1. Մոխրագույն Կատուն

Chapter 5

Chapter 5

Հաջորդ օրը, ինչպես և պլանավորվել էր, տեղի ունեցավ հավաքույթը։ Այն նեղ ընտանեկան էր, որին ներկա էին, իհարկե, տան տերն ու տիրուհին՝ Գագիկն ու Ռոզան, Գագիկի երեք դուստրերն ու փեսաները, թոռնուհին, հա, ու Ռոզայի գեր կատուն՝ Գրեյը։

Նրանց սպասարկում էր Փիրուզը։ Տանն էր նաև Սաքոն, որը, ճիշտ է, բոլորի հետ չէր նստել գլխավոր սեղանի շուրջ, բայց նրանց հետ հավասար կերուխում էր անում խոհանոցում։

Գագիկը նախապես բոլորին զգուշացրել էր, որ գիշերելու են իր տանը։ Նրա տան երկրորդ հարկում կար չորս ննջասենյակ, որոնցում էլ պետք է քնեին քեֆի բոլոր մասնակիցները։

Ուրախությունն արդեն ավարտվել էր։ Առավոտյան հինգն էր, դրսում դեռ մութ էր, երբ Անժելան արթնացրեց Սեդային։

  • Մամ, մամ, զուգարան եմ ուզում։

Սեդան վեր կացավ, հագավ գիշերազգեստն ու Անժելայի հետ իջավ առաջին հարկ, որտեղ իրար կողքի գտնվում էին բաղնիքն ու զուգարանը։ Սեդան բացեց բաղնիքի դուռն ու ճչալով հետ-հետ գնաց, ապա ընկավ հատակին։ Երեխան վախից թրջեց նույն հատակը։ Մի քանի վայրկյան անց Սեդան ուշքի եկավ, գրկեց Անժելային ու բարձրացավ երկրորդ հարկ՝ արթնացնելու մնացածին։

Բաղնիքում նա տեսել էր Ռոզային՝ դանակը սրտի մեջ խրված։

Աղմուկից արթնացան բոլորն ու իջան ներքև։ Վայը այդ պահին դրսում էր և, լսելով ձայները, միացավ մնացածին։ Ընտանիքի անդամներից ներկա չէր միայն Արամը։

Բոլորը շոկի մեջ էին։ Գագիկը քարացած նայում էր մահացած Ռոզային՝ այն կնոջը, ով իրեն տղա էր պարգևելու։ Սեդան, որ բոլորից շուտ էր տեսել սարսափելի տեսարանը, առաջինը ուշքի եկավ ու զանգեց ոստիկանություն։

  • Ոչ ոք չմտնի բաղնիք, մինչև ոստիկանները գան։ Պետք է ամեն ինչ իր տեղում մնա,— հորդորեց բոլորին Սերոբն ու փակեց Գագիկի ճանապարհը, որը ամեն կերպ փորձում էր ներս մտնել։— Շահինյան ջան, էլ բան չես կարող փոխել։

  • Արամին ինչ-որ մեկը տեսե՞լ է,— հուզված հարցրեց Աննան։

Կարծես միայն այդ պահին մնացածը նկատեցին, որ Արամը ներկա չէ։ Բոլորը բացասական պատասխան տվեցին։

Աննան զանգեց Արամին, միանգամից հայտնեց կատարվածը և, առանց նրա գտնվելու վայրի մասին հարցնելու, խնդրեց, որ շուտ տուն գա։

  • Վայ, իսկ դու ի՞նչ էիր անում դրսում,— անհանգիստ հարցրեց Վարդը։

Կարծես բոլոր կանայք իրենց ամուսիններին էին կասկածում սպանության մեջ։

  • Ես... ես ծխում էի դրսում։

Կմկմաց Վայը՝ հասկանալով, որ ինքը կասկածյալների մեջ առաջիններից է լինելու։

  • Էս բանն անողը նույն բախտին ա արժանանալու,— ասաց Գագիկն ու երկու ձեռքով փակեց դեմքը։

Ոստիկանները ժամանեցին։ Դատաբժշկական փորձագետի նախնական զննությունից պարզվեց, որ սպանությունը տեղի էր ունեցել մոտ ժամը երեքին, այսինքն՝ Ռոզայի դին հայտնաբերելուց մոտ երկու ժամ առաջ։ Սպանությունը կատարվել էր խոհանոցային հին ու բութ դանակով։ Դիակի վրա նախնական զննությամբ բռնության այլ հետքեր չէին հայտնաբերվել։

Սպանությունը քննում էր քննիչ Հակոբյանը։ Նա քառասունին մոտ, մազերը կիսով չափ թափված, միջին հասակի տղամարդ էր։ Քննիչը ծանոթացավ կատարվածին, ապա լուրջ տեսք ընդունելով ասաց․

  • Հիմա իմ հարցերին ինչքան կարող եք անկեղծ պատասխանեք։ Դեպքն այսպես թե այնպես բացահայտվելու է,— հպարտ ասաց քննիչը։— Հարցն այն է՝ որքան ժամանակում։ Մինչև բացական էլ գա, ուզում եմ սկսել ձեզանից, տիկին Սեդա՞։

  • Այո, Սեդա։

  • Ձեզ երեխան ասել էր, որ զուգարան է ուզում, այդպես չէ՞։

  • Հա, ինձ Անժելաս է արթնացրել, ու մենք միասին ենք իջել ներքև։

Վստահ պատասխանեց Սեդան։

  • Իսկ դուք ինչո՞ւ եք բացել բաղնիքի դուռը։ Ենթադրում եմ՝ շփոթել եք բաղնիքի ու զուգարանի դռները։ Ախր սրանք իրարից ոչնչով չեն տարբերվում։

  • Այո, պարոն քննիչ,— պատասխանեց Սեդան,— ես շփոթեցի դռները։ Մենք այդպես էլ զուգարան չմտանք։

  • Մի՞թե դուք ձեր հայրական տան դռները կշփոթեիք, տիկին Սեդա։

Սեդան խառնվեց իրար ու արդեն այդքան էլ վստահ չէր խոսում։

  • Դե, ես ութ տարի է՝ ամուսնացած եմ, իսկ վերջին մի քանի տարին ընդհանրապես էս տուն չեմ մտել։

  • Քննիչ Հակոբյան,— միջամտեց Սերոբը,— չեմ հասկանում, իմ կնոջն ե՞ք կասկածում։

Քննիչն ուղղեց ոստիկանական գլխարկն ու պատասխանեց։

  • Պարոն Սերոբ Սու, ես, իհարկե, հարգում եմ ձեզ, բայց պահանջում եմ ձեզանից ու բոլորիցդ, որ նույն հարգանքը իմ հանդեպ ցուցաբերեք ու չխանգարեք ինձ։ Հա, ես կասկածում եմ ձեր կնոջը, ու եթե նա է հայտնաբերել սպանվածին, դա դեռ չի նշանակում, որ նա անմեղ է։ Ես կասկածում եմ նաև բոլոր ներկաներիդ ու նրանց, ովքեր դեռ չեն եկել։ Այս պահին կասկածյալ չէ միայն ձեր աղջիկը։

Հակոբյանը մի պահ լռեց, ապա ավելացրեց․

  • Հուսով եմ՝ դեմ չեք, որ իրեն մի քանի հարց տամ։

Պատասխան չլսելով՝ քննիչը դարձավ Անժելային, որը վախվորած կանգնած էր մոր կողքին։

  • Դու երբ արթնացար, ինչ-որ ձայն կամ ուրիշ կասկածելի բան նկատե՞լ ես։

Քննիչն այնպես էր խոսում Անժելայի հետ, ասես իր դիմաց ոչ թե հինգ տարեկան երեխա էր, այլ հասուն մարդ։ Անժելան լուռ ներկաներին էր նայում։

  • Անժ,— ասաց Սեդան,— պատասխանի ոստիկանի հարցերին, որ շուտ տուն գնանք, լա՞վ։

  • Չէ, ոչ մի բան էլ չեմ նկատել,— վերջապես պատասխանեց նա։

  • Քեզ ինչ-որ մեկն արթնացրե՞լ է, թե՞ դու ինքդ ես արթնացել։

  • Ես եմ արթնացել,— պատասխանեց Անժելան։

  • Շատ լավ։ Իսկ երբ մտար զուգարան, մայրիկդ քո հետ ներս մտա՞վ։

Քննիչը ձեռքի ժեստով նշան արեց, որպեսզի ոչ ոք չհամարձակվի խոսել երեխայի փոխարեն։

  • Ես զուգարան չմտա։

Պատասխանեց երեխան ու սկսեց հուզվել։

  • Վերջ, շատ ապրես։ Եթե ինչ-որ կարևոր բան հիշես, ինձ կասես, լա՞վ։

  • Հակոբյան,— ասաց Գագիկը, որի ձայնն այնքան էր փոխվել, ասես ուրիշ մարդ լիներ,— միգուցե երեխային հանգիստ թողնես ու փնտրես իրական մեղավորներին։

  • Պարոն Շահինյան,— ասաց քննիչը՝ հազիվ զսպելով նյարդերը։ Իր դիմաց, վերջիվերջո, Գագիկ Շահինյանն էր։— Ես հասկանում եմ, որ ձեզ համար սա շատ մեծ կորուստ է, բայց ես իմ գործն եմ անում, իսկ ձեր միջամտությունները միայն կխանգարեն քննությանը։

Այդ պահին հյուրասենյակի դուռը բացվեց, ու ներս մտավ Արամը։ Աննան քայլեց դեպի դուռն ու գրկեց ամուսնուն։

  • Պարզ է, թե դուք ով եք։ Ինչպե՞ս ստացվեց, պարոն, որ ընտանիքի բոլոր անդամները պառկում են քնելու, իսկ երբ գիշերվա կեսին արթնանում են, իրենցից մեկը չկա։

  • Ես հիվանդանոցում էի,— պատասխանեց Արամը,— մայրս էր վատացել, ինձ զանգեցին, կանչեցին։

  • Ո՞նց, մամային ի՞նչ ա եղել, Արամ,— հարցրեց Աննան։

  • Անձնական խոսակցությունները՝ իմ գնալուց հետո,— քննիչի նյարդերն արդեն մոտ էին տեղի տալուն։

  • Արդեն ամեն ինչ կարգին է,— այնուամենայնիվ պատասխանեց Արամը։

  • Արամ, իսկ դուք ե՞րբ եք տանից դուրս եկել, կարող ե՞ք հիշել։

  • Դե՜, երեքն անց էր, կոնկրետ չեմ հիշում։ Կարող եմ նայել՝ ինձ երբ են զանգել։

  • Եթե կարելի է, ես ինքս նայեմ ձեր վերջին զանգերը։

Արամն իր հեռախոսը փոխանցեց Հակոբյանին։

  • Ձեզ ժամը երեքն անց տասնմեկին զանգահարել է Մոնիկան։

  • Հա, իմ քույրն է Մոնիկան։

  • Ես վստահ եմ, որ հիմա զանգեմ Մոնիկային, նա ոչ մի կասկածելի բան չի ասելու մեզ՝ անկախ նրանից դուք մեղավոր եք, թե ոչ։ Ըստ մեր մասնագետի՝ սպանությունը տեղի է ունեցել մոտ ժամը երեքին։ Այսինքն՝ եթե ենթադրենք, որ դա ճշգրիտ ժամ է, ուրեմն դուք սպանության պահին դեռ քնած եք եղել, իսկ երբ տնից դուրս եք եկել, սպանությունն արդեն կատարված էր։ Հետաքրքիր է՜։

  • Ես, երբ տնից դուրս էի գալիս, ոչ մի բան չեմ նկատել,— ասաց Արամը՝ կարծես հասկանալով, թե ինչ հարց էր տալու քննիչը։

  • Պարոն Արամ,— կասկածամտորեն ասաց քննիչը,— իսկ մի՞թե տանից դուրս գալիս ձեզ մոտ ցանկություն չի առաջացել գոնե լվացվել կամ թեկուզ օգտվել զուգարանից։

  • Ես զանգը ստանալուց անմիջապես հետո գնացել եմ մորս մոտ ու լվացվելու կամ ուրիշ բանի մասին մտածելու ժամանակ չեմ ունեցել։

Մի փոքր ագրեսիվ տոնով պատասխանեց Արամը։

  • Ձեր մայրը ո՞ր հիվանդանոց է տեղափոխվել։

  • Հանրապետական։

Հակոբյանն իր օգնականին հանձնարարեց ճշտել Արամի ասածները։

  • Պարոն Շահինյան, ձեր առանձնատան տեսախցիկների ձայնագրություններն են ինձ պետք, որպեսզի հասկանանք՝ արդյոք ուրիշ մարդ մուտք գործե՞լ է տուն։

  • Իմ տանը երկու տարի մարդ չի ապրել,— ասաց Գագիկը,— տեսախցիկներն անջատված էին։ Ես դեռ չէի հասցրել դրանք միացնել։

  • Այ սա հեչ լավ չէր։ Մոտակայքում էլ, ինչքան գիտեմ, տեսախցիկներ չկան։ Բայց հավատացեք՝ դա չի փրկելու հանցագործին։ Դանակի վրա մատնահետքեր են հայտնաբերվել։

Մատնահետքերի մասին լուրը լսելով՝ բոլորը սկսեցին իրար մեջ փսփսալ ու դադարեցին միայն այն ժամանակ, երբ քննիչը կրկին խոսեց՝ այս անգամ Վայի հետ։

  • Ձեզ ինչպե՞ս կարող եմ դիմել։

  • Վայ կարաս դիմես, նաչալնիկ ջան։

  • Վայ, երբ դիակը հայտնաբերվել է, դուք բակում եք եղել, այդպես չէ՞։

  • Հա, ցավդ տանեմ, քունս չէր տանում, ասացի՝ իջնեմ մի հատ ծխեմ։

Հակոբյանին ակնհայտորեն դուր չեկավ «ցավդ տանեմ»-ը, բայց նա շարունակեց։

  • Իսկ ինչքա՞ն ժամանակ էր, որ դուք իջել էիք ներքև։

  • Դե մի տաս րոպե էլի, քարը պայթի։

  • Իսկ ի՞նչ եք կարծում, երեխան կարո՞ղ էր ձեր ոտնաձայներից արթնանալ։

  • Դժվար, պարոն քննիչ,— Վայը մի պահ մտածկոտ դեմք ընդունեց,— վռոձի իմ համար խախանդ իջել եմ։

  • Լավ։ Մենք պետք է վերցնենք ձեր բոլորի մատնահետքերը և հասկանանք, թե ուր է անհետացել Ռոզայի հեռախոսը։ Նրա կատարած վերջին զանգերն ու հաղորդագրությունները կարող են օգնել մեզ։ Ձեր տան աշխատակցուհու և վարորդի հետ էլ առավոտյան կխոսենք։

Քննիչը մի պահ լռեց, ապա շարունակեց։

  • Հիմա վերջին հարցը։ Ռոզայի հետ այս երկու օրվա ընթացքում ինչ-որ մեկը կոնֆլիկտ ունեցե՞լ է։

Վարդուհին առաջինը խոսեց։

  • Մեր միջից՝ չէ։ Ռոզան շատ քաղաքավարի էր բոլորիս հետ, մենք էլ՝ փոխադարձ։ Բայց երեկ, երբ խոհանոցում էինք, նրա մոխրագույն կատուն ներս մտավ ու ուզում էր սեղանից բան թռցներ։ Հիշում ես չէ՞, Ան։

  • Հա, ոնց չեմ հիշում,— պատասխանեց Աննան ու շարունակեց քրոջ պատմությունը։— Փիրուզը ոտքով խփեց կատվին, ու հենց էդ պահին Ռոզան ներս մտավ ու ամենավերջին բառերով վիրավորեց Փիրուզին։

  • Իսկ Փիրո՞ւզը,— հարցրեց քննիչը։

  • Փիրուզը ձայն չհանեց,— ասաց Վարդը,— ինքը շատ խելոք կնիկ ա։

  • Էդ դեռ կպարզենք՝ խելոք ա, թե մարմանդ գետ։

  • Ժողովուրդ, ես Փիրուզի ձայնը կյանքում չեմ լսել,— ասաց Արամը։— Չէ, լուրջ եմ ասում, ինքը ընդհանրապես խոսո՞ւմ ա, թե չէ։

  • Ես մի քանի անգամ լսել եմ, Արամ ջան,— ասաց Սերոբը,— դու նոր փեսա ես ուղղակի։

  • Փիրուզը ամենավերջին մարդն ա, ում ես կասկածում եմ,— ասաց Գագիկը։— Ճիշտ է՝ իր մոտ կար տան բանալին, բայց Ռոզայի մահից ինքը ոչ մի օգուտ չուներ։

Ներկաներն այս խոսքերից զգաստացան ու սկսեցին իրար երես նայել։

  • Իսկ ո՞ւր է Ռոզայի մոխրագույն կատուն։

Հարցրեց քննիչը՝ ասես չէր էլ լսել Գագիկի վերջին խոսքերը։

Comments