Chapter 3
III
Նրանք, ովքեր բերկրանքով ժամեր շարունակ դիտել են իրենց սիրած էակի քունը, որի աչքերը զարթնելիս պիտի ժպտային իրենց, անշուշտ պիտի ըմբռնեն այն հաճելի և միաժամանակ սոսկալի զգացումը, որ հուզում էր գնդապետի համակ էությունը: Նրա համար այդ նինջը պատրանք էր միայն, խաբկանք. զարթոնքը կլիներ մի պահ և մահերի ամենասոսկալին: Հանկարծ մի փոքր այծ վազեց, երեք ոստյունով նետվեց դեպի նստարանը, հոտոտեց Ստեֆանիին, որին այդ աղմուկը զարթնեցրեց: Նա թեթևորեն ոտքի ելավ: Սակայն այդ շարժումը ամենևին չահաբեկեց այդ կամակոր կենդանուն: Բայց երբ կոմսուհին նշմարեց Ֆիլիպին, փախավ մինչև թանթրվենիների ցանկապատը, նրա հետևից էլ չորքոտանի ընկերը: Հետո նա արձակեց վախեցած փոքրիկ թռչունի այն ճիչը, որն արդեն գնդապետը լսել էր վանդակորմի մոտ, որտեղ կոմսուհին առաջին անգամ երևացել էր մարկիզ դ’Ալբոնին: Վերջապես նա մագլցեց կաղամախի ծուռ ծառի վրա և թաքնվեց այդ ծառի կանաչ սաղարթների մեջ ու սկսեց նայել օտարականին՝ անտառի ամենահետաքրքիր սոխակի ուշադրությամբ:
— Մնաք բարո՜վ, մնաք բարո՜վ, մնաք բարո՛վ,— ասաց նա, սակայն նրա հոգին այդ բառին որևէ զգայուն շեշտ չհաղորդեց:
Դա իր եղանակը սուլող թռչունի անզգայությունն էր:
— Նա ինձ չի ճանաչում,— բացականչեց գնդապետը, սաստիկ հուսահատված ու վշտաբեկ...— Ստեֆանի՛, ես Ֆիլիպն եմ, Ֆիլի՜պը:
Եվ խեղճ զինվորականն առաջացավ դեպի կաղամախի ծառը, սակայն, երբ ծառին հասնելու երեք քայլ էր մնացել, կոմսուհին նայեց նրան, ասես մարտահրավեր կարդալով, թեև մի տեսակ վախի արտահայտություն անցավ նրա աչքում, հետո, մեկ ոստյունով նա կաղամախուց ցատկեց մի ակացիայի վրա, և այնտեղից հյուսիսի եղևնու վրա ճյուղից ճյուղ անցավ անհավատալի թեթևությամբ:
— Մի՛ հետապնդեք նրան,— ասաց պարոն Ֆանժան գնդապետին:— Դուք ձեր և նրա միջև կստեղծեք խորշանք, որն անհաղթահարելի կարող է դառնալ: Ես ձեզ կօգնեմ, որպեսզի նա ճանաչի ձեզ և ընտելանա: Եկե՛ք նստեք այս նստարանի վրա: Եթե ուշադրություն չդարձնեք այդ խեղճ խենթի վրա, շուտով կտեսնեք, որ անզգալիորեն կմոտենա ձեզ զննելու համար:
— Նա ինձ չճանաչի՜ և փախչի՜ ինձնից,— կրկնեց գնդապետը նստելով և մեջքը հենելով մի ծառի, որի սաղարթները հովանավորում էին գեղջկական մի նստարան:
Եվ նրա գլուխը հակվեց կրծքի վրա: Բժիշկը լուռ մնաց այդ խոր վշտի հանդեպ: Կոմսուհին շուտով իջավ իր եղևնու բարձրությունից՝ շրջմոլիկ հրի նման թռչկոտելով, երբեմն հետևելով այն ծփանքներին, որ քամին դրոշմում էր ծառերին: Նա կանգ էր առնում յուրաքանչյուր ճյուղի վրա՝ օտարականին զննելու համար: Սակայն նրան տեսնելով նստած, վերջապես ցատկեց խոտի վրա և մարգագետնի միջով դանդաղ քայլերով եկավ մոտեցավ գնդապետին: Երբ նա հենվեց նստարանից տասը քայլ հեռու գտնվող մի ծառի, պարոն Ֆանժան կամացուկ ասաց գնդապետին.
— Իմ գրպանից զգուշությամբ մի քանի կտոր շաքար վերցրե՛ք և ցույց տվե՛ք, նա կմոտենա: Ի նպաստ ձեզ, հոժարակամ կհրաժարվեմ նրան համով բաներ տալու հաճույքից: Նա շաքար շատ է սիրում և դրանով դուք նրան կվարժեցնեք ձեզ մոտենալու և ճանաչելու:
— Երբ նրա գիտակցությունը տեղն էր,— պատասխանեց Ֆիլիպը տխրությամբ,— նա երբեք չէր ախորժում շաքարեղենից:
Երբ գնդապետը դեպի Ստեֆանին շարժեց իր աջ ձեռքի ցուցամատի և բթամատի միջև բռնած շաքարի կտորը, նա նորից արձակեց իր վայրենի ճիչը և թափով նետվեց Ֆիլիպի վրա: Ապա բնազդական վախից դրդված, որ ներշնչում էր Ֆիլիպը, կանգ առավ: Նա նայում էր շաքարին և փոխիփոխ շրջում էր գլուխը, ինչպես այն դժբախտ շները, որոնց տերն արգելում է դիպչել ուտելիքին, քանի դեռ դանդաղորեն չի արտասանված մարզական խոսքերը: Վերջապես անասնական կիրքը հաղթեց վախին, Ստեֆանին երկչոտությամբ երկարեց իր սիրուն թուխ ձեռքը որսը հափշտակելու համար... ձեռք գցեց շաքարը և անհետացավ անտառի թփուտների մեջ: Այս սոսկալի տեսարանը իսպառ ընկճեց գնդապետի հոգին և նա արտասվալից մտավ հյուրասրահը:
— Ուրեմն սերը նվա՞զ արիություն ունի, քան բարեկամությունը,— ասաց նրան պարոն Ֆանժան:— Ես հույս ունեմ, պարոն բարոն: Եղբորս խեղճ աղջիկը է՛լ ավելի խղճալի վիճակի մեջ էր գտնվում, քան այժմ, որ տեսնում եք:
— Հնարավո՞ր է միթե,— գոչեց Ֆիլիպը, սաստիկ հուզված...
— Նա մերկ էր մնում,— հարեց բժիշկը:
Գնդապետը սոսկումի մի շարժում կատարեց ու գունատվեց: Բժիշկը այդ գունատման մեջ ճանաչեց վշտառիթ մի ախտանիշ, եկավ, քննեց նրա բազկերակը և գտավ, որ նա ուժգին տենդի մեջ է: Շատ թախանձանքից հետո բժշկին հաջողվեց համոզել գնդապետին, որ պառկի: Բժիշկը պատրաստեց աֆիոնի թեթև մի դոզա՝ նրան խաղաղ քուն ապահովելու համար:
Մոտ մի շաբաթ անցավ, որի ընթացքում բարոն դը Սյուսին հաճախ մահացու տագնապների դեմ մաքառեց, այնպես որ նրա աչքերի արցունքն այլևս ցամաքեց: Հաճախ խորտակված նրա սիրտն ու հոգին չկարողացան վարժվել այն տեսարանին, որ իրեն ներկայացնում էր կոմսուհու խելագարությունը: Սակայն հարմարվեց, այսպես ասած, այդ անագորույն դրության հետ և իր վշտի մեջ սփոփանք գտավ: Նրա հերոսությունը սահման չուներ: Նա արիություն ունեցավ Ստեֆանիին ընտելացնել նրա համար համադամ բաներ ընտրելով և այնքան հոգածություն ցուցահանեց այդ սնունդը նրան հայթայթելու համար: Նա աստիճանաբար ձեռք բերեց համեստ նվաճումներ՝ նրա բնազդի, նրա իմացականության այդ վերջին բեկորի վրա, որ նրան ավելի ընտելացած դարձրեց, քան երբևէ եղել էր նա: Գնդապետը ամեն առավոտ իջնում էր պարտեզ, և եթե երկար ժամանակ կոմսուհուն փնտրելուց հետո չէր կարողանում կռահել, թե ո՞ր ծառի վրա է նվաղկոտորեն օրորվում նա, ո՛չ էլ այն անկյունը, որտեղ նա թաքնվել էր մի թռչունի հետ խաղալու, ո՛չ էլ այն տանիքը, որի վրա թառել էր, սուլում էր այնքան հռչակավոր «Սիրիա մեկնելիս» եղանակը... Ստեֆանին անմիջապես մոտ էր վազում եղնիկի թեթևությամբ: Նա այնքան լավ էր վարժվել գնդապետին հանդիպելու, որ այլևս նրանից չէր վախենում: Շուտով նա վարժվեց նստել նրա ծնկին, իր վտիտ ու ճկուն բազուկներով փաթաթվել նրան: Այդ դիրքում Ֆիլիպը դանդաղորեն շաքարեղեն էր տալիս փափկակեր կոմսուհուն: Ուտելուց հետո, հաճախ պատահում էր, որ Ստեֆանին խուզարկում էր իր բարեկամի գրպանները այնպիսի շարժումներով, որ կապիկի շարժումների մեքենական արագությունն ունեին: Երբ նա վստահ էր լինում, որ այլևս ոչինչ չկար այնտեղ, նայում էր Ֆիլիպին պայծառ, ջինջ, անմիտ հայացքով, խաղում՝ նրա հետ, փորձում հանել նրա երկար կոշիկները՝ ոտքը տեսնելու համար, պատռում էր նրա ձեռնոցները, դնում նրա գլխարկը, բայց և թողնում էր, որ գնդապետը հպվի նրա մազերին, գրկի նրան: Վերջապես լռությամբ նայում էր նրան, երբ նա արտասվում էր: Լավ էր հասկանում «Սիրիա մեկնելիս» երգի շվացումը, բայց Ֆիլիպին չհաջողվեց, որ խելագարին արտասանել տա Ստեֆանի՝ իր անունը: Իր սոսկալի ձեռնարկումի մեջ գնդապետին նեցուկ էր հանդիսանում նրան փրկելու հույսը, որը երբեք չէր լքում Ֆիլիպին: Երբ աշնան գեղեցիկ առավոտներին տեսնում էր կոմսուհուն հանդարտորեն նստած մի նստարանի վրա, դեղնած մի կաղամախենու տակ, խեղճ սիրահարը պառկում էր նրա ոտքերի մոտ և նայում էր ուղիղ նրա աչքերի մեջ, այնքան երկար, որքան նա թողնում էր նայել իրեն, հուսալով, որ այնտեղից բխող լույսը իմացական կդառնա: Երբեմն նա ընկնում էր պատրանքի մեջ, և կարծում էր, որ կնոջ աչքերի անշարժ ու խիստ շողերը նորից թրթռուն են դառնում, կակղում են և աշխուժանում, և նա գոչում էր.
— Ստեֆանի՜, Ստեֆանի՜, լսո՞ւմ ես ինձ, տեսնո՞ւմ ես ինձ։
Սակայն խենթը լսում էր այդ ձայնը, ասես քամու աղմուկը լիներ սաղարթների մեջ:
Գնդապետը հուսահատությունից գալարում էր ձեռքերը, մի հուսահատություն, որ միշտ նոր էր, միշտ նոր: Ժամանակը և այս զուր փորձերը միայն իր վշտերն էին ավելացնում: Մի երեկո, խաղաղ երկնքի տակ, դաշտային այս ապաստարանի լռության ու խաղաղության մեջ, պարոն Ֆանժան հեռվից տեսավ բարոնին, որ զբաղված էր ատրճանակ լցնելով:
Ծերունի բժիշկը հասկացավ, որ Ֆիլիպը այլևս կորցրել է հույսը. նա զգաց, որ արյունը սառում է իր երակներում, և նա ընդդիմադրեց իրեն տիրող խելացնորությանը, որովհետև նա գերադասում էր, որ իր եղբոր աղջիկը լինի կենդանի և խելագար, քան մեռած: Նա մոտ վազեց:
— Ի՞նչ եք անում,— ասաց նա:
— Սա ինձ համար է,— պատասխանեց գնդապետը ցույց տալով նստարանի վրա լցված մի ատրճանակ, իսկ ահա սա նրա համար է,— ավելացրեց նա ավարտելով ձեռքում բռնած ատրճանակը լցնելը:
Կոմսուհին փռվել էր գետնի վրա և խաղում էր ատրճանակի գնդակների հետ:
— Ուրեմն դուք չգիտեք,— հարեց բժիշկը սառնությամբ, ջանալով ծածկել իր զարհուրանքը,— որ այս գիշեր քնելիս նա ասաց «Ֆիլիպ»:
— Նա իմ անո՞ւնը տվեց,— բացականչեց բարոնը ձեռքից բաց թողնելով ատրճանակը, որը Ստեֆանին վերցրեց, բայց Ֆիլիպը այն խլեց նրա ձեռքից, վերցրեց նաև նստարանի վրա ընկածը և հեռացավ:
— Խե՜ղճ փոքրիկս,— գոչեց բժիշկը, երջանիկ, որ իր խաբեությունը հաջողություն ունեցավ:
Նա կրծքին սեղմեց իր խելագար ազգականուհուն և շարունակեց.
— Քեզ պիտի սպաներ այդ եսասեր մարդը: Նա ուզում էր սպանել քեզ, որովհետև տառապում է: Նա չգիտեր քեզ սիրել հանուն քեզ, աղջի՛կս: Մենք կներենք նրան, այնպես չէ՞: Նա խելացնոր է, իսկ դու միայն խենթ ես: Իմացի՛ր միայն, աստված պետք է քեզ կանչի իր մոտ: Մենք քեզ դժբախտ ենք կարծում, որովհետև դու մասնակից չես այլևս մեր թշվառություններին: Ի՜նչ հիմարն ենք մենք. բայց,— ասաց նա, նստեցնելով նրան իր ծնկներին,— դու երջանիկ ես, ոչինչ քեզ չի նեղացնում, ապրում ես թռչունի նման, այծյամի պես...
Կոմսուհին հարձակվեց մի սարյակի վրա, որ ոստոստում էր, բռնեց նրան, ուրախության մի ճիչ արձակելով, խեղդեց, դիտեց նրա մահը և նետեց մի ծառի տակ՝ առանց այլևս մտածելու նրա մասին:
Հաջորդ օրը հազիվ թե լույսը բացված էր, գնդապետը իջավ պարտեզ, փնտրեց Ստեֆանիին, նա հավատում էր բախտավորությանը: Չգտնելով կոմսուհուն, սուլեց: Երբ եկավ իր սրտի տիրուհին, բռնեց նրա թևից, և առաջին անգամ միասին քայլելով գնացին խամրած ծառերի ոլորանի տակ, որոնց տերևները թափվում էին վաղորդյան թեթև քամուց: Գնդապետը նստեց և Ստեֆանին ինքը տեղավորվեց նրա ծնկներին: Ֆիլիպը դողաց բերկրանքից:
— Իմ սեր,— ասաց նա, հրայրքով համբուրելով կոմսուհու ձեռքերը,— ես Ֆիլիպն եմ...
Կոմսուհին հետաքրքրությամբ նայեց գնդապետին:
— Ե՛կ, — ավելացրեց Ֆիլիպը, թախանձելով նրան:— Զգո՞ւմ ես սրտիս տրոփյունը: Ես միշտ սիրում եմ քեզ: Ֆիլիպը չի մեռել, նա այստեղ է, դու նրա ծնկների վրա ես: Դու իմ Ստեֆանին ես, և ես՝ քո Ֆիլիպը:
— Մնաք բարո՜վ,— ասաց կինը,— մնաք բարո՜վ:
Գնդապետը սարսռաց, որովհետև նկատեց, որ իր գերգրգռությունը փոխանցվում է իր սիրուհուն: Հույսից բորբոքված նրա ծվատող ճիչը, հավերժական սիրո, զառանցագին կրքի այդ վերջին պոռթկումը վերարթնացնում էր իր բարեկամուհու բանականությունը:
— Ա՜հ, Ստեֆանի, մենք երջանիկ կլինենք:
Կոմսուհին արձակեց գոհունակության մի ճիչ և նրա աչքերը արտահայտեցին իմացականության տարտամ մի շող:
— Նա ճանաչո՜ւմ է ինձ... Ստեֆանի՛ ...
Գնդապետը զգաց, որ իր կուրծքն ուռչում է և կոպերը թրջվում: Սակայն նա հանկարծ տեսավ, որ կոմսուհին ցույց է տալիս մի կտոր շաքար, որ նա գտել էր Ֆիլիպի գրպանը խուզարկելիս, երբ վերջինս խոսում էր:
Գնդապետն ուրեմն բանականության այդ շողը մարդկային մտքի տեղ էր ընդունել, մինչդեռ կապկային մի չարաճճիություն էր: Ֆիլիպը կորցրեց իր գիտակցությունը... Պարոն Ֆանժան կոմսուհուն գտավ գնդապետի մարմնի վրա նստած: Նա կրծում էր իր շաքարը՝ զգացած հաճույքը հայտնելով դեմքի ծամածռություններով, որոնք կարող էին հիացմունք պատճառել, եթե երբեք նա ունենար իր բանականությունը: Նա ցանկացել էր կատակով նմանվել իր թութակին կամ կատվին:
— Ա՜հ, բարեկա՛մս,— գոչեց Ֆիլիպը, երբ գիտակցության եկավ:― Ես ամեն օր, ամեն րոպե մեռնում եմ: Ես չափազա՜նց եմ սիրում: Կհանդուրժեի ամեն ինչի, եթե իր խելագարության մեջ նա պահած լիներ կանացի մի նկարագիր: Սակայն նրան միշտ վայրենի տեսնել, տեսնել նրան...
— Ուրեմն ձեզ պետք է օպերային մի խենթ... գնացե՛ք պարոն, լքեցե՛ք նրան: Թողե՛ք այս տխուր մենաստանը: Ես գիտեմ ապրել այս փոքրիկ և սիրելի էակի հետ: Ես հասկանում եմ նրա խենթությունը, հետևում նրա շարժումներին, ու մտնում նրա գաղտնիքների մեջ: Մի օր դուք ինձ շնորհակալություն կհայտնեք:
Գնդապետը հեռացավ Բոնզոմից և այնտեղ վերադարձավ միայն մի անգամ: Բժիշկը գնդապետի մասին տեղեկություններ հավաքեց և իմացավ, որ այդ դժբախտը քաշվել է Սեն Ժերմենի մոտ ունեցած իր կալվածքը:
Բարոնը հավատալով մի երազի՝ հղացել էր մի ծրագիր՝ կոմսուհու բանականությունը վերականգնելու համար: Բժշկից գաղտնի, նա աշնան մնացած օրերը գործադրում էր այդ հսկայական ձեռնարկման պատրաստությունների վրա: Իր պուրակի միջով մի փոքր գետ էր հոսում, որտեղ այդ գետը ձմռանը ողողում էր մի ճահիճ, որը քիչ թե շատ նման էր այն ճահիճին, որը տարածվում էր Բերեզինայի աջ ափի երկայնքով: Մի բլրի վրա գտնվող Սատու գյուղը ամբողջացնում էր այդ սարսափելի տեսարանը, ինչպես Ստուդիանկան՝ Բերեզինայի հովիտը:
Գնդապետը բանվորներ հավաքեց մի ջրանցք փորելու համար, որը պետք է ներկայացներ լափող գետը, որտեղ կորել էին Ֆրանսիայի գանձերը՝ Նապոլեոնն ու իր բանակը: Հենվելով իր հիշողության վրա, Ֆիլիպը հաջողեց ընդօրինակել իր պարկում այն ափը, ուր գեներալ Էրլեն կառուցել էր տվել իր կամուրջները: Նա տնկել տվեց կամրջակալներ և այրեց, որպեսզի կարողանար պատկերացնել սևացած և կիսախանձ ատաղձը, որը հայտնում էր ետ մնացող զինվորներին, թե Ֆրանսիայի ճանապարհը իրենց համար փակված էր: Գնդապետը բերել տվեց այնպիսի բեկորներ, որոնք նման էին այն բեկորներին, որ օգտագործել էին իր դժբախտության ընկերները՝ իրենց լաստը կառուցելու համար: Նա ավերեց իր պուրակը, որպեսզի պատրանքը կատարյալ լինի, որի վրա հիմնում էր իր վերջին հույսը: Հրամայեց բերել պատառոտված զգեստներ՝ բազմահարյուր գյուղացիներին հագցնելու համար: Բարձրացրեց հյուղակներ, բացօթյա ռազմաճամբարներ, մարտկոցներ, որ հրդեհեց: Վերջապես ոչինչ չմոռացավ այն բոլորից, որը կարող էր վերարտադրել այդ բոլոր տեսարաններից ամենասոսկալին և նա հասավ իր նպատակին:
Դեկտեմբերի առաջին օրերին, երբ ձյունը իր սպիտակ և հաստ վերարկուով ծածկեց գետինը, կարծես նա տեսնում էր Բերեզինան: Այդ սարքովի Ռուսաստանը այնքան զարհուրելի մի իրականություն էր, որ գնդապետի զենքի բազմաթիվ ընկերները ճանաչեցին իրենց հին թշվառությունների տեսարանները: Պարոն դը Սյուսին պահեց այդ ողբերգական ներկայացման գաղտնիքը, որի մասին այդ ժամանակ փարիզյան հասարակության բազմաթիվ շրջանակներ խոսում էին որպես խելացնոր մի ձեռնարկության մասին:
1820 թվականի հունվար ամսվա սկզբներին, գնդապետը նստեց մի կառք, որը նման էր տեր և տիկին դը Վանդիերներին Մոսկվայից Ստուդիանկա բերող կառքին և ուղղվեց դեպի Իլ-Ադամի անտառը: Կառքին լծված ձիերը մոտավորապես նման էին այն ձիերին, որոնց նա իր կյանքի կորստյան գնով բերել էր ռուսների շարքերի միջից: Հագել էր արտառոց և ցեխաթաթախ զգեստ, կրում էր զենքեր և գլխին դրել էր 1812 թվականի նոյեմբերի 29-ի դրած գլխարկը: Մինչև իսկ թողել էր, որ մորուքն ու մազերը երկարեն, դեմքը անխնամ էր պահել, որպեսզի ոչինչ չպակասի այդ զարհուրելի իրականությունից:
— Ես գուշակեցի ձեր մտադրությունը,— գոչեց պարոն Ֆանժան, երբ գնդապետը կառքից իջնում էր:— Եթե դուք ցանկանում եք, որ հաջողվի ձեր ծրագիրը, այս հագուստով ձեզ ցույց մի տվեք կոմսուհուն: Այս երեկո եղբորս աղջկան մի քիչ աֆիոն ընդունել կտամ: Քնի ընթացքում կհագցնենք նրան այնպես, ինչպես նա հագել էր Ստուդիանկայում, կտեղավորենք նրան այս կառքի մեջ: Իսկ ես ձեզ կհետևեմ քառանիվ մի կառքով:
Գիշերվա ժամը 2-ին երիտասարդ կոմսուհուն տարան կառքի մեջ, տեղավորեցին բարձիկների վրա և ծածկեցին կոշտ ծածկոցներով: Մի քանի գյուղացիներ լուսավորում էին այս եզակի առևանգումը: Հանկարծ գիշերվա լռության մեջ արձագանքեց մի սուր ճիչ: Ֆիլիպը և բժիշկը դարձան և տեսան Ժնևիևին, որ կիսամերկ դուրս էր ելնում գետնահարկի իր սենյակից, որտեղ պառկում էր նա:
— Մնաք բարո՜վ, մնաք բարո՜վ, վերջացավ, մնաք բարո՜վ,— գոռում էր նա, ջերմ արցունք թափելով:
— Դե, ի՞նչ է պատահել քեզ,— նրան ասաց պարոն Ֆանժան: Ժնևիևը հուսահատ շարժումով օրորեց գլուխը, բազուկները դեպի երկինք բարձրացրեց, նայեց կառքին, երկար մի մրմունջ արձակեց, խորունկ սարսափի ակներև նշաններ արեց և տուն մտավ լռությամբ:
— Սա բարեգուշակ երևույթ է,— գոչեց գնդապետը:— Այդ աղջիկը ափսոսում է, որ էլ ընկերուհի չի ունենալու: Նա տեսնում է գուցե, որ Ստեֆանին վերստանալու է իր բանականությունը:
— Աստված եթե կամենա,— պատասխանեց պարոն Ֆանժան, որը կարծես, շատ խիստ ազդվեց այդ միջադեպից:
Հոգեկան հիվանդներին բուժելու իր պրակտիկայում, բժիշկը հանդիպել էր պայծառատեսության բազմաթիվ օրինակների, որոնց մի քանի ապացույցները տվել էին իրենք խելագարները, և որ գտնվում են, ըստ շատ ճանապարհորդների վկայության, վայրենի ցեղերի մոտ:
Այնպես, ինչպես գնդապետը նախատեսել էր, Ստեֆանին Բերեզինայի այդ շինծու դաշտով անցավ մոտավորապես առավոտյան ժամը իննին: Նա զարթնեց մի ահռելի պայթյունից, որը տեղի ունեցավ տեսարանի վայրից մի հարյուր քայլ հեռվում: Սա պայմանական մի նշան էր: Եվ ահա հազար գյուղացիներ բարձրացրին մի ահռելի աղմուկ, նման այն հուսահատական ուռռային, որ ահաբեկել էր ռուսներին, երբ քսան հազար ետ մնացողները իրենց իսկ մեղքով մահվան կամ գերության մատնվեցին: Այդ աղաղակի, թնդանոթի այդ հարվածի վրա կոմսուհին կառքից դուրս թռավ, խելացնոր անձկությամբ վազեց ձյունոտ տեղանքի վրայով, տեսավ այրված բացօթյա ռազմաճամբարները, չարաղետ լաստը, որ գցում էին սառած Բերեզինայի մեջ: Այնտեղ էր մայոր Ֆիլիպը՝ ճոճելով սուրը բազմության վրա: Տիկին դը Վանդիերը այնպիսի սրտակեղեք մի ճիչ արձակեց, որ սառեցրեց բոլոր սրտերը, և կանգնեց գնդապետի առաջ, որը դողում էր հուզումից: Կոմսուհին ինքնամփոփվեց, նախ տարտամորեն նայեց իր շրջապատի այդ տարօրինակ տեսարանին: Մի պահ, այնքան արագ, որքան կայծակը, նրա աչքերը ունեցան իմացականությունից զուրկ հստակատեսություն, որի վրա մենք հիանում ենք թռչունների փայլուն աչքի մեջ: Հետո ձեռքը տարավ ճակատին, խոհական ինչ-որ արտահայտություն ստացավ: Նա դիտեց այդ կենդանի հիշողությունը, այդ անցյալ կյանքը, որը պարզվում էր իր առաջ, թափով գլուխը դարձրեց դեպի Ֆիլիպը և տեսավ նրան: Ահավոր, ճնշող և սրտմաշուք մի լռություն իշխում էր ամբոխի մեջ: Գնդապետը հևում էր ու չէր համարձակվում խոսել, բժիշկը լաց էր լինում: Ստեֆանիի գեղեցիկ դեմքը թեթևակի գունավորվեց, ապա երանգ առ երանգ, վերստին գտավ իր փայլը և երիտասարդ աղջկա իր շողշողուն թարմությունը: Նրա դեմքը դարձավ գեղեցիկ ծիրանագույն: Կյանքը և երջանկությունը, բոցավառ իմացականությամբ կենդանացած՝ հետզհետե նվաճում էին նրան հրդեհի նման: Ջղաձգական մի սարսուռ հաղորդվեց ոտքերից մինչև սիրտը: Հետո այս հուզվածության երևույթները մի անգամից ունեցան ընդհանուր կապ, երբ Ստեֆանիի աչքերն արձակեցին երկնային մի ճառագայթ, կենդանացած մի բոց: Ապրում էր նա, նա մտածում էր: Նա սարսռաց, սարսափի՞ց գուցե: Աստված ինքն իսկ երկրորդ անգամ բացում էր այդ մեռած լեզուն և նորից իր հուրը նետում այդ մարած հոգու մեջ: Մարդկային կամքը եկավ իր էլեկտրական հորձանքով և կենդանացրեց այդ մարմինը, որտեղից այնքան երկար ժամանակ բացակայել էր:
— Ստեֆա՜նի, — գոչեց գնդապետը ուրախությունից խելահեղ:
— Օ՜հ, Ֆիլիպն է,— ասաց խեղճ կոմսուհին:
Նա նետվեց գնդապետի դողդոջուն թևերի մեջ, որ պարզել էր նրան ընդունելու համար, և երկու սիրահարների գրկախառնությունը ահակալեց դիտողներին: Ստեֆանին հեղեղանման արցունք էր թափում: Բայց հանկարծ, նրա արտասուքները չորացան, նա դիակնացավ, կարծես թե շանթահար եղավ և ասաց թույլ ձայնով:
— Մնաք բարո՜վ Ֆիլիպ... սիրում եմ քեզ... մնաք բարո՜վ:
— Օ՜հ, մեռավ նա,— գոչեց գնդապետը, բացելով իր բազուկները:
Ծեր բժիշկն ընդունեց իր եղբոր աղջկա անկենդան մարմինը, երիտասարդական ուժով գրկեց նրան, տարավ և նրա հետ մեկտեղ նստեց փայտի մի կույտի վրա: Նա նայեց կոմսուհուն և տկար ու ջղաձգվող ձեռքը դրեց նրա սրտի վրա: Սիրտն այլևս չէր բաբախում:
— Ճիշտ է, ուրեմն,— ասաց նա, փոխիփոխ նայելով անշարժ ու անխոս գնդապետին և Ստեֆանիի դեմքին, որի վրա մահը տարածում էր այն շողշողուն գեղեցկությունը, խուսափուկ լուսապսակը, գրավականը գուցե մի փայլուն ապագայի…— Այո՛, մեռած է նա:
— Ա՜հ, այդ ժպիտը,— գոչեց Ֆիլիպը,— տեսե՛ք ժպիտը: Միթե այդ կարելի՞ է:
— Նա արդեն սառել է…— պատասխանեց պարոն Ֆանժան:
Պարոն դը Սյուսին մի քայլ արեց այդ տեսարանից պոկվելու համար, սակայն կանգ առավ, սուլեց այն եղանակը, որին սովոր էր խենթ կինը, և իր սիրուհու վազելը չտեսնելով, հեռացավ անհաստատ ու երերուն քայլերով, ինչպես հարբած մարդը, շարունակ սուլելով, բայց էլ ետ չդառնալով...
Գեներալ Ֆիլիպ դը Սյուսին աշխարհիկ հասարակության մեջ համարվում էր որպես առանձնապես հաճելի և մանավանդ շատ զվարթ մարդ: Մի քանի օր առաջ մի տիկին նրան կոմպլիմենտներ էր անում նրա լավ տրամադրության և խառնվածքի հավասարակշռության համար:
— Ա՜հ, տիկի՛ն, ասաց գեներալը նրան,— իմ կատակների համար ես շատ թանկ եմ վճարում երեկոյան, երբ ես մենակ եմ մնում:
— Ուրեմն դուք միշտ մենակ չե՞ք լինում:
— Ո՛չ,— պատասխանեց նա ժպտալով:
Մարդկային բնությունը զննող խոհական մեկը, եթե այդ պահին կարողանար դիտել դը Սյուսիի դեմքի արտահայտությունը, անկասկած կսարսափեր:
— Ինչո՞ւ չեք ամուսնանում,— վրա բերեց այդ կինը, որ շատ աղջիկներ ուներ իգական պանսիոնում։— Դուք հարուստ եք, տիտղոսավոր, հին ազնվական, ունեք տաղանդ, ապագա, ամեն ինչ ձեզ ժպտում է:
— Այո՛,— պատասխանեց նա,— բայց կա մի ժպիտ, որ սպանում է ինձ...
Հաջորդ օրը տիկինը մեծ զարմանքով լսեց, որ պարոն դը Սյուսին գիշերը ցրել էր իր գանգը:
Փարիզի բարձր հասարակության մեջ այդ արտասովոր իրադարձությունը մեկնաբանեցին զանազանակերպ, և յուրաքանչյուրը դրա պատճառն էր որոնում:
Ամեն մի մեկնաբանողի ճաշակի համաձայն՝ թղթախաղը, սերը, փառասիրությունը, ծածուկ խառնակեցությունը համարվեցին պատճառն այն աղետի, որը 1812 թվականին սկսված ողբերգության վերջին տեսարանն էր: Երկու մարդ միայն, մի դատական աստիճանավոր և մի ծեր բժիշկ գիտեն, որ կոմս դը Սյուսին մեկն էր այն ուժեղ մարդկանցից, որոնց աստված դժբախտ կարողություն է տալիս ամեն օր հաղթական դուրս գալու այն սոսկալի պայքարից, որ նրանք մղում են ինչ-որ անծանոթ հրեշի դեմ: Երբ, մի րոպե, աստված ետ է քաշում իր հզոր ձեռքը, նրանք խորտակվում են: