Chapter 20
ԺԹ
Ելենա Բեգլարովնան պրոֆեսորից ստացավ առաջին նամակը, որին ջերմագին կարոտով սպասում էր նա։
Նամակը գրված էր Փարիզից, այնտեղ հասնելուց մի քանի օր հետո, և բացի անհրաժեշտ անձնական տեղեկություններից` ֆիզիկական առողջության, տեղավորվելու, եղանակի և այլնի մասին, ուրիշ ոչինչ չկար այդ նամակում, գուրգուրանքի, կարոտի ոչ մի խոսք, կարծես այդ նամակը գրված էր մի կնոջ, որ երբեք մտերիմ կապեր չէր ունեցել նամակագրի հետ: Ելենա Բեգլարովնան կրկին և կրկին կարդաց նամակը՝ ճգնելով գտնել թաքնված մի ջերմագին շեշտ, բայց չկարողանալով՝ իրեն նետեց թախտի վրա և սկսեց դառնորեն հեկեկալ։
Երբ դեռևս ոչ մի նամակ չէր ստացել, նա ապրում էր սպասումի անձկությամբ, և այդ սպասումի անձկությունը նրան օրորում էր երազային լուռ և խոր մի մելոդիայով, այժմ այդ անձկությունն էլ չկար, չկար ոչինչ, որին սպասեր. պրոֆեսորը եսասերորեն մենակ մեկնեց Եվրոպա, կարող էր մերժել գործուղումը, երբ չհաջողվեց իրեն ևս տանել հետը։ «Եթե ուզենար՝ կհաջողացներ,— մտածեց Ելենա Բեգլարովնան,— հոգու խորքում նա չէր ցանկանում իր ընկերակցությունը, ուզում էր լինել ազատ»։
Որքան մտածեց, այնքան լցվեց թախծով և արցունքով։
«Այլևս ի՞նչ կա, որին ես ձգտեմ»,— շշնջաց Ելենա Բեգլարովնան և սարսափեց հոգու դատարկությունից։ Այժմ նա խորապես գիտակցեց կյանքի իր սխալները։ Խոշորագույն սխալն այն էր, որ նա մի բան չսովորեց, շուկա գնալը, տնային կարգ ու սարքով զբաղվելը չէր լցնի մարդու ներքին դատարկությունը։ Ելենա Բեգլարովնան, արդարությամբ մտածելով, հիշեց, որ պրոֆեսորն առաջինն էր, որ իրեն քաջալերել էր այդ ուղղությամբ, բայց ինքը կարևորություն չէր ընծայել։
Երբ Վահրամ Անանյանը սովորական, ամենօրյա իր այցելությունն անելու համար ներս մտավ, Ելենա Բեգլարովնան փոքրիկ բաց կապույտ մի թաշկինակով աչքերն էր սրբում։
Անանյանը զարմացավ։
— Ի՞նչ է պատահել, տիկին,— հարցրեց նա։
— Ոչինչ։
Նրա ձայնի մեջ անսահման թախիծ կար, դեմքը գունատ էր, և մազերը՝ մի քիչ անխնամ։
— Ելենա Բեգլարովնա, պրոֆեսորը, գնալուց առաջ, ձեր ներկայությամբ ասաց, որ որևէ մի նեղության ժամանակ ինձ դիմեք, այժմ ես պատրաստ եմ ձեզ մխիթարելու, աջակցելու։
— Վագրամ Տիգրանիչ,— մեղմագին ձայնով ասաց Ելենա Բեգլարովնան,— եկ, այստեղ նստիր։
Անանյանը տեղ գրավեց թախտի վրա, Ելենա Բեգլարովնայի կողքին, մոտավորապես ծունկը հպեցնելով նրա ծնկներին։ Կնոջ կուրծքը ելևէջում էր։
— Ի՞նչ է պատահել, ասացե՛ք, Ելենա Բեգլարովնա։
— Պրոֆեսորից նամակ ստացա։
— Հիվա՞նդ է,— անհանգստությամբ հարցրեց Անանյանը և բռնեց Ելենա Բեգլարովնայի ձեռքը։
Կնոջ շնչառությունն ավելի դժվարացավ, բայց նրա աչքերում պլպլաց ժպտի մի լույս։
— Կարդացեք,— ասաց Ելենա Բեգլարովնան և տվեց ստացած նամակը Վահրամ Անանյանին։
— Այստեղ ոչինչ չկա, որ արցունքներ կորզի ձեր աչքերից, տիկին,— ասաց Անանյանը նամակը կարդալուց հետո։
— Դուք երբևիցե սիրե՞լ եք,— հանկարծ հարցրեց Ելենա Բեգլարովնան՝ ազատորեն ձեռքերը դնելով Վահրամի ձեռքի վրա։
— ?
— Կամ գիտե՞ք, ինչ է սիրելը։
— Ոչ, երևի չգիտեմ,– միամտորեն, պարզունակությամբ պատասխանեց Վահրամը։
— Ուրեմն դուք չեք հասկանա, թե ինչու այդ նամակը պարունակում է իր մեջ թախիծ և արցունք։
Լռության մեջ լսվում էր միայն երկուսի շնչառությունը, արտասովոր, իրենց իսկ համար տարօրինակ։
— Վագրամ Տիգրանիչ, ես սիրել եմ Միքայելին, ես սիրել եմ նրան դեռ այն ժամանակ, երբ նա թոշակառու ուսանող էր, իմ ծնողները հակառակ էին այդ ամուսնության, ճիշտ է, ես վայելել եմ փոխադարձ սեր, ու ահա, ըստ երևույթին, ամեն ինչ կործանվում է։
Անանյանը ոչինչ չկարողացավ հասկանալ, ապշահար նայեց Ելենա Բեգլարովնալին։ Վերջինս գերագույն ճիգով զսպեց արցունքների մի նոր ուղխ, որ բարձրացավ սրտից և խուժեց աչքերը։ Անկարելի եղավ զսպումը շարունակել, պղտորվեց նրա աչքերի պայծառությունը, կոպերից կախվեցին կաթիլներ և ընկան Վահրամի ձեռքերի վրա:
— Նա չի վերադառնալու, ես ձեզ վստահեցնում եմ, նա այլևս չի վերադառնալու այս երկիրը,— շշնջաց Ելենա Բեգլարովնան և ընկնելով Վահրամի կրծքի վրա՝ սկսեց հեկեկալ, ավելի դառնորեն, քան մենակ եղած ժամանակ։
Վահրամը ցնցվեց ամբողջ մարմնով, նրան պատեց մի այնպիսի զգացում, որին մինչ այդ բոլորովին անծանոթ էր եղել։ Քսան և վեց տարեկան երիտասարդը հանկարծ գրկեց Ելենա Բեգլարովնային, թեթևորեն բարձրացրեց, նստեցրեց իր ծնկների վրա և նրանց շրթունքները փարվեցին իրար։
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
Վահրամ Անանյանը եկել էր իր առօրյա պատմական ընթերցումն անելու պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրադարանում, և ահա նրա առաջ բացվեց կյանքի գիրքը, որի թերթերը շրջելիս՝ նրան թվաց, որ քայլում է կեռասենու պարտեզից լուսնի շողերի տակ, գիշերային նվագի թևերի վրա օրորուն։ Կյանքի գիրքը բուրում էր այնպես, ինչպես նոր քաղված և թոշնած խոտը, որից անդրադառնում էր թարմություն և զովություն։ Երիտասարդ գիտնականը նայեց գրադարանին, և գրքերը, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրքերը, թվացին նրան մռայլած և տրտում։