1. Հրկիզված թղթեր

Chapter 28

ԻԷ

— Հարկավ, հարկավ, ամենահարգելի պրոֆեսոր, ես ձեր առաջ դնում եմ ամբողջ ճշմարտությունը:

— Բայց չէ՞ որ ճշմարտությունն ասելու համար…

— Այո,— ընդմիջում է դիմացինը,— ճշմարտությունն ասելու համար հարկավոր է արիություն, բայց դուք կարծո՞ւմ եք, որ ես արիություն չունեմ, ճիշտ է, այն ժամանակ լռեցի, իմ լռությունն ուրիշ նպատակ ուներ, վերջապես, չի կարելի ամեն ինչ, ամեն մարդու ներկայությամբ ասել, ամեն բան հարկավոր է նկատի ունենալ, հանգամանքները, նրբություններ կան… Վերջապես կա և անձնական շահի խնդիր, իհարկե, ես անձնական շահի համար չէ, որ, այսպես ասած, չասացի այն, ինչ հարկավոր էր ասել, բայց վերջապես…

— Հասկանում եմ, հասկանում եմ ձեզ:

— Ուրախ եմ, վերջապես հանգամանքները…

Բուրժուական հարաբերությունների բարդ, խճճված այս հանգույցներում նրա հոգին սկսեց ձգտել դեպի հարաբերությունների պարզությունը, դեպի խորհրդային կենցաղը:

Ահա խոսում է մեկը քաղաքավարի, կուլտուրական բոլոր ձևականություններով, հաճելի է մինչև անգամ նրա լեզուն, զգացնել է տալիս նա, որ խորապես հարգում է դիմացինի մարդկային արժանապատվությունը, բայց կեղծ է, սուտ է, չի կարելի հավատալ նրա խոսքի ոչ մի շեշտին:

Եվ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ծանրություն էր զգում իր ուղեղում, թաց, ամպամած և մռայլ երկնքի կապարն էր կախվում նրա իմացականության վրա։ ​Կարոտը, կարոտը Խորհրդային հայրենիքի, այրում էր նրա ողջ էությունը, որոնում էր նա ծանոթ դեմքերը, որոնում էր ծանոթ կենցաղը, ծանոթ միջավայրը, ցանկանում էր լսել քարտաշի մուրճի հնչյունը, որ մի քանի տարի էր, ինչ նրա ականջին երգում էր բոլոր փողոցներում, մինչև անգամ իր դասարանի լուսամուտի տակ։

— Ես պետք է վերադառնամ, պետք է անպայման վերադառնամ, ես չեմ կարող բաժանել ինձ մարդկության լավագույն մասից, չեմ կարող բաժանվել այն կուլտուրայից, որ ամբողջովին հագեցած է բարձր գաղափարականությամբ։

Այս որոշումը տալուց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ազատվեց ծանր մի կոշմարից։ Այդ կոշմարը երկվությունն էր, երկվությունը դեղին աչքերով։ Այլևս ոչ մի տատանում չէր տանջում նրա հոգին։ Այդ որոշումից հետո՝ բարձրացավ նրա տրամադրությունը, մինչև անգամ սկսեց հաճույք զգալ Եվրոպայի ցնծուն քաղաքից, սկսեց ստանալ այդ քաղաքի գիշերից խոր բավականություն։ Փարիզի գիշերը զվարթ էր և լուսավոր։ Այդ որոշումից հետո՝ նա օրորվում էր մի դուրեկան հեռանկարով. ահա ծովը, ահա նավը, որ մոտենում է հեռավոր հարազատ ափերին, որտեղ ծաղկում են լիմոնն ու նարինջը և փայլում ոսկյա անդորրությամբ։

Comments