1. Մոխրագույն Կատուն

Chapter 2

Chapter 2

Գագիկն առավոտյան մերժեց իրեն դիմավորելու Սերոբի առաջարկն ու ասաց, որ բոլորի հետ կհանդիպի իր տանը՝ երեկոյան իննին։ Նաև խնդրեց, որ տան բանալիները տան իր նախկին աշխատող Փիրուզին, որպեսզի մինչև իր հասնելը ամեն ինչ մաքուր ու պատրաստ լինի։

Օրվա ընթացքում Արամը զանգ ստացավ Վայից։

  • Ապե, բարի օր։

  • Բարև, Վայ ջան, ո՞նց ես։

  • Ոնց եմ, բա ինչ եմ։ Ախպերս, էսօր քանիսի՞ն եք գնալու։ Միանգամից ինձ ու Վարդին էլ վեկալեք։

Արամը զարմացավ։

  • Այսինքն՝ չհասկացա, ո՞ւր ենք գնալու։

  • Ոնց, ընգեր, դու խաբար չե՞ս։ Աներդ ա գալիս էսօր իրիկուն։

  • Գագի՞կն ա գալիս։

  • Խի, դու ուրիշ աներ էլ ունե՞ս,— ծիծաղեց Վայը։— Լավ, ապե, դու նայի՝ ինչ ես անում, ինձ զանգի։ Էսօր իննին պտի ըլնենք ընդեղ։

Վայն անջատեց հեռախոսը, իսկ Արամը դուրս եկավ աշխատասենյակից ու շտապեց կնոջ՝ Աննայի մոտ՝ հայտնելու նրան անսպասելի լուրը։ Աննան էլ այդ նորությունը լսելուց անմիջապես հետո զանգեց Սեդային։

  • Սեդ, պապան ա՞ գալիս էսօր։

  • Հա, լսի, գիշերը զանգել էի՝ ասեի, չպատասխանեցիր։

Հանգիստ տոնով պատասխանեց Սեդան՝ հասկանալով, որ քույրը կռվելու միտք ունի։

  • Սեդ ջան, քնած եմ եղե, կարայիր չէ՞ մի հատ էլ առավոտյան զանգեիր։ Ասենք թե մի վատ բան էր պատահել, որ չէի պատասխանում։

Սեդան նույն հանգիստ տոնով պատասխանեց։

  • Ան ջան, բա դու, որ տեսար՝ զանգել եմ, չմտածեցի՞ր, որ կարող ա մի վատ բան ա եղե, ու առավոտ հետ զանգեիր։

Աննան հասկացավ, որ Սեդայի հետ վիճելն անիմաստ է, ու ասաց․

  • Լավ, Սեդ, կարևորը լավ նորությունով էիր զանգել։ Հիմա մի քիչ խառն եմ, ուշոտ կզանգեմ՝ կխոսենք։

Երեկոյան Արամն ու Աննան, ինչպես պայմանավորվել էին, Արամի մեքենայով գնացին Վարդին ու Վային վերցնելու, ապա շարժվեցին Գագիկի տուն։ Ճանապարհին Վարդը զանգ ստացավ։ Սեդան էր։

  • Հասե՞լ եք, Վարդ։

  • Չէ, Սեդ ջան, հասնում ենք։ Աննայենք էլ են մեր հետ։ Դուք որտե՞ղ եք։

  • Մենք համարյա հասանք։ Դե եկեք, որ միասին բարձրանանք։

Ուղիղ ժամը իննին Գագիկի տան դիմաց կանգնած էին նրա երեք աղջիկներն ու փեսաները, ինչպես նաև թոռնուհին՝ փոքրիկ Անժելան։ Դուռը բացեց մի կին, ում շատերն իսկույն ճանաչեցին։ Փիրուզն էր՝ Գագիկի տան նախկին աշխատողը, որը մինչև Գագիկի Մոսկվա մեկնելը երկար տարիներ աշխատել էր այդ տանը։

  • Փիրո՞ւզ, էս պապան դեռ չեկած՝ դու արդեն գործի ե՞ս եկել։

Հարցրեց Վարդը։

Փիրուզը չհասցրեց բերանը բացել, երբ Սեդան նրա փոխարեն պատասխանեց։

  • Հա, մենք ենք էսօր Փիրուզին բանալիները տվել, որ գար՝ տունը մաքրեր։

  • Լավ, եկեք ներս մտնենք, ժողովուրդ,— ասաց Արամը։— Փիրուզի հարցը հետո կքննարկենք։

Փիրուզը մի կողմ քաշվեց, ու բոլորը, հետևելով Արամին, ներս մտան։ Գագիկի առանձնատունը, ինչպես միշտ, շքեղ էր։ Այս երկու տարիների ընթացքում տունն իր փայլը չէր կորցրել և դեռ իր շքեղությամբ կարող էր հիացնել բոլորին։

Մինչև հյուրասենյակ հասնելը Սերոբ Սուն ու Սեդան առաջ անցան Արամից ու Աննայից։

  • Պապայիս առաջինը ես եմ բարևելու։

Ոգևորված ասաց Սեդան ու մտավ հյուրասենյակ, որտեղ նրա դեմքի ժպիտը միանգամից անհետացավ։

Մի պահ Սեդան քարացած նայեց սեղանի կողմը, ապա դեմքին կրկին հայտնվեց արհեստական ժպիտը, ու նա վազեց Գագիկին գրկելու։

Այդպես բոլորը, բացի Անժելայից, ներս մտնելուն պես մի պահ քարանում էին ու միայն հետո շարժվում դեպի Գագիկը՝ նրան գրկելու։

Դրա պատճառը նրա կողքին նստած կինն էր, որի տեսքից ու նստելաձևից պարզ էր, որ նա հաստատ սովորական հյուր չէր։ Մոտ երեսունհինգ տարեկան, շիկահեր, մեծ աչքերով ու գեղեցիկ կին էր։ Թեև նստած էր, միանգամից երևում էր, որ բավականին բարձրահասակ է։ Մինչ հյուրերը ներս էին մտնում, նա նույնիսկ նրանց չէր նայում։ Ամբողջ ուշադրությունը գրկում նստած գեր մոխրագույն կատվի վրա էր, որի հետ կարծես ինչ-որ բան էր խոսում։

Գագիկը բոլորին բարևելուց հետո վերջապես ներկայացրեց կնոջը։

  • Ուզում եմ ձեզ ծանոթացնեմ Ռոզայի հետ։

Ռոզան ոտքի կանգնեց՝ ցուցադրելով իր ողջ հասակը, ու գեղեցիկ ժպտաց բոլորին։ Կարծես նրա հետ միասին գրկի մոխրագույն կատուն էլ էր ժպտում հյուրերին։

  • Ռոզան իմ կինն է։ Ճիշտ է՝ մենք օրենքով ամուսնացած չենք, բայց մոտ մեկ տարի է՝ միասին ենք ապրում։ Ուզում եմ՝ նրան սիրեք ու ընդունեք որպես ձեր ընկեր։ Դե, մայր չեմ ասում, որովհետև ձեր հասակակիցն է։

Գագիկը ծիծաղեց իր ասածի վրա, սակայն նրա հետ միայն Անժելան ծիծաղեց։ Մնացածը քարացած լսում էին։

  • Հա, ու ամենակարևորը՝ նա ինձ վերջապես տղա է պարգևելու։ Դրա համար եմ հետ եկել Հայաստան, որ տղես էստեղի միջավայրում ծնվի ու մեծանա։

Այդ խոսքերի վրա Վայը սկսեց ուժեղ հազալ։

  • Վայ ջան, քեզ ի՞նչ եղավ։

  • Ծխելուց ա, ցավդ տանեմ, հեսա կանցնի, աներ ջան։

Պատասխանեց Վայը՝ շարունակելով հազալ։

  • Հա, պապ ջան,— ավելացրեց Վարդը,— ամբողջ օրն էս վիճակն է։

Մոտ հինգ վայրկյան լռություն տիրեց։ Առաջինը լռությունը խախտեց Սերոբը՝ ձեռքը մեկնելով Գագիկին։

  • Շնորհավոր, Շահինյան ջան։ Տառոսը ինձ։

Կանայք մոտեցան Ռոզային՝ ծանոթանալու, իսկ տղամարդիկ շարունակում էին շնորհավորել Գագիկին։ Փիրուզը սուրճ պատրաստեց հյուրերի համար, ու մոտ մեկ ժամ զրուցելուց հետո նրանք որոշեցին գնալ, որպեսզի Գագիկն ու Ռոզան երկար ճանապարհից հետո հանգստանան։

  • Վաղը չէ մյուս օրը բոլորիդ սպասում եմ մեր տանը։ Լավ քեֆ ենք անելու։

  • Անպայման, պապ ջան,— ասաց Աննան։— Դե, մենք գնացինք։

Երբ տնից դուրս էին գալիս, դռան շեմին Սերոբը մոտեցավ Արամին ու ականջին ասաց․

  • Կքշես մեր տուն։

Շարունակելի...

Comments