1. Մոխրագույն Կատուն

Chapter 6

Chapter 6

Առավոտյան քննիչ Հակոբյանը հանդիպեց Փիրուզին այն պահին, երբ նա մտնում էր Գագիկի տուն՝ աշխատանքի։ Սպանության լուրը նրան անակնկալի բերեց։ Նորությունն իմանալուց Փիրուզն ակնհայտորեն վատացավ։

  • Փաստորեն դուք տեղյակ չէիք սպանության մասին, տիկին Փիրուզ։

  • Չէ, ես հենց նոր իմացա,— Փիրուզն արտասվում էր։

Քննիչը մի պահ շփոթվեց։ Սպանության լուրից ամենաազդվածները, փաստորեն, տան աշխատողներն էին՝ Փիրուզն ու Սաքոն, որի հետ նա կես ժամ առաջ էր զրուցել։ Գիշերը Ռոզայի հարազատների մոտ նման ազդեցություն չէր նկատել, բացի Գագիկից, իհարկե։

  • Նստեք,— խնդրեց քննիչը,— ես ձեզ մի քանի հարց ունեմ տալու, ապա մենք կվերցնենք ձեր մատնահետքերը, ինչպես նաև տան մյուս անդամներինը։

Փիրուզը նստեց։

  • Տիկին Փիրուզ, դուք ի՞նչ հարաբերությունների մեջ էիք Ռոզայի հետ։

  • Մենք... մենք ընդամենը երկու օր էր, ինչ ծանոթ էինք։

  • Ես լսել եմ, որ դուք վիճաբանություն եք ունեցել։

Փիրուզը գույնը գցեց։

  • Ես... մենք... այսինքն՝ ես Ռոզայի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել։ Հա, հիշեցի, նա զայրացել էր, որ ես իր կատվին թեթև հրեցի ոտքով, բայց դրանով ամեն ինչ ավարտվեց։

  • Նա ձեզ վիրավորե՞լ է։

  • Հա, բայց ես նրան չեմ պատասխանել, քանի որ իսկապես մեղավոր էի,— Փիրուզն արդեն ավելի վստահ էր խոսում։— Ու դե, հասկանում եք, Ռոզան...

Նա ձայնը ցածրացրեց։

  • Հղի էր։

  • Տիկին Փիրուզ, իսկ կարո՞ղ է ինչ-որ մեկը հաստատել, որ երեկ գիշեր դուք ձեր տանը քնած եք եղել։

Հակոբյանն ուղիղ Փիրուզի աչքերին էր նայում։

  • Ես մենակ եմ ապրում,— կարճ պատասխանեց նա։

  • Պարզ է,— ասաց քննիչն ու բաճկոնի ծոցագրպանից կարմիր կոթով խոհանոցային դանակի լուսանկար հանեց։— Իսկ սա ձեզ ծանո՞թ է։

Փիրուզը միանգամից պատասխանեց։

  • Այո, սա էս խոհանոցի հին դանակներից է։ Ես այս դանակը շատ լավ գիտեմ։

  • Դա լավ է։ Այս գործը բացահայտելու համար ինձ հաճախ պետք կգա ձեր օգնությունը, տիկին Փիրուզ, ու հուսով եմ՝ դեմ չեք լինի ինձ հետ աշխատել։

Փիրուզը լուռ էր։

  • Ասեմ նաև, որ սպանությունն այս դանակով է կատարվել։ Իսկ այն, որ ընտրվել է էս խոհանոցի ամենահին ու ամենաբութ դանակներից մեկը, ինձ ստիպում է մտածել, որ սպանությունը նախապես պլանավորված չի եղել։

  • Ի՞մ վրայից կասկածները հանո՞ւմ է դա,— վախեցած հարցրեց Փիրուզը։

  • Չէ, էդքան էլ մի ուրախացիր,— քննիչը կտրուկ անցավ «դու»-ով խոսելուն։— Դու ունես այս տան բանալին, երեկ Ռոզան քեզ վիրավորել է, ու դու կարող էիր դրա պատճառով գիշերը վերադառնալ այս տուն ու վրեժ լուծել նրանից։

Փիրուզը ինչ-որ բան էր փորձում ասել, բայց քննիչը վրա բերեց․

  • Ես, սակայն, քեզ ամենաքիչն եմ կասկածում ու խնդրում եմ, որ իմ բոլոր հարցերին հնարավորինս անկեղծ պատասխանես։

  • Հա, ես ստելու բան չունեմ, կարող եք ձեր հարցերը տալ։

  • Փիրուզ, էս դանակը դու կամ ուրիշ ինչ-որ մեկը երեկ օգտագործե՞լ է։

  • Հա... ես ինքս չեմ օգտագործել, բայց երբ ամաններն էի լվանում, այս դանակն էլ եմ լվացել։ Աղջիկներից մեկն է երևի օգտվել։

  • Իսկ լվանալուց հետո որտե՞ղ ես դրել այն։ Դարակներից մեկո՞ւմ։

  • Չէ, ես դարակներում միայն սպասքի դանակներն եմ դնում։ Սա դրել եմ այստեղ։

Փիրուզը ցույց տվեց լվացարանի կողքին գտնվող հարմարանքը, որտեղ դրված էին տարբեր տեսակի դանակներ ու այլ խոհանոցային իրեր։

  • Լավ, Փիրուզ, մենք դեռ կզրուցենք։ Հիմա կխնդրեի՝ ինձ հետ դուրս գաս խոհանոցից։ Այստեղ պետք է ամեն ինչ իր տեղում մնա։

Այդ խոսքերից հետո Փիրուզը կարծես վերջին անգամ նայեց խոհանոցին ու հանկարծ հայացքը կանգնեցրեց ինչ-որ բանի վրա։

  • Փիրո՞ւզ, ի՞նչ եղավ, բան ե՞ս հիշել։

  • Չէ,— պատասխանեց նա ու մատով ցույց տվեց խոհանոցի պահարանին դրված դանակների հավաքածուն։— Այստեղից մի դանակ պակասում է։

  • Ու ի՞նչ,— զարմացավ Հակոբյանը։— Այս խոհանոցում շատ բաներ են պակասում։

  • Չէ, պարոն քննիչ, էս դանակների հավաքածուն երեկ տղաներն էին գնել, ու ես հաստատ հիշում եմ, որ գիշերը վեցն էլ դրել էի իրենց տակդիրի մեջ։ Իսկ հիմա նայեք՝ դրանցից մեկը չկա։

  • Հա, տեսնում եմ։

Հակոբյանը մի քանի վայրկյան մտքերի մեջ ընկավ, ապա հարցրեց․

  • Էս հավաքածուն ո՞վ էր գնել։

  • Կոնկրետ չգիտեմ։ Արամն ու վարորդ Սաքոն էին գնացել առևտուր անելու։

Comments