1. Հրկիզված թղթեր

Chapter 18

ԺԷ

Առաջին առավոտը, երբ զարթնեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, պանդոկի նրա փոքրիկ սենյակը ողողված էր արևով։ Վեր կացավ, դիտեց Փարիզը լուսամուտից։ Նոտր֊Դամի վրա, կարծես, արևը թափվում էր կաթիլ առ կաթիլ, միջնադարյան խոժոռ քիմերաները լողանում էին ժամանակակից արևի վարար ջրվեժի տակ։ Տաք, դուրեկան մի զգացում պատեց նրան, մի պահ չկարողացավ հավատալ թե Փարիզումն է, մի՞թե քիչ հետո չպիտի դասախոսի իր ամբիոնից, մի՞թե պատմության բոլոր հին հասկացողությունները նորից վերականգնվեցին արդեն, մի՞թե այլևս ոչ մի կեղծիք, ոչ մի հայհոյանք իր պաշտած պատմական հերոսների հանդեպ։ Օ՜հ, այլևս ոչ մի ժողով՝ մեթոդի, մոտեցման, աշխարհայեցողության և աշխարհազգացումի հարցերի շուրջը, ոչ մի սրտմաշուք վեճ։ Փարի՜զ… համաշխարհային դեմոկրատիայի լուսապայծառ կենտրոնը, բոլոր երկրների, բոլոր ազգությունների դժգոհ տարրերը հավաքվել են այստեղ և գտել են իրենց ազատ ոգու հանգրվանը, Փարի՜զ, Փարի՜զ…

Մելիք-Անդրեասյանր դիտեց Փարիզի հին շենքերը, որոնց գագաթները երևում էին իր լուսամուտից՝ արևի վարդագույն փրփուրի մեջ օրորուն, շենքեր, որոնց մանրամասն պատմությունը գիտեր ինքը՝ Արևմտյան Եվրոպայի պատմության մասնագետ պրոֆեսորը. դիտեց և նոր շենքերը, որոնց մասին ևս տեղեկություններ ուներ և ասաց մտքում. «Ֆեոդալները, բուրժուազիան և բոլոր դասակարգերն էլ կառուցել են, կառուցել են ոգևորությամբ, ճաշակով և գեղեցկագիտական խորագույն զգացումներով, ինչո՞ւ պրոլետարիատը, մեր երկրի պրոլետարիատը, այդքան հոխորտում է իր կառուցումների համար»։

Պրոֆեսորի հոգու դռան թխկացրեց մի հարց՝ թեթևագույն ​մատների քնքուշ բախումով. «Բայց պրոլետարիատն ինչո՞ւ և ինչպե՞ս է կառուցում»։ Ընդոստ վեր ցատկեց նա սրտնեղած։ Այդ թխկոցը, այդ թեթևագույն մատների քնքուշ բախումը հետզհետե պիտի դառնար մի հարց, որ որոտի նման պիտի պայթեր։ Արագ կերպով, կարծես հրդեհից փախչող մի մարդ լիներ, հագնվեց և իջավ փողոց։

Փողոցի առաջին անկյունում պրոֆեսորը գնեց մի «Պտի Պարիզիեն» և երբ բաց արավ, ժպտաց թեթև։

— «Մաճկալ» էի գնում, այժմ «Պտի Պարիզիեն»,— մտածեց նա և առաջ անցավ։

Մի փոքրիկ խանութից նրան գրկեց բոցագույն հացի բուրումը, կանգ առավ հափշտակությամբ, գլուխը կոխեց խանութի դռնից ներս։

— Բոնժո՜ւռ, մոսիո,– բացականչեց արմունկները բաց, կլոր և սպիտակ մի կին ժպտուն՝ Փարիզի արևի նման։

Պրոֆեսորը ներս մտավ և վերցրեց ձողի նման մի փոքրիկ հաց՝ վրան պարուրաձև մի գծով և երբ փողը վճարեց, կինը, ուրախ և ժպտուն, նորից բացականչեց.

— Մերսի, մոսիո…

Քայլեց նա մայթով, նորից կանգ առավ, դիտեց փեղկերը, հանկարծ, առանց մտածելու, փոխեց մայթը, անցավ դիմացը և շարունակեց քայլել առանց հոգնություն զգալու, ագահորեն դիտելով շուրջը՝ երբեմն սրբելով փոքրիկ կաթիլներով գոյացած քրտինքը ճակատի վրա։ Հանկարծ նա իրեն գտավ Օպերայի առաջ։ Մոտեցավ, ոտը դրեց մարմարյա սանդղամատի վրա և հիշեց, որ այդ վսեմ կոթողը կառուցված էր 60-ական թվականներին, հիշեց մինչև անգամ կառուցող ճարտարապետին՝ Շառլ Գառնիեին։ Հետզհետե նրա քայլերն առաջ գնացին։ Ահա Վանդոմի հրապարակումն է։ Նա տեսավ Նապոլեոնի արձանն այնտեղ, Մեծ Բանակի բարձր սյունի վրա, որը ձուլված էր 1805 թվականին՝ թշնամուց գրավված 1 200 թնդանոթներով։ Պրոֆեսորը ոչ թե քայլեց դեպի Նապոլեոնի արձանը, այլ երկյուղածությամբ և հափշտակությամբ գալարվեց դեպի նա, ինչպես հավատացյալը մոտենում է իր հավատքի տաճարին։ Նա մի անգամ ևս, ավելի խորը և ավելի սարսուռով, քան երբևիցե, զգաց Նապոլեոնի ուժը, նրա պատմական վսեմությունը։ Մի քանի անգամ նա ​դարձավ բարձր սյունի բոլորտիքը, ձեռքը քսեց պատվանդանի սառը պղնձին, բայց դուրեկան ջերմություն զգաց այդ սառնությունից։ Հանկարծ նրա աչքերը լցվեցին արցունքով։ Եթե մարդիկ չլինեին չորս կողմը, Մելիք-Անդրեասյանը կփաթաթվեր պղնձին, կհեկեկար մանկան նման՝ քավելու համար իր դավաճանությունը Նապոլեոնի հանդեպ։

Աչքերն արցունքով լցված՝ նա մտավ Ռյու դը լա Պե, անցավ Ռյու դը Պտի Շան և իրեն գտավ Մատըլենի առաջ։ Փակ էր եկեղեցին, բայց նրա տարածուն շվաքը զով էր և հանգստացուցիչ։ Մատըլենի սյուներից կախված էին, այնպես թվաց պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, «Ավե Մարիա» երգի թևերը, հոգու անսահման խաղաղությամբ ունկնդրեց նա այդ երգը, որ երգում էին եկեղեցու լուռ ներքնակողմում փարիզեցի հրեշտակները։

. . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . .

Comments