1. Լքված Տան Առավոտը. Միքայել Ժամհարյան

Chapter 3

ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ԱՌԱՋ

Եվ երկար ճանապարհից առաջ ես ասացի՝
ինձանից հետո իմ որդիները միայն հաղթելու են,
և սրբազան պահը իմ արյունն է ողողելու:
Եվ ես ասացի՝
կարոտը դառնում է անտանելի,
երբ որդիները հնազանդ են թափված արյան համար.
գուցե խելագարության աղաղակները
լսվում են արդեն հեռավոր ճանապարհներին,
գուցե ոչինչ այնպես չի մոտենալու իմ արյանը,
սակայն ամեն օր դու արցունքոտ կհիշես,
որ հոգնած թևերով ես չկարողացա պահպանել զավակներիս,
որ հեռացա,
հեռացա վաղուց անցած խմբերի հետ:
Նրանք սիրում են հարբել իմ ընկերների հետ,
որոնք պատմելու բան չեն ունենա,
որ անփույթ շարժումից սայթաքեն -
չգիտեմ արդեն որտեղ,
չգիտեմ արդեն ինչու:
Ձեր խմբերի մեջ ես եղա միակ օտարականը…
Իսկ դու արցունքոտ կհավատաս,
որ թևերս,
հոգնել են թևերս:
Երբևէ լինելու են իմ մտերմությունը, ցավը և տանող ուժը
աննշան բացվող մշուշի տխուր ուրվականները:
Այսպես փլուզվում են գմբեթները
քո երևակայության մեջ:
Զավակներդ եկան-տեսան.
հոգու փրկության համար աղոթում են:
Ահա իմ բարի խոսքը,
ահա և ձեր տեսածը,
բայց ինչ էլ պատահի, դու գիտես,
դու գիտե՞ս՝ հոգնել են թևերս,
թևերս - պահպանելուց այս տարօրինակ անառակությունը,
որ բոլորը տեսնելու են միայն վերադարձից հետո,
որ միայն քեզ համար է:
Եվ երբ բոլորը տեսնեն, որ քոնն է,
ես կմնամ, կմնամ գիշերով խելագարվելու
փլուզվող գմբեթների շուրջ:
Եթե ուշ լինի, դու մի՛ տխրիր,
շուտով ուրիշ խմբեր են գալու հրաժարվող շարժումներով,
և անամոթ խոսքեր կասեն,
բայց հավատա՝
ես նրանց հետ չեմ լինի մերձիմահ:
Իսկ թե ինչ կասեն այս գիշեր ինձ ետ բերող բարի մարդիկ,
ես կլռեմ հանուն զավակներիս:
Արդեն վաղուց է՝ արև չի ծագում աշխարհում,
որովհետև ոչ ոք չի հավատում իմ խոսքերին:
Եվ ճանապարհից առաջ ես ասացի՝
ամուր, ավելի ամո՛ւր կանգնիր
ծանոթ գտնելու հույսով,
որն իր երազանքը համարում է քեզ հանդիպելը:
Եվ ես ասացի՝
քանի դեռ հեռու եմ, մոտ չեմ, օտարական եմ,
մի՛ ասա, թե ահա, ահա այս է,
այս է մարդու որդին,
որ իրենից հետո հասցրեց զավակներ թողնել,
ուրեմն հույսը մեծ է, մեծ է աշխարհը:
Եվ ոչ ոք չի իմանա այդ մասին,
և ոչ ոք այդ մասին չի հիշեցնելու ամեն օր,
որովհետև շուտով գալու է միակը սպասողների մեջ,
որ երջանիկ է այս օրերով,
որ այս օրերին չի հանդիպելու
օտարականների անտարբեր խմբերի:
Լռությունը այսուհետև կլինի մեծ —
ինձ համար, որ միակը եղա,
և քեզ համար, որ… կորցրիր:

Comments