1. Հին Տարվա Գիշեր

Chapter 1

I

Իվան Ագատովի համար երջանկության պես մի բան էր, որ նա իր գոյությունը քարշ էր տալիս ոչ թե մի ուրիշ ճամբարում, այլ հենց այդ։

Դա մեկն էր այն սակավաթիվ ճամբարներից, որտեղ բրիգադներն աշխատանքի էին գնում առանց պահակների հսկողության։

Ոչ, ոչ, այդտեղ չկար ոչ հանցավոր անպատասխանատվություն ճամբարի պետերի կողմից և ոչ էլ, մանավանդ, վստահություն դեպի կալանավորները։ Պարզապես, ելնելով տեղական պայմաններից, պահակների ուղեկցումը փոխարինել էին ճամբարին ենթակա տարածության շրջափակումով։

Դահուկներ հագած մի քանի պահակներ ամբողջ օրը հսկայական շրջանցումներ էին կատարում այն տարածության շուրջը, որի վրա աշխատում էին կալանավորները։ Տարածության սահմանները կազմում էին նրանց դահուկների հետքերը։ Այդ հետքերից ներս՝ գնա ուր որ ուզում ես։ Բայց եթե քո ոտնահետքերն անցնեն դահուկների հետքերի վրայով թեկուզ մի մետր՝ դու փախուստ ես կատարել կամ, լավագույն դեպքում՝ փախուստի փորձ։

Իվան Ագատովը, բնիկ մոսկվացի, ինտելիգենտ, այժմ ծառ կտրող էր։ Նա հաշվել էր․— որպեսզի քավի իր չգործած հանցանքը, նա իր ժամկետի ութ տարիներում պետք է կտրի յոթանասունհինգ հազար ծառ՝ հաշված օրական երեսուն ծառ և դուրս եկած նախնական կալանքի չորս ամիսները, ինչպես և հազվադեպ հանգստի օրերը և հնարավոր հիվանդությունների օրերը։

Առայժմ նա կտրել էր հազիվ հազար հինգ հարյուր ծառ, թեև իր ն որ արհեստով զբաղվում էր համարյա արդեն մի տարի… Բայց այդ մի տարուց երկու ամիսը նա պառկել էր ռևմատիզմով և ընդհանուր հաշվով մի ամսից ավելի նստել էր մեկուսարաններում։ Ավելի ճիշտ՝ ոչ թե նստել էր, այլ պառկել, որովհետև ցերեկները նրան հանում էին աշխատանքի, իսկ գիշերները, որպես չարանենգ սաբոտաժ անողի, տանում էին մեկուսարան՝ քնելու։

Այժմ այդ ծանր օրերը մնացել էին ետևում։ Ճամբարի պետը ձեռք էր թափ տվել նրա վրա։ Ոչ ներել էր, ոչ պատժել, այլ, համոզվելով, որ նա սաբոտաժ չի անում եկ իրոք, հիվանդ է ռևմատիզմով, թողել էր, որ աշխատի՝ ինչպես կարող է։

Մի՞թե նա կկարողանար քայլել բրիգադի հետ, նույն արագ քայլերով, եթե նրանք աշխատանքի գնային պահակի հսկողությամբ։ Իսկ այժմ, երբ պահակ չկար, բրիգադը, իհարկե, դարձյալ քայլում էր արագ, որպեսզի շուտ հասներ տեղ և կատարեր իր նորման, բայց Իվան Ագատովը հնարավորություն ուներ մնալու և քայլելու այնպես, ինչպես կարող էր։ Իսկ նա կարող էր շատ դանդաղ։

Գնալ հարկավոր էր տասը կիլոմետր։ Եվ, իհարկե, վերադառնալ նույնպես այդքան։ Իսկ աշխատել՝ տասը ժամ։

Սկզբում Իվան Ագատովը չէր հասկանում, թե ինչի համար են ծառակտրումը կատարում այդքան հեռու, երբ շուրջն ամեն տեղ անտառ էր և անտառ, և ուրիշ ոչինչ։ Բայց հետո հասկացավ։ Գետը, որով գարնանը պետք է կատարվեր կտրված ծառերի լուղարկումը, գտնվում էր տասը կիլոմետրի վրա։ Այդքան ձիեր չկային, որ դեպի գետ կրեին հառվում տապալված ծառերը։ Բայց այդքան մարդիկ կային, որ օրական անցնելով քսան կիլոմետր ճանապարհ, ծառակտրումը կատարեին գետի մոտակայքում…

Այդ տարի ձմեռը շատ դաժան էր։ Դաժան, բայց գեղեցիկ։ Երբ բրիգադը դուրս էր գալիս ճամբարի դարպասից, Իվան Ագատովն անկարող էր լինում զսպել իր հիացմունքը։ Անտառը՝ լուռ, անշարժ, վաղ լուսաբացի մեջ կանգնել էր ճամբարի շուրջը։ Ծառերը վերևից սպիտակ էին, իսկ տակի կողմից՝ կանաչ։ Ինչ֊որ մութ և անծայր դահլիճ, անթիվ սյուներով զարդարված, ամեն կողմից շրջապատել էր փոքրիկ ճամբարի խուլ և բարֆր պատնեշը։ Պատնեշի և անտառի միջև մնացել էր արձակ տարածության մի լայն շերտ, որը նման էր շրջանաձև պողոտայի։

Ոչ ոք չէր հիանում անտառով։ Հիանում էր միայն Իվան Ագատովը։ Նա նկարիչ էր։ Հենց նկարչության համար էլ կալանավորել էին նրան։ Մի խիստ աչալուրջ այցելու, ցուցահանդեսում կախած նրա նկարի վրա, ճանապարհի եզրին կանգնած խոտի դեզի մեջ, նկատել էր Հիտլերի գլուխը։ Իսկ թե ինչու միայն գլուխը և ինչու խոտի դեզի մեջ՝ ոչ ոք հարց չէր տվել ոչ իրեն և ոչ էլ նրան։ Կալանավորել էին և դատապարտել…

Մի րոպե հետո, երբ Իվան Ագատովն սթափվում էր, նա այլևս չէր տեսնում իր բրիգադը։ Շտապում էր ինքը ևս գնալ։ Ոչ ոք նրան չէր շտապեցնում։ Բոլորը գիտեին, թե ով էր նա։ Ոչ, ոչ, գիտեին ոչ թե նրա նկարիչ, այլ «տեղ հասնող» լինելը։

«Տեղ հասնող»՝ դա կալանավորների ամենատարածված տեսակն էր։ Իսկ թե ինչ սարսափելի «տեղի» մասին էր խոսքը՝ ավելորդ է բացատրել։

Եվ ահա, բոլորը տեսնում էին, որ Իվան Ագատովն արդեն «տեղ հասնելու վրա էր» և թողնում էին, որ ինքնին «հասներ»։

Կտրելով շրջանաձև պողոտան, նա մտնում էր սովորական ճանապարհը և, օրորվելով իր ռևմատիկ ոտքերի վրա, սկսում անցնել իր տասը կիլոմետրը։

Քայլում էր՝ կացինը գոտկի ետևը խրած, սղոցն ուսին, ոտից գլուխ սև հագուստներով, ինչպես սև ձնամարդ։ Եթե հանեիր նրա վրայից բամբակե աստառով հաստ գլխարկը՝ ծնոտի տակ կապով ամրացված, հանեիր բամբակած բուշլատն ու շալվարը, մեծ կեղևատրեխները, տակը կմնար մի վտիտ ինտելիգենտ, նուրբ ու փուխր կազմվածքով մի երիտասարդ նկարիչ։ Բայց ի՞նչպես հանեիր, երբ շուրջը երեսունութ աստիճան սառնամանիք էր և պողպատի նման սառած ձյուն։ Եվ ինչո՞ւ հանեիր, երբ նա այլևս նկարիչ չէր, այլ կալանավոր։

Նա անչափ սիրում էր իր Մոսկվան։ Ու թեև գիտեր դրա ամեն մի փողոցը, ամեն մի անկյունը, բայց այժմ, անցնելով իր անվերջանալի ճանապարհը, նա տեղ֊տեղ ունենում էր այն պատրանքը, թե անցնում էր իր հարազատ քաղաքի վայրերով։ Ճանապարհի մի հատվածն անչափ նման էր «Սոկոլնիկի» զբոսավայրի ծառուղիներից մեկին։ Այ, հիմա ձախ կողմում կերևա ամառային կաֆեն՝ արդեն փակ, իսկ դրա դիմաց, աջ կողմում, սահադաշտը՝ բազմաթիվ տղաներով ու աղջիկներով…

Բայց անտառը նման է զառանցանքի։ Լսում ես մի քանի կապակցված խոսքեր, և ապա նորից վերսկսվում է անհասկանալի խառնիփնթորությունը։ Ճանապարհի ծանոթ հատվածը նրան բերում էր ոչ թե «Սոկոլնիկիի» այնքան ծանոթ անկյունը, այլ՝ Կարելիայի տայգան… Նա սթափվում էր։

Ապա նորից նույնը։ Գորկու անվան պարկը չէ՞ սա… Իսկ ո՞րտեղ է ուրեմն գետը… Գետը չկա։ Պարկը նույնպես չկա։ Ոչինչ չկա։ Կա միայն տայգան՝ հազար ու մի քանի հարյուր կիլոմետր Մոսկվայից հեռու…

Անտառի բացարձակ լռության մեջ հանկարծ լսվում էր փայտփորիկի թխթխկոցը։ Գրքերով պատկերացնելիս նա պետք է այսպես թակեր․— թը՛կ… թը՛կ… թը՛կ… Իսկ իրականում կարծես աշխատելիս լիներ փայտից շինված կարի մեքենա։ Փայտփորիկն շտապում էր։ Իվան Ագատովը՝ նույնպես։ Բայց յուրաքանչյուրը շտապում էր իր ուժերի ներածին համեմատ…

Երկո՞ւ ժամի ուշացումով, թե ավելի, Իվան Ագատովը հասնում էր աշխատանքի վայրը։ Թե այսօր որտեղ էր այդ վայրը՝ նա որոշում էր կացինների հարվածների կամ ծառերի ընկնելու հնչյուններից։ Բրիգադի մյուս անդամներն արդեն տապալած, ճյուղերը կտրատած և մշակած էին լինում բազմաթիվ ու բազմաթիվ ծառեր։ Այդ վայրից դպեի ճանապարհը հարթված էին լինում «բեղեր», այսինքն՝ ձյունը տակնուվրա արած շավիղներ, որոնցով, ձիերի ետևից կապած, դուրս էին հանում գերանները։ Ճանապարհի վրայից արդեն, սահնակները բարձում էին գերանները և տանում֊հասցնում էին ինչ֊որ մոտիկ տեղում թաքնված գետի ափը։

Բրիգադիրն Իվան Ագատովին հատկացնում էր մի չնչին անտառամաս, և նկարիչը, վար իջեցնելով կացինն ու սղոցը, սկսում էր կտրել հազար և հինգհարյուրմեկերորդ ծառի՝ ի փառս այն խիստ աչալուրջ այցելուի, որը նրա նկարած խոտի դեզի մեջ նկատել էր Հիտլերի գլուխը՝ թեկուզև առանց ոտքերի…

Երեկոյան կողմ բրիգադիրը չէր էլ հաշվում Իվան Ագատովի աշխատանքը։ Սկզբից հայտնի էր, թե որքան էր լինելու։ Ուստի և, հենց որ աշխատանքն ավարտվում էր, և բրիգադն անդամներն սկսում էին հերթով հանձնել իրենց կտրած ծառերը, Իվան Ագատովը չէր սպասում, այլ իսկույն ճանապարհ էր ընկնում դեպի ճամբար։

Քիչ հետո նրա ետևից հասնում էին ձիապանները՝ ձիերի վրա նստած, և անցնում։ Արա սկսում էին անցնել հետիոտն կալանավորները։ Քանի դեռ չէին անցել բոլորը, Իվան Ագատովն իր ետևում զգում էր մնացյալների գոյությունը և դա հաճելի էր նրա համար, կարծես ջերմացնում էր նրա թիկունքը։ Ապա անցնում էին վերջինները։ Դեռ որոշ ժամանակ նկարիչն սպասում էր, ապա հասկանում, որ այնտեղ այլևս ոչ ոք չկա։ Այդ ժամանակ սառչում էր նրա թիկունքը, դատարկությունը սեղմում էր նրա հոգին…

Շա՞տ էր մնացել, որ նա հասներ ճամբար՝ չէր կարողանում ասել երբեք։ Նա չէր կարողանում հիշել ճանապարհի մանրամասնությունները և դրանց հեռավորությունն իրարից կամ ճամբարից։ Ասենք՝ մթության մեջ չէր էլ երևում ոչինչ։ Միայն երբ ծառերի արանքից երևում էր ճամբարի առջևի միակ լապտերի լույսը, նա հասկանում էր, որ շուտով, մեկ֊մեկուկես կիլոմետր հետո, կհասնի տեղ։ Լույսը կորչում էր երկար ժամանակով, նորից հայտնվում, նորից կորչում… Երբեմն Իվան Ագատովին թվում էր, թե լույսը դեռ չկա, այլ նրան է թվում, որովհետև նա շտապում է հասնել տեղ, խմել ընթրիքը և պառկել, պառկել, պառկել…

Անտառն ավարտվում էր հանկարծակի։ Նա դուրս էր գալիս շրջանաձև պողոտայի վրա։ Եվ չնայած իր հոգնածությանն ու սովածությանը, կանգ էր առնում մի պահ և նայում զմայլված։

Ճամբարի դարպասի մոտ, չափազանց բարձր մի սյան վրա, վառվում էր չափազանց ուժեղ գազի լամպը։ Դրա լույսը ողողել էր շրջապատը։ Ձյունը պսպղում էր դրա տակ։ Իվան Ագատովը ետ էր դառնում, նայում անտառին։ Լապտերի լույսը խփվել էր մութ ու անծայր դահլիճի առաջին սյուներին, ապա, ավելի և ավելի թույլ, խորքի և ավելի խորքի սյուներին։ Ախ, ինչպիսի՜ անտառ… Ախ, կստացվեր ինչպիսի՜ նկար…

Comments