Chapter 3
Գ
Ծվստան գյուղը ունի շուրջ 300 բնակիչ, ուստի և Վանի սրբազան առաջնորդը ավելի լավ էր համարել յուր ձեռնադրած անհամար քահանաներից մեկը ընկեր տալ Ծվստանի հին քահանա տեր-Գալուստին:
Այդպես, ուրեմն, գյուղն ուներ երկու քահանա, որոնցից մեկը թեև հասակավոր՝ բայց նոր ձեռնադրված՝ բնակվում էր գյուղի հեռու ծայրում: Թոփալ վարժապետը 30 տարի շարունակ աստվածաբանական դասեր տալուց հետո, այժմ Պողոս սրբազանից քահանա ձեռնադրվելով՝ տեր Խորեն անունն էր ստացել և վեց ամիս էր, որ տեր-Գալուստին ընկեր էր եկել:
Սկզբում տեր-Գալուստը մտածելով, որ յուր ծուխերի կեսը յուր նոր պաշտոնակցին պիտի թողներ՝ խեթ աչքով էր նայում տեր-Խորենին. բայց տեր-Խորենը շատ բարի էր երևում, նա գոհ եղավ հիսուն ծուխով և տեր-Գալուստի հետ վարվել սկսեց այնպես, ինչպես ծառան տիրոջ հետ:
Ամեն անգամ, երբ մի հեռու տեղ գնալ էր պետք, տեր-Խորենը չէր թողնում, որ յուր պատվարժան հայր Գալուստը «էզիեթ» քաշեր և ինքը վազում էր այնտեղ... Մի խոսքով տեր-Գալուստն այժմ «աղավարի» միայն եկեղեցի էր գնում և յուր ուզած ծուխերի մոտ, առանց մոռանալու, սակայն, ստուգելու, թե տեր-Խորենին ինչ է տվել այս կամ այն անձը և հավասար կիսելու արդյունքը:
Տեր-Խորենը ժպտելով կիսում էր նրա հետ մինչև իսկ յուր հիսուն տան բերած արդյունքը և հավատարիմ հաշիվներ էր ներկայացնում: Դրա համար իսկ տեր-Գալուստը սկսել էր այժմ լիովին վստահանալ նրա վրա և դադարել էր ներկայացրած հաշիվները ստուգելու մտքով հանդիպած գյուղացուն հարցնել, թե մկրտության կամ թաղման համար ի՞նչ տվին տեր-Խորենին։
Փառք աստծու, այդ տարվա պես բախտավոր տարի չէր եղել, տիֆը քաղաքից գյուղերն էր տարածվել և մեր սուրբ հայրերի առևտուրը շատ բանուկ էր առայժմ:
Հենց նույնիսկ այն երեկոյան, երբ տեր-Գալուստը «Խաթուն Մարեի» մոտ կանչվեց, տեր-Խորենն էլ մի ուրիշ տան մեջ մահվան մոտ եղող մի ծերունու հաղորդում էր:
Խոստովանեցրեց, հաղորդեց, մաշտոցը փաթաթելով շորի մեջ՝ ծոցը դրեց և երբ կամենում էր դուրս գնալ՝ ականջին դիպավ տան հարսների խոսքերը, որոնք մի անկյունում քաշված ցած ձայնով խոսում էին:
— Ո՞վ ասաց,— հարցնում էր մեկը մյուսին:
— Կարապետը լուր տվեց ինձ,— պատասխանում էր մյուսը։
— Ուրեմն այս գիշեր կմեռնի՞:
— Ասում են, որ վաղվա լույսը չի տեսնի... Տեր-Գալուստը արդեն գնացել է հաղորդելու նրան:
— Խե՛ղճ «Խաթուն Մարե...»:
Տեր-Խորենը սարսռաց, արագությամբ փայտը ձեռք առավ և դուրս գնաց տնից:
— Հը՛մ,— մռմռաց նա,— հիմա՛ր բան է... ամիսներով սպասիր այդ մի պատառին և հանկարծ ուրիշը խլե ձեռքիցդ…
Առանց կանգ առնելու, թռավ գյուղի առվակի վրայից, շտապ քայլերով բարձրացավ մի խրճիթի կտուրի վրա կտուրից կտուր անցնելով, վազելով, քան քայլելով՝ հասավ «Խաթուն Մարեի» խրճիթի կտուրի վրա:
Զգուշությամբ և ոտի ծայրերի վրա մոտեցավ երդիկին, կռացավ և ներս նայեց, ներսում տեր-Գալուստը պառավին ասում էր յուր վերջին խոսքերը, որից հետո մոտենում էր դռան և ծոծրակը քորելով հարցնում.
— Թուղթ էլ բերե՞մ հետս...
— Լա՛վ,— մռմռաց ինքն իրեն տեր-Խորենը,— մինչև քո թուղթ բերելդ, իմ ծոցիս թղթերը կբավականանան:
Ասավ և երբ տեսավ տեր-Գալուստի դուրս գնալը, ցած իջավ կտուրից, մղեց խրճիթի դուռը և ներս մտավ։
Տեր-Խորենը — այդ պետք է ասել – մի միջահասակ, նիհար, սակայն բավական գեղեցիկ դեմքով անձ էր, մորուքը շատ կարճ էր, դեմքը՝ զվարթ և ուներ մի ստորաքարշ ժպիտ դեմքին, որով և մոտեցավ պառավի անկողնին, վերմակը զգուշությամբ շարժեց և մեղմ ձայնով.
— «Խաթուն Մարե»,— ասաց,— հիվա՞նդ ես։
Պառավը աչքերը բաց արեց, նայեց քահանային, զարմացած շարժվեց տեղում և փոքր-ինչ բարձրացավ:
— Տեր հայր, այդ դո՞ւ ես... քեզ ես չկանչեցի:
— Գիտեմ, որդի, գիտեմ,— ժպտեց քահանան,— բայց ինձ ասացին, որ հիվանդ ես և ես պարտք համարեցի գալ քեզ տեսնելու... աստուծոյ առատագութ շնորհներով քեզ օգնելու... բժշկության ավետարանը կարդալու, որ շուտով մեր տեր-Հիսուս Քրիստոսի և հոգվոյն սրբո շնորհիվ ոտքի ելնես, և գյուղը նորից տեսնե յուր բարի «Խաթուն Մարեն»:
— Շատ շնորհակալ եմ, տեր հա՛յր, ես բժշկվելու չեմ, ես մեռնում եմ և հաղորդության պետք ունեի, նրան էլ արժանացա... արդեն տեր-Գալուստը եկել էր։
— Շատ լավ, դրան բան չեմ ասում, բայց ես չեմ տեսնում, որ դու դեռ մտածելու պետք ունենաս մահվան վրա...
— Ո՛չ, տեր հա՛յր, զգում եմ, որ մեռնելու եմ...
— Կամք տեառն օրհնեալ եղիցի,— ասաց տեր Խորենը աչքերը և ձեռքերը երկինք բարձրացնելով,— տեր, ընդունիր քո բարի, ողորմած և առատագութ աղախինը ի թիվս արդարոց... «Խաթուն Մարե»,— հարեց նա պառավին դառնալով,— ինչ որ ես պետք է անեի, արդեն արել է իմ սիրելի եղբայրակիցս... բայց երկու խելքը մեկից ավելի լավ է... գուցե նա մոռացել է մի բան... արդյոք մեռնելուցդ առաջ չե՞ս մտածում հաշտվելու քո խեղճ եղբորդ հետ...
— Այո՛, այո՛,— ասաց պառավը,— հենց դրա համար էլ տեր-Գալուստին ուղարկեցի, որ եղբորս գտնե բերե:
— Շատ լավ է այդ, իհարկե, լավ չէ մեռնել անհաշտ, ամենքին «հալալ» պիտի անել, պիտի մեռնելուց առաջ... ըմ, հը՛մ... արդյոք իմ քույրս մտածե՞լ է յուր ունեցածների մասին...
— Մտածել եմ,— ասաց պառավը,— շուտով էլ կտակս գրել կտամ:
— Իհարկե, բոլորն էլ եղբորդ կթողնես...
— Ո՛չ, խոստացել եմ, կեսը տեր-Գալուստին պիտի թողնեմ...
— Մոլորյալ քույր իմ,— գոչեց տեր-Խորենը և ձեռքերը երկինք բարձրացնելով, հարեց — խեղջ աղջիկս, գիտե՞ս, թե այդ ինչ մեծ մեղսական մտադրություն է... ձգել աստուծո մի պաշտոնյային աշխարհային ունայն ստացվածքների մեջ... ոչ, աստված քեզանից հաշիվ կպահանջե այդ մասին... իմ սիրելի պաշտոնակցիս մեղավոր լինելու պատճառը դու կլինիս... աղջիկս, մենք աշխարհային ունայն ստացվածքների պետք չունենք... մենք կերակրվում ենք աստուծո խոսքով և մյուս լավ աշխարհի ստացվածքը պիտի լինի մեր վարձատրությունը... ափսո՛ս, ավա՛ղ... այդ մտադրությամբդ թե՛ պաշտոնակցիս մեղքերի մեջ ընկնելու պատճառ ես լինում և թե խեղճ եղբորդ...
«Խաթուն Մարեն» նախ զարմացած, հետո վախեցած և վերջ ի վերջո հուզված՝ լսեց տեր-Խորենի այդ շեշտերով և ծանրությամբ ու խորհրդավոր ձևերով արտահայտած խոսքերը...
— Ուրեմն, տեր հա՛յր,— գոչեց նա,— բոլորն էլ եղբո՞րս թողնեմ։
— Իհարկե, աղջի՛կս, իհարկե, աշխարհային և աստուծո օրենքները գոչում են բարձրաձայն, որ այդպես պիտի անես... ինչ արժե մի քանի անասուն և մի կտոր հող, բայց դրանով դու սատանաներին ես մատնում աստուծո մի պաշտոնյային և վա՛յ քեզ... աստուծո բարկությունը քո հոգիդ գեհենի մեջ կգլորե և հավիտյան կտանջվես նզովյալ սատանաների ձեռքում...
— Իսկ տեր-Գալո՞ւստը,— հարցրեց պառավը շվարած:
— Օ՛, սիրելի եղբայրակից... նա մոլորվել է, շլացել է, նա հետո կիմանա, թե որքան մեծ է քո բարերարությունդ, եթե դու նրան մի խիլ անգամ չթողնես քո աշխարհային ստացվածքից... աստված քեզ դրա համար պիտի վարձատրե, եղբայրդ միշտ հոգուդ համար պիտի աղոթե...
«Խաթուն Մարեն» պահ մի լռությամբ մտածեց, հետո ասաց.
— Շատ լավ, ուրեմն... տեր-Գալուստը թուղթ էլ է բերելու հետը, դու այստեղ մնա և կտակս գրիր...
— Թուղթ և գրիչ ինձ մոտ կա,— ասաց տեր Խորենը, հանեց մի թերթ թուղթ, գոտիից մի կաղամար և շարունակեց.— ասա՛, աղջի՛կս, ասա ինձ քո կամքդ և ես, պաշտոնյա ս. եկեղեցու, հանուն աստուծո, կգրեմ այստեղ բոլորը.
— Իսկ եղբա՞յրս...
— Գուցե եղբայրդ ուշ գա…
— Ի՞նչ ասեմ, տեր հա՛յր,— ասաց պառավը պառկելով, գրիր, որ ամեն ինչ թողնում եմ եղբորս, թե՛ տավարներս, թե՛ տներս, թե՛ հողերս, թե՛ այստեղ սնդուկիս մեջ ունեցած 50 հատ բաջաղլու և 10 հատ մահմուդիե ոսկիներից, արծաթ քնարս , արծաթ թասը , դելմես , արծաթյա պլազիկներս և բոլորը, ինչ որ կա տանս մեջ:
Տեր-Խորենը գրիչը թաթախեց, մի մեծ է դրեց թղթի ճակատին և արագությամբ սկսեց գրել.
Մի քանի րոպե տևեց գիրը, որից հետո կանգ առավ և հարցրեց.
— Ուրիշ ոչինչ չունի՞ս ասելու:
— Գրիր, որ եղբայրս տա քեզ և տեր-Գալուստին իմ մահմուդիե ոսկիներից մի-մի հատ։
— Գրեցի:
— Գրիր, որ թող ինձ թաղեն Երուսաղեմից բերած պատանի մեջ, որ իմ հոգեբաժինը պատրաստ գտնվում է սնդուկի մեջ և չորս հատ նոր ոսկի է... է... իմ հագուստներս, բոլոր ունեցածս իրեն մնա և թող աղոթե իմ հոգու համար, տարենը մի պատարագ անել տա հոգուս փրկության համա, և գերեզմանս օրհնել տա...
Մինչդեռ տեր Խորենը գրում էր, «Խաթուն Մարեն» հետզհետե սկսում էր թուլանալ, վերջապես մի շարժում գործեց և ասաց թույլ ձայնով.
— Շուտ արա, տեր հայր, բեր, որ ձեռք քաշեմ տակը:
— Գրել գիտե՞ս,— հարցրեց քահանան:
— Իմ անունս կգրեմ դժվարությամբ... ամեն բան արեցի՞ր։
— Գրեցի,— ասաց քահանան և հազիվ թե թուղթը պարզում էր պառավին, որ խրճիթի դռան ձայնը լսեց։
Տեր-Խորենը գուշակեց, թե ով պիտի լինի եկողը, ուստի և արագությամբ մութ անկյունը սլացավ և կծկվեց սնդուկի հետևը:
Մտնողը տեր-Գալուստն էր։
«Խաթուն Մարեն» աչքերը փակել էր, ուստի ոչինչ չտեսավ, այլ միայն գոչեց.
— Տեր հայր, շուտ արա, մեռնում եմ:
Տեր-Գալուստը մոտ վազեց, կռացավ նրա վրա և գոչեց.
— Աղջիկս, թուղթ բերի, բայց եղբայրդ...
Պառավը զարմացած աչքերը բացեց:
— Տեր-Գալուստ,— գոչեց նա և ապա չորս կողմը նայելով հարցրեց.— ո՞ւր է տեր Խորենը:
— Ի՞նչ տեր-Խորեն, աղջիկս, տեր Խորենը իրենց տանն է:
— Նա այստեղ էր ախր...
— Սխալ ես, աղջիկս, ես եմ այստեղ...
— Նա գրեց կտակս, գրեց, ես ասացի և գրեց...— գոչեց պառավը...
— Երազի մեջ ես եղել, աղջիկս,— դիտեց տեր-Գալուստը, ինչևիցե, ահա թուղթ բերի, գրիչ էլ, ասա գրեմ կտակդ...
— Իսկ եղբա՞յրս,— հանկարծ գոչեց պառավը և մի բուռն ճիգ անելով, նստեց անկողնի մեջ:
— Հըմ... ասաց տխրությամբ տեր-Գալուստը,— եղբայրդ չեկավ:
— Չեկա՞վ... չասացի՞ր, որ մեռնում եմ:
— Ասացի:
— Եվ չեկա՞վ:
— Չեկավ, ասաց՝ նա իմ քույրը չէ, թող մեռնի...
— Աստված իմ, աստված իմ,— մռնչաց պառավը և ընկավ անկողնի մեջ...
— Եղբայրդ վատ մարդ է...— շարունակեց տեր-Գալուստը,— շատ վատ մարդ է, ինչ եղբայր լինի, որ յուր քրոջը վերջին անգամ գոնե տեսնելու չգա... Թշնամին անգամ այդպես չի անի...
— Լռի՛ր, տեր հայր,— գոչեց պառավը խեղդվողի ձայնով,— աստված իմ մեղքերիս համար ինձ խիստ է պատժում... շո՛ւտ, շո՛ւտ, գրիր կտակս...
— Ինչպե՞ս գրեմ,— հարցրեց քահանան:
Պառավը պահ մի մտածեց, հետո հանկարծ փոքր-ինչ բարձրացավ և ասաց.
— Տեր հա՛յր, որովհետև եղբայրս շատ ատում է ինձ, ուստի և ես նրան թե ներում եմ և թե շատ սիրելուս համար նրան եմ թողնում իմ բոլոր ունեցածս...
Տեր-Գալուստը քարացավ:
— Իսկ ի՞նձ...— մրմնջաց նա։
«Խաթուն Մարեն» չէր լսում նրան։
— Գրի՛ր,— շարունակեց նա ընկնելով անկողնի մեջ — գրիր բոլոր ասածներս, բոլորը նրան եմ թողնում...
Եվ լռեց ու աչքերը փակեց:
Տեր-Գալուստը նորից փոքր-ինչ մտածեց, հետո գլխով մի շարժում գործեց, ժպտեց և արագությամբ սկսեց գրել:
Հինգ րոպե միայն փետուրե գրչի շարժումն և ձայնն էր լսվում խրճիթի մեջ, որից հետո տեր-Գալուստը գրիչը տեղը դրեց և ասաց.
— Աղջիկս, լսո՞ւմ ես ինձ:
— Եղբա՜յրս...— մռնչեց պառավը,— եղբորս բերեք... սուտ է, նա կգա... եղբորս բերեք... աստված իմ, աստված իմ... գթա ինձ...
— Աղջիկս,— կրկնեց քահանան,— կտակդ գրեցի, կարո՞ղ ես ստորագրել։
Պառավը դադարեց գոչելուց և շարժվեց, ելավ նստեց, աչքերը չորս կողմը դարձրեց, մի վայրկյան դիտեց քահանային և ասաց.
— Տեր հայր, տուր գրածդ, որ ստորագրեմ:
Եվ համարյա թե խլելով՝ առավ քահանայի ձեռքից գրիչը:
Այդ միջոցին դրսում շների հաչելու և մի որոտումի նմանվող մարդու ձայներ լսվեցան:
Տեր-Գալուստը գունաթափվեց, ճանաչեց իսկույն «Խաթուն Մարեի» եղբոր ձայնը, թուղթը ցած գցեց և դուրս թռավ խրճիթից գոռալով.
— Չեմ թողնի...
Հազիվ թե դուրս էր գնացել, որ պառավը նորից ընկավ անկողնի մեջ, իսկ տեր-Խորենը դուրս թռավ սնդուկի ետևից, ձեռքի բռնած թուղթը գցեց հիվանդի անկողնի վրա, այնտեղ գրվածը ճմրտկեց, գրպանը դրեց և նորից սահելով մտավ սնդուկի ետև...