Chapter 13
ԺԲ
Բարձրագույն ուսումնական հիմնարկության վարչությունը որոշեց պրոֆեսորներից մեկին գործուղել արտասահման, վեց ամսով, հատկապես Փարիզ, և վարչության նիստում գրեթե ոչ մի առարկություն չեղավ, երբ հիմնարկության դիրեկտորն առաջարկեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի թեկնածությունը։ Ամբողջ հիմնարկության մեջ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այն անձնավորություններից մեկն էր, որ երկրի խորհրդայնացման գրեթե առաջին իսկ օրերից անվերապահ կերպով կանգնած էր խորհրդային պլատֆորմի վրա, և վարչության ոչ մի անդամը չէր կարող որևէ լուրջ առարկություն հարուցել նրա թեկնածության դեմ։ Բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի համար այս որոշումը գրեթե անակնկալ էր, որովհետև արտասահմանյան գործուղման մասին ոչ մի խոսակցություն չէր եղել նախապես։
Հիմնարկության դիրեկտորը, երբ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին հաղորդեց այս որոշումը, վերջինիս գլխում ծագեց անմիջական կերպով մի լուսավոր միտք. գնալ արտասահման և չվերադառնալ, վերջ տալ այն դաժան, մաշեցնող երկվության, որ գոյություն ուներ իր ներաշխարհում, մանավանդ որ վերջերս պայքարն ավելի էր անողոք դառնում իր մեջ, որովհետև նորն իր մեջ բավականին աճել էր՝ վճռական ճակատամարտ սկսելու հնի դեմ։ Նորը նրա մեջ աճում էր դանդաղ, բայց հաստատուն արմատներով, աճում էր ինքնիրեն, իսկ հնին օգնում էր ինքը, որ տեղի չտա։ Ինչքան հինը տեղի էր տալիս, այնքան թախիծ և մորմոք էր կուտակվում նրա մեջ. ուզենալով հաղթահարել արտաքին մռայլությունը՝ պրոֆեսորը բազմապատիկ ուժ էր սպառում, մի ուժ, որ եթե գործադրեր նորի արագ որդեգրման համար, կհասներ հաղթական վախճանների։ Եվ հանկարծ, երբ նրա առաջ բացվեց արտասահմանի ճանապարհը, նա գտավ, որ դա ճակատագրական էր և եկել էր փրկելու իրեն, փրկելու իր հոգու թշվառությունը։
— Անշուշտ Ելենա Բեգլարովնայի հետ կարող եմ մեկնել,— ասաց նա հիմնարկության դիրեկտորին։
— Գործուղումը միայն մի անձնավորության համար է, պրոֆեսոր, այնուամենայնիվ կարելի է դիմել, սկզբունքորեն ես դեմ չեմ Ելենա Բեգլարովնայի հետ գնալու գաղափարին,— ասաց դիրեկտորը։
— Ումի՞ց է կախված այդ,— հարցրեր պրոֆեսորը։
— Կառավարությունից։
Խոսակցությունը երկար չտևեց։ Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ դիրեկտորի կաբինետից և ճգնեց ամփոփել մտքերը։
«Եթե Ելենա Բեգլարովնայի հետ գնամ,— մտածեց նա,— չեմ վերադառնա, իսկ եթե մենա՞կ մեկնեմ»։
Պրոֆեսորը չկարողացավ պատասխանել։ Ինչպե՞ս կլիներ կնոջ դրությունը, եթե ինքը դավաճաներ Խորհուրդների իշխանությանը։ Ինչպե՞ս կնայեին մարդիկ իր վրա կնոջը լքելու համար, արդյոք կկարողանա՞ր հաղթահարել խղճի խայթը, Ելենա Բեգլարովնան չէ՞ր թքի իր վրա, չէ՞ր խայտառակվի ինքը ողջ պատմության մեջ։
Չկարողանալով ոչ մի եզրակացության հասնել, ուղիղ տուն չգնաց, քայլեց մի փողոցով դեպի քաղաքի կենտրոնը։ Մտավ մի խանութ՝ պապիրոս վերցնելու։ Չկար։
— Ինչո՞ւ չկա,— սրտնեղած հարցրեց նա։
— Եսի՞մ, չկա, ինտելիգենտ մարդ ես, հասկացիր,— կոպիտ պատասխանեց կոոպերատիվի ծառայողը։
Պրոֆեսորը դուրս եկավ՝ սաստիկ ջղայնացած։ Մտավ մի մասնավոր խանութ։ Պապիրոս կար, բայց երեք անգամ թանկացած, վերցրեց և մտքում հայհոյեց։
— Սա ի՞նչ բան էր, գոնե արտասահմանում ուզածդ կլինի։ Դասախոսիր չորս ժամ, հոգնիր, չարչարվիր, տարիների սովորածդ վերագնահատիր, փոխիր, զոռով հավատա և պապիրոս էլ չկա ծխելու, ջղերը հանգստացնելու,— ասաց նա մտքում և կրկնեց միևնույն բառերը մի քանի անգամ։
Մինչև տուն վերադարձը պրոֆեսորն արտասահմանից չվերադառնալու գրեթե վճռական որոշում տվեց, բայց վախենում էր պարզ կերպով այդ ասել մտքում։ Երբ նա հայտնեց կնոջը հիմնարկության որոշումը, կինը բացականչեց.
— Միասին։
— Ախորժակդ մի սրի, միայն ինձ են ուղարկում, բայց ես խնդրեցի քեզ ևս թույլ տան։
— Եթե միասին գնանք, էլ չենք վերադառնա,— պարզապես հայտարարեց Ելենա Բեգլարովնան։
— Ես զղջացի, որ քեզ հաղորդեցի այս որոշումը,— ասաց պրոֆեսորը։
— Ինչո՞ւ։
— Այդ միտքը կարող ես դուրսն էլ հայտնել, և ահա ոչ միայն քո գործը կփչանա, այլև իմը։
— Գի՞ժ եմ, որ դուրսն էլ ասեմ, ոչ ոք չկա այստեղ, երկուսս ենք։
— Վահրամին էլ ոչ մի խոսք այդ մասին, խելոք և լավ տղա է, բայց խորամանկ է։
Ելենա Բեգլարովնան չդադարեց խոսելուց.
— Ուղղակի բախտ է սա, անակնկալ բախտ։ Դու կարծում ես չե՞նք կարող լավ ապրել արտասահմանում, փառավո՛ր կապրենք, ես էլ կաշխատեմ, երկու հոգի ենք։
— Մտածում եմ Արուսյակի և Բաբկենի մասին։
— Արտասահմանից կօգնենք,— պատասխանեց Ելենա Բեգլարովնան մի տեսակ դժգոհ, որ արտասահման գնալու ուրախությունը պրոֆեսորի էմիգրանտ դարձած եղբոր կինը և որդին պղտորում էին։
— Չէ՛։ Արտասահմանից չենք կարող օգնել նրանց, տեսնո՞ւմ ես, Հարությունը չի կարող, մի մոռանա, որ եթե չվերադառնանք, մենք ևս կդառնանք էմիգրանտ, և վատ տեսակի էմիգրանտ. Հարությունն իբրև թշնամի փախավ, մենք մեկնում ենք իբրև բարեկամներ, և ահա դավաճաններ։
— Կատարյալ Արևմտյան Եվրոպայի պատմություն դարձրիր։ Կգնանք, ուրիշ ոչինչ։ Բաբկենը կոմսոմոլիստ է, ինքն էլ կապրի, մորն էլ կապրեցնի, ճիշտն ասած՝ դու շատ ես երես տալիս նրանց։
Պրոֆեսորը խեթ նայեց կնոջը, բայց կինը չազդվեց, արտասահման գնալու շատ մոտիկ պատկերը նրան հասցրել էր բուռն խայտանքի։
— Հավանական չէ, որ միասին մեկնենք,— ասաց պրոֆեսորը, տեսնելով Ելենա Բեգլարովնայի գլխապտույտն ուրախությունից։
— Իսկ դու մենակ կգնա՞ս,— հարցրեց կինը լրջացած և հրճվանքը կորցրած։
— Վեց ամսով, ինչո՞ւ չգնամ։
— Բայց…
— Վերջապես, հրաժարվելն էլ կարող է վարկաբեկիչ լինել։
— Ես չեմ ուզում, որ հրաժարվես, բայց մեր ամուսնության առաջին օրից մինչև հիմա մենք երբեք իրարից չենք բաժանվել,— շշնջաց Ելենա Բեգլարովնան, և պրոֆեսորը տեսավ նրա աչքերում արցունքի կաթիլներ։
— Ոչինչ, կպատահի,— ասաց պրոֆեսորը և գրկեց նրան։
Ելենա Բեգլարովնան ամուսնու միրուքն իր փափուկ երեսներին դիպչելուց անսահման հեշտանք զգաց։ Նրա հավանական մեկնումը և իր հավանական մնալը թախիծով և քնքշությամբ լցրեց քառասունը նոր թևակոխած կնոջը։ Ելենա Բեգլարովնան երբեք չէր կասկածում, որ եթե պրոֆեսորը մենակ գնար, չէր վերադառնա, բայց նրա մտքից ուրիշ չար բաներ էին անցնում. մահ, պատերազմ, հանկարծ իրարից կտրվել ակամա։ Նա տեսել էր պատերազմը և գիտեր հարյուրավոր դեպքեր, որ իրար չափազանց սիրող ամուսիններ բաժանվել էին իրարից, երկար ժամանակի բացակայությունը աճեցրել էր յուրաքանչյուրի մեջ տարբեր զգացումներ, սկզբնական շրջանում՝ օտարոտի, բայց հետզհետե դարձել էին ընտանի և անխուսափելի։ Այս մտքերով տարված և սեղմված ամուսնու գորովալից թևերի մեջ, Ելենա Բեգլարովնան հետադարձ մի հայացք գցեց իր երիտասարդական կյանքի վրա և հիշեց մանրամասն այն ժամերը, որոնք անց էր կացրել առանց հաճույքի, հաճույքից խուսափելու անիմաստ քմահաճույքով, տեսավ կյանքի դատարկ տարածությունները, որոնք նա կարող էր ժամանակին լցրած լինել բույրով և ծաղիկներով, կարող էր լցրած լինել իր մարմնի հեշտագրգիռ ալիքներով, և, ավա՜ղ, չէր լցրել, տարածությունները հեռացել էին ժամանակի արագաթռիչ թևերի վրա, և բոցավառ ոչ մի սեր, բարձրատոն ոչ մի կանչ չէր կարող ետ բերել նրանց՝ ինչպես արմատից չորացած մի տունկ, որին չի կարող զարթեցնել ոչ մի գարուն։
Նա կրքոտ սեղմվեց ամուսնու կրծքին, փարվեց նրա շրթունքներին։
Պրոֆեսորն զգաց, որ քառասունը նոր թևակոխած կինը, որի գլխի վրա լուսնի ջրերի մեջ թաթախված մի քանի սպիտակ թելեր էին սողոսկել, ավելի քաղցր է, քան քսան տարեկան աղջիկը, որ չիմանալով կյանքի ցուրտը՝ չի իմանում նաև, թե ինչ է կյանքի հրաբորբոք ջերմությունը, որ կուտակված է նույն կյանքի ոչ թե մակերեսի վրա, այլ խորության մեջ։ Իր ամուսնու թևերի մեջ՝ Ելենա Բեգլարովնայի մարմինը բոցավառվեց, կարծես այրվում էին նրա ամենափոքրիկ, միայն լույսի դեմ տեսանելի աղվամազերը, արյունը վետվետում էր նրա մարմնի սպիտակության մեջ՝ ինչպես կարմիր վարդը ձյան մեջ։ Նա հանկարծակի դարձավ այնպես կրքոտ և հրավառ՝ ինչպես ուշացած սերը, ինչպես գարնան մեջ ապրող, բայց նրա գոյության անտեղյակ մեկը, որ թռչում չէ գարնան ետևից միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ փախչում է նա արագ և անվերադարձ։
Ելենա Բեգլարովնան ամբողջ գիշերը չբաժանվեց իր ամուսնուց, նա դրել էր գլուխը նրա կրծքի վրա, որ ջղային բաբախում էր, և չիմացավ, թե ինչպես աչքերը փակվեցին ու կրկին բացվեցին մի կապույտ և թռչող երազում։