Chapter 1
Կախարդական Դդումը
Ժամանակին երկու եղբայրներ կային։ Նրանք բարեկեցիկ կյանքով էին ապրում, քանի որ ծնողներն իրենց զավակներին լավ տնտեսություն էին թողել։
Ավագ եղբայրը շատ ծույլ էր. սիրում էր համեղ կերակուրներ ուտել, գեղեցիկ հագուստներ հագնել, բայց աշխատել չէր սիրում: Եվ ամուսնացել էր իր նման ծույլ մի կնոջ հետ։ Իսկ կրտսեր եղբայրն աշխատասեր էր` գարնանը, ամռանն ու աշնանը օրերով աշխատում էր դաշտում, ցանում էր, մշակում և բերքը հավաքում: Ձմռանն էլ, երբ դաշտում անելիք չէր մնում, լեռներն էր գնում ցախ բերելու: Եվ որքան էլ աշխատում էր, չէր կարողանում գոհացնել ավագ եղբորն ու նրա կնոջը: Նրանք շատ էին վախենում, որ երբ կրտսեր եղբայրը մեծանա, ժառանգության իր բաժինն ուզենա ստանալ: Մի օր էլ մտածեցին քանի դեռ պատանի է, պարզապես տնից վռնդեն: Եվ այդպես էլ արեցին։
Կրտսեր եղբայրը արցունքն աչքերին հեռացավ իր հայրական տնից և գնաց ուր աչքը կտրի։
Տնից բավական հեռու լեռներում, մի մեծ մարգագետին տեսավ և մտածեց. «Չէ՞ որ ես կարող եմ հող մշակել․ չհաստատվե՞մ այստեղ և այս մարգագետինը մշակեմ»։
Սակայն նա ոչ մի գործիք չուներ, որ հողը փորեր։
Տղան անտառ գնաց, մի մատղաշ ծառ կոտրեց և նրանից ցից սարքեց։ Մի ամբողջ օր այդ ցցով հողը եռանդագին փորեց: Նրա ձեռքերին արդեն արյունոտ կոշտուկներ առաջացան, և շատ հոգնեց, բայց աշխատանքը դանդաղ էր առաջ գնում։
Հանկարծ ցիցը ինչ-որ կոշտ բանի դեմ առավ։ Տղան մտածեց, որ քար է, և ուզեց դաշտից դեն նետել: Բայց երբ դուրս հանեց, տեսավ, որ ոչ թե քար է, այլ դդում։ Սովորական դդում։
Հանկարծ դդումը բացվեց, և նրանից դուրս ցատկեց ամբողջովին ճերմակ հագած փոքրիկ-փոքրիկ մի ծերունի: Տղան խիստ վախեցավ, իսկ ծերունին սիրալիր ասաց նրան.
- Մի՛ վախեցիր ինձնից, երիտասա՛րդ: Դու կախարդական դդում ես հանել: Եթե ինչ-որ բանի խիստ կարիք զգաս, այս դդումը երեք անգամ շարժիր, ասա ինչ է քեզ պետք, և ես կկատարեմ քո ցանկությունը: Միայն մի բան հիշիր այն, ինչն այնքան էլ պետք չէ քեզ, մի՛ խնդրիր:
Այս ասելով ծերունին թաքնվեց դդմի մեջ, իսկ շփոթված տղան քարացավ տեղում: Ուշքի գալով՝ նա որոշեց ստուգել ճերմակազգեստ ծերունու ասածը:
«Ամենից շատ հիմա ի՞նչ է ինձ պետք,- մտածեց նա: - Ես ոչինչ չունեմ, որ հողը փորեմ, նշանակում է ամենից շատ բահ է պետք»:
Եվ նա վերցրեց դդումը, երեք անգամ թափահարեց ու ասաց.
- Ես բահի կարիք շատ եմ զգում:
Այս բառերն արտասանելուց անմիջապես հետո իր ոտքերի մոտ հողի վրա, մի լավ նոր բահ տեսավ: Ձեռքին այդպիսի բահ ունենալու ուրախությունից պատանու ուժերն ավելացան, և նա միանգամից գործի անցավ: Շուտով մի ամբողջ հողակտոր փորեց և, շատ աշխատելով, խիստ քաղցածություն զգաց: Այդ ժամանակ նա որոշեց կրկին դիմել կախարդական դդմին: Ինչպես առաջին անգամ երեք անգամ թափահարեց և ասաց.
- Ես շատ եմ քաղցած: Տվեք ինձ, խնդրում եմ, եգիպտացորենի երկու բլիթ և մի բաժակ ջուր:
Այս բառերն ասելուն պես նրա առջև ափսեի մեջ, եգիպտացորենի երկու տաք բլիթ և մի բաժակ աղբյուրի ջուր հայտնվեցին: Մեծ ախորժակով նա կերավ բլիթները, խմեց սառնորակ ջուրը և նորից աշխատանքին անցավ: Տղան երկար աշխատեց: Իսկ երբ մթնեց, հիշեց, որ քնելու տեղ էլ չունի: Այդժամ նա դդմից տնակ խնդրեց` գիշերելու համար: Եվ նրա այդ ցանկությունն էլ կատարվեց:
Եվ այդպես կրտսեր եղբայրը մնաց սարերում։ Նա ջանասիրաբար աշխատեց և շուտով տնտեսությանն անհրաժեշտ ամեն ինչի տեր դարձավ:
Իսկ ավագ եղբայրը, դուրս անելով կրտսերին, շարունակեց անբանություն անել և քամուն տալ ծնողական ժառանգությունը:
Երկու տարի էլ չանցած հարստությունից ոչինչ չմնաց։ Նրա և իր կնոջ համար սև օրեր եկան։ Նա իբր փորձեց աշխատել, բայց ոչինչ չկարողացավ անել և ոչ էլ ուզում էր անել: Ստիպված եղավ ողորմություն խնդրել:
Թափառելով գյուղերով ու քաղաքներով նա լսեց, որ ինչ-որ տեղ լեռներում իր կրտսեր եղբայրը շատ հարուստ ապրում է, և որոշեց նրա մոտ գնալ: Եվ ահա նա տեսավ եղբոր փոքրիկ, հարմարավետ տնակը, իսկ շուրջը ցորենի, եգիպտացորենի ընդարձակ արտերն ու բազմազան բանջարեղենի մարգաշարքերը:
Կրտսեր եղբայրն աշխատում էր դաշտում։ Տեսավ ավագ եղբորը աղքատ, սոված ու կիսամերկ և աչքերին չհավատաց։ Նա խղճաց եղբորը, իր տուն տարավ, կերակրեց և հագուստներ հագցրեց:
Ավագ եղբայրը հարցրեց կրտսերին, և նա պատմեց կախարդական դդմի մասին:
- Մի քանի օրով ինձ տուր այդ կախարդական դդումը,- խնդրեց ավագ եղբայրը:
- Լավ։ Հիմա ես ոչնչի կարիք չունեմ և կարող եմ քեզ տալ,- ասաց կրտսեր եղբայրը։- Բայց հիշիր, որ խնդրել կարելի է այն, ինչի կարիքը շատ ես զգում:
Ավագ եղբայրը խլեց կախարդական դդումը և տուն շտապեց, որ ուրախացնի կնոջը:
Տանը կնոջը պատմեց դդմի մասին, և նրանք ուզեցին փորձել կախարդական ուժը:
- Մենք շատ ենք սոված։ Արի՛ նախ խնդրենք ամենալավ ուտեստները,- առաջարկեց ամուսինը:
- Ավելի լավ է արի՛ արծաթ խնդրենք, իսկ արծաթով կարող ենք գնել այն ամենը, ինչ ուզենանք,- առարկեց կինը:
- Դու ճի՛շտ ես,- համաձայնեց ամուսինը:
Նրանք երեք անգամ թափահարեցին կախարդական դդումը և ասացին․
- Մեզ արծա՛թ տուր:
Հենց արտասանեցին այդ բառերը, անմիջապես նրանց առջև մի կտոր արծաթ հայտնվեց։ Նրանք ուրախացան ահա թե որքան հեշտությամբ կարելի է արծա՛թ ձեռք բերել: Մի անգամ էլ խնդրեցին, հետո՝ էլի մի անգամ և շատ-շատ անգամներ:
Եվ ահա նրանց տանը այնքան շատ արծաթ հայտնվեց, որ շարժվել հնարավոր չէր։ Այդ ժամանակ էլ նրանք որոշեցին ոսկի խնդրել, քանի որ ոսկին արծաթից թանկ է։ Շուտով ողջ տունը ոսկով լցվեց, ծածկվեցին պատուհաններն ու դռները:
Իսկ ավագ եղբայրն ու իր կնոջը խնդրում ու խնդրում էին․ «Մեզ ոսկի՛ տուր։ Մեզ ոսկի՛ տուր»:
Վերջապես ամուսինը բղավեց․
- Ա՛յ կնիկ, մենք ինչպե՞ս պետք է լավ թաքցնենք մեր հարստությունը, որ մարդիկ չտեսնեն ու չգողանան:
Բայց հենց արտասանեց այդ բառերը, ոսկին ու արծաթը հանկարծ սովորական քարերի կույտերի վերածվեցին:
Սաստիկ զայրացած ավագ եղբայրը վերցրեց կախարդական դդումը և ամբողջ ուժով գետնին նետեց։ Դդումը ջարդվեց և նրա միջից մի ահռելի վագր դուրս ցատկեց:
Ավագ եղբայրն ու իր կինը սարսափահար փախչել ուզեցին, բայց փախչելու տեղ չկար․ չէ՞ որ դռներն ու լուսամուտները քարերով էին պատված:
Եվ վագրը բզկտեց այդ ծույլ և ագահ մարդկանց: