնելիս նա նկատեց, որ սպասուհին հանգցրել է լամպը և գնացել քնելու։ Լուռ, մթությամբ լցված ընդարձակ տունն անսովոր էր ֆոն Բորկի համար, նրա ընտանիքը, ծառայողներով հանդերձ, շատ մեծ էր։ Նա թեթևացած մտածում էր, որ նրանք բոլորն անվտանգության մեջ են, և եթե չհաշվենք խոհանոցում տիրություն անելու համար մնացած պառավ սպասուհուն, հիմա ինքն ամբողջ տանը մենակ է։ Մեկնելուց առաջ դեռ շատ բաներ պետք է կարգի բերել, որոշ բաներ ոչնչացնել։ Նա գործի անցավ և այնքան աշխատեց, մինչև նրա գեղեցիկ, աշխույժ դեմքը կարմրեց թղթերի վրա ընկած լույսի շողից։ Սեղանի մոտ՝ հատակին, դրված էր կաշվե ճամպրուկը․ ֆոն Բորկն սկսեց կոկիկ, կանոնավոր կերպով այնտեղ տեղավորել չհրկիզվող պահարանի թանկագին պարունակությունը։ Բայց այդ րոպեին նրա նուրբ լսողությունը որսաց հեռվում շարժվող ավտոմեքենայի աղմուկ։ Նա մի ինքնագոհ բացականչություն արձակեց, ձգեց ճամպրուկի գոտիները, փակեց չհրկիզվող պահարանը և արագ բաց պատշգամբ դուրս եկավ։ Հենց այդ րոպեին, այգու դռնակի մոտ փայլեցնելով լուսարձակները, կանգնեց մի փոքրիկ ավտոմեքենա։ Այնտեղից դուրս թռավ բարձրահասակ մի մարդ և արագ գնաց ֆոն Բորկին ընդառաջ․ վարորդը՝ ամրակազմ, սպիտակ բեղերով տարեց մի մարդ, հարմար տեղավորվեց իր նստարանին, ըստ երևույթին, պատրաստվելով երկար սպասել։
— Դե, ինչպե՞ս է, — աշխույժ հարցրեց ֆոն Բորկը՝ վազքով նետվելով եկողին ընդառաջ։
Պատասխանի փոխարեն վերջինս հանդիսավոր տեսքով գլխի վերևում թափահարեց փոքրիկ կապոցը։
— Այո, միստր, այսօր դուք գոհ կմնաք, — բացականչեց եկվորը։ — Ամեն ինչ կարգին է։
— Իսկ ազդանշաննե՞րը։
— Իհարկե, ինչպես գրել էի հեռագրում։ Ամբողջը՝ ձեռքի ազդանշանները, լապտերի ազդանշանները, մարկոնին՝ ինքնին հասկանալի է, պատճեններ են, ոչ բնագրերը․ դա շատ վտանգավոր կլիներ։ Բայց ապրանքն արժեքավոր է։ Կարող եք վստահել։
Նա կոպիտ մտերմությամբ թփթփացրեց գերմանացու ուսին։ Վերջինս խոժոռվեց։
— Մտեք, ես տանը մենակ եմ, — ասաց նա։ — Պատճեններն, անտարակույս, ավելի լավ են, քան բնագիրը։ Եթե բնագրերն անհետանային, անմիջապես բոլոր ծածկագրերը կփոխեին նորերով։ Իսկ այդ պատճենները կարգի՞ն են։
Աշխատասենյակ մտնելով, ամերիկյան իռլանդացին տեղավորվեց բազկաթոռին և ձգեց երկար ոտքերը։ Նա մոտ վաթսուն տարեկան էր, շատ բարձրահասակ, նիհարակազմ, դիմագծերը սուր էին, ընդգծված․ փոքր այծամորուքը նրան նմանեցնում էր Սեմ պապիկին, որպիսին պատկերում են ծաղրանկարներում։ Բերանի անկյունում կախված էր կիսածխած, հանգած սիգարը․ հազիվ նստելով, անմիջապես վառեց այն։
— Պատրաստվում եք ճողոպրե՞լ, — նկատեց նա զննելով շուրջը։ Նրա հայացքն ընկավ արդեն վարագույրով չծածկված չհրկիզվող պահարանին։ Լսեք, միստր, մի՞թե դուք այդտեղ եք պահում ձեր բոլոր թղթերը։
— Իսկ ինչու՞ ոչ։
— Գրողը տանի, այս արկղո՞ւմ։ Եվ դեռ համարվում եք բարձր կարգի լրտես։ Ցանկացած ավազակ-յանկին դա կբացի պահածոյի բացիչով։ Եթե ես իմանայի, որ իմ նամակները նետվում են այսպիսի արկղի մեջ, ես հիմարություն չէի անի, չէի գրի ձեզ։
— Ոչ մի ավազակ այս չհրկիզվող պահարանից գլուխ չի հանի, — պատասխանեց ֆոն Բորկը։ — Մետաղը, որից պատրաստված է սա, ոչ մի գործիքով չես կոտրի։
— Լավ, իսկ փակա՞նը։
— Հատուկ փական է, երկու համակցությամբ, հասկանո՞ւմ եք։
— Ոչինչ չեմ հասկանում։
— Փականը բացելու համար պահանջվում է իմանալ որոշակի մի բառ և որոշակի թիվ։ — Ֆոն Բորկը վեր կացավ տեղից և ցույց տվեց փականի զույգ սկավառակները։ — Արտաքին շրջանակը բառերի համար է, ներքինը՝ թվերի։
— Հիանալի է, հիանալի։
— Այնքան էլ հասարակ չէ, ինչպես մտածում եք։ Ես դա պատվիրել եմ չորս տարի առաջ և գիտե՞ք ինչ թիվ և բառ եմ ընտրել։
— Մտքովս էլ չի անցնում։
— Ուրեմն լսեք, բառը՝ «օգոստոս», իսկ թիվը՝ «1914», հասկացա՞ք։
Ամերիկացու դեմքը հիացմունք արտահայտեց։
— Այ սա վարպետություն է, աստված վկա։ Այսինքն, ճիշտ ժամանակին եք կռահել, — բացականչեց նա զարմացած։
— Այո, մեզնից ինչ-որ մեկն արդեն այն ժամանակ կարող էր նախատեսել ճիշտ թիվը։ Դե, ահա, հիմա ժամանակն եկավ, և ես վաղն առավոտյան բոլոր գործերն ավարտում եմ։
— Լսեք, միստր, դուք պետք է ինձ էլ այստեղից դուրս քաշեք։ Ես այս երիցս նզովյալ երկրում մենակ չեմ մնա։ Երևում է, մեկ շաբաթ հետո, կամ ավելի շուտ, Ջոն Բուլը ետևի թաթերի վրա կկանգնի և կսկսի գազազել։ Ես գերադասում եմ նրան նայել օվկիանոսի մյուս ափից։
— Բայց չէ՞ որ դուք ամերիկյան քաղաքացի եք։
— Հետո՞ ինչ։ Ջեկ Ջեյմսն էլ է ամերիկյան քաղաքացի, իսկ հիմա իր պատժաչափն անցկացնում է Պորտլենդում։ Անգլիացի ոստիկանը ձեզ չի համբուրի, եթե հայտարարեք, որ դուք ամերիկացի եք։ «Այստեղ, մեզ մոտ, մեր օրենքներն են՝ բրիտանական», — ահա թե ինչ կասի ձեզ։ Հա, միստր, ի դեպ, քանի որ հիշեցինք Ջեկ Ջեյմսին։ Ինձ թվում է, դուք այնքան էլ չեք խնայում այն մարդկանց, ովքեր ձեզ համար են աշխատում։
— Ի՞նչ եք ցանկանում ասել, — կտրուկ հարցրեց ֆոն Բորկը։
— Չէ որ դուք նրանց համար տիրոջ նման մի բան եք, ճի՞շտ է։ Եվ դուք պետք է հետևեք, որպեսզի նրանք փորձանքի մեջ չընկնեն։ Իսկ նրանք մի գլուխ խրվում են, և դուք դրանցից թեկուզ մեկին փրկե՞լ եք։ Վերցնենք թեկուզ հենց նույն Ջեյմսին…
— Ջեյմսն ինքն է մեղավոր, դուք դա լավ գիտեք։ Նման գործի համար նա շատ անկազմակերպ մարդ էր։
— Ջեյմսը դատարկ գլուխ է, համաձայն եմ։ Իսկ Հոլի՞սը։
— Հոլիսն իրեն աննորմալի պես էր պահում։
— Այո, վերջում նա մի թեթև ցնդեց։ Կցնդես, երբ առավոտից իրիկուն խաղում ես, ինչպես թատրոնում, իսկ շուրջդ հարյուրավոր ոստիկաններ են․ սպասում ես, մինչև ճանկեն։ Դե, իսկ եթե խոսենք Ստեյների մասին…
Ֆոն Բորկը ուժգին ցնցվեց, նրա կարմիր դեմքը մի փոքր գունատվեց։
— Ի՞նչ է պատահել Ստեյներին…
— Ինչպե՞ս թե։ Չէ որ նրան նույնպես ճանկեցին։ Երեկ գիշեր հարձակվեցին նրա կրպակի վրա, և ինքն ու իր բոլոր թղթերը հիմա պորտսմուտյան բանտում են։ Դուք կճողոպրեք, իսկ նա՝ խեղճը, դեռ պիտի պատասխան տա, և դեռ լավ կլինի, եթե չկախվի։ Ահա դրա համար էլ ցանկանում եմ առանց հապաղելու անցնել օվկիանոսի այն կողմը։
Ֆոն Բորկը ուժեղ բնավորության տեր էր, բավականին զուսպ, բայց հեշտ էր նկատել, որ այդ նորությունները ցնցեցին նրան։
— Նրանք ինչպե՞ս հասան Ստեյներին, — ինքն իրեն մրթմրթաց նա։ — Սա իսկապես հարված էր։
— Կարող է դեռ ավելի վատն էլ պատահել, մեկ էլ տեսար ինձ էլ ճանկեցին։
— Ի՜նչ եք ասում։
— Հավատացեք, իմ բնակարանի տանտիրուհուն ներկայացել են ինչ-որ տիպեր, հարցրել իմ մասին։ Հենց որ այդ լսեցի, մտածեցի, որ ծլկելու ժամանակն է։ Բայց ահա ինչը չեմ հասկանում, միստր, այդ ոստիկանության շներն ինչպես են հոտոտել նման բաները։ Այն ժամանակից, ինչ իրար հետ այստեղ պայմանավորվել ենք, Ստեյները թվով հինգերորդն է, որին ճանկել են, և ես գիտեմ, ով կլինի հաջորդը, եթե ժամանակին չծլկեմ։ Դուք այս բոլորն ինչպե՞ս կբացատրեք։ Եվ ինչպես է ձեր խիղճը թույլ տալիս մատնել յուրայիններին։
Ֆոն Բորկը զայրույթից կարմրատակեց։
— Ինչպե՞ս եք համարձակվում ինձ հետ այդպես խոսել։
— Եթե ես համարձակություն չունենայի, միստր, ձեզ մոտ այսպիսի աշխատանքի չէի գա։ Բայց ես ձեզ ամեն ինչ անկեղծորեն ասում եմ։ Լսել եմ, հենց որ գործակալը իր դերը կատարում է, դուք՝ գերմանական գործիչներդ, նույնիսկ ուրախանում եք, երբ նրան բռնում են: