Chapter 6
Ե
Առավոտյան, Ելենա Բեգլարովնան գտավ, որ ամուսինն զգալի չափով նիհարել է, դեմքի վրա երևում էին տանջանքի հետքեր։
— Այս գիշեր լավ չե՞ս քնել,— հարցրեց նա։
— Ւնչո՞ւ ես հարցնում։
— Այնպես…
Պրոֆեսորը չպատասխանեց և սկսեց երթևեկել սենյակում։
— Վերջապես ի՞նչ կա, ասա։
— Ես հիմնական սխալ կատարեցի, որ իմ կյանքի պրոֆեսիան ընտրեցի պատմությունը։
— Ապա ի՞նչ անեիր։
— Ունեի լսողություն, ավելի լավ էր դառնայի երաժիշտ, երաժշտության ամեն մի նոտայում հո չէր կարելի իդեոլոգիա որոնել։
— Իսկապես, ինչ լավ կլիներ երաժիշտ լինեիր, ես էլ այսքան չէի ձանձրանա,— ասաց Ելենա Բեգլարովնան անկեղծորեն։
Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին դուր չեկավ կնոջ այդ հայտարարությունը, մոտեցավ նրան և ասաց.
— Ձանձրանու՞մ ես, հա՞, աղավնյակս, ես չէի իմանում։
— Վերջապես, ամեն օր Նապոլեոն, Մետերնիխ, Ռոբեսպիեռ, Մուրաբո։
— Միրա՛բո,— ջղայնորեն ուղղեց պրոֆեսորը։
— Թող լինի Միրաբո, հետո ի՞նչ։
— Երանի ես քեզ պես մտածեի, Մուրաբո, Միրաբո, թերևս և Մեհրաբով, ի՜նչ տարբերություն, բոլորը մեկ է։
— Իհարկե։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ետև դարձավ հանկարծակի, նայեց կնոջը և հոնքերը կիտած, բայց զսպված զայրույթով, ասաց.
— Միրաբոն Ֆրանսիական մեծ հեղափոխության գեղեցկությունն էր։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չափազանց գոհ մնաց, որ Ելենա Բեգլարովնան չծիծաղեց, որովհետև նրա համբերությունը հասել էր այլևս պայթելու վտանգավոր կետին։
Այլևս ոչ ոք չխոսեց։ Պրոֆեսորը մի առժամանակ սենյակում երթևեկելուց հետո՝ մոտեցավ հայելուն, ուղղեց հոնքերը, բեղն ու միրուքը և դուրս եկավ փողոց։ Նրան զարմացրեց փոքրիկ մայրաքաղաքի արտակարգ եռուզեռը։
— Ի՞նչ պատահեց, որ այս դանդաղ, ծույլ և հորանջող ժողովուրդը հանկարծ սկսեց աշխուժանալ, ի՞նչ պատահեց, որ արևելյան այս քաղաքը, ետ ընկած, խուլ և անաղմուկ այս քաղաքը հանկարծ բռնվեց արտակարգ շարժման տենդով։ Ի՞նչ պատահեց։
Դիտեց պրոֆեսորը չորս կողմը և հիշեց հին արևը, որ հակինթյա անդորրությամբ իջնում էր տափակ կտուրների վրա և ծփում։ Ինչքան նոր մարդիկ կան այս քաղաքում, մարդիկ, որոնք երբեք չէին երազել Երևանը, ահա այստեղ են, աշխատում են գիշեր և ցերեկ, կարծես տագնապում։ Փողոցներում քարեր, քարտաշների մուրճերի ներդաշնակ ռիթմը և զիլ հնչյունը, ահա բարձրանում են շենքերը, տափակ, միհարկանի կտուրները մնում են ստվերների տակ, արևը վեր է բարձրացել և նստել բարձր շենքերի վրա, մանուկների ճիչը բարձր է և ջինջ, առվի ընթացքն անգամ արագացել է, արևի ոսկյա փրփուրը թափվում է Արարատյան դաշտի վրա, չկա հին ծարավը, խորություններից բարձրանում են ջրերը վեր, նորից հոսում ներքև և դարավոր տոչորող հողը ժպտում է ջրի զովության մեջ։
Ի՞նչ պատահեց։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որին պատմությունն ըմբռնելու համար հարկավոր էին միայն դոկումենտներ, չէր կարող տեսնել կյանքի կոնկրետ փաստը։ Ժամանակակից պատմությունը պետք է հնանար, թաղվեր ժամանակի սև փոշու տակ, դառնար թուղթ և քար, որպեսզի նորից դուրս հանվեր և դառնար բուռն հետաքրքրության առարկա։
Նա անցավ նոր ավարտված մի շենքի առաջից, հետաքրքրությամբ դիտեց շենքը՝ մեծ, լուսավոր պատուհաններ, կապույտ թերթիկներով սքողված կտուր, շենքի ճակատը ներկված վարդագույն, լուսամուտներից դիտելով ներքնակողմը՝ տեսավ, որ յուրաքանչյուր պատը և առաստաղը ներկված են զանազան գույներով և արտակարգ պայծառ գույներով, տեսավ և այդ նոր շենքի կողքին հին տունը, տափակ կտուրով, կուչ եկած, իսկ ճակատին մի քանի սյուներով հենարաններ, որպեսզի փուլ չգա հոգնած փոքրիկ տունը։
— Այս նոր շենքը գեղեցիկ է,— ասաց նա ինքնիրեն և անցավ, չկարողանալով մոռանալ հենարաններով տունը, ոչ թե նրա համար, որ այդ փոքրիկ տունը բաղդատության դրեց նոր կառուցված շենքի հետ, այլ նմանեցրեց իրեն։ Ինքն էլ, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, պարզապես հենարաններ էր կառուցել իր հոգու և իմացականության առաջ, որ չփլչեն։
— Մինչև ե՞րբ,— հարցրեր նա իր մտքում և ստացավ կոնկրետ պատասխան:
— Թերևս ավելի շուտ, քան այդ փոքրիկ հենարաններով շենքը։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն այդ կոնկրետ պատասխանից հետո վատ չզգաց, ընդհակառակն, նրան պատեց զարմանալի քաղցրագին մի թախիծ, և իրեն պատկերացրեց նստած, մենակ, տխուր, բայց հավիտենականորեն անդորր, իր սեփական հոգու ավերակների մեջ:
Երբ հասավ նա մի հին եկեղեցու առաջ, որ արդեն փակված էր հաճախորդ չլինելու պատճառով, կանգ առավ մի պահ։ Եկեղեցու ներսը տիրում էր կատարյալ լռություն, հին մեղեդիները քարացել էին տխուր, մռայլ և դեռևս խնկավետ պատերի վրա։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն իսկապես զգաց խնկի հոտը, նրա ռունգները, ասես անասնական սեռային հուզումով, բացվեցին և դողացին հոտի հաճույքից։ Այնինչ, իրականության մեջ, եկեղեցու ներքնակողմում պատերը թացացել էին կտուրի կաթելուց, և ջրից կազմված հետքերը սև օձերի նման գալարվում էին պատերն ի վար։ Եկեղեցու բովանդակ մթնոլորտը հագեցած էր պատերի, հատակի և առաստաղի մգլածությամբ։
Եթե բաց լիներ եկեղեցին, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը կմտներ ներս անպայման, թեկուզ ժամերգություն չլիներ, թեկուզ ոչ ոք չլիներ, կնստեր մի անկյուն, թախիծով և խաղաղությամբ կխոկար լուռ, սրբերից և աստվածներից լքված տաճարում, որտեղ մի ժամանակ, ըստ պրոֆ. Մելիք-Անդրեասյանի, երգվել էին ամենահոգեցունց մեղեդիները, որտեղ հրեշտակներ էին երգել, սպիտակ թևերով, կլոր, գիրուկ և քնքուշ փորերով, որոնց մեջտեղում փայլում էին պորտերը, որպես մարելու մոտ աստղեր երկնքում ճիշտ լուսաբացից քիչ առաջ, որտեղ ինքը` աստված, ահեղ և ահավոր, իջել է շատ անգամներ՝ ունկնդրելու իր երկրպագուների ստրկամիտ աղերսը, իջել է մարդկանցից անտեսանելի։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չհամարձակվեց խաչակնքել երեսը, բայց նրա հոգին խոնարհվեց մինչև եկեղեցու շեմքը:
Մի քիչ քայլելուց հետո՝ մեքենայորեն նայեց ժամացույցին և տեսավ, որ արդեն ժամը 6-ին քառորդ պակաս է, իսկ նրա դասախոսությունն սկսվում էր ճիշտ ժամը 6-ին: Շտապեց դեպի ուսումնական հիմնարկը, բարձրացավ ամբիոն և սկսեց իր դասախոսությունը։
— Անցյալ դասախոսությամբ,— սկսեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— մենք հաստատեցինք, թե ինչպես մարդկության ողջ գործունեության, մի խոսքով` ամբողջ պատմության հիմքում դեր են խաղում միայն նյութական կարիքները։ Այսօրվա դասախոսությունը նպատակ պիտի ունենա այս տեսությամբ, այսինքն՝ պատմության մատերիալիստական ըմբռնման տեսությամբ, քննել Արևմտյան Եվրոպայի խոշորագույն մի երկրի՝ Անգլիայի պատմությունը…