1. Լքված Տան Առավոտը. Միքայել Ժամհարյան

Chapter 2

ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԱՅՆԻ ԵՎ ՀԱՎԱՏԻ

Չհասկացված մարդու սերն է այսօր պետք.
վերցրո՛ւ… ու մի՛ տրտնջա:
Կյանքդ թեթևացնող ձայնով ափսոսա ձեռքերս ընդառաջ պարզած
և հարազատներիս կարոտելու համար մի՛ տար ինձ օտարություն,
որովհետև ես ունեմ այն, ինչ տրվում է անհույս:
Հո՛ւյս տուր -
կարողանամ օծվել զվարթ խեղկատակներից,
կարողանամ վերադարձնել անփույթ օրերիս հմայքը,
որ պարգևն է քո ամենամեծ:
Շուրթերս թող չբացվեն սրտի խոսքով,
թող ինձ սպասեն ոչինչ չթաքցնող գուշակները:
Ե՛լ, ճամփո՛րդ, կեսօրին հնազանդ,
որ ավագ խորհուրդն է քո:
Մի՛ մոռանա հարազատներիդ սերը,
մի մոռանա ինձ նրանցից դուրս:
Արտասվի՛ր երջանկության համար՝ բացվող դռների մոտ
և հավատա՝ ես սկսում եմ ծնվել,
երբ ոչ մի ձեռք չի տատանվում հանուն սիրո:
Միայն գեղեցիկ ափեր է ունեցել իմ սիրտը,
երբ արյուն է ծածանել կամքը քո։
Դո՛ւրս ել, այս ամենի համար մի վերջին անգամ ծնկաչոք,
և հորիզոնը պահպանիր որպես նշան՝
մոտալուտ ու աղմկարար ջրերի։
Տո՛ւր հոգսը նրանց – անդարձի սարսափով։
Չի դառնում այն, ինչ շնորհված է հետայսու և միշտ։
Այս ափե՜րը հուսո… որտեղ նստեցի մի օր,
և իմ կյանքը հեռացավ ողբաձայն։
Ես նրանց ձոնեցի ձեռքերս - խուռներամ թռչուններով
և ապավինեցի բարեբեր ժամանակներին,
որտեղից խոսքն իմ – մշուշներին հարազատ
և արցունքս – ետ շրշվելուց առաջ արժանացան կյանքի։
Վա՛ռ պահիր հույսդ
և անսա՛ ինձ։
Ես չեմ կարող լսել այս լեռան բարձրության մասին առանց կախարդանքի,
համոզի՛ր ելնեմ բարձրությունը, համոզի՛ր.
գուցե օրերն են վերադարձել,
գուցե չկամ օրերի մեջ,
սակայն իմաստը միշտ մնում է փակ սրտի պես:
Թո՛ւյլ տուր՝ ապրեմ այս բարձրության այլայլումով.
այսպես կարող եմ և չմեռնել,
որովհետև չհասկացված մարդու սերն է այսօր պետք:
Ահա և ձայնը լսված -
ամենի պես ի՜նչ շուտ իջավ եղեգներին ողջակիզվող,
տա՛ր բոցերդ, չգանգատվեմ կուրությունից,
տո՛ւր բոցերդ – քեզ չմնան։
Եղեգների վրա արևները մայր են մտնամ սիրո նման
և չեն բերում հպումը տրված սրտի։
Կա մի վայր, որտեղ ծերանում են ափսոսանքով,
Ես օտար եմ քո վայրերին հիմա և ընդմիշտ:
Վա՛ռ պահիր հույսդ
և անսա՛ ինձ,
որ երբ հեռանամ — հրաշք լինի սիրտս:
Հրաշք-հրաշք, պարզեմ ձեռքերս ոչնչի համար և ամեն ինչի:
Եվ ամեն ինչի վայրը անվանեմ քո անունով:
Ես հավատում եմ ձայնին
մութի մեջ խորացող մարդկային նշաններից:
Ո՜վ կանչեց հավասարությամբ միայնակի,
Ո՜վ տեսավ լուռ արտասվողին:
Եկել է մեկը գիշերով և նշմարում է գարդերը քեզ համար:
Բայց չէ՞ որ մարդկային նշաններով առեղծված էլ կա —
անկյունից անկյուն լցվող մութի:
Թող ինձ, օրերը ես տեսնում եմ ճանապարհների օրհնությամբ բարի,
Եկ՝ վերջին ու դատարկ զարդերդ թողնելու -
ի՜նչ դժվար է լինել երկուսով,
ի՜նչ դժվար է լինել ընդդեմ կամքի:
Հիշողությունը օտարացնում է երկուսին,
որովհետև պահը մեծ է քեզ լքելու համար:
Թող ինձ, այսպես մոտենում են ճակատագրի խոստումներին,
այսպես չեն հավատում:
Մութի առեղծված կա՞…
Ես չգիտեմ՝ հիմա ո՞վ է մնացել հատուկենտ զարդերով,
որովհետև առեղծվածն ունի սովորական պատկեր,
որ նվիրում են միայնակներին:
Սակայն այս մութը ձեր հաղթանակն էր, հավատացե՛ք,
ձայնը հասնում է միայն օգնությամբ,
եթե պահը մեծ է մնացածի համար:
Սակայն ես միայնակ եմ,
սակայն ես կատարյալ եմ, երբ ազգությունս որոշում են մի հայացքից:
Բացե՛ք դռները ցնծության բացականչություններով,
և կլինեմ ձերը, անծանո՛թ նվիրյալներ:
Ձեզ համար երգելով բարձրանում եմ:
Ահա ինչու խորհուրդը միակն է վտանգից խուսափողի համար:
Մի՛ շրջեք ինձ ավերակները պատմողի,
մի՛ կարոտեք լքած համերաշխությանը:
Այսպես հեռուներից գալիս են հրոսակներն արևելքի
և քեզ շրջում են խորհրդավոր ու անպատմելի:
Վերջապես կանգ է առնում տարօրինակ այս բարձրացողը,
երբ փակ աչքերով երազում է:
Անմահներից առաջ ես եմ իջել հողին -
դարձրե՛ք ինձ սովորական,
որովհետև ես կատարյալ եմ, երբ ոչ ոք չունի սպասելու մի կիրք
ոչ ոք չի տառապում ավելորդ ձգտումներից:
Անքնության պես ինձ բուժում է ազգությունս,
ապրեցե՛ք ինձանից հետո
և ամեն քայլիս համար մի կյանք թողեք-ինձ պատասխանատու:
Ես գնում եմ անկարելի տրորված հասկերի միջով,
և մարմինս թաց է նորելուկի նման:
Մի բուռ հողի համար ես կատարյալ եմ -
պահպանեցե՛ք ինձ ձեր հիվանդության համար:
Ոչ ոք դեռևս չի մահացել գուշակություններից —
վաղվա մեղքի դիմաց խոնարհ նստած մայրերի
և ամեն մի քայլի ծանրության համար:
Ինչն է դարձել երկունք պատահական,
որ մեր ցանկությունները եղան օտար իրար
և հեռանում ենք անհայտ ճամփաների տենչով:
Բա՛ց գաղտնիքդ, եկվո՛ր,
չտեսնեմ քեզ ծանրության պես նեղող ճիչերի մեջ:
Ես սովոր եմ արթնանալ, երբ դուռս են ծեծում.
այդ պահին ձեռքերս զգում են սրբությունը հիշատակի,
այդ պահին բոլորն էլ մնում են դեմ դիմաց:
Անտարբերությունը փրկեք եզակի այն օրերի,
երբ ձեր սերը էլ պետք չէ չհասկացված մարդուն:
Բա՛ց գաղտնիքդ, եկվո՛ր,
ես կքայլեմ մինչև աշխարհի ծայրը
և կյանքս կտամ հիացմունքից:

Comments