Chapter 4
Գ
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, ինչքան ժամանակն ան֊ցավ, այնքան սկսեց կարոտն զգալ հին կյանքի։ Նա տեսնում էր, որ հին կյանքը թռչում էր, արագ ու սրաթև հեռանում և ինչքան հեռանում էր, այնքան խորը թաղվում էր քաղցր և թովիչ մշուշում։ Երբ նա դուրս էր գալիս պատշգամբ, դիտում նոր կանաչած դաշտը և ներշնչում արևից կակղցած հողի բույրը, նրան թվում էր, որ կանաչն ու հողը դեռ հնից շատ բան են պահում իրենց մեջ, մանավանդ հեռուն բարձրացած, երկնահուպ զույգ լեոների գագաթները, որոնք մխրճվում էին երկնքի պայծառ կապույտում։
Երկար ժամերով նա դիտում էր Արարատյան դաշտում օրորվող տխուր կաղամախիները, նրա հոգին ճոճվում էր նրանց դանդաղ և վեհորեն հանգիստ ռիթմով, տեսնում էր արագիլները, որոնք ահա վերադառնում էին հարավի երկրներից, սավառնելով ծովերի չքնաղ կապույտի վրայով, և իջնում իրենց հին կաղամախիների բույների վրա, արագիլներ, որոնց վրա երբեք չազդեցին քաղաքական և հասարակական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մարդկանց աշխարհում։
Պատշգամբում, գարնան անուշաբույր քամիների առաջ, ամբողջ դեմքը ներկված վերջալույսի արյունով, կուրծքը լցված թարմագույն շնչով, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին պատում էր մռայլագույն թախիծը, աչքերը լցվում էին տաք արցունքի կաթիլներով։ Այդ թախիծը նրան պատում էր այն փոփոխոխություններով, որ սողոսկում էին նրա իմացականության մեջ ակամա, գրեթե բռնի կերպով։
«Մատերիա․․․ ամեն ինչ նյութ է, բոլոր երևույթները, բոլոր շարժումները նյութի այլազան հատկություններն են, առարկան է, որ կա և անդրադառնում է հոգու և մտքի էկ֊րանի վրա, առանց այդ առարկայի չկա անդրադարձում, հոգին ինքը մատերիայի շարժումն է, շարժման հատկություններից մեկը, աոանց նյութի գոյություն չունի միտքը և մտքի թռիչքը»,— մտածում էր նա։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, անդրադառնալով այդ խնդիրներին, ցնցում էր գլուխը՝ ցանկանալով խուսափել մտքերի մռայլ այդ հոսանքից, բայց մի ուրիշը, ավելի ուժեղ թափով, խուժում էր նրա մտածողության դաշտը։
«Պատմությունը (ամենազգայուն և ջղագրգիռ կետը պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի համար) դասակարգային կռվի պատմությունն է։ Ուրեմն, ազգերը չեն կռվել իրար հետ, դեռևս նոր վերջացած համաշխարհային պատերազմը ազգային կռիվ չէ՞ր…»։ Ակամա պրոֆեսորը հարց էր տալիս ինքն իրեն. «Ապա ինչո՞ւ պայքար է տեղի ունեցել և ազգի մեջ»։ Այստեղ նա մի պահ մտածում էր և քիչ հետո, բացատրելով այդ իշխանների անհատական նախանձի, փաոասիրության և արշավանքի տենչերի գոյությամբ, վեր էր կենում և ներս գնում պատշգամբից, երբ Արարատյան երկնքի վրա աստղեր էին թափվում, և ջինջ օդում անտեսանելի բյուրավոր զանգակներ էին կախվում։
— Ելենա,— շշնջում էր նա կնոջը,— բնությունը գեղեցիկ է, բայց վախենում եմ, որ մարդիկ փչացնեն նրա գեղեցկությունը։
Ելենա Բեգլարովնան, չանդրադառնալով պրոֆեսորի լիրիկական տրամադրությանը, աոաջը դնում էր հիմնարկից ստացված մի գրություն։ Պրոֆեսորն սկսում էր կարդալ առաջին երկու բառերը՝ «ի նկատի ունենալով…» և թուղթը շպրտում էր մի կողմ, վեր էր կենում, մոտենում իր պահարանին, վերցնում մի գիրք, լավ կազմված, հաստ, ոսկեզօծ տառերով գրված շապկով և, դնելով իր սեղանին, վառում էր լույսը և խորասուզված կարդում։
Այդ գիրքը ձեռագիր էր, բայց արտաքին տեսքից կարծվում էր, որ մի դասական երկասիրություն է։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, պրոֆեսորական կոչում ստանալու առաջին իսկ օրից, ինչպես պատահեց, որոշեց օրագիր պահել։ Այդ օրագիրը, մի քանի ընդմիջումներով, շարունակեց մինչև Նոյեմբերյան հեղափոխությունը, հեղափոխությունից հետո էլ մի քանի օր թեև շարունակեց, բայց հետո թողեց՝ վերսկսելու պայմանով, բայց այլևս չկարողացավ, ինչ որ գրել էր, դարձավ նրա համար մի սրբազան հիշատակ։
Երբ Ելենա Բեգլարովնան մեկ-մեկ հիշեցնում էր օրագիրը, պրոֆեսորը պատասխանում էր․ — Դեպքերն այնքան արագ են զարգանում, որ հնար չէ գրի առնել, պիտի սպասել, թող ամեն ինչ հանդարտվի, հետո։
Եվ որովհետև ոչինչ չհանդարտվեց, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը չվերսկսեց իր օրագիրը։