1. Հրկիզված թղթեր

Chapter 12

ԺԱ

— Իսկապես չգիտեմ, թե ինչպես փոխվեց մեր կենցաղը, առաջ միշտ հանդիպում էինք իրար, խոսում, զրուցում, իսկ հիմա՞. ժողովներ, նոր խնդիրներ, հների վերագնահատում և այլն…— ասաց պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ափսոսանքի շեշտով, հանդիպելով հին ընկերներից մեկին, որ դասախոսում էր միևնույն բարձրագույն ուսումնական հիմնարկում՝ իբրև հայ հնագույն գրականության պրոֆեսոր։

Երկու պրոֆեսորները, անցյալում լինելով մոտիկ մարդիկ, երկար ժամանակ էր, ինչ չէին տեսակցել, ոչ մի երեկո չէին հանդիպել իրար ընտանեկան հարկի տակ, թեև շատ անգամ էին պատահել իրար փողոցում, բայց միշտ երկուսն էլ աճապարանքի մեջ։ Յուրաքանչյուրը գիտեր մյուսի մասին, թե ինչ փոփոխությունների էր ենթարկվել, ինչպես էր ընդունել նոր կարգերը։

— Բայց այդ բոլորը դուք լավ եք տանում, ոչի՞նչ,— հեգնաբար նետեց պրոֆ. Տեր-Մինասյանը։ ​Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը անմիջապես զգաց հեգնանքի սուր խայթոցը, բայց կարողացավ պահել իր սառնասրտությունը։

— Իզուր եք կարծում, պրոֆեսոր,— պատասխանեց Մելիք-Անդրեասյանը ցավագին շեշտով։

— Ներեցեք,— էլի հեգնեց Տեր-Մինասյանը։

— Ծառի վրա իջած կացնի հարվածից ծառը ճիչ չի արձակում, լուռ արտասվում է, պրոֆեսոր,— ասաց Մելիք-Անդրեասյանը։

Պրոֆ. Տեր-Մինասյանը նոր զգաց, որ Մելիք-Անդրեասյանի հոգում պտտվում է ինչ-որ մորմոք, ուստի անմիջապես փոխեց իր հեգնական տոնը.

— Ծառի անալոգիան սխալ է, պրոֆեսոր, մենք մարդիկ ենք։

— Մենք մարդիկ ենք…— մրմնջաց Մելիք-Անդրեասյանը և լռեց։

Նրանք բարձրացան դեպի բլուրը։ Աշնանավերջի երեկոներից մեկն էր, բլուրի վրա տարածված պարտեզների ծառերի մեջ արդեն դեղնած և կարմրած տերևներ կային, կային և տերևներ, որոնց քամին քշել-բերել էր և ձգել ճանապարհի վրա, մարգերը փայլում էին իրիկնային վարդագույն շողերի տակ, ծառերի նվագը բարձրանում էր և փշրվում քաղաքի վրա՝ վերևից թափվող արևի ճաճանչների նման։

— Ոչ մի փոփոխություն առանց ցավի չի կատարվում,— վերսկսեց խոսակցությունը Մելիք-Անդրեասյանը,— բայց փոփոխություն հարկավոր է։

Վերջին նախադասությունը նա արտասանեց ընդգծված տոնով։

— Նայած ինչ չափի,— ավելացրեց Տեր-Մինասյանը։

— Շորերը հնանում են, կեղտոտվում, հարկավոր է փոխել, նորերը հագնել,— ասաց Մելիք-Անդրեասյանը։

—Նորից, ես կարծում եմ, դուք սխալ անալոգիա եք անում, շորերը տարբեր են, մտածողությունը՝ տարբեր։

Մատերիան ինքը փոխվում է, հազար ու մի արտահայտություններ ստանում առանց ձեր կամքը հարցնելու, մաշվում են շորերը, վերածվում այլ ձևի, դա մատերիան է։ ​

— Շորերը մատերիա է, այո, իսկ մի՞տքը, մտածողությո՞ւնը, պրոֆեսոր։

— Ուղե՞ղը ուզում եք ասել, պրոֆեսոր,— հարց տվեց Մելիք-Անդրեասյանը։

— Այո՛, ուղեղը։

— Չէ՞ որ ուղեղն էլ մատերիա է, նյութերի որոշ քանակությունների բախտավոր միացումը, և մտածողությունն այդ նյութերի, որոշ պայմաններում և որոշ ձևերում, միացման արտահայտությունն է։

— Հասկացա, ձեր ասածը տանձն է, պրոֆեսոր, դա վուլգար մատերիալիզմն է, մենք ևս կարդում ենք, պրոֆեսոր,— պատասխանեց Տեր-Մինասյանը, վերստանալով իր սուր հեգնանքի շեշտը։

Մելիք-Անդրեասյանը զայրացավ։

— Առհասարակ փոփոխությունն ընդունո՞ւմ եք թե ոչ,— հարցրեց նա։

— Այո՛։ Իսկ ես արդեն ասացի՝ գոյություն ունի չափ։

Մելիք-Անդրեասյանն ուզեց խոսել, բայց Տեր-Մինասյանը շարունակեց.

— Բացատրեմ միտքս։ Ես ձեզ չեմ մեղադրում, որ դուք ենթարկված եք մեծ, ես կասեի, հսկայական փոփոխությունների. ձեր մասնագիտությունը, Արևմտյան Եվրոպայի պատմությունը, այնքան էլ մեծ ցավեր ձեզ թերևս չի պատճառի, և չի պատճառել, չափազանց հեռու է այդ առարկան ձեր հոգուց։ Ներեցեք,— ավելացրեց Տեր-Մինասյանը, երբ տեսավ, որ Մելիք-Անդրեասյանն ուզում է խոսել,— ես այն կարծիքը չունեմ, որ գիտական մտքի համար կան օտար առարկաներ, բայց, այնուամենայնիվ, Արևմտյան Եվրոպայի պատմությունը նման չէ հայոց հնագույն գրականության պատմության, այստեղ խնդիրն այլ է, այստեղ ամեն մի բառ կապված է մարդու, հայ մարդու, ուզում եմ ասել, արյան գնդիկների հետ, և ամեն մի փոփոխություն բուռն ռեակցիա է աոաջացնում. այլ է, պրոֆեսոր, վստահեցնում եմ ձեզ, բոլորովին այլ է Անգլիայի՝ Հնդկաստանը գրավելու պատճառների որոնումը, տնտեսական շարժիչ ուժերի մատնանշումն այդ գրավման մեջ, այլ է Խորենացու, Բուզանդի ​թողած ժառանգության, սրբազան ժառանգության ինչ-որ մատերիալիստական վերլուծությունը։ Նախ և առաջ այս բոլորը թաղված է պատմության ամենահեռավոր խորության մեջ, և չի կարելի բռնազբոսիկ կերպով որոնել ու գտնել ինչ-որ տնտեսական պատճառներ։

Պրոֆ. Տեր-Մինասյանի ձայնը դողում էր, երկյուղածությամբ և խորագույն հարգանքով արտասանելով հին պատմության անունները։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, չնայած Տեր-Մինասյանի խոսքերի իր վրա արած որոշ ազդեցության, չնայած իր զգացած ջերմացնող և հոգին խաղաղեցնող թախծին՝ բուռն կերպով բողոքեց, որ Արևմտյան Եվրոպայի պատմությունը մասնագետի համար այնքան նվիրական չէ, որքան հայոց հին գրականության պատմությունը։ Նա հիշեց և անկեղծորեն ու տխրությամբ վերապրեց այն մորմոքը, որ կրեց նա Նապոլեոն Բոնապարտի մասին իր կազմած տարիների հաստատ տեսակետը փոխելու կապակցությամբ։

Պրոֆ. Տեր-Մինասյանը չհավատաց նրան։

— Այս բոլորի մեջ կա դիրքը չկորցնելու մտահոգություն, պրոֆեսոր, եկեք բոլորս էլ խոստովանենք,— ասաց Տեր-Մինասյանը և անմիջապես ավելացրեց,— ես ոչ ոքին չեմ մեղադրում, այնուամենայնիվ։

— Իսկ դուք ինչո՞ւ չկորցրիք ձեր դիրքը,— հարցրեց Մելիք-Անդրեասյանը, ինքն էլ իր կարգին դիմելով հեգնանքի։

— Սպասեցեք և կտեսնեք, մի՛ շտապեք։

— Ահա անցել է այսքան տարի։

— Արևմտյան Եվրոպայի պատմությունն ավելի զգայուն կետ է, քան թե հայոց հնագույն գրականության պատմությունը, բայց կհասնեն և դրան, մի՛ շտապեք։

— Ուրեմն, եթե հասնեն դրան, դուք ևս կհավատաք փոփոխման անփոփոխ օրենքին, պրոֆեսոր, արդյոք դուք կմեղադրե՞ք ձեզ այն ժամանակ։

— Չգիտեմ ինչ կանեմ, բայց առայժմ շարունակում եմ երկրպագել հին աստվածներին,— պատասխանեց Տեր-Մինասյանը, խոր հոգոց հանելով և բլուրից դիտելով անհուն դաշտը և դաշտը եզերող արդեն մռայլած լեռնաշղթան ու միևնույն դաշտում ծովացած կապույտ մշուշը, որին սրաթև ​ճեղքում էին էլեկտրական լամպերը։ Բլուրի վրա սուր կերպով զգալի էր փշենու և աշնան բանջարեղենի թարմ բուրումը։

Նրանք ետ դարձան բլուրից։ Երբ մի քիչ առիթ եղավ Մելիք-Անդրեասյանի համար ինքն իր մեջ ամփոփվելու, եկավ այն եզրակացության, որ պրոֆ. Տեր-Մինասյանի կարճ ակնարկության մեջ կար շատ ճշմարտություն՝ դիրքը չկորցնելու վերաբերմամբ։ Նա ջանաց ճգնել ազատվել այդ եզրակացությունից, չկարողացավ, որովհետև երբ մարդ մենակ է, անխուսափելիորեն և դաժանորեն անկեղծ է։

— Ինչպե՞ս է Ելենա Բեգլարովնան,— հարցրեց հանկարծ պրոֆ. Տեր-Մինասյանը, երբ բլուրը բարձրացող մի քանի անցորդների բարձր խոսակցությունը խանգարեց նրան լսել թռչունների իրիկնային երգը, որ կախված էր ծառերի յուրաքանչյուր տերևից։

— Լավ է, շնորհակալ եմ,— պատասխանեց Մելիք-Անդրեասյանը և ավելացրեց.— կանայք հեշտությամբ են հաշտվում նորի հետ։

Տեր-Մինասյանը ծիծաղեց։

— Թե՛ քրիստոնեությունը և թե՛ մահմեդականությունը առաջին անգամ կանայք ընդունեցին,— ավելացրեց նա։

— Ինչպե՞ս է Սոֆիա Սերգեևնան,— հարցրեր Մելիք-Անդրեասյանը։

— Լավ է, այստեղ չէ, գնացել է Թիֆլիս։

— Արձակուրդո՞վ։

— Ոչ, գնացել է այնպես, իսկ ես մնացել եմ այստեղ արձակուրդով։

Նրանք սիրալիր բաժանվեցին։

— Այսօր ուշացար,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Պրոֆ. Տեր-Մինասյանի հետ մի պտույտ արինք։

— Ի՞նչ էր ասում։

— Խոսում էր այնպես, դեսից դենից, Սոֆիա Սերգեևնան գնացել է Թիֆլիս։

— Լավ է. անցյալ տարի էլ գնաց, ամեն տարի գնում է։

— Նախանձեցի՞ր։

— Բա՜ն ասացիր…

Ելենա Բեգլարովնան չկարողացավ ասելիքն ասել, ներս մտավ Վահրամ Անանյանը։ ​Ելենա Բեգլարովնան, տեսնելով նրան, բացականչեց.

— Վահրամ Տիգրանիչ, միշտ լավ ժամանակին եք գալիս, միշտ մի բան փրկում եք։

Վահրամ Անանյանը սիրալիր ժպտաց և ուղղվեց դեպի պրոֆեսորի գրքերի պահարանը։

Վահրամ Անանյանը պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ամենաուշիմ աշակերտներից մեկն էր և մասնավոր ընդունակություն էր հայտնաբերում դեպի պատմությունը։ Պրոֆեսորը վերջերս նրան ընդունում էր իր տանը գրեթե ամեն օր, բաց անում պատմական գրքերի հարուստ գրադարանը նրա առաջ և թույլ տալիս նրան, որ օգտվի այդ գրադարանից լայնորեն։ Անանյանը ժամերով մնում էր պրոֆեսորի տանը, կարդում, գրում, նոթեր վերցնում, թեյում այնտեղ և այլևս համարվում էր այդ տան անդամներից մեկը։ Թե՛ պրոֆեսորը և թե՛ Ելենա Բեգլարովնան այնքան էին վարժվել նրան, որ պատահեր՝ չգար, զգում էին նրա բացակայությունը։

— Վահրամ Տիգրանիչ, երեկ որտե՞ղ էիք,— հարցնում էր Ելենա Բեգլարովնան։

— Ներեցեք, Ելենա Բեգլարովնա, հոգնած էի, ուզեցի պարզապես թրև գալ,— պատասխանում էր Անանյանը։

Անանյանի համար էլ Մելիք-Անդրեասյանի տունը անխուսափելի մի երևույթ էր, այնտեղ չեղած օրը ինչ-որ մի դատարկություն էր զգում։

Comments