1. Հրկիզված թղթեր

Chapter 21

Ի

Ելենա Բեգլարովնան առավոտյան անկողնից վեր կացավ խնդությամբ գինով, իրիկվա դառնաղի արցունքներին փոխարինեցին լուսաբացի ցողերի թարմ կաթիլները, նրա հոգում կաթեց, շիթ առ շիթ, նոր մի գարնան լույսը, տան իրերը երգեցին, մեծ հայելին անդրադարձրեց Ելենա Բեգլարովնային թարմացած, շրթունքները և այտերը ներկված վարդի թեթև կարմիրով, նա լսեց պարտեզի տերևների հծծյունը, լուսամուտի թաղարի մեջ բացված ալպյան մանիշակը շշնջաց ինչ-որ բան, ջրով լիքը բաժակը ժպտաց, իսկ պրոֆ. Մելի-Անդրեասյանի պատմության գրքերը տխուր նայեցին նրան։

Երբ Ելենա Բեգլարովնայի նայվածքը հանդիպեց ամուսնու գրքերին, նա ցնցվեց, թեթև մի սարսուռ փշաքաղեց նրա մարմինը, բայց երբ աչքերը հեռացրեց գրքերից, նա խոր ​ուրախությամբ ապրեց դավաճանության հրճվանքը։ Ելենա Բեգլարովնան զգում էր, որ հանցավոր է, բայց ագահությամբ և բոցավառությամբ ձգտեց դեպի այդ հանցանքը։

Թռավ անկողնից, սառը ջրով ողողեց նա երեսը, վիզը և կուրծքը, բայց այտերն այրվում էին։

Անանյանը խոստացել էր առավոտյան գալ։

Ւնչո°ւ ուշացավ։

Նայեց ժամացույցը:

Անանյանը չէր ուշացել։ Ելենա Բեգլարովնային միայն թվաց, որ նա ուշացել է։

Մտավ խոհանոց, թեյ դրեց։ Նրա երակներում արյունը վետվետում էր։ Կյանքը վերադարձել էր ծաղկումներով։ Սխալ է, որ ասում են, թե գարունները, որ գնում են, այլևս չեն վերադառնա։ Գնացած գարունները նորից են վերադառնում՝ ավելի հարուստ, ավելի շողշողուն և ավելի կանաչահեղձ, վերադառնում են և գարունների հետ հոսող առուները, քչքչում են, հծծում, երգում և նորից հոսում, անվերջ է կյանքի ուրախությունը, միայն պետք է գիտենալ, թե որտե՜ղ է թաքնված այդ ուրախությունը։

Ելենա Բեգլարովնայի համար այդ ուրախությունը թաքնված էր երիտասարդ գիտնականի գանգուր մազերում, նրա շրթունքների խոնավության և ջերմության մեջ, նրա հզոր թևերում։

— Բարի լույս, Ելենա…

Կարծես արևը ճչաց Անանյանի ձայնի մեջ։

— Վագրամ․․․

Ելենա Բեգլարովնան իջեցրեց լուսամուտի վարագույրները, քիչ անց՝ մթնշաղում լսվեց թեթև մի շրշյուն, կոճակները զարնվեցին աթոռին, և Վահրամին մոտեցավ մի լուսավոր հասակ…

Երիտասարդ գիտնականի առաջ նորից բացվեց կյանքի գիրքն իր անսահման գաղտնիքներով և նորանոր, անթիվ էջերով։

—Եկ, անպայմա՜ն եկ երեկոյան, Վագրամ, սիրելիս…

Վահրամ Անանյանը սահեց դուրս։

Ի՜նչ լուսապայծառ է օդը։

Արևի նարինջը ներկել էր բոլոր պատերը, հողը, կտուրները ​և ծառերը, բոլորը, բոլորը լողում էին արբեցողությամբ արևի վարար ալիքներում, առուները հոսում էին երգելով։

Ելենա Բեգլարովնան, Վահրամի գնալուց հետո, բաց արավ լուսամուտի վարագույրները, լույսը ողողեց սենյակը, կրկին նայեց իրեն մեծ հայելու մեջ, անչափ դուր եկավ իրեն իր մարմինը։

Հագնվեց Ելենա Բեգլարովնան, վերցրեց սեղանի վրա երեկվանից մնացած պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի նամակը, նորից կարդաց և գոհ մնաց իր դավաճանությունից։

— Կյանքն ամփոփված չէ միայն քո մեջ, քո գրքերում,— շշնջաց նա և ծիծաղեց։

Ակամա դարձավ նա պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի գրքերին, նրանք ևս ժպտում էին, այլևս տխուր չէին՝ ինչպես իրիկունը և առավոտյան։

Ելենա Բեգլարովնան մտածեց դուրս գնալ, մինչև անգամ անհրաժեշտ է դուրս գնալ տան կարիքները հոգալու համար, բայց չուզեց բաժանվել տան մթնոլորտից, իր ննջասենյակից, որտեղ տարածվել էր բուրումնավետ մի ալիք։ Իրերից արտացոլված բուրումը խորապես հարբեցնող էր, իրերի ներքին աշխարհն էլ պար էր գալիս Ելենա Բեգլարովնայի ուրախության հետ, հրճվում էին բոլորը, բոլորը։

Comments