Chapter 11
Գլուխ X
Դոն Կիխոտի և նրա զինակիր Սանչո Պանսայի միջև եղած սրամիտ զրույցի մասին
Այդ միջոցին Սանչո Պանսան, որ վարդապետների ծառաներից լավ ծեծ էր կերել, արդեն վեր էր կացել և ուշի֊ուշով հետևում էր իր տիրոջ՝ դոն Կիխոտի մենամարտությանը, իր սրտում աղաչելով, որ Աստված հաճի նրան հաղթանակ շնորհել և որ հաղթանակը տանելուց հետո նա որևէ կղզի նվաճի և Սանչոյին, համաձայն խոստմանը կարողանա նահանգապետ կարգել։ Վերջապես տեսնելով, որ մարտն ավարտված է և որ իր տերը կամենում է հեծնել Ռոսինանտին՝ նա վազ տվեց, որ ասպանդակը բռնի, բայց նախքան նրա ձի հեծելը չոքեց նրա առջև և, բռնելով նրա ձեռքը համբուրեց ու ասաց․
― Թող հաճելի լինի ձերդ ողորմածությանը, տեր իմ դոն Կիխոտ, շնորհել ինձ նահանգապետություն կղզում, որ դուք նվաճեցիկ այս դաժան մարտում։ Ինչքան էլ նա մեծ լինի, զգում եմ ես, որ կկարողանամ կառավարել նույնքան լավ, որքան աշխարհի բոլոր մյուս կղզիների նահանգապետները։
Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Նկատի առ, եղբայր Սանչո, որ այս արկածը, ինչպես և սրա նման մյուսները, կղզի շահելու արկածներ չեն։ Ճամփաբաժաններում կարող են քո գլուխը ջարդել կամ ականջդ կտրել, բայց դու մեջտեղը ուրիշ բան չես շահի։ Համբերի՛ր մի քիչ, մենք այնպիսի արկածներ էլ կունենանք, որ թույլ կտան ինձ ոչ միայն նահանգապետ կարգել, այլև ավելի բարձր բան անելու։
Սանչոն ջերմագին շնորհակալություն հայտնեց, մի անգամ էլ համբուրեց նրա ձեռքն ու նրա ռազմական կապայի փեշը և օգնեց որ հեծնի Ռոսինանտին, իսկ ինքը թռավ իր էշի վրա և գնաց իր տիրոջ ետևից։ Կառքում նստած տիկիններին այլևս ոչ մի խոսք չասելով, անգամ հրաժեշտ չտալով դոն Կիխոտը արագ քայլերով մտավ անտառը, որ հեռու չէր։ Սանչոն լխկլխկում էր իր ողջ արագությամբ վազող էշի վրա՝ հետևելով տիրոջը։ Սակայն Ռոսինանտն այնքան արագ էր վազում, որ Սանչոն շուտով ետ մնաց և ստիպված էր ձայն տալ տիրոջը, որ սպասի իրեն։ Նրա ձայնն առնելով դոն Կիխոտը Ռոսինանտի սանձը քաշեց, մինչև որ հասավ իր հոգնած զինակիրն ու ասաց․
― Թվում է ինձ, տեր, որ մենք խելացի վարված կլինեինք, եթե պատսպարվեինք որևէ եկեղեցում։ Չէ՞որ այն մարդը, որի դեմ դուք նոր մարտնչեցիք, այնքան ցավալի վիճակի մեջ մնաց, որ զարմանալի չի լինի, եթե այդ անցքի լուրը Սանտա Հերմանդադ[65] հասցեն և այն ժամանակ մեզ կկալանավորեն, իսկ բանտ որ նստացրին, Աստված վկա, շատ քրտինք պիտի թափենք, մինչև որ այնտեղից դուրս գանք։
― Լռի՛ր, ― ասաց դոն Կիխոտը։ ― Այդ որտե՞ղ ես դու լսել կամ կարդացել, որ թափառական ասպետներին մարդասպանության համար դատի ենթարկեն։
― Մարդասպանության մասին ես բան չգիտեմ, ― պատասխանեց Սանչոն, ― և ես երբեք այդ գործով չեմ զբաղվել․ գալով բացօթյա մուշտակռվին՝ ես գիտեմ, որ Սանտա Հերմանդադը նրանցով շատ հետաքրքրվում է, մնացյալի մասին չեմ խոսում։
― Մի՛ վշտանար, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես քեզ ոչ միայն Հերմանդադի, այլև անգամ քաղղեացիների[66] ձեռքից կազատեմ։ Բայց խղճի մտոք ասա ինձ՝ տեսե՞լ ես դու երբևիցե աշխարհիս երեսին ինձնից ավելի խիզախ ասպետ։ Կարդացե՞լ ես դու վեպերում, որ որևէ ասպետ ավելի խիզախություն հայտնաբերած լինի հարձակման պահին, ավելի համառություն պաշտպանության պահին, ավելի մահացու լինի՝ հարվածելիս և ավելի ճկուն՝ թամքից ցած գլորելուց։
― Ճիշտն ասած, ― պատասխանեց Սանչոն, ― կյանքումս ոչ մի վեպ չեմ կարդացել, որովհետև ես գրել֊կարդալ չգիտեմ։ Բայց գրազ կգամ, որ ավելի խիզախ տիրոջ, քան ձեր ողորմածությունն է, ես կյանքումս չեմ ծառայել, և տա Աստված, որ այդ արիության համար մենք ասածս տեղը չընկնենք։ Սակայն խնդրում եմ, ձերդ ողորմածություն, հոգացե՛ք ձեր մասին՝ ախր ձեր ականջից սաստիկ արյուն է գալիս․ բարեբախտաբար, իմ պայուսակում ծվատ ու սպիտակ սպեղանի կա։
― Այդ ամենը ավելորդ կլիներ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե ես մոռացած չլինեի մի սրվակ Ֆյերաբրասի բալասան պատրաստելու՝ մի կաթիլը բավական կլիներ, և մենք կտնտեսեինք և՛ ժամանակը, և՛ դեղորայքը։
― Ի՞նչ սրվակ և ի՞նչ բալասան է դա, ― հարցրեց Սանչո Պանսան։
― Այդ բալասանի բաղադրությունը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մտքումս պահել եմ։ Որ ունեցար՝ կարող ես ո՛չ մահից վախենալ, ո՛չ էլ վերքից մեռնելու երկյուղ ունենալ։ Ես կպատրաստեմ և կտամ քեզ, իսկ դու, որ տեսնես, թե կռվի միջոցին ինձ կտրել երկու կես են արել (մի բան, որ մեր գործերում հաճախ լինում է), զգուշությամբ կբարձրացնես այն կեսը, որ վայր է ընկել գետին և առաջ, քան արյունը լերդանա, կդնես այն կեսի վրա, որ մնացել է թամքի վրա՝ աշխատելով, որ երկու կեսերը խնամքով և ճիշտ իրար բերես։ Ապա թե ասածս բալասանից երկու կաթիլ կտաս, որ խմեմ, և կտեսնես, որ ես կլինեմ ողջ և առողջ, կարմիր խնձորի պես։
― Քանի որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ես իսկույն ևեթ հրաժարվում եմ ինձ խոստացված կղզու վրա նահանգապետությունից և իմ մեծ ու հավատարիմ ծառայության համար ձեզնից մեկ բան եմ խնդրում՝ տվեք ինձ, ձերդ ողորմածություն, այդ զարմանահրաշ հեղուկի բաղադրատոմսը։ Ես հաստատ հավատացած եմ, որ աշխարհիս երեսին ամենուրեք նրա մեկ ունցիան երկու ռեալից ավելի թանկ կծախվի, իսկ ինձ ավելին պետք չէ՝ կյանքիս մնացորդն ազնիվ ու հանգիստ ապրելու համար։ Ասենք, նախապես պետք է պարզել, թե ինչ կնստի նրա պատրաստելը։
― Երեք ռեալով կարելի երեք ասումբրա[67] պատրաստել, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Վա՜յ ինձ, մեղավորիս, ― բացականչեց Սանչոն։ ― Ապա ինչի է սպասում ձերդ ողորմածությունը, ինչո՞ւ ինքներդ չեք պատրաստում և ինձ չեք սովորեցնում։
― Լռի՛ր, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դա ի՜նչ է որ, դեռ ավելի մեծ գաղտնիքներ կբանամ քեզ և ավելի շատ բարիքներ կթափեմ քեզ վրա։ Իսկ հիմա զբաղվենք իմ ականջով՝ նա ավելի է ցավում, քան թե ես կուզենայի։
Սանչոն պայուսակից հանեց ծվատն ու սպեղանին։ Բայց երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչ դրության է հասել իր սաղավարտը, նա քիչ մնաց ուշաթափվեր։ Ձեռքը թրի վրա դնելով և աչքերը հառելով երկնքին՝ նա ասաց․
― Երդվում եմ աշխարհիս արարչով և չորս սուրբ ավետարաններով, ասես նրանք առջևս դրած լինեին,[68] որ այսուհետև այնպիսի կյանք եմ վարելու, ինչպես մեծ մարկիզ Մանտուանացին, երբ նա երդվեց իր մորաքրոջ որդի Բալդովինի մահվան վրեժը լուծել, այսինքն՝ սուփրից հաց չճաշակել, չզվարճանալ կնոջ հետ և այլն (իսկ թե ինչ, ես մոռացել եմ, միայն թե այդ ամենը դնում եմ երդմանս մեջ), մինչև որ վրիժառու չլինեմ նրանից, ով ինձ նման վիրավորանք հասցրեց։
Լսելով այս խոսքերը՝ Սանչոն ասաց․
― Ձերդ ողորմածություն, սինյոր դոն Կիխոտ, միտք արեք ապա, չէ՞ որ եթե այն ասպետը կատարել է ձեր հրամանն ու գնացել է ներկայանալու իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն, ապա ուրեմն նա իր պարտքը կատարել է և արժանի չէ նոր պատժի, քանի որ նոր հանցանք չի գործել։
― Դու այդ ճիշտ նկատեցիր և ասացիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի ես ետ եմ վերցնում իմ երդման այն մասը, որ վերաբերում է այդ ասպետից վրեժ առնելուն։ Սակայն ես դարձյալ երդվում եմ և հաստատում երդումս այնպիսի կյանք վարելու, որ ասում էի, մինչև որ ուժով որևէ ասպետից սաղավարտ չխլեմ, որ իր որակով իմիս հավասար լինի։ Եվ մի մտածիր, Սանչո, որ իմ խոսքերը, որպես դարմանի ծուխ, քամին կտանի, քանի որ իմ առջև մեծ նմուշներ են կանգնած։ Չէ՞ որ նույնը, բառացի նույնը պատահեց Մամբրինոյի սաղավարտին, որ այնքան թանկ նստեց Սակրիպանտեին։
― Տեր իմ, ձերդ ողորմածություն, գրողը տանի այդ տեսակ երդումները, ― վրա բերեց Սանչոն։ ― Նրանք առողջության համար վնասակար են և ձեռնտու չեն խղճին։ Թե չէ, ասացեք ապա՝ ի՞նչ կլինի, եթե դիցուք բազմաթիվ օրերի ընթացքում մեզ ոչ մի սաղավարտավոր մարդ չհանդիպի, ի՞նչ պիտի անենք մենք։ Մի՞թե դուք կատարելու եք ձեր երդումը, հակառակ բոլոր անհարմարություններին և անախորժություններին, այն է՝ շորերը հագներիդ քնեք, գյուղերում չգիշերեք և ձեզ հազար ու մի ուրիշ փորձությունների ենթարկեք, որ հիշատակել է այդ խելքը կորցրած մարկիզ Մանտուանացին, ինչ է թե ձերդ ողորմածությունը կամենում է, նրա երդումը վերակենդանացնել։ Լավ մտածեցեք, ձերդ ողորմածություն, չէ՞ որ բոլոր այս ճամփաներով երթևեկում են լոկ զինված ջորեպաններ, ձիապաններ և կառապաններ, որոնք ոչ միայն սաղավարտ չեն կրում, այլև գուցե իրենց օրում չեն էլ լսել նրա մասին։
― Ախալվում ես, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երկու ժամ չի քաշի, և մենք այս խաչաձևվող ուղիներում ավելի զինված մարդ կհանդիպենք, քան Ալբրական՝ Անջելիկա գեղեցկուհուն նվաճելու միջոցին։
― Էհ, լավ, թող ձեր ասածը լինի, ― ասաց Սանչոն։ ― Տա Աստված, որ մեր բախտը բերի և շուտով հասնի ժամը նվաճելու կղզին, որ ինձ վրա այսքան թանկ է նստում, իսկ այնուհետև ես հանգիստ կմեռնեմ։
― Ես արդեն ասել եմ քեզ, Սանչո, որ կարիք չունես դրա համար անհանգիստ լինելու։ Կղզի չեղավ՝ Դանիայի կամ Սոբրադիսայի նման որևէ մի թագավորություն կգտնվի և քո չափսին կգա, ոնց որ մատանին՝ մատիդ։ Համ էլ քեզ համար ավելի լավ կլինի, չէ՞ որ այդ թագավորությունները հաստատ հողի վրա են։ Սակայն այդ թողնենք, մենք ժամանակ կունենանք դրա մասին խոսելու, իսկ հիմա տեսնենք, թե քո պայուսակում ուտելու պաշար կա՞։ Կազդուրվենք և իսկույն գնանք որևէ դղյակ որոնելու, որտեղ կգիշերենք և ես կպատրաստեմ բալասանը, որի մասին քեզ պատմեցի, որովհետև, երդվում եմ Աստուծով, ականջս սաստիկ ցավում է։
― Մոտս կա ընդամենը մի գլուխ սոխ, մի կտոր պանիր և մի քանի կտոր քարթու հաց, ― ասաց Սանչոն։ ― Այս ամենը ձեր ողորմածության պես արի ասպետի համար անվայել ուտելիք է։
― Դու բնավ բան չես հասկանում, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Իմացած եղիր, Սանչո, թափառական ասպետի առաքինությունն այն է, որ ամիսներով բան չուտի, իսկ եթե ուտելու էլ լինի, ապա առաջին ձեռքն ընկած բանը։ Դու կասկած չէիր ունենա, եթե այնքան վեպեր կարդացած լինեիր, որքան ես, և թեև ես շատ եմ կարդացել, բայց չեմ հիշում, որ ասպետը երբևէ այլ կերպ ուտելիս լինի, քան բոլորովին պատահմամբ, և միմիայն ճոխ խնջույքներում, որ սարքված են լինում նրանց պատվին։ Մնացած օրերը նրանք ծաղիկների բույրով են սնվում։ Իհարկե, պետք է ենթադրել, որ նրանք այնուամենայնիվ մի բան ուտում էին և բավարարում էին մնացյալ բնական պահանջները, քանի որ վերջ ի վերջո նույն տեսակ մարդիկ են եղել, ինչ որ մենք։ Իսկ որովհետև նրանք իրենց կյանքի մեծ մասը անտառներում և անապատներում են անցկացնելիս եղել, ապա խոհարարներ չէին ունենում, և պետք է ենթադրել, որ նրանց սովորական սնունդը գյուղական հասարակ ուտելիքն է եղել, հիմա ինձ առաջարկածիդ պես մի բան։ Ուստի, Սանչո, բարեկամս, թող քեզ չվշտացնի այն, ինչ ուրախացնում է ինձ, մի աշխատիր ստեղծել նոր աշխարհ և թափառական ասպետներին ճամփից հանել։
― Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― բայց որովհետև ես ո՛չ գրել գիտեմ, ո՛չ կարդալ, ինչպես մի անգամ էլ ասել եմ ձեզ արդեն, ապա ասպետական պաշտոնի կանոններն էլ ես երբեք չեմ կարդացել։ Այսուհետև ես հետս կվերցնեմ մի պայուսակ՝ լիքը ամեն տեսակ չոր պտուղներով, որովհետև ձերդ ողորմածությունն ասպետ է, իսկ ինձ համար ― որովհետև ես ասպետ չեմ, ― զանազան թռչուններ և ընդհանրապես ավելի էական բաներ։
― Իմ ասածը բոլորովին այն չէր, Սանչո, ― առարկեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետները պարտավոր են միայն չոր միրգ ուտելու, ես միայն նկատեցի, որ որ նրանք սովորաբար դրանով են սնվել, մեկ էլ մի քանի տեսակ դաշտային բանջարեղենով, որ նրանք գիտեին գտնել դաշտերում, ինչպես ես էլ լավ գիտեմ։
― Օգտակար բան է ճանաչել այդ բանջարեղենը, ― ասաց Սանչոն, ― որովհետև ինչպես ինձ թվում է, այդ գիտությունը երբևիցե մեզ պետք կգա։
Այստեղ նրանք պայուսակից հանեցին իրենց պաշարը և երկուսով, խաղաղ ընկերակցությամբ սկսեցին ուտել։ Սակայն գիշերվա օթևան գտնելու ցանկությունից դրդված՝ նրանք կարճեցին իրենց չոր ու ցամաք ճաշը, իսկույն նստեցին մեկն իր երիվարը, մյուսն՝ իր էշը և քշեցին՝ հուսով, որ մինչև մութը կոխի, հասնեն բնակելի մի վայր։ Սակայն արևը մայր մտավ, և նրա հետ չքացավ ցանկացածին հասնելու հույսը, իսկ որովհետև նրանք այծարածների վրանների մոտ էին, որոշեցին հենց այստեղ էլ կանգ առնել։ Որքան Սանչոն վշտանում էր, որ նրանք այդպես էլ գյուղ չհասան, նույնքան էլ դոն Կիխոտը, ընդհակառակը, ուրախ էր բաց երկնքի տակ գիշերն անց կացնելու մտքից, որովհետև ամեն անգամ, երբ այդպիսի բան էր պատահում, նա հաջողության նշան էր համարում, որ հաստատում էր նրա իրավունքները ասպետական կոչման մեջ։