1. Մոխրագույն Կատուն

Chapter 4

Chapter 4

Հաջորդ օրը վաղ առավոտյան Աննան համոզեց ու քնից հանեց Արամին, որ գնան Գագիկի տուն։

  • Արի շուտ գնանք, վաղվա քեֆի համար շատ օգնելու բան կլինի, համ էլ մեր հարսի հետ նոռմալ կծանոթանանք։

Աննան, ինչքան էլ արդեն հասցրել էր ատել Ռոզային, հասկանում էր, որ չարժե նրա հետ վատ հարաբերություններ ունենալ։

  • Մարդ շաբաթ-կիրակի էլ իրավունք չունի քնելու։

  • Հագի, Արամս, ժամանակ չկա։

  • Լսի, ոչ մի ձև ցույց չտաս, որ մենք դժգոհ ենք Ռոզայի պահով։

Ասաց Աննան, երբ նրանք արդեն ճանապարհին էին։

  • Էդ ի՞նձ ես ասում։ Երեկ քրոջդ տանը ես էի՞ բոլորի մոտ բարձր ասում, որ Ռոզան պռոբլեմ ա բոլորիս համար։

Աննան լռեց, իսկ Արամը շարունակեց։

  • Էդ քո ասածը ես չեմ զարմանա, որ արդեն Գագիկ ձյային հասած լինի։

  • Ճիշտ ես, ավելորդ էր դա։

  • Ան, մենք հիմա պետք ա չեզոք դիրք ունենանք, մինչև հասկանանք՝ Սերոբը ինչ ա ուզում մոգոնել։

Երբ հասան, Գագիկի տան դիմացի նստարանին հանդիպեցին մի տղամարդու։ Հագի սպիտակ վերնաշապիկն ու սև տաբատը նրան պաշտոնական տեսք էին տալիս։ Նա, տեսնելով Աննային ու Արամին, իսկույն ոտքի կանգնեց։

  • Здравствуйте։

  • Դուք երևի պապայի՜...

Աննան հատուկ երկարացրեց խոսքը, որ տղամարդն ինքը ներկայանար։

  • Ես պարոն Շահինյանի водитель-ն եմ, Սաքո է անունս։

  • Ռուսաստանից եք, հա՞, երևի,— նկատեց Աննան։

  • Հա, մենք միասին ենք Մոսկվայից եկել։

  • Հաճելի էր, Սաքո ջան, մենք դեռ կշփվենք,— ասաց Արամն ու սեղմեց դռան զանգը։

Դուռը բացեց Փիրուզը ու սիրալիր ներս հրավիրեց ամուսիններին։

Այդ ժամանակ Գագիկը՝ իրենից ավելի շուտ եկած Վարդի ու Վայի հետ, տան հետնամասի բակում էր։

  • Տենց, աներ ջան, էն օրվանից, ինչ մեր խանութի կողը Սիթի բացեցին, գործերներս թարս գնացին։ Սաղ սկսեցին Սիթիից առևտուր անել։ Իսկ էն ժամանակ, որ էդ դու էիր աշխատացնում, ո՞վ դուխ կաներ աներոջս խանութի մոտ ուրիշ խանութ բացեր։

  • Վայ, քո կարծիքով իմ ժամանակ Սիթի կամ ուրիշ սուպերմարկետ իմ խանութի մոտակայքում չէին բացում, որովհետև ես Գագիկ Շահինյանն ե՞մ։

  • Բա էլ ինչի՞ համար, ցավդ տանեմ։

  • Նրա համար, որ բոլորը գիտեին՝ ինչ խանութ էլ բացեն իմի կողքին, շահույթ չեն ստանալու։

Այդ պահին բացվեց տան դուռը, ու բակ մտան Աննան ու Արամը։

Նրանց դեմքի արտահայտությունները միանգամից փոխվեցին, երբ տեսան Վարդին ու Վային։ Արամի դեպքում ամեն ինչ պարզ էր․ նրան տհաճ էր տեսնել Վային նախորդ օրվա խոսակցությունից հետո։ Իսկ Աննան կարծում էր, որ քույրերից առաջինն է եկել հոր տուն՝ վաղվա քեֆի պատրաստության համար օգնություն առաջարկելու։

Բայց և այնպես Աննան ու ամուսինը սովորականի պես բարևեցին բոլորին։

  • Էս բա մեր Ռոզան որտե՞ղ է։

Հետաքրքրվեց Աննան։ Նա գրեթե վստահ էր, որ Ռոզան քնած է, բայց հատուկ հարցրեց։

  • Քնած է,— անտարբեր պատասխանեց Գագիկը,— հղի կին է, թող քնի էլի։

  • Կնիկ, էս կարող ա՞ դու հղի չես։

Կատակեց Վայը, որի կատակի վրա միայն ինքն էլ ծիծաղեց։

  • Լավ, ժողովուրդ,— խոսեց Գագիկը,— եկեք անցնենք գործի։ Աղջիկներ, դուք կօգնեք Փիրուզին խոհանոցային գործերում։ Վայ, դու էլ կմնաս տանը, որ ծանր գործերը միասին անենք։

  • Ոնց ասի աներս։

  • Արամ ջան, դու էլ Սաքոյի հետ կգնաս առևտուրի։ Սաքոն իմ վարորդն է ու լավ օգնականը, հիմա կանչեմ՝ ծանոթացնեմ։

  • Կարիք չկա, մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ։

  • Դե, ավելի լավ։

  • Պապ ջան, բա Սեդայենց գործի չե՞նք դնելու։

Հարցրեց Վարդը։

  • Խմիչքն ու միսը Սերոբի վրա են՝ իր խանութներից են բերելու։ Սեդային գործի դնելն էլ թողնում եմ ձեր վրա։

Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց Սեդային գործի դնել, քանի որ միսթր և միսիս Սուն, ինչպես նրանց հաճախ անվանում էին ընկերները, ժամանեցին երեկոյան, երբ ամբողջ գործն արդեն արված էր։ Նրանք մեքենայով ներս էին մտնում տան բակ տանող դարպասից, երբ հանդիպեցին Վարդին ու Աննային՝ իրենց ամուսինների հետ։ Նրանք արդեն հեռանում էին Գագիկի տնից։

  • Ապե, էնքան չեկաք, մինչև մենք գնացինք։

Ասաց Վայը՝ տեսնելով Սուերին։

  • Լսեք, էնքան խառն էինք, հիմա որ պատմեմ՝ մի ժամ էստեղից տեղ չենք գնա։

Ծիծաղելով պատասխանեց Սեդան։

  • Մենք չենք շտապում, Սեդ ջան։

Կատակեց Վարդը։

  • Էս միասի՞ն եք գնում։

Խոսքը փոխեց Սերոբը։

Նախորդ օրվա Վայի ու Արամի ոչ այնքան հաճելի խոսակցությունից հետո Վայն ու Վարդը տաքսիով էին տուն գնացել։

  • Հա, ցավդ տանեմ,— արագ պատասխանեց Վայը,— Արամ ախպոր հետ սաղ տոշնի ա։

  • Դե լավ ա, շատ լավ ա,— իրենից գոհ ասաց Սերոբը։— Մինչ վաղը, ուրեմն։

Սերոբը աչքով արեց Արամին ու մտավ բակ։

Comments