Chapter 3
ԵՐՐՈՐԴ ԶԲՈՍԱՆՔ
«Ծերանում եմ`դարձյալ սովորելով»:
Սոլոնը, ծերության ժամանակ, հաճախ էր կրկնում այս բառերը:
Ես, ծեր տարիքում, ինչ‐որ իմաստով նույնպես կարող եմ ասել դրանք: Բայց շատ տխուր է այն իմացությունը, որով, արդեն քսան տարի, ինձ հարստացնում է փորձը. չիմացությունն ավելի նախընտրելի կլիներ: Ձախորդությունն անկասկած մեծ ուսուցիչ է, բայց այդ ուսուցիչը ստիպում է թանկ վճարել իր դասերի համար, ու հաճախ, օգուտը դրանցից չարժե այն գնին, որը վճարում են դրանց համար: Բացի այդ, նախքան այդ իմացությունը ստանալը, որ կարող են տալ այդքան ուշացած դասերը, անհետանում է այն կիրառելու հնարավորությունը: Երիտասարդություն, ահա՛ այն ժամանակահատվածը, երբ պետք է իմաստություն ձեռք բերել. ծերությունն այն կիրառելու ժամանակն է: Համաձայն եմ, փորձը մշտապես հարստացնում է: Բայց հարստացնում է լոկ այն ճանապարհատվածի համար, որ դեռ մնում է քեզ անցնելու: Մի՞թե այն ժամանակ, երբ արդեն մահն է մոտենում, էլի պիտի սովորես, թե ինչպես է պետք ապրել:
Է՛հ, ինչի՞ս են պետք՝ էս առաջացած տարիքիս, այդքան տառապագին գնով ձեռք բերված գիտելիքներն իմ ճակատագրի ու այլոց կրքերի մասին: Ես սովորեցի ավելի լավ ճանաչել մարդկանց միայն այն բանի համար, որ ավելի ուժգնորեն զգամ դժբախտությունը, որի մեջ նրանք ինձ գցեցին, թեև այդ իմացությունը, որը բացահայտում էր նրանց բոլոր ծուղակները, որ լարել էին իմ դեմ, չկարողացավ ինձ զերծ պահել դրանցից և ոչ մեկից: Ու միշտ պահպանեցի այդ հիմար, բայց անհոգ դյուրահավատությունը, որն այդքան տարիների ընթացքում ինձ դարձրել էր խաղալիքն ու զոհը իմ վայ‐ընկերների, մինչդեռ գլխի անգամ չէի ընկնում, որ խճճվում էի նրանց բանսարկությունների մեջ: Ես հիմարացվել էի նրանց կողմից, դարձել նրանց զոհը, դա ճիշտ է, բայց ես կարծում էի, թե նրանք ինձ սիրում էին, և իմ սիրտը, բավականություն ստանալով նրանց հանդեպ հարազատության զգացումից, նման զգացում վերագրում էր նաև նրանց՝ իմ նկատմամբ: Այդ քաղցր պատրանքներն ի չիք դարձան: Տխուր ճշարտությունը, որ ժամանակն ու բանականությունս քողազերծեցին` ինձ զգացնել տալով տարաբախտությունս, ինձ ցույց տվեց, որ այն անդարմանելի է, ու ինձ մնում է լոկ համակերպվել դրան: Այդպիսով, իմ տարիքին հատուկ ողջ փորձառությունն իմ ներկա վիճակում ինձ պետք չէ, և անօգուտ է հետագայի համար:
Ծնվելիս` մենք մտնում ենք մրցակցության մեջ ու դուրս ելնում դրանից` մեռնելուց հետո: Ի՞նչ օգուտ կառքդ ավելի լավ վարել սովորելուց, երբ վերջնակետն արդեն մոտ է: Այդժամ, պիտի մտածես լոկ այն բանի մասին, թե ինչպես դուրս գաս դրանից: Եթե ծերունուն դեռևս ինչ‐որ բան մնում է սովորելու, ապա միայն՝ մեռնել սովորելը, իսկ դա հենց այն է, ինչով ամենաքիչն են զբաղվում իմ տարիքում. ծերունիները մտածում են ամեն ինչի մասին, բացի դրանից: Նրանք կառչում են կյանքից ավելի շատ, քան երեխաները, ու թողնում են այն՝ չուզենալով ավելի, քան երիտասարդները: Դա այն պատճառով, որ նրանց բոլոր ջանքերը այս կյանքի համար են եղել, ու դրա ավարտին` նրանք տեսնում են, որ այդ ջանքները զուր են անցել: Իրենց բոլոր տագնապները, ողջ կարողությունը, իրենց տքնաջան աշխատանքի բոլոր արդյունքները, ամեն ինչ նրանք թողնում են`հեռանալով: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք չմտածեցին այնպիսի մի բան ետ գցել, որը կարողանային վերցնել իրենց հետ` մեռնելիս:
Այս բոլոր բաներն ասում էի ինքս ինձ, երբ դեռ ժամանակ կար ասելու, ու եթե չկարողացա օգտվել իմ խորհրդածությունների պտուղներից, ապա ոչ թե նրա համար, որ դա չարեցի ժամանակին կամ վատ էի յուրացրել դրանք: Մանկութ նետված՝ աշխարհի հորձանուտի մեջ, ես վաղ իմացա իմ փորձից, որ ստեղծված չէի այնտեղ ապրելու համար ու երբեք էլ չէի հասնի այն բանին, ինչը տենչում էր իմ սիրտը: Եվ այդպես, դադարեցի մարդկանց շրջանում որոնելուց այն երջանկությունը, որը, ինչպես հասկացել էի, նրանց միջավայրում չէի գտնելու. իմ վառ երևակայությունն արդեն ցատկում էր դեռ նոր սկսված իմ կյանքի` որպես ինձ համար օտար մի երկրի վրայով, որպեսզի վայրէջք կատարեր մի խաղաղ վայրում, ուր ես կկարողանայի հանգրվանել:
Այդ զգացումը, որը սաղմնավորվել էր վաղ մանկությանս տարիներին ստացած դաստիարակությամբ ու ամրապնդվել ողջ կյանքս լցրած դժբախտություններից ու փորձանքներից, ինձ մշտապես դրդել էր ճանաչելու էությունս ու ճակատագիրս այնպիսի հետաքրքրությամբ ու նվիրումով, ինչը ես չէի նկատել ոչ մեկի մոտ: Ես տեսա շատ մարդկանց, որոնք ավելի ճարտար էին փիլիսոփայում, քան ես, բայց այդ փիլիսոփայությունն, այսպես ասած, օտար էր մնում նրանց: Ձգտելով ավելի ուսյալ երևալ մյուսներից` նրանք ուսումնասիրում էին տիեզերքը, որպեսզի իմանային դրա կառուցվածքը, ինչպես եթե ուսումնասիրեին մի մեքենա լոկ հետաքրքրասիրությունից: Նրանք ուսումնասիրում էին մարդկային բնությունը, որպեսզի կարողանային դատել այդ մասին որպես գիտակներ, այլ ոչ թե ճանաչեին իրենք իրենց: Նրանք աշխատում էին, որպեսզի ուսուցանեին ուրիշներին, և ոչ թե իրենք լուսավորվեին ներքնապես: Նրանցից շատերն ուզում էին ուղղակի որևէ գիրք գրել, կարևոր չէ, թե ինչպիսի, միայն թե այն հաջողություն ունենար: Այն բանից հետո, երբ այն արդեն գրված էր ու լույս էր տեսել, դրա բովանդակությունն իրենց այլևս չէր հետաքրքրում: Եթե միայն չէին ուզում իրենց այդ տեսակետին հակեին նաև ուրիշներին ու պաշտպանեին, երբ այն ենթարկվում էր հարձակումների: Ընդ որում, նրանք այլևս դրա բովանդակությունից ոչ մի հետևություն չէին անում իրենց համար և անգամ՝ չէին մտահոգվում բնավ, թե ճշմարի՞տ էր այն, թե սխալ. կարևորն այն էր, որ այն չհերքվեր: Իսկ ես, մշտապես ուզեցել եմ սովորել լոկ այն բանի համար, որ ինքս իմանամ, այլ ոչ թե սովորեցնեմ: Ես միշտ էլ կարծել եմ, որ նախքան մարդկանց լուսավորելը, ինքդ պիտի գիտելիքներ ձեռք բերես: Այն ամենից, որ ես աշխատում էի ուսումնասիրել`ապրելով մարդկանց միջավայրում, ոչինչ չկա, որը ես չուզենայի սովորել, եթե անգամ` լինեի մենակ, անմարդաբանակ մի կղզում, ուր մնայի մինչև կյանքիս վերջը: Այն, ինչ պետք է անեն, մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչի պետք է հավատան, և բոլոր բաների մեջ, որ չեն վերաբերում սկզբնական բնական պահանջմունքներին, մեր կարծիքներն են կառավարում մեր արարքները: Ելենելով այդ սկզբունքից, որին ես միշտ հետևել եմ, ու կյանքս տնօրինելու համար, ես հաճախ ու երկար ժամանակ աշխատում էի ճանաչել դրա իսկական նպատակը և շուտով մխիթարվեցի` այս աշխարհում հաջողության հասնելու իմ անկարողությամբ, հասկանալով, որ այդ նպատակը պիտի փնտրել ոչ այնտեղ:
Ծնված լինելով մի ընտանիքում, ուր իշխում էին բարոյականությունն ու բարեպաշտությունը, այնուհետև ստանալով կարգին դաստիարակություն իմաստուն և հավատավոր հոգևորականի կողմից, ես վաղ մանկությունից ընկալեցի սկզբունքներ ու կանոններ, ոմանք կասեին՝ նախապաշարմունքներ, որոնք երբեք ինձ չլքեցին վերջնականապես: Դեռևս մանուկ տարիքից թողնված լինելով ինքս ինձ, հափշտակվելով քնքշանքներից, գայթակղվելով սնափառությունից, հույսերից շլանալով, անհրաժեշտությունից դրդված՝ ես դարձա կաթոլիկ, բայց միշտ մնացի քրիստոնյա. և շուտով, սովորույթի ուժով, սիրտս անկեղծորեն կապվեց իմ նոր կրոնին: Տիկին դը Վարանսի խրատներն ու օրինակներն իմ մեջ ամրապնդեցին այդ կապվածությունը: Գյուղական կյանքի առանձնությունը, ուր ես անցկացրի ծաղկուն երիտասարդությունս, լավ գրքերի ընթերցանությունը, որին ես անմասն նվիրվում էի, այդ ամենը ուժգնացնում էր իմ բնական հակվածությունը քնքուշ զգացմունքների հանդեպ ու ինձ դարձնում աստվածավախ` գրեթե Ֆենլոնի ոգով: Մեկուսի կատարած խորհրդածությունները, բնության ուսումնասիրությունը, տիեզերքի հայեցողությունը մենակյացին ստիպում են անդադար հայացքն ուղղելու ստեղծված գոյերի արարչին ու քաղցր մտահոգությամբ որոնելու բոլոր տեսանելի բաների նպատակն ու բոլոր զգայելի բաների պատճառը: Երբ ճակատագիրս նորից ինձ նետեց աշխարհի հորձանուտը, ես այլևս այնտեղ չէի գտնում ոչինչ, որը կարողանար գոնե մի ակնթարթով գրավել սիրտս: Իմ անուշիկ ժամանցների մասին հիշողությունն ամենուր հետապնդում էր ինձ, և անտարբերության ու զզվանքի ստվեր նետում այն ամենի վրա, ինչն իմ ձեռքի տակ էր ու կարող էր հարստություն ու պատիվ բերել ինձ: Վստահ չլինելով, որ իմ անհանգիստ ցանկությունները կիրականանան, ես քիչ բանի վրա էի հույս դնում, էլ ավելի քիչ` ձեռք բերում, և առատության փայլերի մեջ զգում էի, որ եթե անգամ հասնեի էլ այն ամենին, որին կարծես թե ձգտում էի, ապա չպիտի գտնեի այն երջանկությունը, որը տենչում էր սիրտս, չկարողանալով հասկանալ, թե ինչ էր հատկապես այն ուզում: Այդպիսով, ամեն ինչ նպաստում էր այն բանին, որ ես երես թեքեի այս աշխարհի վայելքներից, անգամ՝ ավելի շուտ, քան վրա կհասնեին դժբախտությունները, որոնք պիտի ինձ ամբողջովին օտարեին այս աշխարհից: Ես ապրեցի քառասուն տարի` դեգերելով աղքատության ու հարստության, ողջամտության ու խելահեղության միջև, լի` արատներով, որ արմատացել էին սովորության ուժով, սակայն, չունենալով սրտումս վատ հակումներ, ապրելով բախտաբերի, առանց՝ բանականությանս կողմից հստակ ուղղորդված կանոններով, և ոչ այնքան ջանադիր` պարտականություններիս հանդեպ, ոչ թե դրանք արհամարհելու, այլ լավ չիմանալու պատճառով:
Դեռ պատանեկությանս տարիներից, ես որոշեցի, որ քառասնամյա տարիքը կլինի հաջողության հասնելու իմ ջանքերի և ամեն տեսակ հավակնությունների սահմանագիծը: Հաստատ որոշել էի, որ սկսած այդ տարիքից, և ինչ դրության մեջ էլ որ լինեի, ես այլևս կռիվ չէի տալու՝ այդ դրությունից դուրս պրծնելու համար, և մնացյալ կյանքիս օրերը անցկացնելու էի՝ օր օրի ապրելով ու չմտահոգվելով ապագայի մասին: Երբ վրա հասավ այդ տարիքը, ես հեշտությամբ կատարեցի իմ մտադրությունը: Ու թեև այդ ժամանակ իմ ճակատագիրը ոնց որ թե կարող էր հենվել ավելի հաստատուն հիմքի վրա, ես հրաժարվեցի դրանից ոչ միայն առանց ափսոսանքի, այլև անկեղծ ուրախությամբ: Ձերբազատվելով բոլոր այդ գայթակղություններից, այդ բոլոր սին հույսերից, ես ամբողջովին տրվեցի անհոգ կյանքի ու մտքի անխռովության, որ իմ ուզած բաներից ամենամեծն էր և հակումներիցս` ամենատևականը: Ազատվեցի բոլոր հրապուրանքներից, բոլոր զարդարանքներից. այլևս ոչ մի սուսեր, ոչ մի ժամացույց, ոչ մի սպիտակ գուլպա կամ ոսկե կարվածք, ոչ մի սանրվածք. լոկ շատ հասարակ կեղծամ և կոշտ կտորե զգեստ: Ավելին, ես սրտիցս արմատախիլ արեցի ագահությունն ու ցանկասիրությունը, որոնք արժեք էին հաղորդում այն ամենին, որ ես լքում էի: Ես հրաժարվեցի այն պաշտոնից, որը զբաղեցնում էի այդ ժամանակ, և որն ինձ բնավ չէր համապատասխանում, ու սկսեցի արտագրել երաժշտության նոտաներ` վարձատրվելով յուրաքանչյուր էջի համար, մի զբաղմունք, որը մշտապես սրտովս էր եղել:
Ես չէի սահմանափակվում արտաքին բարեփոխումով: Ես հասկանում էի, որ այդ բարեփոխումը պահանջում է մեկ այլ, անշուշտ առավել տանջալի, բայց և ավելի անհրաժեշտ վերափոխում հայացքների, և որոշելով դրան չվերադառնալ երկու անգամ` սկսեցի խստորեն վերանայել իմ ողջ ներքին աշխարհը, որպեսզի մնացյալ կյանքս կարգավորվեր ըստ այդմ, ինչպիսին որ կուզենայի տեսնել այն մահվանս ժամին:
Մեծ հեղաշրջումը, որ կատարվել էր իմ մեջ, բարոյական նոր կյանքը, որը բացահայտվում էր ինձ համար, մարդկանց տխմար դատողությունները, որ դեռևս չկանխատեսելով, որ դառնալու էի դրանց զոհը, սկսում էի զգալ դրանց ողջ անհեթեթությունը, մեկ այլ բանի հետզհետե աճող պահանջը, քան գրական փառամոլությունն էր, որի ծուխը, հազիվ կպնելով քթիս`արդեն զզվանք էր պատճառում ինձ, ու վերջապես, ցանկությունը` մնացյալ կյանքիս համար ընտրելու ավելի հուսալի մի ուղի, քան այն մեկն էր, որով անցել էի կյանքիս մեծ մասը. այս ամենն ինձ դրդում էր այդ մեծ վերանայումը կատարելուն, որի պահանջը ես արդեն վաղուց զգում էի: Ու ես ձեռնարկեցի դա` ոչինչ զանց չառնելով, որ կախված էր ինձնից, որպեսզի այն լավ իրականացնեի:
Այդ ժամանակից է սկսվում աշխարհից իմ լիակատար հրաժարման թվագրությունն ու մենակ լինելու այն կրքոտ ձգտումը, որը դրանից ի վեր՝ այլևս ինձ չլքեց: Աշխատանքը, որը ես ձեռնարկում էի, կարող էր կատարվել ոչ այլ կերպ, քան բացարձակ առանձնության մեջ. այն պահանջում էր երկար ու հանգիստ խորհրդածություն, որը չի կարող հանդուրժել հասարակության մեջ տիրող ունայնությունը: Դա ինձ ստիպում էր ժամանակավորապես անցնելու մեկ այլ կենսաձևի, որն այնքան էր ինձ դուր գալիս, որ այն ընդհատելով լոկ հանգամանքների ճնշման տակ ու հազվադեպ պահերի` ես վերադարձա դրան ուրախ սրտով և սիրահոժար, հենց որ կարողացա: Իսկ հետագայում, երբ մարդիկ ինձ ստիպեցին ապրել միայնության մեջ, ես տեսա, որ իրենց միջավայրից ինձ հեռացնելով` ինձ թշվառ դարձնելու համար, նրանք ի նպաստ իմ երջանկության ավելին արեցին, քան ես ինքս կարող էի անել:
Ես նվիրվեցի իմ գործին մի ջանասիրությամբ, որն համապատասխանում էր և առարկայի կարևորությանը, և դա անելու իմ կարիքին: Այդ ժամանակ, ես ապրում էի իմ ժամանակակից փիլիսոփաների միջավայրում, որոնք ոչ մի բանով նման չէին հին աշխարհի փիլիսոփաներին: Իմ կասկածները փարատելու և տատանումներս վերացնելու փոխարեն, նրանք խախտեցին բոլոր այն համոզմունքները, որ կարծում էի, թե ունեի ինձ համար կարևոր հարցերի մասին. քանզի, անաստվածության այդ կրակոտ քարոզիչներն ու ծայրաստիճան ինքնահավան դոգմատիկները, առանց զայրույթի չէին կարողանում հանդուրժել, որ որևէ հարցում ինչոր մեկը կհամարձակվեր մտածել այլ կերպ, քան իրենք: Ես պաշտպանվում էի վատ, քանզի ատում էի բանավիճելն ու ճարպիկ չէի դրանում, բայց երբեք չընդունեցի նրանց հուսալքող ուսմունքը. և իմ ցուցաբերած դիմադրությունն այդքան չհանդուրժող այդ մարդկանց, ովքեր բացի այդ, հետին մտքեր էլ ունեին, ամենափոքր պատճառը չեղավ իմ հանդեպ նրանց թշնամության:
Նրանք ինձ չէին համոզել, բայց պատճառել էին անհանգստություն: Նրանց փաստարկները տատանել էին ինձ, բայց երբեք չէին համոզել ամբողջովին. ես չէի գտնում ճիշտ պատասխանը, բայց զգում էի, որ այն պետք է լիներ: Ես ինձ հանդիմանում էի ոչ այնքան սխալի, որքան հիմարության համար, ու իմ սիրտը նրանց ավելի լավ էր պատասխանում, քան բանականությունս:
Ի վերջո, ինքս ինձ ասացի. մի՞թե ես պիտի հավերժ թույլ տամ, որպեսզի ինձ իրենց սոփեստություններով շփոթեցնեն մարդիկ, ում լեզուն ավելի ճարտար է, քան իմը, թեև, անգամ վստահ չեմ, թե նրանց կողմից ուսուցանվող ու այնքան կրքոտորեն ուրիշներին պարտադրվող մտքերը իսկապես իրենց են պատկանում: Նրանց կրքերը, որ կառավարում են իրենց վարդապետությունը, շահագրգռությունը, որ իրենց շուրջ բոլորը մտածեն այսպես, և ոչ թե այնպես, այդ ամենը անհնար է դարձնում պարզելը, թե ինչ են կարծում իրենք: Մի՞թե միավորումների առաջնորդները կարող են անկեղծ համոզմունքներ ունենալ: Նրանց փիլիսոփայությունը ուրիշների համար է: Իսկ ինձ պետք է իմ փիլիսոփայությունը: Ուրեմն, պետք է գործադրեմ բոլոր ջանքերս, որպեսզի գտնեմ այն, քանի դեռ ժամանակ կա, որպեսզի ունենամ վարքի հաստատուն կանոն այն մնացյալ ժամանակի համար, որը տրված է ինձ ապրելու: Ես արդեն հասուն տարիքում եմ, հոգևոր ուժերիս ծաղկման շրջանում: Բայց մոտենում եմ մայրամուտիս: Եթե ավելի երկար սպասեմ, այլևս չեմ կարողանա նախկին եռանդով գործել` իմ այս ուշացած խորհրդածությունների մեջ. իմ մտավոր ունակությունները կկորցնեն իրենց ուժը, ու ես այլևս չեմ կարողանա անել լավ այն, ինչն այսօր կարողանում եմ անել լավագույնս: Արդ, բաց չթողնեն՛ք նպաստավոր պահը.սա իմ արտաքին ու նյութական բարեփոխման ժամանակն է, և թո՛ղ այն լինի ինձ համար նաև մտավոր ու բարոյական բարեփոխման ժամանակ: Պիտի ամրագրեմ մտքերս, սկզբունքներս ու մնամ մինչև կյանքիս վերջը այն, ինչը ինձ պարտական կհամարեմ լինելու` այդ մասին մի լավ խորհելուց հետո:
Ես իրականացնում էի այդ մտադրությունս դանդաղորեն ու մի քանի անգամից, բայց ներդնելով բոլոր ջանքերս ու ողջ ուշադրությունը, որին ունակ էի: Ես շատ լավ զգում էի, որ իմ մնացյալ օրերի անդորրն ու ողջ ճակատագիրս կախված են դրանից: Սկզբում ես հայտնվեցի խոչընդոտների, դժվարությունների, առարկությունների, արգելքների ու մթությունների այնպիսի մի լաբիրինթոսում, որ քսան անգամ ցանկություն զգացի ամեն ինչ լքելու ու պատրաստ էի` հրաժարվելով զուր որոնումներից, լոկ պահպանել ընդհանուր զգուշության կանոնները՝ այլևս չորոնելով դրանք այն սկզբունքների մեջ, որոնք այդքան դժվար էին ինձ համար բացահայտելը: Բայց այդ զգուշությունն այն աստիճան էր ինձ օտար, ես ինձ զգում էի այնքան անընդունակ՝ դրան հետևելու, որ դա ընտրել որպես ուղեցույց` կնշանակեր լողալ ծովերով, փոթորիկների մեջ, առանց ղեկի, առանց կողմնացույցի, որոնելով գրեթե անհասանելի փարոսը, որը չկար ոչ մի նավահանգիստում:
Ես համառում էի. առաջին անգամ իմ կյանքում ես քաջություն ունեցա, ու դրան ես պարտական եմ այն բանի համար, որ կարողացա դիմանալ սոսկալի ճակատագրին, որն այդ ժամանակից ի վեր` սկսել էր փլվել գլխիս, մինչ ես այդ մասին չէի էլ կասակածում: Ամենատենդագին, ամենաանկեղծ որոնումներից հետո, որոնք դեռ չէր կատարել, գուցե, ոչ մի մահկանացու, ես ողջ կյանքիս համար որոշում կայացրի բոլոր այն զգացմունքների մասին, որ ինձ պետք էր ունենալ: Ու եթե սխալվել եմ արդյունքների մեջ, ապա, գոնե վստահ եմ, որ իմ սխալը պետք է համարվի ոչ իմ մեղքով, քանի որ ես բոլոր ջանքերս գործադրել եմ դրանից խուսափելու համար: Ճիշտ է, ես բնավ չեմ կասկածում, որ մանկական նախապաշարումներն ու թաքուն ցանկություններն իմ սրտին ստիպել էին, որ կշռաթաթը թեքվի ինձ համար ամենասփոփիչ կողմը: Դժվար է չհավատալ այն բանին, որն այնքան կրքոտորեն ցանկանում ես, և ո՞վ կարող է կասկածել, որ այնկողմնային կյանքի մասին դատողություններն ընդունելու կամ մերժելու ցանկությունն է որոշում մեծամասնության հավատը իրենց հույսի կամ վախի նկատմամբ: Այդ ամենը, համաձայն եմ, կարող էր գերել դատողությունս, բայց ոչ` տատանել բարեխղճությունս, քանզի ես ամեն ինչում վախենում էի սխալվելուց: Եթե ամբողջ հարցն այն էր, թե ինչպես ապրել այս կյանքը, ինձ համար կարևոր էր յուրացնել այդ ինչպեսը, որպեսզի, քանի դեռ ժամանակ կար, գոնե լավագույնս օգուտ քաղեի դրանից, ինչքանով որ դա կախված էր ինձնից, և չհայտնվեի լրիվ հիմարացած վիճակում: Բայց, ամենից շատ, ես պիտի վախենայի, այն հոգեվիճակում, որում գտնվում էի, այն բանից, որ հոգուս հավիտենական կյանքը չվտանգեի հանուն երկրային բավականությունների, որոնք երբեք էլ ինձ համար մեծ արժեք չեն ունեցել:
Խոստովանում եմ նաև, որ ոչ միշտ էր ինձ հաջողվում հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք ինձ խանգարում էին, և որոնցով մեր փիլիսոփաները այնքան շատ տանում էին ականջներես: Բայց, որոշելով, ի վերջո, կազմել ինձ համար իրերի վերաբերյալ որոշակի կարծիք, որոնց վրա մարդկային բանախոհությունը այնքան քիչ տիրապետություն ունի, և ամեն կողմից հանդիպելով անթափանցելի առեղծվածների և անլուծելի առարկությունների, ամեն մի հարցի վերաբերյալ ես ընտրեցի դրա այն ըմբռնումը, որն ինձ թվում էր առավել անվիճելին ու ինքնին ամենահավաստին` կանգ չառնելով այն առարկությունների վրա, որ ես չէի կարող վերացնել, որոնք սակայն, հերքվում էին հակադիր համակարգի մեջ առկա ուրիշ, ոչ պակաս ուժեղ առարկություններով: Այդ նյութերի վերաբերյալ դոգմատիկ տոնը սազական է լոկ շաղակրատներին: Բայց այդտեղ կարևոր է, որ ունենաս սեփական ըմբռնումդ այդ մասին ու հաստատես այն այնպիսի հասուն դատողունակությամբ, որին ընդունակ ես: Եթե, չնայած դրան, մենք ընկնում ենք սխալի մեջ, ապա միանգամայն արդար է, որ պատասխանատու չենք դրա համար, քանզի մեր մեղքը դրանում բնավ չկա: Ահա՛ այն անխախտելի սկզբունքը, որը հիմքն է իմ անվտանգության:
Իմ տանջալի որոնումների արդյունքը եղավ մոտավորապես այնպիսին, ինչպիսին ես այն նկարագրել էի Սավոյացի փոխերեցի հավատո խոստովանությունը ստղեծագործության մեջ, որն անարժանիորեն պղծվել ու նենգափոխվել է ներկայիս սերնդի կողմից, բայց որն ունակ է հեղաշրջում կատարելու մարդկանց շրջանում, եթե միայն նրանց մեջ երբևէ վերածնվեն ողջամտությունն ու բարեխղճությունը:
Այդ ժամանակից ի վեր, հանգիստ հետևելով այն սկզբունքներին, որոնք ես որդեգրել էի այդքան երկար ու լուրջ խորհրդածությունից հետո, ես դրանք դարձրի անվերապահ կանոններն իմ վարքի ու հավատքի` այլևս նշանակություն չտալով այն առարկություններին, որոնք ես ոչ կարող էի վերացնել, ոչ էլ կանխատեսել, և որոնք, ժամանակ առ ժամանակ, նորից զգացնել էին տալիս իրենց մասին: Երբեմն դրանք ինձ անհանգստություն էին պատճառում, բայց ոչ մի անգամ չկարողացան խախտել համոզմունքներս: Ես միշտ ասում էի ինքս ինձ. «Այս բոլորը լոկ մետաֆիզիկական խուսահնարներ ու խորամանկություններ են, որոնք ոչ մի կշիռ չունեն` համեմատած այն հիմնական սկզբունքների հետ, որոնք ընկալում էր իմ բանականությունն ու հաստատում սիրտս, սկզբունքներ, որոնք ներքին հավաստման կնիքով են դաջվել` կրքերի բացարձակ լռության մեջ: Մարդկային ըմբռնողությունն այդքան գերազանցող հարցերում, կարո՞ղ է որևէ առարկություն, որը ես ի վիճակի չեմ հերքելու, փլուզել այնքան համաձայնեցված, այնքան մանրակրկիտորեն մտածված ու մշակված վարդապետության շինությունը, որն այդքան համապատասխանում է բանականությանս պահանջներին, իմ սրտին, իմ ողջ էությանը, և ամրապնդված է ներքին հավանությամբ, ինչը ես չեմ զգում ոչ մի այլ վարդապետության նկատմամբ: Ո՛չ, դատարկ հերքումները երբեք չեն ոչնչացնի այն ներդաշնակությունը, որը ես նկատում եմ իմ անմահ բնության, այս աշխարհի կազմակերպվածքի և այն բնական օրեքների մեջ, որոնք իշխում են այնտեղ: Համապատասխան բարոյական կանոնների մեջ, որի համակարգը իմ որոնումների արդյունքն է, ես հենարան եմ գտնում, որն ինձ պետք է այն բանի համար, որ դիմանամ իմ կենսական աղետներին: Ամեն մի այլ համակարգի դեպքում, ես պիտի ապրեի առանց մխիթարանքի ու մեռնեի առանց հույսի: Ես պիտի լինեի ամենատարաբախտ արարածը: Դե ուրեմն, հետևե՛նք այն համակարգին, որը միակն է, որ ունակ է երջանիկ դարձնելու ինձ` ի հեճուկս ճակատագրի ու մարդկանց:
Մի՞թե այդ դատողությունն ու դրանից իմ արած եզրակացությունը չեն թվում երկնքի կողմից արված, որպեսզի նախապատրաստեն այն բախտին, որն ինձ էր սպասում, և այնպիսի վիճակ ստեղծեն, որում ես կկարողանայի դրան դիմանալ: Ի՞նչ կլիներ ինձ հետ անցյալում, ի՞նչ է լինելու ինձ հետ ապագայում` սոսկալի տագնապների մեջ, որ սպասում են ինձ, ու այն անհավատալի դրության, ուր ես ստիպված եմ մնալու մինչև կյանքիս վերջը, որ, մնալով առանց ապաստան, ուր կկարողանայի պատսպարվել իմ անողոք հետապնդողներից, առանց հատուցման` անպատվության դիմաց, որին նրանք ենթարկում են ինձ այս աշխարհում, ու առանց հույսի` հասնելու երբևիցե իսկական արդարադատության, ես հայտնվել եմ ամենասոսկալի վիճակում, որ երբևէ հայտնվել է որևէ մահկանացու: Անվրդով` իմ անմեղության մեջ, ես երևակայում էի, թե իբր, մարդիկ իմ հանդեպ տածում էին լոկ հարգանք ու բարեհաճություն: Իմ բաց, դյուրահավատ սիրտը զեղվում էր ընկերներիս ու եղբայրներիս առաջ, իսկ այդ ժամանակ, դավաճանները թաքուն ինձ խճճում էին ցանցերի մեջ, որոնք հյուսված էին դժոխքի խորքերում: Հանակարծակիի բերված սարսափելի աղետներով, ամենաանսպասելի ու ամենասոսկալի` հպարտ հոգուս համար, տապալված` ցեխի մեջ, որ մինչև հիմա չգիտեմ ում կողմից և ինչու, նետվելով ստորացման անդունդի մեջ, որ պատված էր սարսափելի խավարով, որի միջից ես ոչ մի բան չէի կարողանում տեսնել ու տարբերակել, բացի չարագույժ առարկաներից, ես զգետնվել էի անսպասելի հարվածից ու երբեք չպիտի ազատվեի հուսալքությունից, որի մեջ ինձ նետել էր այդ չկանխատեսված դժբախտությունը, եթե նախօրոք ուժերս չպահպանեի, որպեսզի ոտքի կանգնեի անկումներիցս հետո:
Միայն տագնապալի մի քանի տարվանից հետո, ի մի բերելով մտքերս ու սկսելով ուշքի գալ՝ ես հասկացա գինը այն միջոցների, որոնք ես պահել էի սև օրերի համար: Հստակեցնելով մտքերս այն բաների մասին, որոնց համար պետք էր կարծիք ունենալ, ու համեմատելով սկզբունքներս իմ դրության հետ` ես տեսա, որ մարդկանց անհեթեթ մտքերին ու այս կարճատև կյանքի չնչին բաներին շատ ավելի մեծ կարևորություն եմ տալիս, քան դրանք արժանի էին: Ես հասկացա, որ քանի որ մեր կյանքը լոկ փորձությունների շղթա է, կարևոր չէ, թե ինչ տեսակի կլինեն այդ փորձությունները, միայն թե հասնես այն արդյունքին, որին դրանք միտված են, և որ, հետևաբար, որքան այդ փորձությունները շատ են, ուժեղ, բազմաթիվ, այնքան ավելի շահեկան է դրանց դեմ տոկունություն դրսևորելը: Ամենադաժան աղետները կորցնում են իրենց ուժը ցանկացած մեկի համար, ով ապագայում տեսնում է մեծ ու հաստատ փոխհատուցում: Եվ վտահությունը դրանում գլխավոր արդյունքը եղավ իմ նախկին խորհրդածությունների:
Ճիշտ է, որ անթիվ վիրավորանքների ու անսահման ստորացումների մեջ, որ թափվում էին վրաս բոլոր կողմերից, տագնապն ու կասկածները ժամանակ առ ժամանակ տատանում էին իմ մեջ հույսն ու խանգարում անդորրս: Անլուծելի հակասությունները հառնում էին այդ ժամանակ իմ ուղեղում ողջ թափով ու վերջնականապես կոտրում ինձ հենց այն պահերին, երբ, ճկվելով ճակատագրի ծանրության տակ`ես պատրաստ էի ընկնել հուսահատության մեջ: Հաճախ, իմ կողմից լսված նոր փաստարկները միանում էին նրանց, որոնք արդեն ծվատում էին ինձ ու ամրապնդում դրանք: Ա՜հ,ասում էի ինքս ինձ, մինչ կուրծքս սեղմվում էր շնչարգելությունից,ո՞վ պիտի ինձ պաշտպանի հուսալքությունից, եթե իմ դժկամ բախտի մեջ ես տեսնում եմ միայն քիմեռներ այն սփոփանքներում, որոնք ինձ էր տալիս իմ բանականությունը: Եթե այդ կերպ ոչնչացնելով սեփական գործը` այն ոչնչացնում է որևէ հույս ու վստահություն, որ պահել էր ինձ համար փորձանքի ժամանա՞կ: Ի՞նչ հենարան պիտի մնա ինձ, բացի պատրանքներից, որոնք ողջ աշխարհում միայն ինձ էին օրոր ասում: Ողջ ներկա սերունդը չի տեսնում ոչ մի բան` բացի սխալներից ու նախապաշարմունքից այն զգացմունքների մեջ, որոնցով ես ապրում եմ. ճշմարտություն ու ակնհայտություն նա տեսնում է իմին հակադիր համակարգի մեջ. անգամ, թվում է, թե չի էլ հավատում, որ ես անկեղծորեն նման մտքեր եմ դավանում. ես ինքս էլ, տրվելով դրան իմ ողջ էությամբ, այնտեղ գտնում եմ անհաղթահարելի դժվարություններ, որոնք ի վիճակ չեմ լուծելու, բայց համառորեն շարունակում եմ կառչած մնալ դրան: Մի ՞թե միայն ես եմ իմաստուն, լոկ ես եմ լուսավորյալ` մահկանացուներից: Որպեսզի կարծել, թե այդպիսին է իրերի դրությունը, բավակ՞ան է արդյոք, որ դա ինձ հարմար լինի: Կարո՞ղ եմ ողջամիտ վստահություն ունենալ այնպիսի բաների հանդեպ, որոնք, մնացյալ մարդկանց տեսակետից` բնավ հիմնավորված չեն, և ինձ ևս, պիտի թվային պատրանքներ, եթե սիրտս պաշտպաներ բանականությանս: Ավելի լավ չէ՞ր լինի ինձ համար, մարտնչել իմ բոլոր հետապնդողների դեմ նույն զենքով` յուրացնելով նրանց կանոնները, քան թե մնալ իմ քիմեռների հետ, անպաշտպան` նրանց հարձակման դեմ, ու ոչինչ չանել հակահարված տալու համար իմ հալածողներին: Ես ինձ իմաստուն եմ համարում, իսկ իրականում, լոկ խաղալիք եմ, զոհն ու տառապյալը չարաբաստիկ սխալի:
Քանի՜ անգամ, կասկածների ու անվստահության այդպիսի պահերի, ես պատրաստ էի ընկնելու հուսալքության գիրկը: Եթե ինձ վիճակվեր գոնե մեկ անգամ լինել նման դրության մեջ մի ամբողջ ամիս, ես չէի դիմանա: Բայց այդ նոպաները, նախկինում՝ բավական հաճախ, միշտ կարճ էին տևում, իսկ հիմա, երբ դեռևս լիովին չեմ ազատագրվել դրանցից, դրանք այնքան հազվադեպ են ու կարճատև, որ ի վիճակի չեն անգամ` անդորրս խանգարելու: Դրանք թեթև տագնապներ են, որոնք հուզմունք են պատճառում հոգուս ոչ ավելի, քան գետի մեջ ընկած փետուրը կարող է փոխել դրա հոսքը: Ես զգում էի, որ նորից քննարկման դնել այն հարցերը, որոնց մասին ես արդեն որոշում կայացրել էի, նշանակում էր ենթադրել իմ մեջ ավելի շատ լուսավորություն կամ դատողունակության ավելի մեծ հասունություն կամ ավելի շատ ճշմարտության ծարավ, քան ես ունեի իմ որոնումների ժամանակ. բայց ոչինչ նման բան տվյալ դեպքում չկար ու չէր կարող լինել. ոչ մի ծանրակշիռ պատճառ չէր ստիպում ինձ նախընտրել կարծիքներ, որոնք գայթակղում էին ինձ իմ հուսալքության մեջ միայն այն բանի համար, որպեսզի մեծացնեին վիշտս, ու ես մնում էի հավատարիմ այն զգացմունքներին, որոնք ընդունել էի ուժերիս ծաղկուն շրջանում, մտավոր հասունության պահին, մանրամասն քննարկումներից հետո, ու այն ժամանակներում, երբ իմ խաղաղավետ կյանքում տեղ չկար մեկ այլ գերակա հետաքրքրության, բացի ճշմարտությունը ճանաչելու ձգտումից: Հիմա, երբ իմ կարոտից սեղմվող սիրտը, դառնություններից ուժասպառ իմ հոգին, իմ ահաբեկված երևակայությունը, ինձ շրջապատող սարսափելի գաղտնիքներից խառնված գլուխս, իմ բոլոր` կրքից ու վշտից թուլացած ունակությունները կորցրել են իրենց ավյունը, արդյոք պիտի կամովին ձե՞ռք քաշեմ այն միջոցներից, որոնք խնայել եմ, ու ավելի շատ վստահեմ իմ տկարացող բանականությա՞նը` ինձ անարդարացիորեն ավելի դժբախտ դարձնելու համար, թե՞ առողջ ու ճկուն բանականությանս վստահեմ` ինձ պաշտպանելու համար այն չարիքներից, որոնցից տառապում եմ`արժանի չլինելով նման բախտի: Ոչ, ես չեմ դարձել ոչ ավելի իմաստուն, ոչ ավելի տեղեկացված, ոչ ավելի խստապահանջ, քան այն ժամանակ, երբ կարծիք էի կազմում այդ մեծ հարցերի վերաբերյալ. այդ ժամանակ ես տեղյակ էի այն դժվարությունների մասին, որոնց թույլ եմ տալիս, որ անհանգստացնեն ինձ հիմա: Դրանք ինձ չկանգնեցրին. իսկ եթե ի հայտ են գալիս նորերը, որոնք հաշվի չէի առել, դրանք մետաֆիզիկական խորամանկ սոփեստություններ են, որոնք ունակ չեն խախտելու հավերժական ճշմարտությունները, որոնք ընդունված են բոլոր ժամանակներում, բոլոր իմաստունների կողմից, ճանաչված են բոլոր ազգերի կողմից ու դաջված են մարդու սրտի մեջ անջնջելի տառերով: Խորհելով այդ բաների մասին` ես գիտեի, որ զգացումներով սահմանափակված մարդկային ըմբռնողությունը չի կարող դրանք ընդգրկել իրենց ողջ ծավալով: Ու ես կառչում էի այն բանից, ինչն ինձ հասանելի էր, ու ավեի հեռուն չէի անցնում: Դա ողջամիտ ուղի էր. ես գնացի դրանով ինչ‐որ ժամանակ ու կառչեցի դրանից իմ սրտի ու իմ բանականության համաձայնությամբ: Արդ, ի՞նչ պատճառով ես պիտի հրաժարվեմ դրանից հիմա, երբ այդքան զորեղ դրդապատճառներ ինձ պիտի կապեն դրան: Այդ ի՞նչ վտանգից պիտի խուսափեմ`դրան հետևելով: Ի՞նչ օգուտ կունենամ, եթե հրաժարվեմ դրանից: Հետևելով ինձ հետապնդողների վարդապետությանը, արդյոք պիտի որդեգրեմ նաև նրանց բարոյական կանոննե՞րը: Այն անհիմն ու անպտուղ բարոյականությու՞նը, որը նրանք ի ցույց են դնում գրքերի կամ տպավորիչ թատերական պիեսների մեջ, և որը չի թափանցում մարդու ոչ սրտի, ոչ բանականության մեջ, և կամ, ուրիշ բարոյականություն`գաղտնի ու դաժան, որ դրան հասուների ներքին վարդապետությունն է, իրենց վարքի իսկական կանոնը, որը նրանք կիրառեցին իմ հանդեպ այդքան ճարպկորեն, և որի համար առաջինը որպես դիմակ է ծառայում միայն: Այդ բարոյականությունը պաշտպանության համար չի կարող ծառայել ու պիտանի է լոկ հարձակման համար: Ի՞նչ օգուտ պիտի ունենայի դրանից այն վիճակում, ուր նրանք ինձ հասցրել են: Լոկ անմեղությունն է, որ ինձ աջակցում է դժբախտությունների մեջ, և որքա՜ն ավելի դժբախտ պիտի դառնայի, եթե ինքնս ինձնից խլեի այդ միակ, բայց զորեղ աջակցությունը և այն փոխարինեի չարությամբ: Կհասնեի՞ արդյոք նրանց` վնաս պատճառելու արվեստի մեջ, իսկ եթե անգամ հասնեի, այդ ի՞ նչ չարիքից ինձ պիտի ազատեր այն չարիքը, որը ես կկարողանայի նրանց պատճառել: Ես լոկ պիտի կորցնեի հարգանքս ինքս իմ հանդեպ ու փոխարենը ոչինչ չպիտի շահեի:
Ահա, ինքս իմ մեջ նման դատողություններ անելով` կարողացա անել այնպես, որ չթողեցի, որ իմ սկզբունքները երերան նենգամիտ փաստարկներից, անլուծելի հակասություններից ու դժվարություններից, որոնք գերազանցում են իմ հնարավորությունները, իսկ գուցե, նաև` մարդկային մտքի հնարավորությունները: Իմն այնպիսի կայուն հիմքի վրա է խարսխվում, որը ես եմ ստեղծել` խղճի պաշտպանության ներքո, որ ոչ մի օտար ուսմունք՝ հին կամ նոր, չի կարող արդեն ոչ խախտել այն, ոչ էլ գոնե մի ակնթարթով խանգարել անդորրս: Ընկնելով մտավոր ուժասպառության ու անշարժության մեջ` ես մոռացել էի անգամ` այն դատողությունները, որոնց վրա հիմնում էի հավատամքս ու իմ դավանած կանոնները: Բայց ես երբեք չեմ մոռանա այն փաստարկները, որ բխեցրել էի դրանցից` բանականությանս ու խղճիս հետ ներդաշնակորեն, և այսուհետև էլ, անդավաճան կմնամ դրանց: Թո՛ղ բոլոր փիլիսոփաները վիճարկեն դրանք. միայն զուր պիտի վատնեն իրենց ժամանակն ու ջանքերը: Մինչև կյանքիս վերջը ես պիտի ամեն ինչում հետևեմ այն բանին, ինչը որոշել էի դեռևս այն ժամանակ, երբ ավելի շատ էի ունակ ճիշտ ընտրություն կատարելու:
Այսպիսի անխռով հոգեվիճակում, բացի ինքս ինձնից գոհ լինելուց, ես գտնում եմ հույս ու մխիթարություն, որոնց կարիքն այնքան ունեմ: Իհարկե, նման լիակատար, մշտական, արդեն ինքնին տխուր միայնությունը, որը միշտ հիշեցնել է տալիս իր մասին, ներկա ողջ սերնդի չդադարող թշնամությունն իմ հանդեպ, վերջ չունեցող ստորացումները, որ պատճառում են ինձ, երբեմն ինձ գցում են հուսալքության մեջ. տատանումները, հույսերը թուլացնող կասկածները դեռ վերադառնում են ժամանակ առ ժամանակ, որպեսզի պղտորեն հոգիս ու լցնեն այն տխրությամբ: Ու այդ ժամանակ, ունակ չլինելով մտավոր ճիգերի, որոնք անհրաժեշտ են վերստին վստահություն ձեռք բերելու համար ինքս իմ հանդեպ, ես, պատահում է, ստիպված եմ լինում հիշել իմ նախկին կողմնորոշումները: Խնամքը, ուշադրությունը, սրտի անկեղծությունը, որոնցով կատարում էի դրանք, նորից վեր են հառնում իմ հիշողության մեջ ու վերականգնում իմ ամբողջ վստահությունը սեփական անձիս հանդեպ: Այդպիսով, ես հրաժարվում եմ բոլոր նոր գաղափարներից` որպես կործանարար մոլորություններից, որ կեղծ տեսք ունեն ու պիտանի են լոկ այն բանի համար, որ խանգարեն անդորրս:
Այսպես պարփակված իմ նախկին գիտելիքների նեղ ոլորտի մեջ, ես չունեմ, ինչպես Սոլոնը, այն երջանիկ հնարավորությունը, որ ծերանալով` սովորեմ ամեն օր, ու պետք է ապահովեմ ինձ վտանգավոր հպարտությունից` իմանալու այն, ինչն, այսուհետև, ի վիճակի չեմ լավ իմանալու: Բայց, եթե ես չեմ կարող հույս ունենալ հատուկ ձեռքբերումների՝ օգտակար գիտելիքների հարցում, շատ կարևոր ձեռքբերումներ են ինձ հարկավոր առաքինությունների ոլորտում, անհրաժեշտ` իմ դրության համար: Ահա, թե ինչպիսի ձեռքբերումներով կհարստացնեի ու կզարդարեի հոգիս, որը կարող է դրանք վերցնել իր հետ, երբ կազատագրվի իրեն մթագնող, մոլորեցնող մարմնից, և կտեսնի ճմարտությունն առանց քողածածկի, կհասկանա ունայնությունը բոլոր այն գիտելիքների, որոնցով այնքան պարծենում են մեր կեղծ գիտնականները: Այն պիտի հեծեծա կյանքի այն ակնթարթների համար, որ կորսվեցին` դրանք ունենալու համար: Իսկ համբերությունը, հեզությունը, հնազանդությունը, անկեղծությունը, իսկական արդարությունը բարիքներ են, որ քեզ հետ տանում ես, և որոնցով կարելի է անդադար հարստանալ` չերկյուղելով, թե ինքը` մահը, կարող է ոչնչացնել դրանց արժեքը մեզ համար: Հենց այդ միակ ու օգտակար ուսումնասիրությանն էլ ես նվիրում եմ ծերությանս մնացյալ մասը: Եվ երջանիկ կլինեմ, եթե սեփական կատարելագործման շնորհիվ, հեռանամ այս կյանքից ոչ որպես լավագույնը, քանզի դա անհնար է, այլ որպես ավելի առաքինի, քան էի կյանք մտնելու պահին: