Chapter 16
ԺԵ
Ֆրանսիական նավահանգստի պաշտոնյաներն առաջին իսկ առիթով կասկածանքով նայեցին պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, երբ նրա անցագրից իմացան, որ նա գալիս էր Խորհուրդների երկրից։ Նրանց առաջին գործը եղավ անմիջապես առանձնացնել նրան իր իրեղեններով, որ բաղկացած էր երկու խոշոր՝ ծանր և մի ձեռքի՝ փոքր պայուսակներից։
Երբ պայուսակները վերցրին, պրոֆեսորն սպասում էր, որ իրեն քաղաքավարությամբ կհրավիրեն հետևել իրենց, բայց պաշտոնյաներից մեկը կոպիտ ձայնով գոռաց. «Allons»: Պրոֆեսորը մեքենայորեն հետևեց, բայց նրա դեմքի գույնն անմիջապես փոխվեց, տաք արյունը խուժեց մինչև ականջների ծայրերը։
Երբ նրանք մտան գրասենյակը, պաշտոնյաներից մեկը, առանց որևէ խոսք փոխանակելու նրա հետ, սկսեց խուզարկել նրա գրպանները՝ մինչև մյուս պաշտոնյաները բաց արին պայուսակները և սկսեցին քրքրել բովանդակությունը։ Երբ հերթը հասավ իր ծոցի գրպանները նայելուն, պրոֆեսորն ասաց.
— Թույլ տվեք ես ինքս հանեմ ինչ որ կա։
— Այո, մենք գիտենք, թե դուք ինչպես կհանեք,— պատասխանեց պաշտոնյան և ձեռքերը կոխեց պրոֆեսորի ծոցի գրպանները։
— Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտքում ասում էր.
«Ահա պայուսակից դուրս կբերեն մի քանի գրքեր ֆրանսիական պատմության վերաբերյալ և վերաբերմունքները կփոխեն»։
Եվ շատ չուշացած՝ պայուսակները խուզարկողները դուրս բերին այդ գրքերը ու զննելով մեջը, միգուցե այդ շապիկներով ուրիշ գրքեր լինեն, և համոզվելով, որ միևնույն գրքերն են, նետեցին մի կողմ, առանց որևէ ուշադրություն դարձնելու և վերաբերմունքները փոխելու։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի լեզվի ծայրը մի քանի անգամ եկավ դեմոկրատիա բառը, բայց չարտասանեց։
— Անգիտակից պաշտոնյաներ են, որոնք չկարողացան թափանցել իմ հոգու խորքը, և դժվար է, իհարկե, միանգամից,— ասաց նա իր մտքում և սպասեց վախճանին։
Երկար և համբերությամբ սպասել նա չկարողացավ, որովհետև պայուսակները խուզարկողները տակնուվրա արին նրա սպիտակեղենները, մինչև անգամ մի քանիսը անհոգորեն նետեցին գետին և տրորեցին կեղտոտ ոտներով։
— Բավակա՛ն է, սպասեցե՛ք,— մի քիչ բարձր տոնով ասաց Մելիք-Անդրեասյանը,— մի քիչ քաղաքավարի, չէ՞ որ ես մտել եմ Եվրոպայի ամենադեմոկրատիկ երկրի սահմանները։
Պաշտոնյանեըը, լսելով դեմոկրատիկ բառը, սկսեցին բարձր հռհռալ։
Տաք արյունը նորից խուժեց պրոֆեսորի ականջները։ Խուզարկողները շարունակեցին պայուսակները քրքրել անտարբերությամբ և սառնությամբ։ Չգտնելով որևէ բան՝ նրանք հանկարծ քաշեցին և բաց արին պայուսակների կողքերի և հատակների աստառները, որից պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պարզապես կատաղեց։
— Պատճառ մի՛ լինեք, որ ես զղջամ այս երկիրը գալուս համար,— ասաց պրոֆեսորը և եթե նա չհայհոյեց բոլոր պաշտոնյաներին, նրա համար էր, որ վարժված չէր հայհոյանքի և ապա ֆրանսերեն ոչ մի հայհոյանք չէր իմանում. նա ֆրանսերեն սովորել էր համալսարանում և ապա տիրապետել էր լեզվին անընդհատ կարդալով:
Նորից բարձրացավ անսիրտ հռհռոցը:
Ապա պայուսակներից դուրս բերված իրերը ետ լցրին խառնիխուռն, անցագրի վրա ինչ-որ մակագրություն արին և պայուսակները տալով ձեռքը՝ նշան արին որ վերցնի և գնա:
Մեծ դժվարությամբ վերցրեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ծանր պայուսակները և դուրս եկավ գրասենյակից:
Նա շրջվեց առաջին խաչաձևող փողոցը, պայուսակները դրեց մայթի վրա, սրբեց ճակատի քրտինքը և սկսեց նայել տարտամ ու անորոշ:
Վերջապես չկարողացավ դիմադրել ներքին հզոր մղումին ու արտասանեց՝ «դեմոկրատիա»: Առանց ուզենալու՝ բառն արտասանվեց հեգնությամբ, և նա զգաց, որ հեգնությունն առաջին անգամն էր շաղախվում այդ բառին: Հոգեկան մի խռովության, խառնված ջղայնությունից առաջացած սառը քրտինքին, պատեց նրա ողջ էությունը․․․
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
Երբ տեղավորվեց գնացքում, և նիկոտինը ներծծվեց մարմնի ամենահեռավոր խորշերը, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, կարծես, վերադարձավ իր հոգեկան նախկին հանգստությանը։ Նա երկար ժամանակ խորունկ հափշտակությամբ լսեց ֆրանսերենը, որ խոսում էին ֆրանսիացիներն իր շուրջը՝ թռչկոտող և թռչող, երբեմն ոստոստող մի լեզու, կարծես, ինչ-որ փշրվում էր, պայթում և հնչում:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մոռացավ ամեն անախորժություն, որին հանդիպել էր նա առավոտյան՝ կոպիտ պաշտոնյաների կողմից, սկսվեց նրա համար դարձյալ երազային կապույտը, թեթև և օրորուն․․․