1. Հարճը

Chapter 3

Գ

–«Տե՛ս, Նազենիկ, ինչպես դաշտն ըսպառեց ձիս վըզանուտ

Ա՜յնքան երագ` որ կարծես մոխիրի մեջ բոցանուտ

Սըմբակներն իր խըրվեին: Ան հպարտ է, իմ Սիրուն,

Երբ այդ մազերըդ խառնված կը զգա իր հորդ բաշերուն»:

–«Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՛ անդադրում`

Մինչև որ սա անիծված Սյունաց սահմանը թողում:

Սարսափն է դեռ սըրտիս մեջ, բայց մեն մի դռույթը ձիուդ

Հոգիիս մեջ կը սպաննե երկյուղի տրոփ մը անգութ:

Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մտրակե՛, անդադրում»:

Այսպես անոնք խոսելով` հըճըվանքով մ'անպատում

Կ'արշավերին դեպ Շիրակ: Տըրդատի լայն կուրծքին վրա

Կը հանգչեցներ` հարճն ամփոփ` գըլուխն իբրև լուսնկա.

Մերթ ոտքերն իր կը զարներ ձիուն փորին տըղընդեր,

Մերթ Տըրդատի անութին տակեն ետև կը նայեր,

Հորիզոնին շըրջելով կապույտ աչքերն` որոնց մեջ

Բերկըրանքներ կը հյուսերին շողերն առեչ առ առեչ

Միշտ մեծցնելով հույսը զվարթ` ծախված ճամբուն մեծությամբ:

Շանթ կը տեղար արեգակը երկընքեն վար անամպ

Իր տոթին տակ խեղդելով կենդանությունը շուրջի.

Կարծես հողին մեջ ղողված ըլլար ամեն մեկ ճըճի.

Միմիայն մերթ կը լսվեր բըզզոցը թավ զամբուռին,

Որ ա՛լ հոգնած ընդերկար հալածելե կենդանին`

Արշավանքին փոշվույն մեջ կանհայտանար խորամուխ:

Անոնք իրար փաթթըված կ'ամբարտակեն սարին գլուխ:

Խուլ դըրոդյուն մ'հեռվեն եղավ հանկարծ լըսելի,

Կարծես գետնին ընդերքեն անցներ ամպրոպ մ'ահռելի:

Տըրդատ շըրուշակը դարձուց, և երիվարը խոկուն

Ծամծըմելե դադրեցավ պահ մը լըկամը փըրփրուն:

Վարը, դեմի հովիտեն դեպի գագաթ ծառացան

Ձիավորներ զինավառ մըրրկարշավ ու դաժան:

Ոմանք աղեղ ունեին և ոմանք լախտ ու տապար,

Ոմանց տեգերն ուղղաձիգ արեգակին տակ փարփառ

Հանկարծակի սարեն վեր փայլատակներ ճայթռեցին.

Բակուր մեջտեղն էր անոնց աշտանակած ահեղ ձին.

Կու գար լուծել իշխանեն վըրեժ, պատժել հարճն անխիղճ`

Մորթելով հոն` փոխանակ զայն փըրկելու աղծապիղծ,

Կոչնականները բոլոր զինված էին արդ իր հետ.

Երեկ գինով հըղփացած, այսօր արյան հակամետ:

Երբ Բագոսեն վերջ որրեց զանոնք Արեսն արդընկեց`

Հանդիսատես վատության հուշն հոգինին զայրագնեց:

Ըսկուտեղին արհավիրքը սյուներուն ընդմեջեն

Հետո իրենց սըրտին մեջ վառեց վրեժի մը գեհեն:

Տըրդատ երկար նայեցավ դեպի հրոսակն հալածիչ,

Աչքերեն թույն կ'հոսեին մոլուցքի զույգ մը կարիճ.

Գըրկին մեջ հարճը հանկարծ արձակեց ճիչ մը տրտում.

–«Ո՛վ իմ ասպետս,– ողոգեց,– օ՜հ, մըտրակե՛ անդադրում.

Գերին ըլլամ քու սուրիդ, անոնց գերին մ'ըներ զիս.

Ահա տեգերն ուղղեր են միահամուռ կոկորդիս`

Ուր համբույրիդ տաքությունը դեռ, ավա՜ղ, չէ պաղեր»:

Ըսավ: Թաղեց ասպետին ծոցին մեջ գլուխն ոսկեհեր:

Հա՞րկ էր արդյոք ճակատիլ. ո՛չ. պիտի կռիվն ունենար

Անհավասար հաղթանակ, թեև վըսեր մ'հավասար:

Ու Տըրդատես թոթվեց սանձն երիվարին հողմասլաց,

Երկրադըղորդ թընդաց դռույթն, փոշին ելավ, և սուրաց,

Ու ըսկըսավ հալածումն հըսկաներուն սանձարձակ:

Ողոգեց հարճը նորեն.–«Ո՛վ իմ ասպետըս վրիժակ,

Ես կը տեսնեմ անութիդ տակեն զանոնք` որ կ'իջնեն

Բըլուրն ի վար, աչքերնին մեյ մեկ անդունդ լուսեղեն.

Հարյուր ձիեր կարկառեր են վիզերնին դեպի մեզ,

Որոնց շունչերը կ'ելլեն պինչերնեն տաք մոխրի պես:

Օ՜, մտրակե՛, մտրակե՛, երբ բըռնեն զիս` վագրի նման

Պիտի կրծեն ոսկորներս, լակեն արյունըս լըման»:

–«Հեղեղին մեջ մազերուդ փակե աչքերդ, իմ Աղվոր,

Եվ կուրծքիս վրա քընացիր օրորումով այս հըզոր,

Անոնք այստեղ չըհասած` մենք Շիրակ ենք գիրկ գըրկի»:

Ու լայնալանջ երիվարը մըտրակեց ուժգնակի:

Անցավ խորունկ փապերեն, հեղեղատեն մեծագոգ,

Ընկըղմեցավ խորն հովտին, ճեղքեց ավազն հրաբորբոք.

Եվ ուղղաբերձ, մեծաշունչ, համբարտակեց սարն հըսկա

Թավալելով հետք ի վար ապառաժներ` որոնց վրա

Լուսնանըման կուռ պայտերն իրենց դըրոշմը դըրին.

Ճապուռներուն մեջ որսն իր սեղմելով միշտ ավելի.

Ժայռերն ի վար խոյացավ ջըրվեժին պես փըրփրալի`

Հորձանքին մեջ տանելով լերան ծաղիկ մը կարմիր

Իբրև դաշտին մեկ ընծան տըրված վիհին լայնադիր:

Ու մըտրակե՜ց, մըտրակե՜ց, երբոր հանկարծ լըսվեցան

Իր ետևեն սուլումները նետերու դավաճան:

–«Ասպե՜տ, ասպե՜տ, մահն հասավ մեր թիկունքեն, կը շչա:

Օ՜, կը վախնա՜մ, կը վախնա՜մ. ուսիդ վրայեն նետ մ'ահա

Հըրախայթոց օձի պես շըշըչալով սըլացավ:

Վայրկյա՜ն մըն ալ և անոնք կու գան կ'հասնին մեծարշավ.

Աղեղներեն լայնալիճ կարծես արյուն կը կաթի

Եվ կը ներկե ձիերուն հորդ հորդ բաշերը կաթի:

Ասպե՜տ, ասպե՜տ, մի մատներս զիս անոնց խեռ մոլուցքին,

Ես քու գերին, ձիդ ըլլա թող գերին քու մըտրակին»:

Այսպես ըսավ Նազենիկ. լալ ըսկըսավ դառնահեծ,

Եվ Տըրդատի կուրծքին վրա գըլուխը այնքա՛ն սաղմեց`

Որ զրահին մեջեն իսկ կը լսեր տրոփը սըրտին:

Գանգուրներն իր հողմածուփ ձիուն բաշին կը խառնվին.

Ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մ'հանգունակ:

Սարսափելի էր տարափը նետերուն մահարձակ`

Որոնք ջուրի նըման օդն եռանդահորձ ճեղքելով

Կ'երթային մահ երգել փախըստական զույգին քով:

Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր

Եվ հեգնորեն մըռընչեց.–«Հալածեցեք, դե՛հ, գայլե՜ր,

Մինչև շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ.

Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»:

Ըսավ. և նժույգն այս անգամ խթեց այնքան ուժգնալի`

Որ արշավանքն եղավ շտապ մըտածումեն ավելի:

Ահա ձո՛րն ինք կը սուզի, սարի՛ն մյուսները կ'ելլեն.

Կը փայլակե ինք սարին, անոնք ձորին խորերեն

Կը փոթորկվին: Եվ նըման զույգ մ'ամպրոպի մոլեկան

Լեռնահարթին վրա անգամ մ'այնքա՛ն իրար մոտեցան,

Որ պիտի շանթը ճայթեր, պիտի պոռթկար նետն արյուն`

Եթե Տըրդատ ըզգեցած չըլլար քեմուխտ հաստատուն:

Անոնց հանած փոշիներն իրար միացան` կազմելով

Հըրատապ ամպ մը խարտյաշ` կարծես հըղի արյունով:

Այն ժամանակ պիտ' հազիվ արձակեր տեգն իր Բակուր`

Որ ճեղքե թիկն ասպետին, և հարճին լանջը փըրփուր,

Երբ վիհ մ'հանկարծ դժոխորկոր լերան գըլխուն փեռեկված

Արհավիրքով մ'ընկրկեց հալածողները սրընթաց:

Ճողոպրեցավ Տըրդատես, և լեռն ի վար ուղղակի

Դիմեց անտառ մը մըռայլ` որ սահմանն էր Շիրակի:

Բակուրի խումը կեցավ հառաչակուլ, ոգեսպառ,

Կատաղության խարույկով ամբողջովին բոցավառ:

Ա՛լ հուսահատ` աղեղները պըրկեցին տըղընդեր,

Լարերն եղան լայնալիճ, անձրևեցին փըքիններ.

Նետե դատարկ կապարճներն եկան լեցվիլ վրեժ ու ոխ:

Հազիվ թե ծոցն անտառին կ'ընդգոգեր զույգը փախչող`

Բակուր իր նետը վերջին, հերձակ մ'ամբողջ ժահրաշիթ,

Արձակեց այնքա՜ն զորեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ,

Որ օձի նման շչալով թունոտ լեզվովը սաղապ

Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ,

Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մեջ լուսաբուխ

Եվ հոն մընաց` հորդառատ մազերուն մեջ խորամուխ:

Երեք անգամ սըրսըփաց զարնված աղվոր աղավնին,

Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին:

Այս բանը ո՛չ Տըրդատես նըկատեց, ո՛չ ալ Բակուր,

Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներեն դարձած կույր.

Բնավ չըտեսան թե ի՛նչպես կը փըշրվեր ու կ'իյնար

Դաշնակության ու գեղի աստվածակերտը գոհար.

Միայն նըժույգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց

Երբ սառեցավ փորին վրա զարնըվող ոտքը հանկարծ:

Comments