1. Կտակ

Chapter 1

Ա

Ծերունի «Խաթուն Մարեն» երբ երեկոյան տուն մտավ, իսկույն անկողին ընկավ և զգաց, որ մեռնելու է:

Ցավ չէր զգում, որովհետև ո՛չ որդի ուներ, ո՛չ թոռներ և ոչ էլ աղջիկներ. ինքն էր միայն մնացել յուր բազմաթիվ ընտանիքից. մի առ մի թաղել էր յուր որդիներին, հետո ամուսնուն, որի վրա քամել էր յուր արտասուքների հետին կաթիլները. այլևս չէր ուզել արևի լույսը տեսնել և կուրացել էր: Սակայն բոլորովին էլ կույր չէր, դեռևս կարողանում էր ճանապարհի վրայի քարերը և առուները տեսնել, ետ կանգնել, երբ երեկոյան գյուղը մտնող նախիրի եզները ցատկոտելով անցնում էին, համբուրել տեր-հոր աջը, երբ նա մոտենում էր, և ավելի ձայներից, քան դեմքերից՝ ճանաչում էր իրեն լավ ճանաչող բոլոր գյուղացիներին:

Բոլորը սիրում էին նրան, որովհետև «Խաթուն Մարեն» շատ բարեսիրտ էր, որովհետև բոլորին նա օգնում էր. սովի ժամանակ թույլ էր տալիս յուր դրացիներին օգտվելու յուր ցորենի ամբարից և վեց կովի արտադրած կաթից. ինքը միայն իրեն բավող կերակրով գոհ էր լինում և հազար օրհնանքներ էր տալիս յուր դրացի հարսներին, որոնք գալիս լվանում էին նրա կեղտոտ շորերը, լողացնում էին նրան, խնամում և դրա փոխարեն «Խաթուն Մարեի» դաշտի ցորենը իրենց ամբարը լցնում և տիրուհուն մի քանի գավաթ կաթ տալուց հետո մնացյալը ժողովում և իրենց մեջ էին բաժանում:

«Խաթուն Մարեն» այդ շատ լավ գիտեր, բայց լռում էր և երբ իրեն ասում էին ուրիշները՝ պատասխանում էր. «մշակըն արժանի է վարձոյ յուրոյ...»։ «Խաթուն Մարեն» թեև հազիվ կարդալ և գրել գիտեր, բայց յուր ամուսնու բարձրաձայն աղոթքները բոլորն էլ միտն էր մնացել:

Ծվստանի գյուղացիներից ոչ մեկը չէր մոռացել նրան։

Բարեպաշտ և կրոնասեր էր, ինչպես ամեն հայի կին, հյուրասեր էր բառի բուն նշանակությամբ, սիրում էր ամենքին, ուստի և ամենքը սիրում էին նրան: Բայց կար մեկը, որ չէր համակրում նրան և այդ էլ «Խաթուն Մարեի» եղբայր Մարգարն էր:

Մարգարը մի մեծ ընտանիքի տեր էր, ուներ արդեն երկու հարսներ և շուտով գուցե ունենար երրորդ թոռը։ Թե ինչու նա չէր սիրում յուր քրոջը այդ մի պատմություն է և կարճ պատմություն:

Երբ «Խաթուն Մարեն» աղջիկ էր և երբ նրա ծնողները կենդանի էին, Մարգարը յուր քրոջ համար գտել էր մի վանեցի ամուսին, բայց ծնողները կամեցել էին իրենց աղջկան չհեռացնել իրենցից, ուստի և համաձայնվել էին սիրուն Մարիամին Խնձոյենց Հայրոյին տալ, որին և սիրում էր աղջիկը: Հայրոն լավ տիրացու էր և նրա ձայնը գրավել էր Մարիամի սիրտը: Մարգարը հակառակեց, և երբ յուր քրոջը ամուսնացնում էին, թքեց և գոչեց առանց մտածելու.

«Շուն դառնամ, եթե էլ ձեզ հետ խոսեմ...»:

Եվ խոսքը պահեց. թեև շատ անգամ կամենում էր հաշտվել յուր քրոջ հետ, թեև շատ արտասվեց, երբ մի առ մի մեռան յուր քրոջ որդիքը և տիրացու Հայրոն՝ փեսան, բայց, կամապաշտ լինելով, կամապաշտ էլ մնաց և մի խոսք իսկ չխոսեց յուր քրոջ հետ:

Մարգարը շատ հարուստ չէր. նրա ունեցած հողերն էլ վաշխառուները պարտքի փոխարեն ձեռքիցն առան, նրա կովերը փոխանակ շատանալու՝ նախ բերած ձագերը ողջ չմնացին, հետո իրենք էլ սատկեցան և Մարգարը մնաց մի քանի ոչխարների, մի կովի և մի բուռ հողի տեր միայն:

Եվ այս բոլոր դժբախտություններին թեև ուզեց դեմ դնել նրա քույրը, թեև «Խաթուն Մարեն» շատ անգամ նրան ուղարկեց յուր կովերը, ուրիշի բերանով խնդրեց, որ դա առնե յուր անտեր մնացած հողերը, սակայն կամապաշտ Մարգարը «չէ ու չէ» էր ասում և չէր ընդունում: Վերջ ի վերջո «Խաթուն Մարեն» այլևս ոչինչ առաջարկեց նրան և ահա տասը տարի կար, որ եղբայր և քույր այլևս ուրիշների միջոցով անգամ իրարու հետ հարաբերություն չէին ունենում:

Կարծում եք, թե չա՞ր էր Մարգարը,— ոչ, միայն կամապաշտի մեկն էր։

Իսկ «Խաթուն Մարեն» էլ չէր կամենում եղբորը ամաչեցնել, ուստի և նրան օգնելու փոխարեն, մյուս խեղճ գյուղացիներին էր անում օգնություն:

Գյուղացիք սիրեցին նրան, Մարիամը Մարե եղավ (մայր) և կանայք կոչեցին նրան «Խաթուն Մարե» (տիկին մայր):

Առավոտյան արթնանում, աղոթում էր, եկեղեցի գնում, տուն դառնում՝ ճաշում էր, հետո մինչև երեկո մնում էր աղքատ գյուղացու տները, պահում էր տանտիկինների ծծի մանուկները, որպեսզի չխանգարեն իրենց մորը, հետո յուր փորձառությամբ ուսած բժշկությամբ օգնում էր մի քանի հիվանդների և երեկոյան տուն էր գալիս, ուր յուր «Եկեսցեն» և «Հայր մերը» ասելուց հետո՝ քնում էր, մտածելով, որ շուտ յուր ամուսնու մոտ պիտի գնար։ Բայց արթնանում էր 70 տարեկան «Խաթուն Մարեն». և միայն մայիսի 5-ին էր, որ երբ տուն դարձավ՝ զգաց, որ մահվան ժամը հասել էր։

Ժպտեց, շնորհակալ եղավ աստծուց և միտքը դրեց առանց ոչ ոքի իմաց տալու՝ մեռնել։

Ուստի և ընկավ անկողնու վրա, ժպտելով մահվան էր սպասում:

Comments