Chapter 12
Գլուխ XI
Թե ինչ պատահեց դոն Կիխոտի և այծարածների միջև
Այծարածները նրանց սիրալիր ընդունեցին, և Սանչոն, որքան կարելի է, լավ հոգ տանելով Ռոսինանտի և իր էշի մասին, այն կողմը դիմեց, որտեղից այծի մսի հոտ էր գալիս, որ կաթսայի մեջ եփվում էր կրակի վրա։ Եվ, թեև նրան քաշում էր անհապաղ համը տեսնելու, պիտանի՞ է արդյոք մսի կաթսայից անմիջապես ստամոքսն ուղևորելու, այնուհանդերձ նա իրեն պահեց, որովհետև այդ իսկ վայրկյանին հովիվները կաթսան կրակից վերցրին և, գետնին ոչխարի մորթիներ փռելով, արագ֊արագ պատրաստեցին իրենց գեղջկական սուփրան, ապա մեծ սիրալիրությամբ առաջարկեցին մեր ճամբորդներին բաժանել նրանց հետ իրենց ունեցածից։ Բոլոր վեց հովիվները, որ ապրում էին վրանում, բոլորաձև նստոտեցին ոչխարի մորթիների վրա, նախապես անշնորհք քաղաքավարությամբ խնդրելով դոն Կիխոտից, որ շուռ տված տաշտի վրա տեղ գրավի։ Դոն Կիխոտը նստեց, իսկ Սանչոն ոտի վրա մնաց, որ նրան սպասարկի և մատուցի եղջյուրից շինած գավաթը։ Սակայն մեր ասպետը տեսնելով, որ նա չի նստում, ասաց նրան․
― Որպեսզի դու տեսած լինես, Սանչո, թե ինչ բարիք է պարփակվում թափառական ասպետության մեջ և թե ինչ արագությամբ մարդիկ, որ այնպես ծառայում են նրան, հասնում են աշխարհում հարգանքի և պատիվների, ես կամենում եմ, որ դու նստես իմ կողքին այս բարի մարդկանց շրջանում և ինձ հավասար լինես՝ քո տիրոջը և բնական սինյորին, որ դու իմ ափսեից ուտես և նույն թասից խմես, որից խմում եմ ես, որովհետև թափառական ասպետության մասին կարելի է ասել նույնը, ինչ որ սովորաբար սիրո մասին է ասվում՝ բոլորին հավասարեցնում է։
― Խորին շնորհակալություն, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ահա՛ թե ինչ կասեմ ես ձերդ ողորմածությանը՝ թող ուտելու բան ունենամ, իսկ կանգնած և մենակ ուտելը, թերևս, ինձ համար ավելի հարմար լինի, քան կայսեր կողքին նստած։ Եվ, եթե շիտակն ասել թույլ տաք, ապա իմ սեփական անկյունում սոխով հաց ուտելը, առանց ծեսերի և ծռմռվելու շատ ավելի դուրեկան է, քան ուրիշի սեղանից հնդկահավ ուտել և հարկարդված լինել դանդաղ ծամելու, սակավ խմելու, ամեն վայրկյան բերան սրբելու, չհազալու, չփռշտալու, երբ հազդ ու փռշտոցդ գալիս է և չանել շատ ուրիշ բաներ, որ թույլատրվում է մարդուս ազատ և մենակ միջոցին։ Ուստի, տեր իմ, պատիվների փոխարեն, որ ձերդ ողորմածությունն ուզում է ինձ արած լինել, որպես ծառայի և թափառական ասպետի աշխատակցի, քանի որ ես ձեր ողորմածության զինակիրն եմ, շնորհեցեք ինձ ավելի շահավետ և օգտավետ մի բան։ Իսկ այս պատիվը ես ընդունում եմ և շնորհակալությամբ, բայց հրաժարվում եմ նրանից այժմ և հավիտյան։
― Չնայած դրան, դու դարձյալ նստիր, որովհետև նրան, ով որ խոնարհեցնում է իրեն, Աստված բարձրացնում է։
Եվ, քաշելով նրա թևից, դոն Կիխոտը ստիպեց, որ նստի իր կողքին։
Հովիվները, որ զինակիրների ու թափառական ասպետների բարբառից բան չէին հասկանում, զոռ էին տալիս ուտելուն, լռելյայն նայում էին հյուրերին, որոնք մեծ ախորժակով խժռում էին բռունցքի մեծությմբ կտորներ։ Երբ որ մսեղենը պրծավ, հովիվները ահագին քանակությամբ կաղին թափեցին մորթիների վրա, հետն էլ կես գլուխ պանիր դրին, որ այնքան պինդ էր, ասես կրից լիներ շինած։ Իսկ եղջյուրե թասը անգործ չէր մնում, մեկ լիքը, մեկ՝ դատարկ, ինչպես ջուր քաշող դույլ, նա այնպիսի արագությամբ շրջան էր գործում, որ երկու առկա տկերից մեկը, այն էլ առանց առանձին դժվարության, դատարկված էր։ Երբ որ դոն Կիխոտը իր փորը մի լավ կշտացրեց, նա մի բուռ կաղին վերցրեց և, ուշի֊ուշով զննելով սկսեց հետևյալ խոսքը․
― Երջանիկ է եղել այն ժամանակը և բախտավոր այն դարը, որ հնում կոչելիս են եղել ոսկեդար, այն էլ ոչ թե նրա համար, որ ոսկին, այնքան գնահատելի մեր եկաթե դարում, որ երանելի ժամանակ ձեռք էր բերվում առանց որևէ աշխատանքի, այլ նրա համար, որ այն ժամանակ ապրող մարդիկ չգիտեին երկու բառ՝ «իմը» և «քոնը»։ Այդ սրբազան ժամանակներում ամեն ինչ ընդհանուր էր։ Իրենց օրվա պարենն ստանալու համար մարդուն մնում էր միայն ձեռքը բարձրացնել զորավոր կաղնու ճյուղերին, որ առատությամբ քաղցր ու համեղ պտուղներ էր տալիս։ Վճիտ աղբյուրներն ու արագահոս վտակները առատորեն առաջարկում էին իրենց զով ու առողջարար ջրերը։ Ժայռերի ճեղքերում ու ծառերի փչակներում համեստ ու ժրաջան մեղուները հիմնում էին իրենց թագավորությունները, և յուրաքանչյուր ձեռք կարող էր ձրի տիրանալ նրանց անուշ աշխատանքի առատ բերքին։ Խցանային հզոր կաղնիները, առանց որևէ հարկադրանքի, առատաձեռն սիրալիրությունից դրդված՝ հանելիս են եղել իրենց արձակ ու թեթև կեղևը և մարդիկ նրանով ծածկելիս են եղել իրենց տնակները՝ կառուցած անտաշ սյուների վրա, միմիայն փոփոխական եղանակից պատշտպանվելու համար։ Այն ժամանակ ամենուրեք խաղաղություն, բարեկամություն, համաձայնություն էր տիրում։ Ծուռ գութանի ծանր խոփը դեռևս չէր խիզախում կտրել ու բանալ մեր նախամոր ողորմած որովայնը, որովհետև առանց հարկադրանքի նա իր բերրի և լայնարձակ ծոցի ամբողջ տարածության վրա տալիս էր, ինչ որ կարող է կշտանցել, հագեցնել և ուրախացնել մանուկներին, որ այն միջոցին տիրում էին նրան։ Այն պահին, երբ պարզամիտ և չքնաղ հովվուհիները զբոսնում էին հովտից հովիտ և բլուրից բլուր, արձակ մազերով կամ ծամերը հյուսած, և նրանց վրա մի քող կար միայն, որ ողջմամտորեն ծածկում էր այն տեղերը, որ պատշաճությունը միշտ պահանջել և պահանջում է ծածկել։ Եվ նրանք զգեստներ չունեին, որ ընդունված են մեր ժամանակ՝ Տիր ծիրանիով կամ հազար ծվեն արած մետաքսով զարդարված, այլ կանաչ տերևների հյուսած պսակներ։ Եվ այդ արդուզարդով նրանք, թերևս, պակաս շքեղ և պճնված չեն եղել, քան մեր ոստանիք կանայք իրենց արտասովոր հնարքներով, որ սովորեցրել է նրանց տարակամ պարապությունը։ Այն ժամանակ հոգու սիրային տենչը նույնքան պարզ ու անկեղծ էին արտահայտվում, ինչպես և ծագում էին հոգում, առանց ինքնազարդարության համար խոսքի ճարպիկ հյուսվածքի ետևից ընկնելու։ Ստությունը, նենգությունն ու խորամանկությունը չէին խառնվում ճշմարտության և անկեղծության։ Արդարադատությունը իշխում էր լիակատար կերպով, և ո՛չ շահամոլությունը, ո՛չ կողմնապահությունը, որ հիմա այնքան ստորացնում ու հալածում են նրան, չէին հանդգնում ո՛չ վիրավորել նրան, ո՛չ շփոթել։ Անձնական կամայականության օրենքը դատավորների գլխից չէր անցնում, որովհետև դատելու համար ո՛չ մարդ կար, ո՛չ մեղք։ Ինչպես արդեն ասացի ես, ողջամիտ աղջիկները ման էին գալիս, որտեղ խելքներին փչում էր, մեն֊մենակ, առանց վախենալու, որ օտարի հանդգնությունը կամ ցանկամոլությունը կարող է նրանց վիրավորել, իսկ եթե կորցնում էլ էին պատիվը, ապա այդ պատահում էր իրենց սեփական հակումից և բարի կամքից։ Իսկ հիմա, մեր ատելի ժամանակում, նրանցից և ոչ մեկը ապահով չէ, անգամ եթե թաքցրած լինի և փակված որևէ անտեսանելի լաբիրինթոսում, ինչպիսին կա Կրետե կղզու վրա, որովհետև հիմա, այդ անիծյալ քաղաքավարության հետ միասին, բոլոր ծակոտիներից նրանց վրա օդից փչում է սիրային վարակը, իսկ նրա հետ՝ մնա՜ս բարով ամեն զսպվածություն։ Քանի շատ էր ժամանակն անցնում, այնքան ավելի էր աճում այդ չարիքը, մինչև որ աղջիկների ապահովության համար հիմնվեց թափառական ասպետների ուխտը, որ իր նպատակը դրել է պաշտպանել կույսերին, հովանավորել այրիներին, օգնել որբերին և աղքատներին։ Ես էլ եմ պատկանում այդ ուխտին, հովիվ եղբայրներ, և ես շնորհակալ եմ բարի ընդունելության և հյուրասիրության համար, որ դուք ցույց տվիք ինձ և իմ զինակրին։ Թեև բնական օրենքով աշխարհի բոլոր շունչ֊կենդանիները պարտավոր են աջակցելու թափառական ասպետներին, այնուհանդերձ ես գիտեմ, որ դուք այդ պարտականությանը անգիտակ ընդունեցիք մեզ և հյուրասիրեցիք, ուստի ես պարտավոր եմ սրտանց շնորհակալ լինելու ձեր բարեսրտության համար։
Այս ամբողջ երկար ճառը (որ նա շատ լավ կարող էր արտասանած չլինել) մեր ասպետն արտասանեց միմիայն նրա համար, որ իրեն առաջարկած կաղինը նրա միտքը գցեց ոսկեդարը, և նրա խելքին փչեց ապարդյուն դուրս տալու հովիվների առջև, որոնք, առանց մի բառ արտասանելու, լսում էին նրան մտամոլոր ու շփոթված։ Սանչոն էլ էր լուռ, նա կրծում էր կաղինը և շուտ֊շուտ մոտենում երկրորդ տկին, որ գինին սառը պահելու նպատակով, կախված էր կաղնուց։
Ընթրիքն արդեն ավարտված էր, իսկ դոն Կիխոտը տակավին խոսում էր, մինչև որ վերջապես հովիվներից մեկը դիմեց նրան հետևյալ խոսքերով․
― Որպեսզի ձերդ ողորմածությունը, սինյոր թափառական ասպետ, ունենա ավելի հիմք՝ հավատալու մեր ընդունելության անկեղծ բարեսրտությանը, մենք ուզում ենք զվարճացնել և ուրախացնել ձեզ մեր ընկերներից մեկի երգով, որ իսկույն պիտի գա այստեղ։ Նա էլ է հովիվ, խելքը գլխին տղա, սաստիկ սիրահարված, իսկ գլխավորը՝ գիտե կարդալ֊գրել և ռաբելե[69] է ածում այնպես, որ ավելի լավ կամենալ անկարելի է։
Հազիվ հովիվն ասաց այս խոսքերը, որ նրանց ականջին հասավ ռաբլեի ձայնը, իսկ շուտով ինքը երաժիշտն էլ երևան եկավ, մոտ քսաներկու տարեկան մի երիտասարդ՝ շատ դուրեկան արտաքինով։ Նրանից հարցրին՝ ընթրե՞լ է նա, թե՞ ոչ, երբ նա դրական պատասխան տվեց, այն հովիվը, որ նրան գովաբանում էր ասաց․
― Դե որ այդպես է, Անտոնիո, մեր խաթեր համար մի բան երգիր։ Թող սինյորը, որ այսօր մեր հյուրն է, տեսնի, թե լեռներում էլ, անտառներում էլ պատահում են մարդիկ, որոնց խելքը երաժշտությունից բան է կտրում։ Մենք նրան արդեն քո ընդունակությունների մասին հաղորդել ենք, դե՛ հայտաբերի՛ր և համոզիր նրան, որ մենք ճիշտ ենք ասել։ Ուստի, քո արևը, խնդրում եմ նստես և քո սիրուհու պատվին երգ ասես, որ քո քահանա հորեղբայրն է հորինել, և որ մեր գյուղում բոլորին այնքան դուր եկավ։
Սիրում ես ինձ, ես այդ գիտեմ,
Թեև երբեք ինձ այդ մասին
Չես ակնարկել գեթ հայացքով՝
Սիրո քաղցր լեզվով լռին։
Սիրում ես ինձ, և իմ հոգին
Էլ չեն մաշում վիշտ ու հառաչ։
Օ, ի՜նչ հրճվանք, երբ սիրտն արդեն
Բաց է սիրող սրտի առաջ։
Իմ Օլայլա, հաճախ դու ինձ
Ցույց ես տվել, որ հոգիդ կույս
Բրոնզ է սառն ու անզգա,
Շուշան֊կուրծքդ քար է անհույզ։
Բայց երբեմն էլ քամահրանքի,
Հպարտության բարձրությունից,
Հույսն է գաղտնի իր հանդերձի
Լույս քղանցքը ցույց տվել ինձ։
Ես քո գիրկն եմ տենչում նետվել
Ինչպես ձուկն է խայծին ձգտում,
Ո՛չ թոշնում եմ մերժումներից,
Ո՛չ ստանում սիրո խոստում։
Եթե իղձը պարկեշտ է միշտ,
Պարկեշտությունդ ասում է ինձ,
Որ պսակը իմ հույսերի
Կլինի քո սերը անբիծ։
Եթե ազնիվ պաշտամունքը
Շնորհների է արժանի,
Ե՜ս էլ նույնը պիտի հուսամ,
Ի՜մ Օլալյա, ի՜մ աղավնի։
Թե նկատել կամենայիր,
Կտեսնեիր այնքա՜ն, այնքա՜ն,
Որ ամեն օր եմ ես կրում
Իմ զգեստները տոնական։
Եվ քանի որ նույնն է ուղին
Թե՛ զգեստի և թե՛ սիրո,
Կամեցել եմ ես միշտ քեզ մոտ
Փայլել շքեղ հանդերձներով։
Չեմ հիշեցնում պարերն աշխույժ,
Սերենադները սրտահույզ,
Որ օրորո՜ւմ էին անուշ
Վերջալույսից մինչև արշալույս։
Չեմ հիշեցնում և գովքը այն,
Որ թովչանքիդ եմ ես ձոնել,
Որով միայն շատ շատերից
Լոկ նախատինք եմ վաստակել։
Իսկ Թերեսան Բերոկալցի
Ծաղրով ասաց․ «Աղջիկներ կան,
Որ հրեշտակ են պատմելով,
Իսկ մոտիկից կապիկ միայն։
Ի՞նչ մեծ բան է հիմա մեզ մոտ
Հիմարացնել և ամուրին
Ոսկեգանգուր կեղծամներով,
Փերիներով խանությային»։
Ես պատասխան տվի նրան,
Նա ինձանից վիրավորվեց,
Հետո եկավ քեռու տղան,
Սկսվեցին կռիվ ու վեճ։
Տենչում եմ քեզ սիրատոչոր
Ու երազում կարոտագին
Ոչ թե մարմինդ նրբագեղ,
Այլ քո մաքուր, անբիծ հոգին։
Օ, կհյուսի եկեղեցին,
Մետաքս օղակն ամուսնական,
Ե՛կ, միասին կրենք, ի՛մ սեր,
Կապանքները այդ սրբազան։
Իսկ թե մերժես, երդվում եմ քեզ
Սուրբ անունով սրբոց դասի,
Որ աշխարհից կհեռանամ
Ու կճգնեմ խցում վանքի։
Այս խոսքերով հովիվն ավարտեց իր երգը, և դոն Կիխոտը խնդրեց, որ նա մի բան էլ երգի, սակայն Սանչո Պանսան առարկեց, թե ավելի քնել կուզենար, քան երգ լսել և ասաց իր տիրոջը․
― Ժամանակ է արդեն, որ ձերդ ողորմածությունը մի տեղ պատրաստի պառկելու համար, չէ՞ որ այս բարի մարդիկ ամբողջ օրն աշխատում են և չեն կարող գիշերը մինչև լույս երգով անց կացնել։
― Հասկանալի է, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― պարզ է, որ տկին արածդ հաճախ այցելությունները ավելի քնով պիտի վարձատրվեն, քան երաժշտությամբ։
― Այն ով է, որ գինի չի սիրում, փառք քեզ Աստված, ― բացականչեց Սանչոն։
― Ես այդ չեմ ժխտում, ― ասաց դոն Կիխոտը։ ― Դե՛, պառկիր, որտեղ կուզենաս, իսկ իմ արհեստի մարդկանց ավելի վայել է զարթուն մնալը, քան քնելը։ Համ էլ վատ չէր լինի, Սանչո, եթե դու նորից կապեիր ականջս, որովհետև ավելի սաստիկ է ցավում, քան պետք էր։
Սանչոն կատարեց հրամանը։ Իսկ այծարածներից մեկը, տենելով վերքն, ասաց որ անհանգստանալու տեղիք չկա, որ ինքը դեղ ունի, որից վերքն իսկույն կսաղանա։ Եվ շուրջը մեծ առատությամբ բսած կնդրուկի տերևներ քաղելով, նա ծամեց, աղ արեց և դրեց վերքի վրա։ Ապա թե խնամքով կապեց ականջը և հավատացրեց, որ ոչ մի ուրիշ դեղի կարիք չի լինի։ Այդպես էլ դուրս եկավ։