Chapter 2
II
Կառքից մի քանի քայլ հեռու, երեսունի մոտ ետ մնացող զինվորներ հավաքվել էին մի մեծ խարույկի շուրջը, որը վառ էին պահում անդադար, նրա մեջ նետելով արկղներից, անիվների և կառքերի վրայից պոկված տախտակներ: Այդ զինվորները, անտարակույս, բոլորից հետո եկածներից էին, որոնք Ստուդիանկայի ստորին մասում գծված գետնի լայն ակոսից մինչև ճակատագրական գետը կազմում էին գլուխների, խարույկների և բարակների մի օվկիանոս, գրեթե անզգա շարժումներից ալեկոծված կենդանի մի ծով, որտեղից դուրս էր պրծնում խուլ աղմուկ՝ սարսափելի պայթյունների հետ խառը: Այդ դժբախտները հուսալքումից և քաղցից մղված, հավանաբար բռնությամբ խուզարկել էին կառքը:
Ծեր գեներալը և դեռատի կինը, որոնց գտան կառքի մեջ, պառկած կապոցների վրա, այժմ մուշտակյա վերարկուների մեջ փաթաթված, անշարժ նստել էին խարույկի առջև: Կառքի դռնակներից մեկը ջարդված էր:
Խարույկի շուրջը տեղավորված մարդիկ հենց որ լսեցին մայորի ձիու սմբակների աղմուկը, քաղցի մոլեգնությունից բռնված, սկսեցին աղմկել.
— Ձի՜, ձի՜...
Բոլոր ձայները միախառնվեցին:
— Ե՛տ քաշվեցեք, զգուշացե՛ք,— բղավեցին երկու-երեք զինվոր՝ նշան բռնելով ձիուն: Ֆիլիպը կանգնեց իր ձիու առաջ, սպառնալով.
— Ստահակնե՜ր, ես ձեզ բոլորիդ թավալգլոր կփռեմ ձեր խարույկի մեջ: Այնտեղ վերևում ընկած ձիեր կան, գնացե՛ք, բերեք:
— Այդ սպան խեղկատակի մեկն է... մեկ, երկու, անցնո՞ւմ ես մի կողմ, թե ո՛չ,— վրա բերեց մի հսկա գրենադեր:
— Ո՞չ, է՜հ, լա՛վ, ինչպես ուզում ես:
Պայթյունի վրա լսվեց կանացի ճիչ: Բարեբախտաբար գնդակը Ֆիլիպին չդիպավ, բայց Բիշետը տապալվեց գետին և մաքառում էր մահվան դեմ: Երեք հոգի անմիջապես նետվեցին խեղճ անասունի վրա ու սվիններով խոցոտեցին:
— Մարդակերնե՛ր,— ասաց Ֆիլիպը խիստ հուզված,— թողե՛ք գոնե ծածկոցս և ատրճանակներս վերցնեմ:
— Վերցրո՛ւ քո ատրճանակները,— պատասխանեց գրենադերը,— իսկ ինչ վերաբերում է ծածկոցին, ահա մի հետևակ, որ երկու օր է, ինչ լապտերում ոչինչ չունի* և ցրտից դողդողում է իր մաշված հագուստի մեջ: Այդ մեր գեներալն է:
Ֆիլիպը լռեց, տեսնելով մի մարդու, որի կոշիկները մաշված և շալվարը տասը տեղից ծակծկված էր, իսկ գլխին կար եղյամով ծածկված զինվորական անպետք գլխարկ: Նա շտապեց վերցնել իր ատրճանակները: Հինգ հոգի ձին տարան խարույկի առաջ և սկսեցին կտրտել այնքան ճարպկորեն, ինչպիսի ճարպկությամբ այդ կանեին Փարիզի մսագործները: Մինչ այդ, մայորը գնաց և տեղավորվեց դեռատի կնոջ կողքին, որը ճանաչելով նրան, սարսափի մի ճիչ էր արձակել: Մայորը նրան գտավ անշարժ վիճակում, նստած՝ կառքից բերված բարձիկներից մեկի վրա, տաքանալիս: Կինը, առանց ժպտալու, լուռ նայեց նրան: Ֆիլիպը այդ պահին իր մոտ նկատեց այն զինվորին, որին վստահել էր կառքի պահպանությունը: Խեղճ մարդը վիրավորված էր: Թվական առավելությունից ընկճվելով, տեղի էր տվել այդ ետ մնացող զինվորների առաջ, որոնք հարձակվել էին նրա վրա: Բայց, ինչպես մի շուն, որը մինչև վերջին րոպեն պաշտպանել էր իր տիրոջ ճաշը, այնուամենայնիվ, ավարից վերցրել էր իր բաժինը, և սպիտակ մահուդից իր համար հարմարեցրել մի տեսակ վերարկու: Այդ րոպեին նա զբաղված էր կրակի վրա ձիու մսի կտորը դարձնելով, և մայորը նրա դեմքի վրա գոհունակություն նկատեց, որն առաջ էր եկել խնջույքի պատրաստություններից: Իսկ կոմս դը Վանդիերը, որը երեք օրից ի վեր գտնվում էր ցնդած վիճակում, իր կնոջ կողքին բարձի վրա նստած, սևեռուն աչքով նայում էր խարույկի բոցերին, որոնց ջերմությունը սկսում էր ցրել նրա թմրությունը: Նա վտանգից ու Ֆիլիպի վրա հասնելուց այնքան չէր հուզվել, որքան այն մարտից, որին հաջորդեց իր կառքի կողոպուտը: Նախ դը Սյուսին բռնեց երիտասարդ կոմսուհու ձեռքը, կարծես ցանկանալով նրան սիրո և նվիրվածության ապացույց տալ, և արտահայտելու իր զգացած վիշտը՝ նրան այդպես հետին թշվառության մատնված տեսնելու համար, բայց նա լուռ մնաց նրա կողքին, նստեց ձյան կույտի վրա, որ հալվելով հոսում էր, և ինքն էլ անձնատուր եղավ տաքանալու երջանկությանը, մոռանալով և՛ վտանգը, և՛ ամեն ինչ: Նրա դեմքը, ակամա, ստացավ համարյա հիմար ուրախության արտահայտություն: Եվ նա անհամբեր սպասեց, որ ձիու պատառը, որ տվել էր իր զինվորին, խորովվի: Ածխացած մսի բուրմունքը գրգռում էր նրա քաղցը և քաղցածությունը լռության էր դատապարտում և՛ նրա սիրտը, և՛ նրա քաջությունը, և թե սերը: Առանց զայրույթի դիտեց իր կառքի կողոպուտի արդյունքները: Խարույկը շրջապատող բոլոր մարդիկ իրենց միջև բաժանել էին կոմսին, կնոջը և մայորին պատկանող ծածկոցները, բարձերը, մուշտակները, շրջազգեստները և տղամարդու կամ կանացի բոլոր հագուստները: Ֆիլիպը շուռ եկավ տեսնելու համար, թե արդյոք կարելի՞ էր դեռևս օգտվել կառքի արկղից: Նա խարույկի բոցերի ցոլքի տակ նկատեց ոսկին, ադամանդները, արծաթեղենը, ցրված այս ու այն կողմ, և ոչ մեկը չէր մտածում նվազագույն մասնիկն իսկ սեփականացնելու մասին: Այդ կրակի շուրջը ըստ բախտի հավաքված մարդկանցից յուրաքանչյուրը պահպանում էր այնպիսի մի լռություն, որն իր մեջ ուներ ինչ-որ աղետալի բան և անում էր այն, ինչ անհրաժեշտ էր համարում իր հանգստավետության համար: Այս թշվառությունը արտառոց էր, անհեթեթ: Ցրտից ավերված ու այլանդակված դեմքերը ծեփված էին ցեխի մի խավով, որի վրա արցունքները թողել էին հետքեր, աչքերից մինչև այտերը, մի ակոս, որ հաստատում էր այդ դիմակի թանձրությունը: Նրանց երկար մորուքի անմաքրությունն է՛լ ավելի ժանտատեսիլ էր դարձնում այդ զինվորներին: Նրանցից ոմանք փաթաթվել էին կանացի շորերի, շալերի մեջ, իսկ ուրիշները կրում էին ձիերի թաղիքներ, ցեխոտված ծածկույթներ, հալչող եղյամով ծածկված ցնցոտիներ: Ոմանք մի ոտքին հագել էին երկարաճիտ կոշիկ, իսկ մյուսին՝ սովորական ոտնաման: Վերջապես, չկար որևէ մեկը, որի հագուստը որևէ ծիծաղելի առանձնահատկություն չունենար: Այդքան ծիծաղելի բաների առկայությամբ այս մարդիկ մնում էին լուրջ ու մռայլ: Լռությունը ընդհատվում էր միայն փայտերի ճարճատյունով, բոցերի ճայթյուններով, ճամբարի հեռավոր մրմունջով և սրի հարվածներով, որ ամենից ավելի քաղցածները տալիս էին Բիշետին, նրանից լավագույն կտորներ պոկելու համար: Ուրիշ դժբախտներ, ավելի պարտասած և թույլ, քան մյուսները, քնել էին և եթե նրանցից մեկն ու մեկը խարույկի մեջ թավալվելու և այրվելու վտանգի տակ գտնվեր, ոչ ոք չէր մտածի նրան բարձրացնել: Այս խստաբարո տրամաբանողները մտածում էին, որ եթե նա արդեն չէր մեռել, մարմնի այրվածքը նրան անպայման կստիպեր ավելի հարմարավետ տեղ գտնել: Եթե այդպիսի մի դժբախտ զարթներ կրակի մեջ և կորչեր կրակի մեջ, ոչ ոք նրան չէր կարեկցի: Այդ զինվորներից մի քանիսը միմյանց նայում էին ասես արդարացնելու համար իրենց սեփական անհոգությունը՝ ուրիշների անտարբերությամբ: Դեռատի կոմսուհին երկու անգամ ականատես եղավ այդպիսի տեսարանի, սակայն լուռ մնաց: Երբ զանազան պատառները, որ դրել էին կրակի վրա, խորովվեցին, յուրաքանչյուրը հագեցրեց իր քաղցը այնպիսի մի որկրամոլությամբ, որ եթե տեսնենք անասունների մոտ, մեզ չափազանց զզվելի կթվա:
— Ահա առաջին անգամն է, որ երեսուն հետևակ նստել են մի ձիու վրա,— բացականչեց գրենադերը, որն սպանել էր ձիուն:
Սա միակ կատակն էր, որ ի հայտ բերեց ազգային ոգին:
Շուտով, այս խեղճ զինվորներից շատերը փաթաթվեցին իրենց հագուստներով, տեղավորվեցին տախտակների, և այն ամեն ինչի վրա, որ կարող էր նրանց հեռու պահել ձյան հետ շփումից և քնեցին, բոլորովին անհոգ՝ հաջորդ օրվա նկատմամբ: Երբ մայորը տաքացավ ու հագեցրեց իր քաղցը, քնելու անհաղթահարելի պահանջը ծանրացրեց նրա կոպերը։ Քնի դեմ իր կարճատև պայքարի ընթացքում նա հիացմունքով դիտեց այդ դեռատի ու գեղեցիկ կնոջը, որը դեմքը դարձրել էր դեպի խարույկը՝ քնելու համար: Այդ թույլ էր տալիս տեսնել նրա փակ աչքերը և ճակատի մի մասը: Նա փաթաթված էր մուշտակավոր մի վերարկուով, բացի այդ, կրում էր նաև զինվորական կոպիտ վերարկու: Նրա գլուխը հանգչում էր արյան բծեր ունեցող բարձի վրա, Աստրախանի մի գլխանոց՝ կզակի տակից կապված թաշկինակով ամրացած, նրա դեմքը ըստ կարելվույն պաշտպանում էր ցրտից, իսկ ոտքերը թաքցրել էր վերարկուի մեջ: Այսպես ինքն իր վրա կծկված, իսկապես ոչ մի բանի չէր նմանվում: Միթե սա՞ էր իրոք Վիվանդիերների վերջին շառավիղը, միթե սա՞ էր այն հրապուրիչ կինը՝ փարիզյան պարահանդեսների թագուհին: Ավա՜ղ, մինչև անգամ իր ամենաանձնվեր բարեկամի աչքը՝ սպիտակեղենի և ցնցոտիների այդ կույտի մեջ կանացի ոչինչ չպիտի նկատեր նրա մեջ... Աչքերի վրա փռվող անդիմադրելի քնի ամենաթանձր քողերի միջով, մայորը այդ կնոջն ու նրա ամուսնուն տեսնում էր միայն որպես երկու կետեր: Խարույկի բոցերը, շուրջը փռված այդ դեմքերը, սարսափելի այդ ցուրտը, որ խուսափուկ տաքությունից երեք քայլ հեռու ոռնում էր, այդ ամենը երազ էր: Հոգեմաշ մի մտածում սարսափեցնում էր նրան.
«Բոլորս կմեռնենք, եթե ես քնեմ, չեմ ուզում քնել»,— ասում էր նա ինքն իրեն:
Այնուամենայնիվ նա քնեց: Մի ժամ քնելուց հետո, մի ահռելի վայնասուն և մի պայթյուն զարթեցրին պարոն դը Սյուսիին: Պարտականության գիտակցությունը և իր բարեկամուհուն սպառնացող կորստյան վտանգը ծանրացան նրա խղճի վրա: Նա արձակեց մռնչյունի նմանող մի ճիչ: Միայն ինքը և իր զինվորն էին ոտքի վրա: Նրանք տեսան կրակի մի ծով, որ մասնատում էր իրենց առաջ, գիշերային խավարում, մարդկանց մի բազմություն, լափելով և՛ բացօթյա ռազմաճամբարները, և՛ հյուղակները: Նրանք լսեցին հուսահատության ճիչեր, ոռնոցներ, նշմարեցին հազարավոր վշտահար, անհանգիստ և կատաղած դեմքեր: Այս դժոխքի միջով զինվորների մի շարասյուն երկու կողմի վրա ընկած դիակների միջով իր համար ճանապարհ էր բացում դեպի կամուրջը:
— Մեր վերջապահ զորամասի նահանջն է,—բացականչեց մայորը: Այլևս ո՛չ մի հույս:
— Ես խնայեցի ձեր կառքը, Ֆիլիպ,— ասաց ծանոթ մի ձայն: Շուռ գալով, Սյուսին բոցերի շողերի շնորհիվ ճանաչեց երիտասարդ համհարզին:
— Ա՜հ, ամեն ինչ կորավ,— պատասխանեց մայորը:— Նրանք կերան իմ ձին: Բացի այդ, ինչպե՞ս պիտի կարողանամ քայլեցնել այդ ապուշ գեներալին ու իր կնոջը:
— Վերցրե՛ք կիսավառ մի կոճղ, Ֆիլի՛պ, և սպառնացե՛ք դրանց:
— Սպառնալ կոմսուհո՞ւն...
— Մնաք բարո՜վ,— գոչեց համհարզը:— Հազիվ ժամանակ ունեմ անցնելու այս չարաղետ գետը, և այդ անհրաժեշտ է, մայրս Ֆրանսիայում է... ի՜նչ գիշեր: Այս ամբոխը նախընտրում է մնալ ձյան վրա և այս դժբախտների մեծ մասը հանդուրժում է այրվել, քան վեր կենալ... Ժամը չորսն է, Ֆիլիպ: Երկու ժամ հետո ռուսները կսկսեն շարժվել: Վստահեցնում եմ, որ դուք Բերեզինան մի անգամ էլ կտեսնեք դիակներով ծածկված: Ֆիլի՛պ, հոգացե՛ք ձեր մասին: Դուք ձիեր չունեք և չեք կարող կոմսուհուն տանել, ուստի գնանք, եկե՛ք ինձ հետ,— ասաց նա բռնելով նրա թևից:
— Բարեկամս, լքել Ստեֆանիի՜ն...
Մայորը բռնեց կոմսուհուն, ոտքի հանեց նրան և հուսահատ մարդու կոպտությամբ ցնցելով նրան, ստիպեց զարթնել: Կոմսուհին նայեց նրան սևեռուն ու մեռած աչքերով:
— Հարկավոր է քայլել, Ստեֆանի՛, այլապես մենք կմեռնենք այստեղ:— Պատասխանի փոխարեն կոմսուհին փորձում էր նորից ընկնել գետնի վրա քնելու համար: Համհարզը կիսավառ մի կոճղ վերցրեց և շարժեց Ստեֆանիի դեմքի առաջ:
— Փրկենք նրան, հակառակ իրեն,— ասաց Ֆիլիպը վերցնելով կոմսուհուն, որին տարավ կառքի մեջ տեղավորեց: Ետ դարձավ և խնդրեց իր բարեկամի օգնությունը: Երկուսը միասին վերցրին ծեր գեներալին, առանց իմանալու, ո՞ղջ էր, թե մեռած և տեղավորեցին իր կնոջ կողքին: Մայորը ոտքի հարվածով գլորեց գետնի վրա փռվածներին, վերցրեց նրանցից ինչ-որ թալանել էին, բոլոր զգեստեղենները դիզեց երկու ամուսինների վրա և իր ձիու մսից խորովված մի քանի կտոր նետեց կառքի մի անկյունը:
— Ի՞նչ եք ուզում անել,— հարցրեց նրան համհարզը:
— Քաշելով տանել կառքը,— պատասխանեց մայորը:
— Խենթացե՛լ եք:
— Այդ ճիշտ է,— գոչեց Ֆիլիպը, թևերը կրծքի վրա խաչաձևելով: Հանկարծ կարծես մի հուսահատ վճիռ կայացրեց:
— Քեզ,— ասաց նա, բռնելով իր զինվորի առողջ թևից,— քեզ եմ վստահում նրան մի ժամով: Մտածի՛ր, որ պետք է մեռնես, քան թե թողնես մեկին մոտենալ այս կառքին:
Մայորը վերցրեց կոմսուհու ադամանդները, մի ձեռքով բռնեց դրանք, իսկ մյուսով քաշեց սուրը, սկսեց կատաղորեն հարվածել բոլոր այն քնածներին, որ համարում էր ամենից աներկյուղները և հաջողվեց զարթեցնել հսկայակերպ գրենադերին և երկու ուրիշ մարդկանց, որոնց աստիճանը ճանաչել դժվար էր:
— Մենք կորած ենք,— ասաց նրանց:
— Այդ լավ գիտեմ,— պատասխանեց գրենադերը,— բայց ինձ համար միևնույնն է:
— Է՜հ, ուրեմն, քանի որ ակնհայտ է մեռնելը, ավելի լավ չէ՞ր լինի ծախել կյանքը մի գեղանի կնոջ համար և փորձել դարձյալ տեսնել Ֆրանսիան...
— Ես ավելի սիրում եմ քնելը,— ասաց մեկը թավալվելով ձյան վրա,— և եթե դու ինձ նորից անհանգստացնես, մայո՛ր, թուրս կխցկեմ քո փորի մեջ:
— Ինչո՞ւմն է բանը, պարոն սպա,— վերսկսեց գրենադերը:— Այդ մարդը հարբած է և փարիզցի: Նա սիրում է իր հանգիստը:
— Այս կլինի քոնը, քա՛ջ գրենադեր,— գոչեց մայորը նրան ներկայացնելով ադամանդակուռ մի մանյակ,— եթե դու ուզես հետևել ինձ և կռվել դիվահարի նման: Ռուսները այստեղին շատ մոտ են, նրանք լավ ձիեր ունեն, մենք կհարձակվենք նրանց առաջին մարտկոցի վրա և կբերենք երկու ձի:
— Բայց պահակնե՞րը, մայո՛ր...
— Մեզնից մեկը կընկնի...,— ասաց նա զինվորին, լռեց, նայեց համհարզին:
— Դուք կգաք, Իպպոլիտ, այնպես չէ՞:
Իպպոլիտը գլխի շարժումով հայտնեց իր համաձայնությունը:
— Մեզնից մեկը,— շարունակեց մայորը,— կզբաղվի պահակով: Բացի այդ, գուցե նրանք՝ ռուսները, նույնպես քնած են...
— Գնա՛, մայո՛ր, դու քաջ ես: Սակայն ինձ կվերցնես կառքի մեջ,— ասաց գրենադերը:
— Այո՛, եթե մորթդ այնտեղ չթողնես, եթե ես մեռնեմ, Իպպոլի՛տ և դո՛ւ, գրենադե՛ր,— ասաց մայորը, խոսքն ուղղելով իր ընկերներին,— Խոստանո՞ւմ եք ինձ, ձեզ զոհել կոմսուհու փրկության համար:
— Համաձայն ենք,— գոչեց գրենադերը:
Նրանք ուղղվեցին դեպի ռուսական գիծը, մարտկոցների վրա, որոնք այնքան դաժանորեն ու անգթությամբ շանթահարել էին գետի ափին ընկած դժբախտների մասսային: Իրենց մեկնելուց մի քանի րոպե հետո ձյան վրա արձագանքեց երկու ձիերի վարգելու ձայնը: Իսկ զարթնած մարտկոցը գնդակների հաջորդական կարկուտ էր տեղում, որոնք անցնում էին քնածների գլխի վերևով: Ձիերի քայլերն այնքան սրընթաց էին, որ կարծես պայտարները երկաթ էին ծեծում: Վեհանձն համհարզը զոհ գնաց... ըմբշական գրենադերը ողջ-առողջ էր: Ֆիլիպը, իր բարեկամին պաշտպանելիս ուսի վրա ստացել էր սվինի հարված, այնուամենայնիվ նա փաթաթվեց ձիու բաշին և նրան այնպես էր սեղմում իր սրունքներով, որ կարծես կենդանին գտնվում էր մամլակի մեջ:
— Օրհնյա՜լ է աստված,— բացականչեց մայորը, նորից տեսնելով իր զինվորին՝ անշարժ և կառքն էլ իր տեղում:
— Եթե դուք արդարությունը սիրող եք, պարո՛ն սպա, դուք ինձ պարգևատրել կտաք Պատվո խաչով: Մենք պատվականորեն նվագեցինք նրբասրինգն ու կեռ թուրը, այնպես չէ՞:
— Մենք դեռևս ոչինչ չենք արել: Լծենք ձիերը: Բռնե՛ք այս պարանները:
— Բավականաչափ պարան չունենք:
— Դե՜ լավ, գրենադե՛ր, օգնեցե՛ք ինձ այս քնածներին շրջելու և գործածեցեք նրանց շալերն ու սպիտակեղենը…
— Վա՜յ, այս խեղկատակը մեռած է,— բացականչեց գրենադերը, մերկացնելով առաջին պատահածին, որի կողմն էր ուղղվել... Ա՜հ, այս բոլոր խեղկատակները մեռած են:
— Բոլո՞րը:
— Այո՛, բոլորը: Երևում է, որ ձին դժվարամարս է, երբ ուտում են ձյան մեջ:
Այդ խոսքերը հարկադրեցին սարսռալ Ֆիլիպին: Ցուրտը սաստկացել էր: Մայորը ցնցեց կոմսուհուն՝ գոչելով.
— Ստեֆանի՜, Ստեֆանի՜...
Դեռատի կինը բացեց աչքերը:
— Տիկի՛ն, մենք փրկված ենք:
— Փրկվա՜ծ,— կրկնեց նա, նորից ընկնելով:
Ձիերին մի կերպ լծեցին: Մայորը իր առողջ ձեռքով բռնելով սուրը, իսկ մյուսով պահելով երասանակները, զինված իր ատրճանակներով, հեծավ ձիերից մեկի վրա, իսկ գրենադերը՝ երկրորդի վրա: Ծեր զինվորը, որի ոտները սառել էին, փռվել էր կառքի մեջ, գեներալի և կոմսուհու վրա: Ձիերը, սրի հարվածներից խթանվելով, կատաղությամբ տարան կառքը դաշտի միջով, որտեղ անհամար դժվարություններ էին սպասում մայորին: Շուտով անհնար դարձավ առաջանալ, եթե չէին ուզում ճխլել քնած տղամարդկանց, կանանց և մինչև անգամ երեխաներին, որոնք հրաժարվում էին շարժվել, երբ գրենադերը զարթեցնում էր դրանց: Իզուր պարոն դը Մյուսին փնտրեց այս մարդկային զանգվածի միջով վերջապահ զորամասի քիչ առաջ բացած անցքը, որը ջնջվել էր այնպես, ինչպես ծովի վրայով առագաստանավի հետքն է ջնջվում: Նա գնում էր դանդաղորեն և նրան հաճախ կանգնեցնում էին զինվորները, որոնք սպառնում էին սպանել ձիերին:
— Ուզո՞ւմ եք հասնել,— ասաց նրան գրենադերը:
— Ամբողջ արյանս գնով, նույնիսկ բովանդակ աշխարհի գնով,— պատասխանեց մայորը:
— Շարժվի՛ր... Ձվածեղ չի կարելի ուտել ձուն չկոտրած: Եվ պահակազորի գրենադերը քշեց ձիերն ուղղակի մարդկանց վրա, արյունոտեց անիվները, շուռ տվեց բացօթյա ռազմաճամբարները՝ մեռելների զույգ ակոսներ բացելով գլուխների այդ դաշտում: Բայց, արդարացի լինելու համար, ասենք, որ նա երբեք չէր դադարում որոտագին ձայնով գոռալուց.
— Դե՛, զգուշացե՛ք, լեշե՛ր:
— Դժբախտնե՜ր,— գոչեց մայորը:
— Բա՜հ, սա՛ կամ ցուրտը, սա՛ կամ թնդանոթը, միևնույնը չէ՞,— ասաց գրենադերը, գրգռելով ձիերին և նրանց խթանելով իր կարճ սրի ծայրով:
Մի աղետ, որ կարող էր նրանց պատահել ավելի շուտ, և որ առասպելական մի դիպված նրանց մինչ այդ զերծ էր պահել, իսկույն վրա հասավ և կանգնեցրեց նրանց ընթացքը: Կառքը շուռ եկավ:
— Սպասում էի դրան,— գոչեց անհողդողդ գրենադերը: Օ՜հ, օ՜հ, մեր ընկերը մեռավ:
— Խե՜ղճ Լորան,— ասաց մայորը:
— Լորա՜ն... Հեծյալ թեթևազորաց հինգերորդ վաշտից չէ՞:
— Այո՛:
— Իմ հորեղբորորդին է... Բա՜հ, մեր այս զզվելի կյանքն այնքան էլ երջանիկ չէ, որ հիմա ափսոսանք այն:
Կառքը բարձրացվեց, հնարավոր եղավ ձիերը ոտքի հանել ահագին ժամանակի անդառնալի կորուստով: Ընդհարումն այնքան ուժգին էր եղել, որ երիտասարդ կոմսուհին ցնցումից ու ընդարմացումից սթափված՝ մի կողմ նետեց իր ծածկույթները և վեր կացավ:
— Ֆիլի՛պ, որտե՞ղ ենք մենք,— հարցրեց նա մեղմ ձայնով և նայելով իր շուրջը:
— Կամուրջից մի հինգ հարյուր քայլ հեռու: Անցնելու ենք Բերեզինան: Գետի մյուս ափում, Ստեֆանի, այլևս չեմ տանջելու ձեզ, կթողնեմ քնել, կլինենք ապահովության ու անվտանգության մեջ, հանդարտորեն կհասնենք Վիլնո: Տա՛ աստված, որ դուք երբեք չիմանայիք, թե ի՛նչ արժեց ձեր կյանքը:
— Վիրավորվա՞ծ եք:
— Այդ ոչինչ:
Աղետի ժամը հասել էր: Ռուսական մարտկոցի թնդանոթները ազդարարեցին լուսաբացը: Նրանք Ստուդիանկայի տեր դառնալով՝ շանթակոծեցին դաշտը: Եվ առավոտյան լույսի առաջին շողերի հետ, մայորը բարձունքների վրա նկատեց նրանց զորասյուների շարժումը և դասավորումը: Տագնապի աղաղակ բարձրացավ բազմության մեջ, որը մի րոպեում ոտքի կանգնեց: Յուրաքանչյուրը բնազդաբար իրեն սպառնացող վտանգն զգաց և բոլորը հսկայական ալիքի շարժումով ուղղվեցին դեպի կամուրջը: Ռուսները հրդեհի արագությամբ իջնում էին: Տղամարդիկ, կանայք, երեխաներ, ձիեր՝ բոլորը շարժվեցին դեպի կամուրջը: Գեներալ Էրլեն հրդեհել էր տվել մյուս ափի կամրջակալները: Հակառակ այն նախազգուշացումներին, որ տրվում էին փրկարար անցարանի վրա խուժողներին, ոչ ոք սակայն չուզեց ընկրկել: Մարդկանցով ծանրաբեռնված կամուրջը ջրասույզ եղավ: Դեպի գետակի այդ չարաղետ բարձունքը նետվող մարդկանց ալիքի թափը այնքան կատաղի էր, որ մարդկային զանգվածը ձյունակույտի նման գահավիժեց գետի մեջ: Ո՛չ մի ճիչ: Լսվեց միայն ջրի մեջ ընկնող մի ահագին քարի ճողփյունի նման խուլ աղմուկ, հետո Բերեզինան ծածկվեց դիակներով: Իսկ նման մահից խուսափելու համար դեպի դաշտը ընկրկողների հետադարձ շարժումը եղավ այնքան բուռն և նրանց բախումը դեպի առաջ շարժվողների հետ այնքան ահավոր, որ բազմաթիվ մարդիկ մահացան շնչահեղձ: Կոմս և կոմսուհի դը Վանդիերներն իրենց փրկության համար պարտական եղան իրենց կառքին: Ձիերը մահամերձների մի ամբողջ բազմություն ճզմել տրորելուց հետո, կորուստի մատնվեցին, ոտնատակ եղան մարդկային մի թաթառից, որը դիմեց դեպի գետափ: Եվ մայորը, և գրենադերը իրենց փրկությունը գտան միայն իրենց ուժի մեջ: Նրանք սպանում էին, չսպանվելու համար: Մարդկային դեմքերով այս ուրագանը, կենդանացած, մարմինների միատեսակ շարժումով կատարվող այս մակընթացությունն ու տեղատվությունը, այն արդյունքն ունեցան, որ Բերեզինայի ափը մի պահ մնաց ամայի: Բազմությունը նետվել էր դաշտի մեջ: Եթե ոմանք բարձր ափից իրենց նետեցին գետի մեջ, այդ ոչ թե գետի մյուս ափը հասնելու հույսով էր, մի ափ, որը իրենց համար Ֆրանսիան էր, այլ նրա համար, որ խուսափեն Սիբիրի անապատներից: Ծայրահեղ հուսահատությունը մի քանի խիզախ մարդկանց համար հանդիսացավ պաշտպանության վահան: Մի սպա սառույցից սառույց ցատկելով, հասավ մինչև մյուս ափը. մի զինվոր հրաշալիորեն սողոսկեց սառցակույտի և դիակների կույտի վրայով։ Այս ծովածավալ բազմությունը հասկացավ վերջապես, որ ռուսները չպիտի սպանեին անզեն, թմրած, ապուշ կտրած քսան հազար մարդկանց, որոնք չէին պաշտպանվում և ահա յուրաքանչյուրն ահավոր համակերպությամբ սպասեց իր ճակատագրին: Այնժամ մայորը, գրենադերը, գեներալը և իր կինը մենակ մնացին մի քանի քայլ հեռու այն վայրից, որտեղ գտնվում էր կամուրջը: Այնտեղ էին նրանք, չորսն էլ կանգնած, չորացած աչքերով, լուռ, շրջապատված մի ամբողջ մեռելակույտով: Մի քանի քաջառողջ զինվորներ, մի քանի սպաներ, որոնց՝ հանգամանքները վերադարձրել էին իրենց ամբողջ էներգիան, գտնվում էին նրանց հետ: Այս խումբը, բավականին բազմաթիվ, մոտ հիսուն հոգի էր: Մայորը նկատեց իրենից մի երկու հարյուր քայլ այն կողմ կառքերի անցքի համար պատրաստված կամուրջի ավերակները, որը նախորդ օրը քանդվել էր:
— Մի լա՛ստ կառուցենք,— բացականչեց նա:
Հազիվ էր նա արտասանել այս բառերը, երբ ամբողջ խումբը վազեց դեպի այդ բեկորները: Ու ահա մարդկանց մի ամբոխ սկսեց հավաքել երկաթյա կեռիկներ, փայտի կտորներ, պարաններ և վերջապես լաստի կառուցման համար անհրաժեշտ բոլոր նյութեղենը: Քսանի չափ սպաներ ու զինվորներ մայորի հրամանով կազմեցին զինված պահակախումբ՝ աշխատանքները հուսահատ հարձակումների դեմ պաշտպանելու համար, որ կարող էր փորձել նրանց ծրագիրը կռահող ամբոխը: Ազատության այն զգացումը, որ ոգևորում է գերիներին և նրանց ներշնչում հրաշքներ գործել, չէր կարող համեմատվել այն ոգևորության հետ, որ այդ միջոցին դրդում էր այդ դժբախտ ֆրանսիացիներին:
— Ահա՜ ռուսնե՛րը, ռուսնե՛րը,— աղաղակում էին աշխատողներին՝ նրանց պաշտպանողները:
Եվ ճռճռում էին փայտերը, տախտակամածը աճում էր լայնքով, բարձրությամբ, խորությամբ: Գեներալներ, զինվորներ, գնդապետներ, բոլորը կքել էին անիվների, երկաթների և տախտակների ծանրության տակ: Սա Նոյի տապանի կառուցման իրական մեկ պատկերն էր: Իր ամուսնու մոտ նստած դեռատի կոմսուհին ցավով էր դիտում այդ տեսարանը, որովհետև ոչնչով չէր կարողանում օգնել այդ աշխատանքին, թեև պարաններն ամրացնելու համար հանգույցներ էր անում: Վերջապես լաստը պատրաստվեց: Քառասուն հոգի այն իջեցրին գետի ջրերի մեջ. մինչ այդ մի տասնյակ զինվորներ բռնել էին այն պարանները, որոնք ծառայելու էին նավը կառանելու գետի բարձր ափի մոտ: Հենց որ կառուցողները տեսան իրենց նավակը Բերեզինայի վրա ծածանվելիս, գետափի բարձունքից ահռելի եսապաշտությամբ նետվեցին այնտեղ: Մայորը այդ առաջին շարժման կատաղությունից վախենալով, ձեռքից բռնել էր Ստեֆանիին ու գեներալին, սակայն նա սարսռաց, երբ նավակը տեսավ մարդկանցով սևացած, որտեղ մարդիկ սեղմվել էին միմյանց վրա՝ ինչպես թատրոնի պարտերի հանդիսատեսները:
— Վայրենինե՛ր,— գոչեց նա,— ես թելադրեցի ձեզ լաստը կառուցելու գաղափարը և ես լինելով ձեր ազատարարը, դուք մերժում եք ինձ մի տեղ տալ:
Անորոշ մի մրմունջ եղավ պատասխանը: Մարդիկ տեղավորված էին լաստի եզերքին և զինված՝ գավազաններով, որ կռթնեցնելով գետափի բարձունքին, դիակների և սառցակույտերի միջով ուժգնորեն առաջ էին մղում լաստը դեպի այն մյուս ափը:
— Սատանան տանի, ձեզ բոլորիդ ջուրը կթափեմ, եթե մայորին և նրա երկու ընկերներին չընդունեք,— գոռաց գրենադերը, բարձրացրեց սուրը, արգելեց մեկնումը, ստիպեց սեղմել շարքերը, հակառակ ահռելի վայնասուններին:
— Հիմա կընկնեմ..., ընկնում եմ...— բղավում էին նրա ուղեկիցները: Մեկնենք, առա՛ջ:
Լաստի վրա տեղավորված այդ մարդկանց դրության մեջ կար կոմիկական ինչ-որ բան: Ինչքան էլ նրանք սոսկալի գոռում-գոչյուններ արձակեցին, այնուամենայնիվ ոչ ոք չհանդգնեց դիմադրել գրենադերին, որովհետև միմյանց այնքան սեղմված էին, որ բավական էր հրել մեկին՝ բոլորին շուռ տալու համար: Այս վտանգավոր դրության մեջ մի կապիտան փորձեց ազատվել այդ զինվորից, որը սակայն նկատեց սպայի այդ թշնամական շարժումը, բռնեց նրան և հրեց ջրի մեջ, ասելով.
— Ա՜հ, ա՜հ, բադի մեկը, ուզեցիր խմել... դե՜, գնա՛:— Ահա երկու տեղ,— գոչեց նա. դե՜, մայո՛ր, գցե՛ք մեզ ձեր փոքրիկ տիկնոջը և եկե՛ք: Թողե՛ք երիտասարդության հովեր ունեցող այդ ծերունուն, որը վաղը մեռնելու է քաղցից ու ցրտից:
— Շտապեցե՛ք,— գոչեց հարյուր ձայնից բաղկացած մի ձայն:
— Դե՜, մայո՛ր: Սրանք մռթմռթում են և իրավացի են:
Կոմս դը Վանդիերը թեթևացավ իր ցնցոտիներից և կանգնեց գեներալի իր համազգեստով:
— Փրկենք կոմսին,— ասաց Ֆիլիպը:
Ստեֆանին սեղմեց իր բարեկամի ձեռքը...
— Մնաք բարո՜վ,— ասաց նա:
Նրանք հասկացան միմյանց: Կոմս դը Վանդիերը վերստացավ իր ուժերը ու մտքի արթնությունը՝ նավակի մեջ ցատկելու համար: Ստեֆանին հետևեց նրան, Ֆիլիպին մի վերջին ակնարկ նետելուց հետո:
— Մայո՛ր, ուզո՞ւմ եք իմ տեղը: Ես արհամարհում եմ կյանքը,— ասաց գրենադերը,― չունեմ ո՛չ կին, ո՛չ երեխա, ո՛չ մայր...
— Քեզ եմ վստահում նրանց,— գոչեց մայորը ցույց տալով կոմսին ու նրա կնոջը:
— Ապահով եղե՛ք այդ մասին: Աչքի լույսի նման կխնամեմ նրանց:
Լաստը մի այնպիսի ուժգնությամբ նետվեց դեպի հակառակ ափը, որ զարնվելով ցամաքին, ցնցումը սասանեց բոլորին: Կոմսը, որը գտնվում էր լաստի եզրին, գլորվեց գետի մեջ: Ընկնելիս մի սառցակույտ կտրեց նրա գլուխը և այն նետեց հեռուն, ինչպես մի գունդ...
— Է՜, ի՞նչ եք ասում, մայոր,— կանչեց գրենադերը:
— Մնաք բարո՞վ,— գոչեց կանացի մի ձայն:
Ֆիլիպ դը Սյուսին սարսափից սառած, ընկավ երեսի վրա, ցրտից, ափսոսանքից և հոգնածությունից խորտակված:
— Խեղճ եղբորաղջիկս խելագարվեց,— ավելացրեց բժիշկը մի պահ լռելուց հետո:
— Ա՜հ, պարո՛ն,— շարունակեց նա բռնելով պարոն դ’Ալբոնի ձեռքը,— ինչքա՜ն դժնդակ է եղել կյանքը այնքան դեռատի, այնքան փափկակազմ այդ փոքրիկ կնոջ համար: Մի անլուր դժբախտությամբ բաժանվելով գվարդիայի այդ գրենադերից, որի անունը Ֆլորիո էր, երկու տարի քաշ է գալիս բանակի հետևից... Նա գնում էր, ասացին ինձ, ոտաբոբիկ, վատ հագնված և ամիսներով անխնամ ու անսնունդ մնալով: Երբեմն խնամվելով հիվադանոցներում, երբեմն անասունի նման վտարվելով: Աստված միայն գիտե այն թշվառությունները, որոնց տոկացել ու վերապրել է այդ տարաբախտ կինը: Նա Գերմանիայի մի փոքր քաղաքում արգելափակված էր հոգեկան հիվանդների հետ, մինչդեռ ազգականները նրան մեռած էին կարծում ու իրենց միջև բաժանում նրա ժառանգությունը: 1816 թվականին գրենադեր Ֆլորիոն նրան ճանաչում է Ստրասբուրգի մի պանդոկում, որ եկել էր Ստեֆանին իր բանտից փախչելուց հետո: Գյուղացիները պատմել էին գրենադերին, որ կոմսուհին ամբողջ մի ամիս ապրել է անտառում: Նրանք ոտնատակ էին տվել ամբողջ անտառը նրան գտնելու համար, սակայն չէր հաջողվել: Այդ օրերին ես գտնվում էի Ստրասբուրգից մի քանի մղոն հեռու: Լսելով, որ խոսում են ինչ-որ վայրենի աղջկա մասին, ցանկություն ունեցա ստուգել այդ արտառոց իրողությունները, որոնք առիթ էին տալիս ծիծաղելի պատմությունների: Ի՞նչ տեղի ունեցավ ինձ հետ, երբ ճանաչեցի կոմսուհուն: Ֆլորիոն ինձ պատմեց այն ամենը, ինչ գիտեր այդ ողբալի պատմության վերաբերյալ: Այդ խեղճ թշվառին էլ եղբորս աղջկա հետ մեկտեղ վերցրի հետս և բերեցի Օվեռնը, ուր դժբախտություն ունեցա կորցնելու այդ քաջ մարդուն: Նա որոշ ազդեցություն ուներ կոմսուհի դը Վանդիերի վրա: Նա՛ էր, որ կարողացավ ստիպել նրան հագնվել: Մնաք բարո՜վ, այս բառը, որ նրա միակ խոսքն է, առաջ ասում էր հազվադեպորեն: Ֆլորիոն նրա մեջ զարթեցրել էր մի շարք հուշեր, սակայն ձախողվել էր, հաջողվել էր միայն այդ տխուր խոսքը ավելի հաճախակի կրկնել տալ: Գրենադերը գիտեր նրան զբաղեցնել և մոռացնել տալ նրա վշտերը, խաղալով նրա հետ, և հույս ունեի նրա միջոցով, բայց...
Ստեֆանիի հորեղբայրը մի րոպե լռեց:
— Այստեղ,— վերսկսեց բժիշկը,— նա գտավ մի ուրիշ էակ, որի հետ կարծես լեզու է գտնում: Դա մի ապուշ գեղջկուհի է, որը չնայած իր տգեղության ու տխմարության, սիրել է մի որմնադրի: Այդ որմնադիրն ուզեցել էր ամուսնանալ նրա հետ այն բանի համար, որ նա մի քանի լծվար հող ունի: Խեղճ Ժնևիևը մի տարի եղել է աշխարհի ամենաերջանիկ արարածը: Ամեն կիրակի զարդարվում էր նա և Դալլոյի հետ գնում էր պարելու, նա հասկանում էր սերը: Նրա սրտում և հոգու մեջ տեղ կար գողտրիկ զգացումի համար: Սակայն Դալլոն երկար խորհրդածությունից հետո գտել էր մի ուրիշի, մի երիտասարդ աղջկա, որի խելքը գլխին էր և ուներ երկու լծվար ավելի հող, քան Ժնևիևը: Ուստի Դալլոն լքում է Ժնևիևին: Այդ խեղճ արարածը իսպառ կորցնում է այն մի քիչ խելքը, որ սերը զարգացրել էր նրա մեջ, և հիմա նա կարող է միայն կով պահել ու խոտ հավաքել: Եղբորս աղջիկը և այդ խեղճ աղջիկը ասես միացել են իրենց նույնատեսակ ճակատագրի անտեսանելի շղթայով և այն զգացումով, որ նրանց խելագարության պատճառն է: Ահա՛, տեսե՛ք,— ասաց Ստեֆանիի հորեղբայրը, մարկիզ դ’Ալբոնին առաջնորդելով դեպի պատուհանը:
Արդարև, դատավորը տեսավ գեղանի կոմսուհուն նստած գետնի վրա, Ժնևիևի ծնկների միջև: Գեղջկուհին զինված ոսկրե մի խոշոր սանրով, իր ամբողջ ուշադրությունը նվիրել էր Ստեֆանիի սև, երկար ու խճճված մազերը բանալու, իսկ սա թույլ էր տալիս, որ սանրեն իր մազերը, արձակելով խեղդուկ ճիչեր, որոնց շեշտը մատնում էր բնազդորեն զգացված մի հաճույք:
Պարոն դ'Ալբոնը սարսռաց այդ մարմնական լքումը և անասնական հեղգությունը տեսնելով, որը մատնում էր կոմսուհու մոտ գիտակցության կատարյալ բացակայությունը:
— Ֆիլի՜պ, Ֆիլի՜պ,— բացականչեց դ'Ալբոնը,— անցած դժբախտությունները ոչինչ են: Բնավ հույս չկա՞ ուրեմն,— հարցրեց նա:
Ծեր բժիշկը աչքերը դեպի երկինք բարձրացրեց:
— Մնաք բարով, պարո՛ն, ասաց պարոն դ’Ալբոնը ծերունու ձեռքը սեղմելով: Բարեկամս ինձ է սպասում: Շուտով դուք կտեսնեք նրան:
— Ուրեմն իսկապես նա՞ է,— բացականչեց դը Սյուսին, Մարկիզ դ’Ալբոնի առաջին բառերը լսելուց հետո:— Ա՜հ, ես դեռևս կասկածում էի,— ավելացրեց նա, թողնելով, որ արտասուքները թափվեն իր սև աչքերից, որոնց արտահայտությունը սովորաբար խիստ էր:
— Այո՛, նա կոմսուհի դը Վանդիերն է,— պատասխանեց դատավորը:
Գնդապետը հանկարծ վեր կացավ և շտապեց հագնվել:
— Դե՜, լա՜վ, Ֆիլիպ,— ասաց դատավորը ապշած,— խենթացա՞ր ինչ է:
— Սակայն ես այլևս հիվանդ չեմ,— պատասխանեց գնդապետը պարզությամբ:— Այդ լուրը մեղմեց իմ ցավերը: Ի՛նչ հիվանդություն կարող է զգալի լինել ինձ համար, երբ ես մտածում եմ Ստեֆանիի մասին: Ես գնում եմ Բոնզոմ, նրան տեսնելու, նրա հետ խոսելու, նրան բժշկելու համար: Նա ազատ է, է՜հ, լա՛վ, երջանկությունը պիտի ժպտա մեզ, այլապես նախախնամություն գոյություն չունի: Կարծո՞ւմ ես ուրեմն, որ այդ խեղճ կինը կարող է ինձ լսել և բանականությունը նորից չվերստանալ:
— Նա արդեն տեսավ քեզ և չճանաչեց,— մեղմությամբ առարկեց դատավորը, որը տեսնելով իր բարեկամի չափազանցյալ հույսը, ջանում էր նրան փրկարար կասկածներ ներշնչել:
Գնդապետը ցնցվեց, բայց սկսեց ժպտալ՝ թերահավատության թեթև մի շարժում անելով: Ոչ ոք չհամարձակվեց ընդդիմանալ գնդապետի ծրագրին:
Մի քանի ժամ անց նա հաստատվեց հին վանատան մեջ, բժշկի և կոմսուհի դը Վանդիերի մոտ:
— Որտե՞ղ է նա,— գոչեց Ֆիլիպը, հենց որ հասավ:
— Լռություն,— պատասխանեց նրան պարոն Ֆանժան, Ստեֆանիի հորեղբայրը:— Նա քնած է, ահա, տեսե՛ք:
Ֆիլիպը տեսավ խեղճ խենթ կնոջը, արևի տակ մի նստարանի վրա պպզած: Գլուխը օդի տաքությունից պաշտպանված էր՝ դեմքի վրա ցրիվ եկած մազերով. թևերը՝ առանձին շնորհով կախված էին մինչև գետին. մարմինը վայելչորեն տարածված էր, եղնիկի մարմնի նման. ոտները ծալված էին տակը. կուրծքը համաչափ բարձրանում էր ու իջնում, մորթը, գույնը ճենապակու սպիտակություն ունեին, որը երեխաների թափանցիկ ու պայծառ դեմքի վրա այնքան հիացնում է մեզ: Նրա կողքին, Ժնևիևը բռնել էր ձեռքում մի ճյուղ, որն անշուշտ Ստեֆանին կտրել էր կաղամախու ամենաբարձր կատարից: Ապուշ կինը մեղմորեն շարժում էր այդ տերևալից ճյուղը իր քնած ընկերուհու վրա, և՛ ճանճերին հալածելու, և՛ թե նրան հովացնելու համար: Գեղջկուհին նայեց պարոն Ֆանժային և գնդապետին, ապա անասունի նման, որը ճանաչել է իր տիրոջը, դեմքը դարձրեց դեպի կոմսուհին և շարունակեց հսկել նրա վրա, առանց ցույց տալու մինչև անգամ ամենաաննշան զարմանք կամ իմացականություն: Օդը կիզիչ էր: Քարե նստարանը կարծես կայծկլտում էր, և մարգագետինը դեպի երկինք էր նետում գոլորշիներ, որոնք ծփում էին և փողփողում խոտերի վրա ոսկե փոշու նման: Սակայն Ժնևիևը կարծես չէր զգում այրող այդ տապը: Գնդապետն ամուր սեղմեց բժշկի ձեռքերը իր ձեռքերի մեջ: Զինվորականի աչքերից հոսող արցունքները գլորվեցին իր առնական այտերի վրայով և ընկան մարգի վրա, Ստեֆանիի ոտների տակ:
— Պարո՛ն,— ասաց հորեղբայրը,— ահա երկու տարի է ինչ-որ իմ սիրտը ամեն օր կտոր-կտոր է լինում: Շուտով դուք ևս կլինեք ինձ նման: Լաց եղե՛ք, բարեկա՛մ, եթե լաց չլինեք, ձեր վիշտը չի ամոքվի:
— Դուք խնամել եք նրան,— ասաց գնդապետը, որի աչքերն արտահայտում էին և երախտագիտություն և թե նախանձ:
Այս երկու մարդիկ հասկացան միմյանց և նորից ամուր սեղմելով միմյանց ձեռքը՝ մնացին անշարժ, զմայլելով հիասքանչ անդորրության վրա, որ քունը տարածում էր այդ հրապուրիչ էակի վրա: Երբեմն-երբեմն Ստեֆանին հառաչանք էր արձակում, և այդ հառաչանքը, որ զգացողության հավանականություն էր մատնում, դժբախտ գնդապետին բերկրանքի սարսուռ էր պատճառում:
— Ավաղ,— մեղմորեն ասաց նրան պարոն Ֆանժան,— խաբկանքներ մի՛ ունենաք, պարո՛ն, դուք այս րոպեին նրան տեսնում եք իր ողջ բանականության մեջ: