1. Թզուկ Քիթը

Chapter 2

II

Յակովին տեսնելով՝ վերակացուն դէմք զարհուրելի ծռմռեց եւ որքան կարող էր ամուր սեղմեց շուրթերը, որպէսզի չծիծաղի․ նրա դիրքը թոյլ չէր տալիս, որ ձիապանների առաջ ինքը հռհռա։ Նա հաւաքուածներին ցրեց իր մտրակով։ Յակովի ձեռքը բռնեց, տարաւ նրան պալատ եւ հարցրեց, թէ ինչ է ուզում։ Իմանալով, որ Յակովն ուզում է խոհանոցի պետին տեսնել, վերակացուն գոչեց․

— Սխալւում ես, տղաս։ Քեզ հարկաւոր եմ ես՝ պալատի վերակացուն։ Չէ՞ որ դու ուզում ես հերցոգի մօտ ծառայութեան մտնել որպէս թզուկ․ այդպէս չէ՞։

— Ոչ, տէր իմ,— պատասխանեց Յակովը։— Ես լաւ խոհարար եմ, կարողանում եմ ամէն տեսակ հազուագիւտ ուտելիքներ պատրաստել։ Խնդրում եմ տարէք ինձ խոհանոցի պետի մօտ։ Գուցէ նա կհամաձայնի փորձել իմ արուեստը։

— Կամքը քոնն է, պստլիկ,— պատասխանեց վերակացուն— Երեւում է, դու դեռ անմիտ ջահել ես։ Եթէ պալատական թզուկ դառնայիր, կարող էիր առանց մի գործ անելու ուտել, խմել, զուարճանալ եւ գեղեցիկ հագուստով պտտել, այնինչ դու ուզում ես խոհանոց գնալ։ Բայց դեռ կը տեսնենք։ Հազիւ թէ դու այնքան հմուտ խոհարար լինես, որ կարողանաս ուտելիք պատրաստել հերցոգի համար, իսկ խոհարարի աշակերտ լինելու համար ափսոս ես։

Այս ասելով՝ վերակացուն Յակովին տարաւ խոհանոցի պետի մօտ։ Թզուկը խոր գլուխ տուեց նրան եւ ասաց․

— Ողորմած տէր, արդեօք ձեզ հմուտ խոհարար հարկաւոր չէ՞։

Խոհանոցի պետը ոտքից գլուխ դիտեց Յակովին եւ բարձր քրքջաց։

— Դու ուզում ես խոհարար լինել,— բացականչեց նա։— Ի՞նչ է, դու կարծում ես մեր խոհանոցում սալօջախներն այդքան ցա՞ծր են։ Ախր դու նրանց վրայ ոչինչ չես տեսնի, եթէ նոյնիսկ թաթերիդ ծայրերի վրայ բարձրանաս։ Ոչ, սիրելի բարեկամս։ Ով որ քեզ խորհուրդ է տուել ինձ մօտ խոհարար մտնել, վատ կատակ է արել քեզ հետ։

Եւ խոհանոցի պետը նորից քրքջաց, նրա հետ էլ պալատի վերակացուն եւ սենեակում բոլոր եղածները։ Բայց Յակովը չշփոթուեց։

— Տէր իմ, խոհանոցի պետ,— ասաց նա,— ձեզ համար երեւի մեծ ցաւ չի լինի զոհել երկու֊երեք ձու, մի քիչ ալիւր, գինի եւ համեմունք։ Յանձնարարեցէք ինձ պատրաստել որեւէ համեղ ուտելիք եւ հրամայեցէք ինձ տալ այն ամէնը, ինչ հարկաւոր է դրա համար։ Ես այդ ուտելիքը կը պատրաստեմ արագ, բոլորի աչքի առաջ, եւ դուք կասէք․ «Այ, սա իսկական խոհարար է»։

Երկար ժամանակ թզուկը համոզում էր խոհանոցի պետին՝ փայլեցնելով իր մանրիկ աչքերը, համոզիչ ձեւով շարժելով իր գլուխը, եւ վերջապէս խոհանոցի պետը համաձայնուեց։

— Լաւ,— ասաց նա։— Եկ կատակի համար փորձենք։ Բոլորս գնանք խոհանոց, դուք եւս, պարոն վերակացու։

Նա պալատի վերակացուին թեւանցուկ արաւ եւ Յակովին հրամայեց հետեւել իրեն։ Երկար քայլում ին ինչ֊որ շքեղ սենեակներով ու երկար միջանցքներով, եւ վերջապէս հասան խոհանոց։ Դա մի բարձր, ընդարձակ շէնք էր, քսան օդանցք ունեցող մի հսկայական սալօջախով, որի տակ գիշեր֊ցերեկ վառվում էր կրակը։ Խոհանոցի մէջտէղը կար ջրով լի մի աւազան, որի մէջ կենդանի ձուկ էին պահում, իսկ պատերի տակ շարուած էին մարմարէ ու փայտէ պահարաններ՝ լի թանկագին ամանեղէնով։ Խոհանոցի կողքին, տասը վիթխարի պահեստներում պահւում էին ամէն տեսակ նպարեղէն ու քաղցրեղէն։ Խոհարարները, նրանց աշակերտները, աման լուացողները խոհանոցում դես ու դէն էին վազվզում շրխկշրխկացնելով կաթսաները, թաւաները, գդալներն ու դանակները։ Հենց որ խոհանոցի պետը երեւաց, բոլորը տեղերում քարացան եւ խոհանոցում լռութիւն տիրեց։ Միայն կրակն էր շարունակում ճրթճրթալ սալօջախի տակ եւ աւազանի ջուրն էր առաջուայ պէս կարկաչում։

— Պարոն հերցոգն այսօր ի՞նչ է պատուիրել առաջին նախաճաշի համար,— հարցրեց խոհանոցի պետը նախաճաշերի գլխաւոր կառավարչին, որ սպիտակ թասակը գլխին մի հաստափոր ծերունի խոհարար էր։

— Նորին պայծառափայլութիւնը բարեհաճել է պատուիրել դանիական արգանակ՝ համբուրգեան կարմիր խմորագնդիկներով,— հարգալից պատասխանեց խոհարարը։

— Լաւ,— ասաց խոհանոցի պետը։— Դու լսեցի՞ր, թզուկ, թէ պարոն հերցոգն ինչ է ուզում ուտել։ Կարելի՞ է քեզ վստահել այդպիսի դժուար ուտելիքներ պատրաստելը։ Համբուրգեան խմորագնդիկներ պատրաստել քեզ ոչ մի կերպ չի յաջողուի։ Դա մեր խոհարարների գաղտնիքն է։

— Դրանից էլ հեշտ բան չկայ,— պատասխանեցի թզուկը (երբ նա սկիւռ էր եղել, պառաւի համար յաճախ էր պատրաստել այդ ուտելիքը)։ Արգանակի համար ինձ տուէք այսինչ ու այսինչ տեսակ խոտեր եւ համեմունքներ, վայրի վարազի ճարպ, ձու եւ արմտիք։ Իկս խմորագնդիկների համար,— նա սկսեց խօսել ցածր, որպէսզի բացի խոհանոցի պետից եւ նախաճաշերի կառավարչից, ուրիշ ոչ ոք իրեն չլսի,— իսկ խմորագնդիկների համար ինձ հարկաւոր է չորս տեսակի միս, մի քիչ գինի, սագի ճարպ, կոճապղպեղ եւ մի տեսակ խոտ, որ կոչւում է «ստամոքսի մխիթարութիւն»։

— Երդւում եմ պատուովս, որ ճիշտ է,— գոչեց զարմացած խոհարարը։— Այդ ո՞ր կախարդն է սովորեցրել քեզ։ Դու ամէն ինչ մանրամասն թուեցիր։ Իսկ «ստամոքսի մխիթարութիւն» խոտի մասին ես ինքս առաջին անգամ քեզանից եմ լսում։ Դու ուղղակի հրաշք ես եւ ոչ թէ խոհարար։

— Ա՜յ քեզ բան… Մտքովս էլ չէր անցնի,— ասաց խոհանոցի պետը։— Բայց եկէք փորձ անենք։ Տուէք սրան մթերքները, ամաններ եւ ինչ֊որ հարկաւոր է, թող հերցոգի նախաճաշը պատրաստի։

Խոհարարի աշակերտները կատարեցին նրա հրամանը, բայց երբ ամէն բան, ինչ֊որ հարկաւոր էր, դրին սալօջախի վրայ եւ թզուկն ուզեց նախաճաշ պատրաստելն սկսել, պարզուեց, որ նրա երկար քթի ծայրը հազիւ է հասնում սալօջախի պռունկին։ Ստիպուած մի աթոռ քաշեցին սալօջախի մօտ, թզուկը բարձրացաւ նրա վրայ եւ սկսեց պատրաստել։ Խոհարարները, նրանց աշակերտները, աման լուացողները խիտ օղակով շրջապատել էին թզուկին եւ զարմանքից աչքները չռած նայում էին, թէ ինչ արագութեամբ ու ճարպկութեամբ է նա ամէն ինչ պատրաստում։

Ուտելիքը եփելու համար նախապատրաստելուց յետոյ թզուկը հրամայեց երկու կաթսան էլ դնել կրակի վրայ եւ չվերցնել, մինչեւ ինքը չհրամայի։ Յետոյ նա սկսեց հաշուել՝ մէկ, երկու, երեք, չորս— եւ հասնելով ուղիղ հինգ հարիւրի՝ գոչեց․ «Բաւակա՛ն է»։

Խոհարարի աշակերտները կաթսաները ետ քաշեցին կրակի վրայից, եւ թզուկը խոհանոցի պետին առաջարկեց իր պատրաստած ուտելիքի համը տեսնել։ Գլխաւոր խոհարարը հրամայեց մի ոսկէ գդալ տալ, աւազանի ջրում ողողեց այն եւ յանձնեց խոհանոցի պետին։ Սա հանդիսաւոր կերպով մօտեցաւ սալօջախին, վերցրեց գոլորշի արձակող կաթսայի խուփը եւ արգանակի ու խմորագնդիկների համը տեսաւ։ Մի գդալ արգանակ կուլ տալով՝ նա հիացմունքով աչքերը կկոցեց, լեզուն մի քանի անգամ ծլթացրեց ու ասաց․

— Սքանչելի՜ է, սքանչելի, պատուովս եմ երդւում։ Չէի՞ք ուզի համոզուել, պալատի պարոն վերակացու։

Պալատի վերակացուն գլուխ տալով գդալը վերցրեց, համը տեսաւ եւ բաւականութիւնից քիչ մնաց վեր ցատկի։

— Ես ձեզ վիրաւորել չեմ ուզում, թանկագին նախաճաշի կառավարիչ,— ասաց նա,— դուք հիանալի, փորձուած խոհարար էք, բայց այսպիսի արգանակ եւ այսպիսի խմորագնդիկներ պատրաստել դեռ երբեք չի յաջողուել ձեզ։

Խոհարարը նոյնպէս փորձեց երկու ուտելիքը, հարգանքով սեղմեց թզուկի ձեռքը եւ ասաց․

— Պստլիկ, դու մեծ վարպետ ես։ Քո ստամոքսի մխիթարութիւն խոտը արգանակին եւ խմորագնդիկներին առանձնայատուկ համ է տալիս։

Այդ ժամանակ խոհանոց եկաւ հերցոգի սպասաւորը եւ իր տիրոջ համար նախաճաշ պահանջեց։ Իսկոյն ուտելիքը դրին արծաթէ պնակների մէջ եւ վերեւ ուղարկեցին։ Խոհանոցի պետը շատ գոհ սրտով թզուկին տարաւ իր սենեակը եւ ուզում էր նրան հարց ու փորձ անել, թէ ով է նա եւ որտեղից է լոյս ընկել։ Բայց հենց որ նրանք նստեցին եւ սկսեցին զրուցել, հերցոգի մօտից մարդ եկաւ խոհանոցի պետի մօտ եւ ասաց, որ հերցոգը նրան կանչում է։ Խոհանոցի պետը շտապ հագաւ իր ամենալաւ շորերը եւ գնաց սեղանատուն։

Հերցոգն այնտեղ մեկնուել էր իր խոր գահաւորակի մէջ։ Նա մաքրազարդել էր պնակներում եղած ամբողջ նախաճաշը եւ մետաքսէ թաշկինակով մօրուքն էր սրբում։ Նրա դէմքը փայլում էր, նա գոհունակութիւնից կկոցել էր աչքերը։

— Լսիր,— ասաց նա տեսնելով խոհանոցի պետին,— ես միշտ շատ գոհ եմ եղել քո ուղարկած ուտելիքներից, բայց այսօր նախաճաշն առանձնապէս համեղ էր։ Ասա ինձ, ի՞նչ է այն խոհարարի անունը, որ պատրաստել է այն։ Ես ուզում եմ նրան մի քանի դուկատ նուէր ուղարկել։

— Տէր իմ, այսօր մի զարմանալի պատմութիւն պատահեց,— ասաց խոհանոցի պետը։

Եւ նա հերցոգին պատմեց, թէ ինչպէս առաւօտեան իր մօտ բերին մի թզուկ, որն անպայման ուզում է դառնալ պալատական խոհարար։ Հերցոգը նրա պատմութիւնը լսելով շատ զարմացաւ։ Հրամայեց թզուկին կանչել եւ սկսեց հարց ու փորձ անել, թէ ով է նա։ Խեղճ Յակովը չէր ուզում ասել, որ ինքը եօթ տարի սկիւռ է եղել ու ծառայել է պառաւին, բայց նա սուտ խօսել էլ չէր սիրում։ Ուստի հերցոգին միայն ասաց, որ ինքն այժմ ոչ հայր ունի, ոչ մայր, եւ որ իրեն ուտելիքներ եփել սովորեցրել է մի պառաւ։ Հերցոգը երկար ժամանակ զայրացած նայում էր թզուկի տարօրինակ կերպարանքին, եւ վերջապէս, ասաց․

— Լաւ, թող այդպէս էլ լինի։ Մնա ինձ մօտ։ Ես քեզ կը տամ տարեկան յիսուն դուկատ, մէկ ձեռք տօնական շոր եւ բացի դրանից՝ երկու զոյգ ոտաշոր։ Դրա դիմաց դու պէտք է ամէն օր ինքդ պատրաստես իմ նախաճաշը, հետեւես, թէ ինչպէս են ճաշը պատրաստում, եւ ընդհանրապէս վերահասու լինես իմ սեղանին։ Եւ, բացի դրանից, ինձ մօտ բոլոր ծառայողներին ես մականուններ եմ տալիս։ Դու կոչուելու ես Թզուկ Քիթ եւ կը ստանաս խոհանոցի պետի օգնականի կոչում։

Թզուկ Քիթը խոր գլուխ տուեց հերցոգին, շնորհակալութիւն յայտնեց նրա ողորմութեան համար, եւ երբ հերցոգը նրան արձակեց, ուրախ֊ուրախ վերադարձաւ խոհանոց։ Այժմ արդեն նա կարող էր չանհանգստանալ իր վիճակի մասին եւ չմտածել, թէ վաղն ինչ է պատահելու իրեն։

Նա որոշեց երախտահատոյց լինել իր տիրոջը, եւ ոչ միայն ինքը՝ քաղաքի կառավարիչը, այլեւ նրա բոլոր պալատականները շարունակ գովաբանում էին փոքրիկ խոհարարին։ Այն օրուանից, ինչ Թզուկ Քիթը տեղաւորուել էր պալատում, հերցոգը, կարելի է ասել, բոլորովին ուրիշ մարդ էր դարձել։ Առաջ յաճախ էր պատահում, որ նա պնակներ ու բաժակներ էր նետում խոհարարների վրայ, երբ դուր չէր գալիս նրանց պատրաստած ուտելիքը, իսկ մի անգամ էլ այնպէս էր բարկացել, որ նոյնիսկ խոհանոցի պետի վրայ էր նետել վատ տապակած հորթի ոտքը։ Ոտքը դիպել էր խեղճ պետի ճակատին, եւ դրանից յետոյ նա երեք օր անկողնում պառկած էր մնացել։ Բոլոր խոհարարները դողում էին սարսափից, երբ հերցոգի համար ուտելիք էին պատրաստում։

Բայց Թզուկ Քթի երեւալուն պէս ամէն ինչ փոխուեց։ Հերցոգն այժմ օրական ոչ թէ առաջուայ պէս երեք, այլ հինգ անգամ էր ուտում, եւ շարունակ գովաբանում էր թզուկի վարպետութիւնը։ Պատրաստած բոլոր ուտելիքները նրան թւում էին սքանչելի, եւ նա օրեցօր գիրանում էր։ Նա յաճախ թզուկին խոհանոցի պետի հետ միասին հրաւիրում էր իր սեղանին եւ ստիպում իրենց պատրաստած ուտելիքի համը տեսնել։

Քաղաքի բնակիչներն անչափ զարմանում էին այդ չտեսնուած թզուկի վրայ։ Ամէն օր պալատի խոհանոցի դռան առաջ մեծ բազմութիւն էր հաւաքւում․ բոլորն էլ գլխաւոր խոհարարին խնդրում, աղաչում էին, որ սա թոյլ տա գէթ մի աչքով տեսնել, թէ թզուկն ինչպէս է ուտելիք պատրաստում։ Իսկ քաղաքի հարուստները մէկը միւսի առաջն ընկնելով հերցոգից թոյլտւութիւն էին խնդրում, որ իրենց խոհարարներին ուղարկեն նրա խոհանոցը, որպէսզի թզուկից ուտելիքներ պատրաստել սովորեն։ Այդ բանը թզուկին քիչ եկամուտ չէր տալիս․ իւրաքանչիւր աշակերտի համար նրան օրական կէս դուկատ էին վճարում, բայց նա բոլոր փողերը տալիս էր միւս խոհարարներին, որպէսզի նրանք իրեն չնախանձեն։

Այդպէս Յակովը պալատում ապրեց մօտ երկու տարի։ Նա թերեւս գոհ լինէր իր վիճակից, եթէ այնքան յաճախ չմտաբերեր իր հօրն ու մօրը, որոնք իրեն չէին ճանաչել եւ տանից արտաքսել էին։ Միայն այդ էր, որ վշտացնում էր նրան։ Եւ ահա, մի անգամ նրա հետ այսպիսի մի դէպք տեղի ունեցաւ։

Թզուկ Քիթը կարողանում էր շատ լաւ մթերքներ գնել։ Նա միշտ ինքն էր շուկայ գնում եւ հերցոգի ճաշի համար ընտրում էր սագեր, բադեր, կանաչեղէն եւ բանջարեղէն։ Մի անգամ առաւօտեան նա գնաց շուկայ սագեր գնելու եւ երկար ժամանակ չէր կարողանում բաւականին գէր սագեր գտնել։ Նա մի քանի անգամ շրջեց շուկայում՝ ընտրելով ամենալաւ սագերը։ Այժմ արդեն ոչ ոք թզուկի վրայ չէր ծիծաղում։ Բոլորը նրա առաջ խոր գլուխ էին իջեցնում ու ճանապարհ տալիս։ Իւրաքանչիւր վաճառուհի երջանիկ կը լինէր, եթէ թզուկն իրենից սագ գներ։

Շուկայի հրապարակում ետ ու առաջ քայլելիս յանկարծ Յակովը նկատեց, որ շուկայի ծայրում, միւս վաճառուհիներից առանձնացած կանգնած է մի կին, որին առաջ չէր տեսել։ Նա նոյնպէս սագեր էր վաճառում, բայց միւսների պէս իր ապրանքը չէր գովաբանում, այլ նստել էր լուռ, առանց մի խօսք ասելու։ Յակովը մօտեցաւ այդ կնոջը եւ զննեց նրա սագերը։ Դրանք հենց այնպիսի սագեր էին, ինչպէս ինքն էր ուզում։ Յակովը գնեց երեք թռչուն՝ իրենց վանդակով— երկու արու եւ մէկ մարի սագՁ վանդակն ուսին դրեց եւ վերադարձաւ պալատ։ Յանկարծ նա նկատեց, որ սագերից երկուսը կռնչում են ու թեւերը թափահարում են, ինչպէս վայել է լաւ սագերին, իսկ երրորդը՝ մարի սագը նստել է հանդարտ, նոյնիսկ կարծես թէ սատկում է։

«Այս մարի սագը հիւանդ է,— մտածեց Յակովը։— Հենց որ պալատ հասնել, իսկոյն կհրամայեմ մորթել, քանի դեռ չի սատկել»։

Յանկարծ թռչունը, կարծես թէ գուշակելով նրա միտքը, պարզ ու բարձրաձայն ասաց․

Դու ինձ չմորթես,

Շատ կը փոշմանես․

Վիզս որ կտրես,

Դու շուտ կը մեռնես։

Յակովը քիչ մնաց վանդակը ձեռքից վայր գցեր։

— Ա՛յ քեզ հրա՜շք,— գոչեց նա։— Դուք, աղճիկ պարոն սագ, բանից դուրս է գալիս, որ խօսել գիտէք։ Կարող էք հանգիստ լինել, հետաքրքիր թռչունին ես չեմ մորթի։ Պատրաստ եմ գրազ գալու, որ դու միշտ սագի փետուրների մէջ չես եղել։ Չէ՞ որ ես էլ մի ժամանակ փոքրիկ սկիւռ էի։

— Դու ճշմարիտ ես,— պատասխանեց սագը։— Ես թռչուն չեմ ծնուել։ Ոչ ոք չէր կարող մտածել, որ Միմին, մեծ Վետտերբոկի աղջիկն իր կեանքը կաւարտի խոհարարի դանակի տակ։

— Մի անհանգստացէք, թանկագին Միմի,— գոչեց Յակովը։— Անազնիւ մարդ կը լինեմ ես եւ նորին պայծառափայլութեան խոհարարը չեմ լինի, եթէ որեւէ մէկը դանակը դիպցնի ձեզ։ Դուք կապրէք հիանալի վանդակի մէջ իմ սենեակում, եւ ես կը սկսեմ ձեզ կերակրել ու ձեզ հետ զրուցել։ Իսկ միւս խոհարարներին կասեմ, թէ՝ այս սագը ես յատուկ խոտերով կերակրում եմ հերցոգի համար։ Եւ կը տեսնէք, մի ամիս էլ չի անցնի, ես ձեզ ազատ արձակելու միջոցը կը գտնեմ։

Միմին արցունքն աչքերին շնորհակալութիւն յայտնեց թզուկին, եւ Յակովը կատարեց իր խոստումը։ Նա խոհանոցում ասաց, թէ այս մի սագը կերակրելու է յատուկ եղանակով, որ ոչ ոք չգիտէ, եւ նրան վանդակի մէջ դնելով՝ տարաւ իր սենեակը։ Միմին ստանում էր ոչ թէ սագի ուտելիք, այլ թխուածքներ, կանֆետներ ու ամէն տեսակ քաղցրաւենի, եւ հենց որ Յակովն ազատ րոպէ էր ունենում, վազում էր Միմիի հետ զրուցելու։

Միմին Յակովին պատմեց, որ իրեն սագ է դարձրել եւ այդ քաղաքն է բերել մի պառաւ կախարդ, որի հետ մի ժամանակ կռուել է իր հայրը՝ նշանաւոր կախարդ Վետտերբոկը։ Թզուկը նոյնպէս պատմեց իր պատմութիւնը եւ Միմին ասաց․

— Ես կախարդներից մի քիչ հասկանում եմ․ իմ հայրն իր իմաստութիւնից ինձ որոշ բան սովորեցրել է։ Այժմ ես գլխի եմ ընկնում, որ պառաւը քեզ կախարդել է մի տեսակ կախարդական խոտով, որ նա դրել է ապուրի մէջ, երբ դու կաղամբը տարել ես նրա տուն։ Եթէ դու այդ խոտը գտնես եւ հոտ քաշես, երեւի նորից կը դառնաս բոլոր մարդկանց նման։

Այդ, իհարկէ, առանձնապէս չմխիթարեց թզուկին․ նա ի՞նչպէս կարող էր գտնել այդ խոտը։ Բայց եւ այնպէս նրա մէջ մի փոքրիկ յոյս արթնացաւ։

Դրանից մի քանի օր յետոյ հերցոգի մօտ եկաւ մի իշխան․ նրա հարեւանը եւ բարեկամը։ Հերցոգն իսկոյն թզուկին կանչեց իր մօտ եւ ասաց․

Այժմ հասել է ժամանակը, որ ցոյց տաս, թէ դու հաւատարի՞մ ես ծառայում ինձ եւ լա՞ւ գիտես արդեօք քո արուեստը։ Այս իշխանը, որ հիւր է եկել ինձ մօտ, սիրում է լաւ ուտել ւե հասկանում է ուտելիքների լաւն ու վատը։ Ուրեմն իմացիր․ այնպիսի ուտելիքներ պատրաստիր, որ իշխանն ամէն օր զարմանայ։ Եւ, չլինի թէ, քանի իշխանը հիւր է ինձ մօտ, որեւէ ուտելիք երկրորդ անգամ մատուցէք։ Այդ դէպքում քեզ գթութիւն չի լինի։ Վերցրու իմ գանձապետից ինչ֊որ քեզ պէտք է, թէկուզ տապակած ոսկի մատուցիր մեզ, միայն թէ ինձ իշխանի առաջ չխայտառակես։

— Հանգիստ եղէք, ձերդ պայծառափայլութիւն,— խոնարհ գլուխ տալով պատասխանեց Յակովը։— Ես կը կարողանամ գոհացնել ձեր նրբաճաշակ իշխանին։

Եւ Թզուկ Քիթը տաք֊տաք գործի կպաւ։ Ամբողջ օրը նա վառուող սալօջախի մօտ կանգնած անդադար հրամաններ էր տալիս իր բարակ ձայնով։ Խոհարարների ու աշակերտների բազմութիւնը վազվզում էր խոհանոցում՝ որսալով նրա իւրաքանչիւր խօսքը։ Յակովը չէր խնայում ո՛չ իրեն, ո՛չ միւսներին, որպէսզի գոհացնի իր տիրոջը։

Արդեն երկու շաբաթ իշխանը հիւր էր հերցոգի մօտ։ Նրանք օրական ամենաքիչը հինգ անգամ սեղան էին նստում եւ հերցոգը ցնծութեան մէջ էր։ Նա տեսնում էր, որ իր հիւրին դուր են գալիս թզուկի պատրաստած ուտելիքները։ Տասնհինգերորդ օրը հերցոգը ա կանչեց սեղանատուն, ցոյց տուեց նրան իշխանին եւ հարցրեց, թէ իշխանը գո՞հ է արդեօք իր խոհարարի հմտութիւնից։

— Դու սքանչելի ուտելիքներ ես պատրաստում,— ասաց իշխանը թզուկին,— եւ հասկանում ես, թէ ինչ է նշանակում լաւ ուտել։ Որքան ժամանակ ես այստեղ եմ, դու ոչ մի անգամ միեւնոյն ուտելիքը երկրորդ անգամ չմատուցեցիր եւ ամէն ինչ պատրաստուած էր լինում համեղ։ Բայց ասա ինձ, ինչո՞ւ մինչեւ այժմ մեզ «թագուհու կարկանդակով» չհիւրասիրեցիր։ Դա աշխարհում ամենահամեղ կարկանդակն է։

Թզուկի սիրտը սեղմուեց․ նա երբեք այդ կարկանդակի անունն էր չէր լսել։ Բայց նոյնիսկ ցոյց չտուեց, թէ շփոթուած է եւ պատասխանեց․

— Օ՜, տէր իմ, ես յոյս ունէի, որ դուք դեռ երկար ժամանակ կը լինէք մեզ մօտ, եւ ուզում էի այդ կարկանդակով ձեզ հիւրասիրել հրաժեշտի ժամանակ։ Չէ՞ որ դա, ինչպէս ինքներդ ասացիք, բոլոր կարկանդակների արքան է։

— Ա՜յ թէ ինչ,— ասաց հերցոգը ծիծաղելով։— Ախր դու ինձ էլ երբեք «թագուհու կարկանդակով» չես հիւրասիրել։ Երեւի դու այն կը պատրաստես իմ մահուան օրը, որպէսզի վերջին անգամ քաղցրացնես բերանս։ Բայց աւելի լաւ է այդ դէպքի համար մի ուրիշ ուտելիք մտածիր, իսկ թագուհու կարկանդակը վաղը լինի մեր սեղանին, լսո՞ւմ ես։

— Լսում եմ, տէր հերցոգ,— պատասխանեց Յակովը եւ դուրս եկաւ մռայլ ու մտահոգ։

Ահա թէ երբ վրայ հասաւ իր խայտառակուելու օրը։ Որտեղի՞ց իմանայ, թէ ինչպէս են թխում այդ կարկանդակը։

Նա գնաց իր սենեակը եւ սկսեց դառնագին լալ։ Միմին այդ տեսաւ իր վանդակից եւ խղճաց նրան։

— Ինչո՞ւ ես լալիս, Յակով,— հարցրեց նա, եւ երբ Յակովը նրան պատմեց թագուհու կարկանդակի մասին, Միմին ասաց․

— Աչքերդ սրբիր եւ մի վշտանայ։ Այդ կարկանդակը մեր տանը յաճախ էին մատուցում, եւ ես կարծեմ յիշում եմ, թէ ինչպէս պէտք է թխել այն։ Վերցրու այսքան ալիւր, այսինչ ու այսնինչ համեմունքներ եւ ահա կարկանդակը պատրաստ է։ Իսկ եթէ մի բան էլ պակաս լինի նրա մէջ, մեծ ցաւ չէ։ Միեւնոյն է, հերցոգն ու իշխանը չեն նկատի։ Այնքան էլ նուրբ ճաշակ չունեն նրանք։

Թզուկ Քիթն ուրախութիւնից վեր թռաւ եւ իսկոյն սկսեց կարկանդակը թխել։ Սկզբում նա մի փոքրիկ կարկանդակ պատրաստեց եւ տուեց խոհանոցի պետին՝ համը տեսնելու։ Նա գտաւ, որ շատ համեղ է ստացուել։ Այն ժամանակ Յակովը թխեց մի մեծ կարկանդակ, եւ հենց ուղղակի օջախի վրայից ուղարկեց սեղանատուն։ Իսկ ինքը հագաւ իր տօնական շորը եւ գնաց սեղանատուն, տեսնելու, թէ հերցոգին ու իշխանին ինչպէս դուր կը գայ նոր կարկանդակը։

Նա ներս մտաւ այն ժամանակ, երբ պալատական սպասաւորը կարկանդակից մի մեծ կտոր կտրելով արծաթէ թիակով մատուցեց իշխանին, ապա նոյնպիսի մի ուրիշ կտոր մատուցեց հերցոգին։ Հերցոգն իսկոյն կտորի կէսը կծեց, ծամեց, կուլ տուեց եւ միանգամայն գոհ տեսքով ետ ընկաւ աթոռի մէջքին։

— Օ՜, որքան համեղ է,— բացականչեց նա։— Իզուր չէ, որ այս կարկանդակը կոչւում է բոլոր կարկանդակների արքան։ Բայց իմ թզուկն էլ բոլոր խոհարարների արքան է։ Այդպէս չէ՞, իշխան։

Իշխանը կարկանդակից զգուշութեամբ մի փոքրիկ կտոր կծեց, լաւ ծամեց, լեզուով տրորեց եւ ներողամտաբար ժպտալով ու պնակը ետ հրելով ասաց․

— Վատ ուտելիք չէ։ Միայն թէ «թագուհու կարկանդակ» լինելուց հեռու է։ Ես այդպէս էլ կարծում էի։

Հերցոգը զայրոյթից կարմրեց եւ բարկացած մռայլուեց։

— Գարշելի՛ թզուկ,— գոռաց նա։— Ինչպէ՞ս համարձակուեցիր խայտառակել քո տիրոջը։ Այսպիսի ուտելիք պատրաստելու համար հարկաւոր է քո այդ հաստ գլուխը կտրել։

— Տէ՜ր իմ,— գոչեց թզուկը ծունկ չոքելով։— Ես այդ կարկանդակը թխել եմ ինչպէս հարկաւոր է։ Նրա մէջ գցուած է ամէն բան, ինչ որ հարկաւոր է։

— Ստում ես, գարշելի՛,— գոռաց հերցոգը ոտքով հրելով թզուկին։— Իմ հիւրն իզուր չէր ասի, որ կարկանդակի մէջ մի բան պակասում է։ Ես կհրամայեմ հենց քեզ աղալ ու կարկանդակ դարձնել, գարշելի այլանդակ։

— Ողորմացէք ինձ,— ողբագին գոչեց թզուկը՝ բռնելով իշխանի փէշը։— Մի թողնէք, որ ես մեռնեմ մի բուռ ալիւրի ու մսի պատճառով։ Ասացէք, ի՞նչ է պակասում այս կարկանդակի մէջ, ինչո՞ւ դուր չի գալիս ձեզ։

— Այդ եքզ քիչ կօգնի, սիրելի Քիթ,— ծիծաղելով պատասխանեց իշխանը։— Ես դեռ երեկ գիտէի, որ դու չես կարող այս կարկանդակը թխել այնպէս, ինչպէս իմ խոհարարն է թխում։ Նրա մէջ պակասում է մի խոտ, որ ձեզ մօտ ոչ ոք չգիտէ։ Այդ խոտը կոչւում է «բարի փռշտոց»։ Առանց այդ խոտի «թագուհու կարկանդակն» այն համը չունի, եւ քո տէրը երբեք չի կարող ճաշակել այնպիսի կարկանդակ, ինչպիսին ինձ մօտ են պատրաստում։

— Ո՛չ, ես այդ կը ճաշակեմ, եւ այն էլ շատ շուտ,— գոռաց հերցոգը։— Երդւում եմ իմ հերցոգական պատուով, կամ դուք վաղն այս սեղանին այդպիսի կարկանդակ կը տեսնէք, կամ թէ այս գարշելու գլուխը ցցուած կը լինի իմ պալատի դարբասի վրայ։ Դո՛ւրս կորի, շո՛ւն։ Քո կեանքը փրկելու համար քեզ ժամանակ եմ տալիս քսանչորս ժամ։

Խեղճ թզուկը դառնագին լալով գնաց իր սենեակը եւ իր վիշտը պատմեց սագին։ Այժմ արդեն նա մահից փրկուել չէր կարող։ Չէ՞ որ նա երբեք չէր լսել այն խոտի անունը, որ կոչւում էր «բարի փռշտոց»։

— Եթէ ամբողջ խնդիրն այդ է, ապա ես կարող եմ քեզ օգնել,— ասաց Միմին։— Իմ հայրն ինձ սովորեցրել է ճանաչել բոլոր խոտերը։ Եթէ այս դէպքը երկու շաբաթ սրանից առաջ լինէր, գուցէ թէ իսկապէս քեզ մահ սպառնար, բայց լաւ է, որ հիմա հենց նորալուսին է, իսկ այդ խոտը ծաղկում է հենց նորալուսնի ժամանակ։ Պալատի շրջակայքում շագանակենիներ կա՞ն։

— Կան, կան— ուրախացած գոչեց թզուկը։— Այգում, այստեղից բոլորովին մօտիկ մի քանի շագանակենի կայ։ Բայց այդ ինչի՞դ է հարկաւոր։

— Այդ խոտը,— պատասխանեց Միմին,— բուսնում է միայն հին շագանակենիների տակ։ Իզուր ժամանակ չկորցնենք, հենց հիմա գնանք որոնելու։ Վերցրու ինձ եւ դուրս բեր պալատից։

Թզուկը Միմիին գրկեց, մօտեցաւ պալատի դարբասին եւ ուզում էր դուրս գալ։ Բայց բարապանը նրա առաջը կտրեց եւ ասաց․

— Ո՛չ, սիրելի Քիթ։ Քո զբօսանքները վերջացան։ Ինձ խիստ հրամայուած է քեզ դուրս չթողնել։

— Մի՞թէ այգում նոյնպէս զբօսնել չի կարելի ինձ,— հարցրեց թզուկը։— Բարի եղիր, որեւէ մէկին ուղարկիր պալատի վերակացուի մօտ եւ հարցրու, թէ ինձ թոյլատրւո՞ւմ է գնալ այգի եւ խոտեր հաւաքել։

Բարապանը մարդ ուղարկեց վերակացուի մօտ եւ վերաըացուն թոյլատրեց․ չէ՞ որ այգին շրջապատուած էր բարձր պարսպով եւ նրա միջից փախչել հնարաւոր չէր։

Այգի դուրս գալով՝ թզուկը Միմիին զգուշութեաաբ ցած դրեց, եւ սագը թեեւրը թափահարելով վազեց շագանակենիների մօտ, որ գտնւում էին լճի ափին։ Յակովը վշտաբեկ գնաց նրա ետեւից։

«Եթէ Միմին այդ խոտը չգտնի,— մտածում էր նա,— ես լճի մէջ կը խեղդուեմ։ Այդ աւելի լաւ կը լինի, քան եթէ գլուխս կտրեն»։

Իսկ Միմին արդեն եղաւ բոլոր շագանակենիների տակ։ Նա իր կտուցով շուռ էր տալիս ամէն մի շիւղ, բայց իզուր։ Բարի փռշտոց խոտը ոչ մի տեղ չէր երեւում։ Սագը վշտից նոյնիսկ լաց եղաւ։

Երեկոն մօտենում էր, մութը վրայ էր հասնում եւ աւելի ու աւելի դժուարանում էր տարբերել խոտերի ցողոնները։ Պատահաբար թզուկը նայեց լճի միւս ափին եւ ուրախ գոչեց․

— Նայիր, Միմի, տեսնո՞ւմ ես, այն կողմն էլի մի մեծ շագանակենի կայ։ Գնանք այնտեղ որոնենք։ Գուցէ նրա տակ է բուսնել իմ բախտը։

Սագը թեւերը ծանրօրէն թափահարեց, օդ բարձրացաւ ու թռաւ, իսկ թզուկն իր կարճլիկ ոտքերով ամբողջ ուժով վազեց նրա հետեւից։ Կամուրջն անցնելով նա մօտեցաւ շագանակենուն։ Այդ շագանակենին խիտ ու ճիւղատարած էր։ Նրա տակ կիսախաւարում համարեայ ոչինչ չէր երեւում։ Եւ յանկարծ Միմին թեւերը թափահարեց եւ նոյնիսկ ուրախութիւնից վեր ցատկեց։ Նա արագօրէն կտուցը խրեց խոտերի մէջ, մի ինչ֊որ ծաղիկ պոկեց եւ մեկնելով դէպի Յակովը՝ ասաց․

— Ահա «բարի փռշտոց» խոտը։ Այստեղ շատ է բուսնում սրանից, այնպէս որ երկար ժամանակ քեզ կը բաւականացնի։

Թզուկը ծաղիկը ձեռքն առաւ եւ մտախոհ զննեց այն։ Նրանից ուժեղ, հաճելի հոտ էր գալիս, եւ, չգիտես ինչու, Յակովը յիշեց, թէ ինչպէս ինքը պառաւի մառանում կանգնած խոտեր էր ջոկում, որ հաւը համեմի, եւ գտաւ մի այսպիսի ծաղիկ, որ կանաչաւուն ցօղուն ունէր, վառ կարմիր, դեղին եզերքով պսակ։

Եւ յանկարծ Յակովը յուզմունքից ամբողջ մարմնով դողաց․

— Գիտե՞ս ինչ, Միմի,— գոռաց նա,— կարծեմ սա հենց այն ծաղիկն է, որ ինձ սկիւռից թզուկ դարձրեց։ Փորձեմ հոտ քաշել սրանից։

— Մի քիչ սպասիր,— ասաց Միմին։— Վերցրու ծաղիկների մի փունջ եւ վերադառնանք քո սենեակը։ Հաւաքիր քո փողը եւ այն ամէնը, ինչ վաստակել ես, երբ ծառայում էիր հերցոգի մօտ, իսկ յետոյ կը փորձենք այդ ծաղկի ուժը։

Յակովը լսեց Միմիին, թէեւ նրա սիրտն արագ զարկում էր անհամբերութիւնից։ Նա վազէվազ հասաւ իր սենեակը։ Մի հարիւր դուկատ եւ մի քանի զոյգ շոր կապոց անելուց յետոյ նա իր երկար քիթը խրեց ծաղկեփնջի մէջ ու հոտ քաշեց։ Եւ յանկարծ նրա բոլոր հոդերը ճարճատեցին, վիզը ձգուեց, գլուխը միանգամից ուսերից վեր բարձրացաւ, քիթն աւելի ու աւելի փոքրացաւ, իսկ ոտքերն աւելի ու աւելի երկարեցին, մէջքը եւ կուրծքը ուղղուեցին եւ նա դարձաւ այնպէս, ինչպէս բոլոր մարդիկ։

Միմին մեծ բաւականութեամբ նայում էր Յակովին։

— Ի՜նչ բարեկազմ ու գեղեցիկ տղայ դարձար,— գոչեց նա։— Հիմա դու բոլորովին նման չես այլանդակ թզուկին։

Յակովը շատ ուրախացաւ։ Նա հիմա կը ցանկանար իսկոյն վազել ծնողների մօտ եւ երեւան լրանց, բայց նա չմոռացաւ իր փրկարարին։

— Եթէ չլինէիր դու, թանկագին Միմի, ես ամբողջ կեանքումս թզուկ պիտի մնայի եւ գուցէ մեռնէի դահճի կացնի տակ,— ասաց նա, քնքշութեամբ փաղաքշելով սագի մէջքն ու թեւերը։— Ես պէտք է քո լաւութեան դիմաց լաւութիւն անեմ։ Քեզ կը տանեմ քո հօր մօտ՝ եւ նա քեզ կախարդանքից կազատի։ Չէ՞ որ նա բոլոր կախարդներից ամենազօրեղն է։

Միմին ուրախութեան արցունքներ թափեց, եւ Յակովը նրան վերցրեց ու սեղմեց կրծքին։ Նա աննկատելի դուրս եկաւ պալատից— ոչ ոք չճանաչեց նրան— եւ Միմիի հետ ուղեւորուեց դէպի ծովը, Գորլանդ կղզին, որտեղ ապրում էր նրա հայրը՝ կախարդ Վետտերբոկը։

Նրանք երկար ճանապարհ գնացին եւ վերջապէս հասան այդ կղզին։ Վետտերբոկը իսկոյն Միմիի վրայից կախարդանքը հանեց եւ Յակովին շատ փող ու ընծաներ տուեց, Յակովն առանց ուշանալու վերադարձաւ իր հայրենի քաղաքը։ Այժմ հայրն ու մայրը ուրախութեամբ դիմաւորեցին նրան․ չէ՞ որ նա այնքան գեղեցկացել էր եւ այնքան շատ փող էր բերել։

Իսկ ի՞նչ արեց հերցոգը։ Միւս օրն առաւօտեան հերցոգը որոշեց կատարել իր սպառնալիքը եւ կտրել տալ թզուկի գլուխը, եթէ նա չի գտել իշխանի ասած խոտը։ Բայց Յակովին ոչ մի տեղ գտնել չկարողացան։ Այն ժամանակ իշխանն ասաց, թէ՝ հերցոգը դիտմամբ թզուկին թաքցրել է, որպէսզի չզրկուի իր ամենալաւ խոհարարից, եւ նրան անուանեց խաբեբայ։ Հերցոգը խիստ զայրացաւ եւ իշխանին պատերազմ յայտարարեց։ Բազմաթիւ կռիւներից ու ճակատամարտերից յետոյ վերջապէս նրանք հաշտուեցին, եւ իշխանը հաշտութեան տօնը կատարելու համար իր խոհարարին հրամայեց իսկական «թագուհու կարկանդակ» թխել։ Նրանց այդ հաշտութիւնը հենց այդպէս էլ կոչուեց՝ «Կարկանդակի հաշտութիւն»։

Comments