Chapter 11
Ժ
Աճապարեց նա վանքի բակից դուրս, ինչպես ծանր և ցավագար մղձավանջից խուսափող մարդը, դեպի ավտոբուսների կայանը։ Նա շտապում էր դեպի տուն, դեպի իր աշխատանոցի առանձնությունը, մարդկանց աչքերից հեռու։ Սպասելով ավտոբուսին՝ նրա քթին կպավ մեռոնեփեքի հյուրերի թողած կեղտոտության սուր հոտը, ամբողջ մթնոլորտը փոխվեց նրա աչքերի առաջ, ծառերի արանքներից երևացող մայր եկեղեցու գմբեթը մռայլվեց, վանքի բակից դուրս եկող վարդապետի սիլուետը օրորվելով անցավ իբրև մի կոշմար, բայց վանքի բակի պատերի դրսի կողմում ընկած բազարի մի կրպակում շողշողում էին խաղողի ողկույզները։ Պրոֆեսորը մոտեցավ այդ կրպակին, վերցրեց մի ողկույզ, իր ձեռքով դրեց կշեռքի մեջ և՝
— Կշռի՛ր,— ասաց:
Վերցրեց ողկույզը: Պրոֆեսորին թվաց, որ աստղերի մի փոքրիկ փունջ է բռնել ձեռքում, այնպես քթթում էին հատիկները։
Պրոֆեսորը, ակամա, անզգալիորեն, ասաց մտքում.
— Հողն է սա, հողի լույսը, ոչ մի մտածում չի կարող ստեղծել այս ողկույզը, եթե ոչ հողը, մատերիան:
Փրցրեց մի հատիկ և նետեց բերանը։ Հատիկը դեղին էր, բայց դեռ չափազանց թթու, պոկված էր դա իր թփից աշունից առաջ, սոսկ իբրև ձև և գույն։ Այդ թթվությունից անգամ պրոֆեսորն ստացավ հողի ուրախ սարսուռը։
Ավտոբուսը սլացավ բիբլիական դաշտի կրծքով։ Ճանապարհի երկու կողմերում՝ հեռուն փռվում էին ոսկյա արտերը, որոնց վրա կանգնած էր հրավառ դեղին արևը։
Քաղաք մտնելիս՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լսեց պիոներների զիլ ճիչը, ոսկյա ճիչ, որ դուրս էր բխում կարմիր վզկապներով պարուրված կոկորդներից։ Պրոֆեսորն ուրախ զգաց՝ հեռուն թողնելով տխուր միջնադարը, Արարատի ստորոտում կուչ եկած և հավիտենապես ծնկաչոք մատուռների տրտում աղերսանքը։
Երբ տուն հասավ նա, առանց սպասելու որևէ հարցումի Ելենա Բեգլարովնայի կողմից, կարծես ոչ թե արտասանեց, այլ տնքաց ինչ-որ։
— Փլվում է ամեն ինչ, կործանվում է առանց ձայնի, լռության մեջ։
Ելենա Բեգլարովնան ոչինչ չհասկացավ և հարցրեց.
— Ի՞նչ կար, լա՞վ էր։
— Այո, լավ էր, լիմոն, պահարան, բանալիներ, կլիզմա…
Ելենա Բեգլարովնան ապշեց և եկավ այն եզրակացության, որ Էջմիածնում պրոֆեսորի ստամոքսը, որ երբեմն խանգարվում էր, նորից է խանգարվել, և հարկ է եղել լիմոնով թեյ խմել և կլիզմա անել։
— Ի՞նչ կերար, որ ստամոքսդ փչացավ,— հարցրեց Ելենա Բեգլարովնան միամտորեն, բայց մտահոգ։
— Շատ բան կերա, ամեն ինչ խառնեցի իրար, զանազան բաներ։
— Ախր դու շատ զգույշ էիր, ի՞նչ պատահեց քեզ այս անգամ։
— Է՛հ, երբեմն լինում է, որ մարդ անարխիստ է դառնում, երբեմն մինչև անգամ հարկավոր է այդ։
— Վեհափառին տեսա՞ր։
— Տեսա։
— Ի՞նչ էր անում։
— Կլիզմա…
Ելենա Բեգլարովնան սրտնեղեց.
— Լուրջ բան եմ հարցնում։ — Լուրջ եմ պատասխանում, Լենոչկա։
Ելենա Բեգլարովնան դուրս գնաց՝ հաստատ համոզված լինելով, որ պրոֆեսորը ջղայնացել էր ստամոքսի փչանալուց, ավելի լավ էր մյուս օրը հարցեր տար. միևնույն է, նա պիտի շարունակեր այդ հեգնական պատասխանները։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, ազատվելով կնոջ հարցապնդումից, քաշվեց իր աշխատանոցը և, առաջը դնելով պատմության մեծահատոր մի գիրք, սկսեց կարդալ և վերլուծության ենթարկել Մետերնիխի քաղաքական գործունեությունը։
Այդ գիշեր նա երկար կռացավ գրքերի վրա։ Ելենա Բեգլարովնան չիմացավ, թե պրոֆեսորը երբ եկավ ննջարան և քնեց, բայց երբ առավոտյան զարթնեց, նա տեսավ մի երկտող՝ սեղանի վրա դրված բաժակի բերանին, որպեսզի անպայման աչքի զարնի։ Ելենա Բեգլարովնան կարդաց երկտողը. «Առավոտյան դասախոսություն չունեմ, մի զարթնեցնի, ուշ եմ քնել»։
Ելենա Բեգլարովնան դուրս եկավ տնից և գնաց շուկա։