Chapter 24
ԻԳ
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ինքը Փարիզից մեկնեց շվեյցարական մի փոքրիկ քաղաք՝ տեսակցելու էմիգրանտ եղբոր հետ, որովհետև եղբայրը գրել էր, որ ոչ մի հնարավորություն չունի Փարիզ գալու։
Նա ճանապարհին մտածեց, թե ի՞նչ հարցեր կարող էր տալ իրեն եղբայրը և ինքն ինչպե՞ս պիտի պատասխաներ։
Այդ պատասխանները գոհացուցիչ էին թվում սկզբում, բայց հետզհետե սկսեցին հոգեկան տանջանք պատճառել, նորից մի դիվային ինչ-որ բան բարձրացավ իր հոգում — դա երկվությունն էր, երկվությունը դեղին և կանաչ աչքերով, որ ոչ թե դրսից սողոսկեց իր ներքին աշխարհը, այլ հարություն առավ, ընդհակառակն, իր ներքին աշխարհից։
Պրոֆեսորը եղբորը նախապես չէր գրել, թե երբ է գալու, ուստի կայարանում ոչ ոք չդիմավորեց նրան։ Կայարանից մինչև եղբոր բնակաբանը նա մտածում էր, թե ի՞նչ պատասխանի եղբոր առաջին հարցումին։ Այդ հարցումը, բնականորեն, անխուսափելիորեն պիտի լիներ կնոջ և զավակի մասին։
Երբ երկու եղբայրները շվեյցարական փոքրիկ, լուսավոր ու մաքուր սենյակում իրար փաթաթվեցին, համբուրվեցին և նստեցին դեմ-դիմաց, եղբայրը հարցրեր պրոֆեսորին.
— Ինչպե՞ս ազատվեցիր այդ դժոխքից։
— Ի՞նչ դժոխք,— հարցրեց պրոֆեսորը, հաստատ համոզված լինելով այժմ, որ դժոխք էմիգրանտի լեզվով նշանակում է Խորհրդային երկիր։
— Ինչո՞ւ չես ասում, այստեղ լրտեսներ չկան,— հեգնեց եղբայրը։
— Վերջապես, մենք ամեն բան գիտենք։
— Ի՞նչ գիտեք,— հանկարծ հարցրեց պրոֆեսորը զայրացած, բայց զուսպ։
— Մենք գիտենք, թե ինչ չարչարանքներ են տվել քեզ։
— Ի՞նչ չարչարանքներ։
— Բանտ և այլն։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ապշեց։ Բա՞նտ։ Ե՞րբ։ Հանկարծ նա սկսեց բարձրաձայն հռհռալ։
— Ի՞նչ ես հռհռում։
— Բանտ և այլն… իսկ ի՞նչ է այդ և այլնը։
— Հարցաքննություն գրեթե երեք օրը մի անգամ։
Մելիք-Անդրեասյանի հռհռոցը դարձավ գրոտեսկ։
Էմիգրանտն այդ հռհռոցից զգաց թունավոր խոցեր իր մարմնի վրա։ Որքան խոր, որքան այրող կարոտով սպասել էր իր եղբորը, ինչքան նա ուրախացել էր նրա ազատության առթիվ, լցվել էր մանկական խնդությամբ, բայց ահա նա հռհռում է, հռհռում է ինչպես դևը, հռհռում էր իր վրա, իր գաղափարների, իր մարտիրոսության վրա։
Նա այդպես էլ արտահայտվեց:
— Դու ծաղրում ես իմ մարտիրոսությունը, Միքայել։
Հռհռոցն իսկապես դարձավ դիվային։
— Ի՞նչ մարտիրոսություն…
— Վե՛րջ տուր, բավակա՛ն է…
Պրոֆեսորը չէր կարողանում դադարեցնել ծիծաղը, բայց ի վերջո լրջացավ, լայն մի տխրություն, ինչպես թանձրացյալ շաղախ, պատեց նրան։
— Ինչպե՞ս ես ապրում դու այստեղ,— հարցրեց Միքայելը վերջապես, եղբայրական կարեկցությամբ։
— Վա՛տ եմ ապրում, շա՛տ վատ։
— Ի՞նչ տեսակետից։
— Տնտեսական:
— Չե՞ն օգնում քեզ ընկերները, քո կուսակցությունը։
— Է՛հ, ավելի մեծ գազաններ կան, ինձ բան չեն թողնում, պատասխանեց էմիգրանտը գրեթե լացակումած, նկատի չառնելով այն հեգնությունը, որով արտասանեց պրոֆեսորը «ընկերներ» և «կուսակցություն» բառերը։
Տիրեց լռություն։
Էմիգրանտը բաճկոնի կոճակի հետ էր խաղում, իսկ պրոֆեսորը նայում էր լուսամուտից դուրս և դիտում էր փողոցի երթևեկը՝ մտածելով ինչ–որ։
— Իսկ դու չե՞ս հետաքրքրվում քո ընտանիքով,— հարցրեց պրոֆեսորը։
— Ոչ։
— Ինչո՞ւ։
— Քո պատճաոով։
Պրոֆեսորն ապշեց։
— Ես քեզ չեմ հասկանում:
— Իմ ընտանիքը, քաղաքական դժբախտ պայմանների պատճառով, թողի քո խնամքին, իսկ դու ի՞նչ արիր։
— Կերակրեցի նրան։
— Շնորհակալ եմ,— հեգնեց էմիգրանտը,— այս մասին չէ իմ խոսքը։
— ?
— Տղաս կոմսոմոլիստ է այժմ, ճի՞շտ է:
— Այո, ճիշտ է։
— Ապա դու չամաչեցի՞ր, որ նրան թույլ տվիր, նրան՝ իմ որդուն, դառնալու կոմսոմոլիստ։
— Ոչ:
— …
— Ոչ միայն թույլ եմ տվել, այլև քաջալերել եմ:
— Քաջալերե՞լ ես։
— Այո, քաջալերել եմ, որպեսզի քեզանից ավելի բարձր մարդ դառնա հասարակության համար, դառնա ավելի պետքական, ավելի բարոյական, ավելի պատվավոր։
— Ինչ լավ կլիներ, մենք իրար չտեսնեինք։
— Ո՛չ, ավելի լավ չէր լինի, ես չեմ սիրում պատրանքը, եթե մենք իրար չտեսնեինք, ես պիտի շարունակեի կարծել, որ իմ եղբայրը մի պատվավոր մարդ է:
— Միքայե՛լ:
— Որտեղի՞ց իմացար, որ ես բանտարկված եմ, հարցաքննված ամեն երեք օրը մի անգամ։
— Մենք ստույգ տեղեկություններ ունենք այդ մասին: Քեզ բանտարկել են իմ կնոջ և որդու համար:
— Ստում ես դու, այդպիսի տեղեկություն չի կարող լինել, դու ինքդ ես սարքել, որպեսզի երևաս մարտիրոս։
— Միքայել, դու ինձ անպատվում ես։
— Դու ես քեզ անպատվում, խեղճ մարդ։
Էմիգրանտը լռեց։ Նրա հոգու դռանը բախվեց մի ուժգին ձայն. «Ճիշտ է եղբայրդ, այդ սուտը դու ես հնարել»։
— Նու՛, մոռանանք այս բոլորը։ Ես կարծում եմ, որ այստեղ ապրելն ավելի լավ է, քան Փարիզում, խորհուրդ կտայի այստեղ ապրել,— ասաց էմիգրանտը։
— Ոչ։
— Փարիզում դժվար կլինի տնտեսապես։
— Տնտեսապես և ամեն բանով, մանավանդ բարոյապես, ավելի լավ կլինի ապրել Երևանում:
— Պիտի վերադառնա՞ս,— ապշահար հարցրեց եղբայրը։
— Այո՛:
— Նու՛, ասենք իմ սխալը դու չես գործի, թողնել կնոջ…
— Ոչ մի կնոջ հարց չկա:
— Ապա՞:
— Ես քո սխալը չեմ գործի, քո քաղաքական սխալը։
— Ի՞նչ, բոլշևի՞կ դառնայի։
— Ուրախությամբ կընդունեին քեզ կուսակցության մեջ,— հեգնեց պրոֆեսորը:
— Մեր ընկերներից բոլշևիկ դարձողներ եղան։
— Այո, եղան, բալց բոլշևիզմը կարիերիստներին շատ չի սնուցանում։
— Միքայել, կրկնում եմ, լավ կլիներ մենք իրար չտեսնեինք։
— Ալո, լավ կլիներ, երևի էլ չենք տեսնի իրար։
— Ինչո՞ւ։
— Մեր ճանապարհներն այլ են։
— Այլ են…
— Ես պատկանում եմ մարդկության առողջ մասին։
— Ո՞րն է առողջությունը։
— Մարդուն չշահագործելը։
— Ծիծաղելի է։
— Ի՞նչը։
— Ամեն բան։
— Ծիծաղելի է,— կրկնեց պրոֆեսորը։
— Ի՞նչը:
— Դու։
— Միքայել, մեր ճանապարհներն այլ են։
— Այո՜, այո՜, այլ են։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ էմիգրանտ եղբոր սենյակից։ Արտասահմանում լինելու ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի ժամանակ իրեն այնքան օտարոտի չէր զգացել, որքան եղբոր սենյակում և դրանից դուրս, շվեյցարական փոքրիկ քաղաքի խաղաղ փողոցներում։
Կանգնած փոքրիկ քաղաքի միակ հրապարակում, կեսգիշերային պայծառ աստղերի տակ, նա տխրություն զգաց մինչև հոգու խորքը։ Ւ՞նչն էր, որ նրան այդպես տխրեցնում էր։ Վերջնական բաժանո՞ւմը եղբորից։ Ոչ: Նրան տխրեցնում էր Խորհուրդների երկրի հիշողությունը։ Ահա այդ երկիրը պատկերացավ իր առաջ ամբողջ մերկությամբ։
Քայլեց նա առաջ, մտավ մի փողոցից մյուսը և երբ հանկարծ նրան թվաց, որ նավը ճեղքում է նորից կապույտ ծովը դեպի Խորհուրդների երկիրը` փարատվեց նրա տխրությունը, աստղերը թափվեցին նրա սրտի վրա, և շվեյցարական անսահման խաղաղ և կապույտ գիշերը երգեց նրա հոգում: