1. Հրկիզված թղթեր

Chapter 9

Ը

Կաթողիկոսը պրոֆ. Մելիք Անդրեասյանին չէր սպասում, որովհետև մինչև անգամ չեկան այն մարդիկ, որոնց սպասում էր, էլ ուր կմնար Մելիք-Անդրեասյանը, որն ամենաշուտ բեկվողներից մեկի համբավն էր վայելում։

— Ձերդ սրբություն, ներողություն եմ խնդրում,— ասաց պրոֆեսորը կաթողիկոսի ձեռքը համբուրելուց հետո, որ մեծ տոնի օրը չկարողացա ներկայանալ։

— Քրիստոսի հոտի մեջ բազում են մոլորյալք, պրոֆեսոր,— պատասխանեց կաթողիկոսը ցավագին շեշտով։

— Ձերդ սրբությունը, իհարկե, մտնում է մեր դրության մեջ,— շարունակեց պրոֆեսորը` մի աթոռի վրա տեղավորվելով:

— Իսկ դուք մտնու՞մ եք իմ դրության մեջ,— հարցրեց կաթողիկոսը: ​Հարցը շատ շեշտակի էր, պրոֆեսորը հարմար համարեց լռել։

Լռությունից օգտվելով՝ կաթողիկոսը զանգ տվեց:

Ծառան անմիջապես ներս մտավ և ընտանի կերպով մոտեցավ կաթողիկոսին: Վերջինս գրպանից հանեց փոքրիկ բանալիների մի փունջ և, բռնելով նրանցից մեկը, ասաց.

— Պրոֆեսորին թեյ կբերեք լիմոնով։

Ծառան բանալին վերցրեց և դուրս գնաց։

Պրոֆեսորը լսել էր, որ զառամյալ կաթողիկոսն իր տան անձնական տնտեսությանը խստիվ հետևող մի մարդ էր, բայց երբեք չէր կարծում, որ պահարանի բանալին պահում էր հայրապետական պատմուճանի գրպանում:

— Այժմ լիմոն դժվար է ճարվում, պրոֆեսոր,— ասաց կաթողիկոսը։

— Քաղաքում բոլորովին չկա, Ձերդ սրբություն,— արձագանքեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մեքենայորեն:

— Այո, լսել եմ։ Ասացեք, խնդրեմ, լիմոնին ի՞նչ պատահեց,— հարցրեց կաթողիկոսն այնպիսի լուրջ և ցավագին տոնով, կարծես հարցնելու լիներ, թե ի՞նչ պատահեց հայկական հարցին:

Մի պահ նորից լռություն տիրեց։ Պրոֆեսորն անձկությամբ սպասում էր լսելու կաթողիկոսի կարծիքը մեր օրերի մասին, ուստի, մի կողմ դնելով ծառայի մատուցված թեյը` երկյուղածությամբ և դողդոջուն ձայնով հարցրեց.

— Ի՞նչ է մտածում Ձերդ սրբությունը։

— Ինչի՞ մասին:

— Նու, առհասարակ:

— Գիտեք, պրոֆեսոր, մենք մի վարդապետ ունենք, Պոլսից է, նախքան վարդապետ ձեռնադրվելը եղել է դեղագործ, այդ մարդն ինձ համար ուղղակի փրկություն հանդիսացավ:

— Ի՞նչ տեսակետից, Ձերդ սբրություն,— խորապես հետաքրքրվեց պրոֆեսորը։

— Դեղորայք, կոմպրես, բանկաներ, կլիզմա և այլն:

— Հրաշալի է…

Պրոֆեսորը ձեռքը երկարեց թեյին, մտադրվեց այլևս հարց չտալ, բայց մի ներքին ուժ մղեց նրան: ​— Ձերդ սրբություն, ես կցանկանայի իմանալ ձեր կարծիքը մեր էպոխայի մասին:

— Էպո՞խայի… ողջ աշխարհը գժվելու է, զավակս, այս գաղափարը… ի՞նչ են ասում դրան, հըմ, այս…

— Սոցիալիզմը։

— Այո, սոցիալիզմը, դա որ դուրս եկավ, ողջ աշխարհը տակնուվրա է անելու:

— Իսկ ի՞նչ է Ձերդ սրբության կարծիքն այդ մասին,— հարցրեց պրոֆեսորը։

— Քրիստոնեական եկեղեցու պետին այդ հարցը, ես կարծում եմ, ավելորդ է, պարզ է՝ բացի քրիստոնեական հավատքից չի կարող ուրիշ ոչ մի հավատք գոյություն ունենալ մեզ համար։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատրաստվեց մի հարց ևս տալ, բայց քրիստոնեական եկեղեցու պետը նորից զանգ տվեց: Ծառան մտավ ներս։

— Բարնաբաս,— ասաց կաթողիկոսը,— բանալիները չբերիր։

— Այս րոպեիս, վեհափառ,— պատասխանեց Բարնաբասը և փութկոտ վազեց դուրս։

— Մի քիչ անուշադրություն և պրծավ… ոչինչ չի մնա պահարանում,— ջղային ավելացրեց քրիստոնեական դարավոր եկեղեցու պետը։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց, այլևս ոչ մի հարց չտալ։ Երբ Բարնաբասը վերադարձրեց բանալիները, կաթողիկոսը դրեց գրպանը և գոհունակությամբ շշնջաց.

— Այսպես:

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, օգտվելով Բարնաբասի ներս մտնելուց, թեյը թողեց կիսատ, ոտի կանգնեց և մոտենալով կաթողիկոսին։

— Ձերդ սրբություն,— ասաց նա,— թույլ տվեք հեռանալ։

Կաթողիկոսը երկարեց ձեռքը` պատրաստ անելով համբուրելու, բայց պրոֆեսորը սեղմեց այն և հեռացավ։

Վանքի բակում` մի ծառի թանձր և հաճելի ստվերի տակ կանգնած, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանն ամաչեց ինքն իրենից: «Ահա հնի սիմվոլը, ահա այն անձնավորությունը, ​որի մեջ պետք է բարձրացած լինեին հին հավատքի մարմարյա սյուները, բայց լիմոն, պահարան, բանալիներ և կլիզմա…»— շշնջաց։

Նա հեռացավ ծառի ստվերից, մի քիչ առաջացավ և կանգնեց Լուսավորչի եկեղեցու ստվերի տակ։ Արդեն սկսվել էր միջօրեի խեղդիչ տապը։

Աղեխարշ, ողբագին մի լռություն էր չոքել ամբողջ վայրում, շրջապատը նման էր վիթխարի մի դամբարանի, որի մեջ նայում է արևը՝ նախքան հողը թափվելը:

Տապ։ Ամառային միջօրե։ Արևը, հնոցի նման, կրակ էր մաղում:

Պրոֆեսորի սիրտն սկսեց տոչորվել արարատյան լայնաբաց և հակինթյա հրդեհում։

Մի շուն, մազերը տեղ-տեղ թափած, պառկել էր մի ծառի շվաքի տակ, լեզուն դուրս ձգած: Հավերը կախ էին գցել թևերը։ Բակում կային մարդիկ, բայց չէին խոսում։ Նստարանների վրա նստած մարդիկ մինչև անգամ իրար երես չէին նայում, լուռ էին։ Լուռ էին նրանք մեռելների նման։

Պրոֆ.Մելիք-Անդրեասյանը մտավ եկեղեցի։

Հինավուրց գանձարանը բաց էր։ Պրոֆեսորն առաջացավ դեպի գանձարանը։ Մարդկային հոգու փրկությանը նվիրված այս եկեղեցուն կից կառուցված գանձարանը լեցուն էր գույնզգույն, վառվռուն մետաքսներով, արծաթով, ոսկով և ադամանդներով։

Ահա մի ոսկյա թև, բթամատն ու մատնեմատը իրար կպցրած: Լուսավորչի աջն է՝ պարուրված ոսկով։ Մի պառավ կին կռացած` մաշած և դեղնած, մոտենում է, համբուրում ոսկին և խաչակնքում։ Պրոֆեսորի աչքին խփում է Լուսավորչի աջի կողքին դրված մոմապատ, կեղտոտ գանձանակը։ Պառավը հեռանում է առանց փողի մի փոքրիկ բեկորով հրճվեցնելու գանձանակի փորը:

— Լուսավորչի աջն է,— ասում է պրոֆեսորին մի վարդապետ, որ հսկում է հավատացյալներին՝ գողություն չանեն։

Վարդապետը խոսքն ուղղում է հատկապես պրոֆեսորին, որովհետև նրա դեմքի վրա նշմարում է թեթև հեգնական ժպիտ։

— Գիտեմ,— պատասխանում է պրոֆեսորը։ ​Նրա պատասխանի տոնը զգացնել է տալիս վարդապետին, որ ինքն ավելի լավ գիտե այդ, քան նա: Պրոֆեսորն ուշի-ուշով նայում է վարդապետին, որը, թվում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, աղավաղված մի նախադասություն է, որից չի կարելի որևէ իմաստ դուրս բերել, ամենաշատը՝ մի ծամածռված անճոռնի բովանդակություն։

Բայց հայր սուրբը սիրալիր է։ Մոտենում է նա ոսկեհուռ և ադամանդակուռ մի տուփի, խաչ հանում, բաց անում և ասում.

— Սա այն գեղարդն է, որով ծակեցին Քրիստոսի կողը:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լուռ է, անշարժ, նրա կողքին կեցող մի ծերունի հավատացյալ դողում է վարդապետի հայտարարությունից, նրա հոգին սարսուռ է զգում, իսկ պրոֆեսորը մտածում է. «Ո՞ր սաղիմացի վաճառականն արդյոք բերել է երկաթի այդ կտորը և մեծ գնով ծախել հայոց Մայր Աթոռին, բայց այդ վաճառականը մի անգամ է խաբել, իսկ Էջմիածնի վանականները դարեր խաբել են միամիտ ժողովրդին»։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ գանձարանից և մտավ եկեղեցու ներսը: Մի ուրիշ վարդապետ մկրտություն է անում: Ավազանի ջուրը կեղտոտ է, բայց չի կարելի փոխել – սուրբ է։ Զանագան հիվանդություններ ունեցող մանուկներին կոխում են միևնույն ջրի մեջ, վարակում են իրար։ Մկրտող վարդապետը, ծուլությունից հոգնած, մի երգ է թափում միրուքից վար, սրբում է երեխաներին սկզբնական մեղքից, այն առաջին մեղքից, որ այրում է կենդանական և բուսական ողջ օրգանական աշխարհը:

Պրոֆեսորն ուշի-ուշով դիտում է հին արվեստագետների գործերը` խորանի աոաջամասի մարմարների վրա նկարված առաքյալներն ու սուրբերը, որոնք ամեն տարի օճառով լվացվում են, բայց նկարներն ավելի և ավելի են պայծառանում։ Հիանում է պրոֆեսորը ներկերի այդ տեխնիկայով, հիանում է այն արվեստագետներով, որոնք իրենց հանճարը մաշեցին միջնադարյան հոգու խորշակալից անապատում:

Պրոֆեսորը դուրս եկավ եկեղեցուց:

Մի ծերուկ գյուղացի, արցունքն աչքերին, խաչակնքում է ինչ-որ հայրապետի գերեզմանի առաջ: Դողդոջուն ձեռքեր ​ունի այդ գյուղացին, արևից այրած և ակոսված դաժան ճակատ, երեսի խորշոմները, խոր կնճիռները պատմում են արարատյան հողի խուժդուժ պատմությունը, տապը նրան տոչորել է, կծկել, չորացրել և խանձել:

Պրոֆեսորը մոտենում է նրան:

— Քեզ հող տվե՞լ են,— հարցնում է նա։

— Տվել են:

— Ի՞նչ ես անում այստեղ, ինչո՞ւ ես վանք եկել:

— Եկել եմ աղոթելու, որ հողս բերք տա։

Պրոֆեսորը նրան համոզում է, որ աղոթելով հողը բերք չի տա, պիտի լսել միայն գյուղատնտեսական հրահանգչին։

— Է՜հ, փուճ է:

— Ի՞նչը:

— Բոլորը:

Գյուղացին ձեռքը թափ է տալիս ու անցնում:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտնում է Ղազարապատ։

Կլոր դարավոր ծառի տակ նստած է մի կին` լուռ։ Պատի տակին մի հավ` թևերը ձգած մինչև գետին։

Անսահման ողբ և լռություն։

Անկյունի սանդուղքներից վար է իջնում մի եպիսկոպոս, ձեռին մի հարթուկ: Նայում է եպիսկոպոսը պրոֆեսորին — կարծես, ուրիշ աշխարհից է դիտում նա:

— Լճում ջուր կա՞,— հարցնում է պրոֆեսորը ծառի տակի կնոջը։

— Շոգ է,— պատասխանում է կինը և երեսը շուռ տալիս։

Այո, չպիտի խոսել: Վիթխարի հնոցը վառված է, հրդեհված է Արարատյան դաշտը: Այդ բովանդակ մթնոլորտում մենակ լուսավոր կետը Արարատի գագաթի ձյունն է, որ հեռվից հեռու զովության պատրանք է տալիս։

Պրոֆեսորը նայում է շուրջը, ոչ մի կետ այդ վանքում այնքան համապարփակ ողբերգական չէ, որքան Ղազարապատը։ Կարծես դարեր չի ավլվել, չի մաքրվել այդ վայրը, ինչ որ քամին է բերել և ինչ որ քամին է տարել, այդպես էլ մնացել է, անխնամ, անծաղիկ, ինչպես վանականի հոգին։ Այդ վայրը մինչև անգամ զուրկ է քրիստոնեական միստիցիզմից։ Հողե պատերը քայքայվում են, հետզհետե հավասարվում ​են գետնին, ոչ մի մելոդիա, ոչ մի հրեշտակի անտեսանելի թև։

Պրոֆեսորը քայլերն ուղղում է դեպի լիճը:

Ջուր չկա, հատակում մի քանի ոտնաչափ տիղմ է նստած, մեջը՝ հազար ու մի կեղտոտություններ՝ ձմերուկի կեղև, շորի գույնզգույն կտորներ, փտած խնձորներ և մի փոքրիկ նավակ՝ խրված տիղմում:

Պրոֆեսորը վաղուց է չի եղել այդ վայրում, ինչ-որ չի համապատասխանում այդ վայրը իր նախկին տպավորություններին:

Ի՞նչ է պատահել:

Այո, հիշում է հիմա:

Առաջ մի մթին անտառ էր տարածվում դաշտում՝ լճի ձորակից սկսած, անտառից ոչ մի հետք չի մնացել, ոչ մի ծառի ոչ մի արմատ չի երևում, հիմնահատակ կործանվել է ամեն ինչ, մի աներևույթ, հզոր և դաժան ձեոք արմատախիլ է արել ամեն մի շնչող ծառ, կամ մի անագորույն հրդեհ լափլիզել է բովանդակ անտառը:

Երեկոյան ղողանջում է դարավոր եկեղեցու զանգը։ Այդ զանգը, մի ժամանակ, հավատացյալների բուռն բազմություն էր հավաքում եկեղեցում։ Այժմ ղողանջին պատասխանում է մեկ հատիկ պառավ կին, աչքերը ճպռոտած, ականջները ծանր, դողդոջուն: Պառավը հպարտ է, որ երեկոյան ժամերգությունն սկսվում է իր համար և իր համար էլ վերջանում է: Ուրեմն, աստծու ականջը բոլորովին ազատ է լսելու միայն իր ձայնը, և պառավը, կատաղած եռանդով, կանչում է աստծուն՝ փրկել իր մեկ հատիկ անհավատ որդուն, որ բոլշևիկ է և կռվում է եկեղեցու դեմ։

Գիշերը լուսին կա, լիալուսին, որ սպիտակ և կլոր հացի նման բացվել է կապույտ երկնքում։ Եկեղեցիների և մատուռների սիլուետները որոշապես գծագրվում են լուսնի շողերի տակ: Գիշերվա մեջ արարատյան հին ոճն ավելի ռելիեֆ է, ավելի ցայտուն, քան ցերեկը։

«Եվ կան մեզանում մարդիկ,— մտածում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— հենց ես ինքս նրանցից եմ, որ փարված են հին այդ ոճին, շղթայված մոմապատ մատուռների մթնշաղում: Պետք է հանգիստ թողնել այդ որմերը, խաչքարերը, ​բարձր, նեղ, դիմահար պատուհանները, մեզ հարկավոր են կառուցումներ, որոնց մեջ արեգակը հեղեղի, ծեփի բոլոր պատերը ոսկով ու արծաթով։ Մեզ հարկավոր չեն ադամանդակուռ վարագույրները, մեզ հարկավոր չեն սրմահյուս շուրջառներ, ոսկեպատ խաչվառներ և ակնեղեններով հագեցած հայրապետական գավազաններ, մեզ հարկավոր են պարզ, կարմիր դրոշներ, թող տան մեզ լուսածոր ոճ, առանց մթին խորշերի, խորհրդավոր անկյունների, առանց ներքնագավիթների և դամբարանային սրահների, մեր քանդակները թող լինեն առանց մանվածապատ գծերի, առանց իրար մեջ անցած խրթին կորությունների, թող լինի այնքան պարզ և այնքան շողշողուն, ինչպես արարատյան խաղողը»։

Գիշերն իջնում է խաղաղությամբ, կարծես, մեռելները վեր են բարձրանում և հսկում գիշերը, ոչ մի շարժում, ոչ մի ոտնաձայն, լռել է բնության ձայնը: Եվ հեռավոր դաշտերում հասունանում է ժողովրդական հացը, լուսնի շողերի տակ ծփում է ցորենը։

Լուսնի շողերից ձգվել են մատուռների երկար ստվերները սև քղամիդների նման։ Այդ ստվերների միջից հանկարծ դուրս է գալիս մի վանական, լուսնի շողերի տակ նա նման է թաթերը վեր բարձրացրած սև արջի, որ անճոռնի քայլերով առաջանում է:

Ահավոր մի դամբարան է այդ վայրը:

Comments