1. Հրկիզված թղթեր

Chapter 23

ԻԲ

Առաջին անկյունում նա տեսավ մի զույգ, որ պինդ փաթաթված համբուրվում էին, տարված այնպիսի գերագրգրռությամբ, կարծես չորս պատերի մեջ մենակ լինեին։

Նա մտավ բուլվարներից մեկը։

Խնդությունը հոսում էր ծառերի տակով, մաքուր և ուրախ մայթերով կարկաչում էր գիշերվա երգը, ծառերի ճյուղերի միջից երևացող լույսը չէր կարելի որոշել՝ աստղե՞ր էին, թե էլեկտրական լամպեր, հարյուրավոր մեծ լուսամփոփներ, կլոր և սպիտակ լիալուսնի նման, օրորվում էին բուլվարի մեջտեղում:

Նա կանգ առավ մի քանի խանութների փեղկերի աոաջ, դիտեց, հափշտակվեց մի կամ երկու իրով և շարունակեց ճանապարհը։ Նրա մտքովն անգամ չէր անցնում, որ այդ բարձրորեն ցնծացող քաղաքում, որտեղ փողոցի յուրաքանչյուր ​քարն անգամ հյուրասեր էր, գոյություն ուներ մարդկային տանջանքը, որի ճիչը խեղդվում էր բարձրաղաղակ ուրախության տակ։ Հանկարծ նա տեսավ երիտասարդների մի խումբ, որոնց մեջ կային դեռ բոլորովին պատանիներ, վերին շրթունքների վրա մազերի թեթև ստվերներով, և նրանց ետևում մի քանի ոստիկաններ: Խումբը, քրտնած և ահաբեկված, կողմնակի փողոցից մտավ բուլվար, ճեղքեց ուրախ ամբոխը և մտավ դիմացի կողմնակի փողոցը, բայց այնտեղ հանդիպեց ոստիկանական ուրիշ խմբի և կանգ առավ։ Երկու կողմից ոստիկանները պաշարեցին երիտասարդներին ու պատանիներին և քշեցին առաջ: Ձերբակալվածներն սկսեցին երգել մի երգ, որ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը երբեք լսած չէր, բայց այդ երգի յուրաքանչյուր հնչյունը ցնցեց նրա ամբողջ մարմինը, նրանց ձայնը հիշեցրեց նրան Խորհուրդների երկրի երիտասարդ սերնդի ձայնը, առողջ, զիլ, թարմ ու վճիտ՝ ինչպես լուսաբացի համանվագը: Հիշողության մեջ պատկերացրեց նա և մի ուրիշ պատկեր՝ ցարական դարաշրջանի ոստիկանությունը, և նրան ճնշող հին այդ կոշմարը, մռայլ և ցավատանջ կոշմարը, որի վերադարձի հեռապատկերը փշաքաղեց նրա մարմինը և մտքում, պարզ և որոշակի՝ ինչպես բարձրաձայն մեկի հետ խոսեր, նա ասաց.

— Եվ ես ցանկանում եմ, որ վերադառնա այդ բոլոր հինը։

Մարդիկ տեսան, որ մեկը, ըստ արտաքին երևույթին և քայլվածքի ոճին՝ մի օտարական, քայլում է բուլվարի ցնծացող ծառերի և լիալուսնի նման կախված լամպերի լույսերի տակով, ահաբեկված աչքերով, նյարդայնացած և հոգեկան ակնբախ խռովքով։

Աշխատելով փախչել հետզհետե աճող ցնծությունից և լույսից, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտավ կողմնակի փողոցներ, բայց իրեն գտավ ավելի կոշմարային մթնոլորտում։

Մի կանացի երգեցիկ ձայն նրան բարևեց սիրալիր և՝

— Մենակ չե՞ք ձանձրանա,— հարցրեց նրան։

Պրոֆեսորը չպատասխանեց։ Գնալով լույսին ավելի մոտիկ, նա նայեց կնոջը։ Վերջինս ժպտաց։ Այդ ժպտում չկար ուրախության ոչ մի ցոլք, ընդհակառակն, թախծի մի քող նրան դարձնում էր զարմանալիորեն գրավիչ։

— Ես սիրում եմ մենակություն,— ասաց պրոֆեսորը: ​

— Երևի դուք պրոբլեմով եք զբաղված,— ասաց կինը:

— Այո։

Կինը ծիծաղեց. կարծես, մթան մեջ հանկարծ բխեց մի ջուր, կարկաչեց և հոսեց։

— Դուք երբևիցե չե՞ք ուզում լինել մենակ,— հարցրեց պրոֆեսորը։ Կինը լրջացավ։

— Ես միշտ ուզում եմ մենակ լինել, բայց մարդիկ ձանձրանում են մենակ լինելուց, ստիպված եմ փողոց դուրս գալ և փարատել նրանց տխրությունը,— ասաց նա:

— Բայց չէ՞ որ դուք…

— Օ՜հ, բավական է,— զայրացավ կինը և հեռացավ:

Փողոցային կինը չի սիրում, երբ մարդիկ գաղափար չունեն, թե ժամանակն անցնում է արագ, հանկարծ գիշերը կհասնի իր վախճանին, և նա կարող է դիմավորել լուսաբացը մի քանի անավարտ սակարկություններով։

Պրոֆեսորը նայեց նրա ետևից՝ մինչև կորսվեց նա մթնում, ապա առաջ քայլեց։

— Բարև, պարոն,— հնչեց ուրախ և անզուսպ մի կանացի ձայն:

— Ներեցեք, ես պրոբլեմով եմ զբաղված,— ասաց պրոֆեսորը։

— Ուրախ եմ, որ ժամանակս չխլեցիք,— նորից հնչեց այն ուրախ և անզուսպ կանացի ձայնը, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մնաց մենակ։

. . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . .

Առավոտյան պրոֆ. Մելիք-Անդրեասյանը զարթնեց անորոշ և տարտամ զգացումներով։

Comments