Chapter 1
I
Այդ անցյալ տարվա աշնանն էր։ Շերլոկ Հոլմսի մոտ նստել էր ինչ-որ տարեց ջենտլմեն՝ խիստ մարմնեղ, շիկակարմիր մազերով։ Ես ուզում էի ներս մտնել, բայց տեսնելով, որ երկուսն էլ տարված են խոսակցությամբ, շտապեցի հեռանալ։ Սակայն Հոլմսը ինձ քարշ տվեց սենյակ ու դուռը ծածկեց ետևիցս։
― Դուք իսկը ժամանակին եք եկել, թանկագին Ուոթսն, ― ասաց նա սիրալիր տոնով։
― Վախեցա խանգարեմ ձեզ։ Ինձ թվաց, թե դուք զբաղված եք։
― Այո՛, զբաղված եմ ու նույնիսկ շատ։
― Ավելի լավ չէ՞ սպասեմ հարևան սենյակում։
― Ո՛չ, ո՛չ․․․ Միստր Ուիլսն, ― դիմեց նա հաստլիկին, ― այս ջենտլմենը շատ անգամներ է բարեկամական օգնություն ցույց տվել ինձ իմ ամենահաջող հետազոտություններում։ Չեմ կասկածում, որ և ձեր գործում ևս նա խիստ օգտակար կլինի ինձ։
Հաստլիկը մի փոքր բարձրացավ աթոռից ու գլխով արեց։ Նրա փոքրիկ, ճարպակալած աչքերը հետաքրքրությամբ զննում էին ինձ։
― Նստեցեք այստեղ, բազմոցին, ― ասաց Հոլմսը։
Նա ինքը նստեց բազկաթոռին և, ինչպես միշտ մտազբաղ րոպեներին, զույգ ձեռքի մատների ծայրերը միացրեց իրար։
― Թանկագին Ուոթսն, ― ասաց Հոլմսը, ― ես գիտեմ, որ դուք բաժանում եք իմ սերը դեպի այն ամենը, ինչը արտասովոր է, ինչը խախտում է մեր առօրյա կյանքի միօրինակությունը։ Եթե դուք անսովոր դեպքեր չսիրեիք, այդպիսի եռանդով գրի չէիք սռնի իմ համեստ արկածները․․․ ըստ որում, խղճով ասած, ձեր որոշ պատմվածքները մի փոքր գունազարդված են պատկերում իմ գործունեությունը։
― Բայց ախր ձեր արկածները միշտ էլ այնքան հետաքրքիր են թվացել ինձ, ― առարկեցի ես։
― Դեռ երեկ էր, կարծեմ, ասում էի ձեզ, որ ամենահամարձակ երևակայությունն անգամ ի վիճակի չէ պատկերացնել այն արտասովոր ու տարօրինակ դեպքերը, որոնք պատահում են կյանքում։
― Իսկ ես պատասխանեցի, որ թույլ եմ տալիս կասկածելու ձեր կարծիքի ճշտությանը։
― Բայց և այնպես, դոկտոր, ստիպված պետք է լինեք խոստովանել, որ ես իրավացի եմ, այլապես զարմանալի փաստերի այնպիսի մի հեղեղ կթափեմ ձեր գլխին, որ հարկադրված կհամաձայնեք իմ հետ։ Ահա թեկուզ այն պատմությունը, որը հենց նոր պատմեց միստր Ջեյբեզ Ուիլսնը։ Այն տեղի է ունեցել միանգամայն հասարակ ու առօրյա իրադրության մեջ, մինչդեռ ինձ թվում է, թե ողջ կյանքիս ընթացքում դրանից ավելի հիանալի պատմություն չեմ լսել․․․ Միստր Ուիլսն, բարի եղեք կրկնել ձեր պատմությունը։ Ես այդ խնդրում եմ ոչ միայն նրա համար, որ իմ բարեկամ միստր Ուոթսնը լսի պատմության սկիզբը, այլև որպեսզի ես ինքս հնարավորին չափ ավելի լավ ծանոթանամ ամենաչնչին մանրամասներին։ Սովորաբար հենց որ սկսում են որևէ դեպք պատմել, հիշողությանս մեջ բազմաթիվ նման դեպքեր են արթնանում։ Բայց այս անգամ ստիպված եմ խոստովանել, որ երբևէ նման բան չեմ լսել։
Հաստլիկ այցելուն որոշ հպարտությամբ կուրծքը դուրս ցցեց, վերարկուի ծոցագրպանից դուրս քաշեց մի կեղտոտ, ճմռթված թերթ ու բաց արեց ծնկներին։ Մինչդեռ նա, վիզը դուրս գցած, աչքերն արագությամբ կհածեր հայտարարությունների սյունակների վրա, ես ուշադիր զննեցի նրան ու փորձեցի, Շերլոկ Հոլմսին ընդօրինակելով, հագուստից ու արտաքինից որոշել, թե ինչ մարդ է նա։
Դժբախտաբար, իմ դիտումները համարյա ոչ մի արդյունք չտվին։ Իսկույն կարելի էր նկատել, որ մեր այցելուն ամենասովորական մանր խանութպան է՝ ինքնաբավական, բութ ու դանդաղաշարժ։ Նրա տաբատը գորշ էր, վանդակավոր տոպրակի պես կախ էր ընկած։ Ոչ այնքան մաքուր սև սերթուկի կոճակներն արձակ էին, իսկ մուգ ժիլետի վրա փայլում էր պղնձե ոսկեպատ ու խոշոր մի շղթա, որից իբրև բրելոկ կախված էր միջից ծակ ինչ-որ մետաղի քառանկյուն մի կտոր։ Աթոռին ընկած էին նրա մաշված ցիլինդրը և գունաթափ, գորշ վերարկուն՝ թավշյա ծալծլված օձիքով։ Մի խոսքով, որքան էլ զննեցի այդ մարդուն, ոչ մի ուշագրավ բան չնկատեցի, բացի բոցագույն, շիկակարմիր մազերից։ Պարզ էր, որ նա խիստ շփոթված է ինչ-որ տհաճ դեպքից։
Իմ զբաղմունքը չվրիպեց Շերլոկ Հոլմսի խորաթափանց հայացքից։
― Անշուշտ, ամեն մեկին պարզ է, ― ասաց նա ժպտալով, ― որ մեր հյուրը մի ժամանակ զբաղվել է ֆիզիկական աշխատանքով, բռնոթի է քաշում, ֆրանկմասոն է, եղել է Չինաստանում և վերջին ամիսների ընթացքում շատ է գրել։ Բացի այս ակնբախ փաստերից, ես ուրիշ բան գուշակել չեմ կարող։
Միստր Ջեյբեզ Ուիլսնը վեր թռավ բազկաթոռից և առանց ցուցամատը թերթից հեռացնելու, աչքերը չռեց բարեկամիս վրա։
― Միստր Հոլմս, այդ բոլորն ինչպե՞ս իմացաք, ― հարցրեց նա։ ― Օրինակ, ի՞նչ գիտեք, որ ես զբաղվել եմ ֆիզիկական աշխատանքով։ Ախր ճիշտ որ ես իմ կարիերան սկսել եմ իբրև նավի հյուսն։
― Իմ թանկագին սըր, ձեր ձեռքերը պատմեցին ինձ։ Ձեր աջ ձեռքը մեծ է ձախից։ Դուք աշխատել եք այդ ձեռքով, դրա համար էլ աջ ձեռքի մկաններն ավելի խոշոր են։
― Հապա բռնոթի քաշե՞լը, ֆրանկոմասոնությո՞ւնը․․․
― Ֆրանկոմասոնության մասին դժվար չէ գլխի ընկնել, քանի որ դուք, հակառակ ձեր ընկերության խիստ կանոնադրության, կրում եք աղեղի ու շրջագծի պատկերով կոճակ։
― Ա՛խ, այդպե՜ս․․․ Ես այդ մոռացել էի։ Բայց ո՞նց գլխի ընկաք, որ ես շատ եմ գրել։
― Ուրիշ ինչի մասին կարող է վկայել ձեր պսպղացող աջ թևքը և թևքի մահուդը, որ ձախ արմունկի մոտ տրորվել է փայլելու աստիճան։
― Իսկ Չինաստա՞նը։
― Միայն Չինաստանում կարող են կտել այն ձկնիկը, որ երևում է ձեր աջ նախադաստակին։ Ես ուսումնասիրել եմ կտումները, նույնիսկ գիտական հոդվածներ եմ գրել դրանց մասին։ Ձկան թեփը քնքուշ վարդագույն ներկելու սովորությունը հատուկ է միայն Չինաստանին։ Տեսնելով ձեր ժամացույցի շղթայի չինական դրամը, ես վերջնականապես համոզվեցի, որ դուք եղել եք Չինաստանում։
Միստր Ջեյբեզ Ուիլսնը բարձրաձայն քրքջաց։
― Այ թե ի՜նչ, ― ասաց նա։ ― Սկզբում ես կարծեցի, թե աստված գիտե ինչ դժվար է գուշակել, բայց պարզվում է, որ շատ հասարակ բան է։
― Ուոթսն, ― ասաց Հոլմսը, ― սկսում եմ մտածել, որ սխալ գործեցի բացատրելով, թե ինչպես հանգեցի իմ եզրակացություններին։ Ինչպես հայտնի է՝ «Omne ignotum pro magnifico», և իմ համեստ փառքին կործանում է սպասում, եթե այսպես անկեղծ լինեմ։ Միստր Ուիլսն, հայտարարությունը գտա՞ք։
― Գտա, ― պատասխանեց նա, հաստ կարմիր մատը պահելով թերթի սյունակի կենտրոնում։ ― Հրես։ Ամեն ինչ հենց սրանից էլ սկսվեց։ Ինքներդ կարդացեք, սըր։
Ես վերցրի թերթն ու կարդացի․
Կարմրահերների միություն։ Ի կատարումն հանգուցյալ Հեզեկիա Հոպկինսի կտակի (Լեբանոն, Պենսիլվանիա, ԱՄՆ), բացված է միության անդամի նոր ազատ տեղ։ Առաջարկվում է աշխատավարձ՝ շաբաթական չորս ֆունտ ստեռլինգ՝ զուտ անվանական ծառայության դիմաց։ Քսանմեկ տարեկանից ոչ փոքր ամեն մի կարմրահեր, որ ունի առողջ դատողություն ու զգաստ հիշողություն, կարող է պիտանի լինել այդ աշխատանքի համար։ Դիմել անձամբ Դունկան Ռոսսին, երկուշաբթի օրը, ժամը տասնմեկին, միության գրասենյակ, Ֆիլտ-ստրիտ, Պոպս-կոորտ։
― Սատանան տանի, այս ի՞նչ է նշանակում, ― բացականչեցի ես, երկու անգամ կարդալով արտասովոր հայտարարությունը։
Հոլմսը անձայն ծիծաղեց ու մի տեսակ ամբողջ մարմնով կուչ եկավ բազկաթոռի մեջ, իսկ դա պարզ նշան էր, որ նա մեծ բավականություն է զգում։
― Այնքան էլ աննշան հայտարարություն չէ, հը՞, ինչ կասեք, ― հարցրեց նա։ ― Դե, միստր Ուիլսն, շարունակեցեք ձեր պատմությունը։ Պատմեցեք ձեր և ձեր տան մասին, այն մասին, թե այդ հայտարարությունն ինչ դեր խաղաց ձեր կյանքում։ Իսկ դուք, դոկտոր, խնդրում եմ գրեք, թե ինչ թերթ է այդ և ամսի քանիսինն է։
― «Առավոտյան քրոնիկոն»։ 27 ապրիլի 1890 թվական։ Ուղիղ երկու ամիս առաջ։
― Շատ լավ։ Շարունակեցեք, միստր Ուիլսն։
― Ինչպես արդեն ասացի, միստր Շերլոկ Հոլմս, ― խոսքը շարունակեց Ջեյբեզ Ուիլսնը, ճակատը սրբելով, ― Սիտիի մոտերքում, Սեքս-Կոբուրգսկվերի վրա ես մի փոքրիկ փոխատու գանձարկղ ունեմ։ Իմ գործերը առաջ էլ մի բանի նման չէին, իսկ վերջի երկու տարիները եկամուտս այնքան էր լինում, որ հազիվ էի մի կերպ ծայրը ծայրին հասցնում։ Մի ժամանակ երկու օգնական էի պահում, բայց հիմա միայն մեկն է․ նրան վճարելն էլ ինձ համար դժվար կլիներ, բայց նա համաձայնեց կես ռոճիկով աշխատել, որպեսզի հնարավորություն ունենա ուսումնասիրելու իմ գործը։
― Ի՞նչ է այդ պատրաստակամ պատանու անունը, ― հարցրեց Շերլոկ Հոլմսը։
― Նրա անունը Վինսենթ Սպոլդինգ է և ամենևին էլ պատանի չէ։ Դժվար է ասել, թե նա քանի տարեկան է։ Հազիվ թե կարողանայի նրանից ավելի ճարտար օգնական ճարել։ Ես շատ լավ գիտեմ, որ նա կարող էր լիովին յոլա գնալ առանց ինձ ու երկու անգամ ավելի շատ վաստակել։ Բայց քանի որ նա գոհ է, ես ինչո՞ւ պիտի նրա գլուխն այնպիսի մտքեր մտցնեմ, որոնք վնաս հասցնեն իմ շահերին։
― Իսկապես որ, ինչո՞ւ։ Տեսնում եմ, որ ձեր բախտը լավ բերել է․ դուք ունեք մի օգնական, որին վճարում եք ավելի քիչ, քան նույնպիսի աշխատանքի համար ուրիշները վճարում են։ Մեր ժամանակներում այնքան էլ հաճախ չեն պատահում այդպիսի անշահախնդիր ծառայողներ։
― Օ՜, իմ օգնականը պակասություններ էլ ունի, ― ասաց միստր Ուիլսնը։ ― Ես դեռ երբեք չեմ պատահել մի մարդու, որն այդպես տարվեր լուսանկարչությամբ։ Աշխատանքի ժամին չրթացնում է ապարատը, հետո ծլկում է նկուղ, ոնց որ ճագարն իր բույնը, թիթեղիկները երևակելու։ Նրա գլխավոր պակասությունն այդ է։ Մնացած բաներում լավ աշխատող է։
― Հուսով եմ, որ նա հիմա էլ ծառայում է ձեր մոտ։
― Այո՛, սըր։ Նա է, մեկ էլ տասնչորս տարեկան մի աղջիկ, որը բան-ման է պատրաստում մեզ համար ու սենյակը հավաքում։ Ուրիշ մարդ չկա․ ես մենակ եմ, առանց երեխաների։ Մենք երեքով սուսիկ-փուսիկ ապրում ենք մեզ համար, սըր, օջախի կրակը վառ պահում ու վճարում ըստ հաշիվների՝ ահա մեր ողջ ծառայությունը․․․ Այդ հայտարարությունը մեզ հունից հանեց, ― շարունակեց միստր Ուիլսնը։ ― Այսօր լրացավ ութ շաբաթ այն օրից, ինչ Սպոլդինգը ներս եկավ գրասենյակ այդ թերթը ձեռքին ու ասաց․
«Միստր Ուիլսն, ես կուզեի, որ աստված ինձ շիկակարմիր ստեղծած լիներ»։
«Ինչո՞ւ, ― հարցրի ես»։
«Այ, տեսեք, ― ասաց նա, ― Կարմրահերների միությունում նոր ազատ տեղ է բացվել։ Ով այդ տեղն զբաղեցնի, վատ եկամուտ չի ունենա։ Այնտեղ, հավանորեն, շատ ավելի տեղեր կան, քան թեկնածուներ։ Կտակատարները գլուխ են ջարդում, չիմանալով, թե փողերն ինչ անեն։ Եթե իմ մազերն ընդունակ լինեին իրենց գույնը փոխելու, ես անպայման կօգտվեի այդ շահավետ տեղից։
«Այդ ի՞նչ Կարմրահերների միություն է», ― հարցրի ես։
― Բանն այն է, միստր Հոլմս, որ ես մեծ տնկալ եմ, և քանի որ հարկ չի լինում վազվզել գործի հետևից, այլ գործն ինքն է գալիս ինձ մոտ, երբեմն ես ամբողջ շաբաթներով ոտքս տնից դուրս չեմ դնում։ Ահա ինչու շատ քիչ գիտեմ, թե աշխարհում ինչ է կատարվում, և միշտ ուրախ եմ նորություններ լսելու․․․
«Մի՞թե երբեք չեք լսել Կարմրահերների միության մասին», ― հարցրեց Սպոլդինգը, աչքերը լայն չռելով։
«Երբե՛ք»։
«Այդ ինձ շատ է զարմացնում, որովհետև դուք այն մարդկանցից մեկն եք, ովքեր իրավունք ունեն գրավել այդ ազատ տեղը»։
«Իսկ դա շա՞տ եկամուտ կարող է բերել», ― հարցրի ես։
«Տարեկան երկու հարյուր ֆունտ ստեռլինգից ոչ ավելի, բայց աշխատանքը չնչին է և այնպիսին, որ չի խանգարում ուզածդ գործով զբաղվելու»։
Հասկանալի է, որ ականջներս սրեցի, քանի որ վերջին ժամանակներս իմ ձեռնարկությունը շատ չնչին եկամուտ էր բերում, և տարեկան երկու հարյուր ֆունտը խիստ տեղին կլիներ։
«Պատմեցեք այն բոլորը, ինչ գիտեք այդ միության մասին», ― ասացի ես։
«Ինչպես ինքներդ էլ տեսնում եք, ― պատասխանեց Սպոլդինգը, ցույց տալով հայտարարությունը, ― Կարմրահերների միությունում ազատ տեղ կա, ահա և հասցեն, ուր կարող եք դիմել տեղեկանքի համար, եթե ուզում եք մանրամասնություններն իմանալ։ Որքան հայտնի է ինձ, այդ միությունը հիմնադրել է ամերիկացի միլիոնատեր Հեզեկիա Հոպկինսը, որը խելառի մեկն էր։ Նա ինքն էլ թունդ շիկակարմիր մազեր ուներ և համակրում էր աշխարհի բոլոր կարմրահերներին։ Մեռնելիս նա մի հսկայական գումար է թողել իր կտակակատարներին, ցանկություն հայտնելով գործադրել այն՝ վառ շիկակարմիր մազեր ունեցող մարդկանց վիճակը թեթևացնելու համար։ Ինձ ասել են, որ այդ բախտավորներին սքանչելի աշխատավարձ են վճարում, համարյա ոչ մի աշխատանք չպահանջելով նրանցից։
«Բայց ախր կարմրահերները միլիոնավորներ են, ― ասացի ես, ― և ամեն մեկը կուզենա գրավել այդ ազատ տեղը»։
«Այնքան էլ շատ չեն, որքան ձեզ թվում է, ― պատասխանեց նա։ ― Ինչպես տեսնում եք, հայտարարությունն ուղղված է միայն լոնդոնցիներին, ըստ որում միայն մեծերին։ Այդ ամերիկացին ծնվել է Լոնդոնում, այստեղ է անցկացրել պատանեկությունը և կամեցել է բարերարություն անել իր հարազատ քաղաքին։ Բացի դրանից, որքան լսել եմ, այն անձինք, որոնց մազերը բաց շիկակարմիր են կամ մուգ շիկակարմիր, իզուր կդիմեն միությանը, այնտեղ պահանջվում են վառ, շլացուցիչ, կրակաշիկակարմիր մազերով մարդիկ։ Միստր Ուիլսն, եթե ուզում եք օգտվել այդ առաջարկից, բավական է միայն հասնեք միության գրասենյակ։ Բայց իմաստ ունի՞ արդյոք, որ դուք մի քանի հարյուր ֆունտ ստեռլինգի համար կտրվեք ձեր հիմնական զբաղմունքից»։
Ինչպես ինքներդ էլ բարեհաճում եք տեսնել, ջենտլմեններ, ես խիստ գունեղ, հարուստ երանգի վառ շիկակարմիր մազեր ունեմ և ինձ թվում էր, որ եթե բանը հասներ Կարմրահերների միության, ես հավանորեն շանսեր կունենայի գրավելու ազատվող տեղը։ Վինսենտ Սպոլդինգը, իբրև այդ գործում ամեն ինչից տեղյակ, կարող էր մեծ օգուտ տալ ինձ, ուստի կարգադրեցի նրան ամբողջ օրը փակել փեղկերը և ուղեկցել ինձ մինչև միության շենքը։ Նա շատ ուրախացավ, որ այսօր չի աշխատելու, և մենք, գրասենյակը փակելով, քայլերս ուղղեցինք դեպի հայտարարության մեջ նշված հասցեն։
Միստր Հոլմս, ես մի այնպիսի տեսարան տեսա, որի նմանն այլևս երբեք չի վիճակվի տեսնել։ Հյուսիսից, հարավից, արևելքից ու արևմուտքից հայտարարության հետքերով դեպի Սիտի էին մղվում բոլոր այն մարդիկ, որոնց մազերը թեկուզ մի փոքր շիկակարմիր երանգ ունեին։ Ամբողջ Ֆլիտ-ստրիտը լցված էր կարմրահերներով, իսկ Պոպս-կոորտը նման էր նարնջավաճառի սայլակի։ Երբեք մտքովս չէր անցել, որ Անգլիայում այդքան կարմրահերներ կան։ Այստեղ կային շիկակարմիր գույնի բոլոր երանգները․ հարդագույն, կիտրոնագույն, աղյուսագույն, իսլանդական սետտերի գույնի, լեղիի և կավի գույնի։ Բայց ինչպես Սպոլդինգն էր ասում, իսկական կենդանի, վառ, հրեղեն գույնի գլուխներ քիչ կային այստեղ։ Այնուամենայնիվ, տեսնելով մի այդպիսի ամբոխ, ես հուսահատվեցի։ Սպոլդինգն իրեն չկորցրեց։ Չգիտեմ, թե այդ ինչպես հաջողվեց նրան, բայց նա հրհրում ու առաջ էր խցկվում այնպիսի եռանդով, որ ինձ անցկացրեց բազմության միջով, և մենք շուտով հայտնվեցինք գրասենյակի աստիճանների վրա։ Աստիճաններով շարժվում էր մարդկային կրկնակի մի հոսանք․ ոմանք բարձրանում էին՝ լի հաճելի հույսերով, մյուսները իջնում էին արդեն հուսախաբ։ Մենք խցկվում էինք առաջ և շուտով գրասենյակում էինք։
― Անչափ հետաքրքիր պատմություն է, ― ասաց Հոլմսը, երբ այցելուն լռեց, որպեսզի հիշողությունը թարմացնի բռնոթի քաշելով, ― խնդրեմ, շարունակեցեք։
― Գրասենյակում ոչինչ չկար, բացի մի զույգ փայտե աթոռներից ու սոճու հասարակ սեղանից, որի մոտ նստել էր ինձանից էլ կարմրահեր մի մարդուկ։ Նա յուրաքանչյուր թեկնածուի հետ մի քանի խոսք էր փոխանակում, երբ նրանք մոտենում էին սեղանին, և ամեն մեկի մեջ մի որևէ պակասություն գտնում էր։ Երևում է, այդ ազատ տեղը գրավելն այդքան էլ հեշտ բան չէր։ Բայց երբ մենք էլ մեր հերթին սեղանին մոտեցանք, փոքրիկ մարդուկն ինձ դիմավորեց շատ ավելի սիրալիր, քան մնացած թեկնածուներին։ Հազիվ էինք ներս մտել, և նա փակեց դուռը, որպեսզի զրուցի մեզ հետ առանց կողմնակի մարդկանց։
«Սա միստր Ջեյբեզ Ուիլսնն է, ― ասաց իմ օգնականը։ ― Նա կուզենար գրավել ազատ տեղը ձեր միությունում։
«Եվ նա լիովին արժանի է դրան, ― պատասխանեց մարդուկը։ ― Վաղուց ես այսպիսի հիանալի մազեր չէի տեսել»։
Նա մի քայլ ետ գնաց, գլուխը թեքեց կողքի և այնքան երկար նայեց մազերիս, որ ես անհարմար զգացի։ Հետո առաջ նետվեց, հափշտակեց ձեռքս և ջերմորեն շնորհավորեց ինձ։
«Իմ կողմից անարդարացի կլիներ դանդաղելը, ― ասաց նա։ ― Սակայն հուսով եմ կներեք ինձ, եթե որոշ նախազգուշական միջոցների դիմեմ»։
Նա երկու ձեռքով ճանկեց մազերս և այնպես ձիգ տվեց, որ ես ցավից ոռնացի։
«Ձեր աչքերում արցունքներ եմ տեսնում, ― ասաց նա մազերս բաց թողնելով։ ― Ուրեմն, ամեն ինչ կարգին է։ Ներեցեք, բայց մենք ստիպված ենք զգույշ լինել, որովհետև երկու անգամ խաբել են մեզ կեղծամի օգնությամբ և մի անգամ՝ ներկի։ Ես կարող եմ պատմել ձեզ այնպիսի անազնիվ արարքների մասին, որոնք զզվանք կառաջացնեին ձեր մեջ դեպի մարդիկ»։
Նա մոտեցավ լուսամուտին և կոկորդով մեկ բղավեց, որ թափուր տեղն զբաղված է։ Ներքևից լսվեց հիասթափության հառաչանք, բազմությունը ցրվեց տարբեր ուղղություններով և շուտով ողջ այդ թաղում ոչ մի կարմրահեր մարդ չմնաց, բացի ինձանից և այն մարդուց, որն ինձ վարձում էր։
«Իմ անունը միստր Դունկան Ռոսս է, ― ասաց նա։ ― Ես էլ եմ թոշակ ստանում այն ֆոնդից, որ թողել է մեզ մեր մեծահոգի բարերարը։ Միստր Ուիլսն, դուք ամուսնացա՞ծ եք, ընտանիք ունե՞ք»։
Ես պատասխանեցի, որ կինս մահացել է։ Նրա դեմքին երևաց վշտի արտահայտություն։
«Աստվա՜ծ իմ, ― մռայլ ասաց նա։ ― Ախր դա շատ լուրջ արգելակ է։ Որքա՜ն ցավալի է, որ դուք ամուսնացած չեք։ Ֆոնդն ստեղծվել է շիկակարմիրների բազմացման ու տարածման, և ոչ թե միայն նրանց կյանքն ապահովելու համար։ Ի՜նչ դժբախտություն, որ դուք ամուրի եք»։