1. Հրկիզված թղթեր

Chapter 19

ԺԸ

Երեկոյան պրոֆ. Մելիք-Անդրեասյանն իր ավագ պարտականությունը համարեց այցելել իր բարերարին, նախկին նավթահորատեր Միրզա-Նուբարյանին, որի հասցեն նա սրբությամբ պահել էր իր մոտ տարիների ընթացքում։

Դեռևս ճանապարհին նրան անախորժ զգացումներ պաշարեցին։ Նախնական կրթությունից հետո, երբ տնտեսական կարիքը Մելիք-Անդրեասյանին քշում էր դեպի գավառական ետ ընկած միջավայր՝ ուսուցչությամբ զբաղվելու, մեծահարուստ և գոռոզ Միրզա-Նուբարյանն իրեն բռնել էր ուժեղ ձեռքերով, բարձրացրել վեր և ուղարկել մայրաքաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու։ Այժմյան իր պրոֆեսորական դիրքը, հենց պրոլետարական իշխանության կողմից Փարիզ գործուղումը պարտական էր Միրզա-Նուբարյանի բարերարության, եթե ոչ Նոյեմբերյան հեղափոխությունն իրեն կգտներ մի հասարակ ուսուցիչ, և մի կյանք էր հարկավոր, որպեսզի կարողանար բարձրանալ այժմյան դիրքին։

Եվ ահա ինքը բարեկամ է այն իշխանության և դասակարգին, ​որ իր բարերարին քշեց երկրից դուրս և հափշտակեց նրա հարստությունը:

«Կլինեմ անկեղծ, կպարզեմ այն դաժան կացությունը, որի մեջ ոչ միայն ես, այլև ամբողջ ինտիլիգենցիան էր գտնվում,— որոշեց նա մտքում և բարձրացավ ապարտմանի վեցերորդ հարկը ու հնչեցրեց զանգը:

Դուռը բաց արավ Աննա Ջումշուդովնան և, ճանաչելով Մելիք-Անդրեասյանին, սաստիկ վատ զգաց։

Մելիք-Անդրեասյանը սովոր էր Բաքվում Աննա Ջումշուդովնայի և Միրզա-Նուբարյանի մոտ գնալիս՝ տեսակցել նախ և աոաջ տան գլխավոր ծառայի հետ, խնդրել տեսակցություն և ապա ընդունվել ներս, բայց ներկա պայմաններում Աննա Ջումշուդովնան ինքն էր դուռը բաց անում։

— Աննա Ջումշուդովնա,— բացականչեց Մելիք- Անդրեասյանը և համբուրեց նրա ձեռքը։

Աննա Ջումշուդովնայի աչքերը հեշտությամբ խոնավացան, և ոչինչ չպատասխանեց, բայց բաց չթողեց Մելիք-Անդրեասյանի ձեռքը և քաշելով նրան տարավ ներս։ Միրզա-Նուբարյանն զբաղված էր լրագիր կարդալով և գլուխը վեր չբարձրացրեց, կարծելով, որ Աննան է միայն ներս մտնողը:

— Ալեքսանդր Իվանիչ…— բացականչեց Մելիք-Անդրեասյանը և մոտեցավ նրան:

Ալեքսանդր Իվանիչը ևս անմիջապես ճանաչեց իր նախկին սանին և, ոտի կանգնելով, համբուրեց նրան։

Երբ Մելիք-Անդրեասյանը նստեց աթոռին՝ Միրզա-Նուբարյանի դեմ-դիմաց, ոտը ոտի վրա նետելով, Միրզա-Նուբարյանը հեգնությամբ նայեց նրան։ Մելիք-Անդրեասյանը հասկացավ այդ հեգնանքը, վիրավորվեց նրա ինքնասիրությունը։

— Ես չէի ուզենա,— ասաց Միրզա-Նուբարյանը գոռոզությամբ,— որ դուք մեզ, ինձ և Աննա Ջումշուդովնային, տեսնեիք այս վիճակում։

– Ոչինչ, Ալեքսանդր Իվանիչ, տեսնում եմ ձեզ նորից առողջ և հանգիստ, ճիշտ է, մի քիչ… ը՜մ… ո՛չ նախկին շքեղության մեջ, բայց կարևորը կյանքում՝ առողջությունն է իմ կարծիքով։

Միրզա-Նուբարյանը նորից նրան նայեց հեգնությամբ, և ​Մելիք-Անդրեասյանը տեսավ, որ այր և կին նայվածքներ փոխանակեցին իրար հետ։

Այդ հեգնությունը բխում էր այն վերաբերմունքից, որ ցույց տվեց Մելիք-Անդրեասյանն առաջին իսկ րոպեից։ Թե՛ Միրզա-Նուբարյանը և թե՛ Աննա Ջումշուդովնան սովոր էին, որ Մելիք-Անդրեասյանն իրենց մոտ գար երկյուղածությամբ և չափազանց խորին հարգանքով մոտենար իրենց, մեջքը կռացրած, նախ Աննա Ջումշուդովնային, համբուրեր նրա ձեռքը, ապա ավելի կռացած մոտենար Միրզա-Նուբարյանին և պատկառանքի ու երախտագիտության խոր զգացումներով սեղմեր նրա ձեռքը։ Բայց Մելիք-Անդրեասյանը տվյալ դեպքում մոտեցավ նրանց գեթ իբրև հավասարների։ Ճիշտն ասած՝ նա այդ մասին երբեք էլ չէր մտածել, ճիշտ է՝ ճանապարհին նա մտածեց, թե ի՞նչ պետք է ասի, ի՞նչ պետք է պատմի, ո՞ւմ բարևները պիտի հաղորդի, բայց թե ի՞նչ ձևերով պիտի ներկայանար նրանց՝ այդ մասին նա երբեք չմտածեց։

— Հիշում եմ առաջին անգամ, որ դու ինձ մոտ եկար,– ասաց Միրզա-Նուբարյանը, փոխելով «դուքը» «դուի»։

Մելիք-Անդրեասյանը ցնցվեց, նրա ամբողջ մարմինը պատեց սառը քրտինք, որովհետև ինքը ևս հիշեց այդ առաջին անգամը. երիտասարդ էր, ուսման ծարավով տոչորված, հափշտակված մայրաքաղաք գնալու և բարձրագույն ուսում ստանալու հեռանկարով, հիշեց, թե ինչպե՛ս մտավ մեծահարուստ նավթահորատեր Միրզա-Նուբարովի տան դահլիճը… Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը մթնեցին, այլևս ոչինչ չհիշեց, հին աշխարհում թողված այդ ամոթը, ստրկամտության այդ հզոր փաստը նրա աչքերի առաջ քաշեցին մի մթին քող, և այլևս չտեսավ Միրզա-Նուբարյանին, որ նստած էր դեմը, և Աննա Ջումշուդովնային, որ կուչ էր եկել նրա կողքին ու հեգնությամբ նայում էր իրեն։

Հին աշխարհը… այն աշխարհը, որի բոլոր տրադիցիաները, այսպես կարծված բոլոր սրբությունները կոխոտեցին իր ետև թողած երկրի բանվորները, ազատագրելով բոլոր տեսակի ստրուկներին, այն աշխարհը, որի տերն էր ահա այս Միրզա-Նուբարյանը… ​Հիշելով նոր աշխարհը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը նորից պայծառացան, փարատվեց նրա հոգու մռայլը, պատռվեց խավարը, և լույսի ոսկյա շիթեր կախվեցին այդ պատռվածքներից։ Լույսի ոսկյա այդ շիթերը կախվել էին իր ետև թողած երկրի երկնակամարից։

— Հը, ինչպե՞ս են քո վայրենիները,— հանկարծ հարցրեց Միրզա-Նուբարյանը։

— Վայրենինե՞ր, որո՞նց մասին է խոսքը,— հարցրեց Մելիք-Անդրեասյանը, անկեղծորեն գլխի չընկնելով, թե իսկապես որոնց էր ակնարկում Միրզա-Նուբարյանը։

— Վայրենիներ, նո՛ւ, աշխարհում վայրենի գազանները ովքե՞ր են։

— Ձեզ չեմ հասկանում, Ալեքսանդր Իվանիչ։

— Աննա՛, դու ասա։

— Բոլշևիկները,— ծիծաղելով արտասանեց Աննա Ջումշուդովնան։

— Դուք բոլորովին սխալ կարծիք ունեք բոլշևիկների մասին, Ալեքսանդր Իվանիչ,— զսպված զայրույթով պատասխանեց Մելիք-Անդրեասյանը,— ես կարծում եմ…

— Ոչ մի կարծել,— ընդմիջեց Ալեքսանդր Իվանիչը գոռոզ, ամբարտավան և գազազած տոնով։— Միևնույն է, ես չեմ համոզվելու, ինչ որ ասեք, երևի դու էլ այն տիպերից ես, որ թեքվում ես քեզ կերակրողների կողմը, իմ մասին էլ տարբեր կարծիք ունեիր, երբ ե՛ս էի կերակրում քեզ։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վիրավորվեց մինչև հոգու խորքը, մանավանդ չկարողացավ տանել Աննա Ջումշուդովնայի՝ փողոցային կնոջը վայել կողմնակի ծիծաղը, որ թափում էր նա իր արդեն չորացած շրթունքներից և այտերից։

— Դուք ինձ երբեք չեք կերակրել, Ալեքսանդր Իվանիչ, չեն կերակրում ինձ և բոլշևիկները, մենք կոչում ենք այդ աշխատանքի արդար վարձատրություն։

— Մենք, որ ասում ես, այդ «մենք»-ը ո՞վ է,— հարցրեց Միրզա-Նուբարյանը չափազանց սարկաստիկ շեշտով։

Լսվեց նորից Աննա Ջումշուդովնայի ծիծաղը։

— Մենք՝ պրոլետարական երկրի քաղաքացիներս,— հպարտությամբ արտասանեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։ ​Թե՛ Աննա Ջումշուդովնան և թե՛ Ալեքսանդր Իվանիչն այս անգամ ծիծաղեցին բարձր և շնչական ոճով։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լռեց։

Լռության ընթացքում նա եկավ այն եզրակացության, որ սխալ էր իր ընկճվածությունը, պետք էր անցնել հարձակողականի։

— Նո՛ւ, Ալեքսանդր Իվանիչ, մոռանանք այս բոլորը, երևի իրար չենք համոզի, ինչպե՞ս եք ապրում այժմ։

Նախկին նավթահորատերը շտկվեց։ Այդ հարցը նրան, ըստ երևույթին, շատ դուր եկավ։

— Այժմ, ինչպե՞ս ասեմ, վատ ենք ապրում։

Նա խեթ նայեց Աննա Ջումշուդովնային։ Վերջինիս դեմքը բոլորովին փոխվեց, պարզ եղավ, որ նա այլևս չէր կարող ծիծաղել, եթե մինչև անգամ ուժեղ առիթ էլ ներկայանար։

— Ես հետս մի փոքրիկ գումար կարողացել էի բերել, մի փոքրիկ գումար էլ կար արտասահմանյան բանկում, բայց բոլորը գնաց, այս իմ սիրելի կինը, որի հայրն արդեն սնանկացած մարդ էր, երբ կին վերցրի ինձ համար, միացած իր փուճ որդու և երկու լկտի աղջիկների հետ, մսխեցին և կերան ինչ որ կար…

— Մի՛ հուզվեք, Ալեքսանդր Իվանիչ,— ասաց Մելիք-Անդրեասյանը։

Իհարկե, խոսքը վերաբերում էր ավելի շուտ Աննա Ջումշուդովնային և ոչ թե Ալեքսանդր Իվանիչին։

— Չեմ կարող չհուզվել, սա և սրա փուճ որդին ու լկտի աղջիկները չկարողացան հարգել ռուբլին։ Ռուբլին, Միքայել, աշխարհի հիմքն է…

— Հին աշխարհի, Ալեքսանդր Իվանիչ։

— Հին-մին չեմ իմանում, ես գիտեմ մի աշխարհ, այդ աշխարհի հիմքը ռուբլին է, ռուբլին ինքը աստված է կամ աստծու պատկերը, իսկ սրա՞նք… սրա՞նք…

– Բավական է, նորից սկսեցիր,— ճչաց Աննա Ջումշուդովնան,— ռուբլի, ռուբլի, հասկացանք վերջապես։

— Չհասկացար, էլի չհասկացար։ Վերջապես, Միքայել, ինձ թողեցին աստծո պատկերին կարոտ։

— Մի անգամ հնարավոր լիներ, պարոն Մելիք-Անդրեասյան, ​խուզարկեիք նրա գրպանը և տեսնեիք թե ինչեր կան, — ասաց Աննա Ջումշուդովնան:

Մելիք-Անդրեասյանը կարծեց, թե Միրզա-Նուբարյանի գրպանում կլինեին ռուբլիներ:

— Այո, կան, խուզարկելու կարիք չկա,— բղավեց նախկին նավթահորատերը և գրպանից դուրս բերելով բանալիների մի փունջ, սկսեց շնգշնգացնել օդում:

— Կողպում է մինչև անգամ հացը,— ասաց Աննա Ջումշուդովնան և սկսեց հեկեկալ:

— Բավական է, բավական, կեղծավոր լաց մի տա…— սրտնեղեց Միրզա-Նուբարյանը:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը քարացած մնաց նստած տեղում:

— Ոչ միայն բոլշևիկները կողոպտեցին ինձ, կողոպտեցին ինձ նաև իմ զավակները և կինս, իսկական կողոպուտը սա է: Նո՛ւ, հիմա գրեթե առանց ռուբլու նստած եմ, ի՞նչ արժեք ունեմ, մարդ ինչքան ռուբլի ունենա, այնքան արժեք ունի:

— Այդ ճիշտ չէ,— ասաց Մելիք-Անդրեասյանը,— օրինակ՝ մենք, խորհրդային քաղաքացիներս, ռուբլի չենք դիզում, բայց յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, անձնական ընդունակությունների և այլն:

Միրզա-Նուբարյանը ամենացինիկ կերպով սկսեց հռհռալ.

— Խորհրդային քաղաքացի… ես խոսում եմ կարգին մարդկանց մասին:

— Կարծես նրանք մարդ չեն, չէ՞,— հանկարծ, գլուխը վեր բարձրացնելով, բղավեց Աննա Ջումշուդովնան:

Ամուսնուն հակառակ խոսելու համար՝ Աննա Ջումշուդովնան այս անգամ հանդես եկավ խորհրդային քաղաքացիների պաշտպան:

— Դու ձայնդ կտրի, անամո՛թ,- զայրացած բղավեց Ալեքսանդր Իվանիչը:

Սկսեց ածականների մի մրցում ամուսինների միջև:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այդ փողոցային տեսարանի առջև մտածում էր, թե ինչպես նախկինում այդ պատկառելի մարդը և նախկինում այդ ավելի պատկառելի կինը, ​որոնց հիշատակը պահել էր նա երկար տարիներ` երախտագիտական սրբագույն զգացումներով, առանց ռուբլու` չնչին մարդիկ էին, ահա նրանք վերադարձել էին իրենց բնական սոցիալական կատեգորիային, ինչ որ երևացել էր բարոյական, վեհ, պատկառելի, եղել էր ռուբլու փայլը, ռուբլու զիլ հնչյունը և ուրիշ ոչինչ:

— Ալեքսանդր Իվանիչ, ռուբլին աստված է, ես հավատում եմ ձեր ասածին:

Տիրեց խոր լռություն: Միրզա-Նուբարյանը և Աննա Ջումշուդովնան զգացին, որ Միքայելը, իրենց նախկին սանը, պարզապես հեգնում է իրենց:

— Միքայել, դու…

— Ալեքսանդր Իվանիչ,— ասաց Մելիք-Անդրեասյանը` ոտի կանգնելով,— ես մի մեծ սխալ գործեցի…

Նա կանգ առավ: Նախկին նավթահորատերն ուշադրությամբ դիտեց նրան և սպասեց նրա խոսքի վերջին:

— Ես մեծ սխալ արի, որ եկա ձեզ տեսնելու…

Աննա Ջումշուդովնան նորից սկսեց դառնագին հեկեկալ:

— Ինչո՞ւ,— հազիվ կարողացավ հարցնել նախկին նավթահորատերը գրեթե շշնջալով:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չպատասխանեց և դուրս եկավ տնից։

Աննա Ջումշուդովնան երկար շարունակեց հեկեկանքը, իսկ Միրզա-Նուբարյանը նորից վերցրեց լրագիրը և սկսեց կարդալ անտարբեր և անզգա։

Comments