Chapter 1
ՎԵՐԱՑԱԿԱՆԻ ՈՐՈՇԱԿԻԱՑՈՒՄ
Գրական երկի պոետիկայի ձևերը փոփոխական են, բայց պատահական չէ, որ յուրաքանչյուր նոր շրջադարձ արտացոլում է մշակութային գիտակցության նոր հնարավորություններ, որոնք է՛լ ավելի բազմազան են դարձնում գրականության ընթացքի առանձնահատկությունները:
Մետաֆիզիկական պոեզիա հասկացությունը կիրառելի եղավ արևմուտքում դեռևս 1920-ականների սկզբին, չնայած այդպիսի պոեզիայի առկայությունը տեսանելի է դեռևս միջնադարում: Պոետիկայի այս ձևը ստեղծում է հավասարակշռությունը աշխարհիկի և հոգևորի միջև, այնուամենայնիվ՝ հոգևոր ասելով չպետք է սոսկ նկատի ունենալ կրոնական հիմքերը: Հայ իրականության մեջ մշակութային գիտակցությունը երկար տարիներ մեկուսացված է եղել և պարփակվել է եկեղեցու շուրջ: Հոգևոր ծարավը խորացել էր նաև խորհրդային տարիներին, քանզի ընդհատված էր նաև աշխարհի հետ երկխոսությունը: Այս իրավիճակում բանաստեղծության լեզուն, հատկապես 20-րդ դարի վերջում, պահանջարկ ուներ նորոգվելու: Տիեզերքի անկշռելիության մեջ զբոսնող մարդու համար հարկավոր էր մի լեզու, որը երկրինը կհասցներ երկինք, երկնքինը՝ երկիր: Եվ արդեն 1970-80 ական թվականներին հայ գրականության մեջ խորապես արմատավորվեց մետաֆիզիկական ոճի պոեզիան, որի հետաքրքիր ներկայացուցիչներից է Միքայել Ժամհարյանը:
Միքայել Ժամհարյանի «Լքված տան առավոտը» գիրքը հոգևոր լիցքի աղբյուր է, և կարևոր է երևույթի ըմբռնելիությունը, որն անգամ կարող է լինել ոչ կատարյալ: Այսինքն մետաֆորի ու տողի կատարելությանը փոխարինելու է գալիս հասկանալիությունը:
Բանաստեղծի ընկալումների հիմքում ընկած է այնպիսի գեղագիտություն, ինչպիսին մարդկային կենսափորձի ոլորտն է, որն ընդլայնվում է պոեզիայի միջոցով. մարդու մտաշխարհը կատարյալ է...
Արտասվի՛ր երջանկության համար՝ բացվող դռների մոտ
եւ հավատա՝ ես սկսում եմ ծնվել,
երբ ոչ մի ձեռք չի տատանվում հանուն սիրո:
Միայն գեղեցիկ ափեր է ունեցել իմ սիրտը,
երբ արյուն է ծածանել կամքը քո։
Դո՛ւրս ել, այս ամենի համար մի վերջին անգամ ծնկաչոք,
եւ հորիզոնը պահպանիր որպես նշան-
մոտալուտ ու աղմկարար ջրերի։
Տո՛ւր հոգսը նրանց – անդարձի սարսափով։
Չի դառնում այն, ինչ շնորհված է հետայսու եւ միշտ։
«Մետաֆիզիկական ոճ» հասկացությունը կարելի է ավելի ճշգրիտ համարել, քանզի այս կերպ բանաստեղծն ավելի մանրամասն կերպով է անդրադառնում իրականության բովանդակությանը: Բանաստեղծություններից դուրս են մղվում պոեզիայի համար գրավիչ գաղափարների պոռթկումները, որոնք պոեզիայի ընթացքին հաղորդում են անզուսպ անմիջականություն:
«Մետաֆիզիկական պոեզիա» տերմինի մեկնաբանությունը անմիջականորեն կապված է գոյության բարձրագույն պատճառների հետ: Նման կերպ մետաֆիզիկական պոեզիայի հետ առնչություններ կարելի է տեսնել Տիտոս Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմում, Նարեկացու «Մատյանում», Դանթեի «Աստվածային կատակերգությունում», Գյոթեի «Ֆաուստում» և այլն: Նման կերպ Միքայել Ժամհարյանի պոեզիայում մետաֆիզիկականի և փիլիսոփայականի սահմանը ջնջվում է. մետաֆիզիկական պոեզիան լայն իմաստով այն պոեզիան է, որը ոգեշնչված է տիեզերական գաղափարի փիլիսոփայությունից, ուր մարդկային ոգուն վերապահված դերը հանգեցնում է մեծ դրամայի.
ճանապարհը պատրանք է ստեղծում, որ լինի օր,
Իսկ արցունքն աչքերիդ խաղում է օրվա անվան հետ,
Մեկը ետ է շրջվում ահի օրենքներով բոլոր,
Խոստովանում, որ մի հոր տղա է կորած անհետ:
Որ անուն չունի հազար տարով հիշած ինքն իրեն,
Որ էլի սիրահարվելու է անբանի նման,
Թողնելու է շներին՝ իր ոտքերի տակ նիրհեն-
Երբ լուսին լինի, շները գոնե տեր կունենան:
Կվազեմ հետեւից - գլուխը չկորցնի հանկարծ,
Ինչքան ճիշտ էր քամին, որ երբեք չէր եղել կյանքում,
Եվ անանուն լեռան դեմ սեւ-սեւ շորերը հագած,
Մայրս ծոցից լուսանկար հանեց, հանեց թաքուն:
Ըստ Միքայել Ժամհարյանի պոեզիայի ուղղահայաց և հորիզոնական զարգացումների «մետաֆիզիկական»-ը պետք է ընկալել որպես «այն կողմ»... Արտաքինի գաղափարի թեմատիկ մարմնացումը ոչ միայն պարզվում է, որ բոլորովին անբավարար չափանիշ է գրողի համար, այլ նաև առաջացնում է հասկացությունների խառնաշփոթ: Այս քաոսայնությունից խուսափելու համար բանաստեղծը տելեպացիայի է ենթարկվում, հայտնվում դրախտում՝ որպես մեղսակիր և հայթահարում դժոխքը բոլոր տեսակի մեղքերը հաղթահարած: Սա յուրօրինակ հոգևոր քնարերգություն է դառնում, որը կապված է թե՛ կրոնական գրականության հետ (սաղմոսներ, շարականներ և այլն) միևնույն ժամանակ բացառում է այն ու հաստատում անհատական սկզբունքը: Նման պոեզիան մարդկային մարմնի ու հոգու հավերժական դեգերումների համոզմունքն է արտահայտում:
Բանաստեղծը փորձում է ներկայացնել կյանքի էությունը կամ դրա արձագանքը, նա ընթերցողին հրավիրում է գոնե բանաստեղծությունն ընթերցելու միջոցով ճանաչել ճշմարտություններ, որոնք բնավ էլ իր հայտնագործությունները չեն, այլև արժեքներ են, որոնք անմիջականորեն կապված են մարդկության պատմության կենսափորձի հետ:
Անկում է երկարել ճանապարհիս տիրոջ առաջ,
Վերջին ստրուկի պես ցավի առէջները լիզած,
Անլվա արցունք է կոտրատել լեռը տխուրաչ,
Ցուրտ օձիք համբուրող իմ բաժին հեքիաթը կիսած:
Լռության առաստաղ կմնա ինձ ու քեզ զղջող,
Չեն լինի էլ ձեռքեր, որ օրորեն կիրճում նրա.
Ես արթնանում եմ սուրբ լուսնոտի ավազին ուռչող,
Մեղք երկրպագելու հարկահան ազդրերի վրա:
Օրը խանձարուրն է նետել կույրին, իբրեւ գավաթ,
Իմ անունը չկա - սեր հուշելիս կանգնած արձան,
Նահանջի կենացին կաթկթա, որ լինի հավատ,
Փրկված կոճղի մոտ արտասուք երերա քառաձայն:
Յուրաքանչյուր դարաշրջանում պոեզիայի ըմբռնումը որոշվում է այդ դարաշրջանին բնորոշ հասկացությունների և գեղագիտական ըմբռնումների փոխազդեցությամբ: Պոեզիան պետք է գեղագիտական վայելք պատճառի, ինչ-որ բանի գաղափարը ներկայացնելով ավելի հաճելի ձևով, քան դա թույլ է տալիս իրերի կարգը, և, հետևաբար, առավել կենսունակ են դիդակտիկ պոեզիայի իրավունքները: Աստծո և մարդու հոգու փոխհարաբերությունները պոեզիայում չեն կարող առարկայական լինել: Մարդը, երբ աղոթում է իր Արարչի ողորմության համար, դիմում է իր Փրկչին, վեր է բարձրանում առարկայական աշխարհի իրերի դասակարգումից:
Միքայել Ժամհարյանը փոխաբերական արտահայտությունների կարիք չի տեսնում, քանի որ նրա պոեզիան ընկալելի է որպես արվեստը զարդարող արվեստ: «Լքված տան առավոտը» գրքում գերակա է միտքը, և այս տեսանկյունից պոեզիան ճշմարտությունը տեսնում է զտված արվեստի միջոցով: Այսինքն՝ բանաստեղծը նախընտրում է նոր՝ անգամ քաոսային հավատը, ընկղմվում խորքերը, որին էլ զուգադրում է «սուր մտքի» խաղը: Ստեղծվում է հիբրիդային բնագիր՝ հավատքի, մտքի և աստվածաբանական բովանդակության համադրությամբ: Միքայել Ժամհարյանը հուզականորեն հարուստ պոեզիային հաղորդեց մտային համակարգի կոշտությունը:
Ահա մի տխուր օր դու մաքուր ես մնացել,
եւ սովորության ուժով մատներս
անդառնալիորեն քո աչքերն են փակում,անծանո՛թ:
Ես չեմ հեռանա ջահել կյանքիդ համար տանջվելու,
չեմ հեռանա:
Տարիների հեռվից արթնանում է քո հուշը առավոտի մեջ.
եւ գիտեմ, ոչ ոք չի մոռանա իմ հոգու ջերմությունը:
Անծանո՛թ, ինձ ոչ ոք չի սպասում միայնակությունից,
հիշի՛ր ինձ
եւանվան փոխարեն իմ բարի կամքը տա՛ր երկինք,
որովհետեւ ինչքան դժվար է մերժված լինելը,
այնքան կարողանում ես համբերել տարիների հեռվում:
Այս պոեզիան իր բովանդակային հիմքում ունի նաև որոշակի գանգատաբանական տիպաբանություն, որը անհատական կյանքը դիտարկում է տիեզերական համատեքստում և, այդպիսով, հնարավորություն տալիս մարդու կյանքի իրադարձություններն ու իրավիճակները ճանաչել որպես մասնավոր, խորապես անձնական՝ համեմատելի մեր ժամանակի մշակութային փորձի և առօրյայի կենսական թրթիռների հետ: Այս գործոնների շնորհիվ բանաստեղծության մեջ միտքը դառնում է հոգևոր պոեզիայի սեփականություն. ստեղծվում է բարեպաշտ պոեզիա, որում արտահայտված անհատականությունը լարված միասնության մեջ է հոգևոր կապանքների հետ: Նման մտային և հաճած նաև մտասևեռման պոեզիան հիմնված է խստության, խորաթափանցության վրա և հնարավորություններ է ընձեռում առավելագույնս օգտվել հայոց լեզվի հնարավորություններից: Մեր համառ լեզուն ենթարկվում է մտքին: Այն մտքին, որը որքան էլ վերացական լինի, այնուամենայնիվ անանձնական չէ, քանի որ անբաժան է սեփականատիրոջից, որը բանաստեղծության տիրույթ է մտնում իր ձայնով, իր ինտոնացիայով, և կարող է վճռականորեն փոխել յուրաքանչյուր բանաստեղծական հատվածի ձևակառուցումը.
Ես անեծքով փակված շիրիմների համար
եւ տառապանքի համար
ու երկար դարերի փորձով
գալիս եմ աշխարհ։
Ողբացե՛ք ինձ, սարե՛ր,
ձեր դեմ ավերածության երաշտը զավակներիս,
նրանք ինձ տեսնում են
անեծքից ծանրացած հողի ուժով,
նրանք ինձ սիրում են
արեւածագի բացվող քարերի մեջ,
որովհետեւ ես միակը եղա,
որ երբեք չերդվեցի շիրիմների անունով,
երբեք չասացի այն,
ինչ լեզվիս վրա թույն էր ու թշնամանք։
Հեռու երկրի արեւածագը հիմա ողջունում եմ
եղբայրներիս համար։
Մի ուժ էր պետք -
մի վերջին անգամ փակվելու քարերի մեջ,
մի ուժ էր պետք -
մի վերջին անգամ լինելու կասկածը գուշակների։
Պարզվում է, որ չափածոյի ձևակառուցումը արդյունավետ մոդել է պոեզիայի բազմազանության համար: Ժամհարյանի տողաշարերը հաճախ երկար են, բառերը երաժշտական` ի տարբերություն ժամանակակից մի շարք բանաստեղծների, որոնք նախընտրում են պոեզիայում պատմողականությունը: Այնուամենայնիվ, Ժամհարյանի բանաստեղծություններում ձայնի երաժշտականությունը զուգորդվում է դյուրընթերցման հնարավորությամբ, հնչերանգի բնականությամբ, բառի խոսակցական հենքով, մեղեդայնությամբ, ինտոնացիայով, ինչն էլ հանգեցնում է բանաստեղծության ազդեցիկության:
Հեղինակը երբեմն ընտրում է ընկերական զրույցի իրավիճակը Աստծուն դիմելով՝ վերարտադրելով զրույցի բնական ինտոնացիան: Այս ձևը ստեղծում է մտքի ինքնաբուխ տպավորություն. ասես ամբողջ բանաստեղծությունն աճում է մի պատահական դատողությունից: Որոշ դեպքերում Ժամհարյանը ուղղակիորեն վերարտադրում է ինտոնացիաները՝ յուրացնելով դրանք, փոխելով դրանք և դարձնելով յուրայիններ.
Մի կատակի համար ես ուշանում եմ լուսանալուց,
Գուցե մեկը դառնա հոսող ջրերի սուրհանդակ,
Վախենամ ամաչեմ, ինչպես կինը կուսանալուց,
Գրպանահատ օրվա զարդարած դուռը լինի փակ:
Մինչեւ սկիզբ խմիր, որ գալդ չտեսնեն հանկարծ,
Թեք հայացքդ թվա Տիրամոր կաթից թրջված շուն,
Էլ կլինի՜ նայադ փրփուրին պառկող ամեն հարց,
Իմ արյան խնջույքում թողած փաղաքշանքի դաշույն:
Մոխրամանը կարծես լուսանկար չի լինելու,
Դու որտեղից եկար, մենության անծանոթ աղջիկ,
Էլ չափսոսաս ուղիս արտասուքով քո զինելու.
Մենակության աչքը փայլեցրու ափիդ առանց ճիգ:
Առաջին քառատողում Ժամհարյանը, պահպանելով հանգավորման կանոնները, փոխակերպում է չափածոյի կանոնիկ ռիթմը, ստեղծելով թվացյալ սխալ տեմպ: Այնուհանդերձ, ինտոնացիա ստեղծելով այն փոխարինվում է հնգամաչափի կարգուկանոնով: Երկրորդ քառատողում ավելի է ընդգծվում հնչյունների խառնաշփոթը, որը դժվարացնում է չափածոյի ընթերցումը, ինչն էլ բանաստեղծը փոխարինում է ներքին հանգավորմամբ, իսկ չ-ջ-շ և ղ-խ ալիտրացիոն մոդելը ապահովում է երաժշտական նվագակցությունը, ինչը ենթադրում է նաև ներքին ոտանավոր: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է այն փաստը, որ Միքայել Ժամհարյանի բանաստեղծությունները քառատողերի բաժանված չեն և անգամ դրա կարիքն էլ չկա:
Մետաֆիզիկական պոեզիայում բառերը և մտքերը սեղմվում են, առաջանում է կախվածություն բառի և մտքի միջև, որի միասնությունը կիրառելի է իբրև բանավեճի ընթացքում վճռականության կամ համոզմունքի ձևակերպում կամ սահմանում:
Պատկերն ամբողջացնելու համար անհրաժեշտ է ավելացնել մի քանի հատկանիշներ՝ որոնք կնպաստեն ընդհանրացնելու մետաֆիզիկական ոճի հայեցակարգը:
Միքայել Ժամհարյանի մոտ, ինչպես մի շարք այլ մետաֆիզիկական բանաստեղծների բնագրերում, շեշտված է մտքի որոշիչ դերը և կենսափորձի իմաստային շեշտվածությունը բանաստեղծական տեքստի կառուցվածքում:
Բանաստեղծը կապ է որոնում իր զգայարանների և մտավոր ընկալումների միջև:
Ներքին դինամիկան, որն ի սկզբանե բնորոշ է այս գրքին, ևս կապված է մետաֆիզիկական պոեզիայի զարգացման պատմության հետ:
Մետաֆիզիկական պոեզիայում գերիշխում են պարադոքսները, բառախաղերը, ի վերջո, պոետի ազատ կամքը, որը չափական բնագրում հրահրում է անհատական ինտոնացիաներ:
Ակնհայտ է, որ Միքայել Ժամհարյանի մետաֆիզիկական ոճը պետք է հասկանալ ոչ թե որպես ստատիկ առանձնահատկությունների հավաքականություն, այլ որպես շարժական ֆենոմեն, որը բխում է ոճական տարրերի միմյանց հետ փոխազդեցությունից՝ այլ գրական շարժումների հետ: Մետաֆիզիկական ոճը պետք է ընկալել որպես էվոլյուցիա, իսկ մյուս կողմից՝ էվոլյուցիան անխուսափելիորեն համակարգային է: Բանաստեղծի համակարգային մտածողությունը հատկապես երևում է «Լքված տան առավոտը» պոեմում.
Խաղաղվե՛ք, արցունքո՛վ խաղաղվեք ջահելության համար ձեր կանանց,
Այսպես մարդկային է չծնված մանուկներին լինել թանկ անուն,
Աչքերիս խոնավ տափաստանով մոտենում են ձիերը կամաց,
Եվ տունը լքող զավակները, որպես միակ խոսք են թանկանում:
Երբ օտարն է հոգնում հիշողությունից
ամեն ինչ կորցրած մարդկանց,
եւ խարույկների վրա փրկություն փնտրող ինքնակոչներ են բոլորը –
երկրում ստվերները թանձրանում են
որդիների ու դուստրերի ամենօրյա մաղթանքներից,
եւ ծանր կոպերով ես ծածկում եմ մի ողջ աշխարհ:
Խոսքի ուղիները և պատկերները հաճախ կարող են արհեստական թվալ: Սա դիտարկելի է որպես բանաստեղծի՝ ճշմարտությունից չշեղվող դասական մոդելների ստրկացնող կաղապարներից հրաժարումն:
Ժամհարյանը, մետաֆիզիկական ոճին ապավինելով, պոեզիայում խիստ կարևոր լեզվական հնարքները այնպես է կիրառում, որ հնարավորություն է ընձեռվում մտքի և զգացողության նոր սովորույթների:
Իմացականության միասնությունը և մետաֆիզիկականը «Լքված տան առավոտը» գրքում կարելի է մեկնաբանել որպես վերացարկված մտքի ընկալում, որն ի վերջո հանգեցնում է վերացականի վերջնական որոշակիացման:
ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ