Chapter 22
ԻԱ
Մի երեկո պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը Մետրոյի Կառ դը Լ՛Էստ կայարանից դուրս գալուն՝ գնեց մի «Պարի-Սուար»․ առավոտյան գնած «Պտի Պարիզիեն»-ը ևս չէր կարդացել։ Մտածեց նա գնալ պանդոկ և կարդալ թերթերը։ Ականջին խփեց մի ուրիշ թերթի անուն՝ «Լ՛Յումանիտե», կանգնեց, ուզեց մի համար էլ նրանից վերցնել, բայց անցավ, ձեռքը թափ տալով և մտքում ասելով․ «Կոմունիստական մամուլը զահլաս տարել է, բավական է»։
Պանդոկում նա չկարողացավ դիմադրել լուսամուտից նորից դիտելու քաղաքը։ Անվերջ է Փարիզի թովչանքը, կախարդական քաղաք, որտեղ ամեն մի իր ունի իր առանձնահատուկ հրապույրը։ Եթե մի որևէ առարկա ուրիշ քաղաքներում աննշան և անիմաստ է, Փարիզում կարող է ստանալ առանձին գրավչություն և խորագույն իմաստ, կան անտեսանելի ձեռքեր, որոնք գեղեցկացնում են ամեն ինչ։
Երեկոյան Փարիզն ավելի գեղեցիկ էր։ Ամբողջ քաղաքը ողողված էր վերջալույսի վարդագույն լույսով, անսահման դաշտն օրորվում էր, քաղաքում տիրում էր մի լուռ խնդություն, որ գալիս էր ամեն մի վերջալույսին՝ իբրև մի հանգիստ պահ աղմկալից, լուսավոր և ցնծուն գիշերից առաջ։ Գիշերը Փարիզը ոչ թե քնում է, այլ նոր է զարթնում, նա սիրում է ուրախանալ երկնքի և երկրի աստղերի տակ։ Փարիզը գիշերը պարում է, իրիկնային փոքրիկ հնչյունները մեծանում են գիշերը և դառնում բարձրաձայն նվագ, պատռվում է քաղաքի սիրտը, և հոսում է վարդագույն ու արնագույն գինին։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը քաշվեց լուսամուտից, երկարեց բազկաթոռի վրա և բաց արավ լրագրերից մեկը։ Մի քիչ կարդալոլց հետո՝ մեքենայորեն նա փնտրեց արտասահմանյան բաժինը և ահա URSS։ Այդ բաժինը, բնականորեն, նրա համար նորություններ չէր պարունակելու, բայց, զարմանալի էր, նորություններ շատ կային, կարծես ինքը չէր եղել այդ երկրի քաղաքացին, հասարակական հազար ու մի թելերով կապված չէր եղել այդ երկրի ամեն մի երևույթի հետ, ֆրանսիական թերթի տեղեկությունները, կարծես, այն երկրի մասին չէին, որտեղից ինքը դեռ նոր էր եկել։
Պրոֆեսորը կարդաց․
— Վերսկսվել են հրեական կոտորածները․․․
— Հեռավոր Սիբիրում պայթել է մեծ ապստամբություն․․․
— Փոքրիկ հանրապետությունների կոնֆերանսը որոշել է անջատվել Խորհրդային Միությունից, բայց ռուսական Կարմիր Բանակի երևալը Անդրկովկասում և Միջին Ասիայում քայքայել է հանրապետությունների ցանկությունը․․․
— Գնդակահարումը շարունակվում է ժողովրդական այն տարրերի դեմ, որոնք ոչ թե մասնակցում են դժգոհության ալիքին, այլ պարզապես չեզոք են մնում․․․
— Խորհրդային Միությունը տենդագին պատրաստություն է տեսնում արտաքին պատերազմի համար․․․
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը դեն շպրտեց թերթերը և սկսեց մտածել․ «Մի՞թե ինքը, լինելով այդ երկրի մասնիկը, լինելով մտավորական, կուլտուրական ֆրոնտի բարձր տիպի աշխատավոր, բոլորովին տեղյակ չի եղել երկրում տեղի ունեցած պրոցեսներին, մի՞թե ինքը քնած է եղել ուղտի ականջում, մի՞թե նա չի կարողացել տեսնել քթից գոնե մի քիչ հեռու»։
Մի պահ, կարծես, համոզվեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը իր սեփական հիմարությանը և մտքում ասաց. «Երբ մի մարդ այնքան տարված լինի պատմության չոր փաստերով, մգլած դոկումենտներով, ահա այս կլինի հետևանքը»։
Ուրեմն այն մի քանի հոգիները, որոնք երկրում իրեն ասում էին զանազան բաներ, որոնց չէր հավատում, ճշմարիտ էին։ Մի անգամ, հիշեց պրոֆեսորը, լուր տարածվեց Երևանում, որ գիշերը կոմունիստական մի ջոկատ, հարձակվելով Էջմիածնի վրա, գերի էր վերցրել կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների, աքսորել Սևան, խստորեն մեկուսացրել նրանց կղզում: Ճշմարիտ է, և այն ժամանակ նա չէր հավատացել, չէ՞ որ մի քանի օր հետո մարդիկ անձամբ տեսել էին հայոց հայրապետին իր վեհարանում՝ հանգիստ և անձեռնմխելի, ուրեմն այդ անձամբ տեսնողները «ստել են ականատեսի նման»։
Բայց պրոֆեսորը քիչ հետո սթափվեց, կարծես մի ծանր երազից։ Նա լսել էր, դեռ մինչև Փարիզ ճանապարհին, որ գաղութահայ թերթերը գրում են մասսայական գաղթի մասին Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Հայաստանի մայրաքաղաքը օրեցօր դատարկվում է, մարդիկ փախչում են մինչն անգամ Միության ավելի անբարեբեր շրջանները, ազատվելու համար քաղաքական անասելի հալածանքից, իբր թե Հայաստանից դուրս բոլշևիզմն ավելի մեղմ է, քան Հայաստանում։
Պրոֆեսորը հանկարծ գոչեց. «Սուտ է, ամեն ինչ սուտ է, մեր կառավարությունը մինչև անգամ չի կարող դիմանալ ներգաղթի ուժգին հոսանքին, կառուցելով ամբողջ թաղամասեր, դեռ բնակարանային սուր ճգնաժամը շարունակվում է, այնինչ արտաքին լուրերի համաձայն դատարկվում է մայրաքաղաքը։ Սուտ է, սուտ է, սուտ է։ Մարդիկ անխղճորեն ստում են»։
Առաջին անգամն էր, որ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն զգաց խղճահարություն դեպի Խորհուրդների երկիրը, առաջին անգամն էր, որ նրա մեջ զարթնեց Խորհուրդների երկրի քաղաքացու արժանապատվությունը և արդարության զգացումը։ Նրան, այդ կույր մարդուն, որ տարիներ ապրել էր հանուն սոցիալիզմի կառուցման մղվող պայքարի անասելի, հերոսական և մինչև անգամ հեքիաթային պայմաններում և գրեթե ոչինչ չէր տեսել, կամ մարտնչել էր չտեսնելու, սուտը, բացարձակ սուտը զարթեցրեց: Հանկարծ նա զգաց, որ ո՛չ միայն ինքը, իբրև հարազատ քաղաքացի, չէր կարողացել ոգևորվել երկրի վերելքով, չէր կարողացել տեսնել ժամանակավոր անհաջողությունների մեջ իսկ ապագա մեծագույն և բացարձակ հաղթանակի բոլոր տվյալները, այլ մինչև անգամ չէր կարողացել լինել օբյեկտիվ։
Այս մտածումների հոսանքում արիություն չունեցավ նա երկար տարուբերվելու, որպեսզի կարողանար գտնել ճշմարիտ հանգրվանը՝ ինչպես փոթորկից հետո անխուսափելի խաղաղությունը, իրեն նետեց պանդոկից դուրս՝ ազատվելու համար իրեն ճնշող մտքերից։
Լույսի և ստվերի այն հաջորդականությունը, որից տանջվում էր նա, հրեց նրան դեպի ցնծացող, լուսազվարթ և երգող քաղաքը։